Sunday, October 22, 2006

Ռուսաստան. ներքաղաքական իրադրություն

Գագիկ Հարությունյան


Ռուսաստանում, ինչպես և ՀՀ-ում, 2007-2008թթ. կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Հատկանշական է, որ երկու երկրներում էլ 2008-ին ավարտվում է նախագահների պաշտոնավարման սահմանադրական ժամկետը։ Առաջին դեմքերի փոփոխման գործընթացները ՀՀ-ում և ՌԴ-ում ունեն ընդհանրություններ և տարբերություններ։ Նախնական գնահատականներն այսպիսին են. երկու երկրների քաղաքական ընտրանիներն էլ ունեն իրենց իշխանությունը վերարտադրելու բավարար ռեսուրսներ։ Ենթադրվում է նաև, որ ՌԴ-ում և ՀՀ-ում հիմնականում պահպանվելու է ներկայում գոյություն ունեցող քաղաքական կուրսը, և դա բխում է երկու երկրների ազգային շահերից։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ իշխանափոխության գործընթացները, որքան էլ նախապես ծրագրվեն, պարունակում են որոշակի ռիսկեր և անորոշություն։

ՌԴ քաղաքական ընտրանու պահպանողական մոտեցումները.

Այսօր Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները ենթարկվում են «հետպուտինյան դարաշրջանին» նախապատրաստվելու տրամաբանությանը, և այդ տեսանկյունից նախագահ Պուտինի շուրջ համախմբված ընտրանու համար առաջնայինը անձնական կարգավիճակի և շահերի պահպանման խնդիրը չէ։ Համաձայն տարբեր գնահատականների՝ մոսկովյան և մարզային բարձրամակարդակ «նոմենկլատուրայի» 30-40%-ը կազմում են հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները և բանակի պաշտոնաթող սպաները։ Ընտրանու այդ շերտը, հիմնականում, ավելի հարմարված է գործելու պետական կառույցներում, քան ձեռներեցության կամ այլ ոլորտներում։ Պետական ծառայությունը համապատասխանում է նախկին սպայակազմի մասնագիտական պատրաստվածությանը, մտածելակերպին և մենթալիտետին։ Նման հատկանիշներ և պահպանողական կողմնորոշումներ ունեցող ընտրանու ձևավորումը, համաձայն Պուտինի նախագծի, պետք է նպաստեր Ռուսաստանի վերականգնմանը, և այդ մոտեցումն իրեն արդարացրեց. ՌԴ հայտնի հաջողությունները պետականաշինության բնագավառում զգալի չափով պայմանավորված են նման ընտրանու առկայությամբ։ Այդ ընտրանին է, որ այժմ վերահսկում է պետական-վարչական և նյութական ռեսուրսների մի զգալի մասը և Պուտինի հենարանն է երկրում։
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ «պուտինյան թիմն» ավելի քան սուր է ընկալում ներկա պետականակենտրոն քաղաքականության հնարավոր փոփոխման հետևանքները։ «Նոմենկլատուրայի» համար գաղտնիք չէ, որ «կուրսի փոփոխման» սցենարը ոչ միայն կվտարի առանձին անհատների իշխանական բուրգից, այլև խաղից դուրս կբերի ներկայիս ընտրանու գրեթե ողջ կազմը։ Այդ ամենը «նոմենկլատուրային» թելադրում է գործել թիմային, կորպորատիվ սկզբունքներով, ինչն անհամեմատ արդյունավետ է դարձնում նրանց գործունեությունը։ Թերևս, այս հանգամանքն էլ «պուտինյան գծի» շարունակականության ապահովման գրավականներից մեկն է։

Պուտինի «հետնորդի» հիմնախնդիրը և «անորոշության» մարտավարությունը.

Ռուսաստանի պետականության վերականգնումը կապվում է Պուտինի անվան հետ (բավական է նշել, որ 1999թ. այդ երկրի բյուջեն կազմում էր մոտ $25 մլրդ, իսկ 2007թ. բյուջեն պլանավորվում է ավելի քան $250 մլրդ-ի չափով)։ Նրա վարկանիշը (այն որոշ ժամանակահատվածներում հասել է մինչև 70%-ի), հսկայական վարչական ռեսուրսը և լուրջ ընդդիմության բացակայությունը գրեթե կասկած չեն հարուցում այն հարցում, որ ՌԴ ապագա նախագահ կդառնա նա, ում մատնացույց կանի Պուտինը։
Միևնույն ժամանակ, առայսօր Պուտինի «հետնորդի» խնդրում անորոշություն է տիրում։ Այս տարվա սկզբին թվում էր, թե ընտրություն պետք է կատարվի Սերգեյ Իվանովի և Դմիտրի Մեդվեդևի միջև (որպես հնարավոր թեկնածու դիտարկվում էր նաև Դմիտրի Կոզակը, չնայած վերջինս հերքում էր նման հնարավորությունը): Սակայն Պուտինը հետագայում շփոթություն մտցրեց այդ հարցում՝ հայտարարելով, թե «հետնորդը» կարող է այնքան էլ քաջածանոթ չլինել լայն հանրությանը։ Նման հայտարարությունից հետո, հիշելով Մ.Ֆրադկովի՝ բոլորի համար անսպասելիորեն վարչապետ նշանակվելը, ռուսաստանյան ԶԼՄ-ում սկսեցին շոշափվել ամենազանազան տարբերակներ. հատկապես ուշադրության էր արժանի «Ռուսաստանյան երկաթգծեր» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հնարավորությունների քննարկումը։ Վարկածը հիմնավորվում էր նրանով, որ «պիտերյան-չեկիստական» թիմի այդ գործիչը «Ազգային փառքի կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի և «Անդրեյ Պերվոզվաննի» հիմնադրամի նախագահն է, իսկ վերջիններս այն «փակ» կազմակերպություններն են, որտեղ ռուսական հոգևոր և աշխարհիկ բարձրագույն վերնախավը նախագծում է Ռուսաստանի զարգացման գաղափարախոսությունը և ռազմավարությունը։
Բոլոր պարագաներում, «անորոշության» մարտավարությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ վաղօրոք հայտարարված հավակնորդը կարող է ընկնել մրցակիցների և ընդդիմադիրների «հարվածի» տակ։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը Պուտինին առավելություններ և հնարավորություններ է տալիս։ Նշենք դրանցից մի քանիսը.

** Անորոշությունը խթանում է մրցակցությունն ընտրանու տարբեր խմբավորումների միջև։ Դա, իր հերթին, բացահայտում է այս կամ այն խմբավորման և առաջատար անձի ներուժը, «մարտական» որակները, մտադրությունները և հնարավորությունները։ Նման մթնոլորտը ստիպում է հանրային ելույթներ ունենալ, ինչը թույլ է տալիս որոշել այս կամ այն հավակնորդի կերպարի (իմիջի) ընկալումը հանրության կողմից։ Այդ ամենի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը թույլ են տալիս Պուտինին ապագայում առավել հիմնավորված ընտրություն կատարել։

** Անորոշությունը ստեղծում է իրավիճակներ, որոնք թույլ են տալիս իրատեսական գնահատել հնարավոր «հետնորդի»՝ Պուտինի նկատմամբ ունեցած անձնական նվիրվածության և հավատարմության աստիճանը։ Այս խնդիրը հատկապես կարևոր է, քանի որ կան բոլոր հիմքերը կարծելու, թե Պուտինը գոնե առայժմ դեմ է երրորդ անգամ վերընտրվելուն (ըստ որոշ մոտեցումների՝ նման տարբերակը գործնականում բացառվում է), սակայն ցանկանում է (գուցե և պարտադրված է) 2008-ից հետո էլ շարունակել կարևոր դերակատարում ունենալ ՌԴ քաղաքական կյանքում։ Դա հնարավոր է միայն ապագա նախագահի հետ հատուկ պայմանավորվածությունների և վերջինիս անձնական հավատարմության առկայության պարագայում։ Նկատենք, որ ԶԼՄ-ում պարբերաբար հայտնվում են նյութեր, որտեղ Պուտինի համար 2008-ին կանխատեսվում են ամենազանազան պաշտոններ, սկսած Գազպրոմի կամ Հյուսիսային-եվրոպական գազատարի ընկերության ղեկավարից մինչև վարչապետ կամ «Եդինայա Ռոսիայի» նախագահ և այդ կարգավիճակով` Դումայի նախագահ։ Որպես ավելի իրատեսական կարելի է դիտարկել Պուտինի՝ ՌԴ Պետխորհրդի նախագահ դառնալու վարկածը։ Այդ կառույցը (ներկայում այն գլխավորում է նախագահը) սահմանադրական ձևակերպում չունի, սակայն նրա իրավասությունները կարելի է ընդլայնել Դումայի ընդունած որոշման հիման վրա։ Լինելով Պետխորհրդի նախագահ՝ Պուտինը կարող է իր հեղինակությամբ վերահսկել իրադրությունը երկրում, ինչպես դա ժամանակին անում էր Դեն Սյաոպինը Չինաստանում։ Այս վարկածի օգտին է անուղղակիորեն խոսում նաև այն, որ ԶԼՄ-ում պարբերաբար քննարկվում է այդ կառույցը Պետերբուրգ տեղափոխելու խնդիրը, և Պետխորհրդի որոշ նիստեր արդեն իսկ կայացել են այդ քաղաքում։

«Հետնորդի» հարցում տիրող անորոշությունը հատկապես ազդում է մարզային և ոչ այնքան բարձրամակարդակ մոսկովյան նոմենկլատուրայի վրա. այդ շերտը, չունենալով գործելու այլ լծակներ, այսօր ցուցաբերում է «նախաձեռնություն ներքևից»՝ առաջարկելով կատարել սահմանադրական փոփոխություններ և երրորդ անգամ վերընտրել Պուտինին։ Այլ կերպ են ընթանում գործերը «բարձր» ոլորտներում։
Գաղափարախոսական գործոնը և կադրային փոփոխությունները.
Պուտինի վարչակազմն առանձնահատուկ կարևորում է գաղափարախոսական խնդիրները։ Պաշտոնապես ընդունված է համարել, որ այդ խնդիրներն առանցքային են Ռուսաստանի համար՝ ելնելով այն պրագմատիկ թեզից, որ առանց գաղափարախոսության Ռուսաստանն անհնար է կառավարել։ Այդ ոլորտի պատասխանատուն է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը, որը վերջերս հնչեցրեց «ինքնիշխան դեմոկրատիայի» (տերմինն առաջին անգամ կիրառել են Թայվանի իշխանությունները՝ այդպիսով հակադրելով իրենց ժողովրդավարությունը մայրցամաքային Չինաստանի սոցիալիստական համակարգին) վերաբերյալ տեսակետը։ Համաձայն այդ դրույթի՝ արևմտյան (և հատկապես անգլոսաքսոնյան) պատկերացումները ժողովրդավարության վերաբերյալ ունիվերսալ բնույթ չեն կրում և այդպիսով չեն կարող հիմք ծառայել այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։
Այս ամռանը հնչեցված «ինքնիշխան դեմոկրատիա» դրույթը լայնորեն տարածվել էր և տեղ էր գտել «եդինոռոսների» ծրագրային փաստաթղթերում։ Հատկանշական է նաև, որ այդ բառակապակցությունը սկսել էր կիրառել նաև պաշտպանության նախարար Ս.Իվանովը։ Սակայն շուտով «ինքնիշխան դեմոկրատիա» ձևակերպման դեմ հանդես եկավ փոխվարչապետ Դ.Մեդվեդևը, իսկ վերջերս (ավելի փափուկ արտահայտություններով)՝ նաև Պուտինը։
Ակնհայտ է, որ գաղափարախոսական տերմինների վերաբերյալ բանավեճն արտահայտում է Կրեմլի ներսում ընթացող «միջկլանային» պայքարը։ Նման է նրան, որ ելնելով իրեն հայտնի նկատառումներից՝ Պուտինը ձգտում է (գոնե առայժմ) նվազեցնել «պիտերյան-չեկիստական» թևի (որի առաջատարներից են Ս.Իվանովը, Ն.Պատրուշևը) ազդեցությունը և բարձրացնել «պիտերյան-համալսարանական» (որի կազմում են Պուտինի շրջապատի մարդիկ դեռևս Սանկտ Պետերբուրգի համալսարանում աշխատելու ժամանակվանից, որոնցից նշենք Դ.Մեդվեդևին և Դ. Կոզակին) խմբավորման հեղինակությունը։ Այդ միտումը նկատվում է նաև նախագահի այլ գործողություններում։
Օրերս Պուտինի հրամանագրով աշխատանքից ազատվեցին մաքսանենգության մեջ մեղադրվող մի շարք բարձրաստիճան չեկիստներ։ Դրանց թվում էին ՖՍԲ Սեփական անվտանգության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալ.Կուպրյաժկինը և Գործունեությունն ապահովող ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ս.Շիշինը։ Նախագահի այդ քայլը մոսկովյան մի շարք փորձագետներ մեկնաբանում են որպես ՖՍԲ տնօրեն Պատրուշևի դեմ ուղղված քայլ։ Նման վարկածը չի կարելի բացառել, քանի որ այն հաստատվում է այլ անուղղակի վկայություններով։ Օրինակ՝ Վլադիմիր Ուստինովի պաշտոնանկությունը (նրա ներկայիս իրավասությունները՝ որպես Արդարադատության նախարար, դժվար է համեմատել Գլխավոր դատախազի հնարավորությունների հետ) կապվում էր բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պայքարում նրա՝ ավելորդ եռանդ ցուցաբերելու հետ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ առանց Կրեմլի աջակցության՝ Ուստինովը դժվար թե ինքնուրույն քայլեր կատարեր, և կարելի է կարծել, թե այդ խնդրում նրա հենարանն էր նախագահի օգնական և նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Սեչինը։ Վերջինս «պիտերյան» թիմից է և նախկինում ծառայել է ռազմական հետախուզությունում։ Հատկանշական է, որ Սեչինի դուստրը Ուստինովի տղայի կինն է։
«Համալսարանական պիտերցիների» թիմի ուժեղացման մասին է վկայում նաև Դ.Կոզակի (որն, ի դեպ, Պուտինի 2003թ. նախընտրական շտաբի պետն էր և ժամանակին համարվում էր որպես վարչապետության ամենահավանական թեկնածու) իրավասությունների մեծացումը. վերջերս նա նշանակվեց Հարավային դաշնային օկրուգի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի նախագահ, որի կազմում են 11 դաշնային նախարար և 13 մարզի ղեկավար։ Այդ հանձնաժողովն անվանում են Հարավային դաշնային օկրուգի կառավարություն։

Հետևություններ.

Կարելի է արձանագրել, որ ռուսաստանյան վերնախավում ընթացող մրցակցությունը սրվում է, և այդ միտումը սաստկանալու է։ Առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախագահ Պուտինը վերահսկում է իրադրությունը։ Միևնույն ժամանակ, ներկա պահին դիրքային պայքարում որոշակի առավելության է հասել «պիտերյան–համալսարանական» թիմը։ Տպավորությունն այն է, որ եթե Պուտինն այսօր կատարեր իր ընտրությունը, ապա նախագահի և վարչապետի պաշտոնները «կտրվեին» Դ.Մեդվեդևին և Դ.Կոզակին (չբացառելով, որ «հետնորդը» կարող է լինել հենց վերջինս)։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այդ գործիչների իմիջը և վարկանիշը, ինչպես ցույց են տալիս տարբեր սոցհարցումների արդյունքները, առայժմ բավարար բարձրության վրա չեն։ Սակայն պայքարը դեռ նոր է սկսվել, և իրատեսական կանխատեսումները հնարավոր են միայն 2007-ի կեսերից սկսած։

Thursday, October 19, 2006

ԱՄՆ-ի սահմանադրությունն անկատար է

Սենֆորդ Լեւինսոն

Los Angeles Times

Ամերիկայի հիմնական օրենքը, որը շատերը նրա մեծագույն ձեռքբերումն են անվանում, իրականում երկրի ոչ դեմոկրատական կառավարման հիմքեր է պարունակում:
ԱՄՆ-ում Սահմանադրությունը ցանկացած օրենքից ավելի են հարգում: Դա մեր հիմնարար փաստաթուղթն է, եւ ընտրված յուրաքանչյուր նախագահ, պաշտոնի անցնելով, երդվում է սույնը պահպանել եւ պաշտպանել, իսկ մեր դատավորները, թալմուդականների նման, 200 տարուց ավելի շարունակում են Սահմանադրությունը մեկնաբանել եւ վերամեկնաբանել: Դա ամերիկյան դեմոկրատիայի խորհրդանիշն է եւ աշխարհում մեծագույնն է համարվում: Մինչդեռ մեր Սահմանադրությունն իրականում այնքան անկատար է, որ սպառնում է լուրջ խնդիրներ լուծելու մեր ունակությանը, որոնց այսoր բախվել է երկիրը: Նրա հիման վրա է ձեւավորվել քաղաքական կարգը, որը տառապում է «դեմոկրատիայի պակասից»: Տերմին, որը հաճախ օգտագործվում է ԵՄ-ի պարագայում, բայց, ավաղ, մեր հասարակության համար առավել այժմեական է:
Խոսքը տեսական պլանի վերացական բացթողումների մասին չէ: Այսօր, օրինակ, ամերիկացիների մեծ մասը դժգոհ է գործող Կոնգրեսի եւ նախագահի աշխատանքից: Սոցիոլոգիական հարցումների մասնակիցների երեք քառորդը վստահ է, որ երկիրը սխալ ճանապարհով է ընթանում: Նման պատասխանները վկայում են, որ ընտրախավին չի բավարարում ստեղծված իրավիճակը:
Կարելի է, իհարկե, պնդել, թե սա ժամանակավոր երեւույթ է, իշխանության հանդեպ անցողիկ հակակրանք, եւ նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները կհանդարտեցնեն դժգոհներին: Սակայն նման պնդումները սխալ են: Ցավալի է, բայց փաստ, որ միջանկյալ ընտրությունների արդյունքն այնքան էլ կախված չէ մեր Սահմանադրության բնույթից:
Առաջին` ինչ էլ պատահի, Ջորջ Բուշը կմնա Սպիտակ տանը մինչեւ 2009 թվականի հունվարի 20-ը, թեկուզ այդ պաշտոնում նրա գործունեությունը չեն խրախուսում ամերիկացիների 60 տոկոսը: Աշխարհում գործող քաղաքական համակարգերի մեծ մասը նախատեսում է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս փոխել այն առաջնորդին, որը կորցրել է հասարակության վստահությունը: Օրինակ` Մեծ Բրիտանիայում ժամանակին թորիներն առանց վարանելու պաշտոնանկ արեցին Մարգըրեթ Թետչերին` համարելով, որ նա այլեւս չի համապատասխանում առաջնորդի դերին: Այսօր լեյբորիստները պատրաստվում են նույնկերպ վարվել Թոնի Բլերի հետ: Մեր Սահմանադրության համաձայն` նախագահին կարելի է պաշտոնից զրկել, եթե նա հանցագործություն է կատարել, բայց սովորական անիրազեկությունը հաշիվ չէ: Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ երկրում խորհրդարանական հանրապետություն հռչակել, որպեսզի Կոնգրեսը նախագահին «անվստահության քվե» հայտարարել թույլ տվող մեխանիզմ ստեղծի: Իսկ առայժմ Բուշը ցանկացած արդյունքի դեպքում կպահպանի իր լիազորությունները, այդ թվում նաեւ` վետոյի իրավունքը Կոնգրեսի ընդունած օրենքների վրա, ինչը ամերիկյան քաղաքական համակարգի հակադեմոկրատական եւս մի բաղկացուցիչն է: Վետոյի իրավունքը մի եզակի անհատին թույլ է տալիս չեղյալ հայտարարել խորհրդարանական մեծամասնությամբ ընդունված որոշումները` նախագահին ըստ էության դարձնելով առանց դրա էլ մեծածավալ օրենսդրական համակարգի անկախ «երրորդ պալատ»: Օրենսդրական գործընթացի հենց այս եռաստիճան բնույթն է բացատրում, թե ինչու է այդքան դժվար, իսկ երբեմն էլ անհնար` մեր երկրում առաջադեմ օրինագիծ ընդունելը եւ նախագահի ստորագրությունն ստանալը:
Սահմանադրության հանդեպ դժգոհության հատուկ պատճառներ ունեն կալիֆոռնիացիները: 35 միլիոն բնակչություն ունեցող այս նահանգը Սենատում նույն թվով ներկայացուցչություն ունի, որքան Վայոմինգը` իր 500 000 բնակիչներով:
Ինչպե՞ս կարելի է կայացած համարել մի համակարգ, որի շրջանակներում Բարբըրա Բոքսերը 2004 թվականին վերընտրվեց Սենատում` ստանալով 6, 5 միլիոն ձայն, բայց նույնպիսի լիազորություններ ստացավ նաեւ Ալյասկայի ներկայացուցիչ Լիզա Մուրկովսկին, որի համար քվեարկել էին 150 000 ընտրողներ: Շատ դժվար է պատկերացնել «մեկ մարդ՝ մեկ ձայն» սկզբունքի խախտման ավելի աղաղակող օրինակ, որի հավատարիմ հետեւորդներն ենք համարում մեզ:
Ընդ որում` խոսքը կրկին չի վերաբերում տեսական բնույթի խնդրին: Ըստ հետազոտողների` այն փաստը, որ նահանգները, որտեղ բնակվում է երկրի բնակչության 5 տոկոսից ոչ ավելին, վերահսկում են Սենատի աթոռների 25 տոկոսը, հանգեցնում է դաշնային ներդրումների վերաբաշխման` խիտ բնակեցված նահանգներից (Կալիֆոռնիա, Նյու Յորք) նոսր խտություն ունեցող տարածաշրջաններ, որոնք գործող քաղաքական համակարգի շնորհիվ հայտնվում են արտոնյալ վիճակում:
Իրականում Կալիֆոռնիան ավելի քիչ ազդեցություն ունի Սենատում, քան քիչ բնակչություն ունեցող նահանգները, ինչի պատճառը կուսակցական համակարգում բարձրագույն պաշտոնների բաշխումն է: Օրինակ` դեմոկրատների գրեթե բոլոր առաջնորդները ծնունդով սակավաբնակ նահանգներից են: Վերջին 30 տարում այդ կուսակցության ղեկավարներն են եղել Մոնտանայի (Մայք Մենսֆիլդ), Արեւմտյան Վիրջինիայի (Ռոբերտ Բիրդ), Մենի (Ջորջ Միթչել), Հարավային Դաքոտայի (Թոմ Դեշլ), Նեւադայի (Հարրի Ռեյդ) նահանգների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա նույն ժամանակահատվածում կուսակցության ղեկավարներն են եղել Թենեսիի (Հովարդ Բեյքեր եւ Բիլ Ֆրիստ), Քանզասի (Բոբ Դոուլ), Միսիսիպիի (Թրենթ Լոթ) նահանգների ներկայացուցիչները:
Թվում էր, թե Կալիֆոռնիան պիտի լուրջ առավելություններ ունենա, քանի որ այնտեղ ավելի մեծ թվով ընտրողներ են բնակվում, քան ցանկացած այլ նահանգում: Սակայն այդպես չէ: Պատճառը պարզ է: Առաջին պատճառը ընտրողների կոլեգիայում սակավաբնակ նահանգների ոչ համամասնական ներկայացուցչությունն է. նրանցից յուրաքանչյուրի համար կոլեգիայում երաշխավորված է նվազագույնը երեք տեղ: Երկրորդ` կոլեգիայի կառուցվածքի պատճառով ընտրարշավի ընթացքում նախագահի թեկնածուները ուշադրությունը բեւեռում են «ճակատային» նահանգների վրա, որտեղ ընտրողների ձայները համարյա կիսվում են:
Արդեն մի քանի տարի է, ինչ Կալիֆոռնիան չի մտնում նման նահանգների թվի մեջ: Այդ իսկ պատճառով ընտրողների կոլեգիայում իր հաղթանակը ապահովել ձգտող ոչ մի թեկնածու այս նահանգին հատուկ ուշադրություն չի դարձնում: Թեկնածուներից մեկը (օրինակ` դեմոկրատ) կալիֆոռնիացիների աջակցությունը բնականոն է համարում, ինչն ինքնին այդպես էլ պիտի լինի, երկրորդը հաճախ անտեսում է այդ նահանգը: Եթե ամերիկյան դեմոկրատիան համապատասխաներ ժամանակի պահանջներին, եւ նախագահն ընտրվեր ուղղակիորեն, կալիֆոռնիացիների վրա հատուկ ուշադրություն կդարձնեին: Իսկ հիմա թեկնածուներն աշխատում են շահել Օհայոյի մետաղագործների եւ Մայամիի կուբայական ծագմամբ ամերիկացիների համակրանքը:
Սրանք այն բազում խնդիրներից մի քանիսն են, որ պայմանավորված են մեր Սահմանադրությամբ: Հարկ է հիշեցնել նաեւ, որ հետպատերազմյան տարիներին ընտրողների կոլեգիայի շնորհիվ երկրի ղեկավար են դարձել հինգ թեկնածուներ՝ Հարրի Թրումենը, Ջոն Քենեդին, Ռիչարդ Նիքսոնը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Ու.Բուշը, որոնք ընտրաձայների բացարձակ մեծամասնությունը չեն ստացել:
Նպատակահարմար չէ նաեւ ընտրությունների եւ երդման արարողության միջեւ ընկած ժամանակահատվածի տեւողությունը, որը գերազանցում է երկու ամիսը. այդ ընթացքում մերժված նախագահի թեկնածուները, որոնք երկրորդ ժամկետ էին առաջադրվել (բավական է հիշել Ջիմի Քարթերին եւ ավագ Ջորջ Բուշին), պահպանում են իրենց լիազորությունները եւ կարող են ցանկացած որոշում կայացնել, նույնիսկ` բավական ոչ միանշանակ: Հարցեր են ծնում նաեւ Գերագույն դատարանի շատ անդամների պաշտոնավարման անհեթեթորեն երկարատեւ ժամկետները. այսօր «նորման» կազմում է 25 տարի, իսկ եթե ընտրվեն այնպիսի «երիտասարդներ», ինչպիսիք են 42-ամյա Քլարենս Թոմասը կամ դատարանի գործող նախագահ, 50-ամյա Ջոն կրտսեր Ռոբերթսը, ապա դատավորները կարող են պաշտոնավարել 30-40 տարի անընդմեջ: Դրանից բացի, ժամկետային սահմանափակումների բացակայության պատճառով դատավորներն իրենք կարող են ընտրել իրենց պաշտոնաթողության պահը` հոգ տանելով, որ հետնորդներին ընտրի նախագահը, որը համամիտ է իրենց քաղաքական տեսակետներին:
Ենթադրել, թե մեր Սահմանադրությունն անթերի է կամ համապատասխանում է ժամանակի պահանջներին` նշանակում է առանց մտածելու նստել մի մեքենայի ղեկին, որի արգելակները խափանված են, իսկ դողերը` մաշված: Նույնիսկ եթե անցյալում նման ուղեւորությունները մեզ համար բարեհաջող էին ավարտվում, անփութություն կլինի մտածել, թե դա կարող է անվերջ շարունակվել:
Ցավոք, ԱՄՆ-ի Սահմանադրությունը, ի տարբերություն Նյու Յորքի կարգավիճակի, չի ընդգրկում այնպիսի դրույթ, որը նախատեսում է 20 տարին մեկ տեղեկանալ քաղաքացիների կարծիքին, թե արդյո՞ք Սահմանադիր ժողով հրավիրելու եւ Հիմնական օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չկա: Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու արարողակարգը չափազանց բարդացված է. եթե 13 նահանգների օրենսդրական ժողովները չեն ընդունում փոփոխությունը, որը պաշտպանում է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, ուրեմն` մերժվում է:
Այս ամենը, սակայն, մեզ չի ազատում մեր Հիմնական օրենքի համապատասխանության հարցը վերլուծելու եւ անընդունելի վտանգը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: Վտանգ, որին ենթարկվում է «Ժողովրդի իշխանությունը, ժողովրդի անունից եւ ի շահ ժողովրդի» սկզբունքը` մեր Սահմանադրության մեջ տեղ գտած թերությունների պատճառով:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը