Saturday, January 27, 2007

Բողոքի ցոյցեր


Երեկ՝ Յուն.26-ի երեկոյան Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ ժողովրդական բողոքի ցոյց Հայազգի մտաւորական Հրանտ Դինքի ահաբեկման դէմ:




Նաեւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում էլ տեղի է ունեցել բողոքի ցոյց որի լուսանկարները ինձ ուղարկեց շատ սիրելի ընկերս՝ Վահիկ Վարդանեանը:


Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ



Ուրախութեամբ ստացայ նաեւ Վիէնայում տեղի ունեցած ցոյցի նկարները որ ինձ ուղարկեց շատ սիրելի Արազ Օհանեանը:



Բողոքի ցոյց Կիպրոսում
Լուսանկարը ուղարկեց Կիպրահայեր պարբերականը



Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ

Monday, January 22, 2007

Ցեղասպան թուրքը մնում է նոյնը

Ցեղասպանութիւն հերքող թուրքը նոյնիսկ մէկ դար յետոյ կրկին շարունակում է իր պապերի ստոր արարքները եւ շարունակում ուրացման քաղաքականութիւնը:
Հրանդ Դինքը նահատակւեց յանուն իր ազատ գրչի եւ լեզւի, միացաւ լուսամիտ-մտաւորական փաղանգին: Յաւերժացաւ եւ մնալու է մեր պատմութեան ազգային պայքարի էջերում՝ որպէս 21-րդ դարի Հայ Դատի վսեմ դրօշակի ծածանողը՝ հէնց Թուրքիայում:
Յարգանք նրան:

Sunday, January 21, 2007

Դատապարտենք թուրքի ոճրագործութիւնը

Սիրելի հայրենակիցներ այս անգամ եւս թուրքական եաթաղանը ներկւեց հայի արիւնով:

Ոճրագործ թուրքը ծառաւ է արիւնի:

Այդ ծառաւը պիտի յագեցում տանք մեր արդարադատ բռունցքով:

Միացեք Հրանդ Դինքի դէմ կատարւած ոճրագործութիւնը դատապարտող e-mail արշաւին:

ԱՄՆ-ի կոգրեսում Հայոց Ցեղասպանութեան թեմայի քննարկման սեմին Ձեր բողոքի ձայնը բարձրացրեք նաեւ այս ուղղութեամբ:

Բացւած էջի ներքեւում լրացրեք Ձեր տւեալները եւ սեղմեք Send Email-ը:
Դա սեղմելով Ձեր բողոքի նամակը կուղարկւի ԱՄՆ-ի կոնգրես եւ քաղաքական այրերին:

Saturday, January 20, 2007

Հրանդ Դինքը անմահ է

Կարծես բախտը այսպէս էր որ այսօր պիտի գրեմ սիրելի Հրանդ Դինքի դաժան սպանութեան մասին:

Երբ լուրերում լսեցի այդ դժբախտ պատահարի մասին այնքան ցնցւեցի որ անգամ կարողութիւն չունէի հեռախօսել ընկերներիս լուրը փոխանցելու նպատակով: Միայն լացում էի ու մտածում թէ մինչեւ երբ պիտի լռենք ու հակազդեցութիւն ցոյց չտանք: Մեր խաչքարերն են ոչնչացնում, սպային են կացնահարում, մտաւորականին են մորթում, հային որպէս ծառայ տարաջաշաջանից փոխադրում են ԱՄՆ եւ շատ ուրիշ խնդիրներ: Հրանդ Դինքի հետ զրոյցի պահին նա ինձ ասում էր թէ «սիրելիս ցեղասպանութիւնը դեռ շարունակւում է»: Նա այդ իրականութիւնը ապացուցեց իր կեանքով:
Թող հայ իշխանաւորներն ու քաղաքական-տնտեսական գործիչները իմանան որ իրենց լռութեամբ միայն ջուր են լցնում թուրքիային արիւնարբու ջրաղածի մէջ:
Ինչպէս ասում էր Գարեգին Նժդեհը «Ուժն է ծնում իրաւունքը»: Եթէ ուժ չունես ուրենմ չունես նաեւ իրաւունք: Հայերի մօտ կարծես ուժը իմաստաւորւում է ճաշարաններով, գիշերային ակումբներով ու գինիով:

Սա է եւրոպական չափանիշերով տառապող հայի ապագան:
Սիրելի Հրանդ Դինք քո արիւնով ներկւած ուղին պիտի դառնայ մեր մայր ուղին:
Թող հողը թեթեւ լինի վրադ: Քո ընկերները երբեք քեզ չեն մոռանայ: Դու հաւերժ ու անմահ կապրես մեր սրտում:
«Ալիք» օրաթերթի խմբագրատուն. Թեհրան
Հրանդ Դինքը նոյ.2006-ին մեր հիւրն էր:

Saturday, January 13, 2007

Կուռքերի մայրամուտը

2007 թւականը, ինչպէս իր նախորդ տարին, սկսւեց մի շատ կարեւոր ու ցնցիչ պատահարով:2005 թւականի աւարտին, երբ բոլորը պատրաստւում էին դիմաւորել Նոր տարին՝ 2006 թւականը՝ Հեռաւոր արեւելքում պատահեց ցունամի, որի հետեւանքով՝ զոհւեցին հազարաւոր բնակիչներ ու զբօսաշրջիկներ: 2006 թւականին եւս ճիշտ տարւայ վերջին օրերում տեղի ունեցաւ մի ուրիշ ցունամի, այս անգամ քաղաքական ոլորտում, եւ դա Իրաքի նախկին տիրակալ Սադդամ Հուսէյնի մահապատիժն էր: Սադդամ Հուսէյնը մօտ երկու տարի դատարանում պայքարեց մահւան դիմաց եւ, ի վերջոյ, մեղաւոր ճանաչւեց: Սադդամի մահւան դատավճիռը անակնկալ չէր, որովհետեւ նրա հովանաւորները չէին ցանկանում նա ողջ մնայ եւ ամբողջ աշխարհի համար բացայայտի մի շարք իրականութիւններ: Այդ իսկ պատճառով՝ կեանքի կոչւեց մի դատարան, որը աւելի նման էր կրկէսի՝ Սադդամի ոճրագործութիւնները քննելու համար:Դատավարութեան քննարկման առաջին թեման էր Դոջայլ քաղաքում աւելի քան 150 շիա բնակիչների սպանութիւնը:Դատարանը, ըստ ԱՄՆ-ի պատւէրի, յայտարարեց՝ եթէ Սադդամը Դոջայլ քաղաքի խնդրում ճանաչւի մեղաւոր, մահւան կը դատապարտւի եւ եթէ հակառակը տեղի ունենայ, կը շարունակւի դատավարութիւնը: Բայց ինչպէս միշտ՝ հակառակ վարկածը տեղի չունեցաւ ու Իրաքի «անմահ» տիրակալը մահւան դատապարտւեց:Այստեղ նպատակ չունեմ աւելի մանրամասն խօսել Սադդամի մահապատժի մասին, այլ ուզում եմ խօսել առհասարակ «Սադդամ» երեւոյթի մասին:Ինչո՞ւ են ծնւում դիկտատորները եւ ո՞վ է կեանք տալիս նրանց:Պատմութեան մէջ առհասարակ բաւարար չափով չեն զբաղւել այս հարցերի հետ եւ աւելի շատ զբաղւել են լոկ որեւէ դիկտատորի անձի ու նրա կատարած գործերի հետ:Որեւէ ուսումնասիրութիւն չի կարող ճիշտ լինել, եթէ նրանում տեղ չգտնեն այն պատճառները, որոնք ծնունդ են տւել դիկտատորին:Այս օրերում, երբ բոլոր լրատւամիջոցները ողողւած են Սադդամի մահապատժի լուրով եւ ժամ առ ժամ ցուցադրւում է մեծ թւով ժողովրդի ուրախութիւնը այդ ուղղութեամբ, մի պարզ հարց է առաջանում, թէ արդեօք Սադդամի մահապատժից յետոյ բարեկարգւելո՞ւ է Իրաքի ժողովրդի կեանքը եւ մի խօսքով՝ Սադդամի մահապատիժը լինելու է Իրաքի ժողովրդավարացման դրդապատճառը: Իմ կարծիքով՝ ոչ: Այս «ոչ»-ը հիմնաւորելու համար՝ պիտի խօսենք մի քանի հիմնական խնդրի մասին: Նախ այն, որ ազատութիւնն ու ժողովրդավարութիւնը երբեք չեն շնորհւում, այլ ժողովուրդները դրանք ձեռք են բերում պայքարի միջոցով, եթէ ազատութիւնն ու արդարութիւնը չեն իմաստաւորւում օտարի եւ կամ որեւէ ամբողջատիրոջ լուծի տակ «ազատ» ապրելով:Եթէ մի ժողովուրդ հասնի ազատութեան ու արդարութեան իրական հասկացողութեանը, նա կը պայքարի դրան հասնելու համար, բայց երբ որեւէ ժողովրդի, որ դեռ չի գտել այդ արժէքների իրական իմաստը եւ «բարեկեցիկ» է ապրում իր տիրոջ հովանու ներքոյ, տրւի ազատութեան ու ինքնորոշման իրաւունքը, նա կը վարւի նախկինի պէս, կը ծնի մի հզօր դիկտատոր եւ կապրի նրա լուծի տակ: Այս դրւագը մեծ հաւանականութեամբ կիրագործւի յետսադդամական Իրաքում:Երկրորդն այն, որ ամէն ժողովուրդ պիտի ստեղծի իր իւրայատուկ ժողովրդավարութեան հասկացողութիւնը: Գերուժերը երբ փորձում են որեւէ երկրի ժողովրդի ոտքի հանել իր տիրակալի դէմ, ամէն միջոցով քարոզում են իրենց ազատութեան ու ժողովրդավարութեան ձեւերը: Դա շեղում է ժողովուրդներին, որովհետեւ Միջին Արեւելքում ու այս պարագայում Իրաքում ապրող ժողովուրդը չի կարող ապրել ամերիկեան «ժողովրդավարական» ձեւերով, որովհետեւ դա ինքնին կը դառնայ նոր կապանք՝ ժողովրդի համար:Ազատութեան ու արդարութեան գաղափարը նախ ծնւում է ժողովուրդների մտքում, եփւում եւ ձեւաւորւում է պայքարում, այն էլ տւեալ երկրի մշակութային, հասարակական ու պատմական իրականութիւնների հիման վրայ ու արդիւնքի է հասնում ժողովրդի կամքի եւ հաւատքի միջոցով:Եթէ այս ընթացքը չի առաջացել ժողովուրդների մօտ, դժւար է խօսել ժողովրդավարութեան մասին:Անգամներ ժողովուրդներն ըմբոստացել են դիկտատորների դէմ միայն այսպէս ասած «լաւ ապրելու» նպատակով՝ ազատութեան մասին առանց որեւէ պարզ ու հասկանալի պատկերացում ունենալու եւ դրա արդիւնքում հանդիպելով «հովւի» գաւազանին, որը իրենց գլխի վրայ պար է բռնել, սողել են իրենց բոյնը՝ իրենց շնորհւած մի պատառ հացը լափելով:Նաեւ պարագաներ են լինում, երբ ժողովուրդները նոյն այդ «լաւ ապրելու» նպատակով՝ փնտրում են նոր դրախտավայրեր, բայց դա նորէն ստրկութեան է յանգում, որովհետեւ մի պատառ հացի համար այս անգամ պիտի հրաժարւեն մարդկութիւնից, այն էլ հեռու հարազատ երկրից ու մշակոյթից:Հնդիկ փիլիսոփայ Քրիշնա Մուրթին ազատութեան մասին ասում է, թէ. «Ուր որ կայ վախ, այնտեղ չկայ ազատութիւն» եւ սրան պիտի աւելացնել այն, որ «Ուր որ մարդը չի ապրում մարդկային օրէնքներով, չկայ ազատութիւն»: Բայց, պիտի մատնանշել, որ այս բոլորի լուծումը նախ ժողովուրդների մօտ է ու կախում ունի նրանց կամքից, ոչ թէ որեւէ դրածոյ կուռքի մօտ:Կուռքերը կարելի է այրել ազատութեան ու արդարութեան կրակի միջոցով, որը ներկայացնում է ազատատենչ ժողովուրդների վճռորոշ կամքը, բայց եթէ ժողովուրդները զուրկ լինեն այդ կամքից, էլ ի՞նչ խօսք ազատութեան մասին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը