Wednesday, February 25, 2009

Իմ անմոռաց ուսուցիչ՝ Գրիգոր Շահինեանի յիշատակին


Շատ ցաւալի էր ինձ համար, երբ լուրերում կարդացի թէ կեանքին հրաժեշտ է տւել, իմ շատ սիրելի եւ անմոռաց ուսուցիչ՝ Գրիգոր Շահինեանը: Ես բախտ եմ ունեցել նրան աշակերտել 2001-2002 թթ. -ին, Բէյրութում: Պիտի խօստովանեմ, որ բազմաթիւ դասեր եմ ստացել Պրն. Շահինեանից, որը եւ մինչեւ այսօր օգտաւետ են ինձ իմ կեանքի եւ գործի ասպարեզներում: Թող հողը թեթեւ լինի վրան եւ յիշատակը անթառամ:

=========================
Այս գրութիւնը քաղել եմ Ազգ օրաթերթից, որը լաւապես ներկայացրել է Գրիգոր Շահինեանին:

ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԳՐԱԴԱՏԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Փոթորիկներ ունի հոգիին մէջ, զորս սանձել գիտէ»

Անցած շաբաթ Բեյրութում 78 տարեկանում վախճանվեց սփյուռքի մեր հրաշալի մտավորական, մանկավարժ, գրականագետ, արխիվագետ, մշակութային-ազգային գործիչ Գրիգոր Շահինյանը: «Ազգը», որի էջերում քանիցս տպագրվել են նրա հոդվածները, փետրվարի 17-ին տեղեկացրեց նրա մահվան մասին, հաջորդ օրը հայաստանցի յոթ մտավորականների ստորագրությամբ տպագրվեց հրաժեշտի խոսքեր Գրիգոր Շահինյանի հիշատակին:

Լիբանանահայ էր Գրիգոր Շահինյանը, գարահիսարցի ու ադանացի` իրենց բնօրրանից վտարված, 1915-ի Հայոց մեծ եղեռնից մազապուրծ ծնողներից սերված, որոնց գաղթական կյանքի առաջին հանգրվանը Սիրիան էր: Դամասկոսի Սահակյան, ապա` ֆրանսիական Մարիոթ Ֆրերների վարժարաններում ուսանելուց հետո ընդունվում է Բեյրութի Լեւոն Շանթի ղեկավարած Հայ ճեմարանը. նախ` հետեւում է Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Գառնիկ Գյազալյանի դասախոսություններին, որից հետո ցկյանս ստանձնում ուսուցչի պատվաբեր ու պատասխանատու գործը: Իր էությամբ արդեն իսկ ուսուցիչ էր Գրիգոր Շահինյանը, ուսուցչությունն իր կոչումն էր, եւ արժանապատվորեն ծավալած կեսդարյա մանկավարժական գործունեությունը կերտեց իր ոչ միայն աշխատանքային, այլեւ հոգեւոր կենսագրությունը` ազնիվ ու շիտակ մտավորական մի նկարագրի: Գրիգոր Շահինյանը հայ միտքը արթուն ու կենսական պահելու, հայի ոգու միջնաբերդը պահպանողի ու հսկողի առաքելությունն ուներ, հայ լեզվի ու մշակույթի պահապան-ջահակիր` սփյուռքի ամենապայծառ կերպարներից:

Փայլուն գրականագետ էր, մտածող, վերլուծաբան, մեկնաբան, լեզվական բարձր կուլտուրայի, բարձր իմացությունների տեր մտավորական: Եվրոպական կրթություն ստացավ նախ Բրյուսելում` հետեւելով համալսարանի ռոմանական գրականության բաժնի դասընթացներին, վերադառնալով Բեյրութՙ ճեմարանում դասավանդեց ֆրանսերեն լեզու եւ գրականություն:

Բելգիայում ուսանելիս սակավաթիվ հայ ուսանողներից կազմված միությունը` ի թիվս նրանց նաեւ Գրիգոր Շահինյանը, հայ մշակույթը տարածելու ջանքեր էր գործադրում: Այս խմբի ջանքերով բելգիական Գենտ քաղաքի համալսարանի պատին տեղադրվեց Դանիել Վարուժանի դիմաքանդակը. այնտեղ ժամանակին ուսանել էր բանաստեղծը:

Շահինյանը ավելի ուշ ուսումը շարունակում է Փարիզի Սորբոնի համալսարանում` 1979-ին պաշտպանելով Արմեն Լյուբենի (Շահան Շահնուրի) ֆրանսալեզու պոեզիայի վերաբերյալ ատենախոսություն եւ ստանում դոկտորական աստիճան: Հետագայում այդ դոկտորականը զույգ հատորի տեսքով տպագրում է Անթիլիասի մայրավանքի տպարանը: 1990-ին Երեւանի պետհամալսարանում եւս պաշտպանելով գիտական թեզ` ստանում է բանասիրական դոկտորի կոչում:

1977-1994-ին Գր. Շահինյանը դասավանդում է Բեյրութի լիբանանյան համալսարանում: 1997-ից նա «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավար պաշտոնում էր: Ինչպես հալեպահայ գրող Թորոս Թորանյանն է գրում, այդ պաշտոնում նա «երբեք չի գործեր պաշտօնեայի հոգեբանութեամբ»: «Այդ կեդրոնը ուր կը վերաւորակաւորուին ուսուցիչներ, իր տունն է: Ուրեմն այդ տունն ու անոր բնակիչները կը վայելեն մանկավարժ ուսուցիչին հայրախնամ հոգածութիւնը, ինչպէս էին ատենին մեր մէջ Ռէթէոս Պէրպէրեանն ու Յովհաննէս Հինթլեան մանկավարժները, ինչպէս էր Ռէթէոսի որդի Շահան Պէրպէրեանն ու Մելգոնեան կրթ. հաստատութեան մանկավարժութեան երբեմնի խոհուն դասախօս` Պօղոս Գէորգեանը»:

Նման կյանքերը սովորաբար ինքնանվիրումի, ինքնայրումի որակում են ստանում, եւ դրա «պատճառը» Թորանյանի խոսքերով այն է, որ «Շահինյանը իր ականջը դրած էր իր սրտի զարկին ու այդպէս աշխատած»:

Մանկավարժն ու գրականագետը հավասար իրավունքներով ապրում էին իր մեջ. հայ գիրն ու գրականությունը իր կենսունակությունն ապահովող հոգեւոր ավիշն էր: Գրականագետի իր հետաքրքրությունները ծավալել է Շահան Շահնուրի, Լեւոն Շանթի, Համաստեղի, Գուրգեն Մահարու ստեղծագործական տիրույթներում, խոր վերլուծաբանի, ինքնատիպ մեկնաբանի իր ձիրքը լավագույնս դրսեւորվել է բազմաթիվ ուսումնասիրություն-մենագրություններումՀամաստեղ», «Հատընտիր», «Գուրգէն Մահարի վաթսունի հանգրուանին», «Panorama de la litte՛rature Arme՛nienne... 1880», «Վերաքաղ» եւ այլն): Շահինյանը նաեւ սկզբնավորողներից է մանկական գրականության մատենաշարի 25 հատորյա տպագրության: Նրա վաստակը մտավորական եւս մեկ ասպարեզում արժանի է հիշատակման, 1966-70-ին հրատարակելով «Ահեկան» եռամսյա հանդեսը` գրական շարժում ծավալեց դրա շուրջը` նոր գրողների ու ավագների ներգրավումով: Եթե նկատի ունենանք օտար միջավայրային բոլոր բարդությունները, սփյուռքահայ իրականության յուրաքանչյուր նման երեւույթի` կրթօջախի, մատենաշարի, ամսագրի հիմնադրում, աներկբա, ազգանվեր ու շնորհակալ գործ է:

Գր. Շահինյանի` «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավարման ընթացքը բարեբեր հունձք է ապահովել սփյուռքահայ գրական անդաստանի համար` իր գործուն մասնակցությամբ Անթիլիասի մայրավանքի «Դանիել Վարուժան» մատենաշարային հրատարակությամբ, իսկ որպես կաթողիկոսարանի արխիվների պատասխանատու, գիտական հրատարակության պատրաստած իր քառահատոր նյութերով, որոնցից առաջինի տպագրության առիթով տարիներ առաջ հանդիպեցի իրեն` դստեր Շաղիկի երեւանյան տանըՙ մեր թերթի համար հարցազրույց ունենալու:

Ազնվակիրթ, հանդարտաբարո, զուսպ, ձայնի բարեհնչունությամբ, մեղմ ու նրբավար` առաջին իսկ ձեռքսեղմումից խորագույն հարգանք ներշնչող մտավորականի առինքնող կերպար. առաջին տպավորությունս է: Երանելի ուսուցիչ` բազմակողմանի գիտելիքների, խորը իմացությունների ու դրանք իսկական մանկավարժին վայել այլոց տալու շնորհաշատ ձիրքով:

Այդպիսին է զգացողությունն այն մարդկանցից, ում երկրային կյանքը, աշխարհիկ գործը, մտավոր աշխարհն ու հոգեկերտվածքը անխախտ ներդաշնակության մեջ են: Ինքը լուռ խոնարհումով գործող համեստ մշակի կենսակերպն էր դավանում: Իր ապրած կյանքը, ժամանակի անհուն հարահոսքում մնայուն հետագիծ թողնողի` քչերին վիճակված ազնիվ նվիրումի ճանապարհ է` այլեւս մեզ ապրողներիս արժեւորումին թողած` սփյուռքում եւ այստեղ` Հայաստանում:

Թորանյանը գրում է. «Երբեք փոթորկուող մեկը չէ: Սակայն փոթորիկներ ունի հոգիին մէջ զորս սանձել գիտէ». այդ սանձած փոթորիկները սփյուռքի մեր վարժարաններում բարի հունդեր դարձան` հրաշալի մտավորական սերունդ կրթելու, հոգեւոր տուրեւառությունների սեղմումից ծնվեցին գրական հրաշալի երկեր:

Ծանր էր Բեյրութից եկած գույժը: Գրիգոր Շահինյանի հեռացումով կյանքի լուսավոր մի անկյուն հավերժորեն խամրեց, թափուր ու տխուր մի տեղ մնաց:


Tuesday, February 24, 2009

Բարոյական արժեքնե՞ր թե՞ շահադիտական հիմունքներ


Արթին Առաքելյան


ԱՄՆ-ի նորընտիր արտգործնախարար՝ Հիլարի Քլինթոնը, իր կատարած առաջին շրջագայության ընթացքին մեկնեց Ասիա, այցելելով մի քանի երկիր եւ ավարտին մեկնեց Չինաստան: Նա այն տեղ հանդիպումներ ունեցավ Չինաստանի բարձաստիճան դիվանագետների հետ եւ դրանց շարքում, նաեւ հանդիպեց Չինաստանի նախագահ՝ Հու Ջին Տաօին: Քլինթոնը, Չինաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում, հայտարարեց, թե ԱՄՆ-ն ու Չինաստանը, իրար օգնությամբ կարող են հաղթահարել միջազգային տնտեսական տագնապը:

Հիշյալ հանդիպումը, ինչպես բոլոր այլ դիվանագիտական հանդիպումները, ընթացավ մի շարք պրոտոկոլային հանդիպումներով ու հայտարարություններով, բայց այդ այցելությունն ու հնչած որոշ խոսքերը, նաեւ մեծ հուզում պատճառեց մարդու իրավունքների պաշտպան գործիչներին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը, թե՛ նախքան Չինաստան այցելելը եւ թե՛ Չինաստանում եղած ժամանակ, հայտարարել է, որ Չինաստանում մարդու իրավունքների հարցը, ԱՄՆ-ի օրակարգերի վրա չի գտնվում: Սա պարզապես հակասում է Քլինթոնի 1995-ին հայտարարած խոսքերի հետ, երբ նա հենց Չինաստանում, խիստ քնադատեց այնտեղ տիրող մարդկային իրավունքների աչքառու խախտումները: Մի խոսքով, ԱՄՆ-ն, որը մինչ օրս «Մարդկային Իրավունքներ» կոչված թերմինն օգտագործելով, չեզոքացնում էր իր մրցակիցներին, այսօր, տնտեսական խիստ պայմաններում, մի կողմ է դնում իր քարոզած «մարդկային» իրավունքները, եւ որդեգրելով օգտապաշտ քաղաքականություն, հայցում է Չինաստանի օգնությունը: Այս իրավիճակում, Չինաստանը մեծ վտանգ է համարվում ԱՄՆ-ի համար, եւ այդ վտանգը ոչ թե ռազմական է, այլ տնտեսաֆինանսական: Մենք նախորդ հոդվածներում մանրակրկտօրեն անդրադարձել ենք ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ գոյություն ունեցով ֆինանսական խնդիրներին, եւ այստեղ, միայն առ ի հիշեցում, պիտի ասել, որ ԱՄՆ-ն մոտ մեկ տրիլիոն (1000 միլիարդ) դոլար պարտք է Չինաստանին, որը եւ ԱՄՆ այդ պատճառով, ճանաչվում է որպես աշխարհի ամենամեծ պարտական երկիրը: Մի պահ պատկերացրեք, եթե Չինաստանը այդ գումարը, հենց այս տնտեսական ծանր օրերին, պահանջի ԱՄՆ-ից, ինչ իրավիճակ կառաջանա ԱՄՆ-ում: Եվ կամ էլ, Չինաստանը, ԱՄՆ դոլարի անկման հետեւանքով, մտադրվի իր դրամական պահեստը, դոլարից վերափոխի մի այլ դրամական համակարգի, օրինակի համար Եւրոյի, եւ ԱՄՆ-ին լուրջ դժվարությունների առջեւ միայնակ լքի: Որոշ մեկնաբաններ անհավանական են համարում այդ տարբերակը, բայց պիտի ասել, որ քաղաքականության մեջ չկա ոչ մի բացարձակ օրենք:

Եվ ճիշտ այդ պատճառներով է, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն միջոց օգտագործել, միայն թե «Դեղին Աժդահակին» իր դեմ չլարվի: Ուրեմն անբարենպաստ պայմաններում, «մարդկային» իրավունքներն էլ անիմաստ է դառնում: Գոյակցությունը, գերադասվում է ամեն ինչի, դա մարդկային բնազդն է թելադրում:

Կարելի է ընթերցողի մոտ հարց առաջանա, թե՞ այս բոլորը ասելով, ի՞նչ եզրահանգումի ենք ուզում հասնել. ցանկանում ենք դատապարտե՞լ ԱՄՆ-ի օգտապաշտ քաղաքականությունը, թե՞ ասել, որ «մարդկային իրավունքը» անիմաստ է ու չպիտի հավատալ նմանօրինակ խնդիրներին: Միանշանակ պիտի ասել, ո՛չ: Մենք չենք ցանկանուն նման եզրահանգումների հասնել, դրանով հանդերձ, որ մեր մամուլի մեծամասնությունը այսօր հեղեղված է նման գրություններով:

Պարզապես մեր եզրահանգումը վերաբերվում է Հայաստանի՝ ընդհանրապես, եւ աշխարհասփյուռ հայության՝ մասնավորապես, «Հայկական հարցի» լուծման ուղղությամբ որդեգրած քաղաքականություններին: Ամեն տարի, երբ մոտենում է Մեծ Եղեռնի տարելիցը, բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեւում են ԱՄՆ-ի հեռուստաալիքներին ու մամուլին, տեսնելով թե արդեօք այս տարի ԱՄՆ-ի նախագահը արդասանելո՞ւ է «ցեղասպանություն» բառը թե՞ ոչ: Եւ ամեն տարի էլ, երբ չեն հասնում իրենց «մուրազ»-ին, հուսահատությամբ մի քանի քաղցր խոսք են ուղղում ԱՄՆ նախագահին, եւ կրկին գործում հաջորդ տարվա համար, մտածելով թե հաջորդ տարի հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը, ելնելով մարդկային եւ բարոյական արժեքներից ու սկզբունքներից, բարի գտնվի եւ Մեծ Եղեռնը ճանաչի որպես ցեղասպանություն: Ես անձնապես դեմ չեմ այն քարոզչությանը, որը սփյուռքի կազմակերպությունները կատարում են Հայոց Ցեղասպանությունը միջազգայնօրեն ճանաչեցնելու համար, բայց դեմ եմ այն միամտությանը, որը կարծում է թե ԱՄՆ իշխանությունը, հավատարիմ մնալով իր քարոզած «մարդկային իրավունք»-ներին, պարտավոր է ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: Այ՛ո, իմ անձնական կարծիքով էլ, թե՛ ԱՄՆ-ն եւ թե՛ Թուրքիան պարտավորություն ունեեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց չեն կատարել: Չեն կատարել, որովհետեւ քաղաքականության եւ միջազգային հարաբերության մեջ պարտավոր լինել, դեռ չի նշանակում պարտավորությունը կատարել: Այսօրվա դրությամբ մեծ տերությունները իրենց պարտավորությունները կատարելու համար պիտի բավարար շահադիտական հիմունքներ ունենան: Ճիշտ է, ու նաեւ ցանկալի, որ պետությունները իրենց հարաբերությունների մեջ կիրառեն նաեւ մարդկային ու բարոյական պատվիրանները, բայց այդպես չի այսօր եւ չի եղել երբեք: Բարոյական պատվիրաները կարելի է որպես արժեք, կիրառել պաշտպանողական ճառերի մեջ, պարզապես շահադիտության ու շահախնդրության այլանդակ կերպարը քողարկելու նպատակով, բայց որեւե դատ դիվանագիտօրեն փաստելու համար, պիտի հիմնվի շահադիտական հիմունքների վրա:

Ուրեմն ժողովրդի մեջ մակերեսայնություն եւ միամտություն սերմանելու փոխարեն, հայեացքները պիտի շրջել դեպի նես, կառուցել ու հզորացնել հայրենիքը ու հայկական բոլոր գաղութները, այնպես, ինչպես դրա միջոցով հնարավորություն կունենանք շահագրգռել մեծ պետություններին, մեր ազգային դատով զբաղվելու եւ իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Եթե այդպես չլինի, մեր դատը դառնալու է միայն մեծ տերությունների խաղաքարտ, միմյանց հետ հաշվեհարդար նստելու համար, եւ բոլորս կախյալ ենք լինելու նրանց քմահաճույքներից:

Tuesday, February 17, 2009

Քենեդիի ահաբեկման առեղծւածը

ՆՈՐ ԱԼԻՔ - 45 տարի առաջ ահաբեկւեց ԱՄՆ-ի նախագահ Ջան Ֆ. Քենեդին: Մինչեւ այսօր, այդ ահաբեկման ճշմարտութիւնը քողարկւած է: Ըստ Վարեն յանձնաժողովի յայտարարութեանը, որն ուսումնասիրում էր այդ ահաբեկման փաթեթը, նախագահի ահաբեգիչ՝ Լի Հարւէյ Օսւալդը, մի խելագար ոճրագործ է եղել, որը միայնակ ձեռնարկել է այդ գործողութիւնը: Բայց մի քանի ժամանակ անց, ԱՄՆ-ի կոնգրեսը, իր զեկոյցում, մերժեց Վարենի յանձնաժողովի տւեալները:
Երկու օր անց, երբ Օսւալդը ոսիկանատնից փոխադրւում է բանտ, սպանւեց մի երրորդ անձնաւորութեան՝ Ջաք Ռոբիի միջոցով, որը եւ վերջինս էլ կասկածելի ձեւով մահացաւ բանտում:
Բայց պիտի ասել, որ Քենեդիի ահաբեկման գործողութիւնից մի շատ հետաքրքրական ֆիլմ գոյութիւն ունի, որտեղ պարզօրէն յայտնւում է, թէ երբ նախագահը իր պաշտոնական ինքնաշարժով, ժողովրդի մէջ է մտնում, պահակների պատասխանատուն, այն պահակին, որը քայլում էր նախագահի կողքին, հրահանգում է թէ հեռանալ նախագահից: Հետաքրքրականն այն է, որ յիշեալ պահակը իր զարմանքը չի թաքցնում, եւ ձեռքերի շարժումով ասում է թէ զարմացել է իր ստացած հրահանգից: Եւ այդ դեպքից մի քանի րոպէ անց, ահաբեկւում է ԱՄՆ-ի նախագահ՝ Քենեդին:
Վերջում պիտի նշել, որ դրանով հանդերձ, որ 45 տարի է անցել այդ ահաբեկումից, բայց մինչ այսօր ԱՄՆ-ի իշխանութիւնը ոչ մի փաստաթուղթ չի բացայայտել եւ այդ թեման դեռ փակ է պահւում ժողովրդից: Բայց արդեօք, եթէ Օսւալդը իրօք խելագար էր, ինչո՞ւ այդ դեպքի փաստաթղթերը չեն բացայայտւում:


Friday, February 13, 2009

Իրան-ԱՄՆ հարաբերություններն ու Արաբական երկրների սարսափը


Արթին Առաքելյան


Բազմաթիվ մեկնաբաններ համոզված են, որ Իրան-ԱՄՆ, մինչօրս սառեցված հարաբերություններից շահել են տարածաշրջանի Արաբական երկրները, երբ Պարսից Ծոցի «ոստիկան» համարվող Իրանի Շահին, փոխարինեց Սաուդական Արաբիան եվ այդ պատճառով էլ արդիական վերջին զենքերի հոսքը, Իրանի փոխարեն, հոսեց դեպի Արաբական երկրներ ու մասնավորապես Սաուդական Արաբիա, որի հետեւանքով էլ այդ երկրները դարձան տարածաշրջանի ամենամեծ զինամթերքի պահեստը:

Զինամթերքից բացի, նաեւ կան տնտեսական շահագործումներ էլ: Օրինակի համար, Արեվմուտքի կողմից Իրանին պարտադրված տնտեսական շրջափակումների հետեվանքով, Իրանցիները այդ շրջափակումները շրջանցելու նպատակով, պարտադրված Միացյալ Արաբական Էմիրությունը ընտրել են որպես տնտեսական առեվտրի կենտրոն, եւ այդ պատճառով, այդ Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը՝ Դուբայը, դարձել է մեծ Իրանի տնտեսության դարպասը, որը մեծ ազդեցություն ունի Իրանի արտածումների ու ներմուծումների վրա եւ շահում է այդ հանգամանքից:

Այս բոլորի պատճառով, Արաբական որոշ պետություններ, ցանկանում են, որ Իրան-ԱՄՆ սառեցված հարաբերությունները մնան նույն կարգավիճակում, եվ սարսափում են, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Բարաք Օբաման, իրագործի իր խոստումը եւ հարաբերություն ստեղծի Իրանի պետության հետ: Այս մտայնությունը նրանց մղում է, խախտումներ առաջացնել Իրան-ԱՄՆ հավանական հարաբերությունների կարգավորման գործընթացքում:

Բայց իրականությունն ավելի վեր է, քան առօրեա քաղաքական մարտավարությունները:

1- Իրականությունն այն է, որ Իրան-ԱՄՆ սառեցված հարաբերությունները հավիտենական չեն, եւ ապագայում, ի վերջո, երկու երկրներն իրենց մայրաքաղաքներում բացելու են միմյանց դեսպանատները եւ փորձելու են նորմալ հարաբերություններ ստեղծել երկու պետությունների միջեւ. անկախ այն բանից, որ հնարավոր է դա երկարատեվ ծրագրի արդիւնք լինել:

Նմանօրինակ իրավիճակում, Արաբական այն երկրները, որոնք իրենց շահը ապահովելու համար, բացահայտ կերպով թշնամություն են անում Իրանի դեմ, բնականաբար հնարավորություն չեն ունենա այսօրվա նման վարկ ապահովել եվ կորցնելու են իրենց մանեվրելու ունակությունը:

2- Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման հետեվանքով, նաեվ բարելավվելու է միջինարեվելքի կայունության ու խաղաղության կարգավիճակը: Ընդհանուր Արաբական երկրները, ներկայում գտնվում են տնտեսական զարգացումների փուլում եւ հասարակական ու քաղաքական առումով էլ, նկատի ունենալով նրանց երիտասարդ հասարակությունը, այդ երկրները խիստ կարիք ունեն տարածաշրջանային խաղաղ մթնոլորդի, իրենց անցումային շրջանն անփորձանք անցացնելու համար:

Տրամաբանական հայեացքից դիտած, պարզվում է, որ միջինարեվելքի կայուն խաղաղությունը պայմանավորված է միազգային ու տարածաշրջանային երկու երկրների ալեկոծված հարաբերությունների հանդարդության հետ: Անկասկած, կայուն խաղաղությունը կարելի կդարձնի, որ «Աշխարհի էներգիայի մայրաքաղաք» կոչված միջինարեվելքը, վերածվի աշխարհի ամենազարգացած եվ արդիական կենտրոններից մեկը, որը նախ եվ առաջ օգտավետ կլինի, հենց այդ տարածաշրջանի ժողովուրդի համար:

3- Եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունները սառեցումից անցնի ռազմական փուլ, եվ հանգի մի նոր պատերազմի, վստահ պիտի լինել, որ այդ հավանական պատերազմը չի սահմանափակվի լոկ Իրանի սահմաններում, եվ մեծ հավանականությամբ, տարածվելու է ամբողջ տարածաշրջանում, ու անհավանական չէ, որ Իրանի հանդեպ թշնամանքով տրամադրված հարեվան երկրներն էլ այդ պատերազմին զոհ դառնան:

Նմանօրինակ պայմաններում բնական է, որ Իրանի տնտեսությունը խիստ վնասներ կկրի իր վրա, բայց հարեվան երկրները՝ գլխավորաբար Պարսից Ծոցում գտնվող Արաբ երկրները, որոնց տնտեսությունը շատ ավելի կախվածություն ունի դրսին, լուրջ վնասներ են ստանալու եվ այն ինչ, որ կառուցել են տարիների ընթացքում, մոխիր կդառնա:


* * *


Ուրեմն, թե՛ Իրանին ու ԱՄՆ-ին, եվ թե՛ տարածաշրջանի Արաբական պետություններին հարգավոր է խաղաղ ու կայուն միջինարեվելք, եվ ինչպես, որ վերը նշեցինք, դա միայն պայմանավորված է Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումով:

Ուրեմն Լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների ղեկավարության համար, այն է, որ եթե չեն ձգտում բարելավել նշյալ երկու երկրների հարաբերությունները, գոնե խոչընդոտ չհանդիսանան, որովհետեվ հավանական է, որ այդ խոչընդոտները մի օր իրենց գլխին պատուհաս դառնա:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը