Friday, March 04, 2011

Ինչո՞ւ Իրանը ուրախ է արաբական երկրների հեղափոխություններից


Արթին Առաքելյան 

Ինչպես արդեն գիտենք 2011 թվականն էլ սկսվեց մի հսկայական ցունամիով, բայց այս անգամ ոչ թե օվկիանոսն էր հեղեղել աշխարհը, այլ արաբական ժողովուրդը: Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդի ընդվզումից առաջացած ցունամին գահընկեց արեց, արդեն մի քանի տանսամյակ գահին գամված երկու ղեկավարների՝ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին ու Հոսնի Մուբարաքին: 

Այդ իսկ պատճառով, այսօրերին փորձագետները փորձում են քննարկել այդ հեղափոխությունների արդյունքներն ու հավանական հետևանքները՝ տարածաշրջանի մյուս երկրների համար: Այդ գործողությունից զերծ չի մնացել նաև Իրանի իշխանությունը: Թեև Իրանի իշխանության համար, որը ոչ մի կերպ չի տարբերվում Բեն Ալիի ու Մուբարաքի իշանություններից, արաբական երկրների ժողովուրդի ընդվզումը մտահոգիչ է հասարակական դիտանկյունից, բայց նաև հուսադրելի է ռազմավարական ակնոցով դիտված: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, թե ինչո՞ւ հասարակական դիտանկյունից, արաբական հեղափոխությունները մտահոգիչ են Իրանի իշխանությունների համար, ու այս գրությամբ կփորձեմ ներկայացնել, թե ինչո՞ւ հիշյալ հեղափոխությունները հուսադրելի են Իրանի համար, երբ Իրանի իշխանավորները չեն էլ թակցնում, որ իրոք ուրախ են այդ իրադարձություններից: 

Իսկ Իրանը, ոչ թե ուրախ է այն պատճառով, որ իր իսլամական հեղափոխության գաղափարներն են, որ տարածում են գտել տարածաշրջանում, այլ այդ ուրախությունը ուղակի կապ ունի ռազմավարական դրդապատճառների հետ: Եգիպտոսը, Քեմփ Դեյվիդի խաղաղության պայմանագիրը Իսրայելի հետ ստորագրելով, դարձավ Իսրայելի տարածաշրջանային կարևոր դաշնակիցներից մեկը, եթե չասենք գլխավորը: Հիշյալ պայմանագրի հիման վրա, Իսրայելը ապահովություն զգաց իր արևմտյան սահմաններում: Ուրեմն Իսրայելը հնարավորություն ստացավ զբաղվել Սիրիայի, Պաղեստինի ու Լիբանանի «Հիզբոլլահի» հետ: 

Հատկանշականն այն է, որ Եգիպտոսը, որպես իսլամական սունի երկրների շրջանակում ամենաազեցիկ երկիրը համարվելով, լուրջ աշխատանք էր ծավալում, տարածաշրջանում Իրանի դերակատարությունը չեզոքացնելու գործում: Իսրայելն էլ իր հերթին արդեն կարծես համակերպվել էր այն փաստի հետ, որ արաբական երկրներում գրեթե երբեք կտրուկ փոփոխություններ չեն իրականանում: Արաբական երկրներում, միշտ տիրել են այնպիսի ղեկավարներ, որոնց միայն մահն է բաժանել գահից, ու նրանց մահվանից հետո էլ, երկրի ուժը խաղաղ կերպով ժառանգվել է ղեկավարի որդուն կամ, Պաղեստինի պարագայում մերձավոր և վստահելի անձնավորությանը: 

Այդ փաստերը պատճառ էին դարձել, որ Իսրայելը Իրանի դեմ ուղղած իր բոլոր հայտարարություններում ռազմատենչ ոճով հանդես գար, վստահ լինելով, որ արաբական երկրների ղեկավարները, եթե անգամ չհովանավորեն իրենց, բայց գոնե թիկունքից չեն հարվածելու: Որոշ փորձագետներ նաև համոզված են, որ Իսրայելը վերջին տարիների ընթացքում, արդեն սկսել էր Իրանի դեմ իր ծրագրած պատերազմը՝ դեռ անուղղակի ու մասնավոր հարվածների ոճով: Նրանց համոզմամբ, վերջին տարիների ընթացքում Իրանի ռազմական ու հրթիռային մի քանի կարևոր ու գաղտնի կենտրոններում տեղի ունեցած պայթյունները, ոչ թե պատահական ու դժբախտ պատահարի արդյունք էին, այլ հակառակը՝ Իսրայելի գործակալների մասնավոր հարված, որը նաև սարսափ էր հարուցում Իրանի իշխանությունների մոտ: Իսրայելը իր սահմաններում իրեն ապահով զգալով նաև բացահայտ հայտարարում էր, որ եթե Իրանը շարունակի իր միջուկային աշխատանքները, Իսրայելի օդուժը ուղղակի հարձակում կիրականացնի ու կոչնցացնի դրանք, ինչպես 1982-ին կատարեց Իրաքի «Ուսիրաք» ատոմակայանի դեպքում: 

Այս իրավիճակում, երբ արաբական երկրներում տեղի ունեցավ հեղափոխական փոփոխություններ, ակնհայտ կարելի էր տեսնել Իրանի իշխանությունների ուրախությունը, որի գագաթնակետը դարձավ, երբ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Թեհրանի ուրբաթօրյա նամազի ընթացքում, արաբերենով պատգամ ուղղեց Եգիպտոսի ու Թունիսի հեղափոխականներին: 

Այդ բացահայտ ուրախության հիմնական դրդապատճառն այն է, որ այս պահին երբ Իսրայելը իր տարածաշրջանը ալեկոծված է տեսնում, ու դեռ իր համար պարզ չէ, թե մասնավորապես Եգիպտոսի ճակատագիրն ու իրենց միջև ստորագրված խաղաղության պայմանագիրը ի՞նչ ճակատագիր է ունենալու, Իրանը կարող է իրեն հանգիստ զգալ: Մի խոսքով, Եգիպտոսի իրադարձությունները որոշ ժամանակով Իրանի ապահովությունն ու անվտանգությունը ապահովեց: 

Պատմությունը ապացուցել է, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, մի քանի տարի է պահանջվել, քաղաքական կայունություն հաստատելու համար, և Եգիպտոսն էլ բացառություն չէ: Եգիպտոսի նոր կառավարությունն էլ պարտավոր է, մի որոշ ժամանակի համար հաշվի նստել ներքին ու նաև արաբական ազգերի հանրային կարծիքի հետ, ու բնական է, որ արաբական հասարակությունը, հակառակ իրենց իշխանություններին՝ դեմ են Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունների հետ: Ուրեմն եթե չկա Մուբարաքը, չի իրականանալու նաև Իսրայելի հավանական հարձակումը և դա չի կարող չուրախացնել Իրանի իշխանություններին: 

Այդ մասին, օրեր առաջ Իսրայելական Haaretz օրաթերթի մեկնաբանը հետահրքիր խոսք էր հնչեցրել. «Իրանը իր ռազմանավերով Սուեզի ջրանցքից անցնելով, տոնեց Մուբարաքի վարչակարգի փլուզումը»:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը