Saturday, November 04, 2006

Բազմակողմանի ճնշում, բազմակողմանի ժայթքում

Հոկտեմբեր ամիսը քաղաքական առումով շատ տաք ամիս էր թէ՛ հայերի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան համար: Այս ամսւայ կարեւորութիւնը հայերի համար եղաւ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութեան հերքումը դարձրեց քրէական օրէնք եւ յատուկ պատիժ սահմանեց խախտողների համար:Համաշխարհային հանրութիւնը նաեւ անմասն չմնաց հոկտեմբեր ամսւայ ջերմութիւնից, երբ ականատես եղաւ Հիւսիսային Կորէայի ատոմական զէնքի փորձարկմանը: Հիւսիսային Կորէան այս գործով դարձաւ ատոմական զէնք ունեցող երկրների ակումբի 9-րդ անդամը: Հիւսիսային Կորէան իր այս արարքով նոր էջ բացեց միջազգային դիւանագիտական պատմութեան մէջ եւ եղաւ այն երկիրը, որ ԱՄՆ-ի բազմակողմանի ճնշումների դիմաց քայլեց իր ուղիով ու փորձարկեց իր ատոմական զէնքը:ԱՄՆ-ի համար լոկ Հիւսիսային Կորէայի ատոմական զէնքը մտահոգիչ չէ, այլ մտահոգութիւնը նրանում է, որ Հիւսիսային Կորէայի արարքը կարող է օրինակ հանդիսանալ բազմաթիւ այլ երկրների համար, որ գտնւում են ԱՄՆ-ի հակադիր դիրքերում:Այս իրավիճակը ԱՄՆ-ին պարտադրում է, որ աւելի ուշադիր լինի իր հակառակորդ երկրների շարժումներին եւ մշակի մի այնպիսի քաղաքականութիւն, որ թէ՛ պահպանի Ամերիկայի գերակայութիւնը եւ, թէ՛ մեղմացնի հակառակորդ երկրների ատոմական զէնք ձեռք բերելու ցանկութիւնը՝ բազմաթիւ տնտեսական առիթներ ստեղծելու պատրւակով:Այս դէպքը նաեւ կարելի է մեկնաբանել մի այլ կերպ, թէ Հիւսիսային Կորէայի արարքը կատարւել է ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի հսկողութեամբ եւ պատւէրով ու պիտի որպէս թակարդ ծառայի Ամերիկայի հակադիր երկրների համար, ինչպիսին է Իրանը:Իրանը նաեւ, իր հերթին եւ հակառակ բազմաթիւ երկրների դատապարտական յայտարարութիւններին, շատ անտարբերութեամբ մօտեցաւ Հիւսիսային Կորէայի ատոմական փորձարկմանը եւ միայն յայտարարեց, թէ Իրանը չի ցանկանում ձեռք բերել ատոմական զէնք:Իրանը իր ատոմական աշխատանքների բացայայտման օրից մինչ այսօր անգամներ յայտարարել է, թէ չի ցանկանում ձեռք բերել ատոմական զէնք եւ բազմաթիւ անգամներ դատապարտել է ԱՄՆ-ին ու այլ գերուժ երկրներին՝ աշխարհում ատոմական զէնք ձեռք բերելու մրցակցութեան պատճառ լինելու գծով:Նոյն այդ ուղղութեամբ եւ Ֆեթրի տօնակատարութեան եռօրեայ անակնկալ արձակուրդներից յետոյ Իրանի կառավարութիւնը յայտարարեց, թէ UF6 գազ է ներմուծել իր սանտրիֆուժների մէջ: Սա երկրորդ կարեւոր գործողութիւնն է հանդիսանում՝ ծանր ջուրը շահագործման յանձնելու փուլից յետոյ:Հիւսիսային Կորէայի փորձարկումից յետոյ Իրանի այս գործողութիւնը, որին ուղղակիօրէն հսկում էր ՄԱԳԱՏԷ-ն, ցնցում առաջացրեց ԱՄՆ-ում:Բոլորին այլեւս պարզ է, որ ԱՄՆ-ն Իրաքի գրաւումից յետոյ շատ ծանր պայմանների մէջ է ապրում եւ մի խօսքով՝ անհեթեթ են թւում Իրանի դէմ ռազմական գործողութիւն ծաւալելու յայտարարութիւնները: Նոյն այդ պատճառով՝ ԱՄՆ-ն փորձում է մի այլ կերպ կանխել Իրանին եւ այն «բազմակողմանի ճնշում, բազմակողմանի ժայթքում» գործելաոճն է:ԱՄՆ-ն բազմակողմանի ճնշումը սկսեց Իրանի դէմ իրագործած սահմանափակումների ժամկէտը երկարաձգելով եւ անմիջապէս յայտարարեց, թէ մտադիր է Պարսից ծոցում իրականացնել մի ռազմափորձ՝ տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ, որի նպատակն է կանխել ատոմական զէնքի ստեղծման համար կարեւոր մասնիկների փոխադրութիւնը: Այս ռազմափորձի ուղղակի թիրախը Իրանի տարածաշրջանային գերակայութիւնն է: Երկրորդ հանգրւանում Եւրոպան մուտք գործեց այս բազմակողմանի ճնշման գործընթացը, երբ Բելգիայի խորհրդարանում ներկայացաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառոյցի գլխաւոր հակառակորդներից «Մոջահեդին խալղ» կոչւած ահաբեկչական խմբակցութեան առաջին դէմքը՝ Մարիամ Ռաջաւին: Դրան յաջորդեց Շիրակի այն յայտարարութիւնը, որ եթէ Իրանը շարունակի իր այդ ընթացքը, Ֆրանիսան պիտի քւէարկի Իրանին սահմանափակելու օրէնքի օգտին:Երրորդ հանգրւանում Արգենտինան վերարծարծեց 1994-ին իր երկրում հրէական մշակութային կենտրոնի պայթեցման թղթածըրարը, որի ընթացքում Իրանը հրեաների կողմից մեղադրւում է կենտրոնի պայթեցման համար:Եւ, ի վերջոյ, Մարդու իրաւունքների պաշտպանման կազմակերպութիւնը Իրանի դէմ տւած իր զեկոյցով փորձեց ճոխացնել Իրանին ճնշողների շարքը:Շատ տարօրինակ աշխարհ է: Գերուժերը խօսում են ահաբեկչութեան դէմ պայքարի մասին, բայց իրենց խորհրդարաններում յայտնւում են ահաբեկիչների գլխաւոր դէմքերը: Խօսում են ատոմական զէնքի դէմ, բայց իրենց պահեստները լցւած են ատոմական մարտագլխիկներով:Խօսում ու գործում են Իրանի դէմ, նրան սպառնում ռազմական գործողութեամբ, բայց նրանից պահանջում են իրենց հետ համագործակցել Իրաքում ու Աֆղանստանում:Եւ, ի վերջոյ, խօսում են զարգացման մասին, բայց արգելք են հանդիսանում ուրիշների զարգացման դէմ:Այս բոլորից պարզւում է, որ այս տարօրինակ աշխարհում գործում է միայն մէկ օրէնք եւ դա ուժի օրէնքն է: Եթէ աշխարհի եւ ազգերի ապագան ու իրաւունքը պայմանաւորւած է ուժով, ուրեմն՝ արդարացի է նաեւ Իրանը, որը վճռել է ամէն գնով դառնալ առաջադէմ ու զարգացած երկիր՝ իր տարածաշրջանում:Իրանը տարիներ է, որ ապրում ու գործում է բազմակողմանի ճնշումների ներքոյ՝ դա համարելով իր ազգային զարգացման ու հզօրացման համար շատ կարեւոր ազդակ: Այդ ճնշումներից յետոյ է, որ տեղի պիտի ունենայ բազմակողմանի ժայթքում, ոչ թէ ամերիկեան ցանկացած օրինակով, այլ իրանական ազգային օրէնքով, որն է՝ զարգացում ու հզօրութիւն:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը