Իրանական Parsine լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանում Blogger և Wordpress բլոգերային կայքերում էջեր ունեցող բոլոր բլոգները արգելափակվել են: Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության կիբերմամուլի բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը հայտարարել է, որ հիշյալ բլոգերային ընկերությունները իրանական բլոգերային ընկերությունների աշխատանքները զարգացնելու նպատակով են արգելափակվել:
Մոմեննասաբի հայտարարության համաձայն, իրանական բլոգերային ընկերությունները նախարարությանը բողոք են ներկայացրել, թե ինչո՞ւ, երբ երկրում աշխատում են բազմաթիվ ընկերություններ, որոնք բարձրորակ բլոգերային ծառայություններ են մատուցում ցանկացողներին, նախարարությունը թույլ է տալիս, որ երկրում աշխատեն միջազգային բլոգերային ընկերությունների ծառայությունները: Կայքի հաղորդմամբ, այդ իսկ պատճառով մշակույթի նախարարություն արգելափակել է Blogger ու Wordpress ընկերությունների աշխատանքները:
Ի դեպ, ասենք, որ իրանական բլոգերային ծառայությունների ընկերությունները աշխատելու թույլտվություն ստանալու համար պարտավորվում են վերահսկել իրենց ծառայություններից օգտվող բլոգերների գրությունները և, հարկ եղած ժամանակ, եթե այդ բլոգների նյութերը դեմ լինեն Իրանի քաղաքականությանը, փակել տվյալ բլոգները: Ուստի իրանցի բլոգերները նախընտրել են օգտվել միջազգային բլոգերային ծառայություններից: Այդ պատճառով Իրանի մշակույթի նախարարության համար անկարելի էր դառնում իրագործել բլոգերների գրությունները վերահսկելու ցանկությունը, հետևաբար լավագույն միջոցը հենց միջազգային ընկերությունների աշխատանքի արգելափակումն էր:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment