2007 թւականը, ինչպէս իր նախորդ տարին, սկսւեց մի շատ կարեւոր ու ցնցիչ պատահարով:2005 թւականի աւարտին, երբ բոլորը պատրաստւում էին դիմաւորել Նոր տարին՝ 2006 թւականը՝ Հեռաւոր արեւելքում պատահեց ցունամի, որի հետեւանքով՝ զոհւեցին հազարաւոր բնակիչներ ու զբօսաշրջիկներ: 2006 թւականին եւս ճիշտ տարւայ վերջին օրերում տեղի ունեցաւ մի ուրիշ ցունամի, այս անգամ քաղաքական ոլորտում, եւ դա Իրաքի նախկին տիրակալ Սադդամ Հուսէյնի մահապատիժն էր: Սադդամ Հուսէյնը մօտ երկու տարի դատարանում պայքարեց մահւան դիմաց եւ, ի վերջոյ, մեղաւոր ճանաչւեց: Սադդամի մահւան դատավճիռը անակնկալ չէր, որովհետեւ նրա հովանաւորները չէին ցանկանում նա ողջ մնայ եւ ամբողջ աշխարհի համար բացայայտի մի շարք իրականութիւններ: Այդ իսկ պատճառով՝ կեանքի կոչւեց մի դատարան, որը աւելի նման էր կրկէսի՝ Սադդամի ոճրագործութիւնները քննելու համար:Դատավարութեան քննարկման առաջին թեման էր Դոջայլ քաղաքում աւելի քան 150 շիա բնակիչների սպանութիւնը:Դատարանը, ըստ ԱՄՆ-ի պատւէրի, յայտարարեց՝ եթէ Սադդամը Դոջայլ քաղաքի խնդրում ճանաչւի մեղաւոր, մահւան կը դատապարտւի եւ եթէ հակառակը տեղի ունենայ, կը շարունակւի դատավարութիւնը: Բայց ինչպէս միշտ՝ հակառակ վարկածը տեղի չունեցաւ ու Իրաքի «անմահ» տիրակալը մահւան դատապարտւեց:Այստեղ նպատակ չունեմ աւելի մանրամասն խօսել Սադդամի մահապատժի մասին, այլ ուզում եմ խօսել առհասարակ «Սադդամ» երեւոյթի մասին:Ինչո՞ւ են ծնւում դիկտատորները եւ ո՞վ է կեանք տալիս նրանց:Պատմութեան մէջ առհասարակ բաւարար չափով չեն զբաղւել այս հարցերի հետ եւ աւելի շատ զբաղւել են լոկ որեւէ դիկտատորի անձի ու նրա կատարած գործերի հետ:Որեւէ ուսումնասիրութիւն չի կարող ճիշտ լինել, եթէ նրանում տեղ չգտնեն այն պատճառները, որոնք ծնունդ են տւել դիկտատորին:Այս օրերում, երբ բոլոր լրատւամիջոցները ողողւած են Սադդամի մահապատժի լուրով եւ ժամ առ ժամ ցուցադրւում է մեծ թւով ժողովրդի ուրախութիւնը այդ ուղղութեամբ, մի պարզ հարց է առաջանում, թէ արդեօք Սադդամի մահապատժից յետոյ բարեկարգւելո՞ւ է Իրաքի ժողովրդի կեանքը եւ մի խօսքով՝ Սադդամի մահապատիժը լինելու է Իրաքի ժողովրդավարացման դրդապատճառը: Իմ կարծիքով՝ ոչ: Այս «ոչ»-ը հիմնաւորելու համար՝ պիտի խօսենք մի քանի հիմնական խնդրի մասին: Նախ այն, որ ազատութիւնն ու ժողովրդավարութիւնը երբեք չեն շնորհւում, այլ ժողովուրդները դրանք ձեռք են բերում պայքարի միջոցով, եթէ ազատութիւնն ու արդարութիւնը չեն իմաստաւորւում օտարի եւ կամ որեւէ ամբողջատիրոջ լուծի տակ «ազատ» ապրելով:Եթէ մի ժողովուրդ հասնի ազատութեան ու արդարութեան իրական հասկացողութեանը, նա կը պայքարի դրան հասնելու համար, բայց երբ որեւէ ժողովրդի, որ դեռ չի գտել այդ արժէքների իրական իմաստը եւ «բարեկեցիկ» է ապրում իր տիրոջ հովանու ներքոյ, տրւի ազատութեան ու ինքնորոշման իրաւունքը, նա կը վարւի նախկինի պէս, կը ծնի մի հզօր դիկտատոր եւ կապրի նրա լուծի տակ: Այս դրւագը մեծ հաւանականութեամբ կիրագործւի յետսադդամական Իրաքում:Երկրորդն այն, որ ամէն ժողովուրդ պիտի ստեղծի իր իւրայատուկ ժողովրդավարութեան հասկացողութիւնը: Գերուժերը երբ փորձում են որեւէ երկրի ժողովրդի ոտքի հանել իր տիրակալի դէմ, ամէն միջոցով քարոզում են իրենց ազատութեան ու ժողովրդավարութեան ձեւերը: Դա շեղում է ժողովուրդներին, որովհետեւ Միջին Արեւելքում ու այս պարագայում Իրաքում ապրող ժողովուրդը չի կարող ապրել ամերիկեան «ժողովրդավարական» ձեւերով, որովհետեւ դա ինքնին կը դառնայ նոր կապանք՝ ժողովրդի համար:Ազատութեան ու արդարութեան գաղափարը նախ ծնւում է ժողովուրդների մտքում, եփւում եւ ձեւաւորւում է պայքարում, այն էլ տւեալ երկրի մշակութային, հասարակական ու պատմական իրականութիւնների հիման վրայ ու արդիւնքի է հասնում ժողովրդի կամքի եւ հաւատքի միջոցով:Եթէ այս ընթացքը չի առաջացել ժողովուրդների մօտ, դժւար է խօսել ժողովրդավարութեան մասին:Անգամներ ժողովուրդներն ըմբոստացել են դիկտատորների դէմ միայն այսպէս ասած «լաւ ապրելու» նպատակով՝ ազատութեան մասին առանց որեւէ պարզ ու հասկանալի պատկերացում ունենալու եւ դրա արդիւնքում հանդիպելով «հովւի» գաւազանին, որը իրենց գլխի վրայ պար է բռնել, սողել են իրենց բոյնը՝ իրենց շնորհւած մի պատառ հացը լափելով:Նաեւ պարագաներ են լինում, երբ ժողովուրդները նոյն այդ «լաւ ապրելու» նպատակով՝ փնտրում են նոր դրախտավայրեր, բայց դա նորէն ստրկութեան է յանգում, որովհետեւ մի պատառ հացի համար այս անգամ պիտի հրաժարւեն մարդկութիւնից, այն էլ հեռու հարազատ երկրից ու մշակոյթից:Հնդիկ փիլիսոփայ Քրիշնա Մուրթին ազատութեան մասին ասում է, թէ. «Ուր որ կայ վախ, այնտեղ չկայ ազատութիւն» եւ սրան պիտի աւելացնել այն, որ «Ուր որ մարդը չի ապրում մարդկային օրէնքներով, չկայ ազատութիւն»: Բայց, պիտի մատնանշել, որ այս բոլորի լուծումը նախ ժողովուրդների մօտ է ու կախում ունի նրանց կամքից, ոչ թէ որեւէ դրածոյ կուռքի մօտ:Կուռքերը կարելի է այրել ազատութեան ու արդարութեան կրակի միջոցով, որը ներկայացնում է ազատատենչ ժողովուրդների վճռորոշ կամքը, բայց եթէ ժողովուրդները զուրկ լինեն այդ կամքից, էլ ի՞նչ խօսք ազատութեան մասին:
0 Պատգամ:
Post a Comment