Thursday, November 24, 2005

Յեղաշրջումների քաղաքականութեան աւարտը

Այն, ինչ որ այս վերջին շաբաթների ընթացքում պարզւեց, այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կառավարութիւնը փոփոխութեան է ենթարկել իր արտաքին քաղաքականութիւնը եւ նոր տարբերակներ է կիրառել, որոնք տարբերւում են նախկին տարիների վարած քաղաքականութիւններից:Փորձ է արւում, որ միահեծան ու ռազմաշունչ քաղաքականութիւնները փոխարինւեն այլ տարբերակներով, որոնք են Եւրոպայի եւ ՄԱԿ-ի հետ աւելի սերտ համագործակցութիւնը եւ խօսւում է, որ Իրանի ու Հիւսիսային Կորէայի հանդէպ, որոնք հակադրւած են ԱՄՆ-ի դէմ, մի կողմ դրւի գործող վարչակարգերի փոփոխութեան քաղաքականութիւնը եւ տնտեսական ու շահաւէտ նոր առաջարկներ երեւան բերելով՝ նրանք քաջալերւեն ներգրաււելու միջազգային տնտեսութեան մէջ: Այդպիսով՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական սերտ յարաբերութիւններ ունենալով՝ այդ երկրները չեն պայքարի նրա դէմ:Ջորջ Բուշի նախագահութեան վերջին երկու շրջանների ընթացքում եւ մասնաւորապէս սեպտ. 11-ի ահաբեկչութիւնից յետոյ ԱՄՆ-ի միջազգային քաղաքականութիւնը թեքւեց դէպի միահեծան ու ռազմական քաղաքականութիւն, որը պատճառ դարձաւ, որ իր Եւրոպայի դաշնակիցները հակադրւեն ԱՄՆ-ի դէմ:Կանխարգելող պատերազմների նախագիծն ու շարունակութեան մէջ ռազմական միջամտութիւնները յանուն ահաբեկչութեան դէմ պայքարի ՄԱԿ-ի ու միջազգային հանրային կարծիքը նկատի չառնելը՝ դարձել էր Ջորջ Բուշի կառավարութեան դիմագիծը:Այս ընթացքում էր, որ շատերը փառաբանեցին Բուշի այդ գործելակերպը՝ դա արդի քաղաքակրթութիւնը կերտելու կարեւոր փուլ համարելով:Միայն վերջին ամիսներում էր, որ նախագահի ու Սպիտակ տան խորհրդականները ազդարարեցին, որ ծանր պայմաններից խուսափելու համար՝ ԱՄՆ-ն պիտի վերանայի իր արտաքին քաղաքականութիւնը՝ սերտ յարաբերութիւն ստեղծելով Եւրոպայի ու համաշխարհային հանրութեան հետ:Այս նոր քաղաքականութիւնը «Միջազգային ներարկման քաղաքականութիւն» է կոչւում, որի միջոցով կառավարութեանը առաջարկւում է, որ մի շարք համագործակցական պայմանագրեր կնքւեն Չինաստանի ու Ռուսաստանի հետ, Հնդկաստանը ճանաչւի որպէս ատոմական ուժ, Ճապոնիայի զարգացող տնտեսութեան միջազգային դերը սպառնալիք չհամարւի ու լուրջ համագործակցութիւն լինի Եւրոպայի հետ: Վերոյիշեալ նախագծում նաեւ ԱՄՆ-ի կառավարութեանը առաջարկւում է Իրանի ու Հիւսիսային Կորէայի նկատմամբ վարել այլ քաղաքականութիւն, որի ընթացքում պիտի թողնել նախկին վարչակարգերի փոփոխութեան քաղաքականութիւնը, այլ նրանց անվտանգութիւնը երաշխաւորելով՝ փորձել ներգրաւել միջազգային տնտեսութեան մէջ՝ շահաւէտ գործարքներ առաջարկելով: Ատոմական ծրագրերի հարցով առաջարկւում է, որ նրանց տրւի այդ էներգիան օգտագործելու հնարաւորութիւնը միայն, պահանջւի ու արգելւի, որ վերջիններս ատոմական զէնք արտադրեն:Այս աչքառու փոփոխութիւնները արդիւնք են ԱՄՆ-ի ներկայ քաղաքական ու հասարակական իրավիճակի, որով ծանր օրեր են սպասում նրան:Այս նախագիծը ունի նաեւ իր հակառակորդները: Նրանք գործնական չեն համարում դա ու մի այլ տարբերակ են առաջարկում, որը արդիւնք է նրանց խելագարութեան: Նրանք, որոնց թիւը հանրապետականների մօտ աւելի է՝ քան ուրիշ կուսակցութեան, ԱՄՆ-ի կորցրած վարկը վերագտնելու համար՝ առաջարկում են մի շարք նոր ահաբեկչական գործողութիւններ՝ սեպտ. 11-ի օրինակով, որից յետոյ կարդարացւի Բուշի ահաբեկչութեան դէմ պայքարը եւ այդ միջոցով նաեւ ժողովուրդը կը միաւորւի մէկ գաղափարի ու նպատակի շուրջ: Կան նաեւ մի շարք այլ սցենարներ, ինչպիսին են՝ Բէն Լադէնի ձերբակալութիւնը եւ կամ Իրաքի պատերազմը յաջողութեամբ աւարտելը:Ինչ որ է՝ դեռ յստակ չէ, թէ ԱՄՆ-ի կառավարութիւնը ինչպէս է ձեւակերպելու իր արտաքին քաղաքականութիւնը, բայց մի բան պարզ է, որ դա կախում ունի մեծ դրամատէրերի ու վերազգային ընկերութիւնների կամքից, որոնք իրենց շահերի համաձայն ղեկավարում են ԱՄՆ-ն ու նրա ռազմական մեքենան:

Sunday, November 20, 2005

Մի գաւաթ լեղի սուրճ - Երգիծական

Միատարր պայքար թուրքիայի դէմ

Օրեր առաջ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը պարտւեց Շւէյցարիայի հաւաքականին եւ կորցրեց ֆուտբոլի միջազգային առաջնութեան մասնակցելու իրաւունքը: Խաղի աւարտից յետոյ թուրքերը բարբարոսաբար յարձակւեցին շւէյցարացիների վրայ եւ տուր թէ կտաս: Պատերազմ էր , արեւը խաւարեց թուրքերի ձիու սմբակներից առաջացած փոշու մշուշից. Լռութիւն, խաւար, լալ, ոռնոց, արիւն եւ ի վերջոյ............ծագեց արշալոյս: Երկիրը դարձել էր գերեզմանանոց ու միայն ծածանւում էր մի դրոշ այն էլ եռագոյն:
Ըստ միջազգաին լրատու ցանցերի հաղորդած լուրերի համաձայն հայերը, որը միշտ զինւած, միաբան ու հաշտ, գիտեն օգդագործել ժամանակը, տեսնելով թուրք-շւէյցարացի պատերազմը հայութեան դատը լուծելու համար առիթը պատեհ համարելով գրոհել են նրանց վրայ եւ չզատորոշելով երկու պետութիւնների դրօշը, ջնջել են երկուսին էլ:
Ըստ լաւատեղեակ աղբիւրներին այդ հերոսական գրոհը ղեկավարւել է թեհրանում գործող ՀՈՒՍԿ հաստատութեան եւ նրա կրօնագաղափարական բազուկի՝ առաջնորդարանի միջոցով: Փաստը այն է որ այս վերջին օրերին յիշեալ կենտրոնները կազմակերպել էին հայութեան դատի լուծման համար տեսական-կրօնական ու մարտական մի շարան դասընթացներ որի գլխաւոր դասախօսներն էին առաջին եւ երկրորդ աշխարհամարտին մասնակցող զորավարներ ինչպիսին է Մարշալ Բաղրամեանը եւ ոմն դաւաճանի զաւակ Գրիգոր լուսամարիչը: Նաեւ բացառւած չէ որ սոյն տեսութիւնները փոխանցելու համար ներկայ էին ՀՈՒՍԿ-ի անձնազոհ վետերանները ու նրանց առաջնորդ Սեպուհը որը զինւած են պատմական - փիլիսոփայական ու նաեւ մարտական գիտութիւններով:
ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը ՀՈՒՍԿ-ին յղած իր նամակում խնդրել է որ վերջինս իր դասընթացների շարանում ներառել նաեւ աշխարագրութեան առարկան, այլ երկրների ոչնչացումից խուսափելու համար:
Թուրք-Շւէյցարացի պատերազմից յետոյ ՖԻՖԱ-ն մտադիր է պատժել թուրքիային, նրան զրկելով 2010 ֆուտբոլի միջազգային առաջնութիւնից: Նաեւ ՀՈՒՍԿ-ի ու Սեպուհի գործադրած ճնշումների հետեւնքով, որը տարածւած է մինչեւ ՄԱԿ , Վատիկան ու ՖԻՖԱ-ի կազմակերպութիւն, թուրքիան պարտադրւում է ճանաչել հայոց ցեղասպանութիւնը հակառակ դէպքում մինչեւ յաւիտեան պիտի զրկւէ ֆուտբոլի միջազգային առաջնութիւնից:
Սա է մեր ՀՈՒՍԿ հաստատութեան զօրութիւնը որի նշանաբանն է «մէկ ազգ, մէկ հայրենիք ՀՈՒՍԿ-ի համար» եւ օժտւած է Սեպուհի օրհնութեամբ:
Եթէ չէք կարող հաւատալ թէ մենք հայերս ունենք նման կազմակերպւած հաւաքականութիւն եւ անանձնական կեանքով ապրող առաջնորդ, կարող էք այցելել ՀՈՒՍԿ հաստատութեան հաւաքատեղի եւ առաջնորդի բնակարանը:

Tuesday, November 15, 2005

Արաֆաթին

Օրեր առաջ պաղեստինցիները տօնեցին պաղեստինի ազատագրական պայքարի ղեկավար Եասեր Արաֆաթի մահւան առաջին տարելիցը:
Նրա կեանքի տարիները անցել են հայրենիքը ազատելու հոգսերով եւ համարեայ մինչեւ վերջ իր զէնքը վար չդրեց:
Արաֆաթն էլ ինչպէս բազում այլ մարտիկներ սխալ քայլերից զերծ չի եղել իր մարտական կեանքի ընթացքում, օրինակ նա քննադատւում է Օսլոյի պայմանագրի ընդունման, բանկային մեծ գումարներ եւ այլ հարցերում: Սա մնում է պատմութեանը եւ ես էլ չեմ ուզում նրան ներկայացնեմ որպէս մի անսխալական ու սուրբ ռազմիկ այլ պարզապէս որպէս մի անձ որ իր բոլոր ուժերով նւիրւել է իր ազգի ազատագրական պայքարին:
Յիշատակը արդար եւ նմանները բազում:

Wednesday, November 09, 2005

«Ֆեդերալիզմ»՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի պայքարի նոր խաղաքարտ

Անցեալ շաբաթւայ ընթացքում ամերիկեան «Ամերիքան ինթըրփրայզ» աջակողմեան կազմակերպութիւնը հետեւելով Միջին Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականութիւններին ու դրանց գոհացում տալու նպատակով՝ ձեռնարկեց «Ֆեդերալիզմը Իրանում» խորագրով մի խորհրդաժողով: Այդ խորհրդաժողովին որպէս բանախօս՝ հրաւիրւած էին Իրանը կազմող ցեղերի մի քանի ներկայացուցիչներ, ինչպիսին են՝ Մանդանա Զանդ Լոռեստանի՝ զանդիէ ցեղախմբից, Մորթեզա Էսֆանդիարի, որը իրեն որպէս Հիւսիսային ԱՄՆ-ում Քուրդստանի Ժողովրդավար կուսակցութեան ներկայացուցիչ ներկայացրեց, Ամանօլլահ Խան Ռիգի՝ Բալուչեստանի ռիգի ցեղի պետ, Ռահիմ Շահբազի Հիւսիսային Ամերիկայի ազերի համայնքի ներկայացուցիչ:Մատնանշելի է, որ սոյն խորհրդաժողովին նախագահում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռէյգանի կառավարութեան անդամ եւ Իրանին լաւածանօթ Մայքըլ Լեդինը:Նրանով հանդերձ, որ այդ խորհրդաժողովը ԱՄՆ-ում բնակւող իրանցիների կողմից որպէս Իրանը անջատելու ծրագրի սկիզբ էր գնահատւել, բայց բոլոր բանախօսները նախ փորձեցին իրենց խօսքերի սկզբում հերքելով դա՝ խօսել ֆեդերալիզմի «վսեմ» գաղափարի մասին, Իրանի ղեկավարութեանը քննադատելով՝ նրանից պահանջել ոչ-պարսիկ ցեղախմբերի ինքնավարութիւնը:Դարեր է, ինչ ազգայնամոլութիւնն ու ցեղապաշտութիւնը Միջին Արեւելքում եւ Ասիայում որպէս մի կարեւոր զէնք է եղել տարածաշրջանին տիրապետել ցանկացողների ձեռքում, հիմա դա լինի անգլիացի լորդը, ռուս ցարը կամ կարմիր Ստալինը, հրեայ ու քրիստոնեայ սիոնիստը, Ֆրանսիայի մասոնականը եւ կամ վերազգային դրամատիրական համակարգը, որի ցայտուն ներկայացուցիչն է ԱՄՆ-ը:Իրանը մասնատելու եւ ֆեդերատիւ կարգեր հաստատելու Արեւմուտքի նախագիծը նոր չէ, այլ ունի իր պատմական անցեալը, եւ երբ կարիք է եղել ճնշել Իրանին՝ ֆեդերալիզմից որպէս միջոց օգտագործել են Իրանին սպառնալու համար:Քիչ չեն այն ցեղապաշտ խմբակցութիւնները, որոնք պատմութիւնը չուսումնասիրած՝ ծախւել են Արեւմուտքի խեղաթիւրած պատմական հիմունքներին ու կուրօրէն ծառայել են գերուժերի «Դաշնային Իրան» կեղծ նախագծին:Այս օրերում եւ մասնաւորապէս Իրանի նախագահական ընտրութիւններից յետոյ ու Իրանի ատոմական ծրագրերի մասին բանակցութիւնների ներկայ կարեւոր փուլում ԱՄՆ-ն դարձեալ օգտագործում է ֆեդերալիզմի խաղաքարտը, մի շարք անհատների հրահրելով՝ փորձում է ապակայունացնել Իրանի ներքին քաղաքական դաշտը՝ վերջնիս նոր զիջումներ պարտադրելու նպատակով, յատկապէս ատոմական քաղաքականութեան մէջ:Այստեղ նպատակ չունեմ քննարկել ատոմական ծրագրերի գծով Իրանի վարած քաղաքականութիւնը՝ դրան ճիշտ կամ սխալ որակումներ տալով, որովհետեւ դա ուղղակի կապ չունի այս յօդւածի թեմայի հետ, բայց ցաւով պէտք է մատնանշել, որ ցեղային անջատողականութիւնն ու միատարր ազգ հասկացութիւնը Իրանի այն խոցելի կէտն է, որ ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի դէմ, նոյնիսկ ատոմական ծրագրի մասին բանակցութիւնների խնդրում:Ուրեմն՝ եթէ փորձենք խօսել լուծումների մասին, պիտի յանգենք հետեւեալ կէտերին.
1- Այդ ցեղային նկրտումները լոկ զինւորականութեամբ ու զէնքով յաղթահարել չի լինի: Այդ յաղթութիւնը պահանջում է խիստ մշակութային գործ, որի միջոցով Իրանի ժողովրդին պիտի տրւի ազգ ու իրանցի լինելու ճիշտ մեկնաբանութիւն եւ միայն չյենւել կրօնի վրայ՝ որպէս երկրի միասնականութիւնը պահպանելու ազդակ:
2- Բարելաւել երկրի տնտեսական իրավիճակը: Ընդունելով, որ տնտեսութիւնը մարդկային հասարակութեան հիմքն է, ուրեմն՝ այդ հիմքերը երերուն լինելով ու կայունութիւնը խախտւելով առաջանում են անսպասելի դէպքեր, որոնց նշելը ցաւալի է:
3- Ազատել....
4- Բարեկարգել....Ի վերջոյ, պիտի աւելացնեմ, որ բոլորիս համար պէտք է կարեւոր լինի Իրանի հողային ամբողջականութեան պահպանումն ու մարդկային իրաւունքը եւ ազգային անվտանգութիւնը հոմանիշներ ընդունելով՝ չզիջենք մէկը՝ յանուն միւսի, որը պիտի սպառնայ ամենակարեւոր արժէքին՝ հողային ամբողջականութեանը, որը նպաստաւոր է լինելու Իրանի բոլոր հարեւան երկրների, մասնաւորապէս՝ Հայաստանի համար:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը