Thursday, December 02, 2010

Սաֆար Հարանդի. «Նախագահական քարոզարշավը ժամկետից շուտ սկսելը ներքին պատերազմի պատճառ կդառնա»

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահակազորի ազդեցիկ անդամներից և Ահմադինեժադի նախկին կառավարության մշակույթի նախարար Մուհամադ Հուսեյն Սաֆար Հարանդին Բանդար Աբաս քաղաքում կայացած ԻՀ պահակազորի կոնֆերանսի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է. «Նրանք, ովքեր փորձում են ժամկետից երեք տարի շուտ սկսել նախագահական քարոզարշավը, պիտի գիտակցեն, որ իրենց այդ արարքի հետևանքով, հնարավոր է, երկրում ներքին պատերազմ սկսվի»։
Թեև Սաֆար Հարանդին իր ելույթի ընթացքում ոչ մի անուն չհնչեցրեց, բայց բոլոր քաղաքական փորձագետները միակարծիք են, որ այդ հայտարարությունը վերաբերվում էր գործող նախագահ Ահմադինեժադին ու նրա գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիին: Իրանում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքական փորձագետներն ու դիտորդները, հիմնվելով այն փաստի վրա, որ այս շրջանը համարվում է Ահմադինեժադի նախագահության վերջին շրջանը, կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, երկրի նախագահը փորձելու է ժամկետից շուտ իր մերձավորներից մեկին առաջադրել որպես նախագահական թեկնածու, որի հաղթանակից հետո ինքը հնարավորություն կունենա դարձյալ իր ձեռքերում պահել երկրի ղեկավարումը:
Ռահիմ Մաշային, որը խնամիական կապ ունի Ահմադինեժադի հետ և համարվում է Իրանի սկանդալային քաղաքական դեմքերից, վայելում է գործող նախագահի մեծ հովանավորությունը:
Նախկին կառավարության ժամանակ Ահմադինեժադի կողմից Ռահիմ Մաշայիին որպես նախագահի առաջին տեղակալ նշանակելու իրողության դեմ ընդդիմանալու հետևանքով Սաֆար Հարանդին նախագահի կողմից հեռացվեց մշակույթի նախարարի պաշտոնից: Այդուամենայնիվ, Ռահիմ Մաշային, իր դեմ սկսված բողոքների արդյունքում, երկրի առաջնորդ Խամենեյիի հրահանգով չզբաղեցրեց նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Հետևաբար, Ահմադինեժադը, նրան որպես իր գրասենյակի ղեկավար նշանակելով, փորձագետների կարծիքի համաձայն, ընդդիմացավ երկրի առաջնորդ Խամենեյիի արձակած հրահանգին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը