Friday, August 26, 2011

1500 տարի հետո Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ժողովուրդները վերանալու են


Բրիտանական The Economist պարբերականը իր վերջին ուսումնասիրությունների արդյունքում, պարզաբանել է, թե որ երկրները առաջիկա հազարամյակում, ծննդաբերության անմխիթար վիճակի պատճառով ամբողջությամբ վերանալու են:

Պարբերականը ՄԱԿ-ի՝ ծննդաբերության վերաբերյալ հետազոտությունների տվյալների հիման վրա (կատարվել է ավելի քան 83 երկրներում) նշում է, որ ասիական երկրներում կանայք ու աղջիկները «դանդաղորեն հեռանում» են ամուսնական կյանքից: Օրինակ՝ Հոնգ Կոնգի մասին ուսումնասիրությունները պարզում են, որ 25 սերունդ հետո այդ երկրում միայն 1 կին է մնալու, ու վերջ է դրվելու այդ երկրի բնակչությանը:

Economist-ը այս բոլոր դրդապատճառներից է համարում այն, որ ասիական երկրներում, ինչպիսին են Չինաստանն ու Հնդկաստանը, աճել է այն աբորտների թիվը, որոնց պտուղը աղջիկ է:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջիկա 1500 տարիների ընթացքում Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ժողովուրդները վերանալու են, եթե ծննդաբերության ոլորտում լուրջ բարեփոխումներ չկիրառվեն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Երկու իրանցի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայում


«Ազատություն» ռ/կ –ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ Իրանի՝ երկու ու Թուրքիայի՝ մեկ քաղաքացիներ, Թուրքիա-Նախիջևան սահմանագծում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են՝ Թուրքիայի անվտանգության ծառայությունների կողմից:

CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ձերբակալվածները Նախիջևանի սահմանային շրջաններում փորձել են լուսանկարել թուրքական դատախազության ու ազգային անվտանգության կենտրոնի շենքերը, որտեղ էլ ձերբակալվել են:
Մեղադրյալները փոխադրվել են Իգդիրի բանտ ու ժամանակավոր պահվում են այնտեղ: Դեռ չի հրապարակվել ձերբակալվածների ինքնությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը պիտի ուշադիր լինեն, ու միմյանց հետ հարցերը լուծեն համերաշխությամբ». Ահմադինեժադ


Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լիբանանյան Al Menar հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում, հայտարարել է. «Ղուդսի ազատագրման գաղափարը երբեք Իրանի արտաքին քաղաքականությունից չի բացակայելու, և ով մարդկայնության գաղափարներին հավատարիմ է, պիտի Իսրայելի ոչնչացման գաղափարին հավատարիմ մնա: Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ Իսրայելի ոչնչացումը լրջորեն հետպնդում է»:

Ահմադինեժադը Սիրիայի հետ կապված հարցերին ի պատասխան՝ ասել է. «Արևմուտքը ցանկանում է, որ այն ինչ կատարվեց Լիբիայում, տեղի ունենա նաև Սիրիայում: Նրանց համար փողը, նավթն ու քաղաքական գերակայությունն է կարևոր, հետևաբար Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը ուշադիր պիտի լինեն ու փորձեն միմյանց միջև ծագած խնդիրները լուծել համերաշխությամբ»:

Իրանի նախագահը, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած աննախադեպ դիրքորոշման մասին էլ ավելացրել է. «Իրանն իր թուրք բարեկամների հետ միշտ բանակցում է տարածաշրջանային զարգացումների շուրջ, բայց բոլորը պիտի իմանան, որ Արևմուտքի դավադրությունները շատ բարդ են: Նրանց համար Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանն ու Սիրիան կարևոր չեն, ու նրանք չեն ցանկանում, որ տարածաշրջանի երկրները զարգացում արձանագրեն: Ուրեմն բոլոր երկրները պիտի ուշադիր լինեն, որ կարճ ժամկետում որևէ մեկին չօգտագործեն մյուսի դեմ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Մենք չենք ցանկանում, որ «Իսլամական Հանրապետությունը» սահմանափակվի միայն Իրանով». Այաթոլլահ Շահրուդի


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի դատական իշխանության նախկին ղեկավար Այաթոլլահ Հաշեմի Շահրուդին, Իրանի խորհրդարանի «Իսլամական արթնություն» խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում, գնահատելով նմանօրինակ խմբակցության կյանքի կոչելու փաստը, հայտարարել է. «Իսլամական արթնությանը լուրջ կարևորություն ցուցաբերելն իսլամական համակարգի քաղաքական նպատակներից է եղել:

Իսլամի վերականգնումն աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գլխավոր նպատակներից է եղել, ու այսօր մեր համակարգի առաջնահերթ խնդիրներից է համարվում:

Նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումներն՝ այսօր մենք այլևս չենք ցանկանում, որ «Իսլամական Հանրապետություն» հասկացությունը սահմանափակվի միայն Իրանով, այլ՝ փորձում ենք իսլամը վերականգնել ամբողջ աշխարհում:

Այսօր տարածաշրջանում Արևմուտքը փորձում է իսլամական մրցակից ստեղծել Իրանի համար, ու դա Թուրքիան է, որը լիբերալ իսլամականության ներկայացուցիչն է համարվում: Ես Իրանի ԱԳ նախարարության սահմանափակումներից տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մեր արտաքին քաղաքականությունը, թուրքերի համեմատ, ավելի թույլ ու կրավորական է տարածաշրջանում: Սակայն, օրինակ, Եգիպտոսի ժողովուրդը, որ դրական մոտեցումներ ունի Իրանի հանդեպ, լավ տրամադրված չէ Թուրքիայի հանդեպ, ու դա պատմական դրդապատճառներ ունի՝ կապված Օսմանյան թագավորության ժամանակաշրջանի հետ: 

Վերջին շրջանում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն, երբ խոսեց օսմանականության վերակենդանացման մասին, Եգիպտոսի ժողովուրդն ավելի հեռացավ Թուրքիայից:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«2020-ի օլիմպիական խաղերը «կանցկացնենք» ազատ Պաղեստինում ու Եգիպտոսում». Իրանի «Բասիջ» աշխարհազորային ուժերի հրամանատար


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի «Բասիջ» աշխարհազորային ուժերի գլխավոր հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին պաղեստինցի մարզիկների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ինչպես Այաթոլլահ Խամենեին է ասել, այսօր սիոնիստները շրջափակված են իսլամական մարտիկներով: Սիոնիստներին հորդորում ենք, որ իրենց տան կահույքը վերցնեն ու իրենց երկրները վերադառնան, թե ոչ՝ պահ է գալու, որ անգամ ճամպրուկները փակելու ժամանակ չեն ունենալու:

Ղուդսի ազատագրումը հաստատ տեղի է ունենալու, դա իսլամական արթնության արդյունքն է լինելու, և բոլորս, Աստծու կամոք, Պաղեստինի ազատագրումը տոնելու ենք միջազգային մարզական մի տոնախմբությամբ, ինչպիսին է օրինակ 2020-ի օլիմպիական խաղերը, որը «կկայացնենք» ազատ Պաղեստինում ու Եգիպտոսում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայաստանը իրանական կրոնական աղանդներին աշխատելու համար թույլտվությո՞ւն է տալիս


Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են իրանական աղանդավորական կազմակերպության և դրա հայաստանյան մասնաճյուղի միջև կապող օղակ հանդիսացող անձնավորությանը:

Կայքի փոխանցմամբ, իրանական «Օղակ» անվանումով կրոնական աղանդավորական շարժումը, որը մեծ թվով անդամներ ունի Իրանում, լուրջ աշխատանքներ է ծավալում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում:
Tabnak-ը, մեջբերելով ձերբակալված ղեկավարներից մեկի՝ Թահերիի խոսքերը, հաղորդում է, որ Հայաստանի իշխանություններն ու անվտանգության ծառայությունները տեղյակ են եղել իրենց ծավալած գործունեության մասին ու անգամ իրենց ասել են, որ կարող են ազատորեն աշխատել Հայաստանի ցանկացած վայրում, որտեղ իրենց կտրամադրվի տարածք ու քարոզչության համար նախատեսված միջոցներ:

Իրանի իշխանությունները աղանդավորական նմանօրինակ շարժումները համարում են իսրայելական նախագիծ՝ Իրանի դեմ պայքարելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, August 24, 2011

Ահմադինեժադն ամենամեծ վարկաբեկիչներից է


Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Թեհրանի մետրոյի նախկին գլխավոր տնօրեն Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին իրանական Khabar օրաթերթի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Ահմադինեժադի ու նրա թիմակիցների գործողություններին, հայտարարել է. «Իմ համոզմամբ՝ Մարերի ժամանակներից մինչև այսօր Ահմադինեժադի նման մարդ չի հայտնվել պատմության մեջ, ով կկարողանար իր մրցակիցներին վարկաբեկելով՝ ժողովրդի վստահությունը շահել: 

Ահմադինեժադն ամենամեծ վարկաբեկիչներից է ու նման է մի մարդու, որ 7 տարի նստած է ճյուղի վրա, ու սեփական շահերի համար սկսել է կտրել նույն ճյուղը, հետո երբ արդեն ճյուղը կոտրվելու շեմին է ու բոլորը քննադատում են իրեն, վայնասուն է բարձրացնում, ասելով «վայ նրանց, որ առանց փաստարկների վարկաբեկում են կառավարությանը»:

Ահմադինեժադի աջակից ԶԼՄ-ները այս տարիներին վարկաբեկեցին Իրանն ու իսլամը և հիմա էլ փորձում են ոչնչացնել ժողովրդի հավատքը: Նրանց գործողությունները արդեն ջրի երես են դուրս եկել, ու եթե երկրի ու հեղափոխության շահերը չլինեին՝ Ահմադինեժադը հաստատ հնարավորություն չէր ստանա իր նախագահության ժամանակաշրջանը ավարտին հասցնել»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը, Թուրքիան ու Իրաքը համատեղ բանկ են ստեղծում


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Էբրահիմ Թեհրանին հայտարարել է, որ Իրանը, Թուրքիան ու Իրաքը մտադիր են համատեղ բանկ ստեղծել, որի կենտրոնը Թեհրանում է լինելու:

Թեհրանիի փոխանցմամբ՝ հիշյալ բանկի ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսել են, ու հավանական է՝ համաձայնության գալուց հետո Իրանի կենտրոնական բանկն էլ այդ բանկի ստեղծման համար իր դրական պատասխանը տա:

Իրանի համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրենի մատուցմամբ՝ համատեղ բանկը ոչ-կառավարական է լինելու, և սկզբնական ֆինանսավորումը կատարելու են երեք երկրների ներդրողները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ալի Աքբար Սալեհին Իրանի միջուկային բանակցություններում սկսել է փոխարինել իրանցի բանագնաց Սայիդ Ջալիլիին


Իրանական Bultan News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի միջուկային աշխատանքների շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին դանդաղորեն սկսել է փոխարինել Իրանի բանագնաց, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին:

Կայքի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրները, երբ հանդիպել են Սայիդ Ջալիլիի նման ուժեղ բանագնացի, որտեղ վերջինս անսասան պաշտպանում է Իրանի ազգային շահերը, փորձում են այսուհետ միջուկային խնդիրների շուրջ ընթացող բանակցությունները վարել Սալեհիի հետ, ու իրենց կողմից հրապարակված նամակներում վերջինիս ուղղել իրենց հարցերը:

Ըստ երևույթին, Ահմադինեժադն էլ անուղղակի կողմնակից է այդ փոփոխությանը, որովհետև ազգային անվտանգության քարտուղարը նշանակվում է երկրի առաջնորդի կողմից, ու բանակցությունները ընթանում են Այաթոլլահ Խամենեիի ցուցումներով, իսկ եթե ԱԳ նախարարը փոխարինի Ջալիլիին, այդ դեպքում հիշյալ բանակցությունները կանցնեն նախագահի վերահսկողության տակ:

Ամիսներ առաջ, երբ Իրանի նախագահը ԱԳ նախկին նախարար Մութաքիին պաշտոնից ազատելով, նախարար նշանակեց Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին, փորձագետների մեծ մասը համոզված էր, որ Ահմադինեժադը ցանկանում է միջուկային բանակցությունները իր վերահսկողության տակ առնել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանցի բարձրաստիճան հոգևորականը քննադատեց Թուրքիայի որդեգրած դիրքորոշումները


Իրանական Rasa News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի բարձրաստիճան հոգևոր առաջնորդներից՝ Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, անդրադառնալով վերջին շրջանում Սիրիայի հանդեպ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումներին, հայտարարել է. «Մենք Թուրքիայից չէինք սպասում, որ գաղութարարների հետ համամիտ դառնա ու ամբողջությամբ ծառայի նրանց: Սիրիան գաղութարարների հիմնական թիրախում է հայտնվել: Արևմտյան երկրները զինամթերք են վաճառում զինյալ ընդդիմադիրներին: Արդյո՞ք Թուրքիան պիտի միանա գաղութարարներին ու գործի Սիրիայի դեմ:

Թուրքիայի իշխանությունները պիտի լավ իմանան, որ եթե իրենց հարևան երկիրը վնասվեց, այդ վնասը վարակելու է նաև Թուրքիային ու Լիբանանին:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը պատժում է ՀԱՄԱՍ-ին


«Ազատություն» ռ/կ –ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները փորձում են պատժել իսլամական ՀԱՄԱՍ խմբակցությանը՝ Սիրիայի հանդեպ որդեգրած դիրքորոշումների պատճառով:

Արևմտյան մի դիվանագետ, որը բացահայտվել չի ցանկացել, հայտնել է, որ վերջին հետազորությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի իշխանությունները կասեցրել են ՀԱՄԱՍ-ին ցուցաբերած իրենց ֆինանսական աջակցությունները: 

Ըստ հիշյալ աղբյուրի՝ դրա գլխավոր դրդապատճառն այն է, որ ՀԱՄԱՍ խմբակցության ղեկավարությունը, որի կենտրոնը գտնվում է Դամասկոսում, չի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:

«Ազատություն» ռ/կ –ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ խմբակցությունն անցյալ ամսվա ընթացքում չի հաջողել Գազայի հատվածում իր կառավարության 40 հազար աշխատակիցների աշխատավարձերը վճարել: ՀԱՄԱՍ-ի առաջնորդները նախօրոք հայտարարել էին, որ չվճարված աշխատավարձերը օգոստոս ամսում վճարվելու են, որը մինչ օրս չի իրականացվել:

Փորձագետների համոզմամբ՝ Իրանի իշխանությունները փորձում են այդ միջոցով պատժել ՀԱՄԱՍ խմբակցությանը ու պարտադրել աջակցել Սիրիայի գործող վարչակարգին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Եթե Իրանը շարունակի հարվածել PJAK-ին, մենք պարտավոր ենք այլ կերպ պատասխանել նրանց». Մուրադ Քարաըլան


BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայությունը հարցազրույց է ունեցել PKK-ի փաստացի ղեկավար Մուրադ Քարաըլանի հետ:

Քարաըլանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ PJAK-ը առանձին կուսակցություն է, և ուղղակի նրանց գաղափարախոսությունը մոտ է PKK-ի գաղափարներին: Այս երկու կուսակցություններն առանձին ղեկավարություն ունեն:

Ըստ Քարաըլանի. «Այսօր իրանական կողմը ենթադրում է, որ PJAK-ը PKK-ի մասնաճյուղերից է ու հետևաբար մեզ հետ է բանակցության մեջ մտնում: Մենք բազմաթիվ անգամ PJAK-ի ղեկավարությանը հորդորել ենք, որ զինյալ պայքարի փոխարեն քաղաքական պայքարը որդեգրեն, բայց Իրանի հարվածների արդյունքում նրանք չեն համաձայնում իրենց զենքերը վայր դնել:
Եթե Իրանը վերջ դնի իր ռմբակոծումներին ու չհարվածի PJAK-ին, մենք էլ կկարողանանք վերջիններիս համոզել, որ հեռանան Իրանի սահմանից ու քաղաքական պայքար որդեգրեն:

Մենք երեբեք չենք պայքարել Իրանի դեմ, բայց եթե Իրանը շարունակի իր զինյալ գործողությունները PJAK-ի դեմ, կպարզվի, որ նրանք նաև պայքարում են մեր դեմ, ու մենք պարտավոր ենք այլ կերպ պատասխանել Իրանին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, August 22, 2011

Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը Իրանի 11-րդ նախագահն է


Ահմադինեժադի թիմակիցներին պատկանող Mahramane Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թեհրանի ներկա քաղաքապետ Ղալիբաֆը Իրանի հաջորդ՝ 11-րդ նախագահն է դառնալու:
Ըստ Mahramane Onlin-ի՝ «Ղալիբաֆը այժմ մի դիրում է, որտեղ կարող է երկրի քաղաքականությունը իր ազդեցության տակ պահել, ու դրական փոփոխություններ առաջացնել երկրի ու ժողովրդի համար:
Նա նախ շատ ճանաչված ու գեղեցիկ մարդ է, որի պատճառով է բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Երկրորդ, նա մի անհատականություն ունի, որը անգամ ռեֆորմիստների սիրտն էլ գրավել է: Եվ երրորդը, նա իսլամական հանրապետության պատմության ընթացքում կրկնվող պետական այրերի ցանկում չի եղել, որի համաձայն էլ, նա հնարավորություն ունի որպես նախագահ ընտրվել:»
Կայքը վերջում նաև մի խորհուրդ է տվել Ղալիբաֆի քննադատողներին, ասելով, որ Ղալիբաֆը խիստ սիրված է իրանցիների կողմից, ուրեմն նրա հետ դեմհանդիման լինելուց առաջ զգուշացեք:
Այս բոլորից հետո, Ղալիբաֆին պատկանող լրատվական կայքերից Shafaf-ը հաղորդել է, որ Ահմադինեժադի թիմակիցները, Ռահիմ Մաշայիի գլխավորությամբ, թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆին վարկաբեկելու նպատակով, ոչ-պատշաճ արտաքին ունեցող կանանց է օգտագործում, որտեղ այդ կանայք քաղաք դուրս գալով գովազդում են քաղաքապետին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների խզումը այս պահին նպատակահարմար չէ». Իրանի խորհրդարանի նախագահության անձնակազմի անդամ


Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահության անձնակազմի անդամ Հոջաթոլիսլամ Հուսեյն Սոբհանինիան հայտարարել է. «Իրանի անվտանգության ծառայությունների հատուկ նկատառումների պատճառով այս պահին Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների խզումը նպատակահարմար չէ, և դրա փոխարեն հնարավոր է, որ հարաբերությունները Լոնդոնի հետ հասնեն նվազագույնի:

Թեև այդ մասին արդեն համաձայնություն է եղել պաշտոնյաների միջև, բայց հարաբերությունների խզումը պահանջող պատգամավորները պիտի այս նախագիծը քննարկեն ու իրենց առաջարկները ներկայացնեն խորհրդարանի նախագահությանը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի պահակազորը զգուշացրեց Իրաքի քրդերին


Իրանական IRIB գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի ցամաքային ուժերի հրամանատար, գնդապետ Ահմադինին, իրանցի ու միջազգային լրագրողներին տված մամլո ասուլիսի ընթացքում, պատասխանելով Al Jazeera հեռուստաընկերության լրագրողի այն դիտարկմանը, թե միջազգային ԶԼՄ-ները արտացոլել են Իրանի կողմից քրդական գյուղերի ռմբակոծությունները, հայտարարել է. «Իրանի պահակազորի գործողությունները քրդական PJAK խմբակցության դեմ եղել են հստակ ու ճշգրիտ, մեր նպատակը սահմանագծում կայունություն հաստատելն է:
Իրանի կողմից արձակված ցանկացած փամփուշտ ուղղված է եղել PJAK-ի կենտրոնների վրա և ոչ այլուր: Մենք տեղեկություններ ունենք, որ հենց այդ ահաբեկիչներն են, որ այրում են դաշտերը ու, սարսափ առաջացնելով, դատարկում են գյուղերը գյուղացիներից:
Մենք Իրաքի քուրդ ժողովրդից ակնկալում ենք, որ իրենց ճամփան անջատեն ահաբեկիչներից և թույլ չտան, որ ահաբեկիչներն ազատ երթևեկեն իրենց շրջաններում, որովհետև դա անընդունելի է»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրանը մտահոգված է Ադրբեջանի տարածքից կատարվող՝ Իսրայելի հավանական հարձակումներից


United Press International գործակալության հաղորդմամբ՝ Իրանը խիստ մտահոգված է Ադրբեջանի տարածքից կատարվող Իսրայելի հավանական հարձակումներից: Օրեր առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Ֆիրուզաբադիի հնչեցրած քննադատությունները Ադրբեջանի իշխանությունների հասցեին, ապացուցում են, որ Իրանը մտահոգվում է Ադրբեջանի ու Իսրայելի զարգացող համագործակցությունից:

Գործակալության համաձայն՝ Իսրայելը Ադրբեջանի հետ հետախուզական ու ռազմական սերտ հարաբերություններ է սահմանել, որի արդյունքում մեծ քանակությամբ զինամթերք ու անօդաչու ինքնաթիռներ է վաճառել Բաքվի իշխանություններին, որի դիմաց էլ թույլտվություն է ստացել Ադրբեջան-Իրան սահմանագծում տեղադրել իր հետախուզական սարքավորումները:

United Press International-ի մատուցմամբ՝ օգոստոսի 9-ին իրանցի հրամանատար Հասան Ֆիրուզաբադիի հնչեցրած անսովոր քննադատությունները ապացուցում են Իսրայելի ու Ադրբեջանի իշխանությունների միջև առկա համագործակցությունների զարգացումն ու միաժամանակ՝ իրանական կողմի մտահոգությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, August 18, 2011

Քրդական PJAK խմբակցությունը պատրաստվում և զինվում է Հայաստանում. Իրանի սահմանապահ գնդի հրամանատար


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Մաքու քաղաքի սահմանապահ գնդի հրամանատար, գնդապետ Ազիզ Հասան Էղդամը հայտարարել է, որ քրդական PJAK խմբակցության զինյալները, պարտվելով իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի հարավային շրջաններում, այժմ անցել են նահանգի հյուսիսային շրջաններում գտնվող Բորալան շրջան:

Ըստ գնդապետ Էղդամի՝ «Այժմ իրանի հյուսիսարևելյան սահմանները անվտանգ են, ու PJAK-ի զինյալները երթևեկում են Բորալանի շրջանում, նրանք հստակ կենտրոն չունեն ու միշտ տեղափոխվում են: PJAK-ի զինյալները պատրաստվում ու զինվում են Հայաստանի տարածքում:»

Իրանի սահմանապահ ուժերի հրապամանատարի փոխանցմամբ՝ այս պահին 32 անցակետ հսկում են Իրանի հյուսիսարևմտյան սահմանները:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, անցյալ ամիս նմանօրինակ մի հայտարարություն էլ հնչել էր Արդաբիլ քաղաքի կրոնապետ Հոջաթոլիսլամ Ամելիի կողմից, ըստ որի՝ PJAK-ի զինյալները գտնվում են Հայաստանում ու, այնտեղ պատրաստվելով, մտնում են Իրանի տարածք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Մուրադ Քարայըլանի բացակայությունը կասկածելի է». Milliyet


Իրանկաան Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական Milliyet օրաթերթը, հաղորդում է, որ քրդական PKK կուսակցության փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանը օգոստոսի 15-ին բացակա է եղել Իրաքի Ղանդիլի շրջանում PKK-ի 27-րդ տարեդարձի տոնախմբությանը:

Milliyat-ի փոխանցմամբ՝ PKK-ի լրատվական կայքը «Օրուհի տարեդարձի» (Օրուհը այն շրջանն էր, որտեղ PKK-ն 1984 թ. օգոստոսի 15-ին իր զինյալ պայքարը սկսեց Թուրքիայի դեմ) մասնակիցների անվանացանկը հրապարակելով, ոչ մի տեղ չի անդրադարձել Մուրադ Քարայըլանի անվանը, որը խիստ կասկածելի է թվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին հայտարարել էր, որ Քարայըլանը ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի կողմից, բայց ժամեր անց Քարայըլանը, եթեր դուրս գալով, հերքել էր իր ձերբակալության մասին շրջանառվող լուրերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի Քերման քաղաքում պատմական մի եկեղեցի է ոչնչացվել (լուսանկարներ)


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Քերման քաղաքում գտնվող պատմական եկեղեցին, որը հայտնի է եղել հենց «Քերմանի եկեղեցի» անվամբ, քաղաքաշինության աշխատանքների արդյունքում լիովին ոչնչացվել է՝ բուլդոզերների միջոցով: Եկեղեցին կառուցվել էր 1941 թվականին, նրա հեղինակն էր իրանցի հանրահայտ ճարտարապետ Ալի Մուհամադ Ռավարին: Գիտնականների համոզմամբ՝ եկեղեցու ճարտարապետությունը շատ յուրահատուկ էր, որի պատճառով էլ այն գրանցվել էր Իրանի ազգային ժառանգության ցանկում: Արդեն 32 տարի է, ինչ եկեղեցին չէր գործում, ժամանակին շրջանի հողագործները շենքն օգտագործել են որպես պահեստ, իսկ քաղաքի ընդարձակման հետ՝ այն վերածվել էր տաքսի-սերվիսի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Առնչվող լուսանկարներ






















Wednesday, August 17, 2011

«Իրանը վստահելի հարևան է ՌԴ-ի համար». Իրանի ԱԳ նախարար Սալեհի


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Մոսկվա կատարած իր այցելության ընթացքում լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարել է. «Թեև երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում վայրիվերումներ են ունեցել, բայց ինչպես Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին է հայտարարել, մենք ցանկանում ենք մի հզոր ՌԴ ու անկախ Իրան, որ հնարավորություն լինի միմյանց լրացնելու միջազգային ոլորտում: Եթե երկու երկրները միմյանց ճիշտ ընկալեն, դրա իրագործելը դյուրին կդառնա:

Տարածաշրջանային ու միջազգային զարգացումների արդյունքում Իրանն ու ՌԴ-ն հանգեցին այն եզրակացության, որ պիտի խորացնեն իրենց հարաբերությունները ու սերտացնեն տարբեր ոլորտներում գոյություն ունեցող համագործակցությունները:

Երկու երկրների համագործակցությունների ներուժը նկատի ունենալով՝ այս պահին Իրանի ու ՌԴ-ի հարաբերություններն առևտրային ու տնտեսական ոլորտներում անընդունելի են, որովհետև երկու երկրների կարողություններն ավելի շատ են, քան այն, ինչ այսօր է տեղի ունենում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ահմադինեժադի հետ


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ով Իրանի միջուկային աշխատանքների շուրջ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով գտնվում է Թեհրանում, հանդիպել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Գործակալության փոխանցմամբ՝ Ահմադինեժադը հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իրանն ու ՌԴ-ն համագործակցության բազմաթիվ առիթներ ունեն՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտներում, և հնարավորություն կա, որ այդ համագործակցությունները ծառայացվեն երկու ազգերի շահերին: Իհարկե, հարաբերությունների զարգացման գործընթացում դրական քայլեր պիտի տեղի ունենան, ու Բուշեհրի ատոմակայանի շահագործման հանձնումը դրանցից մեկը կլինի»:

IRNA-ի մատուցմամբ՝ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը նաև հայտարարել է. «Իրանի միջուկային աշխատանքների գործընթացում ՌԴ-ի ներկայացրած փուլային նախագիծի շուրջ Ձեր ու երկրի առաջնորդի կատարած հայտարարությունները շատ կարևոր են, և մենք կփորձենք հարցերին տալ դրական լուծումներ, որոնք կնպաստեն երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»:

Պատրուշևը նաև անդրադարձել է Իրանի ու ՌԴ-ի միջև գոյություն ունեցող տնտեսական համագործակցություններում երկու երկրների ազգային արժույթի օգտագործման հնարավորությունների առկայությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կասեցվեց Իրան-Եվրոպա ամենամեծ նավթային նախագիծը


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի նավթային ընկերության պայմանագիրը, որը ավելի քան կես միլիարդ դոլար էր կազմում, կասեցվել է, ու Բելառուսը հրաժարվել է համագործակցել իրանական կողմի հետ:

«Բելառուս Նավթ» ընկերությունը, որը իրանական Ջաֆիր նավթահանքերը շահագործելու նպատակով արդեն 2007 թվականից պայմանագիր էր ստորագրել Իրանի նավթի ազգային ընկերության հետ, հայտարարում է, որ մի շարք անհամաձայնությունների արդյունքում կասեցնում է իր բոլոր աշխատանքները ու դուրս է գալիս Ջաֆիրի նավթահանքերից:

«Բելառուս Նավթ» ընկերության աշխատանքները միակ եվրոպական նավթային նախագիծն էր համարվում, որը դեռ շարունակում էր աշխատել Իրանում:

Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին ԱՄՆ-ը՝ Իրանի հետ համագործակցելու և նավթային ոլորտում ներդրումներ իրականացնելու մեղադրանքով, «Բելառուս Նավթ» ընկերության դեմ խիստ պատժամիջոցներ էր սահմանել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը հետախուզության նախարարությանը զուգահեռ՝ նոր կառույց է կյանքի կոչում


Իրանական Mashregh News լրատվական կայքի հաղորդմամբ, իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցները մտադիր են հետախուզության նախարարությանը զուգահեռ՝ նոր կառույց կյանքի կոչել՝ նախագահական պալատում:

Կայքի համաձայն՝ հիշյալ կառույցը գլխավորելու է նախկին նախարարներից մեկը, ով բազմաթիվ օրինախախտումների պատճառով հեռացվել էր պաշտոնից ու բանտում էր գտնվում:

Հիշեցնենք, որ նախագահ Ահմադինեժադն ամիսներ առաջ փորձեց պաշտոնից հեռացնել հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին, ով երկրի առաջնորդի ուղղակի հրամանագրով կանխվեց, ու նախարարն իր պաշտոնին վերադարձավ:
Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադն օրեր առաջ, նաև նմանօրինակ զուգահեռ-կառույց կյանքի կոչեց երկրի ԱԳ նախարարության համար, որտեղ Ահմադինեժադի մերձավորներից Սաիդլուն ստանձնեց նախագահի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հանրաքվեի անցկացումն ու Խամենեիի լիազորությունների սահմանափակումն Ահմադինեժադի թիմակիցների գլխավոր նպատակն է


Իրանի իսլամական հեղափոխությանը պատկանող Javan օրաթերթը, անդրադառնալով Ահմադինեժադի թիմակիցների գլխավոր նպատակներին, հայտարարել է. «Կառավարություն ներթափանցած դավադիրներն ակտիվ լռության մարտավարություն են որդեգրել ու փորձում են այդ միջոցով գրավել ապագա խորհրդարանի մանդատների մեծամասնությունը:
Նրանք խորհրդարանում մեծամասնություն կազմելով՝ 5 նպատակ են հետապնդում. առաջին՝ երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի լիազորությունների սահմանափակում, երկրորդ՝ նախագահի լիազորությունների բարձրացում, երրորդ՝ երկիշխանության վերացում, չորրորդ՝ հանրաքվեի անցկացում և հինգերորդ՝ Սահմանադրության փոփոխություն:»
Օրաթերթը նաև մեջբերել է Ահմադինեժադի թիմակիցներից մեկի խոսքերը, որտեղ հայտարարված է. «Մի՞թե հնարավոր է երկու հոգու միջոցով երկիր կառավարել, երկիշխանությունը բնավ հնարավոր չէ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, August 15, 2011

Ահմադինեժադն իր եղբորն ազատեց պաշտոնից


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Դավուդ Ահմադինեժադը, ով 2009-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանագրով անդամակցեց Իրանի՝ Ոչ-գործառական պաշտպանության մշտական կոմիտեին, հեռացվել է իր պաշտոնից:
Fars-ի փոխանցմամբ՝ Դավուդ Ահմադինեժադն առաջիններից էր, որ խիստ քննադատության ենթարկեց կառավարություն ներթափանցած դավադիրների ու նրանց ղեկավար Ռահիմ Մաշայիի գործունեությունը:
Նա նախկինում, մինչև հիշյալ կոմիտեին անդամակցելը, աշխատել է նախագահական պալատի հատուկ տեսչության պետի պաշտոնում, որից ազատվել է իր քննադատությունների պատճառով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բեն Լադենի որդին ու նրա ազգականները պարտադրյալ բնակվում են Իրանում


Արաբական Asharq Alawsat հանրահայտ օրաթերթի հաղորդմամբ, Բեն Լադենի որդու զոնքաչը Վաֆա Ալի Ալ-շամին, որը 21 օր առաջ փախչել է իր բնակավայրից ու ապաստան գտել Թեհրանում Եգիպտոսի շահերի պաշտպան գրասենյակում, հայտարարել է, որ Բեն Լադենի որդի Սեյֆ Ալ Ադլը, նրա կինն ու որդիները պահվում են Թեհրանի մերձավոր Շահրիյար շրջանում:
Վաֆա Ալի Ալ-շամիի փոխանցմամբ, նա իր ընտանիքի բոլոր անդամներով 2010-ին Աֆղանստանից մուտք են գործել Իրան, որտեղ ձերբակալվել են անվտանգության ծառայությունների կողմից: Նա ավելացնում է, որ իր ամուսինը՝ Աբի Վալիդը, Ալ Ղայիդայի բարձրաստիճան հրամանատարներից, 6 որդիները, դուստրը՝ Ասման, նրա ամուսինը՝ Սեյֆ Ալ Ադլը, որը Ալ Ղայիդայի բարձրաստիճան զինյալ հրամանատարն էր, ու Ալ Ղայիդայի ավելիքան 100 բարձրաստիճան անդամներից պահվում են իրանի տարբեր շրջաններում:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, Բեն Լադենի դուստրը՝ Իմանն էլ Թեհրանի իր բնակավայրից փախչելով ապաստան էր գտել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը ու այդ միջոցով էլ դուրս էր եկել Իրանի տարածքից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական կողմն իր հայտարարությունը չեղյալ հայտարարեց


Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին իրանական ISNA գործակալության հետ զրուցելով՝ չեղյալ է հայտարարել իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ ձերբակալվել է PKK-ի երկրորդ դեմք Մուրադ Քարայըլանը:
Ըստ Բորուջերդիի՝ Քարայըլանի ձերբակալության լուրը հրապարակվել էր թուրք ԶԼՄ-ների կողմից, ու նա այդ հրապարակումները վկայակոչելով էր հայտարարել քուրդ գործչի ձերբակալության մասին:
Հիշյալ հայտարարությունից ժամեր անց, Մուրադ Քարայըլանը, հայտնվելով քրդական Roj TV հեռուսաեթերում, հերքել է իր ձերբակալության մասին շրջանառվող լուրերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ղուրանի համաձայն՝ հաստատ չադրան ամենավատ ծածկն է կանանց համար». Ահմադինեժադի նախկին խորհրդական


Իրանի կառավարության օրգան համարվող IRAN օրաթերթը իսլամական հիջաբի մասին մի հավելված է հրապարակել, որը մեծ աղմուկ է առաջացրել երկրում:
«Խաթուն» կոչված հիշյալ հավելվածում տպագրվել են աննախադեպ հայտարարություններ ու հրապարակումներ, որոնց թեման մինչ այդ տաբու է համարվել Իրանում:

Հավելվածի սկզբում Ահմադինեժադի նախկին խորհրդական Մեհդի Քալհորի հետ մի զրույց է հրապարակվել, որը ամենաշատ սկանդալն է առաջացրել:

Հարցազրույցի ընթացքում Ահմադինեժադի հանրահայտ թիմակիցը հայտարարել է. «Հիջաբի փիլիսիփայության համաձայն, որը նշված է Ղուրանում, կանայք պիտի իրենց դեմքը թաքուն պահեն տղամարդկանց հայացքից: Այդ առումով չադրան հաստատ ամենավատ ծածկն է կանանց համար, որովհետև նրանց դեմքը շրջանակում է: Ծածկը նաև պիտի դուրեկան լինի ոչ միայն կրողի համար, որովհետև դրա կրողը քիչ է վայելում իր հագուստի գեղեցկությունը, ուրեմն ծածկը պիտի հասարակության աչքին դուրեկան լինի:»

Մեհդի Քալհորը, պատասխանելով այն հարցին, թե սև չադրան երբ և ինչպես է ներմուծվել Իրան, ասել է. «Նասերոլդին շահը (Ղաջարների թագավոր) եվրոպական գիշերային խրախճանքների ընթացքում տեսնում է, որ տղամարդիկ սև հագուստներով ու գլխարկներով են հանդես գալիս, կանայք էլ նրանց համապատասխան սև զգեստներ են կրում, դա նրա աչքին լավ է երևացել, թե՝ ոչ, այնուամենայնիվ, իսլամում հստակ նշված է, որ սև գույնը զզվելի ու մերժելի է»:

Քալհորը սև չադրան Ղաջար թագավորների ժառանգությունն է համարել և խիստ քննադատել է հիջաբի մասին գործող օրենքը՝ այն նմանեցնելով մոնղոլ արյունարբու հրամանատար Չինգիս խանի «Յասայ» օրենքներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հարցազրույցի էջերը








Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը