Friday, April 29, 2011

Իրականությո՞ւն է դառնում Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները

Նախորդ գրությանս մեջ, ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին այսպես էի գրել. «Բայց դեռեւս պարզ չէ, որ իշխանության ու ընդդիմության կայացրած նմանօրինակ երկխոսությունը, որքանով կարող է հասարակությանը զերծ պահել ընդվզումներից, երբ ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ երեք պահանջներն էլ ոչ մի կապ չունեին հասարակական ու սոցիալական իրավիճակը շտկելու եւ բարելավելու հետ: .... Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:» [+]
Եվ ահա իշխանությունը նստած փորձում էր տեսնել ինչ է անելու ՀԱԿ-ը իր հովանավոր ժողովուրդի այն հատվածի հետ, որ երկխոսություն չեն ցանկանում:
Կարծես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, փետրվարի 18-ի հանրահավաքում հնչեցրած կանխատեսումներն իրականանում են: Տեր-Պետրոսյանը հիշյալ հանրահավաքի ընթացքում հայտարարեց.
Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։
Ահա կարծես ՀԱԿ առաջնորդի կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դառնում, երբ հանրահավաքի մասնակիցները, մերժելով շախմատային դիվանագիտությունն ու քաղաքական նախապայմանները, պահանջում էին նստացույց եւ կտրուկ գործողություններ: [+]
Բայց ՀԱԿ-ի պատասխանատուներին ի վերջո, դժվարությամբ, հաջողվեց նստացույց պահանջողներին համոզել, որ նրանք եւս մեկ ամիս սպասեն, որ եթե փոփոխություններ տեղի չունենա, իրենք էլ ժողովուրդի միացած նստացույցի են դիմելու:
Մի խոսքով դժվար օրեր են սպասվում ՀԱԿ-ի համար: Նրանք այս պահին երկու քարի արանքում են մնացել՝ երկխոսության եւ կտրուկ գործողությունների:
Այն, որ քաղաքական ոլորտում երկխոսությունը կարեւոր դեր ունի, կասկած չկա: Հակառակը, ցանկալի է, որ հասարակությանը հուզող խնդիրները լուծվեն համերաշխության ու երկխոսության միջոցով: Բայց հայաստանյան իրավիճը մի տարբերություն ունի այլ հասարակությունների հետ եւ դա այն է, որ քաղաքական ընդդիմությունը հասարակության մեջ սերմանել ու արմատավորել է այն, որ ներկա իշխանությունները լեգիտիմ չեն, ավազակապետեր են, մոնղոլաթաթարներ են եւ այլն: Ժողովուրդը երեք տարի առաջնորդվել է այդ թերմիններով ու տեսլականով, ու այս պահին չեն ցանկանում երկխոսել լեգիտիմություն չունեցող իշխանության հետ:
Ընդդիմադիր ժողովուրդը երկար տարիներ է, որ աջակցել են բարդագույն հաշվարկների արվեստներին եւ արդեն հասարակության մեջ ձեւավորվել է քաղաքական ու հասարակական այն պահանջարկը, որը հրամցվել է իրեն վերջին երեք տարիների ընթացքում: Այդ պահանջների հիման վրա, նրանք 10 զոհ տվեցին, բայց շարունակեցին մնալ ասպարեզում: Ուրեմն չի կարելի ժողովուրդին քննադատել ու ասել, որ քաղաքականությունը բարդ է, դուք միայն ու միայն վստահեք մեզ: Քաղաքական արվեստից «զուրկ» քաղաքացիները շատ լավ են կարող գնահատել իրավիճակը, բայց ցանկանում են մնալ իրադարձությունների կենտրոնում՝ «արվեստագետների» ձեռքին գործիք չդառնալու նպատակով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ էր գնահատել իրավիճակը, երբ իշխանություններին հորդորում էր, որ կորցնելու բան չունեցող ժողովուրդը կարող է հրաժարվել նաեւ քաղաքական պայքարից ու փորձեն իրենց հարցերը լուծել հենց փողոցում:
ՀԱԿ առաջնորդը ապրիլի 28-ի հանրահավաքի ընթացքում, իրենց գետնում հայտնված գնդակը փոխանցեց դաշտի կենտրոն, ու կենտրոնում պահելու է այն քան ժամանակ, մինչեւ պարզ դառնան քաղբանտարկյալների ճակատագիրը:
Ես անձնապես հույս ունեմ, որ քաղբանտարկյալները առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհայտնվեն ազատության մեջ, բայց նաեւ հնարավոր է, որ իշխանությունները փորձեն խաղը մի քանի ժամանակով պահել դաշտի կենտրոնում ու գնահատել իրավիճակն ու մրցակցի կարողությունները: Վստահ չեմ, որ իշխանությունները նման վտանգավոր քայլի կարող են դիմել, բայց եթե նման իրավիճակ տեղի ունենա, ՀԱԿ-ը լուրջ երկընտրանքի առջեւ կարող է հայտնվել:
Թե ՀԱԿ-ը մեկ ամսից հետո ի՞նչ ճանապարհ է ընտրելու, արդեն կապված է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունեցող զարգացումներին:
Կապրենք, կտեսնենք:

Արթին Առաքելյան

Առնչվող տեսանյութ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը