Tuesday, December 07, 2010

Տարածաշրջանում կրքերը շիկանում են

Արթին Առաքելյան

Առաջիկա շաբաթների ընթացքում, երբ Լիբանանի վարչապետ Ռաֆիղ Հարիրիի սպանության գործով, ՄԱԿ-ի կողմից ճշտված հետազոտությունների հանձնախումբը, իր հետազոտությունների արդյունքը հրապարակի, մեծ հավանականությամբ տարածաշրջանում նոր ճգնաժամ տեղի կունենա: ՄԱԿ-ի հետազոտությունների հանձնախմբին ծանօթ անհատներ Ամերիկյան «Newsmax» լրատվական կայքին հայտնել են, որ ՄԱԿ-ում կազմված դադարանը, հավանաբար Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիին եւ Իրանի Իսլամական Հեղափոխության պահակազորին է մեղադրելու՝ Հարիրիի սպանության գործում եւ ապացույցներ է ներկայացնելու, թե այդ սպանության պատվերը, «Ղուդս» կոչված բանակի ղեկավար Ղասեմ Սուլեյմանի միջոցով է տրվել Հիզբոլահի մարտական թեւի առաջնորդ Էմադ Մուղնիեին:
Հիշյալ իրազեկ անհատների ցուցմունքի համաձայն, Էմադ Մուղնիեն, իր քրոջ ամուսին Մուստաֆա Բադրալդինի հետ միասին, պատրաստել են ահաբեկչական խումբը եւ ի վերջո իրականացրել դա:
Ըստ իրազեկ աղբյուրների, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լիբանանի վարչապետ Ռաֆիղ Հարիրիին համարում էր Սաուդական Արաբիայի գործակալ եւ ենթադրում էր թե նրա սպանությամբ, Հիզբոլահը Լիբանանում հաստատվելու եւ ուժը իր ձեռքում պահելու առիթ կունենա: Իրազեկ աղբյուրներն այս գործընթացում նաեւ հիշատակում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու Սիրիայի Անվտանգության ուժերի ղեկավարի ունեցած ազդեցիկ դերակատարության մասին:
ՄԱԿ-ի դատարանի կողմից, Հարիրիի սպանության գործում, Իրանին ու Հիզբոլահին որպես կասկածյալ ներառելու լուրը, բացահայտվեց մի քանի շաբաթ առաջ: Ճիշտ այդ պահին էր, որ Հիզբոլահի առաջնորդ Հասան Նասրոլահը, նոյեմբերի 11-ին ունեցած իր կրակոտ ելույթի ընթացքում, բոլորին սպառնեց, թե եթե Հարիրիի սպանության գործում մեղավոր ճանաչեն Հիզբոլահին, նրանք կփորձեն գրավել պետական շենքերը եւ մի խոսքով նա հայտարարեց թե Հիզբոլահը կտրելու է այն անհատների ձեռքը, որը կփորձեն այդ գործի պատճառով ձեռբակալել Հիզբոլահի որեւէ անդամին:
Վերջին շրջանում Հիզբոլահի առաջնորդը, Իրանում ունեցած իր ներկայացուցիչ Հաշեմ Սաֆիոլդինին Լիբանան է կանչել եւ նրան նշանակել է որպես Հիզբոլահի ռազմական հրամանատար՝ Լիբանանի հարավում: Նասրոլահի այս քայլը, ըստ որոշ մեկնաբանների, նշանակում է, որ Իրանը Լիբանանի հարավային սահմաններում մի նոր պատերազմի է պատրաստվում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հոկտեմբերին Լիբանան կատարած իր այցի ընթացում, այցելեց Լիբանանի հարավում գտնվող հենց այդ դիրքերը:
Լիբանանի քրիստոնյաների առաջնորդ Թոնի Նիսիի փոխանցմամբ, Լիբանանի ղեկավարները հայտարարում են, որ մենք չենք ցանկանում այն ճշմարտությունն, որը կարող է ներքին պատերազմի պատճառ հանդիսանալ:
Հարիրիի սպանության գործով հետազոտող հանձնախմբի նախկին ղեկավար Գերմանացի Դեթլո Մեհլիսը, 2005-ի իր հրապարակած զեկույցում մեղադրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նա բացահայտեց մի փաստաթուղթ, որի համաձայն, Հարիրիի սպանությունից 6 ամիս առաջ, Բաշար Ասադը Հարիրիին սպառնալով ասել էր, թե Լիբանանը իր գլխին շուռ է տալու: Իսկ հետո, այդ զեկույցի հիման վրա, մեղադրվեցին լիբանանցի 4 գեներալներ, բայց Մեհլիսի ներկայացրած հրաժարականի պատճառվ, այդ դատարանը չկայացավ: Բայց կրկին անգամ, 2008-ի փետրվարին, լիբանանցի մի երիտասարդ սպա, հանդիպելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, մի ձայնագրություն ներկայացրեց, որի համաձայն, պարզվեց, որ Հարիրիի սպանության գլխավոր պատվիրատուն հենց Հիզբոլահն է: Հիշյալ ձայնագրության հիման վրա, պարզվեց, որ Հարիրիի պահակախմբի գլխավոր հրամանատար (ներկայում Լիբանանի Անվտանգության ծառայության ղեկավարը) Վիսամ Ալ Հասսանը, Հարիրիի սպանության օրը, բացակայել է Հարիրիի շքախմբից եւ նրա հեռախոսազանգերի միջոցով պարզվել է, թե նա սպանության օրը կապի մեջ է եղել Հիզբոլահի երկրորդ դեմք համարվող Հուսեյն Խալիլի հետ: Դրան զուգահեռ, հետազոտությունները պարզել են, թե Վիսամ Ալ Հասսանի հեռախոսազանգից անմիջապես հետո, Հուսեյն Խալիլը կապի մեջ է մտել Հիզբոլահի Անվտանգության բաժնի գլխավոր պատասխանատու Վաֆիղ Սաֆայի հետ: Պիտի նշել, որ վերջինս նաեւ համարվում է Հարիրիի սպանության գործի գլխավոր մեղադրյալներից:
Հարկ է հիշեցնել, որ վերոհիշյալ բացահայտումից անմիջապես հետո, 2008-ի փետրվարի 12-ին, Դամասկոսում սպանվեց Հիզբոլահի մարտական թեւի հրամանատար, Հարիրիի սպանության հավանական մեղադրյալ Էմադ Մուղնիեն:
Փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ վերջին շրջանում, Հարիրիի սպանության գործով դատարանի կողմից վերջնական զեկույցի հրապարակման նախօրեյին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Լիբանան, եւ դրան հաջորդած, Լիբանանի վարչապետ՝ Ռաֆիղ Հարիրիի որդի Սաադ Հարիրիի այցը Թեհրան, ապացուցում են այն, որ Հարիրիի սպանության գործով ՄԱԿ-ի կողմից նշանակված դատարանը, Հարիրիի սպանության գործում, Իրանին մեղադրելու լուրջ ապացույցներ ունի:
Թե հիշյալ դատարանը, ի վերջո ի՞նչ եզրակացության է հանգելու Հարիրիի սպանության գործում, դեռ պարզ չէ, միայն կարելի է ասել, որ տարածաշրջանի իրավիճակը խիստ բորբոքված է, եւ որեւէ անլուրջ բացահայտում, կարող է կրկին պատերազմի պատճառ դառնալ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը