Monday, November 29, 2010

Wikileaks. Թույլ մի՛ տվեք, որ Իրանում հաղթի Մուսավին

Վիքիլիքս կայքը, Իրանի մասին կատարած իր բացահայտումներում անդրադառնալով Աբուդաբիի թագաժառանգ եւ զինված ուժերի հրամանատար Շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանի, եւ ԱԳ Նախարար Շեյխ Աբդուլահ Բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմութի Գարդների հետ ունեցած հանդիպմանը, բացահայտում է, որ Աբուդաբիի ղեկավարությունն ԱՄՆ-ից պահանջել է, որ Իրանի նախագահական ընտրությունների ընթացքին թույլ չտա՝ բարեկարգչականների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի և նրա կանաչների շարժումը հաղթանակ տանեն: [+]  Ըստ Աբուդաբիի ղեկավարների մեկնաբանության՝ «Մուսավին փառասիրության դիտանկյունից հավասար է Ահմադինեժադին, նրանց նպատակները նույնն են, միայն տարբերվում են իրենց մարտավարություններով, Ահմադինեժադը, գոնե բաց գիրք է, բայց Մուսավին՝ ոչ, այդ իսկ պատճառով ավելի վտանգավոր է Ահմադինեժադից:»
Wikileaks-ի համաձայն՝ Աբուդաբիի ղեկավարները վերջում ընդգծել են, որ 1979-ին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման գործողությունում Մուսավին էլ ունեցել է իր մասնակցության բաժինը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Վիքիլիքսը քարտեզի վրա

Ինչպես արդեն տեղյակ էք, վիքիլիքսը սկսել է իր խոստացած սկանդալային բացահայտումները: Վիքիլիքսը, ինչպես որ խոստացել էր, բացահայտեց միլիոնավոր գաղտնի տեղեկություններ, որը հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի ստիպում է ժամեր նստել ու կարդալ նոր բացահայտված տվյալները:
Բայց եւ այնպես, բացահայտումների հոսքն այնքան շատ է, որը խանգարում է, արագությամբ հասնել այն տեղեկություններին, որը հետաքրքրում է յուրաքանչյուրիս:
Ուստի, Գարդիան պարբերականը, որը հիշյալ բացահայտումների գլխավոր հրատարակիչներից է համարվում, իր կայքէջի վրա ձեւավորել է վիքիլիքսի քարտեզ, որտեղ հնարավորություն է տրված, որ վիքիլիքսի բացահայտած տեղեկությունները դասակարգված տեսնել, ըստ երկրի եւ կամ ըստ որոնման բառի:
Վիքիլիքսի քարտեզը տեսնելու համար սեղմեք այստեղ:

Երկու ահաբեկչություն Թեհրանում


Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Իրանի ժամանակով ժամը 8-9-ի սահմաններում, Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկիչների թիրախ են դարձել իրանական միջուկային ֆիզիկայի երկու պրոֆեսորներ՝ Մաջիդ Շահրիյարին ու Ֆերեյդուն Աբասին:
Ըստ ականատեսների ցուցմունքների՝ ահաբեկիչները մոտոցիկլետով մոտեցել են իրենց զոհերի մեքենաներին և պայթուցիկ սարք միացնելով, պայթեցրել ավտոմեքենաները: Իրավապահ մարմինները հաղորդում են, որ իրականացված երկու սպանություններն էլ նույն ձեռագիրն են ունեցել: Իրանական ԶԼՄ-ի մատուցմամբ, ահաբեկիչներին հաջողվել է սպանել Մաջիդ Շահրիյարին, իսկ Ֆերեյդուն Աբասին և իր կինը վիրավորվել են ու հիվանդանոց փոխադրվել:
Դեպքից անմիջապես հետո Իրանի պետական ռադոկայանը, մեղադրելով Իսրայելին ու Արևմուտքին, հայտարարել է, թե Արևմուտքը հուսահատվել է Իրանի վրա ճնշումներ գործադրելուց և այժմ անցել է իրենց երկրի մասնագետներին ու պրոֆեսորներին ահաբեկելու գործին:
Մինչ այս պահը ոչ մի անհատ կամ խմբակցություն այդ ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական


Հարկ է նշել, որ Միջինարեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Դեյվիդ Փեթրայոսը, 2009-ի սեպտեմբերին հրաման էր արձակել, որ մի խումբ ամերիկացի հետախույզներ Իրանում ներթափանցելով պիտի ճանաչեն կարեւոր թիրախները եւ դրանց ոչնչացնելով՝ ենթահող պատրաստեն ԱՄՆ-ի կողմից իրանի վրա հարձակում իրականացնելու համար: Հիշյալ փաստաթուղթը, 9 ամիս հետո բացահայտվեց ամերիկյան «Նյու Յորք Թայմս» օրաթերթի կողմից:

Լուսանկարները պատկանում են Ֆերեյդուն Աբասիի ավտոմեքենային






Վիքիլիքսը փորձում է խառնե՞լ աշխարհը

Վիքիլիքս կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը օրեր առաջ հայտարարել էր, թե մտադիր է նոր բացահայտումներ տեղադրել իր կայքէջում, որը նախկինի համեմատ, ծավալով շատ ավելի մեծ է լինելու: Արդեն աշխարհում իրար անցում է, բոլոր դիվանագետները փորձում են նախագուշակել, թե այդ նոր բացահայտումները ինչի մասին է լինելու:
Ըստ որոշ տեղեկությունների, նոր բացահայտվելիք տեղեկությունները իր մեջ ընդգրկելու է ԱՄՆ-ի ներքին եւ խիստ գաղտնի տեղեկություններ, որպես օրինակ նշում են. ԱՄՆ-ի իշխանությունների ցուցաբերած աջակցությունները՝ թուրքիայում գործող քուրդ գրոհայիններին, թուրքիայի աջակցությունը, իրաքում գործող Ալ Քայիդային, ԱՄՆ-ի գաղտի պատգամները՝ ուղղված Իսրայելին, Իրանի եւ Ալ Քայիդայի համագործակցություններ, Անգլիայի գաղտնի գործողությունները՝ Իրաքում եւ Աֆղանստանում, եւ նմանօրինակ բազմամիլիոն նոր բացահայտումներ:
Վիքիլիքսի բացահայտումները քննարկելիս պիտի պատասխանել հետեւյալ հարցադումները.
  1. Վիքիլիքսի բացահայտումները կոնկրետ ի՞նչ են բացահայտելու
  2. Վիքիլիքսը այդ տեղեկություններն ինչպե՞ս եւ որտեղի՞ց է ձեռք բերել
  3. Վիքիլիքսը այդ բացահայտումներից ի՞նչ նպատակ է հետապնդում
  4. Վիքիլիքսի հետեւում ի՞նչ խմբակցություն եւ ի՞նչ նպատակ է թաքնված
  5. Եւ արդյոք Վիքիլիքսի բացահայտուները նոր թափանցիկության պատճառ կդառնա՞ միջազգային դիվանագիտության ոլորտում


Շուտով հրապարակվելու են վիքիլիքսի նոր բացահայտումները: Արդյոք վիքիլիքսը փորձում է խառնե՞լ աշխարհը: Բացահայտված տեղեկությունների հիման վրա, արդյոք պետությունները շարունակելու են իրենց բնականոն հարաբերությունները, թե՞ ինչոր բան փոխվելու է աշխարհում:
Կապրենք կտեսնենք...

Friday, November 26, 2010

Անգլիացիները՝ Իրանում «տնային եկեղեցիների» հիմնադիր

Ըստ իրանական «Ջավան» օրաթերթի հաղորդած տեղեկության՝ Իրանում աճում է տնային եկեղեցիների առաջացման նպատակաուղված գործողությունները: Ըստ օրաթերթի. «Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ երկրում տնային եկեղեցիների ձևավորմանն ուղղված աշխատանքները մեծ թափ են ստացել. Դա, ըստ իրազեկ աղբյուրների, ֆինանսավորվում է Արևմտյան երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կողմից»:
Օրաթերթն ավելացնում է. «Այդ տնային եկեղեցիները պատկանում են մի շարք քրիստոնյա քարոզիչներին ու նոր հավատափոխ անհատներին, ովքեր փորձում են, երիտասարդներին ներգրավելով, նրանց հավատափոխ դարձնել: Հիշյալ տներում պատրաստվում են քարոզչական գրքեր, սկավառակներ, թռուցիկներ, կայքէջեր ու բլոգներ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իսրայելի բանակը դիմեց Facebook-ի օգնությանը

Իսրայելի բանակը կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափող կանանց հայտարարությունների ճշգրտությունը ստուգելու համար դիմել է Facebook սոցիալական ցանցի օգնությանը:
Ըստ Իսրայելի բանակի հայտարարության՝ մոտ 1000 կին քաղաքացիներ հայտնել են, թե ուղղափառ հրեականության հետևորդ են, և այդ իսկ պատճառով խուսափում են իրենց պարտադիր զինծառայությունից: Իսրայելի բանակն այդ հայտարարությունների ճշգրտությունը ստուգելու նպատակով քննում է հիշյալ կանանց Ֆեյսբուքի անձնական էջերը: Ըստ բանակայինների՝ նրանք, որոնք իրենց ֆեյսբուքի լուսանկարներուն երևում են «բաց» հագուստներով, և կամ ուրբաթ գիշերներն անցկացնում են ակումբներում և ռեստորաններում, որը մեղք է համարվում ուղղափառ հրեաների համար, պարզվում են, որ սուտ հայտարարություն են կատարել, միայն զինծառայությունից խուսափելու նպատակով:
Վիճակագրությունների համաձայն՝ Իսրայելի 35% կանայք, զինծառայությունից խուսափելու նպատակով, հայտարարում են, թե իրենք հետևում են ուղղափառ հրեականության ուսմունքին: Իսրայելում զինծառայությունից ազատվելու պայմաններից մեկը ուղղափար հրեականության ուսմունքներին հետևելն է:
Պետք է ավելացնել, որ Իսրայելում զինծառայությունը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար, որի տևողությունը տղաների համար՝ երեք, իսկ աղջիկների համար երկու տարի է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, November 25, 2010

Sony-Ericsson-ը համագործակցում է Իրանի իշխանության հետ

Չորեքշաբթի` նոյեմբերի 24-ին, իրանցի իրավաբան և խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին Շվեդիայում ապրող իրանցիների հետ Ստոկհոլմի համալսարանում հանդիպման ընթացքում, քննադատելով Sony-Ericsson ընկերության վարած քաղաքականությունը, հայտարարեց. «Sony-Ericsson ընկերությունը սերտ հարաբերություններ ունի Իրանի իշխանությունների հետ, և, դժբախտաբար, նրանք Իրանին են տրամադրել գաղտնալսության արդիական սարքեր, որոնք Իրանի իշխանություններին հնարավորություն են տալիս խուզարկել ժողովրդի խոսակցություններն ու ուղարկած կարճ հաղորդակցությունները:»
Էբադին ներկաներին կոչ արեց բողոքի նամակներ ուղարկել հիշյալ ընկերությանը` պահանջելով հրաժարվել Իրանին գաղտնալսող սարքեր տրամադրելու գործընթացից:
Հարկ է նշել, որ Շիրին Էբադին այս տարվա մարտին նման մեղադրանք հնչեցրեց Nokia-Siemens ընկերությունների դեմ՝ նրանց Իրանի իշխանությունների անմարդկային արարքներին մասնակից համարելով, որի հետևանքով հիշյալ երկու ընկերությունները հրաժարվեցին «մոնիտորինգի» սարքեր վաճառել Իրանին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կուբացի բլոգերը՝ Խոսքի ազատության հերոս

Աշխարհի հանրահայտ բլոգերների ցանկում է նաեւ Կուբացի 35 ամյա Յուանի Սանչեզը, որը 2007 թվականից բլոգեր է դարձել: Նրա բլոգը՝ այսօր 22 լեզվով է հրատարակվում եւ ամսեկան ավելի քան մեկ միլիոն այցելու ունի:
2008 թվականին, հռչակավոր Time պարբերականը, Սանչեզին ընդգրկեց աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: [+]  Այս տարի նաեւ, Սանչեզը շահեց Հոլանդիայի «Prince Claus» հիմնադրամի 25000 ևրո արժողությամբ մրցանակը, որպես խոսքի ազատության հերոս: [+]  Նա հաջորդ ամիս, Ամսդերտամում ստանալու է իր մրցանակը: Վերջին օրերին պարզվեց, որ Սանչեզին է շնորհվել, Դանիայում մեկնարկվոր խոսքի ազատության մրցանակը: [+]
Յուանի Սանչեզի բլոգը, որը կոչվում է «Y սերունդ» (Y տառը՝ Սանչեզի հետ միացած ու խոսքի ազատության համար պայքարող ընկերների անունների առաջին տառն է), իրականում նրա օրագրությունն է, որը արտացոլում է Կուբայական, ու մասնավորապես՝ Հավանայական կյանքի ծալքերը, գների թանգացումը, մարդու իրավունքը, խոսքի ազատությունը եւ այլն:
Կուբայի իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են դիմադրել Սանչեզին: Անգամներ նրան նեղացրել են փողոցում, նրա տունը հսկողության տակ է եւ երկու անգամ էլ ձերբակալել են նրան:
Սանչեզի բլոգը 2008 -ին արգելափակվեց, բայց դա նրան չվհատեց, եւ նա իր գրությունները՝ կուբայից դուրս ապրող իր ընկերներին ուղարկելով, միշտ թարմ է պահում իր բլոգը:
Նրա «Y սերունդ» կոչված բլոգը, այսօր միջազգային հանրահայտ բլոգներից է համարվում, եւ դա ապացուցում է, թե մեր ժամանակաշրջանում, ինտերնետն ու արդի տեխնոլոգիաները, ինչ կարեւոր եւ ազդեցիկ դեր կարող է ունենալ հասարակության զարգացման եւ խոսքի ազատության կայասցման գործընթացում:

«Իրանն ուրանի հարստացման իր ժամանակակից տեխնոլոգիան փոխանցել է Հյուսիսային Կորիային»


Հարավ Կորեական հանրահայտ «Չուսոն Իլբո» օրաթերթը հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեայից ժամանակակից հրթիռային տեխնոլոգիա ստանալու դիմաց, այդ երկրին է փոխանցել, ուրանի հարստացման իր ժամանակակից տեխնոլոգիական գիտությունը: Թերթը, վկայակոչելով Հարավային Կորեայում ապաստան գտած, Հյուսիսային Կորեայի պետական նախկին պաշտոնյաիի խոսքերը, գրում է. «Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ուսումնասիրական կենտրոնները մի ընդհանուր մարմին կարելի է անվանել: Նրանք բոլոր ուսումնասիրությունները, միմյանց օգնությամբ են իրականացնում: 
Հյուսիսայի Կորեայի պետական նախկին պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտվել, հայտարարել է. «պարզվում է, որ Իրանն ուրանի հարստացման ժամանակակից գիտությունը փոխանցել է Հյուսիսային Կորեա, եւ փոխադարձաբար, Հյուսիսային Կորեան իրանին է տրամադրել իր ժամանակակից հրթիռային տեխնոլոգիան» -գրում է Հարավ Կորեական թերթը: 
Նախօրեյին, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը, վկայակոչելով Ամերիկյան ու Հարավ Կորեական անվտանգության ծառայությունների զեկույցը, գրել էր, թե Հյուսիսային Կորեայի նոր ուրանի հարստացման կենտրոնը, խիստ նմանվում է իրանում գործող Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնին: 
Սա առաջին անգամ է, ինչ Հարավ Կորեական ու Ամերիկյան ԶԼՄ-ը Հյուսիսային Կորեայի միջուկային հարցում, մեղադրում են Իրանին: Մինչ այդ, Հյուսիսային Կորեան էր մեղադրվում, միջուկային նոր տեխնոլոգիաներով իրանին զինելու խնդրում:

Wednesday, November 24, 2010

Իրանի նախագահ. Մենք մեր պատգամը հրթիռներով չենք տարածում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով Իրանի հարեւան երկրներում հակահրթիռային համակարգերի տեղակայման խնդրով ԱՄՆ-ի ջանքերին, ասել է. «Հակահրթիռային համակարգերը չեն կարող կանխել աշխարհի ժողովուրդների մեջ ներթափանցող Իրանի պատգամը, որովհետեւ մենք մեր պատգամը հրթիռներով չենք տարածում, որը հնարավոր լինի կանխել հակահրթիռային համակարգերով»: Այս մասին Ահմադինեժադը հայտարարել է Իրանի Զանջան նահանգ կատարած իր այցի ընթացքում՝ հիշյալ նահանգի նահատակների ընտանիքների հավաքում ունեցած ելույթի ընթացքում: Ահմադինեժադն, անդրադառնալով վերջերս Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում այդ երկրի լրագրողի հետ ունեցած զրույցին, ասաց. «Այնտեղ ինձ հարց ուղղեցին, թե արդյոք չե՞ք վախենում Իրանի հարեւանության մեջ հակահրթիռային համակարգերի տեղակայումից, ես ասացի՝ նախ՝ մեր անձնուրացների շնորհիվ՝ ոչ ոք չի համարձակվի Իրանի ժողովրդի դեմ որեւէ քայլ իրագործել, երկրորդ՝ նրանք ասում են, որ հակահրթիռային համակարգերով ուզում են կանխել աշխարհում Իրանի ներթափանցումը, բայց Իրանի ո՞ր քայլերն են ուզում կանխել. միթե Իրանի ժողովուրդը հրթիռո՞վ է առաջադիմում, որ ուզում են հակահրթիռային համակարգերով կանխել աստվածային գաղափարները. նրանք, ուրեմն, շատ հիմար են»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պենտագոն. Իրանը շարունակում է աջակցել Թալիբանին

Երեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ի ՊՆ-ը՝ Պենտագոնը, Կոնգրեսին հղած իր զեկույցում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է աջակցել Աֆղանստանում գործող Թալիբանի խմբակցությանը: Հիշյալ զեկույցում նշված է, որ Իրանը շարունակում է զինամթերք տրամադրել Թալիբանի խմբակցությանը, ու անգամ, Թալիբանի խմբակցության որոշ մարտիկներ մարտական պատրաստականություն են անցնում Իրանում:
Այդ առնչությամբ գեներալ Դեյվիդ Փետրայուսը նշել է, որ Թալիբանի խմբակցությանը ցուցաբերած Իրանի աջակցությունը վնասում է Աֆղանստանում Իրանի եւ ԱՄՆ-ի ունեցած համատեղ շահերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նեջմեթդին Էրբաքան. Իսլամական երկրները պիտի ստեղծեն իրենց ՀՕՊ-ը


Թուրքիայի նախկին վարչապետ ու իսլամական «Սաադաթ» կուսակցության նախագահ Նեջմեթդին Էրբաքանը, խոսելով Թուրքիայում տեղակայվելիք հակահրթիռային համակարգերի մասին, հայտարարել է. «ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը օգտակար չէ Թուրքիայի համար: Իսլամական երկրները միմյանց օգնությամբ պիտի ստեղծեն իրենց սեփական հակահրթիռային համակարգերը:»
Իրանական «Էթելաաթ» օրաթերթը, Էրբաքանի հայտարարությունից մեջբերելով, գրում է. «Իսլամական երկրները իրենց անվտանգությունն ապահովելու համար չպիտի հիմնվեն արևմտյան երկրների վարած քաղաքականության վրա, այլ միասնաբար պիտի ստեղծեն իրենց սեփական հակահրթիռային համակարգերը:» Էրբաքանը, քննադատելով ՄԱԿ-ի վարած քաղաքականությունը, դրանք երկակի որակելով` հայտարարել է. «Չնայած, որ ՄԱԿ-ում մի քանի բանաձև է վավերացվել Իսրայելի դեմ, բայց ՄԱԿ-ը ոչ մի ջանք չի գործադրում դրանց իրականացման համար, իսկ երբ մի ինչ-որ իսլամական երկրի շուրջ առաջանում են խնդիրներ, լրջորեն գործի է անցնում ու պատժամիջոցներ իրականացնում»,-գրում է «Էթելաաթ» օրաթերթը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, November 23, 2010

Թուրքերը խոսում են Հայոց Ցեղասպանության մասին



Turks Speaking About The Armenian Genocide

Հերթական վթարն Իրանի միջուկային ծրագրում

Այսօր հայտնի է դարձել, որ Իրանի միջուկային ծրագրի իրագործման ընթացքում տեղի են ունեցել լուրջ խափանումներ: Associated Press-ի փոխանցմամբ, դրանց արդյունքում ուրանի հարստացման գործընթացում ներգրավված մի քանի հազար ցենտրիֆուգներ անսպասելիորեն կանգ են առել: Փորձագետների կարծիքով, վթարի պատճառ կարող է դարձած լինել նաեւ Stuxnet համակարգչային վիրուսը, որը մի քանի ամիս առաջ խափանել էր ծրագրի իրագործումը: Նրանց կարծիքով, վիրուսը անսպասելիորեն արագացնում է ցենտրիֆուգների աշխատանքը, ինչի արդյունքում նրանք շարքից դուրս են գալիս: Associated Press-ը այս լուրը հաղորդելիս հղում է կատարել իրանական անհայտ աղբյուրներին: Պաշտոնական Թեհրանը սա դեռ չի մեկնաբանել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կրեմլի ժպիտը՝ ՆԱՏՕ-ի ներթափանցող ռազմավարությանը

Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը նոյեմբերի 23-ի համարում «Կրեմլի ժպիտը՝ ՆԱՏՕ-ի ներթափանցող ռազմավարությանը» խորագրով իր խմբագրականում, անդրադառնալով Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին, գրում է. «Վերջին օրերին միջազգային ոլորտում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցան. առաջինը՝ Սեուլում` G20 երկրների գագաթնաժողովը և երկրորդը՝ Լիսաբոնում` ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովը:» 
Թերթը հիշյալ երկու գագաթնաժողովների մասին կարճ մեկնաբանություն տալով, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անդրադառնալով` գրում է. «ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևը, անսպասելի շրջադարձ կատարելով, հայտարարեց, թե ավարտին են հասել ՆԱՏՕ-ի և ՌԴ միջև եղած լարված հարաբերությունները, և Արևելքի և Արևմուտքի միջև նոր հարաբերություններ են ի հայտ գալիս: Այժմ ՌԴ ու ՆԱՏՕ հակահրթիռային համակարգ ստեղծելու գործում համագործակցելու ենք միմյանց հետ: Սակայն հիմնական հարցն այն է, թե «Արևելքի և Արևմուտքի մեղրամիսը» բոլոր կողմերի դիրքորոշումների ու մոտեցումների համապատասխանության արդյո՞ւնքն է: և ավելի կարևոր հարցադրումն այն է, թե ի՞նչ և ո՞ր կողմի մոտ է քաղաքական ու ռազմավարական փոփոխություն առաջացել, որ նախկին ռազմավարական թշնամիներն այսօր սիրաշահում են միմյանց ու խոսում ընկերության ու համագործակցության մասին:» Թերթը շարունակության մեջ գրում է. «Շատ կարևոր խնդիր է, հասկանալ, թե ինչո՞ւ ՌԴ-ը, որը նախկինում խիստ քննադատում էր ևրոպայում Արևմուտքի կողմից հակահրթիռային համակարգերի տեղակայման նախագիծը, այսօր աջակցում է դրա իրականացման գործընթացին: Իրականում ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն երբեք իրենց քաղաքականությունները չփոխեցին Մոսկվայի նկատմամբ, և անգամ, երբ կազմալուծվեց Վարշավայի պայմանագիրը, դրան զուգահեռ չլուծարվեց ՆԱՏՕ-ն, այլ փորձեց ներթափանցել նախկին Սովետական հանրապետությունների տարածք: Կրեմլի իշխանությունները թող չպատկերացնեն, որ կարող են Արևմուտքին ժպտալով` փոխել ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Վերջին շրջանում ՌԴ իրականացված ըմբոստություններն ապացուցում են, թե Արևմուտքը պատեհ առիթն օգտագործելու է` հարվածելու Ռուսաստանին: Ժամանակին Կրեմլի այսօրվա ղեկավարները խստորեն քննադատում էին Ելցինի վարած քաղաքականությունը Արևմուտքի հանդեպ, բայց այսօր տեսնում ենք, որ նրանք անցել են հենց այն օրերին գծած իրենց կարմիր գծերից: Դեռ պարզ չէ, թե Կրեմլի ղեկավարները ներկա իրավիճակը գնահատելիս պարզամտությա՞ն են մատնվել, թե Արևմուտքն այնքան է ներթափանցել Ռուսաստանի ազդեցիկ կենտրոններում, որ այլևս թելադրում է իր բոլոր ցանկությունները:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, November 22, 2010

ԱՄՆ-ը Սաուդական Արաբիային զինում է Իրանի դեմ

Ամերիկյան «Վորլդ Թրիբյուն» կայքէջը, վկայակոչելով ԱՄՆ-ի Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած զեկույցը, գրում է. «Սաուդական Արաբիայի միջոցով գնված հսկայական զինտեխնիկայի հետևանքով Պարսից ծոցում խախտվել է տարածաշրջանային հավասարակշռությունը: Ըստ «Վորլդ Թրիբյունի»` հիշյալ զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ ՊՆ նախկին պաշտոնյա Անտոնի Քորդսմանի օգնությամբ, եզրակացվում է, որ «Սաուդական Արաբիան վերջերս ԱՄՆ-ից գնել է, մոտ 60 միլիարդ դոլարի արժողության 80 հատ F-15 ռազմական օդանավներ, 120 Ափաչի ուղղաթիռներ ու այլ զինամթերք: Սաուդական Արաբիան մտադիր է այդ գնումների միջոցով բարելավել իր օդուժի կարողությունները, Արևմուտքի կողմից Իրանի դեմ հավանական հարձակման պահին, նման գործողություններում դերակատարություն ունենալու նպատակով:»
Վերոհիշյալ զեկույցի համաձայն` ԱՄՆ-ը, Սաուդական Արաբիային զինելով, այլևս Պարսից ծոցի այլ երկրներում ռազմական հենակետ ստեղծելու կարիք չի ունենա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրան. ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ռազմական ուժը փլուզման եզրին են

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանն այս պահին մի շարք արբանյակներ է պատրաստում, որ մոտ ապագայում դրանցից մի քանիսը տիեզերք է ուղարկելու: Վահիդին չի բացատրել, թե Իրանը ինչ տեսակի ու ինչ նպատակի համար է պատրաստում հիշյալ արբանյակները:
Իրանի ՊՆ իր հայտարարության շարունակության մեջ ասել է. «C-300 հրթիռների պատրաստումն ու մշակումը համարվում են իրանցի մասնագետների աշխատանքային առաջին օրակարգը»: Նա ընդգծեց, որ «Իրանը ոչ մի երկրի համար սպառնալիք չի համարվում, բայց այնուամենայնիվ, պայքարելու է ագրեսորների դեմ»:
Ահմադ Վահիդին իր հայտարարության ավարտին ավելացրել է. «Այսօր ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ռազմական ուժն ու հզորությունը փլուզման և ոչնչացման եզրին են: Նրանք աշխարհում ծավալվող իսլամական գաղափարների հոսքը կասեցնելու նպատակով էր, որ գրավեցին Աֆղանստանն ու Իրաքը»: Ըստ Վահիդիի` վերջին 10 տարիների ընթացքում Իրաքում և Աֆղանստանում ավելի քան 2.5 միլիոն մարդ է զոհվել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հոգեւորականներն ու Քանդոմը - 2

Ինչպես երեկ գրեցի, կատոլի եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-ը, որոշ պայմաններում համաձայնել է քանդոմի օգտագործման հետ:
Այսօր մտածեցի, թե կարելի է մի քիչ ընդլայնել այս թեման, եւ առ հասարակ խոսել 21-րդ դարի եկեղեցու եւ հոգեւորականության մասին: Ուրեմն առաջիկա օրերում, կփորձեմ մի քանի գրությամբ խոսել այս թեմայի շուրջ:
Անցնելով բուն թեմային, նախ պիտի ասեմ, որ մարդկությունը դարերի ընթացքում միշտ փորձել է հեղափոխել ու բարելավել իր կյանքը, ավելի դյուրին, անվնաս եւ հանգիստ կյանք ունենալու նպատակով: Դրա պատճառով է, որ մարդկությունն առհասարակ հնարել ու ստեղծել է գործիքներ, ապրանքներ, մի խոսքով տեխնոլոգիա:
Այդ բնական զարգացման արդյունքն է նաեւ քանդոմը (պահպանակը): Նախնական պահպանակները հայտնվել են ավելի քան 4000 տարի առաջ, Եգիպտոսում: Այն ժամանակներում, ժողովուրդը զանազան հիվանդություններից խուսափելու նպատակով, օգտագործում էին բամբակյա ինչ որ պահպանակներ: Եւրոպայում տարածքում առաջին անգամ պահպանակներ են հայտնվել 100-200 թթ. -ին Հռոմում:
Հետո, 15-րդ դարում Սիֆլիսի համատարած լինելու հետեւանքով, զարգացավ պահպանակների օգտագործումը: 17-րդ դարում առաջացան ոչխարի աղիկից պարտաստված պահպանակներ: Մի տեղ կարդացել եմ, որ աղիկից պատրաստված պահպանակների օգտագործումը մեծ տարածում է ունեցել հենց վանքերում, ուր ճգնավորներն ու վանականները, իրենց շրջապատում (գյուղ, քաղաք, վանական կույսեր) անցանկալի զավակներ ունենալու վտանգից խուսափելու նպատակով, օգտագործում էին աղիկից պատրաստված պահպանակները: Ի դեպ, պիտի ավելացնեմ, որ այն ժամանակահատվածում, աղիկից պատրաստված պահպանակների օգտագործումը թանգ հաճույք էին համարվում:

Ինչ որ է, եկեղեցին, սեռական ազատ հարաբերությունը կանխելու մտադրությամբ, ի սկզբանե դեմ է եղել պահպանակի օգտագործման դեմ: Դա է պատճառը, որ հենց մեկ դար առաջ, կատոլիկ ընտանիքների մեծամասնությունը բազմազավակ էր:

Դե հիմա եկենք պատկերացնենք, ինչպես է, որ 4000 տարի առաջ, Եգիպտացիները, հետո Հռոմեացիները ըմբռնում էին պահպանակների կարեւորությունը, իսկ 20 եւ 21 -րդ դարերում ապրող կատոլիկները, իրենց Պապով՝ մերժում են դրա օգտագործում: Այն էլ մի ժամանակաշրջանում, որ աշխարհում խիստ ծավալված է HIV Ձիահը:
Արդյոք չի կարելի կասկածե՞լ նման մարդկանց մտքի առողջության վրա: Ինչպե՞ս է, որ հենց այդ մարդիք դադապարտում են թալիբանի մահապարտների ահաբեկչական գործողությունները, երբ նրանք համոզված են, որ իրենք իրենց պայթեցնելուց հետո, գնալու են դրախտ ու փրկվելու են, իսկ հետո մերժում են պահպանակների օգտագործման խիստ տրամաբանական երեւույթը:
Իմ կարծիքով, հոգեւորականները իրենց դերը վտանգված են տեսնում, երբ գիտությունը զարգանում է:
Արդյոք կարելի՞ է շարունակել հավատալ եւ կառչած մնալ եկեղեցական, եւ առ հասարակ կրոնական որեւէ հավատամքին:


Հ.Գ. Մի պահ պատկերացրեք, եթե միայն քրիստոնյա աշխարհը, ամբողջությամբ հետեւեր կատոլիկ եկեղեցու Պապերի հրահանգներին, եւ պահպանակները չօգտագործվեյին, այսօր աշխարհը ի՞նչ մեծ աղետի դիմաց պիտի կանգներ:

Թուրքիան ընդունեց ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը

«Խորասան» օրաթերթը նոյեմբերի 22-ի համարի առաջին էջում, անդրադառնալով Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, գրում է. «Դրանով հանդերձ, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփառաստը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի տեղակայումը ծառայում է Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ պատճառով Իրանը իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայի իշխանություններին, բայց Թուրքիան Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին համաձայնել է իր երկրում տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը»:
Թերթը, վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունը, գրում է. «Թուրքիայի ԱԳՆ նախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են Թուրքիայի նախապայմանների հետ եւ հայտնել են, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը ուղղված չէ որեւէ երկրի դեմ, եւ այդ գործընթացում ոչ մի երկիր չի ճանաչվել որպես գլխավոր սպառնալիք:»
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի ղեկավարման խնդիրը պիտի քննարկվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հոգեւորականներն ու Քանդոմը

155 տարի առաջ՝ 1855-ին, պաշտոնապես ստեղծվեց եւ օգտագործվեց մերօրյա քանդոմը (պահպանակ): Եւ մեկ ու կես դար հետո միայն, կատոլիկների հովվապետը հայտարարել է, որ որոշ պայմաններում, կարելի է օգտագործել պահպանակներ [+]: Դեռ լավ է, որ այդքանից հետո, գոնե ընդունել են, որոշ պայմաններում օգտագործվի պահպանակը: 
Կատոլիկ եկեղեցին, տարիներ է ինչ պայքարում է պահպանակների օգտագործման դեմ, դա ապակրոնական համարելով:
Ես չգիտեմ, ինչո՞ւ հոգեւորականները պատմության ընթացքում, միշտ ընդդիմացել են մարդկության ձեռքբերումների դեմ: Նրաք նախ ընդդիմանում են, հետո ծավալուն պայքար մղում, մարդկանց այրում, պատերազմներ առաջացնում, վերջում մի քիչ ուսումնասիրում, ու ավարտին միայն մի կերպ համաձանվում եւ ճարահատված ընդունում նոր ձեռքբերումները:
Պետք չէ դրա մասին օրինակներ բերեմ, որովհետեւ, ով ծանոթ է պատմությանը, արդեմ կարող է ինքը թվարկել այդ բոլորը:


Հ.Գ. Guardian պարբերականը, «Քանդոմ եւ Կատոլիկ եկեղեցին. ամփոփ պատմություն» խորագրով, կարճ գրությամբ, ներկայացրել է վերոհիշյալ խնդրի պատմությունը:


Saturday, November 20, 2010

Իրաքում՝ Իրանը մրցակցում է ԱՄՆ-ի ու Սաուդական Արաբիայի հետ

Արթին Առաքելյան 

Իրաքում տիրող ութ ամսյա քաղաքական հակամարտության արդյունքում, ի վերջո երկրի նոր կառավարությունը՝ Նուրի Ալ Մալեքիի գլխավորությամբ կյանքի կոչվեց: Իրաքի նոր կազմված կառավարությունն, որը իրաքյան զանազան ցեղախմբերի ու քաղաքական ուժերի մասնակցության ու համաձայնության արդյունքն է, կրում է «Ազգային Միասնություն» անվանումը: 
Նոր կառավարության ձեւավորման ամենամեծ հաղթողն է համարվում, նորընտիր վարչապետ, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հովանավորված Նուրի ալ Մալեքին: Այդ շարքում նաեւ, ամենամեծ պարտվողն է ճանաչվել, Սաուդական Արաբիայի կողմից հովանավորվող, «Ալ Արաղիե» խմբակցության ղեկավար Այադ Ալավին, որի գլխավորած խմբակցությունը ութը ամիս առաջ, խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչվեց, բայց ի վերջո՝ պարտավորված, կառավարությունը հանձնեց իրանի կողմից հովանավորվող «Շիա» կողմին: 
Բայց անկախ վերջին պայմանավորվածություններից ու համաձայնություններից, դեռեւս Իրաքում շարունակվում է ուժային պայքարը՝ Նուրի Ալ Մալեքիի (Շիաների թեւը) ու Այադ Ալավիի (Սունիների թեւը) ու նրանց տարածաշրջանային եւ միջազգային հովանավորների միջեւ: 
Իրանը, ԱՄՆ-ն ու Սաուդական Արաբիան, որը իրաքում իրենց ներկայությունն ու ազդեցությունը պահպանելու եւ ծավալելու ուղղությամբ՝ մրցակցում են միմյանց դեմ, վերջին ութ ամիսների ընթացքում, լրջորեն հետեւում էին Իրաքում տիրող զարգացումներին եւ զանազան միջոցներով փորձում էին իրենց ազդեցությունն ունենալ նորընտիր կառավարության կազմավորման գործընթացում: Մի խոսքով, վերջին ութ ամիսները, իրաքում լուրջ մրցակցություն էր տիրում Իրանի ու Սաուդական Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Իրանն ամեն գնով փորձում էր պաշտպանել շիաներին պատկանող եւ Թեհրանի դաշնակիցները համարվող «Իրաքի Ազգային Կոալիցիայի» ու «Օրենքի Երկիր Կոալիցիայի» խմբավորումների դիրքերը: Դրա դիմաց, Սաուդական Արաբիան հսկայական գումարներ ներդնելով, փորձում էր պաշտպանել սունիներին պատկանող «Ալ Արաղիե» խմբակցության շահերը: 
Իրանը մտադիր էր, ութը ամիս առաջ պարտություն կրած Ալ Մալեքիին ամեն գնով տեսնել կառավարության ղեկին, այդ իսկ պատճառով բանակցություններ սկսեց Մուղթադա Սադրի եւ «Իրաքի Ազգային Կուալիցիա» խմբակցության ղեկավար Օմար Ալ Հաքիմի հետ: Վերջին երկու տարվա ընթացքում, թե՛ Սադրը եւ թե՛ Հաքիմը լուրջ խնդիրներ ունեին Ալ Մալեքիի հետ, եւ համարվում էին նրա խիստ քննադատողները: Բայց իրանին հաջողվեց, այդ խմբակցություններին միավորել Ալ Մալեքիի շուրջ, եւ արդյունքում խնորհրդարանում ստանալ 159 մանդատ: 
Փաստորեն, Թեհրանն այդ համաձայնությունը իրականացնելով, մի կերպ բարելավվեց խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում կորցրած դիրքերը եւ մեկուսացնել Սաուդական Արաբիայի հովանավորած խմբակցությանը: Ի վերջո, այդ քաղաքական հակամարտության ավարտին, Իրաքի խորհրդարանը, պատգամավորներին ժողովի հրավիրելով, վերջ տվեց ութ ամսյա անորոշությանը: «Ալ Արաղիե» խմբակցությանը հաջողվեց ստանձնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, «Իրաքի Քյուրդերի» ցանկով առաջադրված Ջալալ Թաթիբանիին հասավ երկրի նախագահի պաշտոնը, եւ վերջում, վարչապետի պաշտոնը ստանձնեց Նուրի Ալ Մալեքին: 
Իրականում, իրանի համար, Ալ Մալեքիին վարչապետի պաշտոնին հասցնելը այդքան էլ դյուրին չեր, որովհետեւ ԱՄՆ-ն վերջին շրջանում, իրաքի իրավիճակը փակուղիից հանելու նպատակով, առաջարկել էր երկրի համակարգում ստեղծել «Ռազմավարական Քաղաքականություններ» անունով մի խորհուրդ, որի պարտականությունը լինելու է ռազմավարական բնույթ ունեցով բոլոր որոշումների քննողն ու վավերացնողը: Իրանը, վարչապետի պաշտոնը Ալ Մալեքիի համար ապահովելու նպատակով, ճարահատված, «Ռազմավարական Քաղաքականությունների Խորհրդի» պաշտոնը թողեց Այադ Ալավիին: 
Դրանով հանդերձ, որ Իրանին հաջողվեց վարչեպետի պաշտոնին նստեցնել իր դաշնակից Ալ Մալեքիին, բայց եւ այնպես լուրջ մտահոգություններ ունի «Ռազմավարական Քաղաքականությունների Խորհրդի» հետ կապված, եւ ներկա պահին փորձում է ամեն գնով սահմանափակումներ ստեղծել այդ խորհրդի լիազորությունների շուրջ: 
Թվում է, թե հիշյալ խորհրդի լիազորությունները սահմանելու գործընթացում, կրկին քաղաքական մրցակցության, կամ ավելի ճիշտ՝ հակամարտության ականատեսը լինենք: Մի կողմից, անհավանական է թվում, որ իրանական կողմը, իր իրաքցի դաշնակիցներով, ռազմավարական ու անվտանգության ոլորտներում Այադ Ալավիի դերակատարությանը հավանություն տան, եւ մյուս կողմից, ԱՄՆ ու Սաուդական Արաբիան փորձելու են սահմանափակումներ առաջացնել վարչապետի լիազորպւթյունների շուրջ, որի արդյունքում, վարչապետը կզրկվի ռազմավարական ու անվտանգության հարցերի շուրջ միայնակ որոշումներ իրականացնելու հաջույքից, ու նմանօրինակ հարցեր քննարկելու համար, վստահ պիտի հաշվի առնի Այադ Ալավիի ու նրա գլխավորած «Ռազմավարական Քաղաքականությունների» խորհրդի տեսակետները: 
Այսպիտով, չնայած Իրաքի «Ազգային Միասնություն» կոչված կառավարության ձեւավորումը, Իրաքում հանդարդեցրեց քաղաքական կրքերը, բայց կուլիսների հետեւում, դեռեւս շարունակվելու է ուժային մրցակցությունը՝ Նուրի Ալ Մալեքիի եւ Այադ Ալավիի գլխավորությամբ: Մի խոսքով, Իրաքում՝ Իրանի, ԱՄՆ-ի ու Սաուդական Արաբիայի միջեւ ընթացող մրցակցությունը, Իրաքի նոր կառավարության ձեւավորումով, նոր փուլ է անցել եւ ընթանալու է «Ռազմավարական Քաղաքականությունների» խորհրդի լիազորությունները սահմանելու գործընթացի շուրջ:

«Չարաճճի» հարցեր՝ Ահմադինեժադին


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Բաքվում Կասպից ծովի երկրների երրորդ գագաթաժողովից հետո, լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: 
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթը «չարաճճի հարցեր իրանի նախագահին» խորագրով մի հոդվածում անդրադարձել է հիշյալ մամլո ասուլիսում տեղի ունեցած դիտողությունները: 
«Ենի Մուսավաթի» հաղորդմամբ, իրանի նախագահը լրագրողների այն հարցին թե ինչո՞ւ իրանում մահապատժի են ենթարկվում մասնավորապես կանայք, պատասխանել է «թե իրանի դատարաններն օրենքով եւ թափանցիկ են աշխատում: Ինչո՞ւ որեւէ մեկը չի խոսում ԱՄՆ-ում կանանց մահապատժի մասին: Այս պահին, ԱՄՆ-ում 53 կին սպսասում է իր մահապատժին:» 
«Ենի Մուսավաթի» մատուցմամբ, Ահմադինեժադը խուսափել է պատասխանել Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների սերտացման մասին հնչած հարցերին, պատճառաբանելով՝ թե «մենք նախապես այս հարցերին պատասխանել ենք»: Բայց եւ այնպես, լրագրողները չեն դադարել իրանի նախագահին հարցաքննել՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ վարելու մասին, եւ այդ իսկ պատճառով իրանի նախագահը անավարտ է թողել իր մամլո ասուլիսը ու հեռացել դահլիճից, -հաղորդում է «Ենի Մուսավաթը»: 
Հարկ է հիշեցնել, որ անցյալ ամիս, Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը, Իրանի ՊՆ Ահմադ Վահիդիի հետ Բաքվում ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, Իրան-Հայաստան զարգացող հարաբերությունները քննադատելով, հայտնել էր. «Մեր մտահոգությունները դեռ չեն փարատվել այն երկրների նկատմամբ, որոնք մեզ հետ խոսում են եղբայրությունից, բայց հետո գնում ու Հայաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություներ են զարգացնում:»

«ՆՈՐ ԱԼԻՔ»-ից՝ Journalistopia [...]

Ինչպես նկատել եք, իմ բլոգը լիովին փոփոխվել է, թե՛ դեմքը, թե՛ անվանումը:
Բլոգի փոփոխությունների դրդապատճառը իմ բլոգի անունն էր: Մոտ վեց տարի առաջ երբ ստեղծեցի իմ հայերեն բլոգը, նրան անվանեցի «Նոր Ալիք» որը համապատասխանում էր իմ պարսկերեն բլոգի անվան հետ (موج نو): Բայց արդեն մեկ ու կես տարի է ինչ, ով բլոգս տեսնում է, եզրակացնում է, որ «Նոր Ալիք» անվանումը այն պատճառով է, որ ես ժամանակին աշխատել եմ թեհրանի Ալիք օրաթերթում, եւ հիմա, որ ես այնտեղ չեմ աշխատում մի կերպ հակառակվելու համար բլոգիս անունը դրել եմ «Նոր Ալիք»: Այլեւս հոգնել եմ նման կարճամիտներից, եւ այդ իսկ պատճառով, որոշեցի լիովին փոխել բլոգս:
Հիմա երբ մշտական բնակություն եմ հաստատել Հայրենիքում, որը մեծ փոփոխություն է համարվում իմ կյանքում, վատ չհամարեցի որ փոփոխության ենթարկեմ նաեւ իմ սիրելի բլոգը:
Հիմա բլոգն անվանվում է «Journalistopia» որը լատիներեն նշանակում է Ժուռնալիստի աչքից դիտված: Հույս ունեմ, որ այս նոր անունը, նոր թյուրիմացությունների առիթ չառաջացնի:

Friday, November 19, 2010

Ինչպե՞ս Facebook-ի էլ-Պոստ ստանալ

Ինչպես արդեն գիտեք, Facebook հասարակական ցանցը, մտադիր է իր բոլոր անդամներին Էլ-Պոստ տրամադրել, որը, ըստ մասնագետների համարվում է Gmail-ի գլխավոր մրցակիցը:
Այս պահին, Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, անպայման պիտի հրավեր ունենալ: Բայց կա եւս մի հնարավորություն: Դուք Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, պիտի հերթագրվեք եւ երբ ձեր հերթը հասնի, կստանաք Էլ-Պոստ ունենալու հրավեր: Հերթագրվելու համար, այցելեք այստեղ եւ սեղմեք ներքեւի կանաչ կոճակը:
Ուրեմն հերթագրվեք, որ ստանաք Facebook-ի Էլ-Պոստը:

Thursday, November 18, 2010

Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց մի քանի իրանցիների հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ Իրանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ցուցարարներից Բաբաք Իջադն ասաց. «Իրանը պատմության ընթացքում մարդու իրավունքների հիմնադիրն է համարվում, և Կյուրոսը առաջին տիրակալն էր աշխարհում, որ իր երկրում հաստատեց մարդու իրավունքները: Բայց հիմա ճիշտ հակառակն է ստացվում: Իրանի իշխանություններին այլևս չեն հետաքրքրում մարդու իրավունքները, նրանք միլիոններով գումար են հատկացնում այլ երկրների գործերին միջամտելու համար, բայց սեփական ժողովրդին ամենադաժան ձևով են վերաբերվում. ճնշում, բանտարկում, մահապատժի են ենթարկում, քարկոծում և այլն:»
Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով եք բողոքի այս ակցիաները Հայաստանում անցկացնում, մեկ այլ ցուցարար՝ Օմիդ Էսմաիլզադեհը, պատասխանեց. «Մենք մեր երկրում ցույցի հնարավորություն չունենք, եթե նման թեմաների մասին ցույց կազմակերպենք, անմիջապես բանտում կհայտնվենք: Այդ իսկ պատճառով փորձում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել Հայաստանում, որ գոնե միջազգային հանրությունը կարողանա լսել մեր բողոքները: Մենք նաև ՀՀ իշխանություններից ու ժողովրդից խնդրում ենք, ինչպես մյուս ազատատենչ երկրների իշխանություններն ու ժողովուրդները, իրենք էլ դատապարտեն Իրանում մարդու իրավունքների դեմ ընթացող ոտնահարումն ու ճնշումը:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը կրկին մեղադրվում է

ԱՄՆ-ի Կոնգրեսին հանձնված՝ ամերիկայի պաշտոնյաների տարեկան զեկուցում, Իրանը, Բիրման, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Հյուսիսային Կորիան, Ուզբեկստանը, Սուդանն ու Էրիտրեն ներկայացվել են՝ որպես կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարող երկրներ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականներից Մայքլ Փազները երեկ՝ նոյեմբերի 17 –ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասել է. «Իրանում կրոնական փոքրամասնությունների դեմ գործադրվող ճնշումները մեծ աճ են արձանագրել:»
Հիշյալ զեկույցում նշված է, որ «Իրանի կառավարության կարգախոսներն ու գործողությունները սպառնալի իրավիճակ են ստեղծել ոչ շիա կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաեւ՝ բահայականների, սուֆիստների, քրիստոնյա ավետարանականների ու հրեական համայնքների նկատմամբ:»
Դեռեւս, Իրանի իշխանությունները, չեն արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցին, բայց նրանք նախորդ տարիներին, բազմիցս հերքել են իրանում կրոնական փոքրամասնությունների դեմ գործադրվող ճնշումների մասին հրապարակված բոլոր փաստերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, November 16, 2010

Էրդողան. Թուրքիան պիտի ղեկավարի իր երկրում տեղակայվելիք հակահրթիռային համակարգը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի հրթիռային նախագծին, հայտարարել է. «Եթե այդ հակահրթիռային համակարգը պիտի տեղակայվի Թուրքիայում, Անկարան գերադասում է ինքը ղեկավարել այն»։
«Թեհրան Էմրուզ» օրաթերթը, վկայակոչելով «Անատոլիա» լրատվականին, գրում է. «Եթե հակահրթիռային պաշտպանության համակարգը պիտի մեր հողում տեղակայվի, ուրեմն դրա հրամանատարությունն ու ղեկավարումը պիտի վստահվի հենց մեզ: Եթե ՆԱՏՕ-ն չհամաձայնի մեր պայմաններին, անհնար է, որ մենք համաձանենք նրանց նախագծերի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական խնդրում ամերիկյան ճնշումը շարունակվում է

Իրանական «Արման» օրաթերթը, վկայակոչելով ամերիկյան «Բոստոն Գլաբին», գրում է. «ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Իրանում աշխատող արևմտյան ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց հեռանալ այդ երկրից: Ճնշումների հետևանքով, ամերիկյան «Շլոմբերգեր» (Schlumberger) հանրահայտ նավթային ընկերությունը ԱՄՆ պետդեպարտամենտին խոստացել է Իրանի հետ ունեցած իր ընթացիկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո խզել համագործակցությունն իրանական կողմի հետ և հեռանալ Իրանի շուկայից»:
Թերթը շարունակում է. «Թեև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթագազային ոլորտի դեմ սահմանած միակողմանի շրջափակումները սկսվել են 1995 թվականից, բայց «Շլոմբերգեր» ընկերությունը, որն ԱՄՆ-ից դուրս է գրանցված, հնարավորություն է ունեցել մինչ այժմ համագործակցել իրանական կողմի հետ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, November 15, 2010

Դայմլեր. Ցտեսություն, Իրա՛ն

Գերմանական ավտոարտադրող «Դայմլեր» ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի համագործակցելու Իրանի հետ ու շուտով հեռանալու է այդ երկրից:
Գերմանական ԶԼՄ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ «Դայմլեր» ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների հետևանքով իրենք խզել են բոլոր հարաբերություններն իրանական կողմի հետ ու մտադիր են հեռանալ այդ երկրից: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, գերմանական «Դայմլեր» ընկերությունը մինչ այս Իրանի հետ համագործակցել է օրենքի սահմանում, բայց քաղաքական վերջին անցուդարձերի հետևանքով իրենք ևս վերաքննարկել են Իրանի հետ ունեցած հարաբերությունները ու հանգել այն եզրակացության, որ պիտի լիովին խզեն հարաբերություններն իրանական կողմի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բաղդադ. «Իրանը չպետք է միջամտի Իրաքի ներքին գործերին»

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Իրաքի խորհրդարանի նորընտիր նախագահ Օսամե Նոջայֆին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպման ընթացքում իրանական կողմին կոչ է արել՝ չմիջամտել իր երկրի ներքին գործերին:
Նոջայֆին Իրանի դեսպան Հասան Դանայիֆարդի հետ զրույցում ասել է. «Երկու երկրների հարաբերությունների բարելավումը պիտի հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիմքի վրա:»
«Ալ Արաղիե» խմբակցությունը, որին անդամակցում է խորհրդարանի նորընտիր նախագահը, Իրանին բազմիցս մեղադրել է Իրաքի ներքին գործերին մջամտելու հարցում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ամեն ինչ ընթացավ Իրանի օգտին»


«Իրան» օրաթերթը, անդրադառնալով «Նեյշն» պարբերականում հրատարակված՝ ամերիկացի հանրահայտ վերլուծաբան Ռոբերտ Դրիֆուսի հոդվածին, նշում է. «Իրաքում քաղաքական ուժերի միջև կայացած հավասարակշռության գործում կասկածելի է ԱՄՆ-ի դերակատարությանը: Եթե ազնիվ լինենք, պիտի ընդունենք, որ Իրաքում այսօր 40%՝ ազգայնականները, 40%՝ Իրանը և միայն 20% ԱՄՆ-ը լուրջ ազդեցություն ունեն:
Օրաթերթն իր մեջբերման շարունակության մեջ գրում է. «Այսօր Իրաքում նվազում է ԱՄՆ դերակատարությունը, և դրան զուգահեռ ավելի է ուժեղանում Իրանի ներկայությունն ու ազդեցությունը: Այնպես որ,- նշում է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Հիլտերմանը,- Իրաքում ամեն ինչ ընթացել է Իրանի օգտին։ Իրանն առանցքային դերակատարություն ունեցավ Նուրի Ալմալեքիի ու Մուղթադա Սադրի ուժերը միավորելու, և երկրում հավասարակշռություն սահմանելու գործում:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում կարծում են, որ պատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի դեմ

Երեք ցամաքամասերի նավթային ընկերությունները՝ ընդդեմ ԱՄՆ-ի

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը վերածվել է ԱՄՆ-ի դեմ գործող պատժամիջոցների». «Թեհրան Էմրուզ» օրաթերթն իր մեկնաբանությունը սկսում է «Թայմ» պարբերականում լույս տեսած մեկնաբանությունից մեջբերված այս հատվածով:
Թերթը, վկայակոչելով «Թայմ» պարբերականը, շարունակում է. «Ըստ միջազգային ապահովագրական ընկերությունների տվյալների, այսօր Իրանում աշխատում են 39 միջազգային նավթագազային ընկերություններ: Ինչպես ասվում է, Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները հունիս և հուլիս ամիսների ընթացքում, լուրջ հետևանք են թողել Իրանում այդ ընկերությունների գործունեության վրա. հիշյալ 39 ընկերությունների ցանկը քննարկելիս՝ հետաքրքիր արդյունքների պիտի հասնենք:»
«Թեհրան Էմրուզի» թղթակիցը, Իրանում աշխատող նավթագազային ընկերությունների ցանկը մեկնաբանելով, ընդգծում է. «Իրանում ներկա ու աշխատող 39 նավթա-գազային ընկերություններից 14-ը պատկանում են հենց «5+1»-ի երկրներին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, ՌԴ և Գերմանիա: Հիշյալ 14 ընկերությունից 4-ը պատկանում են չինացիներին, 4-ը՝ ռուսերին: Մնացած ընկերություններն էլ պատկանում են Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային: Վերոհիշյալ 39 ընկերություններից միայն մեկն է պատկանում Աֆրիկյան երկրներին, իսկ մնացածը բաշխվում են եվրոպական և ասիական երկրների միջև, ընդ որում՝ եվրոպական երկրներին բաժին է ընկնում 21 ու ասիական երկրներին՝ 17 ընկերություն:»
Օրաթերթը մատնանշում է. «Այս գործընթացում Չինաստանն ու Հնդկաստանը իրենց զարմանահրաշ աճով գերհզոր բևեռի են վերածվում, և այս պարագային ժամանակը ցույց կտա, թե Իրանն իր նավթագազային պաշարներով ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ միջազգային փոփոխվող ընթացքի վրա»։
«Թեհրան Էմրուզը» եզրակացության մեջ նշում է. «Բայց ինչո՞ւ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն այնպես, ինչպես Արևմուտքը կցանկանար, ազդու չեն եղել: Այս հարցում երկու գործոն են դերակատարություն ունեցել. ԵՄ-ի և Չինաստանի վերաբերմունքը: Եվրոպական և չինական ընկերությունների վարվելակերպը Իրանի դեմ սահմանված շրջափակումների հանդեպ ԱՄՆ-ի ցանկությունների համաձայն չեն ընթացել:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մարդու իրավունքները՝ մահակ


ԱՄՆ-ում գործող «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» ուսումնասիրությունների կենտրոնի ավագ անդամ Րայ Թաքեյհը Իրանի և «5+1»-ի միջև կայանալիք բանակցությունների նախօրեին ընդգծում է, որ «ԱՄՆ-ը պետք է միջուկային հարցերի շուրջ բանակցություններին զուգահեռ շեշտադրում կատարի նաև Իրանում մարդու իրավունքների ոչ հուսալի վիճակի վրա»։
Թաքեյհը «Վաշինգտոն Պոստ» օրաթերթում հրապարակած իր հոդվածում շարունակում է. «ԱՄՆ-ը, որպես գործնապաշտ ու ժողովրդավար պետություն, հույս ունի, թե ընդունված տնտեսական պատժամիջոցները կնպաստեն, որ Իրանը փոխի իր ռազմավարությունը: Բայց փորձն ապացուցել է, որ Իրանի իշխանության վրա միայն տնտեսական ճնշումներ գործադրելը բավարար չէ. այդ երկիրն ունի նաև մի այլ թույլ կետ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գրեթե իսպառ բացակայությունը: Ուրեմն` Արևմուտքի ու ԱՄՆ- ի համար, տնտեսական պատժամիջոցների հետ մեկտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ևս Իրանի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ են, ինչը Իրանի Իսլամական Հանրապետությանը կստիպի վերանայել իր ռազմավարությունը:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանա-աֆղանական հանդիպում՝ հականատօյական հայտարարություններով

Ինչպես հաղորդում է «Իրան» օրաթերթը, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Աֆղանստանի ԱԳ նախարար Զալմայ Ռասուլի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Արտաքին ուժերն Աֆղանստանում, աֆղան ժողովրդի շահերի փոխարեն, իրենց շահերն են հետապնդում»։
Նա ընդգծել է, որ «պատմության ընթացքում Աֆղանստանի ժողովուրդն ապացուցել է, որ կարող է ուժով պաշտպանել են իր անկախությունն ու արժանապատվությունը»։
Շարունակելով իր խոսքը՝ Ջալիլին նաև հայտարարել է. «Այսօր Աֆղանստանի անվտանգության ու բարգավաճման համար տանկերի փոխարեն տրակտոր պիտի ուղարկվի այս երկիր, և արտաքին ուժերն էլ աֆղան ժողովրդի շահերը չպետք է զոհաբերեն հանուն իրենց շահերին»։
Աֆղանստանի ԱԳ նախարար Ռասուլն էլ, անդրադառնալով Իրանի կարևոր դերին, ցանկություն է հայտնել, որ Իրանն ավելի մեծ դերակատարություն ունենա Աֆղանստանում անվտանգություն և կայունություն հաստատելու գործընթացում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, November 12, 2010

Google -ն իր սխալներով պատերազմնե՞ր է առաջացնելու


Ըստ երեւոյթի, ինտերնետի տիտան կոչվող Google ընկերության բաց թողումները, սկսել է անհանգստություններ առաջացնել աշխարհում: Եթե հիշեք, օրեր առաջ հիշյալ ընկերության քարտեզային սխալի հետեւանքով, Նիկարագուայի բանակը հարձակվել է իր հարեւան Կոստա Ռիկայի վրա: Դրա գլխավոր դրդապատճառը Գուգլ ընկերության կողմից սխալ քարտեզավորումն էր: [+]
Ահա, օրեր անց, Գուգլը նույն սխալն է թույլ տվել Սպանիայի եւ Մորակոյի հանդեպ: Գուգլի քարտեզում, Սպանիային պատկանող «Perejil» կղզին հայտնվել է Մորակոյի հողային սահմաններում: [+ , +]
Հիշյալ կղզին, արդեն տարիներ է, որ վիճաբանությունների առիթ է առաջացրել Սպանիայի եւ Մորակոյի միջեւ: 2002 թ. -ին Սպանիան ռազմական հարձակում գործեց այդ կղզիի վրա եւ այնտեղից տարհանեց Մորակոյի բանակը: [+]
«Perejil» կղզին, որը ոչ մարդաբնակ է ու միայն 200 քմ է, 2004 թվականին, ԱՄՆ-ի միջնորդությամբ, այլեւս չի պատկանում ոչ մի երկրի:

Հնարավոր է, որ նմանօրինակ սխալները, լոկ սովորական բացթողումներ լինեն, բայց հենց այնպես, որ վերջին երկու դեպքերն են ապացուցում, այսօրվա աշխարհն արդեն շատ ավելի է փխրուն դարձել, ու եթե նման բացթողումները շարունակվեն, հավանական է լուրջ միջադեպերի ականատեսը լինենք աշխարհում:


Հ.Գ. Ի դեպ հարկ է նշել, որ որոշ երկրներին նաեւ դուր է գալիս Գուգլի սխալները, այն ինչ հայտնի դարձավ Նիկարագուայի խնդրում: [+]

ԵՄ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցել դեկտեմբերի 5-ին

«Նյու Յորք Թայմս» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ ԵՄ-ն համաձայնել է միջուկային խնդրի վերաբերյալ «5+1» ձևաչափով բանակցություններ սկսել Իրանի հետ դեկտեմբերի 5-ին, ինչպես առաջարկել էր իրանական կողմը: Թերթն ավելացնում է. «ԵՄ-ն, սակայն, առաջարկված թվականն ընդունելով, համաձայն չէ, որ բանակցությունները կայանան Ստամբուլում»:
«Նյու Յորք Թայմսի» տեղեկություններով, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը մտադիր է որպես բանակցությունների վայր առաջարկել Շվեյցարիան»:
Քեթրին Էշթոնն Իրանի հետ բանակցությունները վարելու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական նոր արկածներ՝ Լատինական Ամերիկայում

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է՝ քաղաքական և տնտեսական նոր արկածախնդրության մեջ մտնի Լատինական Ամերիկայում, ինչն ԱՄՆ-ի կողմից դիտվելու է իր դեմ ուղղված Իրանի նոր սադրանք:»
Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց» օրաթերթը՝ ավելացնելով. «Իրանի իշխանությունը մտադիր է Նիկարագուայի և Վենեսուելայի հետ մեկտեղ Պանամայի ջրանցքին այլընտրանք համարվող նոր ջրանցք կառուցել Սան Խուան գետի միջոցով:
Թերթի հաղորդմամբ, վերջերս Նիկարագուան փորձում է լիովին վերահսկել Կոստա Ռիկայի հետ սահմանագիծ համարվող Սան Խուան գետը և աշխատանքներ է տանում այդ գետը խորացնելու ու լայնացնելու ուղղությամբ: «Հաարեցի» մատուցմամբ՝ Կոստա Ռիկան զուրկ է պաշտպանական բանակից և նման սադրանքներին պատշաճ պատասխանելու հնարավորություն չունի:
Քաղաքագետների կարծիքով, Նիկարագուան մտադիր է, Վենեսուելայի և Իրանի ֆինանսական օգնությամբ Կենտրոնական Ամերիկայում այլընտրանքային ջրանցք կառուցելով, չեզոքացնել Պանամայի ջրանցքի կարևորությունն ու ԱՄՆ գերակայությունը հիշյալ տարածաշրջանում:
Պանամայի ջրանցքը, որը լիովին վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական առումներով Լատինական Ամերիկայի կարևորագույն ռազմավարական կետն է համարվում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում ընդհատակյա վերահրատարակվում է ընդդիմության օրաթերթը

Արդեն 15 ամիս է, ինչ իրանական ընդդիմադիր «Էթեմադ Մելլի» («Ազգային Վստահություն») կուսակցության՝ նույն անունը կրող օրգան օրաթերթն արգելված է: Սույն կուսակցությունը գլխավորում է Մահդի Քյարուբին, որը վերջին երկու նախագահական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի գլխավոր մրցակիցներից էր համարվում: Իրանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ընտրախախտումների դեմ ընդվզեց ու ցույցեր կազմակերպեց բազմաթիվ քաղաքներում, Իրանի իշխանությունները արդեն ժողովրդի վստահությունը վայելող «Էթեմադ Մելլի» օրաթերթն արգելափակեցին:
Եվ ահա, մեկ տարի անց «Էթեմադ Մելլի» օրաթերթը կրկին հրատարակվում է, այս անգամ՝ ընդհատակյա ու մեկ էջի սահմանում միայն:
Թերթի «Մենք եկանք իրազեկելու համար» խորագրով առաջին խմբագրականում կարդում ենք. «Այն պայմաններում, երբ իշխանամետ լրատվամիջոցները, իրենց անսահման բյուջեներով, փորձում են այլակերպել մեր հասարակության իրավիճակն ու կոծկում են կառավարության թերությունները, այս օրաթերթը տեղեկատվության ասպարեզ է վերադառնում՝ հույս ունենալով, որ իր հրապարակած տեղեկությունների հիման վրա ժողովուրդն իրազեկված, հստակ քայլեր կձեռնարկի նպատակներն իրագործելու համար: Տնտեսական ու հասարակական այս դժվարին պայմաններում, երբ հայրենանվեր ու լավագույն մարդիկ բանտերում են գտնվում, մինչդեռ երկրի նախագահը Իրանն աշխարհում ամենաազատ երկիրն է համարում, այս օրաթերթը իր գործընկերների հետ միասին աշխատելու է ժողովրդին իրազեկ պահելու նպատակադրումով»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը