Wednesday, July 20, 2005

Ահաբեկչութիւն՝ Եւրոպայի սրտում

Լոնդոնում տեղի ունեցած վերջին պայթիւնները փաստում են, որ Արեւմուտքը պիտի վերանայի ահաբեկչութեան դէմ պայքարի իր նախագիծը:Լոնդոնի ահաբեկչութեան գործողութիւնները մի հիմնական պատգամ ունէր եւ դա այն էր, որ ուզում էր ութնեակի ղեկավարներին ասել, որ այլեւս Եւրոպան նոյնիսկ ապահովւած չէ ահաբեկիչների գործողութիւններից եւ այլեւս ոչ մի քաղաք ապահով չէ եւրոպացիների համար:Բայց պիտի նշել, որ Արեւմուտքը, մասնաւորապէս ԱՄՆ-ն անմեղ չեն նման ահաբեկչական խմբակների ստեղծման եւ գոյատեւման խնդրում:Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն մի ժամանակահատւածում, մասնաւորապէս սառը պատերազմի տարիներում համայնավարութեան եւ Խ. Միութեան դէմ պայքարելու համար՝ կարիք ունէին նման ծայրայեղ ահաբեկչական խմբերի գոյութեան: Յիշեալ ծայրայեղականներին նիւթական եւ բարոյական աջակցութիւնը պիտի համարել Արեւմուտքի գլխաւոր եւ մեծ սխալը: Այս խմբակները, որ բջիջների նման կապւած են իրար հետ, ժամանակին եղան ԱՄՆ-ի եւ առհասարակ արեւմուտքի գերակշռութեան լծակները՝ Միջին Ասիայի տարածաշրջանում: Նրանք 60 եւ 70-ական թւականներին դաստիարակւեցին համայնավարութեան հակառակ գաղափարներով, բայց այսօր իրականում դարձել են իրենց տէրերի գլխաւոր թշնամին: Այս բոլորը կազմում է խնդրի մակերեսը եւ խորքում դեռ կան համագործակցութեան այլ եզրեր:Այսօր նման ահաբեկչական խմբերը շարունակում են ներքնապէս ծառայել իրենց գլխաւոր տէրերին:Այդ ծառայութեան արդիւնքները մենք բացայայտօրէն տեսանք Աֆղանստանում, Իրաքում եւ մինչեւ անգամ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների ընթացքում, երբ Բէն Լադէնը իր ուղարկած ժապաւէնով Բուշ կրտսերին նւիրեց նախագահական գահը: Պարզ է, որ ամերիկեան եւ արեւմտեան ուժերի համար դժւար չէ Բէն Լադէնների նմանների ձերբակալումը, բայց ինչպէս յայտնի է, յիշեալ իշխանութիւնները իրենց քաղաքացիներին վերահսկելու եւ իրենց ռազմական գործողութիւնները արդարացնելու համար՝ կարիք ունեն այդ անձնազոհ ահաբեկիչներին: Եթէ ԱՄՆ-ն ցանկանում է յաջողել ահաբեկչութեան դէմ պայքարում, պէտք է սերտ համագործակցութիւն ունենայ ահաբեկչութեանը ծնունդ տւող երկրների հետ:Ըստ հասարակագիտական տւեալների՝ ահաբեկչութիւնը ծնւում է աղքատութիւնից եւ բռնութիւնից:Ուրեմն՝ եթէ Արեւմուտքը գիտականօրէն չդիտի այս խնդիրը, այսուհետեւ աւելիով պիտի վնասւի՝ թէ՛ նիւթապէս, եւ թէ՛ բարոյապէս:Եթէ Եւրոպայում կատարւած ահաբեկչութիւնները համարենք «Ալ Ղայիդա»-ի գործ, ուրեմն՝ պիտի համոզւենք, որ միջազգային ահաբեկիչները հիմնական փոփոխութեան են յանձնել իրենց ռազմավարութիւնը, որովհետեւ ժամանակին Եւրոպան եւ մասնաւորապէս Լոնդոնը յայտնի էին՝ որպէս նման ծայրայեղականների կենտրոն, բայց Մադրիդի եւ Լոնդոնի պայթիւնները գալիս են փաստելու, որ այլեւս փոխւել է նախկին քաղաքականութիւնը եւ այսօր այն երկրները, որ ԱՄՆ-ին աջակցել են Իրաքի պատերազմում, դարձել են թիրախ եւ յոյսով ենք, որ մինչեւ Իրաքի խնդրի լուծումը՝ Հայաստանը եւս զերծ մնայ նման դէպքերից, որովհետեւ այդ դէպքում Հայաստանի ղեկավարները կը գտնւեն շատ դժւար երկընտրանքի առջեւ, որն է ժողովո՞ւրդ կամ ԱՄՆ:

Saturday, July 16, 2005

Մտաւորականութեան քաղց երրորդ աշխարհի երկրներում

Երկար ժամանակ է ինչ երրորդ աշխարհի երկրներում պակսում է իրական մտաւորականութեան առկայութիւնը:
Այսօր երրորդ աշխարհում մտաւորականութիւնը կորցրել է մասայի վրայ ազդող իր դէրը ու այլեւս չի համարւում որպէս առաջատար ուժ: Նաեւ պիտի աւելացնել որ երրորդ աշխարհի մտաւորականութիւնը հեռացել եւ անջատւել է հասարակութիւնից եւ այդ պատճառով է որ մտաւորականութիւնը այլեւս մասայի ուշադրութեանը չի արժանանում:
Երրորդ աշխարհի մտաւորականները ոչ թէ միայն իրենց անձնահաւանութիւնից վեր դիտող չեն այլ նաեւ զուրկ են հասարակական յանձնառութիւններից:
Զարգացած աշխարհում նա է կոչւում մտաւորական որը նպատակ ունի բարելաւել ու զարգացնել հասարակութեան սոցիալական վիճակն ու հասարակութեան նպաստաւոր վիճակին հասնելը իր համար համարում է թէ բարոյական նպատակ եւ թէ պարտադրանք եւ այս բոլորը դարձնում է իր կեանքի ուղեգիծը:
Բայց երրորդ աշխարհում մեծ մաս մտաւորականները իրենց ունեցած մտային բարձր կարողութիւնից օգտագործում են անձնական շահեր ու բարձր տնտեսական հնարաւորութիւններ ձեռք բերելու համար: Ուրեմն այդ պատճառով է որ նրանք միանում են ժամանակի իշխանութեան կամ անձնական շահերը ապահովելու նպատակով համագործակցում են իշխանութիւնների հետ:
Այդ ժամանակ է որ այլեւս տիրող իշխանութեանը իրական քննադատութիւնները երեւան չեն գալիս:
Մտաւորականութեան այն մասը որ միացել է իշխանութեան փորձում է արդարացնել իր տիրոջ գործումեութիւնը եւ հակառակը մտաւորականութեան այն մասը որ անտեսւել է իշխանութիւնների կողմից եւ բաժին չեն տանում այդ մեծ հարստութիւնից , հակադրւում են իշխանութիւններին եւ այսպէս կոչւած դառնում են ընդդիմադիր:
Ուրեմն այս ընթացքում չի առաջանայ հասարակութեան յանձնառութիւնից բխած իրական քննադատութիւն , այլ մտաւորականութիւնը իր անձնական ձեռք բերած շահերի քանակից է որ գնահատելու է իշխանութիւնների գործունեութիւնը:
Եւ այս իրավիճակում ժողովուրդը ինչպէս պիտի հետեւի եւ հաստատի իր մտաւորականութեան առաջարկներն ու ուղղութիւնները որովհետեւ գիտէ որ այդ մտաւորականնութիւն կոչւածը անկողմնակալ չէ եւ հետապնդում է իր անձնական շահերը:
Երրորդ աշխարհի ժողովուրդը այլեւ գիտէ որ իր մեծ մաս մտաւորականութիւնը շարժւում է ըստ իր անձնական շահերի եւ ոչ ժողովրդի ու ազգի շահերի եւ քաջ գիտէ որ երբ իշխանութիւնները մտաւորականութեանը մասնակից է դարձնում հասարակական անարդարութիւններից ձերք բերւած հարստութեան մէջ այդ մտաւորականութիւնը դառնում է տւեալ իշխանութեան ջատագովը եւ երբ այդ մտաւորականութիւնը զրկւում է իշխանական հարստութիւնից սկսում է վարկաբեկել ու աղաւաղել իշխանութեան գործունեութիւնը: Ի վերջոյ պիտի ասել որ դա չէ իրական մտաւորականութեան առաքելութիւնը բայց դժբախտաբար երրորդ աշխարհի երկրներում ի շարս Իրանում , Հայաստանում , Լիբանանում եւ ընդհանրապէս հայկական սփիւռքում տիրում է այս տեսակը եւ կարծես բարեփոխումների յոյս էլ չկայ: Միակ յոյսը բարեփոխումների համար լուսամիտ երիտասարդութիւնն է որը պիտի յաղթահարէ բազում դժւարութիւններին եւ Նժդեհի ասածով պիտի դասիարակիչ դառնայ իր նախորդ սերունդին , միշտ ազգային ու մարդկային արժեքները աչքի առաջ ունենալով:

Tuesday, July 05, 2005

Ադրբեջանի գունաւոր յեղափոխութիւնը

Նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրութիւններ: Երկու տարի է, ինչ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները նախկին Խ. Միութեան հանրապետութիւններում դարձել են թաւշեայ յեղափոխութեան դրդապատճառը:Վրաստանից, Ուկրայինայից ու Կիրգիզստանից յետոյ խօսւում է մի շարք այլ երկրների մասին, որտեղ պիտի տեղի ունենայ թաւշեայ կամ գունաւոր յեղափոխութիւն: Այդ երկրների շարքում են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելոռուսիան եւ Ղազախստանը:Ադրբեջանում աւելի քան մէկ տարի է, ինչ քաղաքական իրավիճակը թէժ է: 2003 թւականի նախագահական ընտրութիւններից ի վեր, որի ընթացքում Իլհամ Ալիեւին յաջողւեց յաղթել խախտումների օգնութեամբ, ադրբեջանական ընդդիմութիւնը խիստ ճնշումների տակ է գտնւում:Ալիեւ կրտսերը գունաւոր յեղափոխութիւնից խուսափելու համար՝ նոյեմբերին պիտի կայացնի խորհրդարանական ազատ ընտրութիւններ, բայց նկատի առնելով 2003-ի նախագահական ընտրութիւնները՝ դա անհաւանական է թւում:Ադրբեջանում իրավիճակը նման է Վրաստանի ու Ուկրայինայի իրավիճակին, որի հետեւանքով էլ ծնւեց թաւշեայ յեղափոխութիւնը: Բայց ըստ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի կառավարութիւնը համեմատ նախկին Խ. Միութեան այլ հանրապետութիւնների՝ աւելի սիրւած է ժողովրդի կողմից: Նա յայտարարում է, որ որեւէ մտահոգութիւն չունի Ադրբեջանի քաղաքականութեան ապագայի գծով:Բայց Ալիեւի այս բոլոր յաւակնութիւնների դիմաց Արեւմուտքը լռել է: Այդ լռութիւնը երկու պատճառ ունի. առաջինն այն է, որ Ադրբեջանի նաւթը Վրաստանի միջոցով պիտի հասնի Թուրքիայի Ջէյհան նաւահանգիստը եւ երկրորդը՝ այն, որ ԱՄՆ-ն շուտով իր ռազմակայանները տեղակայելու է Ադրբեջանում:Ըստ Ադրբեջանի Մուսաւաթ կուսակցութեան ղեկավար Իսա Ղամբարի՝ Ադրբեջանում պայմանները նման են Ուկրայինայի նախայեղափոխութեան շրջանին, միայն մէկ տարբերութեամբ, որ Ուկրայինայի ղեկավարութիւնը իր քաղաքացիներին հանդարտեցնելու համար չդիմեց ուժի:Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթատար խողովակի բացումով՝ սպասւում է Ադրբեջանի բիւջէի աչքառու աճը:Եթէ Ալիեւը իր պետական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն չառաջացնի, երկու հետեւանք կը սպասւի Ադրբեջանին: Առաջինն այն է, որ նաւթի վաճառքից գանձւած դրամագլուխը ծախսւի նոյնինքն ժողովրդի համար եւ այն անհատների մեծ տոկոսը, որ այսօր ապրում է աղքատութեան սահմանից վար, կապրի բարւոք պայմաններում: Այդ ընթացքում Ալիեւը որպէս նախագահ՝ հնարաւորութիւն կունենայ օգտւել երիտասարդ նոր ուժերից՝ տարեց սերնդին փոխարինելու համար:Բայց երկրորդ հետեւանքն այն կը լինի, որ Ալիեւը իրեն սահմանափակի Ադրբեջանի հին դիւանագէտներով:Այդ պայմաններում նաւթից գանձւած դրամները այլ տեղ կը ծախսւեն եւ ժողովրդի միջեւ տիրող անհաւասարութիւնը աւելիով կը զարգանայ: Եւ կամ բիւջէի բարձրացումով՝ հնարաւոր է, որ Ադրբեջանի իշխանութիւնը ցանկանայ վերագրաւել Լեռնային Ղարաբաղը:Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ պատերազմը անհաւանական չէ, երբ ռազմական բիւջէն նաւթի դրամներով աչքառու աճ կունենայ:Ուրեմն՝ Ադրբեջանի իշխանութեան ու մասնաւորապէս Ալիեւի գլխաւոր փորձութիւնը կը լինի նոյեմբերեան ընտրութիւնները, իսկ մինչ այդ՝ միաւորւած ընդդիմութիւնը իր մանուշակագոյն եւ նարնջագոյն դրօշներով եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի պատկերները ձեռքում՝ իշխանութեանը սպառնում են արեւմտեան գունաւոր յեղափոխութեամբ:

Պայքարը շարունակւում է

Պայքարենք միջազգային Իմպերիալիզմի դէմ , յանուն Ազատութեան , Խաղաղութեան եւ Արդարութեան Միացեք հակաիմպերիալիզմի դէմ պայքարող միջազգային շարժման

Saturday, July 02, 2005

Պիտի բարեկարգել սփիւռքի կառոյցները

Ես պատանի էի երբ անկախացաւ Հայաստանը: Խանդավառւած այդ երեւոյթից ուխտեցի կեանքիս ընթացքով ծառայել Հայաստանին ու հայութեանը: Այդ ուխտը իրագործելու համար անդամակցեցի ՀՅԴ Ռոստոմ Երիտասարդական Միութեանը: Այն թէժ օրերին մեր շրջանակներում առհասարակ խօսւում էր Հայաստանի մասին: Լրջօրէն հետեւում էինք լուրերն ու փորձում էինք վերլուծել տարածաշրջանի իրավիճակը: Խօսւում էր Հայաստանի ապագայի , մեր անելիքների ու սփիւռքի դիմագրաւելիք դժւարութիւնների շուրջ:
Ինձ պարզապէս հետաքրքրում էր Հայաստանի անկախութեան ազդեցութեան ներքոյ սփիւռքում առաջացող դժւարութիւնների թեման:
Խօսւում էր թէ Հայաստանի անկախութիւնը դրական պիտի ազդէ սփիւռքին ու Հայաստան-սփիւռք փոխ յարաբերութեամբ կը զարգանայ Հայաստան եւ հայրենիք գաղափառը սփիւռքահայութեան մէջ: Դա շիտակ էր: Բայց նոյն անկախութիւնը նաեւ ուներ իր բացասական ազդեցութիւնը սփիւռքում:
Հայաստանի անկախութիւնից յետոյ մի ինչ որ սառեցում եւ յուսահատութիւն տիրեց հայկական կենտրոններում: Կարծես բոլորը միանգամայն յուսահատւեցին աշխատանքից երբ լսեցին «Դէպի Հայրենիք» կարգախօսը: Բոլորի համար այլեւս մշակոյթը, գրականութիւնը, երգարւեստը, քաղաքականութիւնը, մամուլը եւ այլն դարձաւ Հայաստան ու մոռացութեան մատնւեցին ներքին բոլոր ուժերն ու կարողութիւնները: Նաեւ պիտի ասեմ որ այս բոլորի մեծ տոկոս պատճառը նոյն սփիւռքի մեծահարուստներն ու վաճառական ազգայիններն էին: Նրանք շուկայական աչքով էին նայում Հայաստանին:
Բայց ինչո՞ւ: Երբ Հայաստանում խօսալով սփիւռքի մասին յայտարարում են թէ սփիւռքը կանգուն է Հայաստանով , պիտի ասել որ Հայաստանը նաեւ կանգուն կը լինի հզօր սփիւռքով: Բայց արդեօք այս ընթացքով դեռ կը գոյատեւի սփիւռքը եւ Հայաստանի հզօր պաշտպան կը դառնայ : Իմ տեսանկիւնից ոչ:

Պատմութեան ձեռքը այնպէս արեց որ հայը ապրի Հայաստանից դուրս: Դա ներկայ պայմաններում աւելի դրական երեւոյթ է քան բացասական ու եթէ այդ պայմաններից ճիշտ օգտագործենք թէ հզօր հայրենիք կունենանք եւ թէ հզօր սփիւռք սերտ փոխ կապւածութեամբ:
Բայց հակառակ այդ բոլորից օրինակի համար Հայաստանում աւելի շատ խօսւում է եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի մասին քան Իրանի հետ յարաբերութեան կարեւորութեան եւ իրանահայութեան դերի մասին: Իրանում էլ նոյնն է: Հայաստանի ապագան շատ քչերին է յուզում ու ազգային դաստիարակութեան պակասի հետեւանքով մեծ մաս երիտասարդութեան մօտ մոռացութեան է մատնւել Հայաստանի ու հայրենիքի գաղափառները:
Ուրեմն սիրելիներ նորեն հայեացքները շրջենք դէպի գաղութները ու մտածենք այնտեղ ապրող հայութեան ապագայի մասին որը կարող է հզօր պաշտպան հանդիսանալ Հայաստանին թէ ֆինանսական-բարոյական եւ թէ արտաքին քաղաքականութեան ոլորդներում:
Սփիւռքի կառոյցները բարեկարգելով եւ երիտասարդութեանը աւելի կարեւոր դեր յանձնելով բարենորոգենք սփիւռքի դիմագիծը ու օրւայ աշխարհի հետ քայլ պահելով նորոգենք մեր կառոյցները եթէ Հայաստանի ու հայութեան ապագան կարեւոր է մեզ համար:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը