Thursday, June 30, 2011

«Իրանական հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեն». Վիլիամ Հեյգ

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլիամ Հեյգը հայտարարել է, որ Իրանը, խախտելով ՄԱԿ-ի 1929 բանաձևը, բալիստիկ հրթիռներ է փորձարկել, որոնք միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեն:

ՄԱԿ-ի ԱԽ-ը 2010-ի հուլիսին հաստատեց 1929 բանաձևը, որի համաձայն պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի միջուկային աշխատանքների շուրջ:

Վիլիամ Հեյգի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իրանի պահակազորն օրեր առաջ հայտարարեց, որ կայացած զորավարժությունների ընթացքում Իրանը 14 նոր տեսակի հրթիռներ է փորձարկել, որոնք հնարավորություն ունեն մինչև 2000 կմ հեռավորության վրա հարվածել ցանկացած թիրախի:

Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, հիշյալ հայտարարության արձագանքելով, Reuters-ին փոխանցել է, որ Իրանի փորձարկած հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն չունեն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ-ը Իրանի ոստիկանությանը բոյկոտեց Սիրիայում դերակատարություն ունենալու մեղադրանքով


«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի ոստիկանապետ Էսմայիլ Ահմադի Մողադամին ու նրա տեղակալ Ահմադ Ռեզա Ռադանին Սիրիայի իշխանություններին ցուցարարներին լռեցնելու ուղղությամբ խորհուրդներ տրամադրելու մեղադրանքով բոյկոտի է ենթարկել:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը, ապրիլ ամսին մեկնելով Դամասկոս, Բաշար Ասադի իշխանությանը ցուցարարների դեմ պայքարելու շուրջ փորձագիտական խորհուրդներ է տվել:

ԱՄՆ-ն իրանցի երկու պաշտոնյաների հետ մեկտեղ նույն մեղադրանքով բոյկոտի է ենթարկել նաև Սիրիայի քաղաքական անվտանգության կենտրոնի ղեկավար Գեներալ Ջամիլ Հասանին:

Սահմանված բոյկոտի համաձայն՝ հիշյալ անհատների ունեցած բոլոր ակտիվները ԱՄՆ-ում առգրավվելու են, իսկ ամերիկացի քաղաքացիներին արգելվելու է համագործակցել հիշյալ պաշտոնյաների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը հայտարարում է, որ իրենց հրթիռներով հնարավորություն ունեն հարվածել Իսրայելին


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի օդային պատերազմների հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական հրթիռները մինչև 2000 կմ հեռահարություն ունեն ու կարող են այդ տարածության վրա հարվածել ցանկացած թիրախի:

Ըստ իրանցի հրամանատարի՝ 2000 կմ հրթիռային հեռահարությունը չի նշանակում, թե Իրանը հնարավորություն չունի ավելի հզոր հրթիռներ պատրաստելու, այլ դրանից ավելիի կարիքը չունի։ Իրանի պահակազորը այդ հրթիռներով հնարավորություն ունի հարվածելու Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ցանկացած ամերիկյան հենակետի:

Հաջիզադեն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նաև եվրոպական երկրներին, հայտարարել է. «Մեր հրթիռները կարող են ոչնչացնել մինչև 2000 կմ վրա գտնվող ցանկացած թիրախ: Իրանին սպառնում են Իսրայելն ու ամերիկյան ռազմական հենակետերը, ուստի մենք հրթիռային կարողությունները զարգացրել են մեր երկրին սպառնացող տարածքների հեռավորության հիման վրա»։

Նշենք, որ Իրանի պահակազորը վերջին զորավարժության ընթացքում ցուցադրել է իր հրթիռային հզորությունը և առաջին անգամ ցուցադրել է հրթիռների արձակման իր ստորգետնյա կենտրոնները: Պահակազորի հրամանատարների փոխանցմամբ՝ այսօր Իրանն ունի այնպիսի հրթիռային տեխնոլոգիա, որի միջոցով հնարավորություն ունի Իսրայելին հարվածել անգամ Իրանի կենտրոնական և արևելյան շրջաններում տեղակայված հենակետերից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանի վարչապետը շուտով Իրան է մեկնելու


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Իրանի և Նախիջևանի միջև շահագործման հանձնված կամրջի բացման արարողությանը ներկա գտնելով, բարձր է գնահատել Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

Կայքի փոխանցմամբ՝ Ռասիզադեն լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Միջազգային ներկա իրավիճակում Իրանն ու Ադրբեջանը պիտի ուժեղ դաշնակիցներ լինեն»։

Aran-ի մատուցմամբ՝ Ադրբեջանի վարչապետը, անդրադառնալով նաև Իրանի փոխնախագահ Ռահիմիի հրավերին, ավելացրել է. «Մոտ ապագայում Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սերտացնելու նպատակով մեկնելու եմ Իրան: Երկու երկրների միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ գոյություն ունեն, որոնք առկախ են մնացել, և այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ ընթանան»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Արթուր Բաղդասարյանը իրանցի գործընկերջը Հայաստան հրավիրեց


Իրանական ILNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը «Ահաբեկչության դեմ միջազգային պայքարին» նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով մեկնել էր Թեհրան, հանդիպելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, բարձր է գնահատել տարածաշրջանի կայունության հարցում Իրանի ունեցած դերակատարությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ հիշյալ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տարածաշրջանային տնտեսական զարգացման հարաբերություններն ամրագրելու և զարգացնելու հեռանկարով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, June 28, 2011

Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական ընդհարումների հավանականություն կա


Իրանական Aran լրատվական կայքը, վկայակոչելով ԱՄՆ-ի «Դեյվիս» հետազոտական կենտրոնի փորձագետ Դիմիտրի Պրիմուս Գորենբուրգի՝ ադրբեջանական «Բաքու Խաբար» օրաթերթում տեղ գտած հարցազրույցը, հաղորդում է. «Փորձագետը, հարցազրույցում անդրադառնալով Կասպից ծովի ռեժիմին, հայտարարել է, որ քանի դեռ չի հստակեցվել Կասպից ծովի սահմանային ռեժիմը, հնարավոր չէ զարգացնել տարածաշրջանի էներգետիկ համագործակցությունները: Ադրբեջանը այդ խնդրի շուրջ լուրջ հարցեր ունի Թուրքմենստանի և Իրանի հետ, և այդ իսկ պատճառով հնարավոր չէ Թուրքմենստանի գազատար խողովակաշարը միացնել Nabucco-ի խողովակաշարին:

Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքմենստանը ավելի արագ կարող են երկկողմ համաձայնության հասնել, որովհետև երկու կողմն էլ շահագրգռված են դրանում, իսկ Իրանի հետ համաձանության գալը շատ ավելի դժվար է: Եթե Կասպից ծովի ափամերձ 4 երկրները համաձայնության չհասնեն ու կարողանան Իրանին մեկուսացնել, դրական արդյունքներն անհավանական կլինեն: Նշենք նաև, որ եթե Իրանը փորձի հիշյալ տարածքներում հետազոտություններ անցկացնել, հավանական է, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական ընդհարումներ լինեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը չի համագործակցում հետախուզության նախարարի հետ


Իրանական Mojmal News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խուսափում է երկրի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիի հետ համագործակցելուց:

Կայքի փոխանցմամբ, հետախուզության նախարարը արդեն երեք նամակ է հղել երկրի նախագահին ու պահանջել, որ անվտանգության մի շարք հարցերի շուրջ նախագահը ժողով գումարի։ Դրանք, սակայն, անպատասխան են մնացել: Նախարարը, նամակների պատասխանը չստանալով, անձամբ է դիմել նախագահին, իսկ վերջինս պատասխանել է. «Ինչպես որ ուրիշներին եք գրավոր զեկուցում, ինձ էլ գրավոր զեկույց ուղարկեք»։

Ահմադինեժադը, ըստ նախարարի պնդումների, Մոսլեհիին ասել է. «Եթե ինչ-որ հարց կա, կարող եք ժողովի հրավիրել գրասենյակի ղեկավարներ Մաշայիին և Բաղայիին, հետո նրանք ինձ դրա մասին կզեկուցեն»։

Կայքը ավելացրել է նաև, որ անգամ երբ Հեյդար Մոսլեհին հետախուզության բարձաստիճան ղեկավարների համաժողովին հրավիրել է երկրի նախագահին, վերջինս պատասխանել է. «Ես չեմ կարող մասնակցել, գնացեք ուրիշներին հրավիրեք»։

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի հետախուզության նախարար Մոսլեհին նախագահի ճնշումների արդյունքում հրաժարական էր ներկայացրել, բայց Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ուղղակի հրամանագրով վերադարձել էր իր պաշտոնին: Այդ միջադեպից հետո Ահմադինեժադը մոտ 2 շաբաթ խռովել էր ու չէր ներկայանում կառավարության նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նոր ձերբակալություններ Իրանում


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավար Ալի Ռեզա Մողիմին ձերբակալվել է կառավարության պաշտոնյաների դատական մարմինների կողմից:

Մողիմին համարվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցներից:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ձերբակալվել էր «Արվանդ» տնտեսական ազատ գոտու ղեկավար Փարհիզքարը ևս:

Իրանական կայքերը հրապարակել էին, որ ձերբակալվել է նաև Իրանի արդյունաբերության փոխնախարար Աֆշին Ռողանին, բայց ժամեր անց IRNA գործակալությունը հրապարակեց նախարարության հերքումը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, June 24, 2011

Իրան ժամանած եգիպտացի պատվիրակության անդամը սեռական ոտնձգության պատճառով ձերբակալվել ու անմիջապես ազատ է արձակվել


Իրանական Entekhab լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրան ժամանած եգիպտացի պատվիրակության անդամ Ալ- Աղիլին հյուրանոցում սեռական ոտնձգություն է իրականացրել իրանցի մի աղջկա նկատմամբ, որի պատճառով էլ ձերբակալվել է:

Ալ Աղիլիի ձերբակալությունից ժամեր անց պատվիրակության ղեկավար Ալ Ղանդուրը, դիմելով Իրանում Եգիպտոսի հյուպատոսին, պահանջել է նրա միջամտությունը: Եգիպտոսի հյուպատոսին Իրանի իշխանությունները հայտնել են, որ Ալ-Աղիլին 48 ժամվա ընթացքում պիտի թողնի Իրանի տարածքը՝ նախքան նրա գործած հանցանքը կհրապարակվի, և պաշտոնական մեղադրանք կներկայացվի:

Հետաքրքիր է, որ Ալ-Աղիլին Իրանում գտնվելու օրերին հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ու նաև հայտնվել Իրանի պետական հեռուստաընկերության եթերում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում ձերբակալվել է Ահմադինեժադի թիմակիցներից ևս մեկը


Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ՝ անվտանգության ծառայությունները ձերբակալել են Իրանի նախագահ Ահմադինեժադի թիմակիցներից համարվող Ալի Ասղար Փարհիզքարին:

Փարհիզքարը Իրանի Արվանդ տնտեսական ազատ գոտու շրջանի ղեկավարն է:

Tabnak-ի փոխանցմամբ՝ Փարհիզքարը համարվում է կառավարության մեջ ներթափանցած դավադիրների կլանի ակտիվ անդամ։ Այդ մասին նախապես մամուլում հրապարակումներ կային՝ կապված նրա գործողությունների հետ:

Կայքը հավելում է, թե դավադիրների պարագլուխները փորձել էին փախցնել Փարհիզքարին։ Բայց դա չի հաջողվել, և անվտանգության ծառայությունները ձերբակալել են նրան:

Հիշեցնենք, որ նախորդ օրը ձերբակալվել էր նաև արտասահմանում բնակվող իրանցիների խորհրդի քարտուղար, Իրանի ԱԳ նախարարի կողմից ֆինանսների տեղակալ նշանակված, բայց խորհրդարանի պնդմամբ հրաժարական ներկայացրած Մուհամադ Շարիֆ Մալեքզադեն, որը նույնպես համարվում է դավադիրների կլանի ակտիվ ներկայացուցիչ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի խորհրդարանի պատգամավորները նախագահին խորհրդարան են կանչելու


Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Աքբար Օլյան իրանական Nasim Online լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ պատգամավորները հաջորդ շաբաթ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մի շարք հարցեր ուղղելու նպատակով խորհրդարան են կանչելու:

Պատգամավորի փոխանցմամբ՝ նախագահին հարցեր ուղղելու պահանջին միացել է 100 պատգամավոր:

Ալի Աքբար Օլյայի մատուցմամբ՝ խորհրդարանի պատգամավորները մի շարք վավերացված օրենքների չիրագործման, հետախուզության նախարարության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ու տնտեսական ոլորտից սուբսիդիաների դուրս բերման առնչությամբ հարցեր են ուղղելու նախագահին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, June 23, 2011

Իրանում ձերբակալել են Մուհամադ Շարիֆ Մալեքզադեին


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ ձերբակալվել է արտասահմանում բնակվող իրանցիների հարցերի խորհուրդի քարտուղար Մուհամադ Շարիֆ Մալեքզադեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Մալեքզադեին նշանակել էր որպես ԱԳՆ ֆինանսների հարցերի տեղակալ, բայց երկրի խորհրդարանին ու հետախուզության նախարարությանն ընդդիմանալով, նա հեռացել էր պաշտոնից:

Իրանի խորհրդարանի 33 պատգամավորներ այդ նշանակման համար պատրաստվում էին հարցաքննության ենթարկել ԱԳ նախարար Սալեհիին ու նրան զրկել վստահության քվեից, բայց Մալեքզադեի հրաժարականով կասեցվեց նաև Սալեհիի հարցաքննությունը:

Իրանի պահպանողականները Մալեհզադեյին համարում են նախագահի գրասենյակի ղեկավար Մաշայիի գլխավորությամբ կառավարություն ներթափանցած դավադիրների կլանից: Մալեքզադեն մեղադրվում է կոռուպցիայի գործով ու երկար ժամանակ է, որ հնչեցվում են նրան ձերբակալելու և գործողությունների շուրջ հետազոտություն անցկացնելու պահանջները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նավթի փոխնախարարը Իրաքում ահաբեկչական հարձակման է ենթարկվել


«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի նավթի փոխնախարար Ալի Ռեզա Զեյղամին ու նրան ուղեկցող պատվիրակությունը ահաբեկչական հարձակման են ենթարկվել, բայց հարձակման արդյունքում իրանական պատվիրակության որևէ անդամ չի տուժել:

«Ազատության» փոխանցմամբ, Իրանի նավթի փոխնախարարը մեկնել էր Իրաք արտահանման նոր պայմանագրեր ստորագրելու նպատակով: Բաղդատի արվարձաններում, երբ նրանք մեկնում էին դեպի Իրաքի Էլեկտրաէներգիայի նախարարության շենք, նրանք հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր հրազենային կրակ են բացել իրանական շքախմբի վրա, բայց արդյունքում ոչ ոք չի տուժել, միայն վիրավորվել են իրաքցի երկու զինվորներ:

Մինչ այս պահը, ոչ մի խմբակցություն հիշյալ հարձակման համար պատասխանատվություն չի ստանձնել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի գրասենյակը հրկիզել են


Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ՝ հունիսի լույս 21-ին, ժամը 02:30-ին, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի գլխավորած Իրանի իսլամական համակարգի նպատակահարմարությունը բնորոշող գրասենյակը անհայտ պատճառներով հրկիզվել է, արդյունքում ամբողջովին այրվել են կահույքն ու փաստաթղթերը:

Կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձը, ներթափանցելով Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիի քարտուղարների գրասենյակ, հրկիզել է այն և փախուստի դիմել:

Tabnak-ի մատուցմամբ՝ հրդեհի պատճառով գրասենյակի պահակ-քարտուղարը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Շենքում գործող անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ներթափանցող անձի դեմքը, որի մասին Ռաֆսանջանիի գրասենյակը զեկուցել է անվտանգության ծառայություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թուրքիայի նախկին նախագահի դուստրը 400 միլիոն դոլար ներդրում է կատարել Իրանում


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դուստրը՝ Զեյնաբ Օզալը, ավելի քան 400 միլիոն դոլար է ներդրել Իրանի շինարարական շուկայում:

Գործակալության փոխանցմամբ՝ Օզալի առաջին նախագիծը 32-հարկանի առևտրի կենտրոնի կառուցումն է:

Զեյնաբ Օզալի խոսքերով, Իրանում միայն մեկ հիպերմարկետ կա, իսկ իրանական շուկան հսկայական սուպերմարկետների ու գեղեցիկ ռեստորանների անհրաժեշտություն ունի:

Թուրք գործարարը նաև նշել է. «Իրանում մեր աշխատանքները խոչընդոտում է ֆինանսական փոխանցումների հարցը, որը դժվարանում է նաև Իրանի շրջափակման արդյունքով: Արևմուտքը մեծ ջանքեր է գործադրում իրանական կողմի հետ թուրքական բանկերի հարաբերությունը խզելու համար, բայց վերջին տարիներին, վարչապետ Էրդողանի վարած քաղաքականության շնորհիվ, մեծ աճ է արձանագրվել Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների մեջ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Մոսադ»-ի նախկին ղեկավարի դիվանագիտական անձնագիրը առգրավել են Իրանի պատճառով


Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով Իսրայելի հեռուստաընկերության երկրորդ ալիքի հայտնած լուրը, հաղորդում է, որ իսրայելական «Մոսադ» գաղտնի ծառայության նախկին ղեկավար Մեյեր Դագանի դիվանագիտական անձնագիրը առգրավվել է Իրանի պատճառով:

Կայքի փոխանցմամբ, Դագանի դիվանագիտական անձնագրի առգրավման գլխավոր պատճառն այն է, որ նա երեք շաբաթ առաջ մի սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել, թե Իրանի ատոմակայաններին հարվածելու միտքը ուղղակի հիմարություն է:

Դագանի հիշյալ հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի պետական պաշտոնյաների կողմից:

Սովորաբար իսրայելցի դիվանագետները պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո իրենց դիվանագիտական անձնագրերը պահում են ու օգտագործում մինչև տրված ժամկետի ավարտը, բայց, իսրայելական հիշյալ հեռուստաընկերության հաղորդած լուրի համաձայն, Դագանի հայտարարությունից հետո Իսրայելի ԱԳՆ-ն առգրավել է նրա դիվանագիտական անձնագիրը:

Բրիտանական Sunday Times պարբերականի փոխանցմամբ, անցյալ տարի Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իհուդ Բարաքը մտադիր էին հարձակվել Իրանի ատոմակայանների վրա, բայց Մեյեր Դագանը խիստ ընդդիմացել էր նրանց նախագծին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայաստանը շահում է իրանցի զբոսաշրջիկների դոլարներից


Իրանական IRIB պետական լրատվական գործակալությունը ընդարձակ զեկույցով անդրադարձել է իրանցի այն զբոսաշրջիկներին, որոնք իրենց ժամանակն անց են կացնում Հայաստանում:

Գործակալության համաձայն՝ միայն անցյալ շաբաթվա ընթացքում 6500 իրանցի զբոսաշրջիկներ Իրան-Հայաստան ցամաքային սահմանով մուտք են գործել Հայաստանի տարածք:

Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների մեծ մասը 20-35 տարեկան երիտասարդներ են, որոնք ցանկանում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում, գլխավորաբար՝ Երևանում:

Գործակալության հաղորդմամբ, Հայաստանի զբոսաշրջության գները մատչելի են իրանցիներին, և դա գլխավոր պատճառն է, որ իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են գնալ Հայաստան:

Նորդուզ սահմանային կետի մաքսային ծառայող Մոշաֆեղին IRIB-ին հաղորդել է, որ շաբաթվա վերջին օրերին ավելի քան 1400 իրանցի զբոսաշրջիկ է մտնում Հայաստան, իսկ մնացորդ օրերին էլ այդ թիվը կազմում է ավելի քան 400 հոգի: Մոշաֆեղիի փոխանցմամբ, իրանցի յուրաքանչյուր 1000 զբոսաշրջիկի դիմաց Հայաստանի 50 քաղաքացիներ էլ մուտք են գործում Իրանի տարածք:

Գործակալության փոխանցմամբ՝ երբ զբոսաշրջիկների թիվը ավելանում է Հայաստանում, համեմատաբար հյուրանոցների ու վարձու տների գներն էլ աճ են արձանագրում: Հայաստանի կառավարությունն էլ ոչ մի վերահսկողություն չի սահմանում այդ գնաճի վրա:

Իրանի հյուսիսարևմտյան շրջանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռեզա Եաղուբին, անդրադառնալով Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքին, դրա գլխավոր պատճառներից է համարում է, որ իրանական կողմը ոչ մի ջանք չի թափում, որ իր երկրում զարգանա զբոսաշրջությունը, այդ իսկ պատճառով էլ իրանցիները ամեն օր ավելի մեծ թվով մեկնում են Հայաստան:

Նույն թեմային է անդրադարձել իրանական ISNA գործակալությունը: Իրանի տուրիստական գործակալությունների միության անդամ Մուստաֆա Շաֆիիշաքիբը ISNA-ի հետ զրույցում էլ խիստ դժգոհել է իրանի զբոսաշրջության իրավիճակից: Նա նախանձով է խոսել Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սիրիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զբոսաշրջության նախագծերի մասին ու դիմելով իրանցի պաշտոնյաներին՝ հայտարարել է. «Մինչև երբ այդ երկրները պիտի աճեն ու զարգանան մեր զբոսաշրջիկների գումարներով, ու դրա դիմաց ամեն օր է՛լ ավելի վատթարանա մեր զբոսաշրջությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սոված ծառերը կլանում են ամեն ինչ...

Բրիտանական Daily Mail օրաթերը հաղորդում է, որ երկրի անտառներում աննախադեպ դեպքեր են արձանագրվել, որի համաձայն, ծառերը կլանում են ամեն ինչ, որը հայտնվում է իրենց առջեւ:
Հետաքրքրականն այն է, որ ծառերը յուրաքանչյուր բան, որ հայտնվում է իրենց մոտակայքում, կլանում են իրենց մեջ, մի խոսքով՝ կուլ են տալիս: 
Գիտնականները դեռ չեն պարզել այս յուրօրինակ երեւույթի պատճառները:










Tuesday, June 21, 2011

Իրանի խորհրդարանը վստահության քվե չտվեց Ահմադինեժադի ներկայացրած թեկնածուին


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանը հունիսի 21-ին քննարկելով երկրի նախագահ Ահմադինեժադի ներկայացրած՝ սպորտի և երիտասարդության հարցերի նորաստեղծ նախարարության թեկնածուի հարցը, 137 դեմ քվեներով վստահության քվե չի տվել Համիդ Սաջադիին:

Իրանի նախագահը նորաստեղծ այդ նախարարության համար առաջադրել էր ատլետիկայի օլիմպիական նախկին չեմպիոն Համիդ Սաջադիին:

Իրանական Khabar օրաթերթը, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններին, հավելել է. «Առաջին անգամ է, որ նախագահը այցելեց խորհրդարան, և ոչ մի պատգամավոր նրան դիմավորելու չգնաց, ու նա հենց այդպես էլ նստեց իր աթոռին: Երբ Ահմադինեժադը խորհրդարանի ամբիոնից պաշտպանում էր իր ներկայացրած նախարարին, խորհրդարանում իրարանցում սկսվեց։ Որոշ պատգամավորներ բարձրաձայնում էին իրենց հակառակությունը, իսկ մեծ թվով պատգամավորներ էլ, ուշադրություն չդարձնելով նախագահի ելույթին, զրուցում էին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ԱԳ նախարարի հարցաքննությունը կասեցվեց


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանում երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հարցաքննությունը կասեցվել է:

Գործակալության փոխանցմամբ, հունիսի 21-ին Իրանի խորհրդարանում ԱԳՆ-ի հարցաքննությունը ընդունվել էր 33 պատգամավորների ստորագրությամբ, բայց հարցաքննությունը օրակարգի չի դրվել, որովհետև խնդրահարույց պաշտոնյան, որի համար էլ հարցաքննվելու էր Սալեհին, հրաժարական է տվել ու հեռացել պաշտոնից:

Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ԱԳ նախարարն օրեր առաջ նախարարության ֆինանսների հարցով տեղակալ էր նշանակել Մուհամադ Շարիֆ Մալեքզադեին, ինչը խիստ քննադատության էր արժանացել երկրի պահպանողականների կողմից: Մալեքզադեն համարվում է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի թիմակիցներից, և նրան այդ պաշտոնին նշանակելը խիստ մտահոգել էր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իրանական Alef լրատվական կայքն էլ հաղորդել է, որ Իրանի հետախուզության նախարար Մոսլեհին գրավոր նամակով հայտարարել էր, որ անվտանգության ծառայությունները դեմ են Մալեքզադեին այդ պաշտոնում նշանակելուն:

Իրանի պահակազորին պատկանող Bultan News լրատվական կայքն էլ անցյալ օրը մի գրությամբ հայտարարել էր, որ Իրանի դատական իշխանությունը պետք է ձերբակալի Մալեքզադեին ու հետաքննություն անցկացնի նրա դեմ ուղղված մեղադրանքների շուրջ։ Դրանով լուրջ հակահարված կհասցվի կառավարության մեջ ներթափանցած դավադիրների գործունեությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մուղթադա Սադրը հակադարձեց Իրանին


Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի շիա «Ջեյշ Ալ Մեհդի» զինված խմբակցության ղեկավար Մուղթադա Սադրը հակադարձել է օրեր առաջ Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանայիֆադի հայտարարությանը:

Դանայիֆադին օրեր առաջ հայտարարել էր. «Եթե Իրանին հարվածեն Իրաքի տարածքից, Իրանն էլ փոխադարձաբար ռմբակոծելու է Իրաքը»։

Մուղթադա Սադրը, հակադարձելով Իրանի դեսպանին, հայտարարել է. «Մենք թույլ չենք տալու, որ Իրաքի տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար, բայց նաև թույլ չենք տալու, որ Իրանը ռմբակոծի Իրաքը, անգամ եթե թիրախը ամերիկյան զինված ուժերը լինեն»։

Մուղթադա Սադրը վայելում է Իրաքի աջակցությունը, և արդեն երկու տարի է, որ կրոնական ուսումը ավարտելու նպատակով բնակվում է Իրանի Ղոմ քաղաքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Արթուր Բաղդասարյանը մեկնում է Իրան


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 25-ին մեկնելու է Իրան:

Հայաստանում Իրանի դեսպան Ալի Սաղայիանը Fars գործակալությանը հայտնել է, որ հունիսի 25-26-ը Թեհրանում կայանալու է «Միջազգային պայքար ընդդեմ ահաբեկչության» խորհրդաժողովը, որին ներկա են լինելու ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ:

Սաղայիանի մատուցմամբ՝ «Հիշյալ խորհրդաժողովին հրավիրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց այդ օրերին նա գտնվելու է Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը, հետևաբար նրան փոխարինելու է ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասրայանին ընկերակցելու են նրա տեղակալն ու երկու փորձագետներ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, June 20, 2011

Ինչո՞ւ հետաձգվեց Ահմադինեժադի այցը. BBC-ի հարցազրույցը Արթին Առաքելյանի հետ


Հունիսի սկզբին Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցի հետաձգման պատճառների կապակցությամբ BBC-ի պարսկերեն ծառայությունը ծավալուն հարցազրույց է վերցրել «Առաջին լրատվականի» Տարածաշրջան-Իրան ենթաբաժնի պատասխանատու Արթին Առաքելյանից, որն էլ ձեզ ենք ներկայացնում թարգմանաբար: 

BBC – Հունիսի 6-ին պարզվեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան կատարելիք իր այցելությունը վերջին վարկյանին հետաձգել է: Իրանական կողմը հայտարարում է, որ հայկական կողմը չէր նախապատրաստել մի շարք փաստաթղթեր, որոնք պիտի ստորագրվեին, այդ իսկ պատճառով էլ այցը հետաձգվել է: Այդ մասին զրուցում ենք Արթին Առաքելյանի հետ:
Պրն. Առաքելյան, կարո՞ղ եք ասել, որ հայկական կողմը այցի հետաձգման մասին որևէ բացատրություն ներկայացրել է:

Ա. Առաքելյան – Միայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հունիսի 6-ի առավոտյան մի քանի տողով հայտարարեց, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցը հետաձգվել է:

BBC – Հայաստանյան մամլում կամ քաղաքական շրջանակներում այդ հանդիպման հետաձգման շուրջ ի՞նչ պատճառներ են տեսնում:

Ա. Առաքելյան – Անկախ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հայտարարությունից, միակ մեկնաբանությունը, որ հնչեցվեց այցի հետաձգման մասին, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կողմից էր: Հովհաննիսյանը, անդրադառնալով Ահմադինեժադի այցի հետաձգմանը, հայտարարել է, որ վերջին պահին օրակարգային այնպիսի հարցեր են առաջացել, որոնք Հայաստանը դեռևս իր ներքին քննարկմանը պետք էր ենթարկել, դրա համար էլ որոշել են այցը հետաձգել: Սա միակ արձագանքն էր, որ հենց հունիսի 6-ին եղավ Իրանի նախագահի այցի հետաձգման մասին:

BBC – Արդյո՞ք այդ օրակարգային նոր հարցերը պարզ են, թե՞ վերջին պահերին ինչ-որ բան է ավելացել նախագահների հանդիպման օրակարգին, որ նրանք համաձայնվել են հետաձգել հանդիպումը:

Ա. Առաքելյան – Եթե փորձենք վերլուծել այդ խնդիրը, պիտի ասեմ, որ վերջին մեկ ամիսը Իրան-Հայաստան հարաբերություններում նորություններով ամենահագեցած ամիսն է եղել: Եթե միայն փորձենք կարճ անդրադառնալ վերջին մեկ ամսվա անցուդարձին, բացի տնտեսական բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումից, տեսնում ենք, օրինակ, մայիսի 4-ին Իրանի ՊՆ տեղակալ Ռեզա Մոզաֆարինիան հանդիպումը ՀՀ ՊՆ հետ Երևանում, որի մասին մանրամասնություններ չեն հաղորդվել: Մայիսի 9-ին Իրանի Արդաբիլ քաղաքի հոգևոր առաջնորդ Հոջաթոլիսլամ Ամելին աննախադեպ հայտարարությամբ հանդես եկավ, որի համաձայն՝ ԼՂՀ հակամարտության տարիներին Իրանը լուրջ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Սա ինքին լուրջ քննարկման առիթ դարձավ ՀՀ ԱԺ-ում:

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նոր հայտարարությամբ հանդես եկան ԼՂ-ի մասին: Դրա համաձայն՝ կողմերը պիտի առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում գործնական լուրջ որոշումների հասնեն: Այս հայտարարությունը ապացուցում է, որ լուրջ ճնշումներ կան հակամարտող կողմերի վրա: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հայկական կողմը պիտի համաձայնվի իր վերահսկողության ներքո գտնվող ԼՂ հարակից շրջաններից 5-ը վերադարձնել ադրբեջանական կողմին և փոխարենը Ադրբեջան պիտի ճանաչի ԼՂ անկախությունը: Հետևաբար հնարավոր է, որ այդ նախագծի իրագործման արդյունքում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն ԼՂ-ում, որը խիստ մտահոգում է Իրանին:
Ուստի ես ենթադրում եմ, որ Իրանի նախագահը իր այցի ընթացքում պիտի քննարկեր հենց այդ հարցը: Հավանաբար Վահան Հովհաննիսյանն էլ հենց դրա մասին էր փորձում ակնարկել, որ Իրանը այդ հարցը վերջին պահին օրակարգ է դրել ու հայկական կողմը հարկ է համարել դրա մասին քննարկումներ իրականացնել:

BBC – Ուրեմն ամբողջ հարցը կարծես Ղարաբաղի շուրջ է ընթանում: Եթե կարելի է՝ ամփոփ ասեք, արդյո՞ք Իրանը կարող է ԼՂ հարցի շուրջ լուրջ դերակատարություն ունենալ:

Ա. Առաքելյան – Ես կարծում եմ, որ Իրանը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Մեր տարածաշրջանում Իրանը, բացի ռազմական հզոր երկիր լինելուց, նաև տնտեսական լուրջ ներկայություն ունի տարածաշրջանի երկրներում: Իրանը տարածաշրջանի երկրների վրա ազդելու մեծ լծակներ ունի:

«Առաջին» Լրատվական

Հարցազրույց BBC Persian հեռուստաընկերության հետ



Հունիսի 6-ին հարցազրույց ունեցա BBC Persian հեռուստաընկերության հետ: Թեման՝ Հայաստան կատարվելիք Իրանի նախագահ Ահմադինեժադի այցի հետաձգումն էր:

Իրանի ԱԳՆ-ն հետևելու է Հայաստանի և PKK-ի հարաբերություններին


Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը մի շարք հարցերի համար պատասխանատվության է կանչել երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Քազեմ Ջալալին լրատվական գործակալություններին հայտնել է, որ հանդիպման ընթացքում առաջին հարցը ներկայացրել է Ուրմիա քաղաքի պատգամավոր Ղազիփուրը: Նա Սալեհիից հարցրել է. «Ինչո՞ւ Իրանի ԱԳ նախարարությունը չի բողոքում մեր հարևան Հայաստանին, որը հովանավորում է PKK քուրդ ահաբեկչական կազմակերպությանը: Որո՞նք են ԱԳ նախարարության լռության պատճառները»։

Nasim Online լրատվական կայքի մատուցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ԱԳ նախարարությունը լրջորեն հետևելու է հնչեցված հարցադրմանը ու պատասխան է ներկայացնելու հիշյալ հանձնաժողովին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի խորհրդարանը հարցաքննելու է ԱԳ նախարարին


Իրանի խորհրդարանի պատգամավորները ստորագրություն են հավաքել երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին հարցաքննելու նպատակով:

Սալեհիի հարցաքննության գլխավոր դրդապատճառը նրա կողմից «Արտասահմանում ապրող իրանցիների խորհրդի» ղեկավար Մուհամադ Շարիֆ Մալեքզադեին ԱԳՆ ֆինանսների հարցերով տեղակալ նշանակելու փաստն է:

Իրանական Fars գործակալությունը, անդրադառնալով դրան, հայտարարել է, որ կառավարության մոլորվածներն ու դավադիրներն արդեն փորձում են ներթափանցել ԱԳ նախարարություն:

Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ ԱԳ նախարար Սալեհիին խորհրդարան կանչելու և հարցաքննելու նպատակով արդեն 25 ստորագրություն է հավաքվել:

Իրանի խորհրդարանի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փարվիզ Սարվային, Mehr գործակալության հետ զրույցում անդրադառնալով Մալեքզադեյի նշանակմանը, հայտարարել է. «Կառավարության մեջ ներթափանցած դավադիրներ ամեն գնով փորձում են իրենց ցանկությունները պարտադրել նախագահին: Իսկ նմանօրինակ կարևոր պաշտոնների նշանակելուց պետք է շատ ուշադիր լինել և խուսափել քաղաքական ու տնտեսական անհայտ անցյալ ունեցող մարդկանց նշանակումից»։

Ավելացնենք, որ Մալեքզադեն համարվում է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի մերձավորներից, որին պահպանողականները համարում են կառավարության մեջ ներթափանցած դավադիրների պարագլուխը:

Մալեքզադեն մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական 50 դեսպանատուն աշխատում է առանց դեսպանի


Իրանական Mashregh News լրատվական կայքի հաղորդմամբ՝ իրանական 50 դեսպանատներ աշխատում են նշանակված դեսպանների բացակայությամբ:

Հիշյալ կայքը, անդրադառնալով Մուհամադ Շարիֆ Մալեքզադեյի՝ Իրանի ԱԳ նախարարության ֆինանսների հարցերի տեղակալ նշանակվելու դրդապատճառներին, գրել է. «Արդեն մեկ տարի է, որ Իրանի 50 դեսպանատներ առանց դեսպանի են աշխատում, և այս իրավիճակում նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի թիմակիցներից Մալեքզադեին ԱԳ նախարարություն ներդնելով՝ կառավարության մեջ ներթափանցած դավադիրները հնարավորություն կունենան իրենց համար ցանկալի մարդկանց նշանակել որպես դեսպան:

Նաև Ռահիմ Մաշային և նրա թիմակիցները հնարավորություն կունենան Մալեքզադեի միջոցով իրենց ֆինանսական միջոցները աննկատ ներդնել արտասահմանում, որտեղ հեռու կմնան իրանական վերահսկիչ մարմինների աչքից»։

Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը աննախադեպ կերպով, երբ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր Սենեգալում, նրան պաշտոնանկ արեց ու իր թիմակիցներից Իրանի միջուկային էներգիայի նախագահ Ալի Աքբար Սալեհիին նշանակեց ԱԳ նախարար: Մոթաքին համարվում էր Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մերձավորներից ու նրա հայեցողությամբ էր, որ Ահմադինեժադը Մոթաքիին ներկայացրել էր որպես ԱԳ նախարար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կրկին ձերբակալվել է Իրանի կառավարության մշակութային հանձնաժողովի քարտուղյաը


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, կրկին ձերբակալվել է Ահմադինեժադի կառավարության մշակությային հանձնաժողովի քարտուղար Աբաս Ամիրիֆարը:

Ամիրիֆարը համարվում է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի աջակիցներից ու մոտ մեկ ամիս առաջ, ձերբակալվել էր Ռահիմ Մաշայիի մյուս աջակիցների հետ:

Աբաս Ամիրիֆարի ընտանիքի փոխանցմամբ, նա ավելի քան 40 օր անցկացրել է մենախցում ու երբ ազատ է արձակվել, կրկին ձերբակալվել է հոգևորականների դատարանի հրամանով:

Նա մեղադրվում է «Գալուստը շատ մոտ է» ֆիլմի պատրաստման գործով, որտեղ Ահմադինեժադի թիմակիցները փորձել էին ժողովուրդին համոզել, որ մուսուլմանների փրկիչի գալուստը շատ մոտ է և արդեն մեկնարկվել է: Իրանի բարձրաստիճան հոգևորականները խիստ դատապարտել էին այդ ֆիլմն ու դրա հեղինակներին, կեղծ փաստակներ հասարակության մեջ քարոզելու համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իսլամական պահակազորը չի լռելու


Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի պահակազորում երկրի առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլիսլամ Ալի Սայիդին, անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության դեմ աշխատող անհատների գործունեությանը, հայտարարել է. 

«Ներքին քաղաքական ասպարեզում որոշ ուժեր փորձում են իրենց դիրքերն ամրացնել հանրային հարստության միջոցով: Նրանք անգամ շահարկում են իսլամական սրբություններն ու երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խորհուրդները: Կարծում եք՝ այս պայմաններում պահակազորը պիտի լուռ մնա՞: Իսլամական հեղափոխության պահակազորը դիմադրելու է այն բոլոր շարժումներին, որոնք կփորձեն իսլամական հեղափոխությունը հեռացնել իսլամական սկզբունքներից:

Պահակազորը, բոլոր պայմաններում կանգնած է Իրանի առաջնորդի թիկունքին և իր օրինական իրավունքի համաձայն՝ փորձելու է իսլամական հեղափոխությունը պահել ճիշտ ուղու վրա:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թուրքիան մտադիր է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը


Դամասկոսի իրավաբանական համալսարանի տնօրեն Մուհամադ Ալ Հուսեյնը, իրանական Fars գործակալության հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում անկարգություններ հրահրելու Թուրքիայի գործողություններին, հայտարարել է. «Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Սիրիայի ներքին հարցերին, գիտեն, որ ներքաղաքական հուզումները հրահրվել են արևմտյան երկրների ու նրանց շահերին ծառայող լրատվամիջոցների կողմից: Դժբախտաբար, պիտի հայտնեմ, որ այդ գործընթացին է միացել նաև Թուրքիան, որը լուրջ գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսային սահմանագծում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, բարեկամական մտադրություններից դրդված, դրական հարաբերություններ զարգացրեց Թուրքիայի հետ, սակայն դժբախտաբար Սիրիայի իրադարձություններում ակնհայտ է Անկարայի հետքը: Թուրքիայի նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հայտարարություններում պարզորեն ակնհայտ են թշնամական տրամադրություններ: Թուրքիայի ներկա իշխանությունները Աթաթուրքի ու Օսմանյան կայսրության ժամանակաշրժանի երազանքներն են զարգացնում և փորձում են իրենց միջոցներով վերակենդանացնել այն ժամանակները:

ԱՄՆ-ը Եգիպտոսի բռնապետության փլուզումից հետո փորձում է Սիրիայի հարցով Եգիպտոսին ու Սաուդյան Արաբիային փոխարինել Թուրքիայով: ԱՄՆ-ը Սիրիայի հետ թշնամացել է Սիրիա-Իրան ռազմավարական հարաբերությունների զարգացման պատճառով:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը նոր արբանյակ է ուղեծիր արձակել

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանը իր սեփական արտադրության հերթական արբանյակն է ուղեծիր արձակել: Հիշյալ արբանյակը, որի առաքելությունը լուսանկարներ պատրաստելն ու դրանք կենտրոնին հաղորդելն է, անվանվել է «Ռասադ-1»:

Գործակալության փոխանցմամբ, «Ռասադ-1»-ը՝ 15.3 կգ քաշով, Երկիր մոլորակից 260 կմ հեռավորության վրա գտնվելով՝ օրական 15 անգամ շրջելու է Երկրի շուրջը և ամբողջությամբ լուսանկարելու է մեր մոլորակը:

Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ՊՆ Ահմադ Վահիդին այդ առիթով հայտարարել. «Իրանը մեծ հաջողության է հասել արբանյակներ արձակելու գործում, և պիտի ավելացնեմ, որ երկրում արդեն մեկնարկվել են մեծ ու ծանր արբանյակներ արտադրելու և դրանք ուղեծիր արձակելու աշխատանքները, որի առիթով շնորհավորում եմ Իրանի ժողովրդին ու առաջնորդին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, June 15, 2011

Եգիպտոսը զգուշացրեց Իրանին


Reuters գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ալ-Արաբին Al-Arabiya հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Եգիպտոսը թափանցիկ ու պարզ կերպով Իրանին ներկայացրել է Պարսից ծոցի անվտանգության մասին իր դիրքորոշումները:

Նաբիլ Ալ-Արաբին, որը վերջերս ընտրվել է Արաբական միության գլխավոր քարտուղարի պաշտոնում, ավելացրել է. «Եգիպտոսը տարածաշրջանի երկրների ներքին գործերին այլ երկրների միջամտությունները երբեք չի ընդունելու, և Պարսից ծոցի անվտանգությունը համարվում է Եգիպտոսի կարմիր գիծը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը կրկին հեռացրել է հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին


Իրանական ILNA լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին հեռացրել է ֆինանսների և վարկային խորհրդի կազմից:

Իրանի ֆինանսների և վարկային խորհրդի անդամ Հադի Ղավամին ILNA գործակալությանը հաղորդել է. «Հիշյալ խորհրդի կազմի փոփոխությունը նախագահի իրավասությունների մեջ է: Հետևաբար, նախագահը հնարավորություն ունի, ըստ իր հայեցողության, փոփոխության ենթարկել խորհրդի կազմը:

Նախագահ Ահմադինեժադը ֆինանսների և վարկային խորհրդի կազմից հեռացրել է հետախուզության և արդյունաբերության նախարարներին:

Ավելացնենք, որ ֆինանսների և վարկային խորհուրդը Իրանի ֆինանսական ռազմավարությունը ճշտող բարձրագույն խորհուրդն է:

Իրանական պահպանողական Raja News լրատվական կայքը, անդրադառնալով Մոսլեհիի հեռացմանը, գրել է. «Ըստ երևույթին, հետախուզության նախարարն այս անգամ էլ կառավարության մեջ ներթափանցած մոլորվածների մաքրագործման զոհն է դարձել»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ահմադինեժադի և նրա թիմակիցների ճնշումների հետևանքով հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել էր նախագահի կողմից, բայց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղղակի հրամանագրով Մոսլեհին կրկին իր պաշտոնին էր վերադարձել: Այդ միջադեպի պատճառով Ահմադինեժադը մոտ երկու շաբաթ նեղացած էր ու չէր մասնակցում կառավարության նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նախագահի վստահելի կախարդը պայքարում է Իսրայելի դևերի դեմ


Ամերիկյան The Wall Street Journal օրաթերթի հաղորդմամբ՝ Իսֆահան քաղաքի մոտակայքում գտնվող «Բարգ Խիզի» գյուղում ապրում է 67 ամյա մի ծերունի, որն իր գերբնական ուժերը ծառայեցնում է Իրանի կառավարության օգտին:

Օրաթերթի համաձայն՝ հիշյալ ծերունին իրեն Սեյեդ Սադեղ է անվանում ու հայտարարում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների համար կախարդություններ է իրականացնում:

Ըստ Սեյեդ Սադեղի, կառավարության բազմաթիվ անդամներ այցելության են գալիս իրեն ու անգամ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն է երկու անգամ այցելել:

Իրանցի կախարդի մատուցմամբ՝ «Պետական պաշտոնյաները միշտ փնտրում են ինձ, որովհետև ես բոլոր հարցերի պատասխանները ունեմ: Ես դևերին հենց այնպես չեմ օգտագործում և միայն այն պահին եմ նրանց ծառայությանը դիմում, երբ անվտանգության հարցեր են առաջանում:

Մենք խիստ պայքարում ենք Իսրայելի դևերի ու չար ոգիների դեմ ու փորձում ենք նրանցից կարևոր տեղեկություններ որսալ: Հաստատուն կերպով կանչում եմ «Մոսադի» ու ԿՀՎ-ի համար աշխատող դևերին ու ժամանակ առ ժամանակ նաև կանչվում են Պարսից ծոցի երկրների անվտանգության համար աշխատող դևերին:»

Իրանցի կախարդը վերջում նաև մտահոգություն է հայտնել նախագահի վերաբերյալ, ասելով, որ նա իր շուրջը Ղաֆարիի պես անկարող կախարդներ է համախմբել, որոնք ավելի վնասակար ու վտանգավոր են քան ԱՄՆ-ի ու Իսրայելի դևերը:

Հիշեցնենք, վերը նշված Ղաֆարին (Աբաս Ղաֆարի), Ահմադինեժադի թիմակիցներից էր, որը կախարդության մեղադրանքով ձերբակալվել է անցյալ ամսվա ընթացքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իսլամական ռազմական դաշինքի ստեղծումը Թուրքիայի նոր նախագիծն է. Մալեք Քայա


Թուրքիայի հարցերի մեկնաբան Մալեք Քայան, զրուցելով իրանական Fars գործակալության հետ, անդրադարձել է Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին և Թուրքիայի առաջիկա ծրագրերին:

Ըստ Քայայի՝ վերջին տարիների ընթացքում թուրքական հասարակությունը թեքվել է դեպի իսլամականությունը, և իսլամը մեծ տարածում է գտել Թուրքիայում: Փորձագետի կարծիքով, Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի բարձրացման պատճառը ոչ թե երկրի տնտեսական աճն է, ինչպես ներկայացնում է արևմտյան մամուլը, այլ՝ նրա վարած քաղաքականությունը արտաքին ոլորտում:

Մալեք Քայան, անդրադառնալով նաև Թուրքիայի ապագա նախագծերին, հայտարարել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախ փորձելու է փոփոխություններ իրականացնել երկրի սահմանադրության մեջ: Հաջորդ քայլով Էրդողանի կուսակցությունը մտադիր է ստեղծել իսլամական երկրների ռազմական նոր դաշինք: Այդ նախագիծը առաջադրվել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից: Ըստ Դավութօղլուի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Լիբիայի պատերազմը, անհրաժեշտ են դարձրել, որ իսլամական երկրները ՆԱՏՕ-ի նման մի ռազմական դաշինք ստեղծեն հենց Իսլամական կոնֆերանսի շրջանակներում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, June 13, 2011

Իրանի խորհրդարանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովի հրավերը և շուտով մեկնելու է Բաքու:

Կայքի մատուցմամբ՝ հիշյալ հանդիպումը կայանալու է հուլիսի վերջին, որտեղ Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվում հանդիպումներ է ունենալու իր ադրբեջանցի գործընկերոջ, խորհրդարանի պատգամավորների ու մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ըստ Aran-ի` հանդիպման գլխավոր նպատակը, Իրանի և Ադրբեջանի խորհրդարանական հարաբերությունների սերտացումն է:

Հարկ է հիշեցնել, որ Ալի Լարիջանին մայիսին պիտի այցելեր Ադրբեջան, սակայն այցն անհայտ պատճառներով հետաձգվեց, և հրապարակված լուրի համաձայն կայանալու է հուլիսի վերջին Բաքվում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Սիրիայի առնչությամբ լրջորեն նախազգուշացրեց Թուրքիային


Իրանական Fars գործակալությունը, վկայակոչելով սիրիական Johaina լրատվական կայքի լուրը, հաղորդել է, որ Իրանի իշխանությունները Սիրիայի հետ կապված երկու ճակատի ուղղությամբ նախազգուշական պատգամ է ուղարկել:

Առաջին նախազգուշական պատգամը Իրանն ուղղել է Պարսից ծոցի արաբական երկրներին՝ նրանց ասելով, որ Սիրիան կարմիր գիծ է համարվում Իրանի համար, և նրանց կողմից Բաշար Ալ-Ասադին առաջարկած նախապայմանները կարող են բարդացնել Սիրիայի ներքին իրավիճակը, որի արդյունքում, հավանաբար, Պարսից ծոցում էլ իրավիճակը անկայուն կդառնա:

Fars-ի մատուցմամբ, Իրանը նույն բովանդակությամբ պատգամ է ուղղել Թուրքիայի իշխանություններին:

Սիրիական լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Էրդողանին հանձնել է Ահմադինեժադի պատգամը, որում նշված է, որ «Իսլամական աշխարհում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է դրական արձագանք ունենալ Մերձավոր Արևելքում: Բայց Թուրքիայի իշխանությունները պետք է տեղյակ լինեն, որ հնարավոր չէ, ԱՄՆ ճնշումներին տեղի տալով, Թուրքիայի ռազմակայանները տրամադրել Սիրիային հարվածելու նպատակով: Հակառակ դեպքում հնարավոր է՝ Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմակայանները իրանական հրթիռների թիրախ հանդիսանան»։

Հիշյալ կայքը տեղեկացրել է, թե Էրդողանն ի պատասխան հայտարարել է, որ իրենք ոչ մի ճնշման չեն ենթարկվելու, և Թուրքիայի քաղաքականության մեջ նման խնդիրներ գոյություն չունեն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի կառավարության սկանդալային անդամը երկար ժամանակ է՝ բացակայում է

Իրանական Serat News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար, կառավարության սկանդալային անդամ Էսֆանդյար Ռահիմ Մաշային երկար ժամանակ է, ինչ բացակայում է, և նրա մասին որևէ լուր չի հաղորդվում:

Կայքի փոխանցմամբ՝ Ռահիմ Մաշային, որը միշտ նախագահի կողքին է եղել բոլոր կարևոր միջոցառումներին, արդեն 14 միջոցառում է, որ չի ընկերակցել Ահմադինեժադին: Նաև Իրանի նախագահի լրատվական կայքում նախագահի գրասենյակի լրատվական բաժինը ավելի քան երկու շաբաթ է, ինչ չի թարմացվել:

Serat News-ը ավելացրել է, որ իրենց լրագրողին էլ չի հաջողվել նոր պարզաբանումներ գտնել նրա բացակայության մասին:

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ «Սեդայե Շիրազ» իրանական լրատվական կայքը հայտարարեց, թե Ռահիմ Մաշային տնային կալանքի է ենթարկվել, ինչը ժամեր անց հենց Ռահիմ Մաշայիի աջակից կայքերի կողմից հերքվեց, և հիշյալ կայքը մի քանի ժամով շարքից դուրս եկավ:

Որոշ լրատվական կայքեր նաև ավելացնում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցելությունն էլ հետաձգվել է հենց Ռահիմ Մաշայիի պատճառով: Հիշյալ աղբյուրները նշում են, որ նախագահի երկու ուղեկցողները՝ Ռահիմ Մաշային ու Համիդ Բաղային, երկիրը լքելու թույլտվություն չեն ունեցել, և Ահմադինեժադն այդ պատճառով չի կարողացել այցելել Հայաստան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանցի քաղբանտարկյալը մահացել է հացադուլի արդյունքում


Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, իրանցի քաղբանտարկյալ Ռեզա Հոդա Սաբերը 10-օրյա հացադուլից հետո մահացել է բանտում:

Անցյալ շաբաթ քաղբանտարկյալներ Հոդա Սաբերն ու Ամիր Խոսրո Դալիրսանիին հացադուլ էին հայտարարել ի նշան բողոքի կանանց իրավունքների պաշտպան Հալե Սահաբիի սպանության դեմ, որը տեղի էր ունեցել նրա հոր՝ Էզաթոլլահ Սահաբիի հուղարկավորության ժամանակ։ Ռեզա Հոդա Սաբերը 10-րդ օրը սրտի կաթվածի պատճառով փոխադրվել է հիվանդանոց, բայց նրան փրկելու փորձերն ապարդյուն են եղել:

Ռեզա Հոդա Սաբերը ձերբակալվել և գտնվում էր բանտում նախագահական վերջին ընտրություններից հետո:

Շրջանառվող լուրերի համաձայն, իրանցի 4 լրագրողներ՝ Դավուդ Ազադֆարը, Մուհամադ Ռեզա Եազդանփանահը, Մուհամադ Ռեզա Շոքուհիֆարը և Ռեզա Ջաֆարյանը, ի նշան բողոքի Հոդա Սաբերի մահվան դեմ, անժամկետ հացադուլ էին հայտարարել Փարիզում, որի պատճառով էլ ձերբակալվել են ֆրանսիական ոստիկանության կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, June 10, 2011

Իրանը իսլամական երկրների միասնական հակահրթիռային համակարգ է ստեղծելու


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Ինդոնեզիայի մուսուլման ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իսլամական բոլոր երկրները հակահրթիռային պաշտպանության համակարգից օգտվելու իրավունք ունեն: Հետևաբար, Իրանը իր և իսլամական բոլոր երկրների պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծելու է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ: Իրանը իսլամական բոլոր երկրներին իր եղբայրն է համարում, և եթե ԱՄՆ ու Իսրայելը փորձեն վնասել նրանց, հակադարձելու է»։

Լարիջանին, շարունակելով իր խոսքը, անդրադարձել է Իրանի միջուկային աշխատանքներին և ասել, որ Իրանի միջուկային տեխնոլոգիան պատկանում է իսլամական բոլոր երկրներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ-ի վերնախավը գիտի, որ Իրանը չի ձգտում ատոմային ռումբ պատրաստել. Սեյմոր Հերշ

The New Yorker պարբերականի մեկնաբան Սեյմոր Հերշը իր վերջին հրապարակման մեջ հայտարարել է, թե ԱՄՆ-ի վերնախավը, գաղտնի հետախուզական տեղեկությունների շնորհիվ գիտի, որ Իրանը չի պատրաստվում ատոմալին ռումբ պատրաստել:

Հերշի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան սպաները մտահոգված են, որ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ կարող է նույն սխալը գործել, որը գործեց Իրաքի հանդեպ:

Սեյմոր Հերշի մատուցմամբ. «Թե ԱՄՆ-ի և թե ՄԱԳԱՏԵ-ի դիտորդները ոչ մի փաստացի վկայություն չեն գտել, որը կապացուցի, թե Իրանը 2003-ից հետո գնում է ատոմային ռումբ պատրաստելու ուղղությամբ: Այդ փաստի հետ համաձայն են նաև Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ինչպես ՄԱԳԱՏԵ-ի նախկին նախագահ Մուհամադ Ալ-Բարադեյին մի անհատական հանդիպման ընթացքում ինձ փոխանցեց՝ Իրանը ոչ մի կերպ չի կարող միջուկային սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար»։

Հերշը իր հոդվածի ավարտին նաև ավելացրել է, որ Իրանին սպառնալիքներ ուղղելը թմրանյութի պես կլանել է ԱՄՆ-ին։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը