Saturday, March 12, 2011

Թանկարժեք հավաքածուները թանգարանային արժեք ունեն. մեզ ի՞նչ օգուտ դրանից

Արթին Առաքելյան

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռարձակում է «Աշխարհի հայեր» հաղորդաշարը: Ակնհայտ է, որ հիշյալ նախագիծը «Հայկական աշխարհ» նախագծի բնական շարունակությունն է, որը փորձում է հանդիսատեսին ծանոթացնել աշխարհի լավագույն հայ գործարարներին, նրանց գործունեությանն ու անձնական կյանքին:

Հատկանշական է, որ «Աշխարհի հայեր» հաղորդումը փորձում է, աշխարհասփյուռ հայ գործարարներին հայ հանդիսատեսին ծանոթացնելով, բնական կապ առաջացնել նախ հենց աշխարհասփյուռ հայության և հայ գործարարների, ու հետո նաև աշխարհասփյուռ հայ գործարարների և հայրենիքի միջև: Դրա վառ օրինակն այն է, որ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում հարց է տրվում գործարարներին՝ արդյոք երբևէ եղե՞լ եք հայրենիքում, կամ՝ արդյոք ցանկանո՞ւմ եք հայրենիքում մասնաճյուղ բացել ու ներկայացնել ձեր արտադրանքը: Մինչ այսօր հեռարձակված հաղորդումներին հյուր եղած հայ գործարարների մեծ մասը, առաջին հարցին այսպես է պատասխանել. «Ո՛չ, չեմ եղել Հայաստանում, բայց միշտ փափագել եմ գալ Հայաստան», կամ էլ՝ «Այո՛, տարին մեկ կամ երկու անգամ այցելում եմ Հայաստան»:
Վերոհիշյալ պատասխաններից շատ կարևոր եզրակացություններ կարելի անել: 

Նախ այն, որ աշխարհասփյուռ հանրահայտ գործարարների գերակշիռ մասը ծնվել ու զարգացել են Հայաստանից դուրս, մի այլ մշակույթի ու միջավայրի ազդեցության ներքո, և նրանց միակ բնական կապը ազգի հետ եղել է հենց ազգանունների «-յան» վերջավորությունը. նրանցից շատերը հպարտանում են դրանով և իրենց բիզնեսը հենց այդ «-յան»-ով են աշխարհին ծանոթացրել: Դա խիստ գնահատելի քայլ է այն անհատների կողմից, ովքեր անգամ Հայաստանում չեն եղել ու հայերեն էլ չեն խոսում:

Իսկ երկրորդ հարցի պատասխանները շատ ավելի հետաքրքրական և ուշագրավ են: Պարզվում է, որ աշխարհասփյուռ հայ գործարարների մեծ մասը կա՛մ երբեք չեն այցելել Հայաստան, կա՛մ տարին մեկ-երկու անգամ, զբոսաշրջիկի կարգավիճակով այցելել ու հիացել են նայիրիան երկրի բնությամբ ու հնությամբ: Այստեղ ուշագրավ է այն, թե ինչո՞ւ հիշյալ գործարարներից ոչ մեկը Հայաստանում չի բացել իր բիզնեսի մասնաճյուղը և ուղղակի չի առնչվել Հայաստանի ու հայաստանցիների հետ: Արդյո՞ք նրանց արտահայտած հայրենասիրությունը կեղծ է, կամ արդյո՞ք չեն սիրում Հայաստանի ժողովրդին: Միանշանակ կարելի է պատասխանել՝ ո՛չ: 

Աշխարհասփյուռ հայ գործարարները բազմիցս ապացուցել են, որ թե՛ հայրենասեր են, թե՛ սիրում են Հայաստանի ժողովրդին: Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ նրանք իրենց սեփական բիզնեսը չեն ներկայացրել նաև Հայաստանում: Ահա այդ հարցի պատասխանը գտնելու համար է, որ յուրաքանչյուր անհատ սկսում է մտածել ու գտնել հիմնական դրդապատճառները:

Ոմանք համոզված են, որ գլխավոր պատճառը Հայաստանի շուկայի փոքր լինելն է: Եվ որովհետեև յուրաքանչյուր գործարար նախ մտածում է շահույթի մասին, ուրեմն, դա նրանց հեռու է մղում Հայաստանում ներկայություն ունենալու ցանկությունից: Թեև այդ համոզման մեջ կան ճշմարտության նշույլներ, բայց չեմ կարծում, որ դա մեծ խոչընդոտ հանդիսանար նմանօրինակ աշխարհահռչակ գործարարների համար:

Որպես գլխավոր դրդապատճառ կարելի է մատնանշել Հայաստանում տիրող տնտեսական և քաղաքական իրականությունը: Երբ շուկայական, հասարակական ու քաղաքական հարաբերությունները ենթակա չեն օրենքին, կամ ավելի ճիշտ՝ ենթակա են սահմանափակ յուրայինների կողմից մշակված ու չգրված օրենքներին, բնականաբար, մրցակցելու հնարավորությունը խլում են այն գործարարներից, ովքեր ծնվել, զարգացել ու գործարար են դարձել եվրոպական ու ամերիկյան օրենքներով, որտեղ օրենքը ապահովում, պաշտպանում ու երաշխավորում է ցանկացած անհատի, այդ թվում՝ նաև գործարարների, օրենքի սահմաններում ազատ գործելու և զարգանալու ցանկությունները: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայստանում այդ նախապայմանների բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում աշխարհասփյուռ հայ գործարարների համար:

Նրանք՝ որպես գործարարներ, վստահաբար լավատեղյակ են Հայաստանի իրավիճակից ու այդ պատճառով էլ փորձում են իրենց մեջ վառ մնացած հայրենասիրությունը պահպանելու և նյութական կորուստները կանխելու նպատակով հեռու մնալ հայաստանյան շուկայից:

Ուրեմն, այս պայմաններում «Աշխարհի հայեր» հաղորդումը դառնում է միայն այն, որ մեր ժողովուրդին ծանոթացնենք հայ ազգին պատկանող, աշխարհահռչակ գործարարների մի թանկարժեք հավաքածուի, որն այնքան արժեքավոր է, որ կարելի է թանգարանային արժեք ունեցող հավաքածու համարել:

Այս պայմաններում մեր ժողովուրդը հնարավորություն չի ստանում մոտիկից առնչվել այդ թանգարանային արժեք ունեցող հպարտությունների հետ, և դա իրագործելու համար պիտի պատրաստվեն «Հայաստանի հայեր» կամ «Ներդրումների խոչընդոտները Հայաստանում» հաղորդումներ, որում Հայաստանում ներդնումներ կատարած հայրենակիցները հնարավորություն կունենան խոսել իրենց խնդիրների մասին և նաև կքննարկվեն Հայաստանի տնտեսական իրական խոչընդոտները: Եթե, իհարկե, մեր հեռուստաընկերություններն այդքան ազատություն կունենան՝ զբաղվելու նմանօրինակ խնդիրներով: 

Եթե ոչ՝ թեև հաճելի է լսել ու տեսնել թանգարային արժեք ներկայացնող գործարարների մասին պատրաստված հաղորդումները, բայց դրանով անկարելի է լուծել մեր երկրում առկա տնտեսական խոչընդոտները, ոչ էլ աշխարհասփյուռ գործարարներին քաջալերել ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Ցանկացած հայ հպարտանում է, երբ տեսնում է աշխարհահռչակ հայ գործարարի, գիտնականի կամ մարզիկի ձեռքբերումները, բայց այդ հպարտությունն այն ժամանակ թանկ կլինի յուրաքանչյուրիս համար, երբ Հայաստանում առաջանան նմանօրինակ հաջողակներ դառնալու ենթահողն ու հնարավորությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը