Tuesday, March 07, 2006

«Ո՞ւր ենք գնում այսօր մենք»

Պատմութեան սկզբից մինչեւ այսօր հզօր կայսրութիւնների ու երկրների համար շատ կարեւոր հարց է եղել մարդուժը, այն խաւը, որ միայն պիտի աշխատէր, որի միջոցով աւելի սահուն պիտի պտտւէր տւեալ երկրի իշխանութեան անիւը: Այդ պատճառով էր, որ աշխարհում, մասնաւորապէս ճարտարարւեստական յեղափոխութիւնից առաջ, սովորական երեւոյթ էր դարձել ստրկատիրութիւնն ու դրան զուգահեռ՝ ստրուկների առեւտուրը:Այն երկրները, ուր բնակւում ու աշխատում էին աւելի շատ ստրուկներ, աւելի էին զարգանում քաղաքականութեան, տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում, ինչո՞ւ, որովհետեւ երբ առօրեայ հասարակ գործերը վստահւում էին ծառաներին ու ստրուկներին, «քաղաքացիները» առիթ ունէին զբաղւելու եւ զարգանալու տարբեր ոլորտներում, այն, ինչ արգելւած էր ստրուկների համար:Աչքառու օրինակներից կարելի է նշել Յունական ու Հռոմէական կայսրութիւնները:Այդ ժամանակաշրջանում ազնւականները ստրուկին ստրուկ պահելու ու նաեւ իրենց դիրքը ամրապնդելու նպատակով՝ ստեղծում ու երեւան էին հանում տարբեր հաւատամքներ ու դաւանանքներ, որոնք արդարացնում էին ազնւականների դիրքն ու արարքը եւ ստրուկին հասկացնում, թէ նա այդպէս է ծնւել, որովհետեւ տիեզերքում գոյութիւն ունի կարգ ու կանոն ու մատնանշում էին, որ կարելի չէ այդ կարգը խանգարել: Որեւէ բողոք, ալիք ու շարժում ստանում էր «անկարգութեան» պիտակ եւ խստիւ կանխւում էր:Արտադրութեան միջոցների զարգացումով՝ նաեւ կերպարանափոխւեց ազնւականի ու ստրուկի յարաբերութիւնը եւ վերածւեց գործարանատէրի (դրամատէրի) ու բանւորի յարաբերութեան: Այդ ընթացքում բնական է, որ պիտի զարգանար ստրկատիրութեան դէմ պայքարը, նախ՝ դրամատէրերի եւ յետոյ ստրուկների միջոցով: Դրամատէրն ու գործարանատէրը իր կապիտալը պահելու եւ աճեցնելու համար՝ կարիք ունէր ստրուկների բանակի՝ իր հիմնարկութիւններում աշխատելու համար:Դրան զուգահեռ՝ դժգոհ ստրուկները ծանօթանալով ազատական նորածին գաղափարախօսութեանը՝ ըմբոստացան իրենց տէրերի դէմ՝ այն նպատակով, որ պիտի ազատւեն ստրկութեան շղթաներից: Բայց որովհետեւ ազնւականների լուծից ազատւած ստրուկը չունէր գիտական ու նիւթական ուժ՝ իր կեանքը ապահովելու համար՝ ընդունեց դրամատիրոջ «քաղցր» լուծը:Դարեր այսպէս ընթացաւ եւ օր-օրին աւելի սեւացաւ բանւորի կեանքը: Թէպէտ ազատական կարգերը բանւորին տւել էին տարբեր իրաւունքներ, ինչպիսին էր՝ ուսումը, քւէն ու մտքի արտայայտութիւնը, բայց այնպէս սահմանեց նրանց կեանքը, որ ողջ մնալու համար՝ բանւորը պարտադրւած էր թողնել ուսումը, վաճառել քւէն ու հրաժարւել մտքի արտայայտութիւնից:Այսօր երբ ճարտարարւեստական յեղափոխութիւնից անցել է աւելի քան 200 տարի, պիտի ասել, որ կերպարանափոխւել է նաեւ անցեալի դասակարգերի իմաստը:21-րդ դարում արտադրութեան միջոցների զարգանալով ու աշխատանքի բաժանման շնորհիւ՝ բանւորութիւնը ստացել է մասնագիտական իմաստ, մասնաւորապէս՝ Արեւմուտքում: Այսօր հասարակ բանւորը պիտի ունենայ իր մասնագիտութիւնը. եթէ ոչ՝ դժբախտաբար, դառնում է մի հասարակ ստրուկ, մի անձ, որը պիտի անի ամէն ինչ՝ իր կեանքը ապահովելու համար, բայց նաեւ պիտի ասել, որ 21-րդ դարի ստրուկը ստրկատիրութեան ժամանակաշրջանում ապրող ստրուկից տարբերւում է: Ստրկատիրութեան ժամանակաշրջանում հողատէրն ու ազնւականը իր տանն էին պահում ստրուկին, կերակրում նրան ու իր ընտանիքին՝ նրանից օգուտ ստանալու նպատակով, բայց 21-րդ դարի ստրուկին մէկը չի պահում ու չի կերակրում:Տնտեսապէս զարգացած երկրներում, ուր այլեւս բանւորը դարձել է մասնագէտ, կարիք կայ նոր ստրուկների՝ հասարակ ու անարժէք գործերը կատարելու համար: Այս ժամանակ է, որ կառավարութիւնները փորձում են հեշտ պայմաններ ստեղծելով՝ իրենց երկիր ներգրաւել նոր, էժան ու դժգոհ գործող մարդուժը: Հիմնական հարցը ծագում է այն ժամանակ, թէ որ երկրներից պիտի ներգրաւել այդ մարդուժը եւ ինչ միջոցով:Պարզ է, որ նախ ուշադրութիւնը թեքւում է դէպի Երրորդ աշխարհի երկրները, նրանք, որոնք դժգոհում են սեփական իշխանութիւններից, առհասարակ չունեն մասնագիտութիւն եւ ամենից կարեւորը՝ խաբւել ու հաւատացել են նոր տէրերի գաղափարախօսութեան, նոյն այն գաղափարախօսութիւնը, որ հարիւրաւոր տարիներ առաջ ազնւականները հրամցնում էին ստրուկներին՝ արդարացնելու համար նրանց ստրկութիւնը:Բայց ի՞նչ է նորօրեայ գաղափարախօսութիւնը, որը պիտի հրապուրի նորօրեայ «ստրուկներին»:Այսօրւայ հզօր պետութիւնները տարբեր միջոցներով նախ փորձում են անհատին անջատել իր պատմութիւնից եւ աւելի պարզ ասած՝ ինքնութիւնից ու դարձնել միայնակ մի անձ:Երբ յաջողւում է դա իրականացնել, այլեւս այդ անհատը դառնում է մի եսակենտրոն անհատ, հեշտութեամբ ընդունում է այլոց գաղափարները եւ դառնում է պատրաստ տարր՝ օգտագործւելու համար:Այսօր Ամերիկան կարիք ունի ոչ միայն հասարակ բանւորի, այլ նաեւ՝ հսկայ թւով սպառողների, որոնք պիտի գործեն մի ամբողջ օր եւ յետոյ օրւայ աւարտին որպէս սպառող՝ օգտագործեն իրենց տրւած հնարաւորութիւնները՝, միշտ «ես»-ը նկատի ունենալով եւ ոչ «մենքը»:Այդ անհատները չգիտեն, որ մարդկութեան փրկութիւնը երաշխաւորւած է նոյն այդ բանւորներով, որոնք արտահանում են կապիտալը եւ փորձում են միշտ «ես»-ը աչքի առաջ ունենալով՝ փրկել իրենց կաշին՝ յանուն մի քանի տասնամեակ «հանգիստ» ապրելու։

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը