Friday, December 31, 2010

Շնորհավոր նոր տարի - 2011

Բոլորին սրտանց շնորհավորում եմ 2011 գալիք նոր տարին, եւ մաղթում եմ առղջություն, երջանկություն եւ սեր:
Թող գալիք այս նոր տարին բոլոին հաջողություն բերի եւ իրականանան բոլոր ցանկությունները:

«Առաջին լրատվականը» արժանացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի գլխավոր մրցանակի

Այսօր Մոսկվայի տանը կայացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Առաջին լրատվական»-ը յոթ այլ աշխատանքների հետ միասին արժանացավ գլխավոր մրցանակի և 300,000 դրամ պարգևի:

Հեղինակավոր այս մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթ 2010-ի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի փորձագետներից և ոլորտում ընդգրկված փորձառու մասնագետներից բաղկացած ժյուրին դեկտեմբերի 16-27-ը երեք փուլով քվեարկել է ներկայացված 320 աշխատանքների օգտին, որոնցից լավագույններից էլ վերջին փուլում ընտրվել են ութ գլխավոր և ութ առաջին մրցանակակիրները, ինչպես նաև հաղթողներն ըստ անվանակարգերի, որոնք կներկայացնեն Հայաստանը էլ. բովանդակության միջազգային մրցույթում: 

Ժյուրին աշխատանքները գնահատել է համաձայն հետևյալ չափանիշների. 

• Բովանդակության որակն ու սպառիչ լինելը
•Օգտագործման դյուրինությունը և մատչելիությունը (ֆունկցիոնալ կատարելություն)
• Փոխներգործությամբ (ինտերակտիվություն) և մուլտիմեդիայով հագեցվածությունը
• Հրապուրիչ ձևավորումը (տեսքի/ձայնի գեղագիտական արժեքը)
• Վարպետության որակը (տեխնիկական իրականացումը)
•Ռազմավարական կարևորությունը Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացման համար
• Մատչելիությունը համաձայն W3C կոնսորցիումի պայմանների

Կազմակերպիչների և հովանավորների կողմից այսօր պարգևատրվեցին և մրցանակները ստացան հետևյալ աշխատանքները.

Գլխավոր մրցանակ.
1in.am
Hrantmatevossian.org
Bergeturabian.com
Lezu.am
Parajanovmuseum.am
Doctors.am
Expo 2010, China Հայաստանի օնլայն տաղավարը
Bravo.am

Առաջին մրցանակ.
Hayeren.am
Teryan.am
Auto.am
Panorama.am
Babycare.am
Buybook.am
Ada.am
Menqhayenq.com

Ըստ անվանակարգերի.
1. Էլ. ուսուցում` avc-agbu.org
2. Էլ. մշակույթ` parajanovmuseum.am
3. Էլ. կառավարում` ada.am
4. Էլ. առողջապահություն` doctors.am
5. Էլ. բիզնես` auto.am
6. Էլ. ժամանց` bravo.am
7. Էլ. ներգրավվածություն` Expo 2010, China Հայաստանի օնլայն տաղավարը

Բացի դրանից, խրախուսական դիպլոմներ ստացան նաև մի շարք այլ կայքեր:

Ստացած մրցանակը խիստ պարտավորեցնող է մեր նորաստեղծ լրատվամիջոցի համար: Մինչ այդ տպավորիչ արդյունքներ էին արձանագրվել կայքի հաճախելիության առումով: Այսպես, հենց առաջին` նոյեմբեր, ամսվա ընթացքում մենք ունեցանք մոտ 60,000 այցելություն, ինչն աննախադեպ ցուցանիշ էր: Սակայն հենց հաջորդ` դեկտեմբեր, ամսվա արդյունքներով այցելությունները կրկնապատկվեցին` հասնելով մոտ 120,000-ի (տվյալներն ըստ circle.am-ի) և լրատվամիջոցների մեջ զբաղեցնելով պատվավոր 13-րդ հորիզոնականը (12-րդը հայաստանյան այցելությունների թվով):

Հայերի դերը Իրանի կինոյում

Իրանական «Առման» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում անդրադարձել է Իրանի կինոյում հայերի ունեցած դերակատարությանը:
Օրաթերթը գրում է. «Իրանի կինոյի առաջացման և զարգացման գործընթացում հայերը կարևոր դերակատարություն են ունեցել: Կարելի է թվարկել Հովհաննես Օհանյանսի, Սամվել Խաչիկյանի, Ռուբիկ Մանսուրիի, Արբի Ավանեսյանի ու Վարուժ Քարիմ Մասիհիի անունները:
Ժորժ Իսմայելովը առաջին անգամ 1909 թվականին Իրանում պատրաստեց առաջին ճամփորդական կինոն: 1917-ին Ալեք Սագինյանը առաջին արդիական կինոսրահը հիմնադրեց Թավրիզ քաղաքում»։
Օրաթերթը շարունակության մեջ թվարկում է կինոյի ասպարեզում դերակատարություն ունեցած հայերի անունները: «Առմանը» գրում է. «1930-ին Հովհաննես Օհանյանցը հիմնադրեց «Արտիստի Սինեմա» անունով կինոյի ուսումնարանը: Նա նույն տարվա ընթացքում նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Աբի ու Սաբի» անունով: Վարդան Հովհաննեսյանը արդիական մի շարք կինոսրահների գծագրման հեղինակն է:
Միշա Կիրակոսյանն ու Հայկ Օջախյանը առաջին կինոպաստառները պատրաստեցին: Նաև Սանասար Խաչատրյանը, Սեմիկ Կոնստանտինը, Ջանի Բաղդասարյանն ու Վահան Տերփանչյանը հիմք դրեցին կինոնկարահանման ստուդիաների:
«Կինոյի աստղ» պարբերականը ամենաազդեցիկ ու երկարակյաց պարբերականն էր, որը 1953 թվականին հիմնադրվեց Պարույր Գալստյանի միջոցով: Սամվել Խաչիկյանը ամենահայտնի հայ կինոռեժիսորն է, որը առաջին անոնսը պատրաստեց «Շիրազից մի աղջիկ» ֆիլմի համար: Ալեքս Աղաբաբյանին էլ Իրանում կրկնօրինակման առաջատարներից կարելի է համարել: Գուրգեն Գրիգորյանցը, Ռուբիկ Մանսուրին ու Ռուբիկ Ծատուրյանն էլ ամրագրեցին ու զարգացրին Իրանի կինոյի տեխնիկական հիմքեը:
1958-ին Զավեն Ղուկասյանը կարևոր դերակատարություն ունեցավ Իրանի կինոյի տան հիմնադրման գործում: 1972-ին Արբի Ավանեսյանն իր «Աղբյուր» կինոյով նոր շարժում առաջացրեց իրանական կինոյի ոլորտում:
Իրանի կինոյի հայ արտիստներից կարելի է հիշատակել Անիկ Շեֆրազյանի, Արամայիս Հովսեփյանի, Իրեն Զազյանսի, Լորիկ Մինասյանի, Ժանետ Ավանեսյանի ու Մահայա Պետրոսյանի անունները:
Կինոյի այլ ոլորտներում էլ կարելի հիշատակել հետևյալ հայերի անունները. Լորիս Ճգնավորյան՝ երգահան, Տիգրան Թումանյան՝ լաբորատորի մասնագետ, Զավեն Ղուկասյան՝ քննադատ, Անդրե Արզումանյան՝ երգահան, Մանֆրեդ Էսմայիլի՝ ռեժիսորի օգնական, Սիմոն Սիմոնյան՝ գրող և թարգմանիչ, Ռոբերտ Սաֆարյան՝ քննադատ և Արշակ Ղուկասյան՝ կրկնօրինակող»։

Արթին Առաքեյլան
«Առաջին» Լրատվական

2010 թ. Իրանի էլեկրաէներգիայի արտահանությունը 6.12%-ով աճել է

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ, 2010 թ., նախորդ տարվա համեմատությամբ, Իրանի էլեկտրաէներգիայի արտահանությունը 6.12%-ով աճել է:
«ԻՌՆԱ»-ի մատուցմամբ, այս տարի Իրանը 4918 մեգավատ էլետրաէներգիա է արտահանել իր հարևան երկրներ ու փոխադարձաբար հարևաններից ներկրել է մոտ 2503 մեգավատ էլեկտրաէներգիա:
Այս պահին Իրանը, Հայաստանի, Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Իրաքի ու Նախիջևանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ ունի:
Դեկտեմբերի 28-ի տվյալներով, Իրանը մոտ 1341 մեգավատ էլեկտրաէներգիայի փոխանակում է ունեցել իր հարևանների հետ, որոնցից ամենաշատ ներկրումն ունեցել է Հայաստանի Հանրապետությունից՝ մոտ 237 մեգավատի չափով, իսկ ամենաշատ արտահանում ունեցել է դեպի Իրաք՝ մոտ 650 մեգավատի չափով:
Դեկտեմբերի 28-ի հաշվարկով, Իրանը Հայաստան, Թուրքմենստան, Իրաք, Թուրքիա, Ադրբեջան ու Պակիստան արտահանել է 878 մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանից ու Թուրքմենստանից ներկրել է ավելի քան 463 մեգավատ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը շատ զավակներ է ցանկանում

Իրանական լրատվամիջոցների համաձայն` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Քարաջ քաղաք կատարած իր այցի ավարտին քաղաքի մշակութային ու գիտական ոլորտում աշխատողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե մենք հստակ ծրագիր և օրինակ չունենանք, ապագան այլևս մերը չի լինելու: Մենք փորձում ենք մի իրանական-իսլամական օրինակ ստեղծել, որովհետև ցանկանում ենք ապագայում հասնել կատարելության գագաթին: Ես համոզված եմ, որ եթե այսօր Իրանում հանրաքվե անցկացվի, և ժողովրդից հարցնենք՝ արդյոք կցանկանա՞ն Եվրոպայի նման դառնալ, վստահաբար, ժողովրդի 99.9% կպատսխանի՝ ո՛չ: Մեր իրանական-իսլամական օրինակն արժեքային ու աստվածային է, մենք ուզում ենք մի հասարակություն ստեղծել, որում ողջ ժողովուրդը արդարատենչ, ու մարդիկ սեր են տածում միմյանց հանդեպ: Մենք չենք ուզում ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը իրար գրպանում կլինեն, այլ հակառակը, կատարելության գագաթին հասնելով՝ բոլորի գրպանները մեկ է լինելու»։
Ահմադինեժադը իր խոսքերի շարունակության մեջ, քննադատելով «երկու զավակը բավարար է» կարգախոսը, հայտարարել է. «Այդ կարգախոսը ազգի կործանման և ոչ գոյատևման դեղատոմսն է: Գիտնականների ու գյուտարարների մեծ մասը ծնվել են բազմազավակ ընտանիքներում, և հենց դա է նրանց զարգացման դրդապատճառը: Երբ ընտանիքը 5-6 զավակ ունի, նրանք, միմյանց հետ շփվելով, զարգացնում են նաև իրենց կարողությունները, և այն, որ ասում են՝ այդ թվով զավակներին հնարավոր չէ ճիշտ դաստիարակել, խիստ սխալ է»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, December 30, 2010

Ահմադինեժադը ձգտո՞ւմ է խաղաղություն հաստատել ԱՄՆ-ի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» պարբերականը իր վերջին համարում անդրադարձել է Իրանի ներքաղաքական իրավիճակին:
Պարբերականը նախ անդրադառնում է Իրանի տնտեսական ոլորտում վերջին շրջանում կատարված փոփոխություններին՝ սուբսիդավորումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Հոդվածագրի կարծիքով. «Իրանցի ժողովուրդը կրավորական դիրքորոշումով է մոտենում գների ահավոր բարձրացմանը: Կասկածելի նախագահական ընտրություններից հետո երկրում առաջացած իրավիճակի պատճառով կառավարությունը պատրաստ է բողոքի ցանկացած ձայն խեղդել հենց բնում: Քաղաքական բոլոր խմբակցություններն ու անգամ խորհրդարանում Ահմադինեժադի համախոհները խիստ մտահոգված են նախագահի տնտեսական փոփոխությունների պատճառով ու վախենում են ժողովրդի ընդվզումից, բայց չեն կարող նախագահին կանխել, ինչպես արեցին նախկին նախագահի հանդեպ:
Ահմադինեժադը նույն ճնշումներն սկսել է իրականացնել նաև Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում և նպատակ ունի վերացնել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները: Նա քաջ գիտակցում է, որ այդ շրջափակումները ազդելու են իր ներքաղաքական ազդեցությունների վրա: Հավանաբար այդ պատճառով է, որ նա ԱԳՆ-ն իր վերահսկողության տակ է առել ու տարածաշրջանի երկրների նկատմամբ ավելի հանդուրժողական է հանդես գալիս: Ահմադինեժադը բոլոր այն կարևորագույն նախարարությունները, որոնք գտնվում էին երկրի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի վերահսկողության ներքո, փորձել է յուրացնել ու իր վերահսկողությունը սահմանել: Նա, ի տարբերություն իր նախորդների, չի ցանկանում Խամենեիի գործակատարը լինել: Ահմադինեժադը մինչ այժմ ազատվել է բոլոր պարտադրյալ նախարարներից ու իր վստահված անհատներին է կարգել այդ ոլորտների նախարար: Իրանի նախագահը, իր տնտեսական նոր նախագիծը համառորեն իրագործելով, մի կերպ է խուսափում պահպանողական խավի քննադատություններից: Նախապես միջուկային խնդրով զբաղվելու մենաշնորհը պատկանում էր ազգային անվտանգությանը, և ԱԳՆ դուրս էր այդ գործընթացներից, իսկ հիմա Ահմադինեժադը, ատոմական էներգիայի կազմակերպության նախագահին ԱԳ նախարար նշանակելով, փորձելու է զբաղվել նաև միջուկային խնդրով:
Իրանի ինքնագլուխ նախագահը ապացուցել է, որ չնայած իր սկանդալային հայտարարություններին, կարող դիվանագետ է, ուրեմն անհավանական չէ, որ մոտ ապագայում նա «խաղաղություն ԱՄՆ-ի հետ» կարգախոսով հանդես կգա»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Գործադուլ՝ ի նշան իրանցի կինոռեժիսորների ազատազրկման դեմ բողոքի

Իրանցի կինոռեժիսոր Ռաֆի Փիթսը միջազգային կինոյի ոլորտում աշխատող բոլոր իր գործակիցներին կոչ է արել 2011-ի փետրվարի 11-ին՝ Իրանի իսլամական հեղափոխության տարելիցին, ժամը 15:00-17:00-ը, գործադուլ անել՝ ի նշան իրանցի կինոռեժիսորների՝ Ջաֆար Փանահիի և Մուհամադ Ռասուլոֆի ազատազրկման դեմ բողոքի:
Փիթսը նաև մի բաց նամակով, որն ուղղված է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, բողոքել է Իրանում արվեստագետների ձերբակալությունների առիթով, որոնց միակ մեղքը, ըստ Փիթսի, ուշադրություն դարձնելն է իրենց համաքաղաքացիների կյանքին, ովքեր զոհ դարձան Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքի դեմ բողոքելու պատճառով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ալիևի պատրանքները

Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը իր դեկտեմբերի 30-ի համարում, «Պրն. Ալիևի պատրանքները» խորագրով հոդվածում, խիստ քննադատել է Բաքվի իշխանությունների հայտարարությունները՝ Ալիևին որպես համայն ադրբեջանցիների նախագահ անվանելու և դեկտեմբերի 31-ը ադրբեջանցիների միասնության օր հռչակելու վերաբերյալ:
Օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դեկտեմբերի 31-ը բոլորը ադրբեջանցիների միասնության օր անվանելով, այդ օրը պետականորեն հանգստի օր է հռչակել: Նկատի ունենալով, որ այդ օրը ամբողջ աշխարհում հանգստի օր է համարվում, ենթադրվում է, որ ադրբեջանցիները ևս, այդ օրը աշխատանքի չգնալով, ուրախ կլինեն: Ալիևն իր հայտարարության մեջ իրեն բոլոր ադրբեջանցիների նախագահն է հռչակել ու հայտարարել, որ Բաքուն Ադրբեջանի սփյուռքը կազմակերպելու գործում լուրջ ակտիվություն է ցուցաբերում: Հեյդար Ալիևը դեռևս 90-ականներին «Ադրբեջանցիների ընդհանուր կոնգրես» անունով մի ժողով կազմակերպեց, որտեղ համախմբված էին Իրանի տարածքային ամբողջականության դեմ պայքարող բոլոր անջատողականները: Այդ տարիներին Ալիև հայրն իրեն 50 միլիոն ադրբեջանցիների նախագահ անվանեց: Նմանօրինակ հայտարարությունների դեմ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս բողոքել է, բայց Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց սխալ քաղաքականությունը:
Արդեն տարիներ է, ինչ Ադրբեջանի դասագրքերում Իրանի հյուսիսային շրջանը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական շրջանը, որը ժամանակին անջատվել է մայր Ադրբեջանից: Բայց պատմական իրողությունների համաձայն` Ադրբեջանի այսօրվա շրջանը մշտապես եղել է Իրանի տարածքում, և միայն Թուրքմենչայի ու Գյուլիստանի պարտադրյալ պայմանագրերի արդյունքում Ադրբեջան անունով պետություն հայտնվեց: Բաքվի այսօրվա իշխանությունները, պատմական իրողությունները խեղաթյուրելով, փորձում են շփոթել ադրբեջանցի ժողովրդին ու խափանել նրանց միացումը՝ իրենց պատմամշակութային արմատներին, որը Իրանն է»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ալիռեզա Ասգարիի ինքնասպանության լուրը կեղծ է»


2007 թվականին Իսրայելի գաղտի ծառայությունների միջոցով Թուրքիայում առևանգված՝ Իրանի պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Ալիռեզա Ասգարիի քույրը՝ Ազամ Ասգարին, իրանական «Մեհր» գործակալությանը հայտնել է. «Իմ եղբոր ինքնասպանության լուրը, որը տարածել են իսրայելական լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականության: Իսրայելն այդ լուրը տարածել է, երբ Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսություն իրագործած անձը: Ճանաչողելով իմ եղբորը` վստահ կարող եմ ասել, որ նա ամենադժվար իրավիճակներում էլ նման քայլի չեր դիմի:»
Ազամ Ասգարին ավելացրել է. «Եղբորս առևանգման հարցում Թուրքիան ոչ մի կերպ չի համագործակցում, բայց չէ՞ որ նա հենց Թուրքիայում է առևանգվել: Հետևաբար մենք մեր եղբորը Աստծուց ենք ուզում, որովհետև այլևս օրինական միջոցներն արդյունավետ չեն` նրան ազատելու համար:»
Ալիռեզա Ասգարին Իսլամական հեղափոխության պահակազորի բարձաստիճան հրամանատարներից է եղել ու Իրանի նախկին նախագահ Խաթամիի պաշտոնավարության շրջանում եղել է Պաշտպանության նախարարի տեղակալ: Ասգարին նաև եղել է Իրանի բարձաստիճան դիվանագետ Լիբանանում, որտեղ նա համագործակցում էր լիբանանյան «Հզբոլահի» ղեկավարության անձնակազմի հետ:
Թուրքիայում Ասգարիի անհետացման հետ կապված` երկու վարկած գոյություն ունի. առաջինն այն է, որ նա հենց առևանգվել է Իսրայելի գաղտնի ծառայությունների կողմից, իսկ երկրորդն այն, որ նա քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում, ու մի շարք գաղտի տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետախուզական ծառայություններին:
Մինչ այժմ, որևէ հստակ տեղեկություն չկա Ասգարիի անհետացման վերաբերյալ:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեծ Բրիտանիան պատրաստվո՞ւմ է պատերազմի

Բրիտանական «Telegraph» պարբերականի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մի նախագիծ են պատրաստում, որի համաձայն Իրանի դեմ ծավալված պատերազմի ընթացքում հնարավորություն ունենան իրենց քաղաքացիներին հեռացնել Պարսից ծոցի երկրներից: Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե իր դեմ պատերազմ ծավալվի, իրենք Պարսից ծոցի երկրներում գտնվող արևմտյան բոլոր կենտրոնները հրթիռակոծելու են:
Տվյալների համաձայն, միայն Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է Մեծ Բրիտանիայի ավելի քան 100 հազար քաղաքացի:
«Telegraph»-ի տեղեկացմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը սույն տարվա մայիսից հրահանգել է վերանայել երկրի ռազմական ռազմավարությունները Պարսից ծոցի տարածաշրջանում: Հիշյալ նախագիծը ևս այդ վերանայումների շարքում է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանն ու Իսրայելը դաշնակիցներ են»

Իրանական «Սունի Նյուզ» լրատու կայքի հաղորդմամբ, լիբանանցի փորձագետ Անտուան Սեֆիրը Փարիզում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել է. «Իրանի ու Իսրայելի հարաբերությունները հիմնված են երկկողմ փոխադարձ շահերի վրա, և այդ երկու երկրները միմյանց դաշնակիցներ են»։
Սեֆիրի տեղեկացմամբ, 2007 թվականին Իրան այցելության ժամանակ ինքը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Հանդիպումից հետո փորձագետը նկատել է, որ երեք հոգի ևս պատրաստվում են հանդիպել Լարիջանիի հետ: «Երբ այդ երեք դիվանագետների հետ ծանոթացա, նկատեցի, որ նրանք հրեական անուններ ունեն: Դա ինձ հետաքրքրեց: Վերադառնալուց հետո հետաքրքրվեցի նրանց մասին և հասկացա, որ նրանց գլխավորը Մոսադի ռազմավարական թղթածրարների պատասխանատուն էր: Մի ֆրանսացի դիվանագետի խնդրեցի, որ հանդիպում կազմակերպի հիշյալ անձի հետ: Երբ ես հանդիպեցի Մոսադի այդ պաշտոնյայի հետ, նա հարցրեց հանդիպման պատճառը, և ես ասացի, որ ցանկանում եմ պարզել, թե ինչու էր այցելել Իրան: Նա ինձ հեգնաքով պատասխանեց. «Անտուան, ես կարծում էի՝ դու սրամիտ անձնավորություն ես, չգիտե՞ս, որ մեր և Իրանի հարաբերությունները 1979-ից ի վեր անգամ մեկ օրով չեն դադարել»,- պատմել է Սեֆիրը, որի կարծիքով Իրանի իշխանությունների հակաիսրայելական հայտարարությունները միայն հանրության և արաբական երկրներին վախեցնելու համար են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, December 29, 2010

Ռուսաստանը մերժեց իրանական ընկերության ներկայացրած հայտը

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, տնտեսության մոնոպոլիայի դեմ պայքարի դաշնային ծառայության պետ Իգոր Արտեմիևը հայտարարել է, որ Ռուսատանի կառավարության արտաքին հատկացումների հանձնաժողովը մերժել է իրանական «Khazar sea Shipping lines» ընկերության հայտը Աստրախանում «Ալֆապորտ» համալիրը ձեռք բերելու վերաբերյալ:
«Հիշյալ ընկերության դեմ սահմանված արգելքների հետևանքով հանձնաժողովը որոշեց մերժել ներկայացված հայտը: Այդ ընկերությունը հրաժարվել է մեզ ներկայացնել՝ ընկերության սեփականատիրոջ անունը: Մեր եզրակացությամբ, այդ ընկերությունը Իրանի պետական շրջանակներին է պատկանում: Ընկերության նմանօրինակ պահվածքը նաև պատճառ դարձավ, որ մենք մերժենք նրանց ներկայացրած հայտը»,- ասված է Իգոր Արտեմիևի հայտարարության մեջ։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը սպառնաց «վեցյակի» երկրներին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 28-ին Քարաջ քաղաք կատարած այցելության ընթացքում իր ելույթի կարևոր մասը հատկացրեց Իրանի և «վեցնյակի» առաջիկա բանակցություններին: 
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ահմադինեժադը, «վեցյակի» երկրներին սպառնալով, հայտարարել է. «Եթե «վեցյակի» երկրները նախկին ուղղությամբ ընթանան, Իրանը պատասխանելու է նույն կերպ, ինչպես մինչ այժմ է պատասխանել, և նրանք ստացած պատասխանի համար զղջալու են: Նրանք, ովքեր նախկին ճամփով կընթանան, սատանայից ազդված կլինեն: Եթե անգամ 100 տեսակ շրջափակումներ էլ սահմանեն, չեն կարող մեր ազգի կամքը նվազեցնել: Եթե բանակցող երկրները խոսքեր արտաբերեն, որոնք թշնամական կթվան, կամ էլ պարզապես նախկին ուղղությամբ ընթանան, բոլոր համագործակցությունների դռները փակվելու են»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Արդյոք Էրդողանը վախենո՞ւմ է Ահմադինեժադից

Մինչ Թուրքիայի վարչապետն ու ԱԳՆ-ը հայտարարում են, որ Իսրայելի վարչակազմը մարդասիրական նպատակներով Գազա ուղևորված «Մարմարա» նավում գտնվող անձանց սպանության համար պիտի ներողություն խնդրի թուրք ժողովրդից, Իսրայելի վարչակազմը հայտարարել է, թե Թուրքիան ինքը Իսրայելի ներքին գործերին միջամտելու պատճառով պիտի ներողություն խնդրի և խոստանա, որ այլևս նման միջամտություն տեղի չի ունենա:
Թուրքական մի շարք օրաթերթեր այս կապակցությամբ խիստ քննադատական հոդվածներ են հրապարակել Թուրքիայի վարչապետի ու ԱԳՆ-ի հասցեին:
«Milliyet» օրաթերթում վերլուծաբան Մեհմետ Թեզքանն իր «Երբ իրանցի սահմանապահները սպանում են թուրք գյուղացիներին» խորագրով հոդվածում, Էրդողանի հայտարարությունները քննադատելով, գրում է. «Էրդողանը երկակի խաղ է սկսել, ինչո՞ւ նա չի խոսում Իրանի սահմանապահների կողմից թուրք գյուղացիների սպանության խնդրի մասին և միայն «Մարմարա» նավի միջադեպին է անդրադառնում՝ փորձելով վրեժ լուծել Իսրայելից: Մեկ անգամ չէ, որ իրանցի սահմանապահները սպանում են թուրք գյուղացիներին, այս տարվա ընթացքում ավելի քան 20 գյուղացի է սպանվել իրանցի սահմանապահների կողմից: Ինչո՞ւ այդ մասին Էրդողանի կառավարության կազմից որևէ մեկը բողոքի խոսք չարտահայտեց: Արդյոք վարչապետը լոկ մեկ անգամ բողոքե՞լ է Իրանի իշխանություններին: Արդյոք սպանվածները թուրք քաղաքացիներ չէի՞ն»։
Մեհմետ Յիլմազն էլ, «Hurriyet» օրաթերթում նույն խնդրին անդրադառնալով, գրում է. «Խնդիրը այն ոչխարներն են, որ չգիտեն սահմանի գոյության մասին, և երբ ոչխարները սահմանը հատում են, ու հովիվները փորձում են նրանց վերադարձնել, սպանվում են իրանցի սահմանապահների կողմից: Էրդողանն իր լռությամբ, հավանաբար, չի փորձում անհանգստացնել ու ջղայնացնել Ահմադինեժադին: Ի՞նչ է, միայն իսրայելցի զինվորների կողմից եկած փամփո՞ւշտն է, որ կաևորություն ունի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի բարձաստիճան հոգևորականը երկրի համակարգը ո՛չ իսլամական և ո՛չ էլ հանրապետական համարեց

Իրանի իսլամական բարձաստիճան հոգևորական և բանիմացների ժողովի անդամ Այաթոլահ Դասթղեյբը բարեկարգչական ազատազրկված գործիչ Մուստաֆա Թաջզադեի ընտանիքի հետ հանդիպման ընթացքում խիստ քննադատեց երկրի ներկա իրավիճակը: 
Դասթղեյբի գրասենյակի լրատու կայքի համաձայն, նա հայտարարել է. «Ի՞նչ է պատահել, որ այս վերջին տարիների ընթացքում ամեն բան փոխվեց, Ղուրանն ու ավանդույթները թաղվեցին: Ո՞ւր մնաց դատավորների արդար վճիռը: Այսօր որևէ արդարատենչ դատավոր չի հաստատի խոշտանգումների արդյունքում կորզված խոստովանություններն ու մեղայականները: Քանիցս ասել եմ, որ ոչ մի հոգևոր առաջնորդ ներկա իրավիճակը չի ընդունի, որովհետև դրանք Ղուրանի, ավանդույթի և սահմանադրության հակառակ են:»
Այաթոլահ Դասթղեյբը Իրանի ներկա իրավիճակը ո՛չ իսլամական և ո՛չ էլ հանրապետական համարելով՝ հայտարարել է. «Ղուրանի և ավանդույթների ոտնահարումով ցանկանում են հոգևոր առաջնորդների գործողությունները սահմանափակել, որի արդյունքում էլ սպառնալիքները, խոշտանգումները, բռնություններն ու ձերբակալությունները բազմանում են: Երբ հոգևոր առաջնորդների գործողությունները սահմանափակում են, ասպարեզ են իջնում նրանք, ովքեր անտեղյակ են Ղուրանից ու ավանդույթներից, և իսլամից լոկ միայն անունն է, որ մնացել է»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանցի առևանգված պաշտոնյան սպանվե՞լ է Մոսադի բանտում

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում որպես գլխավոր թեմա անդրադարձել է Իսրայելի գաղտնի գործակալության կողմից առևանգված Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալիռեզա Ասգարիին՝ տեղեկացնելով. «Երբ Իրանում Իսրայելի օգտին լրտեսություն իրականացրած անձը մահապատժի ենթարկվեց, իսրայելական լրատվամիջոցները մի լուր հաղորդեցին, որի համաձայն առևանգված Ալիռեզա Ասգարին Մոսադի բանտում ինքնասպանություն է գործել:»
Օրաթերթի մատուցմամբ, Իրանի ԱԳՆ խիստ արձագանգել է այդ լուրին և հայտարարել է. «Ասգարիի կյանքի պատասխանատուն հենց Մոսադն է, և նմանօրինակ քարոզչական հայտարարությունները ինքին ապացուցում են պետական ահաբեկչությունը՝ որը իրականացնում է Իսրայելի իշխանությունը:»
Իրանի ԱԳՆ միջազգային կազմակերպություններին՝ Ասգարիի իրավիճակը պարզելու համար համագործակցության կոչ է ուղղել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրաքյան Քուրդիստանը մինչև 2016 թ. անկախանալու է»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախագահական ընտրություններում նախկին խորհրդական Փարագ Խաննան համոզված է, որ իրաքյան Քուրդիստանը մինչև 2016 թվականը անկախություն է ձեռք բերելու: Նրա կարծիքով՝ անկախ Քուրդիստանի գաղափարին դեմ հանդես եկող Իրաքը, Թուրքիան ու Սիրիան համակերպվելու են այդ իրողությանը:
«Al Arabiya» հեռուստաալիքի հաղորդմամբ, Խաննան իր գրքում, կանխագուշակելով Քուրդիստանի անկախության իրականացումը, գրում է, որ անկախացած տարածքում տեղակայվելու է ավելի քան 20 հազարանոց ամերիկյան զինուժ:
Գնահատելով Քուրդիստանի տնտեսությանը՝ Խաննան հայտարարում է, որ ԱՄՆ-ն պետք է հովանավորի անկախ Քուրդիստանին, որովհետև այն կարող է ԱՄՆ-ի համար աշխարհիկ լավ դաշնակից լինել:
Խաննայի կարծիքով, Քուրդիստանի անկախության միակ հակառակորդ կարելի է Իրանը համարել: Բայց, նրա համոզմամբ, եթե անկախ Քուրդիստանի սահմանները սահմանափակվեն Իրաքի Քուրդիստանով, հնարավոր է, որ Իրանն էլ համաձայնություն տա այդ անկախությանը:
Խաննայի համոզմամբ, Քուրդիստանի շրջանում գոյություն ունեցող հսկայածավալ նավթն ու գազը կարևոր ազդեցություն կարող են ունենալ Քուրդիստանի անկախության հռչակման գործընթացում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, December 28, 2010

Իրանում մահապատժի ենթարկված Ալի Սարեմիի ընտանիքը ձերբակալվել է

Դեկտեմբերի 28-ին Իրանի կենտրոնական «Էվին» բանտում Իրանի համակարգի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով մահապատժի ենթարկված Ալի Սարեմիի ընտանիքը, որը նրա մահապատժի լուրը լսելուց հետո, հավաքվել էր բանտի առաջ, ձերբակալվել է:
Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատու «Hrana» կայքի հաղորդմամբ, դեկտեմբերի 28-ին Իրանի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ մահապատժի են ենթարկվել «Մուջահեդին» խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալված Ալի Սարեմին ու «Մոսադի» օգտին լրտեսություն իրականացրած Ալի Աքբար Սիադաթը:
«Hrana»-ի հաղորդմամբ, Սարեմիի աղջիկը հայտարարել է, որ անգամ իրենք ու իր հոր փաստաբանը տեղյակ չեն եղել Ալի Սարեմիի մահապատժի մասին և այդ լուրը լսել են հոր հետ մի բանտախցում գտնվող մեղադրյալներից:
Սարեմիի ընտանիքն ու քաղբանտարկյալների մի շարք ընտանիքներ, մահապատժի մասին տեղեկանալով, բողոքի ցույց են իրականացրել բանտի առաջ, ուր և անվտանգության ծառայությունների միջամտությամբ բոլորը ձերբակալվել են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ի վերջո բացահայտվեցին ձերբակալվածների անունները. դրանց թվում կան հայեր

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ի վերջո բացահայտվել են սեպտեմբերի 4-ին Իրանում ձերբակալված քրիստոնյաների անունները։ Դրանց թվում կան նաև մի քանի հայեր:
«Պարսկալեզու քրիստոնյաների լրատու ցանց» կայքի հաղորդմամբ, սույն տարվա սեպտեմբերի 10-ին իրանական հեռուստաալիքները հայտարարել էին, որ Իրանի Համադան քաղաքում Ավետարանի քարոզչության մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ: Կայքի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները ցայժմ չէին բացահայտում ձերբակալվածների ինքնությունը: Բայց վերջին օրերին Իրանի քրիստոնյաների ջանքերով հաջողվել է բացահայտել ձերբակալվածներից 8-ի անունը, որոնց շարքում աչքի են ընկնում նաև երկու հայ քրիստոնյաների անուններ:
Ըստ «Պարսկալեզու քրիստոնյաների լրատու ցանց» կայքի՝ ձերբակալվածների թվում են Վահիկ Աբրահամյանն ու նրա կինը՝ Սոնյա Քեշիշ Ավանեսյանը, Արաշ Քերմանջանին ու նրա կինը՝ Արեզու Թեյմուրին, Բահման Ալիփուրն ու կինը՝ Զահրան, որոնք մեկ ամիս հետո ազատ են արձակվել, Քազեմն ու Մարիամը, որոնցից ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:
Կայքը հայտնում է, որ բոլորը ձերբակալվել են սեպտեմբերի 4-ին Վահիկ Աբրահամյանի անձնական բնակարանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եգիպտացի քրիստոնյաները՝ ընդդեմ իսլամի

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մի խումբ եգիպտացի քրիստոնյաներ բողոքի ցույց են իրականացրել Եգիպտոսի դեսպանատան առջև, որտեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Եգիպտոսում իսլամի առկայության և պետական կրոն համարվելու:
Իրանական «Շիա օնլայն» կայքի համաձայն, հիշյալ հավաքին ներկա է եղել նաև սկանդալային քահանա Թիերի Ջոնսը, որը նախապես ցանկացել էր հրապարակավ այրել մուսուլմանների սուրբ գիրքը՝ ղուրանը:
Կայքի փոխանցմամբ, Ջոնսը համախմբված հանրության առջև ղուրանից մի քանի հատված է կարդացել ու հայտարարել թե մուսուլմանների ղուրանը իր հավատացյալներին դրդում է ահաբեկչություն իրականացնել: Հետո նա բազմության առջև պատռել է ղուրանի այդ հատվածի էջերն ու գետնին նետել:
Բողոքի դուրս եկած քրիստոնյաները Եգիպտոսի իշխանություններից պահանջել են փոփոխության ենթարկել իրենց երկրի սահմանադրության երկրորդ կետը, որի համաձայն, Իսլամը համարվում է Եգիպտոսի պաշտոնական կրոնը: Եգիպտացի քրիստոնյաները նաև բողոք են հայտնել Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում կառուցվող իսլամական մզկիթի կապակցությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում Իսրայելի օգտին լրտեսության գործում մեղադրվող անձը շուտով մահապատժի է ենթարկվելու

Իրանական «Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված ոմն լրտեսը շուտով մահապատժի է ենթարկվելու: Դատախազը չի ցանկացել այս փուլում բացահայտել մեղադրյալի ինքնությունը: Նա ավելացրել է, թե դատավճիռը իրավական փուլերը անցնելուց հետո գործադրվելու է: Իսրայելի իշխանությունները մինչև այս պահը չեն արձագանքել Թեհրանի դատախազի հայտարարությանը:
Հարկ է նշել, որ 2008 թ. Իրանի ազգային անվտանգության ծառայությունները Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնող, Ալի Աշթարի անունով մի վաճառականի ձերբակալեցին, որին մեղադրում էին, թե էլեկտրական սարքերի միջոցով Իրանի միջուկային աշխատանքների մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել Իսրայելին: Իրանի իրավապահ մարմինների կողմից Աշթարին մահապատժի ենթարկվեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Լավրովը գնահատեց Մոթաքիի աշխատանքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեի Լավրովը մի գրավոր պատգամով գնահատեց Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի տարիների աշխատանքը:
Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Լավրովն իր պատգամում նշել է. «Պաշտոնավարության ընթացքում մեր միջև բարեկամական հարաբերություններ են ստեղծվել, որ շատ թանկ են ինձ համար: Դուք Ձեր պաշտոնավարության շրջանում որպես արհեստավարժ դիվանագետ եք հանդես եկել և մեծ ջանքեր եք գործադրել՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունները զարգացնելու և բարելավելու ուղղությամբ: Դուք մեծ դեր եք ունեցել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների բարեկարգման ու միջազգային հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունների կարևոր գործընթացում:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, December 27, 2010

«Նրանք, ովքեր ցանկանում են կառավարության կազմում աշխատել, պիտի հարգանքի տուրք մատուցեն Մաշայիին»

Իրանական «Մաշրեղ» լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի պահպանողական ազդեցիկ պատգամավոր Մուհամադռեզա Բահոնարը, «Ճարտարագետների իսլամական հասարակություն» խմբակցության հերթական հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում Իրանի կառավարության ներսում կատարված տեղաշարժերին, հայտարարել է. «Փորձագետների կարծիքով, Մոթաքին և Բազրփաշը փոփոխությունների առաջին թիրախն էին, բայց ոչ վերջինը: Ոմանք հայտարարում են, որ բացի նախագահից ոչ ոք փոփոխությունների ընթացքից տեղյակ չէ, բայց ես կարծում եմ, որ ինքը՝ նախագահն էլ այդ փոփոխություններից տեղյակ չէ: Մի ընդհանուր ստվեր գոյություն ունի, և նրանք, ովքեր ցանկանում են կառավարության կազմում շարունակել իրենց պաշտոնավարությունը, պիտի հարգանքի տուրք մատուցեն նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշայիին»:
Հարկ է նշել, որ փորձագետների մեծամասնությունը նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիին համարում են երկրի ստվերային նախագահ, անգամ համոզված են, որ առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադը Մաշայիին է ներկայացնելու որպես նախագահի թեկնածու: Մաշային նաև Ահմադինեժադի խնամին է. նրա աղջիկը ամուսնացել է Ահմադինեժադի տղայի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվություն

«Ահմադինեժադը մրցակցում է Խամենեիի հետ»

Իրանական «Ռուզ» ինտերնետային օրաթերթը դեկտեմբերի 27-ի համարում հարցազրույց է հրապարակել ԱՄՆ-ի Կիլիմբիա համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս և ԱՄՆ նախին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական Գարի Սիքի հետ: Վերջինս, անդրադառնալով Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկությանը, ասել է. «Ահմադինեժադի մտքերի կանխագուշակումը դժվար գործ է, նա պարբերաբար զարմանալի բաներ է անում: Բայց Մոթաքիի պաշտոնանկությունը շատ էլ զարմանալի չէր: Նա լրջորեն մտադիր է երկրի ԱԳՆ-ը առնել իր վերահսկողության տակ: Ահմադինեժադը մի շարք պատճառներով փորձում է ԱԳՆ պաշտոնյաների շարքում ներդնել իր կողմնակիցներին: Երկրի առաջնորդ Այաթոլահ Խամենեին մի քանի անգամ խոչնդոտել է այդ գործընթացը, բայց Ահմադինեժադը շարունակում է իրականացնել իր մտադրությունները: Նա ուժային պայքար է տանում Խամենեիի դեմ: Այնպես որ ես հասկացել եմ. Ահմադինեժադն իր ազդեցությունը տարածելու և նախագահի դիրքերը ամրագրելու նպատակով մրցակցում է Այաթոլահ Խամենեիի հետ: 2005թ. թե՛ Մոթաքին և թե՛ Սալեհին Ահմադինեժադի թեկնածուների շարքում էին, թեպետ Ահմադինեժադն ավելի շատ ցանկանում էր ԱԳ նախարար տեսնել Սալեհիին, բայց երկրի առաջնորդը համամիտ էր Մոթաքիի նախարար դառնալու հետ: Իմ կարծիքով, Ահմադինեժադը փորձում է նախագահի ուժն ու ազդեցությունները նախկինի համեմատ ավելի բարձրացնել: Սա ներքին ուժային պայքար է»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թուրքիայի նախագահը հունվարին մեկնելու է Իրան


Իրանական «Մեհր» գործակալության տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ ամիս մեկնելու է Իրան:
Գործակալության հաղորդմամբ, Գյուլը Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով մեկնելու է Թեհրան:
Հիշյալ հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական հրավերով է տեղի ունենալու:
Հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին իր առաջին ելույթում հայտնել էր, որ Թուրքիայի և Սաուդական Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը գտնվում է Իրանի արտաքին քաղաքականությունների առանցքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հնդկաստանի ձգտումները Իրանի նավթային շուկան բոյկոտի ենթարկելու ուղղությամբ


Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» պարբերականը իր դեկտեմբերի 26-ի համարում գրում է, թե Հնդկաստանի «The Reserve Bank of India» հանրահայտ բանկը հայտարարել է, որ այսուհետ Իրանից նավթ ներկրող ընկերություններին ծառայություններ չի տրամադրելու:
Պարբերականի համաձայն, թեև ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները Իրանից նավթ գնելու գործողությունների համար արգելք չի սահմանել, բայց ԱՄՆ-ն փորձում է բազմաթիվ երկրների համոզել, որ հրաժարվեն Իրանի հետ առևտուր իրականացնելու ցանկացած գործողությունից:
«Gulf News»-ը գրում է. «Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել էր Հնդկաստան և հովանավորել Հնդկաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ մնայուն անդամ դառնալու ցանկությունը: Հիշյալ հանդիպումից մեկ ամիս անց հնդկական RBI բանկը հայտարարել է, որ այլևս ծառայություններ չի տրամադրելու այն ընկերություններին, որոնք զբաղվում են Իրանից նավթ ներկրելու գործով: Այսուհետ Իրանից նավթ ներկրող ընկերությունները փորձելու են RBI բանկի փոխարեն նոր այլընտրանք փնտրել՝ Իրանից Հնդկաստան նավթ ներկրելու համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քուրդ քաղբանտարկյալի մահապատիժը կասեցվել է Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանիի միջամտությամբ

Քրդական աղբյուրները հայտնում են, որ Իրանում քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլահ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է Իրաքի քուրդ նախագահ և «Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցության առաջնորդ Ջալալ Թալիբանիի միջամտությամբ:
«Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցության լրատու կայքը, հաստատելով հիշյալ լուրը, հայտարարել է. «Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանին բազմիցս դիմել է Իրանի իշխանություններին` նրանց խնդրելով կասեցնել քուրդ ուսանող քաղբանտարկյալ Հաբիբոլահ Լաթիֆիի մահապատիժը: Թալիբանիի խնդրանքով, Իրանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է»։
Հարկ է նշել, որ Ջալալ Թալիբանին անցյալ տարի էլ մի այլ քուրդ գործչի՝ Էհսան Ֆաթահյանի մահվան դատավճիռը կասեցնելու նպատակով էր դիմել Իրանի իշխանություններին, սակայն անարդյունք. Իրանի իրավապահ մարմինները մահապատժի էին ենթարկել քուրդ գործչին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադ. «Ադրբեջանի և Հայաստանի հետ լավ հարաբերությունները հարմար հնարավորություն են, որպեսզի ցանկացած ճգնաժամ լուծենք արդարության և օրենքի սկզբունքով»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 23-ին Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ընթացքում մեկնաբանել է տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ:
Իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի և Իրանից դեպի Միջին Ասիայի երկրներ, ինչպես նաև դեպի Հայաստան երկաթգծի կառուցման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է. «Երկաթգծի կառուցումն աշխարհի բոլոր քաղաքները փոխկապակցելու առիթ է»: 
Ահմադինեժադը, նշելով, որ ողջունելի են աշխարհի ցանկացած վայրում իրականացվող շինարարական և կառուցապատման աշխատանքներ, ավելացրել է. «Ժողովուրդների առաջընթացը չենք համարում որևէ մեկի դեմ ուղղված և շահագրգռված ենք, որպեսզի բոլորն առաջընթաց գրանցեն»:
Ահմադինեժադը պարզաբանել է. «Իմ կարծիքով, տարածաշրջանային և համաշխարհային բոլոր խնդիրները ենթակա են լուծման արդարության և բանակցությունների սկզբունքով: Իրականում, եթե բոլոր լարվածություններն ու ընդհարումներն աշխարհում դիտարկենք արդարության և բանակցությունների չափորոշիչներով, բոլորը կհասնեն իրենց իրավունքներին»:
Անդրադառնալով «Վիքիլիկս» կայքում տեղ գտած նյութին, նա այն ոչ արժեքավոր է գնահատել ու ասել. «Կարևոր չէ, թե այդ կայքում ինչ են գրել, քանի որ Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ բարեկամական, պատմական և կայուն են»:
ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ Իրանը սատարում է Ադրբեջանի ժողովրդի վճռական իրավունքների անվտանգությունը, ավելացրել է. «Այդուհանդերձ, Հայաստանի հետ ևս լավ հարաբերություններ ունենք: Երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ լավ հարաբերությունները հարմար հնարավորություն են, որպեսզի ցանկացած ճգնաժամ լուծենք արդարության և օրենքի սկզբունքով»: Ահմադինեժադը միևնույն ժամանակ հայտնել է Իրանի՝ օրենքի և արդարության հիման վրա Ղարաբաղի խնդրի կարգավորմանն օգնելու պատրաստակամությունը: 
ԻԻՀ նախագահը տվյալ մամլո ասուլիսի ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և երեք երկրների մշակութային ընդհանրությունների մասին ասել է. «Երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների միջև առկա են շատ կարևոր պատմական հարաբերություններ, քանի որ մենք պատկանում ենք մեկ մշակութային օջախի, մեր հարաբերությունները բարեկամական են և այդ հարաբերությունները տարածաշրջանի, ողջ աշխարհի խաղաղության և անվտանգության օգտին են»:
Մեկ այլ բաժնում ԻԻՀ նախագահը, անդրադառնալով դեպի Արևելք Թուրքիայի քաղաքականության ուղղվածությանը, նշել է. «Թուրքիայի կառավարությունն ազատ է հարաբերություններ ունենալ բոլոր, հատկապես տարածաշրջանի երկրների հետ»: Նա միաժամանակ պարզաբանել է. «Եթե Թուրքիայի ուղղվածությունը դեպի Արևելք է հակվել, լավ է: Անպայման Արևելքի ժողովուրդները կողջունեն նրան: Սակայն դա չի նշանակում, թե այլ երկրների հետ հարաբերությունները խզվելու են. Թուրքիան ազատ է հարաբերություններ հաստատելու յուրաքանչյուր երկրի հետ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ՆԳ նախարարը չհաստատեց «Ջունդոլլահ» ծայրահեղական կազմակերպության առաջնորդի ձերբակալության լուրը

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը հաղորդում է, որ Իրանի ներքին գործերի նախարար Մուհամադ Նաջարը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե դեռ չի հաստատվել «Ջունդոլլահի» առաջնորդ Աբդոլռաուֆ Ռիգիի ձերբակալության լուրը:
Թերթի մատուցմամբ, ՆԳ նախարարը լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են Ռիգիի ձերբակալման լուրերը, պատասխանել է. «Օրեր առաջ Թուրքիայում հանդիպել եմ Պակիստանի ՆԳ նախարարին, և նրանից հարցրել եմ Ռիգիի ձերբակալության մասին, բայց նա չհաստատեց այդ լուրը և հավելյալ ուրիշ տեղեկություն ինձ չփոխանցեց»։
«Թեհրան Էմրուզի» համաձայն` Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ամիր Փուրդասթանն էլ, հերքելով Աբդոլռաուֆ Ռիգիի ձերբակալության լուրը, հայտարարել է. «Պակիստանի ոստիկանությունը խոստացել է համագործակցել Ռիգիի ձերբակալության գործընթացում: Վիճակագրությունն ապացուցում է, որ Իրանը տարածաշրջանում ամենաապահով երկրներից է, և Չաբահարի ահաբեկչական հարձակումն էլ ապացուցեց, որ մեր հարևան երկրները թերացել են իրենց սահմանները պաշտպանելու գործում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են քուրդ քաղբանտարկյալի ամբողջ ընտանիքին

Քուրդական «Rojhelat Times» լրատու կայքի փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Իրանի անվտանգության ծառայությունները, ներխուժելով քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆիի բնակարան, ձերբակալել են ընտանիքի բոլոր անդամներին:
Հարկ է նշել, որ քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆին դեկտեմբերի 26-ի առավոտյան պիտի մահապատժի ենթարկվեր, սակայն նրա ընտանիքի և ավելի քան 300 քաղաքացիների նստացույցի հետևանքով բանտապանները հայտարարել էին, որ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է:
Ի դեպ, Լաթիֆիի դատավճռի դեմ Իրանում և արտասահմանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, և անգամ մի շարք դիվանագետներ Իրանի իշխանություններից պահանջել էին կասեցնել Լաթիֆիի մահապատիժը:
Հաբիբոլլահ Լաթիֆին 2007 թ. երկրի անվտանգությունը խափանելու մեղադրանքով ձերբակալվել էր Իրանի անվտանգության ծառայությունների կողմից, ու սույն տարվա դեկտեմբերի 22-ին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ղարաբաղի ճգնաժամը, ԱՄՆ-ի տեղաշարժերն ու տարածաշրջանի անվտանգությունը

Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին դեկտեմբերի 26-ին իրանական «Առման» օրաթերթում տպագրված «Ղարաբաղի ճգնաժամը, ԱՄՆ-ի տեղաշարժերն ու տարածաշրջանի անվտանգությունը» խորագրով իր վերլուծական հոդվածում, անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող այն լուրին, թե ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլանշ է տվել ղարաբաղյան հակամարտությունի լուծելու ուղղությամբ, գրում է. «Ղարաբաղի հակամարտությունը ժառանգվել է Խորհրդային Միությունից, և կովկասյան աշխարհաքաղաքական ոլորտում երևան եկավ որպես չվնասազերծված ական»։
Քոլեյնին, ներկայացնելով Իրանի դերը, գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է հավասարակշռված քաղաքականություն վարել իր հարևանների հետ, որի պատճառով հնարավորություն ունի մասնակցելու նրանց միջև առկա հակամարտությունները լուծելու գործընթացին: Ղարաբաղի հարցում արդեն 16 տարի է՝ ականատես ենք Մինսկի խմբի աշխատանքներին՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի մասնակցությամբ, որը դեռ դրական արդյունք չի արձանագրել: Իհարկե, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի միահեծան դիրքորոշումներից բավարարված չեն և քաջ գիտակցում են, որ ՌԴ-ն որևէ ցանկություն չունի հիշյալ հակամարտությունը շուտափույթ կարգավորելու հարցում: Այդ պատճառով նրանք էլ փոխադարձաբար փորձում են իրենց դիրքորոշումներով երկարաձգել Մինսկի խմբի կյանքը: Հարկ է նշել, որ ԵՄ-ն այդ հարցում ավելի հավասարակշռված է գործում, բայց դա չի նշանակում, որ հակամարտությունը լուծելու լուրջ ցանկություն ունի։ Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, համաձայն որոնց, ԱՄՆ Ադրբեջանի նախագահին քարտ բլանշ է տվել Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, անգամ շեշտվում է, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտելու իր տարածքները վերադարձնելու գործում Ադրբեջանի ռազմական գործողություններին: Ըստ երևույթին, նմանօրինակ հայտարարությունները խիստ կասկածելի են, և ԱՄՆ իշխանությունները պիտի արձագանքեն այդ հայտարարություններին: Վերջին շրջանում ռազմաշունչ հայտարարությունն են անում նաև Ադրբեջանի ոչ պետական կառույցները: Դա կարող է խրաքուսել նրանց, ովքեր ցանկանում են հակամարտությունը լուծել ոչ բանակցային միջոցներով: Հետևաբար, եթե Ադրբեջանը որոշի դիմել ռազմական գործողությունների, ամենայն հավանականությամբ, փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղի հարակից շրջանները հետ գրավելու վրա՝ ապագա բանակցությունների ընթացքում հաղթաթուղթ ձեռք բերելու նպատակով: Բայց նմանօրինակ գործողությունները նաև խիստ ռիսկային են լինելու Ադրբեջանի համար, որովհետև ամենափոքր անհաջողության դեպքում Բաքուն կորցնելու է բանակցությունների ընթացքում մինչ այժմ արձանագրած բոլոր ձեռքբերումները: Թեև Ադրբեջանի ռազմական կարողությունները վերջին տարիներին զարգացել են, բայց դա չի նշանակում, թե Հայաստանի կարողությունները նվազել են, նաև ենթադրվում է, որ ՌԴ-ն այդ հարցում Հայաստանին միայնակ չի թողնելու: Պատերազմի վերսկսումով Ադրբեջանը վտանգելու է էներգիայի ոլորտում իր ունեցած կարևոր դերակատարությունը: Նաև պետք է տեսնել, թե Ադրբեջանի թուլացումը ո՞ւմ է ձեռնտու: Իրանը Կովկասի երկրների հետ հարաբերությունների ընթացքում որոշակի կայունություն է հաստատել տարածաշրջանում, և անտրամաբանական չի համարվում, որ որոշ գերտերությունները փորձելու են տարածաշրջանի երկրների հարաբերությունների մեջ անջրպետ առաջացնել:
Ադրբեջանը նաև քաջ գիտակցում է, որ տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ գործակատար լինելը խիստ ծախսատար է իր համար, և ենթադրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի խելացի կգտնվեն ու նմանօրինակ հրահրումների ծուղակում չեն հայտնվի: Նաև պարզ է դառնում, որ նմանօրինակ լուրերը լուրջ մտահոգություններ են առաջացրել ՌԴ համար, որովհետև նրանք փորձել են Մինսկի խմբում պարտադրել իրենց գերակայությունը, ինչը գրգռել է Ռուսաստանի մրցակիցներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քուրդ քաղբանտարկյալի մահապատիժը չկայացավ


Քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆի մահապատիժը, որ պետք է տեղի ունենար դեկտեմբերի 26-ին, չկայացավ:
Քաղբանտարկյալի քույրը՝ Բահարե Լաթիֆին, Ազատություն ռ/կ պարսկերեն բաժնին հայտնել է, որ Հաբիբոլլահի մահապատիժը կասեցվել է: Նա նաև ասել է, որ ընտանիքը բանտում հանդիպել է բանտարկված զավակին, և որ նրա առողջությունը լավ է եղել:
Բահարե Լաթիֆին ավելացրել է, որ դեկտեմբերի 25-ի գիշերը 300-400 քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Սանանդաջ քաղաքի բանտի առջև, որտեղ բանտարկված է Հաբիբոլլահը: Ակցիայի ընթացքում բանտապետ Մուհամադ Խոսրավին ժողովրդին հայտնել է, որ քաղբանտարկյալի մահապատիժը կասեցվել է:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Saturday, December 25, 2010

Թուրքիայի ԱԳՆ հեռախոսազրույց է ունեցել Մոթաքիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Դավութողլուն Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում գնահատել է վերջինիս ցուցաբերած դրական դերը՝ Իրանի-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Մոթաքիի գրասենյակի փոխանցմամբ, Դավութողլուն Մոթաքիի հետ զրույցում ասել է. «Թուրքիայի Հանրապետության մասին ունեցած ձեր տեղեկություններն ու Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների՝ նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ ձեր բարեկամական հարաբերությունները մեծ խթան հանդիսացան երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ու համագործակցությունների գործում»:
Դավութողլուն, նաև իրենց մեջ առաջացած բարեկամությունը արժեքավոր համարելով, Մոթաքիից խնդրել է պաշտպանել երկու երկրների հարաբերությունները` անկախ նրանից, թե ինչ դիրքում է լինելու:
Մոթաքին փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ բարեկամական հեռախոսազանգի համար ու նշել է, թե երկու երկրների դրական հարաբերությունները երկու ազգերի շահերից են բխում:
Նա նաև գնահատել է Թուրքիայի ունեցած դրական դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքները պաշտպանելու գործընթացում ու ավելացրել է, թե ինչ դիրքում էլ լինի, պաշտպանելու է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, December 24, 2010

Մոթաքին պաշտոնապես պատասխանել է Ահմադինեժադին

Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին, ի վերջո, պաշտոնապես պատասխանեց Իրանի նախագահի ու նրա կողմնակիցների այն հայտարարություններին, թե ինքը նախապես իրազեկված է եղել իր պաշտոնանկության մասին:
Ըստ իրանական «Մեհր» գործակալության, Մոթաքին հրապարակել է հայտարարություն՝ շեշտելով, որ տեղյակ չի եղել ո՛չ պաշտոնանկությունից, ո՛չ էլ իր հրաժեշտի արարողության ճշգրիտ օրից:
Հայտարարության մեջ իր պաշտոնանկության ձևը ոչ իսլամական և քաղաքական նորմերից դուրս համարելով՝ հայտնում է, որ իր պաշտոնանկության լուրը ստացել է Սենեգալի իշխանություններից:
Հայտարարության վերջում ասվում է. «Ես հերքում եմ բոլոր այն հայտարարությունները, թե ես տեղյակ եմ եղել իմ պաշտոնանկության և, որ ավելի ծիծաղելի է, իմ հրաժեշտի արարողության մասին»։
Հարկ է նշել, որ Իրանի նախագահ Ահմադինեժադի թիմակիցները և նա ինքը Ստամբուլում հայտարարել էին, թե Մոթաքին տեղեկացված է եղել իր պաշտոնանկության մասին ու, հրաժեշտի օրը իմանալով հանդերձ, ներկա չի եղել արարողությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանն ազատ է արձակել «Ալ Ղաիդա» խմբավորման մի շարք բարձաստիճան անդամների

Անգլիական «The Times» պարբերականը դեկտեմբերի 24-ի իր համարում հաղորդել է, որ Իրանի իշխանությունները վերջին օրերին ազատ են արձակել «Ալ Ղաիդա» խմբակցության՝ Իրանում կալանավորված մի շարք բարձաստիճան անդամների:
Պարբերականի փոխանցմամբ, ազատ արձակվածները մտադիր են «Ալ Ղաիդա» խմբակցության աշխատանքները վերակազմակերպել Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծին:
«The Times» պարբերականը, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների հնչեցրած տեսակետը, Իրանին համարում է տարածաշրջանում հիմնական աջակիցն ու օջանդակողը ահաբեկչական խմբավորումների, որոնք պայքարում են ՆԱՏՕ-ի զորքերի դեմ:
Պարբերականի մատուցմամբ, ազատ արձակված կալանավորների թվում են նաև «Ալ Ղաիդա» խմբակցության առաջնորդ Ուսամա Բեն Լադենի ընտանիքի երեք անդամները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանում ձերբակալել են Իրանի պահակազորի անդամներից մեկին

«AFP» ֆրանսական գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի հարավում տեղակայված ՆԱՏՕ-ի զինված ուժերը, ձերբակալել են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հովանու ներքո աշխատող՝ «Ղուդս» բանակի անդամներից մեկին:
«AFP» գործակալությունը վկայակոչելով ՆԱՏՕ-ի ուժերի կողմից հայտարարությունը, գրում է. «Ղուդս բանակի անդամներից, որը «Ալ Ղայիդա» խմբակցության համար զինամթերք հայթայթելու պարտականություն ուներ, ձերբակալվել է Աֆղանստանի հարավային շրջանի՝ Ղանդահար նահանգում:»
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 24-ին անգլիական «The Times» պարբերականը բացահայտել էր, որ Իրանի իշխանությունները ազատ են արձակել «Ալ Ղաիդա» խմբակցության մի շարք կալանավոր բարձաստիճան անդամների, և նրանք մտադիր են վերաակտիվացնեն «Ալ Ղաիդայի» աշխատանքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը «վեցյակի» հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլը կարևոր համարեց

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, դեկտեմբերի 23-ին՝ Տնտեսական համագործակցությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովի ավարտից հետո, Իրանի ու «վեցյակի» միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները կարևորելով, հայտարարեց. «Այդ բանակցությունները շատ կարևոր են, և Իրանը լուրջ է վերաբերվում այդ խնդրին»։ 
Ըստ «AFP» գործակալության՝ Ահմադինեժադը նաև ավելացրել է. «Մենք անգամ առաջարկել ենք, որ Ստամբուլի բանակցությունները հակադրությունից վերածենք համագործակցության ու հանդուրժողության: Մենք համոզված ենք, որ համագործակցությունը բոլորի օգտին է, և համագործակցության պարագայում էլ ոչ մի կողմին պարտություն չի սպասվի: Ուրեմն, մենք համոզված ենք, որ Ստամբուլի բանակցությունները բոլորի համար դառնալու են պատմական, որտեղ հակադրությունները կվերածվեն համագործակցության»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ընդդիմության առաջնորդները` Մուսավին և Քյարուբին, զգուշացնում են երկրի տնտեսության մութ ապագայի մասին

Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկած երկու ռեֆորմիստ թեկնածուները՝ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին, միմյանց հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի ներկա իրավիճակը:
Իրանի «Ազգային վստահություն» կուսակցության «Սահամ Նյուզ» լրատու կայքը հաղորդում է, թե բարեկարգչական առաջնորդները նախ ցավակցություն են հայտնել Չաբահար քաղաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:
Նրանք նաև անդրադարձել են Իրանի տնտեսական ոլորտում արվող սուբսիդավորումների կրճատման՝ նախագահի նախագծին: Նրանք այդ նախագիծը տնտեսական ոլորտի հիմնական քայլերից համարեցին, բայց նաև նշեցին. «Երկրի տնտեսական ներկա վատ իրավիճակում, երբ Իրանը գտնվում է միջազգային տնտեսական շրջափակումների ճնշման տակ, նմանօրինակ նախագծերի իրականացումը մտահոգություն է առաջացնում: Երբ երկրում գործազրկությունը անցել է 30%-ի սահմանը, ու գներն օր օրի ավելի սանձարձակ են բարձրանում, սուբսիդավորումների կրճատման նախագիծը լուրջ հարված է հասցնելու հենց միջին ու աղքատ ընտանիքներին: Նրանք նաև ավելացրին. «Երբ ամեն օր գործարաններ են փակվում, ու գործատուներն այլևս չեն կարող վճարել աշխատողների աշխատավարձերը, երբ երկրից փախչում են ֆինանսական ռեսուրսները, ու առհասարակ այլևս ապահով չէ երկրում ներդնում իրականացնելը, այս ամենն ապացուցում են, որ մութ ապագա է սպասվում երկրի տնտեսությանը: Այս իրավիճակը ավելի է բարդանում, երբ նախագահը փորձագետների ու գիտնականների կոչերը լսելու ականջ չի ունենում»։
Մուսավին ու Քյարուբին նաև անդրադարձել են քաղբանտարկյալների վատ պայմաններին և Իրանի արտաքին քաղաքականության ոլորտի խղճուկ լինելու փաստերին: Նրանց կարծիքով՝ «Երկրի արտաքին քաղաքականությունն այնքան ծիծաղելի է դարձել, որ ԱԳ նախարարը, դիվանագիտական առաքելության մեջ գտնվելով, իր պաշտոնանկության մասին լսում է այլ երկրի նախագահից: Նմանօրինակ արարքները միջազգային ոլորտում լուրջ վնասներ են պատճառելու Իրանի դիրքերին, ու նրա նկատմամբ անվստահություն սերմանելու»։
Մուսավին ու Քյարուբին իրենց հանդիպման ավարտին ավելացրին. «Մենք շարունակելու ենք ընթանալ այն ճանապարհով, որը ընտրել ենք. դա ժողովրդի իրավունքները վերականգնելու պայքարի ճանապարհն է: Մենք տարբերություն չենք տեսնում այս մեծ բանտի, որում ապրում ենք, և այն փոքր բանտի միջև, որում անարդարացիորեն ապրում են քաղբանտարկյալները: Հուսով ենք՝մի օր դավադիրները պատասխան կտան իրենց արարքների համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Դեկտեմբերի 26-ին մահապատժի է ենթարկվելու ևս մեկ քուրդ քաղբանտարկյալ գործիչ

«Kurdish Perspective» լրատու կայքը, Իրանի դատական մարմինների փոխանցմամբ, հայտնում է, որ քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆին կիրակի՝ դեկտեմբերի 26-ին, մահապատժի է ենթարկվելու:
Լաթիֆիի փաստաբան Սալեք Նիքբախտը դատավճիռը ստացել է դետեմբերի 22-ին: Նրա փոխանցմամբ՝ «ես՝ որպես փաստաբան, այլևս ոչ մի գործ, բացի ներում խնդրելուց, չեմ կարող անել»։
Հաբիբոլլահ Լաթիֆին 2007 թ. Ազգային անվտանգությունը խափանելու մեղադրանքով ձերբակալվել էր անվտանգության ծառայությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը