Wednesday, February 25, 2009

Իմ անմոռաց ուսուցիչ՝ Գրիգոր Շահինեանի յիշատակին


Շատ ցաւալի էր ինձ համար, երբ լուրերում կարդացի թէ կեանքին հրաժեշտ է տւել, իմ շատ սիրելի եւ անմոռաց ուսուցիչ՝ Գրիգոր Շահինեանը: Ես բախտ եմ ունեցել նրան աշակերտել 2001-2002 թթ. -ին, Բէյրութում: Պիտի խօստովանեմ, որ բազմաթիւ դասեր եմ ստացել Պրն. Շահինեանից, որը եւ մինչեւ այսօր օգտաւետ են ինձ իմ կեանքի եւ գործի ասպարեզներում: Թող հողը թեթեւ լինի վրան եւ յիշատակը անթառամ:

=========================
Այս գրութիւնը քաղել եմ Ազգ օրաթերթից, որը լաւապես ներկայացրել է Գրիգոր Շահինեանին:

ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԳՐԱԴԱՏԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Փոթորիկներ ունի հոգիին մէջ, զորս սանձել գիտէ»

Անցած շաբաթ Բեյրութում 78 տարեկանում վախճանվեց սփյուռքի մեր հրաշալի մտավորական, մանկավարժ, գրականագետ, արխիվագետ, մշակութային-ազգային գործիչ Գրիգոր Շահինյանը: «Ազգը», որի էջերում քանիցս տպագրվել են նրա հոդվածները, փետրվարի 17-ին տեղեկացրեց նրա մահվան մասին, հաջորդ օրը հայաստանցի յոթ մտավորականների ստորագրությամբ տպագրվեց հրաժեշտի խոսքեր Գրիգոր Շահինյանի հիշատակին:

Լիբանանահայ էր Գրիգոր Շահինյանը, գարահիսարցի ու ադանացի` իրենց բնօրրանից վտարված, 1915-ի Հայոց մեծ եղեռնից մազապուրծ ծնողներից սերված, որոնց գաղթական կյանքի առաջին հանգրվանը Սիրիան էր: Դամասկոսի Սահակյան, ապա` ֆրանսիական Մարիոթ Ֆրերների վարժարաններում ուսանելուց հետո ընդունվում է Բեյրութի Լեւոն Շանթի ղեկավարած Հայ ճեմարանը. նախ` հետեւում է Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Գառնիկ Գյազալյանի դասախոսություններին, որից հետո ցկյանս ստանձնում ուսուցչի պատվաբեր ու պատասխանատու գործը: Իր էությամբ արդեն իսկ ուսուցիչ էր Գրիգոր Շահինյանը, ուսուցչությունն իր կոչումն էր, եւ արժանապատվորեն ծավալած կեսդարյա մանկավարժական գործունեությունը կերտեց իր ոչ միայն աշխատանքային, այլեւ հոգեւոր կենսագրությունը` ազնիվ ու շիտակ մտավորական մի նկարագրի: Գրիգոր Շահինյանը հայ միտքը արթուն ու կենսական պահելու, հայի ոգու միջնաբերդը պահպանողի ու հսկողի առաքելությունն ուներ, հայ լեզվի ու մշակույթի պահապան-ջահակիր` սփյուռքի ամենապայծառ կերպարներից:

Փայլուն գրականագետ էր, մտածող, վերլուծաբան, մեկնաբան, լեզվական բարձր կուլտուրայի, բարձր իմացությունների տեր մտավորական: Եվրոպական կրթություն ստացավ նախ Բրյուսելում` հետեւելով համալսարանի ռոմանական գրականության բաժնի դասընթացներին, վերադառնալով Բեյրութՙ ճեմարանում դասավանդեց ֆրանսերեն լեզու եւ գրականություն:

Բելգիայում ուսանելիս սակավաթիվ հայ ուսանողներից կազմված միությունը` ի թիվս նրանց նաեւ Գրիգոր Շահինյանը, հայ մշակույթը տարածելու ջանքեր էր գործադրում: Այս խմբի ջանքերով բելգիական Գենտ քաղաքի համալսարանի պատին տեղադրվեց Դանիել Վարուժանի դիմաքանդակը. այնտեղ ժամանակին ուսանել էր բանաստեղծը:

Շահինյանը ավելի ուշ ուսումը շարունակում է Փարիզի Սորբոնի համալսարանում` 1979-ին պաշտպանելով Արմեն Լյուբենի (Շահան Շահնուրի) ֆրանսալեզու պոեզիայի վերաբերյալ ատենախոսություն եւ ստանում դոկտորական աստիճան: Հետագայում այդ դոկտորականը զույգ հատորի տեսքով տպագրում է Անթիլիասի մայրավանքի տպարանը: 1990-ին Երեւանի պետհամալսարանում եւս պաշտպանելով գիտական թեզ` ստանում է բանասիրական դոկտորի կոչում:

1977-1994-ին Գր. Շահինյանը դասավանդում է Բեյրութի լիբանանյան համալսարանում: 1997-ից նա «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավար պաշտոնում էր: Ինչպես հալեպահայ գրող Թորոս Թորանյանն է գրում, այդ պաշտոնում նա «երբեք չի գործեր պաշտօնեայի հոգեբանութեամբ»: «Այդ կեդրոնը ուր կը վերաւորակաւորուին ուսուցիչներ, իր տունն է: Ուրեմն այդ տունն ու անոր բնակիչները կը վայելեն մանկավարժ ուսուցիչին հայրախնամ հոգածութիւնը, ինչպէս էին ատենին մեր մէջ Ռէթէոս Պէրպէրեանն ու Յովհաննէս Հինթլեան մանկավարժները, ինչպէս էր Ռէթէոսի որդի Շահան Պէրպէրեանն ու Մելգոնեան կրթ. հաստատութեան մանկավարժութեան երբեմնի խոհուն դասախօս` Պօղոս Գէորգեանը»:

Նման կյանքերը սովորաբար ինքնանվիրումի, ինքնայրումի որակում են ստանում, եւ դրա «պատճառը» Թորանյանի խոսքերով այն է, որ «Շահինյանը իր ականջը դրած էր իր սրտի զարկին ու այդպէս աշխատած»:

Մանկավարժն ու գրականագետը հավասար իրավունքներով ապրում էին իր մեջ. հայ գիրն ու գրականությունը իր կենսունակությունն ապահովող հոգեւոր ավիշն էր: Գրականագետի իր հետաքրքրությունները ծավալել է Շահան Շահնուրի, Լեւոն Շանթի, Համաստեղի, Գուրգեն Մահարու ստեղծագործական տիրույթներում, խոր վերլուծաբանի, ինքնատիպ մեկնաբանի իր ձիրքը լավագույնս դրսեւորվել է բազմաթիվ ուսումնասիրություն-մենագրություններումՀամաստեղ», «Հատընտիր», «Գուրգէն Մահարի վաթսունի հանգրուանին», «Panorama de la litte՛rature Arme՛nienne... 1880», «Վերաքաղ» եւ այլն): Շահինյանը նաեւ սկզբնավորողներից է մանկական գրականության մատենաշարի 25 հատորյա տպագրության: Նրա վաստակը մտավորական եւս մեկ ասպարեզում արժանի է հիշատակման, 1966-70-ին հրատարակելով «Ահեկան» եռամսյա հանդեսը` գրական շարժում ծավալեց դրա շուրջը` նոր գրողների ու ավագների ներգրավումով: Եթե նկատի ունենանք օտար միջավայրային բոլոր բարդությունները, սփյուռքահայ իրականության յուրաքանչյուր նման երեւույթի` կրթօջախի, մատենաշարի, ամսագրի հիմնադրում, աներկբա, ազգանվեր ու շնորհակալ գործ է:

Գր. Շահինյանի` «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավարման ընթացքը բարեբեր հունձք է ապահովել սփյուռքահայ գրական անդաստանի համար` իր գործուն մասնակցությամբ Անթիլիասի մայրավանքի «Դանիել Վարուժան» մատենաշարային հրատարակությամբ, իսկ որպես կաթողիկոսարանի արխիվների պատասխանատու, գիտական հրատարակության պատրաստած իր քառահատոր նյութերով, որոնցից առաջինի տպագրության առիթով տարիներ առաջ հանդիպեցի իրեն` դստեր Շաղիկի երեւանյան տանըՙ մեր թերթի համար հարցազրույց ունենալու:

Ազնվակիրթ, հանդարտաբարո, զուսպ, ձայնի բարեհնչունությամբ, մեղմ ու նրբավար` առաջին իսկ ձեռքսեղմումից խորագույն հարգանք ներշնչող մտավորականի առինքնող կերպար. առաջին տպավորությունս է: Երանելի ուսուցիչ` բազմակողմանի գիտելիքների, խորը իմացությունների ու դրանք իսկական մանկավարժին վայել այլոց տալու շնորհաշատ ձիրքով:

Այդպիսին է զգացողությունն այն մարդկանցից, ում երկրային կյանքը, աշխարհիկ գործը, մտավոր աշխարհն ու հոգեկերտվածքը անխախտ ներդաշնակության մեջ են: Ինքը լուռ խոնարհումով գործող համեստ մշակի կենսակերպն էր դավանում: Իր ապրած կյանքը, ժամանակի անհուն հարահոսքում մնայուն հետագիծ թողնողի` քչերին վիճակված ազնիվ նվիրումի ճանապարհ է` այլեւս մեզ ապրողներիս արժեւորումին թողած` սփյուռքում եւ այստեղ` Հայաստանում:

Թորանյանը գրում է. «Երբեք փոթորկուող մեկը չէ: Սակայն փոթորիկներ ունի հոգիին մէջ զորս սանձել գիտէ». այդ սանձած փոթորիկները սփյուռքի մեր վարժարաններում բարի հունդեր դարձան` հրաշալի մտավորական սերունդ կրթելու, հոգեւոր տուրեւառությունների սեղմումից ծնվեցին գրական հրաշալի երկեր:

Ծանր էր Բեյրութից եկած գույժը: Գրիգոր Շահինյանի հեռացումով կյանքի լուսավոր մի անկյուն հավերժորեն խամրեց, թափուր ու տխուր մի տեղ մնաց:



3 Պատգամ:

Հայդուկ Շամլեան said...

«Հորիզոն» շաբաթաթերթ, Գանատա, թիւ 1536,12 Մարտ 2009 ՝

Պարոն Շահինեանը

Պարոն (Գրիգոր) Շահինեանը ուսուցիչ էր: Բազմաթիւ ուրիշ ձեւերով կարելի է հեշտօրէն արժեւորել իր պատուաւոր ու բեղուն կեանքը, լայնածաւալ ու բազմատեսակ վաստակը, իր աշխատանքն ու իրագործումները, վերջապէս, իր գերազանց յարգը:

Բազմատաղանդ եւ աշխոյժ մտաւորական, գրագէտ, հայերէն եւ ֆրանսէրէն լեզուներու եւ գրականութեան բարձրաստիճան մասնագէտ, բառարաններու, դասի եւ դաստիարակչական այլազան հրատարակութիւններու հեղինակ, կրթական հաստատութեան տնօրէն, ընտանիքին նուիրուած հայր եւ առաքինի մարդ, եւայլն: Սակայն ես կ'ուզեմ իր մահուան այս սրտաճմլիկ պահուն յիշատակել ի մասնաւորի Պարոն Շահինեան ուսուցիչը:

Պարոն Շահինեանը ուսուցիչ էր, բառին ամէնէն ազնիւ ու ազնուական իմաստով: Այն տեսակ ուսուցիչներէն որ կրնանք գտնել միայն իր սերունդին մէջ, եւ դեռ այդ ալ, փոքր համեմատութեամբ:

Հանդարտ ու կանոնաւոր, անսահման համբերութեան տէր, ան խորապէս կը սիրէր իր դասաւանդած նիւթը, հիմնականօրէն հայ գրականութիւն, եւ նոյնչափ ալ կը սիրէր իր ամէն մէկ աշակերտը: Ներառեալ – եւ կարծեմ, մանաւանդ - անոնց մէջէն ամէնէն անհանդարտ ու անկանոնը... Եւ այս ձեւով ու մօտեցումով, ան իր ամէն մէկ աշակերտին անպայման կը փոխանցէր սէրը հայ գրականութեան հանդէպ, եւ նաեւ իրեն հանդէպ:

Հակառակ այս հանդարտութեան – զոր խորքին մէջ կատարեալ ինքնազսպում էր -, ինչպէս նաեւ անթերի բարիացակամութեան, Պարոն Շահինեանը շատ աւելի յարգանք եւ հեղինակութիւն կը վայելէր իր աշակերտներուն մօտ, քան թէ այն դասատուները որոնք կը կարծէին թէ խստութեամբ, գոռումներով եւ պատիժներով կրնան իրենք զիրենք պարտադրել: Կարելի չէր զինք չյարգել, եւ անհնար էր զինք նեղացնել: Ի հարկին, ան իր լռութեամբ իսկ գիտէր կարգի բերել որեւէ ինքնակորոյս պատանի: Դէմքի հազիւ նշմարելի շարժում մը, հանդարտ նայուածքին մէջ յատուկ պլպլացում մը, եւ արդէն աշակերտը իր տեղը կը նստէր, թէ բառացիօրէն եւ թէ փոխաբերական իմաստով:

Բացառիկ զարգացման եւ գիտելիքներու տէր, համակրելի, սրամիտ, բարի, իմաստուն, զգայուն, կարեկցող, արդար, անկեղծ, անխոնջ եւ լիովին նուիրուած իր գործին, կամ աւելի ճիշտը՝ իր կոչումին, ան գիտէր ոչ միայն խօսիլ իր աշակերտին, խօսիլ այնպէս մը որ ան լսէ, ընդունի ու հասկնայ, այլ նաեւ գիտէր ի հարկին մտիկ ընել անոր... Երբ որ պէտք ըլլար, ուսուցիչը կը դառնար քեռի, կը դառնար հօրեղբայր, կը դառնար մտերիմ տարեց բարեկամ, եւ դասաւանդութեան ու դաստիարակութեան կողքին ան նաեւ կը դառնար հոգեկան նեցուկ:

Վերջին տասնամեակին, կեանքը յատկապէս անողոք հարուածներ վիճակեց Պարոն Շահինեանին: Ան բնաւ տեղի չտուաւ, դարձեալ հանդարօրէն եւ անխախտ կերպով դիմագրաւեց ամէն բան, հանդուրժեց ամէն բան, եւ իր բաժինը կատարեց, ինչ որ կրնար ընել, ըրաւ: Իր ազնուական հոգին երբէք չյանձնուեցաւ վատ շուքերուն: Սակայն կ'երեւի թէ մարմնային առողջութիւնը ազդուեցաւ այս բոլորէն, եւ... բայց ինչ որ է: Մենք ալ իրմէ դաս առնենք, եւ այստեղ չյանձնուինք ժխտական զգացումներու: Յարգենք իր յիշատակի մաքրութիւնը, իր փափկանկատ ամօթխածութիւնը, իր իմաստալից լռութիւնները: Եթէ ոչ, ան կրնայ յօնքերը թեթեւօրէն կիտել, վերէն, ժպիտի պէս բան մը դէմքին վրայ, եւ հաւատացէք որ չէք ուզէր այդ նայուածքը տեսնել...

Առիթն ու առանձնաշնորհը ունեցայ զինք վերջին անգամ մը տեսնելու, Հայրենիքի մէջ: Մարմնապէս հիւծած էր, սակայն հոգին, խանդն ու կորովը մնացած էին ամբողջովին անեղծ: Խորունկ աչքերուն մէջ կը պլպլային դեռ կայծեր: Միացանք, զրուցեցինք, ժամուայ մը ընթացքին ջնջեցինք քարորդ դարէ աւելի աշխարհագրական բաժանումը: Վերջաւորութեան, երբ դուրսը իրիկուն կ'ըլլար, «Լուսաւորչի Կանթեղը» արտասանեցի իրեն, եւ ան հսկեց, աչալուրջ եւ հպարտ, ի հարկին ընկերակցելով ինծի, որպէսզի մինչեւ ծայր եւ անթերի կերպով կատարեմ սկսածս: Կարծեմ լաւ նիշ նը ստացայ...

Վերելակին առջեւ, մեկնումի պահուն, թէպէտ կոկորդս սեղմուած էր, սակայն քաջաբար ձտեսութիւն ըսի իրեն, բայց իր աչքերը ուրիշ բան կ'ըսէին ինծի արդէն: Այդ խորաթափանց նայուածքը միշտ լաւ գիտցած էր կարդալ իր աշակերտին հոգեվիճակը: Եւ ան միշտ անկեղծ էր:

Այլեւս մէյ մըն ալ պիտի չտէսնէի զինք: Գոնէ ոչ այստեղ:

Պարոն Շահինեանի յիշատակը անպայման պիտի պահպանուի իր դաստիարակած բազմաթիւ բախտաւոր սերունդներու երախտապարտ սրտերուն մէջ:

Աստուած թող ուժ շնորհէ իր ընտանիքին եւ հարազատներուն, եւ իր ազնիւ ու ջինջ հոգին դիմաւորէ ու պահէ յաւերժական լոյսերու մէջ:

Նորէն ցտեսութիւն, անմոռանալի ուսուցիչս:


Մեթր Հայդուկ Շամլեան, իրաւաբան
Գանատա

Anonymous said...

Յարգելի Արթին, «Ազդակ» թերթի շաբաթ 28 մարտի թիւին մէջ Գրիգոր Շահինեանի քառասունքին առիթով մի քանի յօդուած հրատարակուած է։

Anonymous said...

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 2009-03-31
Մշակույթ
Ի ՀԻՇԱՏԱԿ ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ

Քառասուն օր է, ինչ Գրիգոր Շահինյանը հեռացավ կյանքից. ավարտվեց, ավա՜ղ, երկրային ուղին մի լուսավոր հոգու, որ աշխարհ էր եկել ուսուցանելու ու կրթելու հայ միտքը, անհավակնոտ ու լուռ քննելու աշխարհի բանը, հանդարտ դատելու-վերլուծելու հայ մշակույթի, գրի աշխարհը:
Մարտի 29-ն է, երեւանյան կիրակի, առավոտ: Սբ. Կաթողիկե եկեղեցում պատարագիչ քահանան հոգեհանգստյան պաշտոն է մատուցում Գրիգոր Շահինյանի հիշատակին: Եկեղեցին եւ բակը մարդաշատ են, քիչ հետո հիշատակի հանդիպում նրա մտերիմների, բարեկամների, աշակերտների, հոգեկից մարդկանց հետ` Նարեկացի արվեստի կենտրոնում. խոսքեր` իր կերպի ու կերպարի, խոնարհ նվիրումի կյանք ապրած մարդու երկրային հետքին արժանի: Մարդ, որի ներքին շիտակությունը համահունչ էր իր ամենօրյա կյանքին` որեւէ հանգամանքում, որեւէ տեղ: Սփյուռքում մտավորականի կերպը դժվարորեն պահողի, հավատարիմների այն բանակից, որոնց նվիրումն ու ջանքերն են արթուն պահել հայ ոգին, դրա պահապան ամենազգայուն զարկերակի` կրթական գործի մշակը դարձած Գր. Շահինյանի նկարագրի բնութագրումը տվեց ԱԺ պատգամավոր, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը . «Նա սովորեցրեց մեզ բացառիկ համեստ ապրելու բանաձեւը»:
Գրիգոր Շահինյանը գրականագիտական արժեքավոր ժառանգություն է թողել, սակայն իր կյանքի գործը ուսուցչությունն էր, իր կոչումը մանկավարժ լինելն էր, որը մասնակիորեն երեւաց ճեմարանի նախկին աշակերտներից Բեկոր Փափազյանի հուշերում. «Հանդուրժողական, պաղարյուն, ռադիկալ, մեծ օրինակ արդիական աշխարհայացքով հայ ուսուցչի, առանց ավանդապաշտ ֆետիշներու»:
Սուրեն Դանիելյանին էր վիճակված ընդհանուր գծերով ամբողջացնելու Գր. Շահինյանի ստեղծագործական դիմանկարը: Ընդգծվեց նրա էության երկվության հանգամանքները, նրա կամրջող դերակատարումը սփյուռքի եւ Հայաստանի գրականագիտական մտքի միջեւ: «Իբրեւ մարդ անմատչելի, անհպելի. գիտության մեջ եւ արվեստում մարդու բարոյական նկարագրի պահպանող, լինելության մի վիճակ, որ կատարյալ ուսուցչի պատկերացումն է բերում»:
Զսպված հուզմունք կար Աստղիկ Փանոսյանի խոսքում. «Պարկեշտ, օրինակելի, բարեկիրթ, մանկավարժական բացառիկ մթնոլորտ ստեղծած մտավորական»:
Այսպիսին է մեր կյանքը. ուրախության ու վշտի այս համանվագը, հանդես-փորձադաշտը: Հեռացածները մեզ հետ են այնքան, որքան մենք ենք դա կամենում, որքան մեր ներքին կյանքը, մեր միտքն է նրանց հետ շարունակվում: Չգիտեմ` սփոփանքի անհրաժեշտությունն է ֆիզիկական անջրպետի ցավը մեղմելու համար մեզ զգայնությունների մի աշխարհ տեղափոխում, ուր նրանց բացակա-ներկայությունը պարտադրում է պայմանական համարել ներկա իրողությունները` անդենականից եկող հուշիկ, անիմանալի զգացողությամբ: Այս ներհայեցողական խորհրդից ծնված մտորումը բարձրաձայնեց Տիգրան Մանսուրյանը իր վերհուշի տպավորություններով - խոհուն, զգացական. «Իր շուրջը եղած խոսք ու զրույցը հարուստ է եղել շատ: Իր անվան շուրջը մեծ շարժում կա, ամենատարբեր տեղերից պատմությունները զարմանքի ու հիացմունքի արտահայտություն ունեն. շատ գեղեցիկ պատմություն մարդու մասին, ով գիտի անհրաժեշտությունը մասնագետին գնահատելու, կառույց ստեղծելու (հիշեց Բեյրութի հայկական երաժշտանոցի հիմնադրման գործում Վաչե Պարսումյանին Գրիգոր Շահինյանի աջակցությունը): Բարոյականության մի չափանիշ, խոնարհության արժանի ազնիվ վարքագիծ, որով միայն հայեցի տունը կկառուցվի, կապրեցվի»:
Գրիգոր Շահինյանի հիշատակի այս արտահայտությունները նույնքան զուսպ էին ու զգացական, որքան ինքը` մեր սիրելի ուսուցիչը, գրականագետը, մարդը:
Հանդիպումը կազմակերպել էր «Համազգային» կենտրոնը` Շահինյանի դստեր` Շաղիկի հետ: Տպավորիչ էր Բեյրութի Համազգայինի ճեմարանի 75-ամյակի առիթով նկարահանած տեսաժապավենից Գրիգոր Շահինյանի հնչած խոսքը ճեմարանի անցյալի, ուսուցիչների, մասնավորապես Լեւոն Շանթի մասին` հստակ, ճշգրիտ, ըստ էության: Ի հիշատակ հանգուցյալի, դաշնամուրային կատարումներ նույնպես եղան` Լուսինե Գրիգորյան, Տիգրան Մանսուրյան եւ Շահինյանի թոռնուհին` Ծովինարը:
Օրը մնաց որպես թախծի լուսավոր հուշ, էկրանին` Գրիգոր Շահինյանի վարակիչ, առատ ժպիտով, Տիգրան Մանսուրյանի խոսքով. «Թող անդենում իր անցնելիք ճանապարհը լուսավոր լինի»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.azg.am/AM/2009033113
© AZG Daily, 2008

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը