Tuesday, February 27, 2007

Ստորագրահաւաք

Ձեր ստորագրութեամբ օժանդակեք Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին:

Wednesday, February 21, 2007

Իրան-ԱՄՆ թաքուն պատերազմ՝ յանուն բանակցութեան

Կարծես թէ Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան թեման իր պատշաճ տեղն է գտնում թէ՛ իրանական, եւ թէ՛ ամերիկեան պետական այրերի ու դիւանագէտների օրակարգի մէջ:Երկկողմ բանակցութեան ու համագործակցութեան հարցը հնարաւոր չէ նորութիւն համարել, որովհետեւ երբ ԱՄՆ-ն գրաւեց Աֆղանստանն ու Իրաքը եւ մխրճւեց իրեն անծանօթ երկրների մէջ, տարածաշրջանում միայն Իրանն էր, որ պահը ճիշտ գնահատելով՝ Ամերիկային օգնութեան եկաւ՝ տւեալ երկրներում կայունութիւն հաստատելով: Երբ Աֆղանստանում Իւնէս Ղանունին ընդդիմացել էր ԱՄՆ-ին, հակառակւելով Համեդ Քարզայի հետ, դա Իրանն էր, որ Ղանունիի հետ բանակցելով՝ նրան համոզեց ընդունել Քարզային ու վերջ տալ ներքին պատերազմին: Նման իրողութիւն պատահեց նաեւ Իրաքում. երբ գաւառական ու կրօնական քաշքշուկներից յոգնած իրաքցիները համախմբւեցին Նուրի Ալմալեքիի շուրջ, Իրանը իր աջակցութիւնը յայտնեց եւ փորձեց իրաքեան բոլոր կողմերին համախմբել նրա անձի շուրջ:Այս բոլորը նկատելով եւ վերլուծելով՝ տեսնում ենք, որ Իրանը որպէս տարածաշրջանային եւ միջազգային շատ կարեւոր դերակատար՝ միշտ ներկայ է եղել ասպարէզում ու իր ներդրումն է ունեցել տարբեր հարցեր լուծելու գործընթացներում:Երեւի թէ նմանօրինակ Իրանը հաճելի լինի ԱՄՆ-ի համար, բայց եթէ իրատեսօրէն վերլուծենք, կը տեսնենք, որ Իրանի նման երկիր իր հսկայ տարածքով, հարուստ հանքերով, վաղեմի մշակոյթով եւ դարաւոր պատմութեամբ չի կարող միայն հաշտարարի ու միջնորդի դերում գտնւել, այն էլ մի տարածաշրջանում, ուր ամէն բնագաւառում թոյլ են իրենից:Իրանը իր պատւաբեր դիրքն է փնտրում առաջիկայ տարիներում աշխարհի էներգետիկ կարիքները հոգալու խնդրում:Ինչպէս այսօր, վաղը եւս ժողովուրդները գոյատեւելու համար կարիք կունենան էներգիայի: Նաւթը սպառման եզրին է եւ ատոմական էներգիան գրաւում է նրա տեղը՝ դառնալով աշխարհի գլխաւոր էներգիայի աղբիւրը:Ուրեմն՝ էներգիային տիրապետելու նպատակով պայքարը նաւթի հանքերից փոխադրւում է ատոմակայաններ եւ դա է նաեւ այսօրւայ Իրան-ԱՄՆ պարզ ու թաքուն պայքարի պատճառը:Այս վերջին տարիների ընթացքում այդ երկկողմ պայքարը աւելիով է սրւել ու այնքան է զարգացել, որ բոլորին մտահոգել է հաւանական պատերազմի խնդիրը:Սպառնալիքները լինում են ծայրաստիճան խիստ: ԱՄՆ-ի տարբեր քաղաքական ու բանակային այրերը, ինչու չէ նաեւ Իրանի իշխանութիւնը, յատկապէս վերջին մէկ տարւայ ընթացքում միմեանց սպառնացել են տարբեր միջոցներով: Բայց, ինչո՞ւ այսքան սպառնալիք, երբ կայ բանակցութեան այլընտրանքը:Ինչպէս գիտէք, Իրանն ու ԱՄՆ-ն աւելի քան 25 տարի է, ինչ խզել են իրենց դիւանագիտական ու տնտեսական յարաբերութիւնները եւ այդ պատճառով՝ համահաւասար վնաս են կրում: Արդի աշխարհում, ուր ամէն ինչ պայմանաւորւած է յարաբերութիւններով ու համագործակցութիւններով, նմանօրինակ կապերի խզումը չի կարող երկար գոյատեւել: Այդ իսկ պատճառով՝ բանակցութիւնը դառնում է մի կարեւոր օրակարգ եւ այլեւս հնարաւոր չէ անտեսել այն: Բայց, թէ՛ Իրանը, եւ թէ՛ Ամերիկան շուրջ երկու տասնամեակ է, ինչ տարբեր ոճերով սպառնացել են միմեանց, եւ նման պայմաններում որեւէ բանակցութիւն չի կարող սկսւել առանց նախաբանի ու նախապայմանի:Այս վերջին մէկ տարւայ ընթացքում սպառնալիքները անցել են բոլոր առկայ սահմանները եւ սկսւել է մի թաքուն պատերազմ, որը, ըստ երեւոյթին, երկու կողմին կը բերի բանակցութեան սեղանի շուրջ. դրա պարզ փաստերը այսօր կարելի է տեսնել թէ՛ Իրանում, եւ թէ՛ ԱՄՆ-ում:Նախագահ Ահմադինեժադն իր վերջին արտայայտութիւնների ընթացքում անգամներ յայտարարել է, որ ատոմական խնդրի մասին պատրաստ է բանակցել նոյնիսկ Ամերիկայի հետ: Իսլամական յեղափոխութեան առաջնորդի յատուկ խորհրդական դոկտ. Վելայաթին իր վերջին հարցազրոյցի ընթացքում յայտարարեց՝ ատոմական աշխատանքների առկախումը երբեք մեր տաբուն չի եղել եւ նրան լրացնելու նպատակով՝ Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Լարիջանին ասաց, որ ուրանի 4% հարստացման փուլը կարող է բանակցութիւնների սկիզբ լինել:ԱՄՆ-ում եւս նմանատիպ յայտարարութիւններ են կատարւում՝ թէ՛ նախագահի, եւ թէ՛ այլ դիւանագէտների կողմից: Ջորջ Բուշը, հակառակ իր նախկին արտայայտութիւններին, օրեր առաջ իր ասուլիսում ասաց, որ ԱՄՆ-ն չի մտածում Իրանի դէմ պատերազմելու մասին եւ ոչ էլ վարչակարգը փոխելու ցանկութիւն ունի:Երեւի թէ այսօր, աւելի քան երբեք, զարգացել է Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան ցանկութիւնը՝ թէ՛ երկու երկրների իշխանութիւնների, եւ թէ՛ նրանց ժողովուրդների մօտ:Այսքանը միայն ներկայ իրավիճակի վերլուծութիւնն է. թէ քաղաքական աշխարհը ինչ անակնկալներով է բեղմնաւորւած՝ դա կը պարզւի ապագայ ամիսներում եւ կամ տարիներում:

Tuesday, February 20, 2007

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՐԵԱՆԵՐ

«Ֆորբս» ամսագրից բացի Ռուսաստանի զանազան բնավ էլ ոչ բուլվարային հրատարակություններ ժամանակ առ ժամանակ հրապարակում են երկրի մեծահարուստների` ձեռնարկատերերի, բանկիրների, գույքատերերի եւ ուրիշ այլ գործարար մարդկանց ցուցակներ: Սակայն վերջին նման մի «տեղեկատու» ուշադրություն էր գրավում, որ ցուցակում տեղ էին գտել միայն հրեաների անուններ: Ընդսմին, արտաքնապես ինչ ազգանունի ասես չես հանդիպի` բուն հրեական, մահմեդական, վրացական, ռուսական... Օրինակ, ըստ այդ ցուցակի, հրեա են Ադրբեջանի ծնունդ, «Լուկօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը եւ «Կրոկուս» ընկերությունների խմբի տիրակալ Արաս Աղալարովը:
Հայտնի է, որ հրեաները իրենց ազգային պատկանելությունը որոշում են մոր կողմով: Սակայն այս անգամ այն տպավորությունն է ստեղծվում, որ սկսել են հրեա համարվել նաեւ մի շարք մեծահարուստներ, որոնց... կինն է այդ ցեղի ներկայացուցիչը: Ինչեւէ, ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հիշյալ ցուցակի մեջ մտած մի շարք «հրեաների» անուններ, որոնք, կարծում ենք, կառաջացնեն ամենամեծ... հետաքրքրությունը:
Ալեքսանդր Տեր-Ավանեսով-«Տեխինվեստ» ընկերության համատեր:
Աշոտ Եղիազարյան-Պետդումայի պատգամավոր, «Դաեւ-պլազա» ընկերության համատեր: Տարեսկզբին ընկերությունը 150 մլն դոլարով վաճառեց Ռուբլյովսկոյե խճուղում գտնվող «Եվրոպարկ» առեւտրի կենտրոնը:
Գրիգոր Խաչատուրով-«Պրոտեկ» կենտրոնի հիմնադիր եւ համատեր:
Ռուբեն Վարդանյան-«Տրոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:
Դանիլ Խաչատուրով-«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ: Վերահսկում է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 75%-ից մեկով պակաս բաժնետոմսեր: Նաեւ քաղաքային հիպոթեկային բանկի տերն է:
Գենադի Այվազյան-«Կուզբասրազրեզուգոլ» հոլդինգի համատեր, Krutrade ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:
Արտաշես Թերզյան-«Տրաստ» ազգային եւ ներդրումային բանկերի տնօրենների խորհրդի անդամ:
Ալեքսանդր Խաչատրյան-«Կոպեյկա» առեւտրի ցանցի տնօրենների խորհրդի անդամ: Սերգեյ Լոմակինի եւ Ալեքսանդր Սամոնովի հետ տիրում է ընկերության 50 տոկոսին: Մնացյալ 50 տոկոսը պատկանում է «Ուրալսիբ» ֆինանսական ընկերությանը:
Ջիվան Չելոյանց-«Լուկօյլի» նավթի եւ գազի հանույթի ապահովման գլխավոր վարչության պետ: Տիրում է ընկերության բաժնետոմսերի 0,1 տոկոսին:
Ռուբեն Դիշդիշյան-«Սենտրալ պարտներշիփ» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն եւ համատեր: 2005 թ. նոյեմբերին բաժնետոմսերի ստուգիչ փաթեթը վաճառեց «Ինտերռոս» հոլդինգի մեջ մտնող «Պրոֆ-մեդիա» խմբին:
Սակայն ամենահետաքրքրականը երեւի այն է, թե այս մարդիկ իրենք իրենց ի՞նչ են համարում` հա՞յ, թե հրեա: Ելնելով այս տարօրինակ ցուցակից, գալիս ես այն եզրակացության, որ ամենաիսկական հայը, այնուամենայնիվ... Արա Աբրահամյանն է: համենայն դեպս նրա անունը չկա այդ ցուցակում:

Saturday, February 10, 2007

Ազատութեան ջահակիրը

Բոլոր ժողովուրդների պատմութեան էջերում կարելի է տեսնել մի աչքառու նմանութիւն, որն է պայքար՝ յանուն ազատութեան ու արդարութեան: Եթէ փորձենք կարդալ այդ պայքարին պատկանող էջերը, կը տեսնենք, որ բոլոր ժողովուրդները տարբեր դարաշրջաններում ու նաեւ տարբեր ձեւերով վճարել են այդ մնայուն արժէքների գինը, անգամ իրենց արիւնով ու կեանքով:Եթէ փորձենք այս ուղղութեամբ աւելի փիլիսոփայել, պիտի ասել, որ ժողովրդավարութեան հասնելու համար՝ կան երկու պարզ ձեւեր, որն ըստ տեսաբանների՝ անւանւում են՝ ա. ժողովրդավարութիւն՝ վերեւից ու բ. ժողովրդավարութիւն՝ վարից: Ահա թէ ինչ են սրանք:
Ժողովրդավարութիւն վերեւից նշանակում է այն, որ իշխանութեան տնօրինման հետեւանքով, եւ անպայման չէ, որ պիտի կախում ունենայ ժողովրդի ցանկութիւնից, երկրում իրագործւում են ժողովրդավարական կարգեր, որ առհասարակ լինում են իշխանաւորների կողմից ըմբռնւած ու բացատրւած ժողովրդավարական ձեւերի հիման վրայ: Այս տեսակ «ժողովրդավարական» կարգերը սովորաբար, յանգում են մեղմ ու թաքուն դիկտատուրայի, որի ընթացքում իշխանութիւնը դառնում է հասարակութեան հայրը ու գործում է ըստ իր «հայրական» ձեւաչափերի՝ շարունակաբար ժողովրդին յիշեցնելով, որ ինքը բարի հայր է ու առաջնորդւում է ժողովրդավարական արժէքներով:Այս ձեւի հակառակը կայ եւս՝ «ժողովրդավարութիւն վարից» գործելաոճը, որը հիմնւած է ազատութեան ու արդարութեան համար մղւած պայքարներից ձեռք բերած արժէքների հիման վրայ, այսինքն՝ նախ ժողովուրդն է սկսում պայքարել՝ այդ արժէքները հաստատելու համար եւ ոչ՝ իշխանութիւնը: Այս տարբերակի առաւելութիւնն այն է, որ ժողովուրդը ազատութեան հասնելու համար մղած պայքարների ընթացքում նախ դաստիարակւում է, որ ազատութիւնը իրականում ինչ է, ինչպէս պիտի հասնել ու պահպանել այն եւ ամենից կարեւորը այն, որ սովորում է, որ իւրաքանչիւր անձ պիտի կարողութիւնն ունենայ վճարել ազատութեան ու արդարութեան հասնելու համար պահանջւած գինը: Այդ գինը վճարած ժողովուրդները ունակ են պահպանելու ձեռք բերած ազատութիւնը:Սա այն գործելաոճն է, որ առհասարակ կիրառւում է ազատատենչ ժողովուրդների կողմից ու նաեւ այս ուղղութեամբ էր, որ գործում ու պայքարում էր «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր քաջարի Հրանտ Դինքը:
Նա իր կեանքի ընթացքը նւիրեց Թուրքիայում ազատութեան ու արդարութեան արժէքների հաստատմանը ու, ի վերջոյ, զոհւեց իր իսկ կառուցած բագինի առջեւ: Նա հաւատում էր, որ Թուրքիայում ազատութեան հասնելու համար՝ պիտի պայքարել ոչ թէ արտաքին ճակատում, այլ՝ ներքին ճակատում ժողովրդին հասունացնելու միջոցով:
Դինքը այդ պայքարի ընթացքում գործեց Թուրքիայի Սահմանադրութեան 301-րդ յօդւածի դէմ, որը արգելում էր երկրում խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին՝ խիզախ դասախօսութիւնների, հարցազրոյցների ու յօդւածների միջոցով: Այդ պայքարում երբեք չէր հաւատում այլ կառավարութիւնների միջամտութեանը, անգամ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրի ուղղութեամբ: Նա գիտէր, որ գերուժերը գործում են իրենց շահերի հիման վրայ, եւ նրանց միջամտութեամբ Հայոց Ցեղասպանութեան ու առհասարակ Թուրքիայում խօսքի ազատութեան թեման դառնալու է այդ ուժերի ու Թուրքիայի կառավարութեան առեւտրի առարկայ:
Հրանտ Դինքին կարելի է համարել Թուրքիայում ժողովրդավարութեան համար պայքարող նորօրեայ ռահվիրաներից: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի ժողովուրդը պիտի ծանօթանայ Հայոց Ցեղասպանութեան իրականութեանը: Ինչպէս ինքն էր ասում. «Իմ առաջին պարտականութիւնը թուրքերին իրականութիւնը փոխանցելն է»:
Նա իր տարբեր հարցազրոյցներում ասում էր. «Ճշմարիտ եմ, աշխատասէր եմ, բայց թուրք չեմ» եւ փորձում էր այդ խօսքով թուրք ժողովրդին հասկացնել, որ Թուրքիայում ապրում են նաեւ ոչ-թուրք ազգեր, որոնք Թուրքիայի քաղաքացի են, բայց թուրք չեն:Բնականաբար, Թուրքիայում Հրանտ Դինքի հիմք դրած ու արմատաւորւած ազատութեան աւանդը նոր ծիլեր պիտի տայ ու արդիւնաւորւի, որովհետեւ թէ՛ ինքը, եւ թէ՛ նրան հետեւող այլ մտաւորականներն ու անհատները գիտեն, որ ազատութիւնն ունի իր գինը, որը պիտի վճարել եւ որը վճարեց ինքը՝ Հրանտ Դինքը:
Յարգանք՝ նրա յիշատակին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը