Monday, January 31, 2011

«Ես Թունիսի Խոմեյնին չեմ»

Asharq Al-Awsat օրաթերթի հաղորդմամբ, հունվարի 30-ին Թունիսի «Իսլամական շարժման» աքսորված առաջնորդ Ռաշեդ Ղանուշին 21 տարուց հետո, ի վերջո, վերադարձել է Թունիս:

Նրա վերադարձին մարդու իրավունքների և կանանց հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների անդամներ, օդանավակայանում համախմբվելով, պահանջել էին, որ կրոնը պիտի հեռու մնա քաղաքականությունից:

Այդ իսկ պատճառով Ղանուշին մայրաքաղաք հասնելուց անմիջապես հետո փորձել է հանդարտեցնել բողոքող ժողովրդին:

Նա ասել է, որ արևմտյան մամուլը սխալ պատկեր է ներկայացրել իրենից: 

Ղանուշին հայտարարել է. «Ես Թունիսի Խոմեյնին չեմ: Իմ իսլամական հավատամքը ոչ մի նմանություն չունի իրանական տեսակի հետ»: 

Ղանուշիին նաև մատնանշել է, որ իր տեսակետները շատ մոտ են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության տեսակետներին, որտեղ հարգվում է կրոնը, բայց միաժամանակ կրոնին թույլ չեն տալիս մտնել քաղաքական ասպարեզ»։

69-ամյա Ռաշեդ Ղանուշին 1972-ից է սկսել իր գործունեությունը Թունիսում: 

Նրա կազմակերպած «Իսլամական հանրություն» կուսակցության գործունեությունը արգելվել էր Թունիսի առաջին նախագահ Հաբիբ Բորղիբեյի կողմից, և Ռաշեդ Ղանուշին 1981-ին հայտնվել էր բանտում: 

Իսկ 1987-ին Թունիսում Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիի իշխանության գլուխ անցնելուց հետո նա կրկին գործելու հնարավորություն ստացավ, ինչը երկար չտևեց: 

1989-ին Ղանուշիի՝ արդեն «Իսլամական շարժում» կոչված կազմակերպության հարաբերությունները Բեն Ալիի կառավարության հետ վատացան, և նույն թվականին Ղանուշին փախուստի դիմեց՝ մեկնելով Լոնդոն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նավատորմը խիստ հսկողություն է իրականացնում Պարսից ծոցում

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հասան Ֆիրուզաբադին իրանական Fars գործակալությանը հայտնել է. 

«Տարիներ է արդեն, որ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական նավերը սովորություն են դարձել շրջել Պարսից ծոցում, ինչն ապացուցում է նրանց ագահությունը շրջանի նավթային ռեսուրսների շահագործման հարցում: 

Նրանք միմյանց հետ պայմանագրեր ունեն ու միմյանց օգնությամբ Պարսից ծոցի նավթը թալանում են: 

Բայց Պարսից ծոցի հյուսիսից մինչև Հորմոզի նեղուցը համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության հարավին սահմանները, որտեղ Իրանը տնտեսական շատ կարևոր ռեսուրսներ ունի:

Ուստի Իրանի նավատորմը հաստատվել է Պարսից ծոցում և ոչ միայն հետևում է միջազգային նավերի անցուդարձին, այլ նաև նրանց ստուգում ու հետո երթևեկության իրավունք տալիս:

Իհարկե, միջազգային նավերի երթևեկությունը անօրինական չէ, բայց պարզ է, որ նրանք, անվտանգությունը ապահովելու պատրվակով, փորձում են ներկա գտնվել Պարսից ծոցում ու թալանել այնտեղի նավթը: 

Իրանը բազմիցս է հայտարարել, որ այլ երկրների բարեկամության կարիքը չունի և համոզված է, որ Պարսից ծոցում նրանց բացակայությամբ արդեն կապահովվի տարածաշրջանի անվտանգությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով Իրանում երկու հոգի մահապատժի են դատապարտվել

Լուսանկարում՝ Սայիդ Մալեքփուր
Իրանական մարդու իրավունքների HRANA լրատու կայքի հաղորդմամբ, Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով մահապատժի դատապարտված երկու դատապարտյալների թղթածրարը հաստատվելու նպատակով ուղարկվել է Գերագույն դատական ատյան:
Ի դեպ, Թեհրանի դատախազը հրաժարվել է նշել հիշյալ երկու դատապարտյալների անունը, բայց, շրջանառվող լուրերի համաձայն, նրանց անուններն են Սայիդ Մալեքփուր և Վահիդ Ասղարի: 
Հարկ է նշել, որ Մալեքփուրի մահապատժի վճիռն արդեն տրվել է Թեհրանի հեղափոխական դատարանի 28-րդ դատաբաժնի դատավորի կողմից: 
Նա մեղադրվել է պոռնոկայքերի միջոցով իսլամական համակարգի տապալման օգտին աշխատանք ծավալելու, Աստծո և կրոնական սրբությունների դեմ մեղանչելու, երկրի առաջնորդին ու նախագահին անպատվելու, իսլամական համակարգի ընդդիմադիրների հետ կապ պահպանելու մեղադրանքներով:
Հունվարի 30-ին, Մալեքփուրի կինը՝ Ֆաթեմե Էֆթեխարին, BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իր ամուսնու դատը տևել է ընդամենը 15 րոպե, ինչն անարդարացի է, մինչդեռ համակարգչային մասնագետի օգնությամբ հնարավոր կլիներ ապացուցել, որ իմ ամուսինը ոչ մի կապ չի ունեցել, պոռնոկայքերի ձևավորման հետ: 
Էֆթեխարիի հաղորդմամբ, ամուսինը իրեն վերագրած մեղադրանքներն ընդունել է խոշտանգումների արդյունքում:
Սայիկ Մալեքփուրը նաև Կանադայի քաղաքացի է, և այնտեղ զբաղվում էր կայքերի ծրագրավորմամբ: Երբ 2009-ին մեկնել էր Իրան, ձերբակալվել էր Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախագահի առաջին տեղակալը ընդունեց ՀՀ էներգետիկայի նախարարին

Իրանական IRNA գործակալությունը հաղորդել է, որ հունվարի 31-ին Իրանի նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: 
Ռահիմին հանդիպման ընթացքում կարևորել է երկու երկրների միջև ավտոճանապարհային ու երկաթուղային կապի զարգացման խնդիրները:
IRAN-ի հաղորդմամբ, Ռահիմին Մովսիսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում մատնանշել է Իրան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը՝ հայտարարելով. 
«Իրանն ու Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, և այդ բարեկամությունը նախադրյալ կարելի համարել հարաբերությունների հետագա զարգացման համար:
Իրանի ժողովրդի ու հայերի հարաբերությունները միշտ էլ ընկերական են եղել, և քաղաքական ասպարեզում էլ երկու երկրների հարաբերությունները բարեկամական ու դրական են: 
Տնտեսական շատ կարևոր պայմանագրեր են ստորագրվել երկու երկրների միջև, որոնք պետք է շատ շուտ շահագործման հանձնել»։
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին, Իրանի նավթաարդյունաբերության նախարարի հետ ունեցած բանակցությունները դրական գնահատելով, հայտարարել է ՀՀ պատրաստակամությունը Իրանի հետ հարաբերությունները ընդլայնելու առնչությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հունվարի 30-ին Թեհրանում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները, ոստիկանության օգնությամբ համախմբված աշխատանքի արդյունքում, հունվարի 30-ին բացահայտել են Network Marketing-ով զբաղվող ավելի քան 50 տնային կենտրոն։ Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:
Թեհրանի ոստիկանության հաղորդմամբ, այդ բոլոր 50 տնային աշխատատեղիները, որ գտնվում էին Թեհրանի արևմտյան ու հյուսիսարևմտյան շրջաններում, փորձում էին իրենց կազմում ներգրավել գործազուրկ մարդկանց ու խաբելով՝ քաջալերել նրանց աշխատելու բուրգային կոչվող Network Marketing կազմակերպությունների համար: 
Ձերբակալվածների մեծամասնությունը աշխատում էր QI կոչվող կազմակերպության համար:
Հարկ է նշել, որ Իրանի կառավարությունը արդեն տարիներ է, ինչ երկրում արգելել է Network Marketing-ով աշխատող բոլոր ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը։ 
Արգելվել է անգամ շվեդական Oriflame հանրահայտ ընկերության գործունեությունը, հենց այն պատճառով, որ հիշյալ ընկերությունը իր ապրանքները վաճառում է Network Marketing-ի միջոցով:
Իրանում արդեն ավելի քան 10 տարի է՝ Network Marketing անվան տակ արմատավորվել են մի շարք ընկերություններ, որոնք իրենց կասկածելի աշխատանքի պատճառով մեծ դժգոհություն են առաջացրել հասարակության զանազան խավերի մեջ։ 
Այդ իսկ պատճառով էլ Իրանի կառավարությունը արգելել է բոլոր այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք աշխատում են հիշյալ մեթոդով: Այդ ընկերություններից կարելի է նշել Gold Quest-ը, Swiss Cash-ը, QI-ը, Asoo-ը, Gold Mine-ը, EBL-ը և այլն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում մահապատժի է ենթարկվել նախկին բարձրաստիճան մի զինվորական

Իրանական Tagheer լրատու կայքը, վկայակոչելով Al-Arabiya հեռուստաընկերության հաղորդած լուրը, փոխանցել է. որ Իրանի Խուզեստան նահանգում մահապատժի է ենթարկվել իսլամական հեղափոխության նախկին հրամանատարներից Աբդոլռեզա Ղորաբաթը: 
Կայքի հաղորդմամբ, նա մեղադրվել էր շիա մուսուլմանների 12-րդ բացակա մարգարե Մահդիի հետ հարաբերություն ունենալու հավակնություններ հայտնելու պատճառով:
Ղորաբաթի ընտանիքի անդամներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, Al-Arabiya հեռուստաընկերությանը հայտնել է. 
«Երկու օր առաջ տեղեկացել ենք, որ Աբդուլռեզա Ղորաբաթը Ահվազ քաղաքի Քարուն բանտում մահապատժի է ենթարկվել, բայց մեզ դեռ չի հաջողվել ստանալ նրա դիակը»։
Ընտանիքի հիշյալ անդամը, իր խոսքերում ավելացրել է. «Իսլամական համակարգն ինքը բացակա մարգարեի հետ հարաբերություններ ունենալու մշակույթն է տարածում հասարակության մեջ: 
Ահմադինեժադը բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել է, որ հարաբերության մեջ է շիաների բացակա մարգարեի հետ: 
Աբդոլռեզան շահի օրոք շատ անհոգ անձնավորություն էր, ու ոչ մի կրոնական թեքում չուներ, իսկ իսլամական հեղափոխությունից հետո անդամագրվեց իսլամական հեղափոխության պահակազորին, և Իրաքի հետ պատերազմի 8 տարիներին անընդհատ առաջին գծում է եղել:
Պատերազմից հետո նա հայտարարել է, որ կապի մեջ է բացակա մարգարեի հետ, և, նրա ասելով, բացակա մարգարեն դժգոհ է Խամենեիի գլխավորությամբ իսլամական համակարգից: 
Նա Սուսանգերդ քաղաքի մզկիթում երիտասարդների համար կրոնական դասընթացներ էր կազմակերպել և տարիներ շարունակ ազատորեն քարոզում էր իր կրոնական գաղափարները: 
Արդեն հարյուրավոր երիտասարդներ համախմբվել էին նրա շուրջ ու հետևում էին նրա ուսմունքին: Բայց երբ նա քննադատեց Այաթոլլահ Խամենեիի համակարգը, ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց: 
Մենք չէինք պատկերացնում, որ նրան մահապատժի կենթարկեն, որովհետև պատերազմի տարիներին նա շատ մեծ ծառայություններ ու քաջագործություններ է կատարել, և նաև այն պատճառով, որ բացակա մարգարեի հետ հարաբերություն ունենալու հարցը նորություն չէ մեր երկրում, և պետական շատ պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ նմանօրինակ հավակնություններ են հայտնում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սալեհին Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական գնահատեց

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի արդեն նախկին ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հունվարի 29-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին ու զրուցել երկկողմ հարաբերությունների մասին:

Սալեհին, Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական գնահատելով, հայտարարել է. «Մենք Հայաստանի հետ, անկախ ներկա նախագծերից, այլ աշխատանքներ պիտի ձեռնարկենք։ 

Երկկողմ հարաբերությունների բազմազանության հիման վրա հնարավոր է օգտվել միմյանց տեխնիկական ու գիտական փորձառությունից»:

Սալեհին նաև, տրանզիտ ոլորտում երկաթգծի կարևորությունը մատնանշելով, ավելացրել է. «Եթե տարածաշրջանի երկրները երկաթգծով իրար միանան, ձեռք կբերենք երկաթգծի հսկայական մի ցանց, և այդ հարցում մեզ համար առաջնային են Իրանի հարևան երկրները»։

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին հայտարարել է. «Երկկողմ պատմական հարաբերությունները հատուկ կարևորություն ունեն, ու մենք բավարարված ենք երկկողմ հարաբերություններից:

Իրանն ու Հայաստանը քաղաքական խնդիրներ չունեն, և դա դրական նախադրյալ է երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանն ու Հայաստանը նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր են ստորագրել

Ինչպես հաղորդում է իրանական SHANA էներգետիկ ոլորտի լրատու գործակալությունը, հունվարի 29-ին Թեհրանում Իրանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նավթամթերքի արտահանման նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր: 

Կայքի հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպման ընթացքում քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանագրերը և վերջում խոսել Թավրիզից դեպի Հայաստան նավթամթերքի նոր խողովակաշարի կառուցման հարցի շուրջ:

SHANA-ի հաղորդմամբ, Միրքազեմին հայտարարել է. «Այս խողովակաշարի կառուցմամբ, Հայաստանը իրեն անհրաժեշտ նավթամթերքի մի մասը, միջերկրածովյան տարածաշրջանի փոխարեն, կստանա Իրանից: 

Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ նախնական փուլում քիչ քանակաությամբ նավթամթերք կարտահանվի, սակայն ժամանակի ընթացքում արտահանման քանակը կավելանա: Խողովակաշարի կառուցման և արտահանման քանակի մանրամասները առաջիկայում քննարկվելու են երկու երկրների մասնագետների կողմից»։

Իրանի նավթարդյունաբերության նախարարն ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը տարիներ շարունակ տնտեսական և էներգետիկ համագործակցություն են ծավալել, իսկ Պարսից ծոցում արտադրված նավթամթերքի քանակը, դրա համեմատաբար էժան գինն ու անվտանգ փոխադրությունը հետաքրքրում են Հայաստանին:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ, երկկողմ բանակցությունները դրական և արդյունավետ գնահատելով, հայտարարել է. 

«Երկու երկրներն էլ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, և վերջին այս հանդիպումն էլ շարունակությունն էր նախկինում ունեցած հանդիպումների, որի ընթացքում ձեռք է բերվել նոր համաձայնություն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրանի դատախազը արձագանքեց Նիդերլանդների կառավարության հայտարարությանը

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հունվարի 30-ի համարի գլխավոր թեմայում անդրադարձել է Հոլանդիայի կառավարության կողմից հրապարակված հայտարարություններին Թեհրանի դատախազի հնչեցրած պատասխանին:

Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հունվարի 29-ին հայտարարել էր, որ Իրանում Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու պատճառով Հոլանդիան խզում է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իրանի կառավարության հետ:

Ըստ օրաթերթի, Թեհրանի դատախազը հայտարարել է. «Հոլանդիայի անձնագիր ունեցած Իրանի քաղաքացի Զահրա Բահրամին, թմրանյութերի պահպանման ու վաճառքի մեղադրանքով է մահապատժի ենթարկվել: Նախագահական ընտրություններից հետո առաջացած ցույցերի օրերին նրա ձերբակալությունը ոչ մի կապ չունի թմրանյութերի թեմայի հետ: 

Իհարկե, նրան այլ մեղադրանքներ էլ էին առաջադրված, բայց երբ նրա տունը խուզարկվել է, այնտեղ մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել, որի պատճառով է դատավորը մահապատժի վճիռ կայացրել Բահրամիի համար»։
Օրաթերթի հաղորդմամբ, նախապես էլ Թեհրանի դատախազը հայտարարել էր, թե Բահրամին աշխատում էր Հոլանդիայից Իրան թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբի հետ:

Tehran Emrooz-ը նաև ավելացրել է, որ հունվարի 30-ին Իրանի ԱԳՆ-ն, Իրանում Հոլանդիայի դեսպանին կանչելով, իր բողոքն է հայտնել Իրանի ներքին գործերին միջամտելու և հանցագործներին պաշտպանելու՝ Հոլանդիայի կառավարության դիրքորոշման դեմ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Sunday, January 30, 2011

Նիդեռլանդները սառեցրեց իր բոլոր հարաբերությունները Իրանի հետ


Ինչպես հաղորդում է Նիդեռլանդների ԱԳՆ կայքը, այդ երկրի ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հունվարի 29-ին հայտարարել է, որ Հոլանդիան, ի նշան բողոքի Իրանում իր քաղաքացուն` Զահրա Բահրամիին, մահապատժի ենթարկելու փաստի, սառեցնում է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ռոզենթալը նաև ավելացրել է, որ Հոլանդիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելուց բացի փորձելու է նրա դեմ այլ պատժամիջոցներ առաջարկել ԵՄ-ին:

Ծագումով իրանցի, 46-ամյա Զահրա Բահրամին ձերբակալվել էր 2009-ին, Իրանի նախագահական ընտրություններից հետո առաջացած ժողովրդական ընդվզումների ընթացքում:

Իրանի դատարանը նրան մեղադրել էր երկրի անվտանգությունը խափանելու և թմրանյութեր վաճառելու ու պահելու մեջ, որը դատարանում հերքել էր Բահրամին՝ հայտարարելով, որ ճնշումների հետևանքով է, որ նախնական փուլում հաստատել էր իր դեմ դրված մեղադրանքները:

Զահրա Բահրամին ի վերջո մահապատժի ենթարկվեց հունվարի 29-ին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սալեհին ստացավ Իրանի խորհրդարանի վստահության քվեն

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունվարի 30-ին Իրանի խորհրդարանը իր օրակարգի համաձայն քննարկեց ԱԳ նախարարի պաշտոնում ներկայացված Ալի Աքբար Սալեհիի թեկնածության հարցը: 

Հաղորդված լուրերի համաձայն` քննարկմանը ներկա 241 պատգամավորներից 146-ը իր վստահության քվեն է տվել Ալի Աքբար Սալեհիին, 60 պատգամավոր դեմ է քվեարկել, 35-ը` մնացել ձեռնպահ:

Խորհրդարանում ներկա է եղել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը պաշտպանել է իր ներկայացրած թեկնածուին:

Այսպիսով, Ալի Աքբար Սալեհին, ստանալով Իրանի խորհրդարանի վստահության քվեն, դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության 10-րդ ԱԳ նախարարը:
Սալեհին նախքան ԱԳ նախարար ընտրվելը նախագահում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպւթյունը, որի պատճառով էլ նրա անունը գրանցվեց Իրանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների ցուցակում: Սա կարող է խոչընդոտել նրա հետագա այցելությունները ԵՄ երկրներ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քննադատություն՝ քաղաքական ու քաղաքացիական անգործությանը եւ «անտարբերներին»

Այն օրվանից երբ եկել եմ Հայաստան հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց որպես քաղաքական ու քաղաքացիական գիտակներ ներկայացնելով, ասում են. «Ես արդեն հոգնել եմ, զզվում եմ էս ժողովրդից, ատում եմ իշխանությանը, էլ ոչ մի բանի հետ գործ չունեմ, ինչ ուզում են թող անեն եւ իմ գլխիս ճարը կտեսնեմ եւ ....»:
Նման խոսքեր լսելիք միշտ հիշում եմ մի բանաստեղծությունը, որը ժամանակին վերագրվում էր Բերթոլդ Բրեշթին, բայց հետագայում պարզվում է, որ հիշյալ բանաստեղծության հեղինակը գերմանացի քարոզիչ Մարթին Նիմյոլլերն է: Նրա մասին կարող եք կարդալ անգլերենով , ռուսերենով , պարսկերենով:
Մարթին Նիմյոլլերը ապրել է Հիտլերիան ժամանաշրջանի Գերմանիայում: Նախ Հիտլերի համախոհն է եղել իսկ հետո նրան ընդիմացել է, ու մինչեւ Հիտլերի իշխանության ավարտը գտվել է բանտում:
Բանաստեղծությունը կոչվում է First they came... (Նրանք նախ եկան ...): Ներքեւում կներկայացնեմ բանաստեղծության անգլերեն տարբերակը եւ կփորձեմ թարգմանաբար ներկայացնել թե ինչ է ասում Նիմյոլլերը:

Բանաստեղծությունը նկարագրում է գերմանացի ֆաշիստների զանգվածային ձերբակալությունները, նացիստական գերմանիայում, երբ ձերբակալվում էին բոլոր այլախոհները:

First They came... - Pastor Martin Niemoller

First they came for the communists,
and I didn't speak out because I wasn't a communist.

Then they came for the trade unionists ,
and I didn't speak out because I wasn't a trade unionist.

Then they came for the Jews,
and I didn't speak out because I wasn't a Jew.

Then they came for me
and there was no one left to speak out for me.

Նրանք նախ եկան ... - Մարթին Նիմոլեր

Նրանք նախ եկան կոմունիստների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ ես կոմունիստ չէի.

Նրանք եկան արհմիությունների գործիչների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ արհմիութենական գործիչ չէի.

Նրանք եկան հրեաների հետեւից,
Ու ես լռեցի որովհետեւ ես հրեա չէի.

Եւ նրանք եկան իմ հետեւից
Ու արդեմ մարդ չեր մնացել, որ ինձ պաշտպանելու համար խոսք ասեր:

Մեր հասարակությունը պիտի հասնի ու ըմբռնի այս գիտակցությունը, որ եթե դեռ չեն կպնում իր անձին, դա չի նշանակում, որ հերթը իրեն չի հասնի: Հայաստանյան այսօրվա հասարակությունը պիտի դա լավ ըմբռնի եւ միավորված պայքարի իր իրավունքների համար:

Saturday, January 29, 2011

Իրանական Press TV հեռուստաընկերության բանկային հաշիվները սառեցվեցին Բրիտանիայում

France Presse գործակալության հաղորդմամբ, Իրանական Press TV հեռուստաընկերության բանկային հաշիվները բրիտանական National Westminster Bank բանկում ամբողջությամբ սառեցվել են:

Գործակալության փոխանցմամբ, Press TV հեռուստաընկերության կենտրոնը գտնվում է Թեհրանում, իսկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում էլ աշխատանքային գրասենյակ ունի:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապես Թոնի Բլերի քենին՝ Լորեն Բոթը, որը աշխատում է Իրանական Press TV ընկերության համար ու նաև վերջերս ընդունել է իսլամ կրոնը, հայտարարել է, որ Press TV-ի բանկային հաշիվների սառեցումը քաղաքական դրդապատճառներ ունի: 

Բոթը ավելացրել է. «Այդ արարքի նպատակը այն է, որ կասեցնեն մի զարգացող հաստատության աշխատանքները, որը փորձում է լույս սփռել բազմաթիվ խնդիրների վրա, այնինչ այլ գործակալություններ փորձում են դրանք խավարում պահել:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, January 28, 2011

Հնարավոր է` Իրանը մինչև երկու շաբաթ դադարեցնի Հնդկաստանին նավթ վաճառելու գործընթացը

Իրանի առևտրի գրասենյակի միջազգային բաժնի ղեկավար Մեհդի Ֆախերին, հնդկական Finacial Express օրաթերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է. 
«Հնդկաստանի ԿԲ կողմից Իրանի ու Հնդկաստանի միջև դրամական շրջանառության սահմանափակումների հետևանքով, հնդկական նավթային ընկերությունները 900 միլիոն դոլար պարտք են մնացել իրանական կողմից, ու եթե այդ սահմանափակումները մինչև երկու շաբաթ չվերանան, Իրանը կդադարեցնի հնդկաստանին նավթ վաճառելու գործընթացը ու այդ նավթաբաժինը կվաճառի այլ երկրներին: Այդ պատճառով հնարավոր է երկու երկրների միջև եղեծ առևտրական հարաբերությունները 20%-ով նվազեն»:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Հնդկաստանի ԿԲ 2010-ի դեկտեմբերի 23-ին նոր սահմանափակումներ սահմանեց բանկերի համար՝ Իրանի հետ դրամական փոխադրություններ կատարելու ուղղությամբ:
Իրանը Սաուդյան Արաբիայից հետո երկրորդ երկիրն է ինչ նավթ է արտահանում Հնդկաստանը: Հնդկաստանը տարեկան իր նավթի 12%-ը գնում է Իրանից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պատժամիջոցները խոչընդոտ են Իրանի ԱԳՆ հավանական թեկնածու Սալեհիի համար

Իրանի խորհրդարանը պատրաստվում է կիրակի հունվարի 30-ին օրակարգ մտցնել Իրանի նախագահ Ահմադինեժադի կողմից ԱԳ նախարարության պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացված Ալի Աքբար Սալեհիի թեկնածության հարցը, ու եթե Սալեհիին հաջողվի ստանալ խորհրդարանի վստահության քվեն, արդեն նա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության 10-րդ ԱԳ նախարարը:
Բայց այս ընթացքում մի խնդիր գոյություն ունի, որը կարող է խոչընդոտ դառնա Սալեհիի համար և դա այն է, որ ԵՄ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում, Սալեհիի անունն էլ ընդգրկված է իրանցի այն դիվանագետների ցուցակում, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ:
ԵՄ պատժամիջոցները ոչ թե Սալեհիի իրավական պաշտոնի դեմ են, այլ հենց նրա անձի: Ուստի Սալեհիի անունը, եթե անգամ նա հրաժարվի Իրանի միջուկային ընկերության նախագահությունից՝ դառնալով ԱԳ նախարար, չի հանվելու ԵՄ պատժամիջոցների ցուցակից:
Ուրեմն եթե Սալեհին դառնա Իրանի ԱԳ նախարար, ԵՄ երկրներ ճամբորդելուց առաջ, նախ պիտի տվյալ երկրից ստանա անձեռմխելիության երաշխիք, հակառակ դեպքում` նրա մուտքը կարգելվի ԵՄ յուրաքանչյուր երկիր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Լոնդոնի նախկին քաղաքապետը հրաժարվեց համագործակցել իրանական PressTV հեռուստաընկերության հետ

Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքի պարսկերեն ծառայությունը, Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգստոնը, որը իրանական PressTV հեռուստաալիքում վարում էր նոր հրատարակված գրքերի ծանոթացմանն ու քննարկմանը նվիրված մի հեռուստածրագիր, հայտարարել է, որ այլևս չի համագործակցելու հիշյալ հեռուստաընկերության հետ:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Քեն Լիվինգստոնը 2000-2008 թվականներին զբաղեցրել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը և այս տարի ևս մտադիր է աշխատավորական կուսակցության կողմից մասնակցել քաղաքապետի ընտրություններին:
Լիվինգստոնը PressTV հեռուստաալիքի հետ համագործակցելու համար խիստ քննադատությունների է ենթարկվել և ի վերջո հայտարարել է, որ հրաժարվում է իրանական հեռուստաընկերության հետ համագործակցությունից:
Մասնագետների կարծիքով, Լիվինգստոնը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով և իր կերպարը դրական ներկայացնելու համար է, որ հրաժարվել է PressTV-ի հետ համագործակցելուց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Գերմանիան մտադիր է ապաստան տալ Իրանի քաղաքական փախստականներին

Գերմանական Բրեմենի նահանգային ռ/կ հաղորդմամբ, Գերմանիայի Բրեմեն նահանգի քաղաքացիական խորհուրդը հունվարի 27-ին ներկայացրել է մի նախագիծ, որի համաձայն, առաջարկվում է ավելի մեծ թվով իրանցի քաղաքական փախստականների Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու հնարավորություն տալ:
Հիշյալ խորհրդի ներկայացրած նախագծին համաձայնություն են տվել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների, Քրիստոնեա-դեմոկրատական, Ազատ դեմոկրատական ու Ձախերի կուսակցությունները:
Այս պահին ավելի քան 5 հազար իրանցի քաղաքական փախստականներ գտնվում են Թուրքիայում, և ՄԱԿ-ի միգրացիոն հանձնաժողովը փորձում է Արևմտյան երկրներում ապրելու պայմաններ ապահովել փախստականների համար: 
Նշենք, որ փախստականների մեծամասնությունը Իրանից փախել են վերջին նախագահական ընտրություններից հետո առաջ եկած լարվածությունների ու հետապնդումների պատճառով:
Եթե հիշյալ նախագիծը վավերացվի Գերմանիայի կառավարության կողմից, Իրանից փախստականների մեծ տոկոսը հնարավորություն կունենա ապաստանել Գերմանիայում: Այս պահին արդեն Գերմանիայում են բնակվում բազմաթիվ իրանցի փախստականներ, որոնց շարքում ակնառու է լրագրողների մեծ թիվը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանցի հակերները ընդդեմ Gharabagh.com պարսկերենով աշխատող կայքի

Իրանահայության «Արաքս» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Ադրբեջանցի հակերները փորձել են կոտրել պարսկերեն լեզվով աշխատող Gharabagh.com կայքը, և նրանց հաջողվել է ժամանակավորապես շարքից հանել կայքը, բայց կայքի պատասխանատուների ջանքերով, կրկին վերսկսվել է կայքի աշխատանքները:
«Արաքս» շաբաթաթերթը անդրադառնալով այդ թեմային, հունվարի 27-ի գրել է. «Նորաստեղծ Garabagh.org պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր բերում թուրք-ադրբեջանական սուտերը, ղարաբաղյան ազատամարտի եւ մանավանդ Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանցի հակերների նշանակետում:
Ընդամենը մի քանի օր աշխատած Garabagh.org-ը կարճ ժամանակում կարողացել էր բավական մեծ քանակով ընթերցողների հավաքել իր շուրջ, ինչը աննկատ չմնաց նաև պանթուրքիստների կողմից, այնպես որ ադրբեջանական լրատվական միջոցները եւ մանավանդ A.TV.-ին, որը սփռվում է տարբեր լեզուներով, ընդ որում նաեւ հայերենով եւ պարսկերենով անասելի լուտանքներ թափելով այս կայքէջի գլխին կարծես իր գործակալներին հրաման էր տալիս սկսեն իրենց ջախջախիչ գործունեությունը, որից ընդամենը քանի ժամ անց միանգամայն ջնջվեցին կայքէջի լուրերը ինչը մեծ ցավ կարող է պատճառել ազատատենչ յուրաքանչյուր մարդու:
Մեր հետապնդումների արդյունքում պարզվեց, որ շուտով վերականգնվելու է կայքէջի բնական գործունեությունը, որի առիթով շնորհավորում ենք կայքէջի աշխատակիցներին:»
Իսկ «Արաքս» շաբաթաթերթը արդեն հունվարի 28-ին տեղեկացրել է, որ կայքը արդեն սկսել է իր բնականոն աշխատանքը:
Հարկ է նշել, որ անցյալ տարվա ընթացքում, Ադրբեջանցի հակերները փորձեցին երկու անգամ կոտրել iranahayer.com կայքը, որը աշխատում է հայերեն և պարսկերեն լեզուներով: Այդ դեպքում էլ կայքի անձնակազմին հաջողվեց վերականգնել իր աշխատանքները ու շտկել կայքում առաջացած խախտումները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԵՄ. Իրանում մահապատիժների թիվը հասել է մտահոգիչ մակարդակի

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, հունվարի 27-ի իր հայտարարության մեջ անդրադառնալով Իրանում իրագործված մահապատիժներին, հայտարարել է. «ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնում Իրանում կատարվող մահապատիժների կապակցությամբ: Ներկայումս Իրանում մահապատիժների թիվը հասել է մտահոգիչ սահմանների»։
Էշթոնը ավելացրել է. «Իրանը շարունակում է հրապարակայնորեն կախաղան հանել դատապարտյալներին, ինչը հակասում է այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»։
Էշթոնի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ իրանական մամուլը տեղեկացրել էր, որ հունվարի 27-ին Իրանի բանտերում մահապատժի է ենթարկվել 10 մարդ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հունվարի 27-ին Իրանում ևս 10 հոգի մահապատժի ենթարկվեցին

Ինչպես հաղորդում է իրանական IRIB պետական լրատու կայքը, հունվարի 27-ին Քարաջ քաղաքի Ղեզելհեսար բանտում մահապատժի են ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված 7 քաղաքացիներ: Հիշյալների մահապատժի վճիռը, որը հաստատվել էր Իրանի դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանիի կողմից, կայացրել էր Քարաջ քաղաքի դատարանը:
Նույն օրը իրանական IRNA գործակալությունը հաղորդեց, որ Ուրմիա քաղաքում ևս 3 քաղաքացի նույն մեղադրանքով մահապատժի են ենթարկվել:
Այսպիսով, 2011-ի ընթացքում Իրանում մահապատժի ենթարկված քաղաքացիները թիվը հասել է 65-ի:
Հաղորդված տվյալների համաձայն, 2010-ին Իրանում մահապատժի էր ենթարկվել 179 մարդ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանահայության «Ալիք» օրաթերթը ծախվե՞լ է Իրանի իշխանություններին

Իրանի քրիստոնյաների Mohabat News լրատու ցանցը հունվարի 26-ին հրապարակված մի գրությամբ խիստ քննադատել է իրանահայության «Ալիք» օրաթերթի, նրա խմբագրի և Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի դիրքորոշումները Իրանում քրիստոնյաների դեմ ծավալված բռնությունների առնչությամբ:

Կայքը գրում է. «Պարզվում է, որ Իրանի հայերի մի փոքրիկ խումբ փորձում է ծառայել Իրանի իշխանություններին՝ արդարացնելով նրանց վարած քաղաքականությունը: Իսլամական հեղափոխությունից հետո հայերի դեմ սահմանված սահմանափակումների արդյունքում իրանահայերի ստվար մի մասը արտագաղթել է երկրից, և հիշյալ համայնքի թիվը 250 հազարից հասել է մոտ 65 հազարի: Իշխանությունները հայերին չեն թույլատրում նոր եկեղեցիներ կառուցել ու ամեն քայլափոխի ճնշում են: Բայց պարզվում է, որ հայկական համայնքի մի փոքրիկ խումբ որոշել է ծառայել Իրանի իշխանություններին ու նրանց քաղաքական գիծը տարածել իրենց համայնքում: Օրեր առաջ իրանահայության թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, այցելելով Թեհրանի կենտրոնական բանտ, փորձեց գնահատել Իրանի իշխանությունների վարած քաղաքականությունը քրիստոնյաների նկատմամբ, ինչը հարուցեց Իրանի քրիստոնյա համայնքի զարմանքը:

Այս ընթացքում իրանահայերի «Ալիք» օրաթերթն էլ հրապարակեց Open Doors կազմակերպության հրապարակած զեկույցը և այն երկրների ցանկը, որտեղ ճնշվում են քրիստոնյաները: Զարմանալին այն էր, որ օրաթերթը այդ ցանկից հանել էր Իրանի անունը, որը գտնվում էր երկրորդ հորիզոնականում: Այնուհետև թերթը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ապրող քրիստոնյաների վիճակի մասին, թեև հիշյալ կազմակերպության հրապարակած ցանկում Թուրքիան գտնվում է 30-րդ հորիզոնականում: Ինչպես ժամանակին «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանն է ասել իր հարցազրույցում, «Ալիք» օրաթերթը Իրանի իշխանություններից նյութական ու ֆինանսական օգնություններ է ստանում: Նախապես էլ իրանահայության այլ լրատվամիջոցներ «Ալիք» օրաթերթին քննադատել էին իր ոչ անաչառ և Իրանի իշխանությունների քաղաքականությանը սատարող լրատվության համար:

«Ալիք» օրաթերթի պահվածքն ու Սեպուհ արք. Սարգսյանի խոսքերն ապացուցում են, որ Իրանի իշխանությունը փորձում է իր վերահսկողությամբ պետական կրոնի հասկացողությունը մտցնել հայկական համայնքի մեջ:

Մենք հույս ունենք, որ հայկական մամուլն ու մեր հայ հայրենակիցները ուշադիր կլինեն Իրանի անվտանգության ծառայությունների լարած այդ թակարդին դեմ հանդիման և գիտակցաբար կվերաբերվեն դրանց»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական


  1. ԻՐԱՆԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է
  2. ԻՆՉՈ՞Ւ Է ԻՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Իրանի ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք մատուցեցին Խոմեյնիի հիշատակին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունվարի 27-ին Իրանի փոքրամասնությունները՝ հայերը, հրեաները, ասորիներն ու զրադաշտականները, իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով այցելելով իսլամական հանրապետության հինադիր իմամ Խոմեյնիի դամբարան և ծաղկեպսակներ դնելով, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Խոմեյնիին:
Նշենք, որ ամեն տարի փետրվարին Իրանում մեծ շուքով տոնում են իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը, և դրան նախորդող օրերին Իրանի հասարակության տարբեր խավեր ու կազմակերպություններ, ներկայանալով իսլամական հանրապետության հիմնադրի դամբարան, իրենց հարգանքի տուրքն են մատուցում հեղափոխության առաջնորդին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իսրայել. Իրանը փորձում է Լիբանանին իր պատանդը դարձնել

France Presse գործակալության փոխանցմամբ, Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը, անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին, միջազգային հանրությանը կոչ է արել բոլոր միջոցներով կանխել Իրանի ու «Հիզբոլլահի» գործողությունները, որոնցով փորձում են Լիբանանին պատանդ դարձնել:
Գործակալության փոխանցմամբ, Շալոմը հայտարարել է. ««Հիզբոլլահը» միայն հասարակ տեռորիստական կազմակերպություն չէ, այլ մի տեռորիստական կազմակերպություն, որը ղեկավարվում է Իրանից»:
Օրեր առաջ էլ Շալոմը հայտարարել էր, որ Միքաթիի կառավարությունը նշանակում է, որ Իսրայելի հյուսիսում կազմվում է Իրանի նոր կառավարություն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ ցանկանում է Իրաքի խնդրով բանակցել Իրանի հետ

Իրաքում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Դեյվիդ Ռանզը Asharq Al-Awsat օրաթերթի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է. «Ներկայումս Իրաքի խնդրով ոչ մի բանակցություն չի ընթանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև, և երկկողմ բանակցությունները կայանում են միայն Իրանի ու «վեցյակի» երկրների շրջանակում: ԱՄՆ-ն փորձում է Իրաքի հարցով Իրան-ԱՄՆ բանակցություններ նախաձեռնել, բայց իրանցիները նման բանակցությունների ցանկություն չունեն»։
Ռանզը, անդրադառնալով Իրաքից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման խնդրին, ավելացրել է. «Իրաքից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերմամբ չի ավարտվելու ԱՄՆ-ի և Իրաքի համագործակցությունը, այլ ԱՄՆ զինվորական հրամանատարությանը փոխարինելու է ոչ զինվորական հրամանատարությունը՝ Իրաքում ԱՄՆ դեսպանի գլխավորությամբ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նպատակը գերմանացի երկու լրագրողի ազատության համար բանակցելն է

Գերմանական Deutsch Welle գործակալության համաձայն` Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստրվելեն Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր օգնական Վոլֆ Ռոդհարդեն Բորնին Թեհրան է ուղարկել` Իրանում ձերբակալված երկու լրագրողների ազատության մասին բանակցելու առաքելությամբ:
Վեստրվելեն լրագրողներին հայտնել է. «Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ մեր երկու լրագրողներին ազատ արձակենք իրանական բանտից»:
Գերմանիայի ԱԳ նախարարը խուսափել է հայտնել, թե Բորնը Թեհրանում ում հետ է բանակցելու գերմանացի լրագրողներին ազատ արձակելու համար:
Հարկ է նշել, որ 2010-ի հոկտեմբերի 10-ին, գերմանական Bild am Sonntag պարբերականի երկու լրագրողներ Իրանի անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալվեցին քարկոծման դատապարտված իրանցի Սաքինե Մուհամմադի Աշթիանիի որդու հետ հարցազրույց կատարելու ժամանակ: Ձերբակալվեց նաև Աշթիանիի փաստաբանը, որը նաև ներկա է եղել հիշյալ հանդիպմանը:
Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ երկու լրագրողները զբոսաշրջության վիզայով են մուտք գործել երկիր, ապա փորձել են զբաղվել լրագրությամբ, որի հետևանքով էլ ձերբակալվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Գերմանիայի ԱԳ նախարարի օգնականը հունվարի 26-ի երեկոյան հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհիի հետ: Հանդիպման ժամանակ Սալեհին Գերմանիայից պահանջել է անկախ քաղաքականություն վարել Իրանի հանդեպ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, January 27, 2011

«Եթե Իրանի օգնությունը չլիներ, Նախիջևանն էլ վտանգի կմատնվեր, ու հնարավոր է, որ Ադրբեջանը կորցներ այդ շրջանը»

Իրանի խորհրդարանի նախագահության անդամ, Թավրիզ քաղաքի պատգամավոր Մուհամեդ Հուսեյն Ֆարհանգին, հունվարի 26-ին Իրանական Aran միջազգային ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում կայացած` Ադրբեջանի դպրոցներում հիջաբի օգտագործման արգելափակմանը նվիրված հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետության օգնությունը չլիներ, Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց արդեն կորցրած կլիներ Նախիջևանի տարածքը:» Այդ մասին հաղորդում է նույն ուսումնասիրական կենտրոնի Aran News լրատվական կայքը:
Հանդիպման ընթացքում Ֆարհանգին, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների կողմից դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելափակումները, հայտարարել է. «Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ, երբ Այաթոլլահ Սոբհանին քննադատել էր Ադրբեջանի նախագահի որոշումը, փորձեցին վարկաբեկել իրանցի հոգևորականներին ու Իրանի դեմ բացասական քարոզարշավ սկսեցին, որը ցավալի է: Այդ ԶԼՄ-ները, մեծացնելով Իրանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, փորձեցին կոծկել իրենց անցյալի ու ներկայի սխալ քայլերը` կապված Ղարաբաղի հետ: Նրանք այն պահին են մեղադրում Իրանին, երբ Հայաստանի տնտեսության խոշոր մասը ղեկավարվում է ադրբեջանցի առևտրականների միջոցով: Եթե Ղարաբաղը իրոք կարևոր է Ադրբեջանի համար, որը և պիտի այդպես էլ լինի, ինչո՞ւ այսքան տարի որևէ հստակ գործ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ և հետո փոձում են Իրանին` Հայաստանի հետ ունեցած բանակցությունների համար քննադատել: Իրանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է միջամտել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թեև Իրանի ցուցաբերած օգնությունը Ադրբեջանին` թե՛ անցյալում, թե՛ ներկայում շատ աչքառու է: Եթե Իրանի քաղաքական, տնտեսական ու բարոյական օգնությունները չլինեին, Նախիջևանն էլ էր վտանգի մատնվելու, և անգամ հնարավոր է, որ Ադրբեջանը կորցներ Նախիջևանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը պիտի շնորհակալ լինեն Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ դժվար պայմաններում նրանց ցուցաբերած օգնության համար:
Իրանը ցանկանում է տնտեսական հարաբերությունները զարգացնել Ադրբեջանի Հանրապետության հետ: Այդ իսկ պատճառով է, որ մտադիր ենք երկու երկրների միջև հսկայական մայրուղի կառուցել: Հարևանների հետ, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը, մեր առաջնային նպատակներից է, և ցանկություն չունենք հանդիպելու միջկառավարական անախորժությունների: Դա իրագործելու համար երկկողմ կամք է հարկավոր և այդ ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետությունը պիտի զերծ մնա անտրամաբանական գործողություններից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ռոգոզին. ՆԱՏՕ պիտի հետաքննություն կատարի Stuxnet-ի վերաբերյալ

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դիմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պիտի հետաքննություն կատարի Իրանի ատոմակայան ներխուժած Stuxnet համակարգչային վիրուսի վերաբերյալ: Նրա համոզմամբ, հիշյալ վիրուսի առաջացրած վնասները կարող էին հանգեցնել նոր Չեռնոբիլի:
Ինչպես ասել է Ռոգոզինը, «Stuxnet-ը պատճառ է դարձել, որ Բուշեհրի ատոմակայանի ռեակտորները անվերահսկելի դառնան ու չափից ավել արագությամբ աշխատեն:» Նա, Stuxnet-ը պայթուցիկ ականների նմանեցնելով, ավելացրել է. «Այդ վիրուսը շատ վտանգավոր է ու կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Հիշյալ «ականները» հնարավոր են նոր չեռնոբիլյան աղետ առաջացնեն: ՆԱՏՕ-ն պիտի լուրջ ուսումնասիրություն կատարի այդ ուղղությամբ, որովհետև այդ հարցե անձնական հարց չէ:»
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ բրիտանական The Daily Telegraph օրաթերթն էլ նմանօրինակ մտահոգություն էր հրապարակել՝ վկայակոչելով ռուս միջուկային մասնագետների հայտարարությունը:
Նշենք, որ Իրանի ատոմական կազմակերպության ղեկավարությունը հերքում է Stuxnet-ի պատճառով իր ատոմակայաններում առաջացած խնդիրների մասին շրջանառվող բոլոր լուրերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Գյուլը Իրանի ու «վեցյակի» բանակցությունների մասին հրապարակած հոդվածների կապակցությամբ քննադատեց թուրքական մամուլին

Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստրասբուրգում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլում կայացած Իրանի ու «վեցյակի» երկրների միջև բանակցություններին, քննադատել է թուրքական մամուլում տեղ գտած մեկնաբանությունները:

Հեռուստաընկերության մատուցմամբ, Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը ջանք է գործադրում, որ Իրանի ու «վեցյակի» միջև շարունակվեն բանակցությունները: Իսկ թուրքական մամուլում տեղ գտած այն մեկնաբանությունները, որոնք փորձում են ապացուցել, թե բանակցություններն ապարդյուն են եղել, նպատակ ունեն ի չիք դարձնել Թուրքիայի կառավարության ցուցաբերած ջանքերն այդ ուղղությամբ: Մենք մեր բոլոր ջանքերն ի գործ կդնենք, որ այդ բանակցությունները շարունակական լինեն»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-22-ը Ստամբուլում կայացան Իրանի ու «վեցյակի» բանակցությունները, որոնք չհանգեցին որևէ արդյունքի, բանակցող կողմերը նույնիսկ չեն պայմանավորվել հաջորդ բանակցությունների վայրի ու ժամանակի մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը ստանձնեց «77-ի խմբի» նախագահությունը

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունվարի 26-ին Վիեննայում, միջազգային կազմակերպությունների ու «77-ի խմբի» երկրների դեսպանների ներկայությամբ, «77-ի խմբի» նախագահությունը Ալժիրից փոխանցվեց Իրանին:
Այսպիսով, Իրանը մեկ տարվա ժամկետով դարձավ «77-ի խմբի» նախագահ, որին անդամակցում է 130 երկիր:

Ի դեպ, «77-ի խմբի» կազմավորման օրվանից առաջին անգամ է, որ խմբի նախագահությունը փոխանցվում է Իրանին:

«77-ի խումբը» ստեղծվել է 1964-ին, 77 զարգացող երկրների համատեղ պայմանագրի հիման վրա, Ժնևում կայացած ՄԱԿ-ի՝ Առևտրի ու ազգերի զարգացման առաջին համաժողովի ավարտին:

Թեև հետագայում խմբի անդամների թիվը 77-ից դարձավ 130, բայց խմբի անունը նույնը մնաց՝ ի հիշատակ պատմական պայմանագրի ստորագրման արարողության:

Հարկ է նշել, որ Չինաստանը որպես դիտորդ մասնակցում է «77-ի խմբի» նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեդվեդև. Ահմադինեժադը համաձայնեց իմ առաջարկին

ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևը Դավոսում մեկնարկած տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ Իրանի իշխանություններից պահանջեց, որ ապացուցեն իրենց միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:
РИА Новости-ի հաղորդմամբ, Մեդվեդևը հայտարարել է. «Իրանը պետք է փարատի միջազգային հանրության կասկածները իր միջուկային աշխատանքների բնույթի մասին և մեզ համոզի, որ իր միջուկային աշխատանքները խաղաղասիրական են»։

ՌԴ նախագահը, ասելով, որ Ռուսաստանը, իր բոլոր ջանքերը ներդնելով, փորձում է փարատել վերջին բանակցությունների պատճառով առաջացած խնդիրները, ավելացրել է. «Ես այդ մասին հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ահմադինեժադի հետ ու նրան տեղեկացրել եմ ՌԴ ցանկությունների ու ջանքերի մասին։ Իրանի նախագահը համաձայնեց իմ առաջարկին (խոսքը բանակցությունների հետո առաջ եկած խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի միջամտության մասին է.- 1in.am)»։

Հարկ է նշել, որ Իրանն ու «վեցյակի» երկրների ներկայացուցիչները հունվարի 21-22-ը բանակցություններ վարեցին Ստամբուլում, որոնք ապարդյուն ավարտվեցին, և անգամ չխոսվեց հաջորդ բանակցությունների վայրի ու ժամանակի մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սալեհին հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի օգնականին

Իրանական IRNA գործակալության հաղորդել է, որ հունվարի 26-ի երեկոյան Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի օգնական Վոլֆ Ռոդհարդեն Բորնին:

Ըստ IRNA-ի՝ Սալեհին, անդրադառնալով Իրանի և Գերմանիայի միջև եղած պատմական հարաբերություններին, հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան անկախ քաղաքականությամբ ընդլայնի իր հարաբերությունները Իրանի հետ և, այս առիթն օգտագործելով, զարգացնի երկկողմ հարաբերությունները»։

Սալեհին, խոսելով ԵՄ կողմից Իրանի դեմ վարած քաղաքականության մասին, որով փորձում են առաջ անցնել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից, ավելացրել է. «Մենք միշտ ցանկացել ենք, վերացնելով բարեկամության դեմ ծառացած խոչընդոտները, ընդլայնել երկկողմ հարաբերությունները»։

Գերմանացի դիվանագետն էլ իր հերթին ասել է, թե Գերմանիան էլ է ցանկանում վերացնել երկու երկրների միջև եղած խնդիրները և բոլոր մակարդակներում դրական ու բարեկամական հարաբերություններ մշակել Իրանի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նոր ռուս-իրանական մերձեցու՞մ

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանում Իրան-Ռուսաստան բարեկամության խումբը, հունվարի 26-ին խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ ու բարեկամության խմբի նախագահ Մեհդի Սանայիի գլխավորությամբ մեկնել են ՌԴ:
Չորսօրյա այցի ընթացքում Իրանական պատվիրակությունը հանդիպելու է Իրան-Ռուսաստան բարեկամության խմբի ռուսական նախագահ Հաֆեզ Սալիհովի, ՌԴ ԱԳՆ օգնականի, ՌԴ Դումայի նախագահ Գրիզլիվի ու Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահի հետ:
Իրանի պատվիրակության այցը կայացել է, երբ արդեն երկար ժամանակ սառեցվել էին Իրանի ու ՌԴ հարաբերությունները՝ ՌԴ կողմից C-300 հրթիռային համակարգը Իրանին վաճառելու գործընթացը դադարեցնելուց հետո: 
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», հիշյալ սառեցումից հետո` Իրանի ու «վեցյակի» բանակցությունների նախօրեին, հունվարի 18-ին, Իրանի նախագահ Ահմադինեժադը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ, որտեղ հույս հայտնեց երկկողմ էներգետիկ համագործակցությունների զարգացման ուղղությամբ: Նաև բանակցություններից հետո, ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Սուլթանիեն, ռուսաստանում լրագրողներին հայտնեց, որ Իրանը ուրանի փոխանակման հարցում, միայն վստահում է Ռուսաստանին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, January 26, 2011

Իրանի խաղաքարը դարձավ Լիբանանի վարչապետ

Արթին Առաքելյան


Օրեր առաջ, երբ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությանը պատկանող 11 նախարար հրաժարվեցին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության կազմից, Հարիրիի գլխավորած կառավարությունը փլուզվեց, ու Լիբանանը կրկին կրակի մեջ հայտնվեց: «Հիզբոլլահի» նմանօրինակ քայլի գլխավոր դրդապատճառը հենց սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գործով զբաղվող դատարանի աշխատանքն էր, որտեղ հայտարարվել էր, որ դատարանը սպանության գործում մեղադրում է «Հիզբոլլահին» ու Իրանի պահակազորին:
Բանակցությունների արդյունքում ի վերջո կողմերը համաձայնեցին Լիբանանի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկվող Նաջիբ Միքաթիի վարչապետությանը: Այդ նորությունը մեծ խանդավառություն է առաջացրել իրանական պետական քաղաքական դաշտում: Թեև Միքաթին առաջարկվել է «Հիզբոլլահի» ու նրան սատարող համախոհների կողմից, բայց նորընտիր վարչապետը հայտարարում է, որ չի պատկանում ոչ մի խմբակցության և ցանկանում է երկրում միասնական կառավարություն ստեղծել: Բայց արդյո՞ք բոլորին կհամոզի վարչապետի հայտարարությունը: Դժվար թե: Իսկ ո՞վ է նորընտիր վարչապետը:
55-ամյա Նաջիբ Միքաթին Լիբանանի օլիգարխներից է, որի անունը 2008-ին հայտնվել էր անգամ Forbes հանրահայտ պարբերականի աշխարհի հարուստների ցուցակում: Նրա հարստությունը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար: 1998-ին տրանսպորտի նախարարությունը ստանձնելով` նա մուտք գործեց քաղաքական դաշտ: Հետո մի քանի տարի խորհրդարանում Թրաբլոս քաղաքի պատգամավոր է եղել: Միքաթին, նախկին վարչապետ Հարիրիի սպանությունից հետո, երբ հրաժարական ներկայացրեց այդ ժամանակ գործող վարչապետ Օմար Քարամին, երեք ամիս ժամկետով ստանձնեց վարչապետի պաշտոնը, ապա հրաժարական ներկայացրեց և իր ավագ եղբոր հետ ստեղծեց Investcom ընկերությունը: Investcom-ը գործունեություն էր ծավալում հաղորդակցության ու բջջային հեռախոսների ոլորտում:
Այս ընթացքում կարևորություն է ստանում այն, որ Միքաթիի ընկերությունը լուրջ և կարևոր ներկայություն ունի «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցներ Սիրիայի և Իրանի բջջային հեռախոսների շուկայում: Investcom-ը, սիրիական SyriaTel ընկերության հետ մեկտեղ, Սիրիայի կառավարության հետ արդեն կնքել է պայմանագիր, որով Սիրիայի բջջային օպերատորները 15 տարով կլինեն այդ երկու ընկերությունների տիրապետության տակ:
Investcom-ը, նաև միավորվելով հարավաֆրիկյան MTN և սիրիական SyriaTel ընկերությունների հետ, անցյալ տարի գնեց Իրանի IranCell պետական ընկերության բաժնետոմսերի 49%-ը: Միքաթիի ընկերությունը միայն Իրանում ներդրել է ավելի քան 450 միլիոն եվրո: Ի դեպ, իրանական IranCell ընկերության բաժնետոմսերն անցյալ տարի գնել էր թուրքական TurkCell ընկերությունը, բայց Իրանի խորհրդարանը անվտանգության նկատառումներով այն չեղյալ էր հայտարարել: Հարկ է նշել, որ ամիսներ առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը, երկրի հեռահաղորդակցության ընկերության աճուրդին մասնակցելով, հաջողեց ձեռք բերել հիշյալ ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը:
Այս ամենը հաշվի առնելով, հնարավոր չէ վստահել Լիբանանի նորընտիր վարչապետի այն հայտարարություններին, թե նա ոչ մի խմբակցության չի պատկանում: Հնարավոր է, որ նա իրոք ոչ մի խմբակցության անդամ չէ, բայց հարկ է նկատի ունենալ, որ նրա կապիտալի խոշոր մասը ներդրված է Իրանի ու Սիրիայի շուկաներում, որոնք նաև համարվում են «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցները: Այս ընթացքում նաև դժվար է հավատալ «Հիզբոլլահի», այսպես կոչված, հայրենասիրական կոչերին, որովհետև հենց «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը բազմիցս հայտարարել է, որ իրենց առաջնորդը Այաթոլլա Խամենեին է: Հնարավո՞ր է հավատալ մի զինյալ խմբակցության հայրենասիրական կոչերի, երբ նույնիսկ իրենք են հայտարարում, որ հնազանդվում են մի այլ երկրի առաջնորդի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Էշթոնը Ստամբուլի բանակցություններում պատշաճ էր հագնված»

Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը, անդրադառնալով Իրանի մամուլում հրապարակված Քեթրին Էշթոնի լուսանկարներին, որոնք գրաքննության էին ենթարկվել, հայտարարել է. «Ստամբուլի բանակցությունների ընթացքում Քեթրին Էշթոնի հագուստը պատշաճ էր: Նրա հագուստը կարճ չի եղել՝ չնայած բանակցությունները ոչ թե Իրանում, այլ երրորդ երկրում էին տեղի ունենում: Էշթոնը նաև ուշադիր է եղել, որ պատահմամբ ձեռքսեղմում չունենա Իրանի բանագնաց խմբի ղեկավար Սայիդ Ջալիլիի հետ, այդ պատճառով ձեռքերը պահել է հետևում: Բայց նա չէր կարող ենթադրել, որ իր հագուստի օձիքը կարող է չհամապատասխանել իրանական ստանդարտներին, և իրանական մամուլը ստիպված, նրա լուսանկարը տպագրելիս, պիտի գրաքննության ենթարկեր»։
Հարկ է նշել, որ Ստամբուլում կայացած Իրանի ու «Վեցյակի» բանակցություններից հետո իրանական մամուլը Քեթրին Էշթոնի լուսանկարները իսլամական օրենքին համապատասխանեցնելու նպատակով փորձել էր դրանք գրաքննության ենթարկել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանը վերածվում է զինվորական դիկտատուրայի»

Գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթը, որը հանրահայտ Die Welt օրաթերթի կիրակնօրյա պարբերականն է, իր այս շաբաթվա համարում անդրադարձել է Իրանի ներքաղաքական խնդիրներին:
Պարբերականը, վկայակոչելով իր արևմտյան աղբյուրների տեղեկությունները, հայտնում է, որ Իրանը անցումային փուլում է, և կրոնապետական պետությունից վերածվում է զինվորական դիկտատուրայի: Թերթի մատուցմամբ՝ «Իրանում կրոնավորների ազդեցությունը նվազում է, և դրան զուգահեռ բարձրանում է իսլամական պահակազորի դերակատարությունն ու ազդեցությունը: Պահակազորը փորձում է գրավել երկրի բոլոր տնտեսական ու քաղաքական ռեսուրսները»։
Պարբերականը, անդրադառնալով Իրանի նախագահական վերջին ընտրություններին, գրում է. «Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վատառողջ լինելը պատճառ դարձավ, որ Ահմադինեժադն ու իրեն սատարող ուժերը վերջին նախագահական ընտրությունների ընթացքում դիմեն կեղծարարության, որի միջոցով հնարավորություն ստացան երկրի ղեկը պահել իրենց ձեռքում»։
Welt am Sonntag պարբերականը Իրանի հարցում ընդգծել է նաև Ադրբեջանի դերակատարությանը, որը, ըստ պարբերականի, դարձել է Իրանի դեմ Արևմուտքի հետախուզության կենտրոնը: Թերթը, վկայակոչելով Wikileaks-ի հրապարակումները, գրում է. «Բաքվում ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած կապերի միջոցով նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո, Խամենեին անկարող է եղել կողմնորոշվել և փորձել է անձամբ, ուղղաթիռով քաղաքի վրա թռչելով, տեսնել, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Երբ տեսել է միլիոնավոր բողոքարարների, վախեցել ու փորձել է, Ահմադինեժադին պաշտպանելով, կայունացնել իրավիճակը: Ըստ Ալիևի՝ դա Իրանի փակուղի է տարել, երբ հոգևորականները տնտեսական ոլորտը վերահսկելու հարցում անկարող դարձան, և պահակազորը սկսեց գրավել տնտեսական բոլոր ոլորտները: Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարություններից պարզվում է, որ Իրանի անվտանգության ծառայությունները սեփականաշնորհման օրենքի օգնությամբ փորձում են գրավել երկրի բոլոր տնտեսական կառույցները, և դրա շնորհիվ Իրանի տնտեսությունը դառնում է զինվորականների տնտեսություն: 
Wikileaks-ի միջոցով բացահայտված՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատան զեկույցներից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանը Իրանի ազերիների հարցը համարում է Իրանի մեկ այլ գլխացավանքը: Նրա ասելով՝ Իրանը խիստ մտահոգված է պանթուրքիստների ակտիվությունից ու այդ իսկ պատճառով փորձում է անկայուն դարձնել Ադրբեջանի Հանրապետությունը: Ըստ փաստաթղթի, իսլամական հեղափոխության պահակազորը իր ծրագիրն է ներկայացրել Խամենեիին, համաձայն որի, նրանք պատրաստվում են Իրանի հյուսիսարևմտյան շրջանում աշխատող պանթուրքիստներին, արևմուտքի կողմից հովանավորվող հակակրոնական շարժումներ անվանել և օգտագործել ժողովրդի կրոնական զգացմունքերից: Նաև փորձում են Ադրբեջան ուղարկել մի քանի գործակալի, որոնք պիտի տեղի մամուլում նյութեր հրապարակեն իսլամի դեմ: Wikileaks-ի համաձայն, հիշյալ ծրագիրը ստորագրել է պահակազորի հրամանատար Յուսեֆ Շաքերին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը