Thursday, July 28, 2011

Արգելափակված սոցկայքերի հղումն իրանական կայքերում տեղադրելը հանցանք ճանաչվեց


Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության ինտերնետի բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Borna News գործակալության հետ զրույցում հայտարարել է.

«Իրանական կայքերում սովորություն է դարձել արգելափակված սոցկայքերի հղումների տեղադրումը: Հիշյալ կայքերն այդ քայլով անուղղակիորեն իրենց լսարանին քաջալերում են օգտվել այդ սոցիալական ցանցերից: Կայքերը չպետք է հույս կապեն մի քանի քլիքի հետ, որ իրենց կարող է բերել այդ սոցկայքերում իրենց կայքի հղումի տարածումը»։

Մոմեննասաբը ավելացրել է նաև, որ, ըստ օրենքի, արգելափակված սոցկայքերի հղումը կայքում տեղադրելը համարվում է հանցանք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադն իր կառավարությունը այաթոլլահ Խամենեիին պարտական չի համարում


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարության ու գործադիր պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր կառավարությունը պարտական է Իրանի ժողովրդին, իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիին ու պատերազմում զոհված մարտիկներին:

Չանդրադառնալով երկրի առաջնորդ այաթոլլահ Խամենեիին դերին՝ նա ավելացրել է. «Ոմանք, կառավարությանը օգնելու փոխարեն, փորձում են պղտորել մթնոլորտը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Եթե այսպես շարունակվի, Ահմադինեժադի կառավարությունն իր բնականոն ավարտին չի հասնի»


Իրանական Jomhouri Eslami օրաթերթը ծավալուն հարցազրույց է ունեցել Իրանի պահակազորի նախկին հրամանատար, պահպանողականների հանրահայտ ներկայացուցիչ Մոհսեն Ռեֆիղդուսթի հետ:

Հիշյալ զրույցի ընթացքում Ռեֆիղդուսթը, անդրադառնալով նախագահ Ահմադինեժադի և նրա կառավարության գործունեությանը, հայտարարել է. «Ես հույս ունեմ, որ առկա խնդիրները շուտով կհարթվեն: Կառավարության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց գործն են անում և կապ չունեն ներթափանցած դավադիրների ու մոլորվածների հետ: Իմ փափագն է, որ նախագահը հեռանա դավադիրների ճամբարից, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ներկայիս կառավարությունն իր բնականոն ավարտին չի հասնի: Իսկ սրտացավ մարդկանց փափագն այն է, որ կառավարությունը անցնցում հասնի իր պաշտոնավարության ավարտին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդը իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է հիմնում


Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի լրատվական կայքի հաղորդմամբ՝ երկրի առաջնորդն իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է կյանքի կոչել ու խորհրդի նախագահ է նշանակել Իրանի դատական իշխանության նախկին նախագահ այաթոլլահ Շահրուդիին:

Նորաստեղծ խորհրդի առաքելությունն է երկրի իշխանությունների միջև ծագած վեճերի ու հարաբերությունների կարգավորումը:

Թեև երկրի իշխանությունների հարաբերությունների կարգավորումը Իրանի առաջնորդի գործառույթների մեջ է, բայց, սահմանադրության համաձայն, նմանօրինակ հարցերը հնարավոր է կարգավորել այաթոլլահ Ռաֆսանջանիի գլխավորած համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի միջոցով: Իրանի բանիմացների խորհրդի անդամ այաթոլլահ Մամդուհին իրանական Nasim Online լրատվական կայքին հաղորդել է, որ այաթոլլահ Ռաֆսանջանին արդեն կորցրել է իր դիրքը կողմնապահության պատճառով, հետևաբար երկրի առաջնորդը հարկ է համարել նոր խորհուրդ կյանքի կոչել:

Նորաստեղծ խորհուրդը զբաղվելու է իշխանությունների միջև ծագած անհամաձայնությունները կարգավորելու գործով, իսկ խորհրդի ընդունած վճիռները համարվելու են երկրի առաջնորդի վճիռը:

Իրանում 32 տարի առաջ էլ էր նման իրավիճակ առաջացել, երբ օրվա նախագահ Բանիսադրը լուրջ խնդիրներ ուներ երկրի խորհրդարանի և դատական իշխանության հետ: Այն ժամանակ երկրի առաջնորդ Իմամ Խոմեյնին նման խորհուրդ կյանքի կոչեց, որը հանգեցրեց Բանիսադրի պաշտոնանկությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, July 26, 2011

Իրանը չպետք է միջնորդ լինի ԼՂ կարգավորման հարցում. իրանցի փորձագետ


Իրանցի փորձագետ Բահրամ Ամիրահմադիանը, իրանական Khabar օրաթերթի հետ հարցազրույցում անդրադառնալով Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի իրադարձություններին, ԼՂ հարցի առնչությամբ հայտարարել է. «Հայաստանը 20 տարուց հետո էլ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակ չունի, որովհետև այդ քայլը չի կարող բացատրել իր ժողովրդին, իսկ Ադրբեջանն էլ չի կարող հրաժարվել ԼՂ-ից:

Այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի ետ վերցնել ԼՂ-ը, սակայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի՝ Հայաստանին հովանավորելը չեզոքացնում է այդ հավանականությունը: Հետևաբար, երկու պետությունների համար էլ ձեռնտու է ԼՂ-ի հարցի լուծումը թողնել հաջորդ սերունդներին»։

Բահրամ Ամիրահմադիանը Khabar օրաթերթի այն հարցին, թե այս իրավիճակում Իրանը ի՞նչ անելիք ունի, պատասխանել է. «Իմ կարծիքով, ավելի լավ կլինի, որ Իրանը միջնորդ չհանդիսանա ԼՂ կարգավորման հարցում, որովհետև այդ հարցի կարգավորումը ենթադրում է մեկ հաղթանակած և մեկ պարտված կողմ: Մենք այս տարածաշրջանում ենք ապրում և հիշյալ երկու երկրների հետ էլ դրական հարաբերություններ ունենք, ուրեմն, ավելի լավ է միջազգային կազմակերպությունները զբաղվեն այդ հարցով»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամիին թույլ չեն տվել արտասահման մեկնել


Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի անվտանգության ծառայությունները նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին թույլ չեն տվել արտասահման մեկնել:

Շրջանառվող լուրերի համաձայն, Խաթամին իր որդիներին այցելելու նպատակով ցանկանում էր մեկնել եվրոպական մի երկիր, բայց վերջին ժամերին պարզվել է, որ նա երկիրը թողնելու և արտասահման մեկնելու թույլտվություն չունի:

Կայքի փոխանցմամբ, անցյալ տարի էլ Խաթամին ցանկացել էր մեկնել Ճապոնիա, ինչի թույլտվություն ևս չէին տվել նրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանի անվտանգությունն ապահովելու այլ ելք, Իսրայելին ոչնչացնելուց բացի, չունենք»


Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի աշխարհազորային «Բասիջ» կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին, անդրադառնալով վերջին օրերին իրանցի լավագույն ուսանողներից մեկի ահաբեկչության լուրին, հայտարարել է. «Նմանօրինակ գործողությունների հեղինակը ԱՄՆ-ն է, բայց, վախենալով Իրանի ժողովրդի հեղափոխական պատասխաններից, դրա իրագործումը հանձնում է Իսրայելին:

Այսօր միջազգային ոչ մի արդար դատարան պատրաստ չէ զբաղվել ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից իրականցված գործերով, ուստի երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, Իսրայելին ոչնչացնելուց բացի, այլ ելք չունենք: Միայն Իսրայելի ոչնչացումով է, որ մեր գիտնականները հնարավորություն կունենան ազատորեն զբաղվել իրենց գիտական առաքելությամբ»:

Մուհամադ Ռեզա Նաղդին, մատնանշելով ԱՄՆ-ի տնտեսական վատթար իրավիճակը, ավելացրել է. «Այսօր ԱՄՆ-ի տնտեսությունը փլուզման շեմին է, այդ իսկ պատճառով փորձում է աշխարհում մոնոպոլիաներ ստեղծել: Նրանք իրենց տնտեսական վատ պայմանների պատճառով որևէ մրցակից չեն ցանկանում տեսնել իրենց առջև, հետևաբար բոլոր միջոցները օգտագործում են մրցակիցներին ասպարեզից հեռացնելու համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, July 25, 2011

PKK-ն Թուրքիայի քրդերի իրական ներկայացուցիչն է. իրանական մամուլ


Իրանի պահպանողականների հանրահայտ Keyhan օրաթերթը, իր հուլիսի 24-ի խմբագրականում անդրադառնալով Իրանի արևմտյան շրջաններում պահակազորի ու քրդական PJAK խմբակցության միջև տեղի ունեցող զինյալ ընդհարումներին, PJAK-ին ամերիկյան նախագիծ է անվանել:

Ըստ հոդվածագրի՝ «Քրդական PJAK-ը ոչ մի կապ ու անգամ նմանություն չունի Թուրքիայում աշխատող PKK խմբակցության հետ: PJAK-ը, հակառակ PKK-ի, հովանավորվում է արևմտյան ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից:

Թուրքիայում գործող PKK-ը համարվում է Թուրքիայի քրդերի իրական ներկայացուցիչը, ունի ռազմավարություն ու հայտարարված ծրագիր, իսկ PJAK-ը զուրկ է այդ բոլորից: Անգամ Իրանի սահմանամերձ գյուղերում PJAK-ին չի հաջողվել համախոհներ համախմբել իր շուրջը:

Օրինակ՝ երկու տարի առաջ Թուրքիայի իշխանությունները Գերմանիայի կառավարությունից պահանջեցին ձերբակալել Գերմանիայում աշխատող PKK-ի գործիչներին: Գերմանական հետախույզները, գրոհել էին մի տան վրա՝ մտածելով, թե այնտեղ համախմբված են PKK-ի գործիչները, և ձերբակալել էին PJAK-ի անդամներին: Մի քանի օր անց, երբ Գերմանիայի կառավարությունը Թուրքիային հանձնեց PKK-ի ձերբակալված գործիչներին, ազատ արձակեց PJAK-ի ձերբակալված անդամներին: Սա ապացուցում է, որ Արևմուտքի համար էլ PKK-ը տարբերվում է PJAK-ից»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Քրդական PKK և PJAK խմբակցությունների մարտիկները մարզվում են ԼՂ-ի տարածքում». Իրանի առաջնորդի ներկայացուցիչ


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի Արդաբիլ քաղաքի կրոնապետ, երկրի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլիսլամ Ամելին, ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի արևմտյան շրջաններում Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև ընթացող զինյալ ընդհարումներին, հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Իսրայելը քրդական PKK և PJAK խմբակցության մարտիկներին զինում ու մարզում են ԼՂ-ի տարածքում»։

Հոջաթոլիսլամ Ամելին, անդրադառնալով ԼՂ կարգավորման բանակցություններին, նաև նշել է. «Մինսկի խումբը այսքան տարի միջնորդ չի եղել, այլ միայն ընթացել են քաղաքական խաղեր: Նրանք չեն ցանկանում կարգավորել ԼՂ հարցը, և այդ գործում նրանց աջակցում են գերտերությունները: Բաքվին ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն արգելում են որևէ ռազմական գործողություն ծավալել ԼՂ ազատագրելու ուղղությամբ, ու այդ իրավիճակը կարծես թե ձեռնտու է նաև Ադրբեջանի իշխանություններին: Եթե Ադրբեջանի իշխանությունները հույս չդնեին գերտերությունների վրա, այլ վստահեին իրենց հավատակից շիա ժողովրդի կամքին, ԼՂ հարցը շատ վաղուց կարգավորվել էր»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանն իր սահմանները չի բացելու Իրանի առջև


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի գրասենյակի քաղաքական և հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելուն զուգահեռ, Ադրբեջանը վիզայի ռեժիմը վերացնի նաև Իրանի քաղաքացիների համար:

Իրանը նաև սպառնում է մեկուսացնել Նախիջևանի շրջանը, եթե ադրբեջանական կողմը չհամաձայնվի իր սահմանները բացել Իրանի առջև:

Հասանովի փոխանցմամբ՝ չնայած առկա ճնշումներին՝ այս պահին Ադրբեջանի ազգային շահը թույլ չի տալիս երկրի սահմանները բացել Իրանի առջև:

Ավելացնենք, որ թե՛ Իրանը և թե՛ Թուրքիան միակողմանիորեն վերացրել են վիզայի ռեժիմը Ադրբեջանի հետ, բայց ադրբեջանական իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են փոխադարձ պատասխան քայլ անել Իրանի և Թուրքիայի հանդեպ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրաքցի պատգամավորները պահանջում են երկրից վտարել Իրանի դեսպանին


Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի խորհրդարանի մի շարք պատգամավորներ ԱԳ նախարար Հուշյար Զիբարիից պահանջում են երկրից հեռացնել Իրանի դեսպանին:

Պատգամավորները պատճառաբանում են, որ Իրանի դեսպանին պետք է վտարել Իրանի պահակազորի կողմից Իրաքի Ինքնավար Քրդստանի շրջանները ռմբակոծելու պատճառով:

Զիբարին, հրաժարվելով կատարել պատգամավորների պահանջը, հայտարարել է, որ ցանկացած երկրի դեսպանը երկկողմ հարաբերությունների լավագույն խորհրդանիշն է, որի շնորհիվ կարելի է լուծել առաջացած խնդիրները:

Իրաքի ԱԳ նախարար Հուշյար Զիբարին նաև հայտնել է, որ նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին, և Իրաքի կառավարության վրդովմունքը փոխանցվել է իրանական կողմին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Երեք նոր զոհ Իրանի պահակազորում


Իրանի պետական Khabar հեռուստաալիքի հաղորդմամբ, քրդական PJAK խմբակցության հետ բախումներում Իրանի պահակազորի ևս երեք զինյալներ են զոհվել: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ զոհվել են նաև Զամզիրան սահմանակետի 4 զինծառայողներ: Զինյալ ընդհարումների արդյունքում վիրավորվել են Իրանի զինված ուժերի 8 զինծառայողներ:

Իրանական կողմը նաև փոխանցել է, որ պահակազորի մոտ են գտնվում քրդական PJAK խմբակցության զոհված 4 զինյալների դիակները, որոնցից մեկը կին է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրան-Իրաք սահմանագծում զինյալ բախումներ են ընթանում Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ զոհվել է Իրանի պահակազորի հրամանատար, գնդապետ Ասեմին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, July 22, 2011

Ահմադինեժադը մերժել է ՌԴ նախագիծը


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մերժել է ՌԴ կողմից ներկայացված «Քայլ առ քայլ» նախագիծը:

Անցյալ շաբաթվա ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանին մի նախագիծ ներկայացրեց, որի համաձայն՝ Իրանը միջուկային աշխատանքների ուղղությամբ ցանկացած լուսաբանող քայլի դիմաց նրա դեմ սահմանված պատժամիջոցները կվերանան:

Ահմադինեժադը Քերման քաղաքում ունեցած իր ելույթում հայտարարել է. «Բոլորը վախենում են Իրանի զարգացումից, ոչ թե ատոմային ռումբից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ատոմային ռումբ չենք ուզում, բայց եթե անգամ ցանկանայինք, ոչ ոքից չենք վախենում ու կհայտարարենք այդ մասին բոլորին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի պահակազորը կորցրել է 250 զինյալների քրդերի հետ բախման արդյունքում


Քրդական Kurdane ռ/կ-ի հաղորդմամբ, Իրան-Իրաք սահմանագծում շարունակվում են Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև ընդհարումները:

Kurdane-ի փոխանցմամբ, երկկողմ ընդհարումների սկզբից մինչև այսօր Իրանի պահակազորը կորցրել է 250 զինյալների:

Իրանական Bultan News լրատվական կայքի փոխանցմամբ, անցյալ օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է Իրանի պահակազորի հրամանատար, գնդապետ Ասեմին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի պահպանողականները մտահոգ են Ահմադինեժադի խոստումներից


Իրանի պահպանողական գործիչները իրենց մտահոգություններն են հայտնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հասարակությանը ներկայացված խոստումների մասին:

Իրանի խորհրդարանի հանրահայտ պահպանողական պատգամավոր Ահմադ Թավաքոլին Alef լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում նշել է. «Ահմադինեժադը իշխանությունից ժողովրդի սպասելիքները ամեն օր բարձրացնում է, որի արդյունքում էլ ժողովուրդը սկսելու է դժգոհել իշխանությունից խոստումների չիրագործվելու պատճառով»:

Նույն թեմայի մասին է խոսել նաև խորհրդարանի մի այլ պահպանողական պատգամավոր՝ Էսմայիլ Քոսարին: Նա Jahan News լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է. «Անհիմն խոստումները պատճառ են դառնալու, որ ժողովուրդը դժգոհի իշխանություններից: Բոլոր անտրամաբանական ու անհիմն խոստումները, որոնք ժողովրդի սպասելիքները իշխանություններից մեծապես կբարձրացնեն, վնասակար են երկրի համար»։

Պահպանողականները համոզված են, որ Ահմադինեժադի ներկայացրած խոստումները նախընտրական երանգներ ունեն, բայց հնարավոր է՝ ժողովրդի մեջ լուրջ դժգոհություններ առաջացեն, ինչը Իրանի ներկա իրավիճակում ձեռնտու չէ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ահմադինեժադը հայտարարեց, թե 1000 քմ հողամաս է հանձնվելու իրանցի բոլոր ընտանիքներին, որոնք հնարավորություն կունենա այնտեղ կառուցել իրենց սեփական բնակարանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Դադարեցվել է իրանական նավթի արտահանումը Հնդկաստան


Reuters գործակալության հաղորդմամբ՝ Հնդկաստանի երկրորդ ամենամեծ նավթամշակման Bharat հիմնարկը դադարեցրել է Իրանից նավթի ներմուծումը:

Հնդկական կողմի աղբյուրը, որը բացահայտվել չի ցանկացել, Reuters գործակալությանը հայտնել է՝ մինչև Իրանից գնված նավթի գումարները իրանական կողմին հանձնելու նոր համակարգ չձևավորվի, Հնդկաստանը չի վերսկսի Իրանից նավթի ներմուծումը և վառելանյութ կգնի Սաուդյան Արաբիայից:

Հիշեցնենք, որ հունվար ամսին Հնդկաստանի Կենտրոնական բանկը հնդկական բանկերին արգելեց Իրանի հետ ֆինանսական հարաբերություններ ունենալ, այդ իսկ պատճառով հնդկական ընկերությունները զրկվեցին իրանական նավթի ներմուծման դիմաց գումարները իրանական կողմին վճարելու հնարավորությունից:

Թեև հնդկական ընկերությունները չէին կարող վճարել իրանական նավթի համար, բայց իրանական կողմը շարունակեց նավթ արտահանել Հնդկաստան, որի արդյունքում, այսօրվա դրությամբ, հնդկական ընկերությունները մոտ 5 միլիարդ դոլարի պարտք ունեն Իրանին:

Reuters գործակալության մատուցմամբ՝ Հնդկաստանն օգոստոս ամսից արդեն նավթ չի գնելու Իրանից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Օքսֆորդի օդաչուների ակադեմիան այլևս չի ուսուցանելու իրանցի օդաչուների


Շվեդական The Local լրատվական կայքի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի օդաչուների ակադեմիան հայտարարել է, որ, ԱՄՆ-ի կողմից իրանական Iran Air ավիաընկերության դեմ սահմանված պատժամիջոցների համաձայն, այլևս չի ընդունելու իրանցի օդաչուների:

Օքսֆորդի ակադեմիան, որը իրանցի օդաչուներին ուսուցանում էր Շվեդիայի կենտրոնում, միանում է Իրանի դեմ սահմանված օդային պատժամիջոցներին: Իրանական Iran Air ավիաընկերությունը մեղադրվում է Իրանի պահակազորի հետ սերտ համագործակցության մեջ։ 

Կասկածներ կան, որ հիշյալ ավիաընկերությունը պահակազորին աջակցում է նաև ռազմամթերք տեղափոխելու գործում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադի նախկին աջակիցները քաղաքական դաշինք կազմեցին


Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երկու կառավարություններից դուրս մնացած պաշտոնյաները քաղաքական նոր դաշինք են կազմել:

Թերթի փոխանցմամբ, հիշյալ դաշինքը, որը անվանվել է «Իսլամական հեղափոխության կայուն դաշինք», գլխավորում է Իրանի ներքին գործերի նախկին նախարար Սադեղ Մահսուլիին։ Դաշինքին անդամակցում են Ահմադինեժադի նախկին աջակիցները և կառավարության կազմից դուրս մնացած նախարարները:

Նորակազմ դաշինքն արդեն երկրի խորհրդարանի պատգամավորների մեջ էլ անդամներ ունի, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին նոր կազմով ու ցանկով հանդես գալու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, July 20, 2011

Իրանի պահակազորը տեղակայվել է երկրի արևմտյան շրջաններում


Իրանական HRANA լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորը իր զինյալներին տեղակայել է երկրի արևմտյան շրջաններում, գլխավորաբար՝ Սարդաշթ քաղաքում:

Կայքի փոխանցմամբ, Սարդաշթ քաղաքն ու նրան հարակից շրջանները խիստ վերահսկվում են Իրանի պահակազորի կողմից:

HRANA-ը նաև ավելացրել է, որ պահակազորը Սարդաշթ քաղաքի բոլոր հիվանդանոցներն իր վերահսկողության տակ է առել, ու շարքային քաղաքացիներին այդ հիվանդանոցներ չեն ընդունում: Գլխավոր պատճառն այն է, որ վերջին օրերին պահակազորի և քրդական Pjak խմբակցության հետ տեղի ունեցած զինված ընդհարման ընթացքում սպանված կամ վիրավոր զինվորները տեղափոխվել են Սարդաշթ քաղաքի հիվանդանոցներ, այդ իսկ պատճառով հիվանդանոցները այլևս հնարավորություն չունեն քաղաքացիներին ընդունելու:

Կայքի մատուցմամբ՝ Իրանի պահակազորը Սարդաշթ քաղաքին հարակից գյուղերում բնակվող գյուղացիներին սահմանագիծ է ուղարկում, նրանցից պահանջելով զոհված կամ վիրավոր զինվորներին գտնել ու հիվանդանոց փոխադրել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ պահակազորի և Pjak-ի միջև տեղի ունեցած ընդհարումների ժամանակ Իրանի պահակազորի մոտ 180 զինյալ է զոհվել:

Մի շարք քուրդ փորձագետներ համոզված են, որ Իրանի պահակազորի գլխավոր նպատակը քրդական Pjak խմբակցությունը չէ, այլ նրանք մտադիր են ինչ-որ պատրվակով տեղակայվել Իրան-Թուրքիա սահմանագծում՝ Սիրիայի վրա Թուրքիայի հավանական զինված հարձակման դեպքում պատասխան գործողություններ իրականացնելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրան-Իրաք սահմանագծում արդեն պատրաստ վիճակում են 12,000 քուրդ զինյալներ


Քրդական Rudaw լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը Իրան-Իրաք սահմանագծի Փեշդեր շրջանում ավելի քան 12,000 զինյալ մարտիկ է տեղակայել, որոնք մարտական պատրաստության վիճակում են:

Կայքի փոխանցմամբ, արդեն երեք օր է, ինչ իրանական թնդանոթները չեն դադարեցնում կրակը և շարունակաբար ռմբակոծում են քրդական շրջանները: Իրաքի Ինքնավար Քրդստանի զինված ուժերի հրամանատար Սալահ Դեյլամանին հայտարարել է, որ քուրդ զինված ուժերը դիմադրելու են բոլոր նրանց, որոնք կփորձեն ներթափանցել քրդական շրջաններ ու անկայունացնել տարածաշրջանը:

Հաղորդված լուրերի համաձայն՝ սահմանագծում տեղակայված 12,000 զինյալները զինված են ծանր հրետանիով և կփորձեն չեզոքացնել Իրանի կողմից ցանկացած ոտնձգություն:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի պահակազորը օրեր առաջ հարձակվել էր Իրան-Իրաք սահմանագծում տեղակայված քուրդ Pjak խմբակցության զորակայանի վրա ու կենտրոնը ոչնչացնելով՝ գրավել այն:

Իրանական կողմը Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը մեղադրում է ավելի քան 300 հազար հեկտար տարածք PKK-ի իրանական մասնաճյուղ համարվող Pjak խմբակցությանը հատկացնելու համար, որը, ըստ իրանական կողմի, փորձում է այնտեղից հաձակումներ իրականացնել Իրանի որոշ շրջանների վրա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, July 19, 2011

ԱՄՆ-ը ոչ պաշտոնապես հերքեց, թե Իսրայելը շուտով հարվածելու է Իրանին


Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ԿՀՎ նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը վերջերս հայտարարել էր, թե համոզված է՝ Իսրայելը մինչև սեպտեմբեր հարձակվելու է Իրանի վրա և ռմբակոծելու է այդ երկրի ատոմակայանները: Ըստ Բաովերի՝ Իսրայելի վարչապետը այդ ուղղությամբ մի նախագիծ է պատրաստել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն էլ է պարտավորված լինելու մասնակցել այդ գործողությանը:

Հիշյալ լուրի հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղարության նախկին խոսնակ Ֆիլիպ Քրոուլին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Քանի դեռ Իրանին հարվածելու ռազմավարական ծախսերի հաշվարկը անհնար է, նման գործողությունները անարդյունավետ են համարվելու: Իսկ արաբական գարունը այն մակարդակի է խափանել Իսրայելի տարածաշրջանային ռազմավարական հաշվարկները, որ միառժամանակ կանխելու է Իսրայելի հարձակումը Իրանի վրա»։

Պիտի ավելացնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները դեռ չեն արձագանքել Ռոբերտ Բաովերի հնչեցրած հայտարարություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կրկին ձերբակալվել է Ահմադինեժադի գլխավոր քննադատներից համարվող Մեհդի Խազալին


Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները կրկին ձերբակալել են իրանցի բարձրաստիճան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խազալիի որդուն՝ Մեհդի Խազալիին:

Կայքի փոխանցմամբ՝ Խազալին հարցաքննության է կանչվել, և երբ ներկայացել է դատախազին, անվտանգության ծառայությունները, անտեսելով այն փաստը, որ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել բանտից, կրկին ձերբակալել են նրան:

Մեհդի Խազալին վերջին օրերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և նրա գլխավորած կառավարությանը ենթարկել էր սուր քննադատության, որն անգամ միջազգային հնչեղություն էր ստացել:

Հիշեցնենք, որ Մեհդի Խազալիի հայրը Իրանի կրոնական բարձրաստիճան առաջնորդներից ու Ահմադինեժադի կողմնակիցներից է համարվում, և նախագահական ընտրություններից հետո, երբ որդին խիստ քննադատություն էր ծավալում նախագահի դեմ, նա անգամ պաշտոնապես հրաժարվեց որդուց: Մեհդի Խազալին էլ հոր կատարած քայլին ի պատասխան հայտարարեց, որ բռնության ու չարի դեմ պայքարը կրոնական հիմնական արժեքներից է, և հնարավոր չէ հոր ցանկությամբ հրաժարվել դրանից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Թուրքիայի ու Սիրիայի միջև ընտրելու է Սիրիային


Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի պաշտոնական պարբերական Sobhe Sadegh-ը մի վերլուծակալ հոդվածով քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Թեհրան կատարած այցելությունը:

Պարբերականը նշում է.

«Ամբողջ աշխարհը գիտի Իրանի և Սիրիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին, և եթե Սիրիայի վարչակարգը փլուզվի, բոլորը ափսոսանքով են հիշելու այդ օրերը:

Իսկ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն Սիրիայի դեմ իրենց ներկայիս քաղաքականությունը, Իրանի ազգային շահերը պարտադրելու են, որ Իրանը այդ երկուսի միջև ընտրի Սիրիային: Լավ կլինի, որ թուրք դիվանագետներն այդ կարևոր հարցը գիտակցեն ու հեռատես քաղաքականություն որդեգրելով՝ կանխեն Իրանի նման ընտրությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, July 18, 2011

Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա. ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից


Իսրայելական Yediot Ahronot օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը համոզված է, որ Իսրայելը շուտով հարվածելու է Իրանի ատոմակայաններին, և ԱՄՆ-ն էլ պարտավորված մասնակից է դառնալու այդ գործողությանը:

Ռոբերտ Բաովերը, որը 21 տարի աշխատել է Մերձավոր Արևելքում, հայտարարել է, որ Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա: Ըստ Բաովերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Իրանին հարվածելու նախագիծ է մշակել և դա իրագործելու է նախքան Պաղեստին անկախության հանրաքվեն:

Օրաթերթի մատուցմամբ, Բաովերը ավելացրել է. «Իսրայելը հարվածելու է Իրանի ատոմակայաններին։ Իրանն էլ փոխադարձ քայլով հարվածելու է տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելյան կենտրոններին, որի արդյունքում ԱՄՆ-ը պարտավորված մասնակցելու է Իսրայելի նախագծած գործողություններին: Բայց սա կարող է աղետալի լինել Իսրայելի համար, որովհետև այդ եպկիրը բավարար զինուժ չունի նման պատերազմին համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը կհովանավորի PKK-ին Թուրքիային Սիրիայի հարցով պատժելու նպատակով


Թուրքական Zaman Today օրաթերթը հայտարարում է, որ Իրանը, հակադրվելով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, հնարավոր է՝ կրկին աջակցի քրդական PKK խմբակցությանը:

Ըստ Zaman-ի մեկնաբան Էմրե Ուսլոյի՝ «Իրանի և Սիրիայի իշխանությունները 90-ական թվականներին Թուրքիային ճնշելու մտադրությամբ հովանավորում էին քրդական PKK խմբակցությանը, բայց երբ 2003-ին Իրաքը գրավվեց ԱՄՆ-ի կողմից, Իրանըհրաժարվեց PKK-ին աջակցելու իր քաղաքականությունից: Սակայն այս օրերին իրանական իշխանությունները մտահոգված են Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությամբ և վախենում են, որ այդ քաղաքականության արդյունքում տապալվի իրենց վաղեմի դաշնակից Բաշար Ալ-Ասադի վարչակարգը: Հետևաբար հավանական է, որ Իրանը կրկին փորձի աջակցել PKK-ին»:

Օրաթերթի մատուցմամբ՝ երբ 2008-ին Թուրքիան ռմբակոծեց Իրաքի հյուսիսում գտնվող Ղանդիլ լեռները, որտեղ գործում էին PKK-ի մարտիկները, հիշյալ խմբի ղեկավար Ջամիլ Բայեքը փախուստի դիմեց ու ապաստան գտավ Իրանում: Ներկա պահին, հավանաբար, Իրանի իշխանությունները Բայեքից պահանջել են, որ նորից ակտիվացնի իր խմբի գործողությունները Թուրքիայի տարածքում: 

Թուրք մեկնաբանը ավելացնում է, որ վերջին օրերին քուրդ զինյալների գործողությունների արդյունքում զոհվել է 13 թուրք զինծառայող։ Ամենայն հավանականությամբ՝ այդ գործողությունը կազմակերպել է Ջամիլ Բայեքը՝ Իրանի աջակցությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կառավարական շրջանակներից ով առաջնորդի կողմնակիցն է, ազատվում է պաշտոնից


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Մաշհադ քաղաքում Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչը, անդրադառնալով երկրի առաջնորդի և նախագահի միջև առկա հակասություններին, հայտարարել է. 

«Այս պահին կառավարական բոլոր շրջանակներում առաջնորդի կողմնակիցները գտնվում է ամենացածր պաշտոններում, և անգամ ով բացահայտ խոսի առաջնորդի օգտին, հեռացվում է պաշտոնից: Դա ցավալի իրողություն է, որը պիտի վերացվի»։

Այաթոլլահ Ալամոլհոդան, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նաև ավելացրել է. «Այս ընտրությունները Իրանի Իսլամական Հանրապետության պատմության ամենազավեշտալի ընտրություններն են, որովհետև բոլորը, անգամ ռեֆորմիստները, այդ ընտրություններին մասնակցում են արմատական ու սկզբունքային նշանաբանով ու լոզունգներով»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը մեկ տարի է՝ չի մասնակցել ուրբաթօրյա նամազին


Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արդեն մեկ տարի է՝ բացակայում է ուրբաթօրյա նամազից: Օրաթերթի փոխանցմամբ՝ մինչ այդ Ահմադինեժադը, անգամ եթե ուրբաթօրյա նամազում ելույթ չէր ունենում, որպես ունկնդիր ներկայանում էր նամազին, սակայն արդեն մեկ տարի է՝ ինչ նա դարձել է ուրբաթօրյա նամազի գլխավոր բացական:

Khabar-ի մատուցմամբ, թեև կառավարության մի շարք անդամներ միշտ ներկա են լինում նամազին, Ահմադինեժադը վերջին անգամ փետրվար ամսին իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա առիթով է մասնակցել ուրբաթօրյա նամազին, այն էլ՝ երբ նամազն իր սովորական վայրում տեղի չէր ունենում, այլ՝ «Ազատություն» հրապարակում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ռազմական բախումներ Իրան-Իրաք սահմանագծում


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորը ծանր ռազմական բախում է ունեցել քրդական PKK խմբակցության իրանական մասնաճյուղի՝ Pjak-ի հետ, որի արդյունքում Իրան-Իրաք սահմանագծում տեղակայված Marvan զորակայանը ոչնչացվել ու գրավվել է պահակազորի կողմից:

Pjak խմբակցության խոսնակ Շիրզադ Քամանգարը հայտարարել է, որ մոտ 10 ժամ քուրդ մարտիկները մարտնչել են իրանական պահակազորի դեմ, որին զորակցում էր ծանր հրետանին:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», իրանական կողմը անցյալ շաբաթ սպառնացել էր Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ եթե Ինքնավար Քրդստանը տարածք տրամադրի քրդական այն խմբերին, որոնք պայքարում են Իրանի դեմ, ապա Իրանը կռմբակոծի Իրաքի Քրդստանի այն շրջանները, ուր տեղաբաշխված են քրդական անջատողական խմբավորումները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Saturday, July 16, 2011

Իրանն ուրանի հարստացման կենտրոնները տեղափոխում է ընտհատակ


Reuters գործակալության հաղորդմամբ, դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իրանն ուրանի հարստացման կենտրոնները տեղափոխում է ընտհատակյա Ֆորդո կենտրոն:

Իրանի իշխանությունները արդեն հունիսին հայտնել էին, որ ուրանի հարստացման բոլոր աշխատանքները Նաթանզից փոխադրվելու են Ֆորդո կենտրոն:

Ֆորդոն գտնվում է Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքի մոտակայքում և տեղակայված է օդային հարձակումներից պաշտպանված լեռան ստորոտում:

Իրանական կողմը մինչև երկու տարի առաջ Ֆորդո կենտրոնի գոյությունը գաղտնի էր պահում։ Սակայն երբ արևմտյան հետախույզները բացահայտեցին Ֆորդոյի կենտրոնը, իրանական կողմն էլ հայտարարեց Ֆորդոյի կենտրոնի գոյության մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Առաջնորդ լինել՝ չի նշանակում բոլոր գործերում միջամտություն կատարել». այաթոլլահ Մահդավի Քանի


Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի բանիմացների ժողովի նախագահ այաթոլլահ Մահդավի Քանին «Գալստյան հայեցակարգ» համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում, անդրադառնալով պետական երեք իշխանությունների հարաբերություններին, հայտարարել է. «Մեր երեք իշխանությունները՝ դատականը, գործադիրը և օրենսդիրը, պիտի սերտ հարաբերություններ ունենան միմյանց հետ ու փորձեն երկրի խնդիրները միմյանց օգնությամբ լուծել: Իսկ այն պահին, երբ համաձայնություն չի գոյանում, երկրի առաջնորդը պիտի միջամտություն կատարի, որ գործերը կարգավորվեն: Առաջնորդ լինել՝ չի նշանակում բոլոր գործերում միջամտություն կատարել, օրինակ՝ իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին միշտ խորհրդակցում էր փորձագետների հետ ու ցանկանում էր՝ խնդիրները լուծվեն հենց փորձագետների ու մասնագետների միջոցով, և միայն այն ժամանակ, երբ դա հնարավոր չէր, ինքն էր միջամտում»։

Հատկանշական է, որ Մահդավի Քանին այս խոսքերը հետևում են Իրանի խորհրդարանի ազդեցիկ պահպանողական պատգամավոր Ալի Մոթահարի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությանը, թե երկրի խորհրդարանը վերածվել է առաջնորդի գրասենյակի մի մասնաճյուղի, որտեղ պատգամավորները բոլոր հարցերի առնչությաոբ կապվում են առաջնորդի գրասենյակի հետ և լուծումներ պահանջում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, July 14, 2011

Ձերբակալությունները հասնում են Իրանի կառավարության անձնակազմին


Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին կհեռանա իր պաշտոնից:

Կայքի փոխանցմամբ, Ռահիմիին փոխարինելու ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում, որոնք դեռևս անարդյունք են:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Ռահիմին մեղադրվում է կոռուպցիայում, և պահպանողականների մեծ մասը պահանջում են նրա հեռացումը։ Ըստ երևույթին, դրանից հետո նրա ձերբակալության հավանականությունը մեծ կլինի:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվել է նաև Իրանի նախագահական պալատի ղեկավար Համիդ Բաղային: Իրանական ISNA գործակալության մատուցմամբ, Իրանի նախագահի գլխավոր խորհրդական ու կառավարության ազդեցիկ անդամ Մոջթաբա Սամարե Հաշեմին լրագրողների հետ հանդիպման ընթացքում չի հերքել Բաղայիի ձերբակալության լուրը, այլ միայն լրագրողներին հորդորել է չվստահել միջազգային լրատվական գործակալությունների հաղորդած բոլոր լուրերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուի որդին փախել է Իրանից


Իրանական Ammariyon լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորի նախկին հրամանատար, նախագահական վերջին ընտրությունների թեկնածու Մոհսեն Ռեզայիի երկրորդ որդին՝ Ալի Ռեզային, փախել է Իրանից և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում:

Կայքի փոխանցմամբ, Ալի Ռեզային Իրանի նպատակահարմարությունների բնորոշման խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, որին մատչելի են եղել կարևոր փաստաթղթեր և տեղեկություններ:

Ammariyon-ի մատուցմամբ, տարիներ առաջ Մոհսեն Ռեզայիի ավագ որդին՝ Ահմադ Ռեզային էլ էր Մեծ Բրիտանիայում ապաստան գտել ու ամուսնացել հարավկորեացի մի կնոջ հետ:

Մինչ այս պահը Մոհսեն Ռեզային և Իրանի նպատակահարմարությունները բնորոշող խորհուրդը չեն արձագանքել հիշյալ լուրին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեծ Բրիտանիան իրանական ուղևորատար ինքնաթիռ է առգրավել


Իրանական Bultan News լրատվական կայքի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի դատարանի հրամանագրով, Բիրմինգհեմի օդանավակայանում առգրավվել է իրանական Mahan ավիաընկերությանը պատկանով Բոինգ A-310 մակնիշի ուղևորատար ինքնաթիռը:

Հիշյալ առգրավման գլխավոր պատճառն այն է, որ իրանական ավիաընկերությունը նախօրոք Բոինգ-747 մակնիշի երեք ինքնաթիռ էր գնել բրիտանական Gecas լիզինգային ընկերության միջոցով, սակայն, վերջինիս փոխանցմամբ, իրանական կողմը մինչ օրս այդ ինքնաթիռների գումարը չի վճարել բրիտանական կողմին: Հետևաբար Gecas ընկերությունն էլ Բրիտանիայի դատարանի միջոցով փորձել է առգրավել իրանական մի ինքնաթիռ, որը կազատվի, երբ իրանական ընկերությունը վճարի երեք ինքնաթիռների գումարը:

Հաղորդված լուրի համաձայն, այս պահին իրանական ինքնաթիռը պահվում է Բիրմինգհեմի օդանավակայանում: (Լուսանկարում)

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Google+ սոցիալական ցանցը լրտեսական նոր միջոց է. Իրանի մշակույթի նախարարություն


Իրանի մշակույթի ու առաջնորդության նախարարության ինտերնետային բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Nedaye Enghelab լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ վերջին օրերին շրջանառության մեջ մտած Google+ սոցիալական ցանցը, լրտեսության նոր միջոց է:

Ըստ Մոմեննասաբի՝ «Google ընկերությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի այցելուների թվի նվազման արդյունքում շահագործման է հանձնել իր նոր սոցիալական ցանցը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան փորձում են ինտերնետի միջոցով գրոհել Իրանը, հետևաբար բոլոր իրանցիներից պահանջվում է, որ իրենց ընկերներին ու ծանոթներին, ովքեր օգտվում են այդ նոր ցանցից, հորդորեն դուրս գալ ու այլևս չօգտագործել Google+ սոցիալական ցանցը»։

Ավելացնենք, որ վերջին օրերին Իրանի հաղորդակցության նախարարությունը ինտերնետի ֆիլտրման նոր սարքավորում է գործի դրել, որի արդյունքում Google+ սոցիալական ցանցն էլ աշխատանքային առաջին իսկ օրվանից արգելափակվել է իրանցի օգտատերերի համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ժողովուրդը հոգևոր առաջնորդին փոխել չի կարող». Իրանի առաջնորդի ներկայացուցիչ


Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորում երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ Ալի Սայիդին հայտարարել է. 

«Ժողովուրդը կարող է փոփության ենթարկել ցանկացած ուժի, բայց առաջնորդի փոփոխությունն անհնար է:

Ժողովուրդը ընտրության իրավունք ունի, բայց ամեն ընտրությունը չէ, որ ճիշտ է: Հետևաբար, եթե ժողովրդի ընտրությունը համընկնում է Աստծո սահմանածի հետ, դա ճիշտ է, իսկ եթե չհամընկնի Աստծո սահմանածին, դա իշխանություն է՝ առանց ճշմարտության»։

Ավելացնենք, որ Ալի Սայիդին պատկանում է այն պաշտոնյաների թվին, ովքեր համարում են, թե երկրի հոգևոր առաջնորդը նշանակվում է ուղղակի Աստծու կողմից, հետևաբար ժողովուրդը նրա ընտրության մեջ դերակատար չէ և միայն ազատ է նրան ընդունելու կամ չընդունելու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի գլխավոր դատախազը պատասխանեց Ահմադինեժադի սպառնալիքներին


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի գլխավոր դատախազ և դատական իշխանության խոսնակ Մոհսենի էժեյին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ վերջերս հնչեցրած հայտարարությանը, որը, ըստ որոշ մեկնաբանների, սպառնալից էր, հայտարարել է. 
«Օրենքի առջև ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի, և երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են պարտավոր են ենթարկվել օրենքին: Իսլամական հեղափոխությունից հետո բոլորը ականատես են եղել, որ երբ որևէ պաշտոնյա խախտում է կատարում, անկախ իր պաշտոնից, պատասխանատվության է ենթարկվում օրենքով: Անգամ այսօր ականատես ենք, որ կարևոր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաները, որոնք խախտումներ են թույլ տվել, ձերբակալված են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի նախագահը, անդրադառնալով երկրում կատարվող ձերբակալություններին, հայտարարել էր, թե իր համար կարմիր գիծ է համարվում կառավարության անձնակազմը, ու երբ ձերբակալությունները հասնեն կառավարության անձնակազմին, ինքը բարոյական և իրավական հիմք ունի պաշտպանելու իր կառավարության անդամներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, July 13, 2011

Իրանին նվիրված հաղորդում Երկիր Մեդիա հեռուստաալիքում

Հուլիսի 12-ին Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրագունդ» հաղորդաշարի թեման նվիրված էր Իրանին: Հաղորդմանը մասնակցում էի ես ու իմ լավ ընկերները: Հույսով իրանի հարցերը լուսաբանելու նմանօրինակ հաղորդումների թիվը աճի:
Ստորեւ ներկայացնում եմ այդ հաղորդման տեսագրությունը:

Tuesday, July 12, 2011

Իրանի խորհրդարանը ԼՂ-ն Արդբեջանի տարածքի մա՞ս է համարում


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի Արդաբիլ քաղաքի պատգամավոր Քազեմ Մուսավին, որը խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ընկերակցել է Բաքու կատարած այցի ընթացքում, հայտարարել է, որ այցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները պայմանավորվել են, Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ մեկտեղ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանդիպել Նախիջևանում:

Պատգամավորի փոխանցմամբ՝ «Կայանալիք հանդիպման կարևորագույն օրակարգը լինելու է ԼՂ-ի կարգավորման խնդիրը, որտեղ իրանական կողմը հայտարարելու է, թե ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ տարածքներում ճանաչելու է Ադրբեջանի իշխանության օրինականությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնը պաշտոնապես բողոքեց Իրանի պահապան խորհրդի նախագահի հայտարարության դեմ


Bahrain News Agency գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի ԱԳՆ-ն կանչել է Մանամայում գործող Իրանի դեսպանատան հավատարմատարին ու ներկայացրել Բահրեյնի իշխանությունների պաշտոնական բողոքը Իրանի պահապան խորհրդի նախագահ Այաթոլլահ Ահմադ Ջանաթիի հայտարարության առնչությամբ:
Իրանի պահապան խորհրդի նախագահը ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել էր. «Բահրեյնում ըմբոստացած ժողովուրդը ի՞նչ է պահանջում. յուրաքանչյուր ոք՝ մի քվե, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանց կոտորում: Թող մի օր գա, որ բոլոր մուսուլմանները գրավեն Բահրեյնը, ու այդ երկրում տիրի իսլամը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը սպառնաց Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, իրանցի մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա հայտարարել է, որ Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը ավելի քան 300 հազար հեկտար տարածք է հատկացրել Իրանի դեմ զինյալ պայքար ծավալող քրդական Pjak կազմակերպությանը:

Քրդական Pjak կազմակերպությունը համարվում է PKK-ի իրանական մասնաճյուղը, որը պայքարում է Իրանում ապրող քրդերի իրավունքների համար:

Իրանցի պաշտոնյան, սպառնալով Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը, հայտարարել է. «Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները, գործելով Իրանի սահմանագծում, սպառնան երկրի անվտանգությանը: Հետևաբար, Իրանը իր իրավունքն է համարում ռմբակոծել անգամ իր սահմաններից դուրս գտնվող այն տարածքները, որոնք օգտագործվում են Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար»։

Այդ առնչությամբ Իրանում Իրաքի Քրդստանի ներկայացուցիչ Նազիմ Դաբաղը իրանական ISNA գործակալությանը հայտնել է, որ Իրաքի Քրդստանը ոչ մի տարածք չի տրամադրել Pjak-ին, և, առհասարակ, ոչ Քրդստանի ղեկավարությունը, ոչ Իրաքի կենտրոնական իշխանությունը իրավունք չունեն Քրդստանի տարածքը նման կերպ հանձնել ինչ-որ խմբակցության:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը պաշտպանում է Սիրիայի հակաիսրայելական դիրքերը, ոչ թե իշխանությանը


Իրանի պահակազորի նախկին հրամանատար Հուսեյն Ալային իրանական Shabestan լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Իրանը պաշտպանում և ընդունում է Սիրիայի հակաիսրայելական դիրքերը, ոչ թե սիրիական իշխանությանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայն չէ Սիրիայի իշխանության բռնատիրության հետ, այլ միայն Սիրիայի իշխանության հակաիսրայելական դիրքերն է, որ պաշտպանում է»:

Ալային նաև ավելացրել է. «Եթե անգամ Սիրիայի ներկա վարչակարգը փլուզվի, նորաստեղծ կառավարությունն էլ չի հրաժարվելու հակաիսրայելական դիրքերից, որովհետև այսօր Սիրիայում ըմբոստացած հանրությունը ավելի կրոնական թեքումներ ունի, քան գործող իշխանությունը: Ուրեմն, այն մեկնաբանությունները, որ եթե Սիրիայի իշխանությունը փլուզվի, Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլանալու են, անհեթեթ ու սխալ են»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը կրճատում է երկրի առաջնորդի ֆինանսական աղբյուրները


Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Ղոլամ Ռեզա Մեսբահիմողադամը խորհրդարանի լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է նվիրատվության ու բարեգործության հարցերի կազմակերպության վերահսկողությունը երկրի առաջնորդի ներկայացուցչից փոխանցել նահանգապետերին, ինչը հակասում է երկրի օրենքներին:

Մեսբահիմողադամի փոխանցմամբ՝ «Կառավարության այդ որոշումը նշանակում է, որ բարեգործության հարցերի կազմակերպությունը առաջնորդի վերահսկողությունից դուրս է գալու։ Բայց կառավարությունը պիտի կանխի այդ որոշման իրագործումը, որովհետև եթե այդ օրինագիծը վավերացման նպատակով հասնի երկրի խորհրդարան ու պահապան խորհուրդ, պատգամավորները այն չեն հաստատելու, քանի որ կառավարությունը այդ որոշման համար իրավունք չի ստացել երկրի առաջնորդ այաթոլլահ Խամենեյիից»:

Ավելացնենք, որ Իրանում գործող նվիրատվությունների ու բարեգործության հարցերի կազմակերպությունը վերահսկում է այն կալվածքները, որոնք նվիրաբերվել են Աստծուն ու հանրային բարեգործությանը: Հիշյալ կազմակերպությունը նաև վերահսկում է Իրանում գործող ավելի քան 8000 ուխտատեղիները, որոնց եկամուտները ուղղակիորեն հատկացվում են այդ կազմակերպության ղեկավարությանը՝ բարեգործություններ իրականացնելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը երկու հրթիռ արձակեց դեպի Հնդկական օվկիանոս


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանի պահակազորը հրթիռների հեռահարությունը փորձարկելու նպատակով երկու հրթիռ է արձակել դեպի Հնդկական օվկիանոս:

Ըստ Հաջիզադեի՝ Իրանը մինչև 1000 կմ հեռավորության համար փորձարկման հարմար տարածք ունի Իրանի անապատներում, իսկ երբ պետք է այդ տարածությունից ավելին փորձակել, սովորաբար դա արվում է Հնդկական օվկիանոս հրթիռ արձակելու միջոցով:

Իրանցի հրամանատարը նաև նշել է, որ հիշյալ հրթիռների փորձարկումը դիտել են տարածաշրջանում ներկա ԱՄՆ-ի ռազմանավերն ու ինքնաթիռները:

ԱՄՆ-ի պաշտոնյաները դեռ չեն արձագանքել այդ հայտարարություններին ու Իրանի հրթիռային փորձարկումներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, July 08, 2011

Իրանի առաջնորդը Ահմադինեժադի կառավարության օրինազանցությունները քննարկելու կոմիտե է կյանքի կոչել


Իրանի հանրահայտ պահպանողական գործիչ Համիդ Ռեզա Թարաղին, իրանական Aty News լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է. «Երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հաստատ թույլ չի տալու, որ այս վիճակը շարունակվի:

Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ, նման իրարանցում երբևէ գոյություն չի ունեցել: Վերջին շրջանում Ահմադինեժադի կառավարությունն ու խորհրդարանը իրար դեմ աննախադեպ պայքար են ծավալել»։

Թարաղիի փոխանցմամբ՝ այս պահին երկրի առաջնորդը անձամբ հետևում է խնդրին ու փորձում է դրական լուծում գտնել, քանի որ նման իրավիճակի շարունակվելը միայն վնասում է երկրին ու համակարգին:
«Այաթոլլահ Խամենեին կառավարության օրինազանցությունները քննարկելու կոմիտե է կյանքի կոչել և անձամբ է հետևում կոմիտեի աշխատանքներին: Տեսնենք թե այդ կոմիտեն ինչ արդյունքների կհասնի»,- ավելացրել է Համիդ Ռեզա Թարաղին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադին աջակցող երեք լրատվական կայքեր շարքից դուրս են եկել


Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նախագահի և առաջնորդի միջև ծայր առած անհամաձայնությունների արդյունքում արգելափակվել էին նախագահին աջակցող ավելի քան 10 լրատվական կայքեր, և ձերբակալվել էին դրանց գլխավոր խմբագիրները:

Իսկ արդեն մեկ օր է, որ Ահմադինեժադի աջակից ևս երեք կայքեր՝ 7esobh-ը, 1shanbeh-ը և Tamasha News-ը, որոնք սուր քննադատություններ էին ծավալում առաջնորդի կողմնակից պահպանողականների հասցեին, շարքից դուրս են եկել ու անհասանելի դարձել:

Հատկանշական է, որ նույն օրը պահպանողականների հանրահայտ գործիչ Համիդ Ռեզա Թարաղին հայտարարել էր, որ այաթոլլահ Խամենեին Ահմադինեժադի կառավարության օրինազանցությունները քննարկելու մի կոմիտե է կյանքի կոչել ու անձամբ է հետևում հիշյալ կոմիտեի աշխատանքներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի պահակազորի խորհրդավոր հրամանատարը տարիներ անց Պակիստանից վերադարձել է Իրան


Իրանական Khorasan օրաթերթի հաղորդմամբ, Իրանի պահակազորի նախկին հրամանատար Աբաս Աղազամանին, որը ճանաչվում էր Աբու Շարիֆ անվամբ, երկար տարիներ Պակիստանում բնակվելուց հետո վերադարձել է Իրան:

Ըստ օրաթերթի՝ Աբու Շարիֆը Պակիստանում երկար տարիներ զբաղվել է կրոնական առաքելությամբ:

Աբաս Աղազամանին Իրանի իսլամական հեղափոխության առաջին տարիներին եղել է պահակազորի հրամանատարը երկրի արևմտյան շրջաններում ու պայքարել է քուրդ ապստամբների դեմ: Հետո առաջին նախագահ Բանի Սադրի հրամանագրով նշանակվել է իսլամական պահակազորի գլխավոր հրամանատար, բայց մի քանի ամիս անց հրաժարվել է պաշտոնից և, որպես Իրանի դեսպան, մեկնել Պակիստան:

Իր պաշտոնավարության շրջանի ավարտից հետո նա սերտ հարաբերություններ էր հաստատել Պակիստանի ու Աֆղանստանի ջիհադականների հետ: Աբու Շարիֆն Աֆղանստանի կոմունիստ նախագահ Նաջիբոլլահի վարչակարգի փլուզումից հետո աֆղան ջիհադականների հետ մուտք է գործել Քաբուլ, բայց հետո, երբ Թալիբան շարժումը գրավել է Աֆղանստանը, գաղտնի փախուստի է դիմել, անցել Պակիստան և զբաղվել կրոնական գործունեությամբ:

Khorasan-ի փոխանցմամբ՝ Աբու Շարիֆի վերադարձը կարևոր լուր է, որին առաջիկայում անդրադառնալու են բոլոր ԶԼՄ-ները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում ձերբակալվեց Ահմադինեժադի թիմակիցներից ևս մեկը


Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Իրանի ազգային թանգարանի տնօրեն, նախագահ Ահմադինեժադի թիմակիցներից համարվող Ազադեհ Արդաքանին:

Թեև Արդաքանիի գրասենյակի ղեկավարը հերքել է նրա ձերբակալության լուրը, բայց իրանական լրատվական կայքերի մեծամասնությունը հաստատել են նրա ձերբակալության մասին հրապարակված լուրերը:

Օրեր առաջ Իրանի նախագահ Ահմադինեժադը զգուշացրել էր, որ եթե ձերբակալությունները հասնեն կառավարության անձնակազմին, ինքը օրինական ու բարոյական իրավունք ունի պաշտպանելու իր գործընկերներին: Իսկ այս ձերբակալությամբ ձերբակալությունների ալիքը ավելի է մոտեցել կառավարության անձնակազմին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանցի երկու դիվանագետներ Բահրեյնում դատապարտվեցին 10 տարի ազատազրկման


Բահրեյնյան Gulf News օրաթերթի հաղորդմամբ, Բահրեյնի քրեական դատարանը Բահրեյնի մեկ քաղաքացու և իրանցի երկու դիվանագետների լրտեսության մեղադրանքով դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Օրաթերթի փոխանցմամբ՝ Բահրեյնում Իրանի դեսպանատան երկու դիվանագետները 2002-2010 թվականներին Բահրեյնում և տարածաշրջանի այլ երկրներում լրտեսություն են իրականացրել և ռազմական բազաների ու ստորաբաժանումների մասին տեղեկություններ հաղորդել Իրանի պահակազորին:

Այդ կապակցությամբ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Ամիր Աբդոլհայանը իրանական Mehr գործակալությանը փոխանցել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Աբդոլհայանի փոխանցմամբ, իրանցի դիվանագետներին դատապարտելու մասին ոչ մի ստույգ տեղեկություն չկա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը