Thursday, March 17, 2011

Նոր պատերա՞զմ է նախատեսվում Պարսից ծոցում

Արթին Առաքելյան

Իսլամական աշխարհում դարեր շարունակ իրար են բախվել շիաներն ու սուննիները: Շիաների ճամբարը գլխավորել է Իրանը, իսկ սուննիների կարկառուն ներկայացուցիչն է եղել Սաուդյան Արաբիան, որը փորձել է տարածաշրջանում տարածել «Վահաբի» գաղափարախոսությունը:

Երկար տարիներ էր, որ շիաների ու սուննիների միջև լուրջ բախումներ չէին արձանագրվել, և մի կերպ նրանք միավորվում էին Իսրայելի դեմ՝ Պաղեստինը փրկելու նպատակով:

Իսկ վերջին օրերում Բահրեյնում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո կրկին անգամ սուննիները բախվեցին շիաների հետ:

Բահրեյնի բնակչության մեծամասնությունը շիա մուսուլմաններ են, որը գտնվում են սուննի փոքրամասնության իշխանության ներքո:

Երբ Բահրեյնում առաջացավ բողոքի ցույցեր, ու իշխանություններն էլ անկարող դարձան ցույցերը կասեցնելու, նրանք, դիմելով Սաուդյան Արաբիային, ռազմական օգնություն խնդրեցին` երկրում կայունություն հաստատելու նպատակով:

Արդեն Սաուդյան Արաբիայի բանակայինները գտնվում են Բահրեյնում ու փորձում են հանդարտեցնել իրավիճակը, բայց Իրանն ու Բահրեյնի ընդդիմադիրները դա բնութագրում են որպես սուննիների պայքար շիաների դեմ:

Իրանական կողմը դեռ զուսպ է, ու միայն փորձում է դիվանագիտական միջոցով հարցին լուծում գտնել, բայց Իրանում նաև գոյություն ունեն, այսպես ասած, ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք իրենց իսլամի մահապարտներ են անվանում, և մեծ հավանականությամբ նրանք լուռ չեն մնա Բահրեյնում շիաների սպանության կապակցությամբ:

Իրանական Raja News լրատվական կայքը, վերլուծելով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունները, խիստ մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունների վերաբերյալ: Կայքի փոխանցմամբ, արդեն մի քանի ցուցարար զոհվել է Սաուդյան Արաբիայի զինվորների ձեռքով:

Կայքի մատուցմամբ, Բահրեյնի շիա ընդդիմադիրները հայտարարել են, որ եթե Սաուդյան Արաբիայի բանակը շարունակի միջամտել Բահրեյնի ներքին գործերին, իրենք էլ Իրանից օգնություն կխնդրեն:

Raja News-ի փոխանցմամբ, հավանաբար եթե Սաուդյան Արաբիայի ուժերը փորձեն, Բահրեյնում ներկա գտվելով, Պարսից ծոցի ուժային հավասարակշռությունը խափանել, իրանական ուժերը, Բահրեյնում միջամտելով, կկանխեն Բահրեյնի շիա հասարակության դեմ ուղղված սադրանքները:

Shia News լրատվական կայքն էլ հրապարակել է, որ իրանական մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ սկսել են Բահրեյնի շիա ժողովուրդին աջակցելու նպատակով հավաքագրել մահապարտների, որի համաձայն` այն անհատները, ովքեր ցանկանում են պայքարել հանուն Բահրեյնի շիա ժողովուրդի փրկության, մահապարտների ցուցակում արձանագրվելով, պատրաստ կլինեն մեկնելու Բահրեյն ու կռվելու Սաուդյան Արաբիայի զինուժի դեմ:

Թեև Իրանի բանակայինները հերքում են Բահրեյնում Իրանի ռազմական միջամտության հավանականությունը, բայց հնարավոր է, որ եթե Բահրեյնի իրավիճակը մնա նույնը կամ վատթարանա ներկա իրավիճակի համեմատ, իրանական մահապարտները, ներթափանցելով Բահրեյն, կփորձեն դիմադրել Սաուդյան Արաբիայի բանակին: 

Դա արդեն ապացուցում է, որ պատերազմի լուրջ նախանշաններ գոյություն ունեն Պարսից ծոցի տարածաշրջանում, ու եթե միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ն չմիջամտի Բահրեյնի հարցում, մենք նոր պատերազմի ականատեսը կլինենք. այս անգամ շիաների պատերազմը` ընդդեմ սուննիների:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը