Thursday, June 30, 2011

Իրանը հայտարարում է, որ իրենց հրթիռներով հնարավորություն ունեն հարվածել Իսրայելին


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի օդային պատերազմների հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական հրթիռները մինչև 2000 կմ հեռահարություն ունեն ու կարող են այդ տարածության վրա հարվածել ցանկացած թիրախի:

Ըստ իրանցի հրամանատարի՝ 2000 կմ հրթիռային հեռահարությունը չի նշանակում, թե Իրանը հնարավորություն չունի ավելի հզոր հրթիռներ պատրաստելու, այլ դրանից ավելիի կարիքը չունի։ Իրանի պահակազորը այդ հրթիռներով հնարավորություն ունի հարվածելու Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ցանկացած ամերիկյան հենակետի:

Հաջիզադեն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նաև եվրոպական երկրներին, հայտարարել է. «Մեր հրթիռները կարող են ոչնչացնել մինչև 2000 կմ վրա գտնվող ցանկացած թիրախ: Իրանին սպառնում են Իսրայելն ու ամերիկյան ռազմական հենակետերը, ուստի մենք հրթիռային կարողությունները զարգացրել են մեր երկրին սպառնացող տարածքների հեռավորության հիման վրա»։

Նշենք, որ Իրանի պահակազորը վերջին զորավարժության ընթացքում ցուցադրել է իր հրթիռային հզորությունը և առաջին անգամ ցուցադրել է հրթիռների արձակման իր ստորգետնյա կենտրոնները: Պահակազորի հրամանատարների փոխանցմամբ՝ այսօր Իրանն ունի այնպիսի հրթիռային տեխնոլոգիա, որի միջոցով հնարավորություն ունի Իսրայելին հարվածել անգամ Իրանի կենտրոնական և արևելյան շրջաններում տեղակայված հենակետերից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը