Wednesday, December 15, 2010

Իրանի ներքին ուժային պայքարը նոր փուլ է թեւակոխում


Արթին Առաքելյան


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Մահումդ Ահմադինեժադի կողմից, երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մութաքիի պաշտոնանկությունը, իրանի արտաքին գործերի նախարարության շրջանակներում մեծացնելու է երկրի նախագահի ազդեցությունն ու դերակատարությունը՝ զուգահեռաբար նվազեցնելով իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Խամենեիի ունեցած վերահսկողությունը: Նախքան Ահմադինեժադի գործի գլուխ անցնելը, իրանի արտաքին ու ներքին գործերի նախարարությունները, անվտանգության ծառայություններն (որը իրանում կոչվում է տեղեկատվության նախարարություն) ու Նավթային արդյունաբերության նախարարությունը գտնվում էին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթուլահ Խամենեիի վերահսկողության ներքո: Հիշյալ ոլորտներում նախարարներ ներկայացնելու գործում, սովորաբար նկատի էր առնում այաթոլահ Խամենեիի ունեցած նկատառումները: Իրանում նմանօրինակ ուժային բաժանումները՝ թագավորի ու կառավարության ղեկավարի միջեւ, առկա են եղել, դեռ նախքան իսլամական կարգերի հաստատման ժամանակաշրջանում: 

Ահմադինեժադը, իր պաշտոնավարության առաջին իսկ տարիներին, փորձեց իր ազդեցությունն ու վերահսկողությունը ծավալել, հիշյալ չորս ոլորտների, գրեթե երեքի շրջանակներում: Այս թաքուն հակամարտության վառ օրինակը կարելի է նշել այն, որ Ահմադինեժադի ներկայացրած նախարարը՝ Նավթային արդյունաբերական նախարարության համար, բազմաթիվ անգամներ չստացավ երկրի խորհրդարանի վստահության քվեն եւ հիշյալ նախարարությունը երկար ժամանակ առաջնորդվեց նշանակված տնօրենի, այլ ոչ նախարարի միջոցով: Դա այն ապացույցներից մեկն էր, երբ երկրի առաջնորդը փորձում էր ամեն գնով պահպանել իր ունեցած վերահսկողությունը երկրի ամենակարեւոր նախարարության շրջանակներում: 

Ահմադինեժադը, իր պաշտոնավարության առաջին իսկ ամսին, ՄԱԿ-ում ունեցած իր սկանդալային ելույթներով, փորձեց իր դիրքերն ամրագրել Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում: Դրան հաջորդեցին նախագահի հրամանով Իրանի թվով 45 դեսպանների փոփոխությունները: ԱԳՆ «գրավելու» գործընթացում, դ

ա կարելի է համարել Ահմադինեժադի առաջին քայլը
: Հետեւաբար, Ահմադինեժադը փորձեց արտաքին ոլորտում արձանագրած իր հաջողությունները ծառայեցնել երկրի ներսում ընդարձակվող իր ազդեցության նպատակներին: Միեւնույն ժամանակ, նա անտեսեց նախկին կառավարության սահմանած կարմիր գծերը: Նախկին կառավարության ղեկավար՝ Խաթիմին, ամեն գնով փորձել էր իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած միջազգային բանավեճերը պահել հենց ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում, մինչդեռ Ահմադինեժադի պաշտոնավարության ժամանակահատվածում հիշյալ կարմիր գծերն անուշադրության մատնվեցին, ու բոլոր ամբյոններից հնչեցվեցին ագրեսիա պարունակող հայտարարություններ: Ուստի պատաքական չէր, որ Իրանի միջուկային ծրագրի փաթեթը ՄԱԳԱՏԷ-ից փոխանցվեց ՄԱԿ-ի ԱԽ ու Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին: Նման քաղաքականությունը, սակայն,  նպաստեց Ամհամդինեժադի հաստատմանը Իրանի ուժային բուրգում:

Ահմադինեժադը հաջորդ փուլում, գործող ներքին գործերի նախարար Մուստաֆա Փուր Մուհամադիի համար, որը համարվում էր այաթոլահ Խամենեիի մերձավորներից, հրաժարականի ենթահող պատրաստեց, ու վերջինիս հրաժարականից հետո, իր մերձավորին՝ Սադեղ Մահսուլիին ներկայացրեց որպես ՆԳ նախարար: Մահսուլիին եւս, դժվարությամբ հաջողվեց ստանալ խորհրդարանի վստահության քվեն: [+]

ՆԳՆ-ից հետո, Ահմադինեժադը նպատակադրեց նվաճել Նավթային արդյունաբերության նախարարությունը: Երկար քաշքշուկներից հետո միայն, դա նրան հաջողվեց: [+ , + , +]

Այդ ժամանակահատվածում, Ահմադինեժադին չհաջողվեց լիովին նվաճել ԱԳՆ, եւ նրա կողմից կատարվող բազմաթիվ փորձերը, չեզոքացվում էին երկրի առաջնորդի կողմից ցուցաբերած անհամաձայնություններով: Հետեւաբար իրանի արտաքին քաղաքականության կարեւորագույն երկու ոլորտները՝ Իրանի միջուկային խնդիրն ու ԱՄՆ հետ բանակցությունները մնացին այաթոլահ Խամենեիի վերահսկողության սահմաններում: 

Եւ այս կերպով ավարտվեց Ահմադինեժադի պաշտոնավարության առաջին շրջանը: Նա իր պաշտոնավարության երկրորդ շրջանի սկսզբնական ամիսների ընթացքում, փորձեց արտաքին քաղաքականության ոլորտում, թվով 6 խորհրդականների նշանակությամբ, հակադրվել ԱԳ նախարարությանը: Դա եւս մեծ սկանդալ առաջացրեց Իրանի ներքին քաղաքական կյանքում: Այդ պահին, երկրի ԱԳ նախարարն իրեն զուսպ պահեց ու փորձեց չմիջամտել նախագահի գործողություններին: Բայց երբ կառավարության անձնակազմը հանդիպել էր առաջնորդի հետ, այաթոլահ Խամենեին խիստ քննադատեց երկրի արտաքին ոլորտում առկա զուգահեռ գործողություննեի իրավիճակը: Բայց նախագահ Ահմադինեժադը այդ հանդիպումից հետո, հիշյալ դիվանագետներին պաշտոնապես նշանակեց, որեպս նախագահի արտաքին քաղաքականության ոլորտի խորհրդականներ: [+]

Մութաքին նախ կրավորական դիրքերից ելնելով՝ դրական գնահատեց նախագահի կողմից կատարված կադրային նոր նշանակումները, բայց երբ նորանշանակ խորհրդականներից Համիդ Բաղային Օսմանական Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին հնչեցրեց իր արտասովոր հայտարարությունը՝ հաստատելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, Մութաքին խիստ քննադատեց Ահմադինեժադին՝ ասելով. «Մեզ համար պարզ չէ, թե Բաղային ո՞ր իրավունքով է այդպիսի չկշռադատված հայտարարություններ հնչեցրել, որի հետեւանքով լրջորեն վնասվել են մեր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ»: [+]

Ահմադինեժադը, նման քննադատություններին ուշադրություն չդարձնելով, այս անգամ փորձեց չեզոքացնել ԱԳՆ դիրքերը, եւ արտաքին գործերի նախարարին շրջանցելով՝ անձամբ մասնակցեց մի շարք խորհրդաժողովների, որոնց մասնակցությունն ուղղակիորեն վերապահված էր երկրի ԱԳ նախարարությանը: Մութաքին նախագահի նմանօրինակ գործողություններից հետո նախ փորձեց հրաժարական ներկայացնել, որը եւ կասեցվեց ուժային բազմաթիվ կառույցների միջամտությամբ: 


Սույն տարվա նոյեմբերի կեսին, անսպասելիորեն պարզվեց, որ Նիգերիայի իշխանությունները իրանական բեռնատար նավը խուզարկելուց հետո բեռի մեջ բացահայտել են մեծ քանակությամբ անօրինական զինամթերք, որի վերջնական ուղղությունը հենց այդպես էլ չբացահայտվեց: Պարզվեց նաեւ, որ Իրանի ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չի ունեցել այդ զինամթերքի վաճառքի մասին: Մութաքին շտապ մեկնեց Նիգերիա, բայց նրա ջանքերը ապարդյուն էին՝ Նիգերիայի իշխանությունները այդ դեպքի մասին զեկուցեցին ՄԱԿ-ի ԱԽ: 

Ի վերջո, դեկտեմբերի 13-ի երեկոյան, երբ Մութաքին նախագահի պատգամը Սենեգալի նախագահին հանձնելու նպատակով երկրից դուրս էր գտնվում, Ահմադինեժադը անակնկալ մատուցեց՝ Մութաքիին պաշտոնից ազատելով: Դա, իհարկե, Իրանի նորօրյա քաղաքական պատմության մեջ աննախադեպ իրողություն կարելի է համարել: 

Մութաքիի պաշտոնանկության միջոցով, մի խոսքով, Ահմադինեժադին հաջողվեց իրականացնել իր վաղեմի նպատակը: 

Ահմադինեժադը երկրի ԱԳ նախարարությունն իր վերահսկողության տակ առնելով, կարելի է ասել երեք նպատակ է հետապնդում. նախ լիակատար վերահսկողություն՝ ԱԳՆ եւ երկրի վարած արտաքին քաղաքականության վրա, երկրորդը, միջուկային ոլորտում իր ազդեցությունների գերակայությունը եւ վերջում նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերությունների գործընթացի վրա լիարժեքորեն վերահսկողության սահմանումը: 

Այս տողերի սահմանում փորձեցի ներկայացնել այն իրավիճակը, որը տիրում է Իրանի ներքին քաղաքական կյանքում: Ըստ երեւույթի, այս ուժային պայքարը դեռ երկար է շարունակվելու եւ իր գագաթնակետին է հասնելու Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին: Մի իրադարձություն, որը ըստ պաշտոնանկ արված նախկին մշակույթի նախարար Սաֆար Հարանդիի, ոմանք ձգտում են ժամանակից շուտ դիմել քարոզչական պայքարի, եւ հենց նրա դիտարկմամբ, այդ երեւույթը կարող է երկրում ներքին պատերազի հրահրման պատճառ հանդիսանալ: [+]

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը