Friday, April 29, 2011

Իրանի նախագահը ուղիղ եթեր է պահանջում

Իրանական 7esobh լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժողովրդի հետ խոսելու ու որոշ խնդիրների շուրջ բացատրություն ներկայացնելու նպատակով ուղիղ եթեր է պահանջում:

Կայքի փոխանցմամբ, նախագահը չի համաձայնել իր խոսքը փոխանցել նախօրոք պատրաստված հաղորդման միջոցով, այլ միայն ուղիղ եթերի միջոցով է ցանկանում խոսել ժողովրդի հետ:

Այդ կապակցությամբ, նույն կայքը նաև փոխանցել է, որ կառավարության հակառակորդները Ահմադինեժադին ուղիղ եթեր տրամադրելու համար նախապայմաններ են ներկայացրել, որոնց համաձայն, նախագահը նախ պիտի պաշտոնապես իր դիրքորոշումը հայտարարի կամ IRNA-ի, կամ էլ իրեն պատկանող լրատվական կայքերի միջոցով, հետո մասնակցի ուղիղ եթերին:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը արդեն մեկ շաբաթ է՝ բացակայում է նախագահական նստավայրից ու չի մասնակցում կառավարության նիստերին: Պահպանողական գործիչների համոզմամբ, երբ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հակառակ նախագահի ցանկություններին, հրաժարական ներկայացրած հետախուզության նախարարին վերանշանակել է իր պաշտոնում, Ահմադինեժադը խռովել է ու չի ցանկանում ներկայանալ կառավարության նիստերին:

Նախագահի այդ պահվածքի համար Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Ահմադինեժադին հարցաքննելու նպատակով ստորագրահավաք են կազմակերպել խորհրդարանում: Մինչև այս պահը մոտ 100 պատգամավորներ տվել են իրենց համաձայնությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Երկխոսության երկրաշարժը

Ըստ երեւույթի, ՀԱԿ-իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը լուրջ երկրաշարժ է առաջացրել ներքաղաքական դաշտում:
Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանին ապացուցելով, որ ստացել է իր մարտի 12-ի ծաղկաձորյան մեսիջը, մարտի 17-ի հանրահավաքի ընթացքում չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն նրան առաջիկա երկխոսության գործընթացից դուրս թողնելով:
Եվ ահա սկսված երկրաշարժը սկսել է սասանել իշխանության ճամբարը: Արդեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի առանձին ցուցակով:
Նախօրեին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր անդրադարձել այդ թեմային, ասելով, որ հաջորդ խորհրդարանում երկրորդ տեղի համար մրցակցելու են ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Բնականաբար ԲՀԿ-ը մարտի 12-ից զգացել էր, որ ինչ-որ բան է տեղի ունենում եւ արդյունքում, նրանք գործընթացից դուրս չմնալու նպատակով փորձեցին իրենց առաջին մեսիջը տալ Սերժ Սարգսյանին, ասելով, որ խորհրդարանական ընտրություններում մասնակցելու են ոչ թե միասնական ցուցակով, այլ՝ առանձին:
Հատկանշական է, որ ԲՀԿ պատգամավորը չի փորձել թաքցնել իրենց դիրքորոշման դրդապատճառները, ասելով. [+]
Չեն հասկանում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը։ Որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին  դիմակայելու համար։Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել։
Այս բոլորը տեսնելով, արդեն կարելի է կռահել, թե ապրիլի 1-ին ինչ էր ակնարկում ՀՀԿ փոխնագահ Ռազմիկ Զոհրաբյանը, եւ առհասարակ ո՞ր գործարարներին նկատի ուներ նա, երբ հայտարարում էր [+]
Մեզ մոտ չկա ո՛չ հին սերունդ, ո՛չ նոր սերունդ, մարգարյանական, նավասարդյանական թև չկա, կուսակցությունը մեկ միասնական թիմ է: Նոր խորհրդարանում կլինեն և՛ ժողովրդի ներկայացուցիչներ, և՛ մասնագետներ: Էդպես էլ եղել է, գուցե մի քիչ շատ են գործարարները, հաջորդ խորհրդարանում նրանք քիչ կլինեն:
Ըստ երեւույթի, նախախորհրդարանական ժամանակաշրջանում, արդեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը սկսել են երկրորդ տեղի համար իրենց մրցակցությունը: 
Տեսնես այս պահին ԲՀԿ դեռ մտածո՞ւմ է խորհրդարանի 50+1 մանդատները ձեռք բերելու համար, թե՞ օրակարգին է դրվել գոնե երկրորդ տեղը ապահով պահելու մարտավարությունը:

Արթին Առաքելյան

Իրականությո՞ւն է դառնում Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները

Նախորդ գրությանս մեջ, ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին այսպես էի գրել. «Բայց դեռեւս պարզ չէ, որ իշխանության ու ընդդիմության կայացրած նմանօրինակ երկխոսությունը, որքանով կարող է հասարակությանը զերծ պահել ընդվզումներից, երբ ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ երեք պահանջներն էլ ոչ մի կապ չունեին հասարակական ու սոցիալական իրավիճակը շտկելու եւ բարելավելու հետ: .... Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:» [+]
Եվ ահա իշխանությունը նստած փորձում էր տեսնել ինչ է անելու ՀԱԿ-ը իր հովանավոր ժողովուրդի այն հատվածի հետ, որ երկխոսություն չեն ցանկանում:
Կարծես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, փետրվարի 18-ի հանրահավաքում հնչեցրած կանխատեսումներն իրականանում են: Տեր-Պետրոսյանը հիշյալ հանրահավաքի ընթացքում հայտարարեց.
Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։
Ահա կարծես ՀԱԿ առաջնորդի կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դառնում, երբ հանրահավաքի մասնակիցները, մերժելով շախմատային դիվանագիտությունն ու քաղաքական նախապայմանները, պահանջում էին նստացույց եւ կտրուկ գործողություններ: [+]
Բայց ՀԱԿ-ի պատասխանատուներին ի վերջո, դժվարությամբ, հաջողվեց նստացույց պահանջողներին համոզել, որ նրանք եւս մեկ ամիս սպասեն, որ եթե փոփոխություններ տեղի չունենա, իրենք էլ ժողովուրդի միացած նստացույցի են դիմելու:
Մի խոսքով դժվար օրեր են սպասվում ՀԱԿ-ի համար: Նրանք այս պահին երկու քարի արանքում են մնացել՝ երկխոսության եւ կտրուկ գործողությունների:
Այն, որ քաղաքական ոլորտում երկխոսությունը կարեւոր դեր ունի, կասկած չկա: Հակառակը, ցանկալի է, որ հասարակությանը հուզող խնդիրները լուծվեն համերաշխության ու երկխոսության միջոցով: Բայց հայաստանյան իրավիճը մի տարբերություն ունի այլ հասարակությունների հետ եւ դա այն է, որ քաղաքական ընդդիմությունը հասարակության մեջ սերմանել ու արմատավորել է այն, որ ներկա իշխանությունները լեգիտիմ չեն, ավազակապետեր են, մոնղոլաթաթարներ են եւ այլն: Ժողովուրդը երեք տարի առաջնորդվել է այդ թերմիններով ու տեսլականով, ու այս պահին չեն ցանկանում երկխոսել լեգիտիմություն չունեցող իշխանության հետ:
Ընդդիմադիր ժողովուրդը երկար տարիներ է, որ աջակցել են բարդագույն հաշվարկների արվեստներին եւ արդեն հասարակության մեջ ձեւավորվել է քաղաքական ու հասարակական այն պահանջարկը, որը հրամցվել է իրեն վերջին երեք տարիների ընթացքում: Այդ պահանջների հիման վրա, նրանք 10 զոհ տվեցին, բայց շարունակեցին մնալ ասպարեզում: Ուրեմն չի կարելի ժողովուրդին քննադատել ու ասել, որ քաղաքականությունը բարդ է, դուք միայն ու միայն վստահեք մեզ: Քաղաքական արվեստից «զուրկ» քաղաքացիները շատ լավ են կարող գնահատել իրավիճակը, բայց ցանկանում են մնալ իրադարձությունների կենտրոնում՝ «արվեստագետների» ձեռքին գործիք չդառնալու նպատակով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ էր գնահատել իրավիճակը, երբ իշխանություններին հորդորում էր, որ կորցնելու բան չունեցող ժողովուրդը կարող է հրաժարվել նաեւ քաղաքական պայքարից ու փորձեն իրենց հարցերը լուծել հենց փողոցում:
ՀԱԿ առաջնորդը ապրիլի 28-ի հանրահավաքի ընթացքում, իրենց գետնում հայտնված գնդակը փոխանցեց դաշտի կենտրոն, ու կենտրոնում պահելու է այն քան ժամանակ, մինչեւ պարզ դառնան քաղբանտարկյալների ճակատագիրը:
Ես անձնապես հույս ունեմ, որ քաղբանտարկյալները առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհայտնվեն ազատության մեջ, բայց նաեւ հնարավոր է, որ իշխանությունները փորձեն խաղը մի քանի ժամանակով պահել դաշտի կենտրոնում ու գնահատել իրավիճակն ու մրցակցի կարողությունները: Վստահ չեմ, որ իշխանությունները նման վտանգավոր քայլի կարող են դիմել, բայց եթե նման իրավիճակ տեղի ունենա, ՀԱԿ-ը լուրջ երկընտրանքի առջեւ կարող է հայտնվել:
Թե ՀԱԿ-ը մեկ ամսից հետո ի՞նչ ճանապարհ է ընտրելու, արդեն կապված է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունեցող զարգացումներին:
Կապրենք, կտեսնենք:

Արթին Առաքելյան

Առնչվող տեսանյութ

Thursday, April 28, 2011

ԱՄՆ-ը սպառնում է սառեցնել թուրքական այն բանկերի ակտիվները, որոնք կհամագործակցեն Իրանի հետ

«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Հնդկաստանը մտադիր է իրեն վաճառված նավթի գումարները իրանական կողմին փոխանցել Թուրքիայի բանկերի միջոցով:
Reuters գործակալության հաղորդմամբ, Հնդկաստանի այդ հայտարարությունից անմիջապես հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դեյվիդ Քոհենը Թուրքիայի իշխանություններից պահանջել է հարգել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների բանաձևերը և խուսափել իրանական բանկերի հետ համագործակցելուց:
Քոհենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանը փորձում է իր միջուկային ծրագրերը ընդլայնելու համար աջակցություն ձեռք բերել, և թուրքական բանկերը պիտի զգույշ լինեն իրանական շահարկումներից»:
Թուրքիայում գտնվող ԱՄՆ պաշտոնյան հատկապես զգուշացրել է թուրքական բանկերի ու իրանական «Մելաթ» բանկի համագործակցության մասին. «Թուրքիայում իրանական «Մելաթ» բանկի մեկուսացումը խիստ կարևոր է, որի շուրջ մենք արդեն բանակցել ենք թուրքական կողմի հետ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում երկաթգիծ և ավտոճանապարհ կառուցել

Իրանական Moj News լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլփայեն Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է իրանական ընկերությունների կողմից Հայաստանում երկաթգիծ և ավտոճանապարհ կառուցելու պատրաստակամության մասին:

Ըստ Փիրփայեի` Իրանի հարևան երկրներում առկա միջազգային ճանապարհներին միանալու հարցը գտնվում է Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում:

Գործակալության մատուցմամբ` իրանական ընկերությունները պատրաստ են երկկողմ կոնսորցիում ստեղծել, որտեղ հնարավորություն կստեղծվի սկսել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը: Փիրփայեն հայտարարել է. «Այդ նախագծում ընդգրկված է 540 կմ, որի 480 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում, և եթե հայկական կողմը սկսի այդ հատվածի շինարարությունը, իրանական կողմը մնացած 60 կմ-ի շինարարությունը ներառելու է իր օրակարգում»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն էլ իր հերթի հայտնել է. «Նախագծվել է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահմանը գնացող ճանապարհի նախագիծը: Այդ ճանապարհը 624 կմ երկարությամբ է լինելու, որի շինարարությունը ֆինանսավորելու է Ասիայի զարգացման բանկը: Իրանական ընկերությունները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կոնսորցիում ստեղծելով համագործակցել այդ նախագծի շրջանակներում»:

Գրիգոր Առաքելյանի խոսքերով` այդ ճանապարհը Իրանը կապելու է Վրաստանի հետ, և դրա կառուցման դեպքում Հայաստանի տարածքով հնարավորություն կստեղծվի ավելի ապահով երթևեկություն իրականացնել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թուրքիան այլընտրանք է դառնում Հնդկաստանին վաճառած նավթային գումարները Իրանին փոխանցելու գործում

Հնդկաստանի նավթի նախարարության մի պաշտոնյա Reuters գործակալության հայտնել է, որ այսուհետ Հնդկաստանը իրեն վաճառած նավթի գումարները Թուրքիայի միջոցով կփոխանցի Իրանին:

Հարկ է նշել, որ հունվարին Հնդկաստանի Կենտրոնական բանկը հայտարարել էր, թե այլևս միջոցներ չի տրամադրելու Իրան-Հնդկաստան նավթային գործարքների դրամական փոխանցումների համար: Հետևաբար իրանական ու հնդկական կողմերը միմյանց միջև կնքված պայմանագրերի գումարների փոխանցումները փորձեցին իրականացնել Գերմանիայում գտնվող Իրան-Եվրոպա առևտրային բանկի միջոցով: Բայց երբ բացահայտվեց, որ գերմանական կողմը Իրանում ձերբակալված երկու լրագրողներին ազատ արձակելու նպատակով է օժանդակել Իրան-Հնդկաստան նավթային առևտրին, Գերմանիայի իշխանություններն էլ հրաժարվեցին համագործակցել իրանական բանկերի հետ:

Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով ամերիկյան և եվրոպական բանկերին արգելվել է համագործակցել իրանական մի շարք բանկերի հետ, որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային աշխատանքներին ֆինանսավորելու մեջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մրջյունները բնազդաբար փրկամակույկ են պատրաստում

Այն, որ մրջյունները հետաքրքիր միջատներ են, արդեն պարզ է բոլորին: ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի տեխնոլոգիայի ուսումնասիրությունների հաստատության գիտնականները բացահայտել են, որ հարավ Ամերիկյան ցամաքամասում գտնվող մի տեսակ մրջյուններ, որոնք կոչվում են «Կրակե կարմիր մրջյուն» (Գիտական անվանումը՝ Solenopsis invicta), սուզվելու վտանգ զգալով, միմյան միանալով փրկամակույկ են պատրաստում, որը հնարավորություն ունեն պահպանել շաբաթներ շարունակ՝ ափ հասնելու հույով:
Հատկանշական է, որ մրջյուններից պատրաստված այդ փրկամակույկը կարող է ծանր բեռ տանել իր վրա, ու չսուզվել:
Նեքեւում տեղադրված տեսանյութը տեսնելով, կարող եք վստահանալ դրա մասին:

Առնչվող տեսանյութ

Wednesday, April 27, 2011

Ահմադինեժադը երկրորդ անգամ բացակայել է կառավարության նիստից

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք օր առաջ հրաժարվել էր ներկայանալ կառավարության նիստին: Շրջանառվող լուրերի համաձայն` նա հրաժարական ներկայացրած հետախուզության նախարարին առաջնորդի կողմից իր պաշտոնին վերականգնելու պատճառով խռովել է ու հրաժարվում է մասնակցել կառավարության նիստերին:
Ապրիլի 27-ին իրանական Fars գործակալությունը հաղորդել է, որ Ահմադինեժադը երկրորդ անգամ հրաժարվել է մասնակցել կառավարության նիստին:
Իրանական Mehr գործակալությունն էլ փոխանցում է, որ Ահմադինեժադը ապրիլի 26-ին բացակայել է մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստից, և այդ պատճառով նիստը գլխավորել է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի Khabar օրաթերթը այդ կապակցությամբ փոխանցել է, որ խորհրդարանի պատգամավորները փորձում են ստորագրություն հավաքել, որի արդյունքում Իրանի խորհրդարանը նախագահի նման կեցվածքի ու երկրի առաջնորդին չհնազանդվելու պատճառով նրան հարցաքննության համար կանչելու է խորհրդարան: Թերթի մատուցմամբ, մինչև այս պահը 52 պատգամավորներ ստորագրել են նախագահին հարցաքննելու պահանջագիրը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայաստանի և ՌԴ տնտեսական հարաբերությունների ընդլայնում Իրանի միջոցով

Իրանական Moj News լրատվական կայքի հաղորդմամբ, Հայաստանն և Ռուսաստանը մտադիր են իրենց տնտեսական հարաբերությունները ընդլայնել Իրանի միջոցով:

Կայքի փոխանցմամբ, Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում, փորձում եի երրորդ և վստահելի երկրի միջոցով ընդլայնել միմյանց միջև առկա տնտեսական համագործակցությունը:

Moj News-ի փոխանցմամբ, Հայաստանի և ՌԴ-ի պաշտոնյաները երկար բանակցություններից հետո համաձայնել են օգտագործել Իրանի տարածքը, որտեղ Կասպից ծովի միջոցով հնարավորություն կստեղծվի կապ հաստատել ՌԴ-ի ու Հայաստանի միջև:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանն ակտիվ միջամտություն ունի Սիրիայի իրադարձություններին

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սուզան Ռայսը հայտարարել է. «Մենք իրական ապացույցներ ունենք, որ Իրանը ակտիվորեն միջամտում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Սիրիայի ժողովրդի դեմ բռնությունների իրագործման գործում նաև աջակցում է Սիրիայի իշխանություններին: Մենք դրա մասին գիտենք ու մտահոգ ենք»։

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Սիրիայի ռեֆորմիստական կուսակցությունը նաև հայտարարել էր, որ Իրանի պահակազորը գրավել է Սիրիան, և սիրիական բարձրաստիճան զինվորականները այլևս ենթարկվում են պահակազորի հրամանատարներին:

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Ռամին Մեհմանփառասթը, հերքելով Իրանի դեմ ներկայացված մեղադրանքները, հայտարարել է. «Նմանօրինակ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Դրանք միայն հոգեբանական ու լրատվական ճնշումներ են, որոնց միջոցով ԱՄՆ-ն փորձում է տարածաշրջանի ժողովուրդների ուշադրությունը շեղել տեղի ունեցող իրադարձություններից»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնը իրանցի դիվանագետի արտաքսեց երկրից

France Presse գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի ԱԳ նախարարությունը ապրիլի 26-ին Մանամեում Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղար Հոջաթոլլահ Ռահմանիին 72 ժամ ժամանակ է տվել Բահրեյնի տարածքը լքելու համար:
Հաղորդված լուրի համաձայն, Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ Ռահմանին ուղղակի կապ ունի Քուվեյթում բացահայտված իրանական լրտեսական ցանցի հետ և այդ իսկ պատճառով պիտի լքի Բահրեյնի տարածքը:

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, այդ կապակցությամբ հայտարարել է. «Բահրեյնի իշխանությունների արարքը չի համապատասխանում բարիդրացիական սկզբունքներին, և Իրանն էլ իր հերթին համապատասխան քայլի իրավունք է վերապահում իրեն: Նմանօրինակ քայլերը համապատասխանում են տարածաշրջանը ապակայունացնելու արտաքին ուժերի ռազմավարությանը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լտատվական

Ահմադինեժադը ՆԳ նախարարից պահանջել է հրաժարական ներկայացնել

Իրանական Fararu լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՆԳ նախարար Մուստաֆա Մուհամադ Նաջարից պահանջել է հրաժարական ներկայացնել:
Ըստ կայքի՝ Նաջարը չի համաձայնել նախագահի կողմից իրեն առաջարկված այլ պաշտոններին ու շարունակում է պաշտոնավարել:
Fararu-ի մատուցմամբ, Մուստաֆա Մուհամադ Նաջարը համարվում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մերձավորներից ու չի մտնում նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի հովանավորների շրջանակի մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի սահմանադրության համաձայն` խորհրդարանական ու նախագահական ընտրությունները իրականացնում է երկրի ՆԳ նախարարությունը, ու արդեն ենթադրություններ կան, որ Ահմադինեժադն ու իր թիմակիցները փորձում են ՆԳ նախարարին հեռացնելով և իրենց համար վստահելի անձի նշանակելով ապահովել հաղթանակը խորհրդարանական առաջիկա ընտրություններում և մեծամասնություն կազմել խորհրդարանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, April 26, 2011

Իրանի և «Հիզբոլլահ»-ի հետքերը Բահրեյնում

Ամերիկյան The Wall Street Journal օրաթերթը ապրիլի 25-ի համարում հայտարարել է, որ Բահրեյնի իշխանությունները Բահրեյնում Իրանի կողմից հովանավորվող «Հիզբոլլահ»-ի անդամների միջամտության հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քատուղարին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցում Բահրեյնի իշխանությունները նշել են. «Լիբանանի «Հիզբոլլահը», Իրանի աջակցությամբ, փորձում է տապալել Բահրեյնի իշխանությունը: Երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հայտնաբերվել են մարդիկ, ովքեր պատրաստվել էին Իրանի և «Հիզբոլլահ»-ի ռազմական կենտրոններում»։
Օրաթերթի հաղորդմամբ, թեև իրանական կողմը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները, բայց ԱՄՆ հետախուզական ծառայությունների հայտնաբերած ապացույցները վկայում են, որ Իրանը, «Հիզբոլլահն» ու Բահրեյնի շիա ընդդիմադիրները փետրվար ամսից հաղորդակցվում են միմյանց հետ:
Բահրեյնի իշխանությունները իրենց ներկայացրած զեկույցում 1980-ից սկսած Իրանի կողմից իրենց դեմ ծավալված դավադրությունների մի ցանկ են ներկայացրել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Stuxnet-ից հետո Իրանին հարվածել է Stars լրտեսական համակարգչային վիրուսը

Իրանի «Ոչ գործառնական պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ջալալին իրանական Mehr գործակալության հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ իրանցի մասնագետները Stuxnet համակարգչային վիրուսից հետո երկրի համակարգչային ոլորտում հայտնաբերել են նոր լրտեսական վիրուս, որը կոչվում Stars:

Ջալալին նշել է. «Նախնական փուլում Stars համակարգչային վիրուսը խիստ նմանվել է կառավարական համակարգչային ֆայլերին, այդ իսկ պատճառով այն ճանաչել հնարավոր չի եղել: Այս պահին Stars-ը հետաքննության համար հանձնվել է լաբորատորիա:

Իրանի ԱԳ նախարարությունը թե՛ Stuxnet-ի և թե՛ Stars-ի պարագաներում շատ պասիվ է գտնվել և իրավական դաշտում հետամուտ չի եղել հարցը կարգավորելուն: Օրինակ՝ Ռուսաստանում վիրուսային նմանօրինակ հարձակումները բնորոշվում է որպես պաշտոնական պատերազմ, ուստի մեր դիվանագետներն ավելի հետևողական պիտի լինեն կիբերհարձակումների հանդեպ ու փորձեն միջազգային ատյաններում խնդիրը լուծել իրավական դաշտում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ծովային ոստիկանությունը ափ է վերադարձրել դեպի Բահրեյն ուղևորվող ուսանողների նավերը

Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանցի մոտ 200 ուսանողներ Բահրեյնի ժողովրդի դեմ իրագործվող բռնությունների դեմ պայքարելու և շիաներին օժանդակելու նպատակով երկու փոքր նավերով ուղևորվել էին Բահրեյն:
Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ, նավակների շարժվելուց մի քանի ժամ անց Իրանի ծովային ոստիկանության նավը, հասնելով ուսանողների նավակներին, կանխել է նրանց ու վերադարձրել ափ:

Ինչպես հաղորդում են իրանական գործակալությունները, հիշյալ գործողությունը ինքնաբուխ է եղել և տեղի է ունեցել առանց պետական թույլտվության:
Իրանի իշխանությունները շարունակում են բարոյական աջակցություն ցուցաբերել Բահրեյնի շիա հասարակությանը, մինչդեռ օրեր առաջ Իրանի խորհրդարանի պատգամավոր, կառավարությանը աջակցող «Էնղելաբ Էսլամի» խորհրդարանական խմբակցության անդամ Ռուհոլլահ Հոսեյնիանը հայտարարել էր, թե Իրանը պետք է ռազմական միջամտություն իրականացնի Բահրեյնում:

Իրանական կողմը պաշտոնապես մերժում է որևէ ռազմական գործողության հավանականությունը, բայց, շրջանառվող լուրերի համաձայն, մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ փորձում են հավաքագրել մահապարտների, ովքեր կհամաձայնեն կռվել Բահրեյն ներխուժած Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայոց ցեղասպանության դիվանագիտության կարևորությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ

Իրանական Wikipress լրատվական կայքը, ապրիլի 25-ին «Ցեղասպանության դիվանագիտություն» խորագրով վերլուծական հոդվածով անդրադառնալով Հայոց մեծ եղեռնին, փորձել է վերլուծել Հայոց ցեղասպանության հարցի դերակատարությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ:

Ըստ հոդվածագրի՝ Իրանի իշխանություններն այս պահին փորձում են պարզել Հայոց ցեղասպանության ունեցած դերակատարությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Որպես օրինակ՝ հոդվածագիրը նշել է ամիսներ առաջ Իրանի նախագահի խորհրդական Համիդ Բաղայիի արտահայտությունը, երբ նա երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված «Իրանը՝ հաղթանակի կամուրջ» սեմինարի ընթացքում բացահայտ հայտարարել էր, որ առաջին աշխարհամարտի օրերին օսմանցիները հազարավոր հայերի ցեղասպանության են ենթարկել:

Բաղայիի հիշյալ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել Իրանի մի շարք դիվանագետների կողմից, նրան մեղադրել էին ոչ պրոֆեսիոնալության մեջ: Բայց, ըստ հոդվածագրի, Իրանի կառավարությունը փորձել էր քննարկել այդ գործով արտաքին ուժերի արձագանքները: Բաղայիի հայտարարությանը դրական էին արձագանքել Հայաստանն ու հայկական Սփյուռքը, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում այն խիստ քննադատության էր ենթարկվել, անգամ Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանից պահանջել էր ներողություն խնդրել նման արտահայտության համար:

Հոդվածի շարունակության մեջ հոդվածագիրը հարց է բարձրացրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ընդունումը Իրանի կողմից դե՞մ է Իրանի ազգային շահերին թե՞ ոչ: Հոդվածագիրը հիշյալ հարցին բացասական է պատասխանել՝ ասելով. «Բազմաթիվ երկրներ, երբ փորձել են ճնշել Թուրքիային ու արտոնություններ ստանալ նրանցից, առաջ են քաշել Հայոց ցեղասպանության հարցը, և արտոնությունները ստանալուց հետո ժամանակավորապես սառեցրել են այդ հարցի քննարկումը: Այսօր Թուրքիան հնարավորություն չունի իր դիվանագիտական կապերը խզել տասնյակ այն երկրների հետ, որոնք պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Ուրեմն, անհեթեթ են այն տեսակետները, որոնք պնդում են, թե Հայոց ցեղասպանության ընդունումը կխաթարի հարաբերությունները Թուրքիայի հետ: Այսօր Թուրքիան, Իրանի հետ հարաբերվելով, առաջնորդվում է իր ազգային շահերով: Նրանք սիրահարված չեն իրանցիների գեղեցիկ աչքերին: Ուրեմն, նրանք մեզ լավություն չեն անում, որ իրանցի դիվանագետներն էլ փորձում են, այդ լավությունը փոխարինելով, հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցը արծարծելուց:

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի խոցելի կետերից է, և Իրանն էլ, ԱՄՆ-ի ու Եվրոպական բազմաթիվ երկրների նման, կարող է Հայոց ցեղասպանության հարցը օգտագործել ճնշումներ գործադրելու նպատակներով: Համիդ Բաղային իր այդ հայտարարությամբ Թուրքիային պատգամ ուղարկեց, որ Իրանն այլևս չի ցանկանում Հայոց ցեղասպանության հարցը ձրիաբար լռեցնել: Մի խոսքով Բաղային իր պատգամով Թուրքիային ստիպեց ավելի սերտացնել հարաբերությունները Իրանի հետ»։

Հոդվածագիրը վերլուծության մեջ փորձել է լուսաբանել Իրանի կողմից Հայոց ցեղասպանության մասին հարց բարձրացնելու դրական կողմերը: Ըստ նրա՝ Իրանը, Ցեղասպանության մասին խոսելով, հայերին մի կերպ հաշտեցնելու է իսլամի հետ: Հայերը իսլամի հետ շփվել են միայն Օսմանյան կայսրության օրոք, որը շատ դառը հիշողություն է դարձել հայերի համար: Wikipress-ի փորձագետի՝ Մուհամադ Խաքինահադի կարծիքով, Իրանը այդ քայլով հայերին ապացուցելու է, որ թուրքական և իրանական իսլամների միջև լուրջ տարբերություն գոյություն ունի:

Հոդվածագիրը, որպես երկրորդ դրական կողմ, անդրադարձել է հրեական Հոլոքոստին՝ ասելով, որ Իրանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չեզոքացնելու է Իսրայելի և հրեաների Հոլոքոստի մենաշնորհը և աշխարհին հասկացնելու է, որ, Հոլոքոստից բացի, կան այլ ցեղասպանություններ, որոնց մասին պիտի խոսվի, ու դրանք պիտի ընդունվեն միջազգային հանրության կողմից: Հոդվածագիրը հայտնում է, որ, Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր է խոսել Բոսնիայի, Ռուանդայի, Տիբեթի և անգամ Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունների մասին:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Մուհամադ Խաքինահադը, իր վերլուծական հոդվածի ավարտին անդրադառնալով Իրանի, Հայաստանի ու հայկական սփյուռքի հարաբերություններին, նշել է. «Թեև Իրանի սահմանը խիստ կարևորություն ունի Հայաստանի համար, բայց իրանական դիվանագիտությունը չի փորձել օգտվել միջազգային ատյաններում լուրջ դերակատարություն ունեցող հայկական լոբբիստական կազմակերպություններից Իրանի ազգային շահերի օգտին: Ուստի այսուհետ հնարավոր է, Հայոց ցեղասպանության հարցը արծարծելով, Հայաստանի, հայկական սփյուռքի և Թուրքիայի միջև Իրանին մերձենալու հարցում մրցակցություն առաջացնել և նրանց հարաբերությունները Իրանի հետ ավելի սերտացնել»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, April 25, 2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարակա՞ն է տվել

Իրանական Safir News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն 4 օր է՝ բացակայում է նախագահական նստավայրից և աշխատանքի չի գնում:

Իրանական Mehr գործակալությունն էլ ապրիլի 24-ին փոխանցել է, որ Իրանի կառավարության կայացած նիստին, որին ներկա է եղել Իրանի առաջնորդի կողմից վերանշանակված հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, Ահմադինեժադը բացակա է եղել, և կառավարության նիստը ղեկավարել է նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին:

Արդեն Իրանի քաղաքական շրջանակներում շշուկներ են տարածվել այն մասին, որ Իրանի նախագահը երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ունեցած վերջին անհամաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել: Այդ մասին պաշտոնապես ոչ մի լուր չէր հրապարակվել, մինչև նախագահի թիմակիցներին պատկանող Azadi News լրատվական կայքը ապրիլի 24-ին մի տեղեկություն հրապարակեց, որը հերքում էր նախագահի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը: Բայց նույն այդ լուրը ավելի զարկ տվեց երկրում շրջանառվող ասեկոսեներին, և այդ իսկ պատճառով, Azadi News կայքը օրվա երկրորդ կեսին հանեց հիշյալ սկանդալային դարձած լուրը:

Նախագահի թիմակիցները նրա բացկայությունը պատճառաբանում են Ահմադինեժադի վատառողջությամբ, մինչդեռ իրանական Fars գործակալությունը նույն օրը, երբ նախագահը իբր վատառողջ լինելու պատճառով բացակայել էր կառավարության նիստից, հրապարակեց մի լուր, թե Ահմադինեժադը հանդիպել է Չինաստանի ժողովրդական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ և քննարկել է տարածաշրջանային անցուդարձերը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի առաջնորդի և նախագահի միջև հետախուզության նախարարի առնչությամբ անհամաձայնություններ էին ծագել, երբ նախարարը, ըստ պահպանողականների մեկնաբանության, նախագահի ճնշումների հետևանքով հրաժարական էր ներկայացրել, իսկ երկրի առաջնորդը իր հրամանագրով, որում առաջին անգամ չէր հիշատակվել նախագահի անունն ու հանգամանքը, հրաժարական ներկայացրած նախարարին վերադարձրել էր իր պաշտոնին:

Իրանական մի շարք լրատվական կայքեր նախագահի բացակայությունը կապում են այդ միջադեպի հետ և գրում, թե նախագահը խռովել է ու չի մասնակցում կառավարության նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ռուսները Հայաստանում փորձում են որսալ իրանցիներին

Իրանական Javan օրաթերթը, իր վերջին համարում անդրադառնալով Նովրուզի առիթով Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկներին, հաղորդել է, որ, ըստ երևույթին, Երևանում գտնվող զբոսաշրջիկներին բաժանվել են քրիստոնեական դավանանքի պարսկերեն լեզվով թարգմանված քարոզչական բուկլետներ ու գրքույկներ:

Օրաթերթի մատուցմամբ, իրանցիներին բաժանվել է «Աստծո առաջնորդություն. ճանապարհ դեպի դրախտ» վերնագրով քարոզչական մի գիրք, որի վրա տպագրված է եղել կայքէջի հասցեն՝ պարսկերենով թարգմանված Աստվածաշունչ ստանալու ցանկացողների համար:

Javan-ը գրել է. «Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի լրտեսական կենտրոնն է Կովկասի տարածաշրջանում, և հատկանշական է, որ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարության տարիներին ավելացել են իրանցի զբոսաշրջիկներից տեղեկություններ ստանալու և նրանց դեպի քրիստոնեություն քաջալերելու փորձերը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, April 22, 2011

Իրանի հաջորդ նախագահը Ռահիմ Մաշային է լինելու

Իրանական Fars գործակալության հետ զրույցում, Իրանի նախագահի գրասենյակի մշակութային խորհրդի նախագահ Աբաս Ամիրիֆարը հայտարարել է. «Պահպանողականներն այլևս կորցրել են իրենց քաղաքական որակը, ու եթե Էսֆանդյար Ռահիմ Մաշային նախագահական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի, անպայման հաղթելու է»:

Այն հարցին, թե պահպանողական թևին պատկանող լրատվական միջոցներն ինչո՞ւ են հարձակվում Ռահիմ Մաշայիի վրա` նրան շեղված ու դավադիր անվանելով, Ամիրիֆարը պատասխանել է. «Ես այդ հարցը մի անգամ տվել եմ հենց նախագահ Ահմադինեժադին, ու նրա դիտակմամբ, Ռահիմ Մաշայիի քննադատների հիմնական թիրախը հենց ինքն է»:

Ամիրիֆարը, անդրադառնալով Իրանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին, նշել է. «Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի թիմակիցները, որոնց շարքում է նաև Ռահիմ Մաշային, մրցակցելու են պահպանողական թևի ներկայացուցիչների հետ ու վստահաբար հաղթելու են նրանց: Իրանի ներկա քաղաքական իրավիճակին ծանոթ լինելով` Ահմադինեժադի կողմնակիցները հաջորդ խորհրդարանում անկասկած մեծամասնություն են կազմելու:»

«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ Իրանի նախագահ Ահմադինեժադը մի հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Աստված գիտի Իրանի հաջորդ նախագահի անունը, ուրեմն պիտի հանգիստ լինել ու աշխատել»:

Պահպանողական թևը, որը, ըստ Ահմադինեժադի թիմակիցների մեկնաբանության, խորհրդարանական և նախագահական ընտրություններում մրցակցելու է իրենց հետ, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմնակիցներն են: Վերջին շրջանում Ահմադինեժադի ու Այաթոլլահ Խամենեիի միջև բազմաթիվ անհամաձայնություններ են առաջացել` այն աստիճանի, որ երկրի առաջնորդն ուղղակի հրամանագրով, առանց երկրի նախագահին հաշվի առնելու, հետախուզության պաշտոնանկ արված նախարարին վերանշանակել է իր պաշտոնում, մինչդեռ նախագահն արդեն ընդունել էր նրա ներկայացրած հրաժարականը:

Օրեր առաջ Ահմադինեժադը Ռահիմ Մաշայիին ազատեց իր գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որպեսզի, ըստ պահպանողականների, բազմազբաղ աշխատանքից ազատ լինելով, հնարավորություն ունենա իր ամբողջ ուժը ներդնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ահմադինեժադի թիմակիցների հաղթանակն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ Ռահիմ Մաշային նախագահ Ահմադինեժադի խնամին է. նրա դուստրն ամուսնացած է Ահմադինեժադի որդու հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանցի 200 ուսանողներ Բահրեյնի ժողովրդին օգնելու նպատակով այսօր մեկնել են Բահրեյն

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի հարավային շրջաններում գտնվող համալսարանների մոտ 200 ուսանողներ, որոնք Պարսից ծոցի ափին նստացույց էին կազմակերպել, ինքնակամ մեկնել են Բահրեյն` այնտեղի շիա մուսուլմաններին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նստացույցի դիմած ուսանողների խոսնակ Աբաս Ալիզադեն Mehr գործակալությանը հայտնել է. «Մոտ 200 ուսանողներ որպես Բահրեյնում ժողովրդի դեմ կիրառված բռնությունների դեմ բողոքի նշան` այսօր երկու նավերով շարժվել են դեպի Բահրեյն:»

Խոսնակը հավելել է, որ ուսանողների այդ քայլը ինքնակամ է եղել, ու նրանք պետական ոչ մի թույլտվություն չեն ստացել այդ քայլին դիմելու համար:

Հատկանշական է, որ օրեր առաջ իրանական որոշ լրատվական կայքեր տեղեկացրել էին, որ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ հավաքագրում են մահապարտների` Բահրեյնում Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ կռվելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայ գործարարների քարոզած հակաքարոզչությունը

Վերջին շրջանում ինձ սկսել են հետաքրքրել հայկական գովազդները, ոչ այն պատճառով, որ դրանք ավելի հետաքրքիր են դարձել, այլ՝ նրանց քարոզած հակաքարոզչության համար:
Սովորաբար հասարակության մեջ տիրող մշակույթը, համընկնում է տվյալ հասարակության իշխող քաղաքական վերնախավի մշակութային արժեքների հետ: Իշխանություններն էլ անկախ իրենց ցանկությունից, ժամանակ առ ժամանակ նաև ծրագրված քայլերով, փորձում են հասարակության մեջ վերարտադրել իրենց մշակությային ու քաղաքական արժեքները:
Իշխանություններն իրենց մշակութային ու քաղաքական արժեքները տարբեր միջոցներով են վերարտադրում, որոնց շարքում կարելի է հիշատակել արտադրած ու ներմուծած հեռուստասերիալները, մուլտիկները, հեռուստաբանավեճերը եւ հեռուստագովազդները:
Եթե ուշադիր լինեք մեր հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող գովազդներին, ակնհայտ է դառնում գործարարների կողմից տարածվող մշակութային արժեքները, որը կարելի բնությագրել հակաքարոզչություն:
Օրինակի համար, «Գյումրի» գարեջրի գործարանի պատրաստած վերջին գովազդում, քարոզվում է մի հակաարժեք: Գովազդում նախ ցուցադրվում են մի քանի աշխատավորներ, որոնք ջանադրաբար աշխատում են շինարարության ոլորտում: Իսկ հետո, երկրորդ կադրում, հայտնվում են երկու քյառթու անձնավորություն, որը բացում են երկու սառը գարեջրի շիշ: Աշխատավորները հոգնած հայացքներով նրանց են նայում եւ քյառթուները աշխատավորների վրա գոռգռալով, նրանց կրկին աշխատելու է հրավիրում, իսկ իրենց խմում են իրենց ախպերության կենացը: Եվ վերջում քյառթուների կադրը ցուցադրելով հնչում է հետեւյալ խոսքը. «Գյումրի, գարեջուր իսկական տղամարդկանց համար»:
Իսկ հիշյալ գովազդի պատրաստողները ո՞ւմ նկատի ունեն որպես իսկական տղամարդ, աշխատավորների՞ն, թե՞ քյառթուներին: Բնական է, իսկական տղամարը նա է, ով քյառթուների նման նստած, նրանց ժառգոնով խոսում է ու «Գյումրի» գարեջուր է խմում:
Նմանօրինակ գովազդները շատ են հայկական հեռուստաշուկայում: Շատ են նաեւ այն գորվազդները, որոնք գենդերային խտրականություն են քարոզում: Օրինակ մի գովազդ է ցրվում, որի ընկերության անունը դժբախտաբար մոռացել եմ այս պահին, որի ընթացքում ամուսինը կնոջն ասում է. «Ես գնում եմ բալետ նայելու, տես երբ գամ քո կյանքը չուտեմ:» Կինն էլ պարտավորված պիտի իր «բալետ» սիրող ամուսնու ճաշը պատրաստի ու դիմում է գովազդվող ընկերության արտադրության օգնությանը:
Ցավալի է, որ մեր հեռուստաընկերությունները իրենց ֆինանսական կարիքները հոգալու նպատակով պիտի հեռարձակեն նմանօրինակ գովազդներ:
Փաստը մնում է փաստ, որ մեր իշխանությունները վերարտադրում են այն մշակույթը, որի կրողներն են իրենք:

Արթին Առաքելյան

«Գյումրի» գարեջրի տխրահռչակ գովազդը

Իրանն ու Բահրեյնը սպառնում են փակել միմյանց դեսպանատները

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հուսեյն Սոբհանինիան հայտարարել է, որ իրենց հանձնաժողովը քննարկում է Թեհրանում Բահրեյնի դեսպանատունը փակելու մասին առաջարկը:
Ըստ Սոբհանինիայի՝ սա Բահրեյնի իշխանությունների կողմից Մանամեում Իրանի դեսպանատունը փակելու մտադրությանը հակադարձող քայլ է:
«Եթե Բահրեյնի իշխանությունները վավերացնեն Իրանի դեսպանատունը փակելու օրինագիծը, Իրանի քայլը դրան համարժեք է լինելու: Եթե Բահրեյնը, ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշումների արդյունքում փակի Իրանի դեսպանատունը, դա շատ սխալ քայլ կլինի նրա կողմից»։
Հարկ է նշել, որ օրեր առաջ Բահրեյնի խորհրդարանը պատրաստել էր Իրանի դեսպանատունը փակելու մասին մի նախագիծ, որով իշխանություններից պահանջվում էր հետ պահանջել Իրանի դեսպանատանը տրամադրված հողամասը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի լրտեսական ցանցը մտադիր էր հարվածել Քուվեյթի ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոններին

Քուվեյթի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մուհամադ Ալ-Սաբահը Al Arabiya հեռուստաընկերության հետ ունեցած զրույցում, անդրադառնալով երկրում իրանական լրտեսական ցանցի բացահայտման լուրին, հայտարարել է. «Իրանական լրտեսական ցանցը հսկողության տակ էր վերցրել ամերիկյան զինված ուժերի տեղաշարժերը: Նրանք ոչ միայն լրտեսում էին ամերիկացի զինվորների տեղաշարժերը, այլ նաև Քուվեյթի բանակի բարձրաստիճան սպաների անվանացանկ էլ պատրաստ ունեին: Լրտեսների մոտ հայտնաբերվել են նաև պայթուցիկ սարքեր, որոնց միջոցով պատրաստվում էին պայթեցնել Քուվեյթի ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի կենտրոններ:

Իրանը նպատակ է ունեցել հարվածել Քուվեյթի անվտանգությանը: Իրանի հետ մեր հիմնական խնդիրն այն է, որ իրանական կողմը հրաժարվում է Պարսից ծոցի արաբական երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչելուց, հակառակը, համարում է, որ այդ երկրները պետք է ենթարկվեն իր քաղաքականությանն ու որոշումներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, April 21, 2011

Երկու նոր պայթյուն է գրանցվել Իրանի արևմտյան շրջաններում

Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ, ապրիլի 20-ին Իրանի արևմտյան շրջաններում գտնվող Իլամ քաղաքում երկու պայթյուն է գրանցվել:
Գործակալության փոխանցմամբ, առաջին պայթյունը ընտանեկան վեճի արդյունք է եղել, իսկ երկրորդը որոտացել է Իլամ քաղաքի փողոցներից մեկում: Երկու դեպքում էլ պայթեցվել են ձայնային նռնակներ:
Իլամի ոստիկանապետ Աբաս Աբասզադեն հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները փորձում են բացահայտել պայթյունների հեղինակների ինքնությունը:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ են գրանցվել Իրանի արևմտյան շրջաններում, որոնց արդյունքում արդեն զոհվել են 4 սահմանապահներ, 2 ոստիկաններ, 6 քաղաքացիներ էլ վիրավորվել են:
Իրանի անվտանգության ծառայությունները հիշյալ հարձակումների մեջ մեղադրում են PKK-ի իրանական մասնաճյուղ համարվող PJAK ու Սալաֆի իսլամիստական խմբակցություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եվ ահա ի՞նչ ոճով է թունիսանալու ՀԱԿ-ը


Գնտակը ՀԱԿ-ի դաշտ փոխանցելով՝ 
Սերժ Սարգսյանը տակառ է գլորո՞ւմ Քոչարյանի վրա

Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի շուրջ հրավիրած խորհրդակցական հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին, ցանկություն հայտնեց, նոր թափ տեսնել մարտի 1-ի բացահայտման գործում: [+]
Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր:
Հիշյալ հայտարարությունը գրեթե պատասխան հայտարարություն է ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսի ձեռնարկած հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած վերջնագրին, որի ներկայացրած երեք պահանջների մեջ էր մտնում մարտի 1-ի դեպքերի մեղավորներին բացահայտելու պահանջը:
Հանրահավաքից օրեր անց, այդ մասին բարձրաձայնեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հայտնելով, որ մարտի 1-ի դեպքերը ձեռընտու չէին Ս.Սարգսյանին: Պատգամավորի մեկնաբանությամբ հիշյալ դեպքը հենց ձեռընտու է եղել Ռոբերտ Քոչարյանին: [+]
Դալլաքյանը փորձելով մեկնաբանել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց. 
Մասնակցելով 2008-ի ընտրություններին՝ Տեր-Պետրոսյանը ձգտում էր վերականգնել իր իշխանությունը` հույսը գերազանցապես դնելով պետական ապարատի կազմալուծման և դրա ներկայացուցիչների` իր կողմն անցնելու վրա, իսկ Քոչարյանը, օգտագործելով ընտրական գործընթացները, փորձում էր լուծել հետագայում իր իշխանությունն ինչ-որ ձևով պահպանելու խնդիրը:Նախագահի թեկնածու Սարգսյանը, Քոչարյանը և ընդդիմության թեկնածուն 2008-ի ընտրություններում լուծում էին տարբեր խնդիրներ: Եթե Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը` խոցելի իրավահաջորդ ունենալու համար ամեն ինչ անելը, ապա Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր:Հրահանգելով Մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը`ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր Մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն, ի վերջո, ընկնելու էր իր վրա: Մարտի 1-ը ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարի դրսևորում էր` Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև, այլ իշխանությունն ուժային եղանակով պահելու`1996-ի ու 2004-ի փորձն ունեցող երկու նախկին նախագահների գլխավորած քաղաքական ճամբարների բախում:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այդ հայտարարությունը խիստ արձագանք գտավ Ռ. Քոչարյանի գրասենյակի կողմից: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հայոց Աշխարհ» օրաթերթի միջոցով պատասխանելով Դալլաքյանի հնչեցրած վարկածին, հայտարարեց. [+]
Պնդել, թե մարտի 1-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերեւս, իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթհեթություն դուրս տալ:
Բայց թե Սողոմոնյանի, կամ ավելի ճիշտ՝ Քոչարյանի կարծիքով, ո՞վ կարող էր լինել Քոչարյանի վրա նման ծանր տակառ գլորելու իրական պատվիրատուն:
Այդ հարցը քննարկելով, բնականաբար բացառվում է ՀԱԿ-ը, որովհետեւ աբսուրդի է հավասար այն մեկնաբանությունները, որ ՀԱԿ-իշխանություն գործարքի արդյունքում, ընդդիմությունը փորձել է Դալլաքյանի միջոցով, գործող նախագահի վրայից հանել մեղադրանքները, դրանք միայն նախկին նախագահին վերագրելով՝ փորձել ասպարեզից հեռացնել, արդեն ակտիվացած Քոչարյանին:
Հետեւաբար, պարզվում է, որ Քոչարյանի գրասենյակը վտանգ է զգացել հենց գործող նախագահի կողմից, ու Դալլաքյանին պատասխանելով, անուղղակի պատասխանել է հենց Սերժ Սարգսյանին:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, մի կերպ բացահայտում է Քոչարյանի գրասենյակի կողմից մատնանշված անհայտ պատվիրատուի ինքնությունը: Երբ գործող նախագահն երեք տարուց հետո, երբ դենհանդիման է եղել ընդդիմադիրների վերջնագրին ու Քոչարյանի սուր պատասխանին, ժամանակ շահելու և Քոչարյանին պատասխանելու մտադրությամբ փորձել է անգամ ձեւականորեն թափ տալ մարտի 1-ի սպանդը բացահայտող գործընթացին: Եթե Սերժ Սարգսյանը, փոքր ինչ մտահոգ լիներ, թե այդ գործում հնարավոր է նեքաշեն իրեն, բնականաբար նմանօրինակ ցանկություն չէր էլ արտահայտի: Սա դեռ այն պայմաններում է, որ Քոչարյանի գրասենյակը պաշտպանվելու համար, փորձում է զննել իրեն մեղադրողների մտածող համապատասխան օրգանների պարունակությունը, հրաժարվելով փաստեր ներկայացնելով՝ ապացուցել այն, ինչի մասին հայտարարություն կատարեց Վիկտոր Սողոմոնյանը: Թե արդյոք քոչարյանը Սերժին պատասխանելու հաջորդ քայլում փորձելու է նրա դեմ նոր բացահայտումներով հանդես գալ, դեռ պարզ չէ:
Դեռ շուտ է խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի արտահայտած ցանկությունը, կապված մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործի թափ ստանալուն, ինչ արդյունք կարող է ունենալ, բայց գործող նախագահը իր այդ քայլով մեսիջ ուղարկեց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապացուցելով, որ ինքը պատրաստ է դիմել շախմատային քաղաքականությանը ու մասամբ կատարել ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ պահանջները: 
Եթե համարենք, որ արդեն «Ազատության» հրապարակը բաց է ընդդիմության համար, երբ նրանք բանակցությունների արդյունքում թույլտվություն են ստանում հանրահավաքը մատենադարից տեղափոխել «Ազատության» հրապարակ, եւ այն, որ վերջին շրջանում մի քանի քաղբանտարկյալներ գտնվել են պայմանական ազատության մեջ, պարզ է դառնում, որ կայացել է ընդդիմության եւ իշխանության միջեւ սպասված երկխոսությունը ու արդեն ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ, հասարակության (իմա՝ ընդդիմության) եւ իշխանության միջեւ ջրբաժան տեղի չի ունենալու ու երկու կողմերն էլ հաղթողի կարգավիճակում հայտնվելով հնարավորություն կունենան հասարակությանը զերծ պահել քաղաքացիական ընդվզումներից՝ թունիսանալուց:
Բայց դեռեւս պարզ չէ, որ իշխանության ու ընդդիմության կայացրած նմանօրինակ երկխոսությունը, որքանով կարող է հասարակությանը զերծ պահել ընդվզումներից, երբ ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ երեք պահանջներն էլ ոչ մի կապ չունեին հասարակական ու սոցիալական իրավիճակը շտկելու եւ բարելավելու հետ:
Պիտի հիշեցնել, որ հենց Թունիսում եւ Եգիպտոսում էլ, հասարակությունը քաղաքական դաշտում աշխատող ընդդիմադիր կուսակցություններից նմանօրինակ վարքագիրծ տեսնելով, հրաժարվեցին հետեւել նրանց հորդորներին ու ինքնուրույն կերպով փորձեցին հաղթահարել իրենց երկրներում տիրող սոցիալական ծանր պայմանները: Թե նրանք ինչքանո՞վ հաջողեցին իրենց նպատակները իրականացնել, այլ թեմա է:
Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:

Արթին Առաքելյան

Իրանի նախագահի թիմակիցների լրատվական կայքերը արգելափակվել են

Իրանական Didgah News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահի թիմակիցներին պատկանող մի շարք լրատվական կայքեր, ապրիլի 20-ից արգելափակվել են Իրանում: Դրանցից մի քանիսը նույնիսկ շարքից դուրս են եկել ու հասանելի չեն:

Կայքի փոխանցմամբ, արգելափակված կայքերի շարքում են Barayeham, Dolateyar, Rahva, Mahramane News, Bakeri Online և Penhan News լրատվական կայքերը:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ լրատվական կայքերը վերջին շրջանում փորձում էին սկանդալային, ու որոշ դեպքերում նաև խեղաթյուրված լուրեր հրապարակելով պղտորել Իրանի ներքաղաքական իրավիճակը:

Իրանական Tabnak լրատվական կայքի մատուցմամբ, Իրանի խորհրդարանը արդեն նմանօրինակ կասկածելի լրատվական կայքերի ղեկավարներին կանչել է խորհրդարան` ճշտելու նրանց հետապնդած նպատակները:

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմնակիցները հայտնում են, որ հիշյալ կայքերը ղեկավարվում են նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի կողմից, որին պահպանողականները անվանում են շեղված ու դավադիր գործիչ, և որը, ներթափանցելով կառավարության կազմ, փորձում է խեղաթյուրել ու շեղել կառավարության և իսլամական համակարգի ընթացքը:

Հիշեցնենք, որ Ռահիմ Մաշային նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնամին է: Ահմադինեժադի տղան ամուսնացել է Մաշայիի դստեր հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդը պաշտոնական հրամանագրով հետախուզության նախարարին նշանակեց իր պաշտոնում

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ապրիլի 20-ին պաշտոնական հրամանագրով երկրի պաշտոնազուրկ հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին վերանշանակել է իր պաշտոնին: Այդ մասին հաղորդում է Այաթոլլահ Խամենեիի լրատվական կայքը:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», շրջանառվող լուրերի համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի առաջնորդի հետ ունեցած հանդիպման ընթացքում ընդդիմանալով Այաթոլլահ Խամենեիի հրամանին, հայտարարել էր, որ Մոսլեհին այլևս կառավարության անդամ չէ:

Հատկանշան է, որ Այաթոլլահ Խամենեին առաջին անգամ ապրիլի 20-ի պաշտոնական հրամանագիրը չի հասցեագրել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, այլ ուղղակի դիմելով պաշտոնազուրկ նախարար Հեյդար Մոսլեհիին՝ հայտնել է, որ նրանից պահանջում է աչալուրջ լինել երկրի անվտանգության հարցերում:

Հիշեցնենք, որ երբ Իրանի առաջնորդը երկու տարի առաջ բազմաթիվ քննադատություններից հետո հրամանագրով հորդորեց նախագահին Ռահիմ Մաշայիին հեռացնել փոխնախագահի պաշտոնից, նրա արձակած հրամանագիրը հասցեագրված էր նախագահ Ահմադինեժադին: Նմանօրինակ աշխատաոճը ընդունված ձև է Իրանի պետական համակարգում, իսկ ապրիլի 20-ի հրամանագիրը արդեն աննախադեպ է Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարության ժամանակահատվածում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

WikiLeaks. Իրանի ազգային անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը գրավելու առաջարկ է հնչել

Իրանական Entekhab լրատվական կայքը հաղորդել է, որ WikiLeaks կայքը Իրանի հետ կապված մի նոր փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն` 2010-ի նոյեմբերի 23-ին, Իրանի ազգային անվտանգության խորհրդի նիստում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը գրավելու առաջարկ է հնչել:

WikiLeaks-ի մատուցմամբ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները այդ օրերին Մեքքա այցելած մոտ 80 իրանցի ուխտագնացների են ձերբակալել և Իրանին հանձնելու պահանջը չեն կատարել, ինչից վրդովված իրանական կողմը փորձել է խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով: Դրանից զատ, 2010-ի նոյեմբերի 20-ին Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ում անցկացվող Իրանում մարդու իրավունքներին առնչվող քվեարկությանը առաջին անգամ դեմ է քվեարկել Իրանին: Փաստ, որն արդեն խիստ զայրացրել է իրանական կողմին, որից հետո Իրանի ազգային անվտանգության խորհուրդը նոյեմբերի 23-ին նիստ է գումարել, որին մասնակցել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Կայքի փոխանցմամբ, հիշյալ նիստի ընթացքում առաջարկվել է գրավել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, որը մերժվել է Ալի Լարիջանիի ջանքերով: Ըստ WikiLeaks-ի՝ Լարիջանին հայտարարել է, որ 1980-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավելու դեպքն արդեն իսկ բավարար է երկրին, որի հետևանքները շարունակում են ազդել Իրանի արտաքին քաղաքականության վրա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, April 20, 2011

Ահմադինեժադը կրկին պաշտոնազրկել է հետախուզության նախարարին

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին իր հրաժարականն էր ներկայացրել նախագահ Ահմադինեժադին, որը ընդունվել էր վերջինիս կողմից: Իսկ ժամեր անց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հայտնելով իր անհամաձայնությունը, Մոսլեհիին կրկին նշանակել էր իր պաշտոնում:
Իրանի պահպանողականները հայտարարում են, որ դա ոչ թե հրաժարական, այլ պաշտոնազրկություն է եղել:
Այդ կապակցությամբ, Իրանի նախագահի կողմնակիցներին պատկանող Dolateyar լրատվական կայքը ապրիլի 19-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ նախագահ Ահմադինեժադը երկրի առաջնորդի հետ ունեցած իր հանդիպման ընթացքում Այաթոլլահ Խամենեիին հայտնել է, որ Հեյդար Մոսլեհին այլևս հետախուզության նախարար չէ և կառավարության ժողովին էլ չի մասնակցելու: Հիշյալ կայքի փոխանցմամբ, Ահմադինեժադն անձամբ է ստանձնել հետախուզության նախարարի պաշտոնը, մինչև այդ պաշտոնում նոր նախարարի նշանակումը:
Հատկանշական է, որ այդ լուրի թողարկումից անմիջապես հետո Dolateyar լրատվական կայքը շարքից դուրս է եկել, և մի քանի ժամ անց կրկին վերսկսել է իր աշխատանքը, բայց սկանդալային լուրն արդեն հանվել էր կայքի վրայից:
Իրանական բազմաթիվ լրատվական կայքեր վերատպել են ապրիլի 20-ին Dolateyar կայքի հրապարակած լուրը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանն ու Եգիպտոսը հերքում են. ոչ մի դեսպան էլ չի նշանակվել

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանական Press TV հեռուստաընկերությունը հայտարարել էր, թե Իրանը ի վերջո Եգիպտոսում դեսպան նշանակեց: Լուրերի համաձայն` Եգիպտոսում Իրանի դեսպան էր նշանակվել Ալի Աքբար Սիբույեն:

Սակայն լուրի հրապարակումից մի քանի ժամ անց Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքելով դեսպանի նշանակման լուրը, հայտարարեց. «Իրանի կողմից Եգիպտոսում դեսպան նշանակելու լուրը լրատվամիջոցների ենթադրությունն է եղել, թեև Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Եգիպտոսի նոր իշխանությունների հետ»։

Այդ կապակցությամբ նաև Եգիպտոսի ԱԳ նախարարության խոսնակ Մենհա Բաքումն է եգիպտական Ahram Online լրատվական գործակալությանը հայտնել, որ Իրանը Եգիպտոսում դեռ իր դեսպանին չի նշանակել, և դրա մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, April 19, 2011

Իրանը սպառնում է Սաուդյան Արաբիային

Իրանական Bultan News լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեիի տեղակալ և խորհրդական Եահյա Ռահիմ Սաֆավին, ապրիլի 18-ին` Իրանի բանակին նվիրված օրվա կապակցությամբ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է. «Իրանի զինված ուժերը զսպող հզոր ուժի են տիրապետում և կարող են լիարժեքորեն պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու տարածաշրջանում կայունություն հաստատելով` անվտանգ դարձնել Պարսից ծոցից արտահանվող էներգակիրների հոսքը»:
Սաֆավին, դատապարտելով Բահրեյնում Սաուդյան Արաբիայի զինված ուժերի միջամտությունը, նշել է. «Բահրեյնում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը հակասում է միջազգային իրավունքներին ու համարժեք է ռազմական ներխուժմանը: Բահրեյնում Սաուդյան Արաբիայի միջամտությունը նաև անընդունելի է մարդկային իրավունքների ու իսլամական օրենքների դիտանկյունից:
Սաուդյան Արաբիան պիտի նկատի ունենա, որ հնարավոր է նույն իրավիճակում հայտնվի ու համանման պատրվակներով ինքն էլ ռազմական հարձակման ենթարկվի»:

Հակառակ Իսրայելին, Իրանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Իրանական Tabnak լրատվական կայքը, անդրադառնալով վերջերս WikiLeaks կայքի կողմից բացահայտված այն փաստաթղթին, որի համաձայն՝ Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու նպատակներով, հայտարարել է. «Բաքվի իշխանությունները լռում են WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթի մասին: Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի ժողովրդի կամքին հակառակ են, քանի որ Իսրայելը հրեական ու հայկական լոբբիստական խմբակցությունների միջև առկա սերտ հարաբերության արդյունքում հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի հակաիրանական բոլոր գործողությունները կայանում են այն մթնոլորտում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև Բաքվին տրամադրել է Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ցամաքային ճանապարհ, որի միջոցով կանխվել է հայկական զինված ուժերի կողմից Նախիջևանը գրավելու հավանականությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քանի դեռ Իրանի սպառնալիքն առկա է, արտաքին զինված ուժերը կմնան Բահրեյնում

Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բեն Համադ Ալ-Խալիֆան Reuters գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Բահրեյնում արտաքին զինված ուժերի ներկայությանը, հայտարարել է. «Այդ ուժերը Սաուդյան Արաբիայի զինված ուժերը չեն, այլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ուժերն են, և նրանք Բահրեյնում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ արտաքին ուժերի կողմից սպառնալիքներ կան»։
Այն հարցին, թե որոնք են այդ արտաքին սպառնալիքները, նախարարը պատասխանել է. «Դա հենց տարածաշրջանային սպառնալիքն է, Իրանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև եղած անհամաձայնություններն են, որոնք իրական և լուրջ սպառնալիք են: Ես չեմ ցանկանում ոչ մեկին դատապարտել, բայց այն, ինչ Իրանն է անում Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, դրական ու կառուցողական չէ, այլ հարատև ու կայուն սպառնալիք է»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը