Thursday, February 03, 2011

Արդյոք Եգիպտոսի իրադարձություններն Իրանի օգտի՞ն են


Արթին Առաքելյան

Արդեն արաբական երկրներում եռում է տասնյակ տարիներ ընկճված ժողովուրդների արյունը, և որքան թեժանում են կրքերը, նույն չափով արթնանում են ռեֆորմների ցանկությունները արդեն մի քանի տասնամյակ իշխած նախագահների ու թագավորների մեջ:

Մի խոսքով, Թունիսում բարձրացած քամիները գնալով փոթորիկ են առաջացնում արաբա-իսլամական աշխարհում: Արդեն ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներն են վառվում ցույցերի ընթացքում, այլ հենց տվյալ երկրների իշխողների լուսանկարներն ու պաստառները:

Թեև ամբողջ աշխարհի հայացքն այսօր սևեռվել է Նեղոսի երկրին, բայց այդ հայացքում փայլատակում է նաև ինչ-որ երկմտանք՝ հնարավո՞ր է, որ Եգիպտոսը մատնվի Իրանի ճակատագրին: Ժամանակին Արևմուտքը դրական արձագանքեց իրանական հեղափոխությանը, բայց արդյունքում Իրանը ոչ թե դեմոկրատական երկիր դարձավ, այլ հակառակը՝ այնտեղ երևան եկավ կրոնապետական մի համակարգ, որը շատ հեռու էր ժողովրդավարական որոշակի սկզբունքներից: Դրան կարելի է գումարել միջուկային տերություն դառնալու՝ Իրանի նկրտումները, ինչն ինքնին ապակայունացնում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը:

Այսօր դժվար իրավիճակում է հայտնվել նաև ԱՄՆ-ը: Չէ՞ որ 1979-ին Իրանի շահին չհովանավորելով` դրանով ազատ արձակեց կրոնականների ձեռքերը, ու նրանք, ի վերջո, կարողացան հեղափոխության մրցանակը խլել հեղափոխության իրական հեղինակներից: Թեև Եվրոպան մասամբ լռել է Եգիպտոսի հարցում, բայց ԱՄՆ-ը փորձում է ոսկե միջինը գտնելով՝ ընթանալ չափավորական ուղիով: Հնարավոր է, որ Մուբարաքի վարչակարգը չփլուզվի, և ԱՄՆ-ը պարտավորված շարունակի նրա հետ իր հարաբերությունները, մյուս կողմից էլ ԱՄՆ-ը չի ցանկանում խոչընդոտել դեմոկրատական ծայր առած շարժումները, որովհետև չի ցանկանում ժողովրդի հավանական հաղթանակից հետո նրան ընդդիմացնել ԱՄՆ-ի դեմ:
ԱՄՆ-ին մնում է միայն սպասել, թե արդյոք Ալ Բարադեիին կհաջողվի՞ ստանձնել ցուցարարների ու ընդդիմադիրների բացարձակ վստահությունը, թե՞ ոչ: Որովհետև Ալ Բարադեիի հաղթանակով ԱՄՆ-ը Մուբարաքին փոխարինելու լուրջ և չափավոր այլընտրանք է գտնելու, եթե ոչ՝ Եգիպտոսում, հնարավոր է, գործի գլուխ անցնի «Մուսուլմանական եղբայրություն» կուսակցությունը, որը իսլամիստական, համենայնդեպս՝ ոչ չափավորական կուսակցություն է համարվում:
Գոյություն ունի նաև մի այլ մտավախություն, որ թույլ Եգիպտոսը հնարավոր է՝ ավելի հեշտ հանձնվի Իրանի իշխանությունների ցանկություններին, որի դեպքում միակ հույսը լինելու է Եգիպտոսի բանակը, որը բազմիցս ապացուցել է, որ անցումային շրջաններում կայունությունը ապահովող միակ ու լավագույն ուժն է:
Ներկա իրավիճակում Իրանի իշխանությունները Եգիպտոսի ժողովրդի ընդվզումը համարում են իրենց գաղափարների հաղթանակը, որը տապալում է աշխարհիկ ու արևմտամետ վարչակարգերը: Բայց չպետք է անտեսել այն, որ Իրանը միաժամանակ խիստ մտահոգված է արաբական աշխարհի ժողովրդավարացման գործընթացից, որովհետև այդ դեպքում նրանք պիտի իրենց ժողովրդին, որն այն կարծիքի է, թե իրենք մշակութապես գերազանցում են արաբներին, բացատրություն տան՝ ինչո՞ւ արաբները կարողացել են ստեղծել ժողովրդավարական պետություններ, իսկ իրենք զուրկ են դրանից:
Նշենք, որ օրերս Իրանի ռեֆորմիստների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի խորհրդականներից Արդեշիր Ամիր Արջմանդը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները դեմ են դիկտատորներին և հովանավորում են Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդների ընդվզումը այդ դիկտատորների դեմ, թող թույլ տան Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը՝ փետրվարի 11-ին, Իրանի ռեֆորմիստները խաղաղ քայլարշավ իրականացնեն, որով կպարզվի՝ արդյո՞ք նրանց վիճակն է ավելի լավ, թե՞ Բեն Ալիի ու Մուբարաքի այսօրվա վիճակը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը