Հարցազրույց քաղաքական և միջազգային հարցերով իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրի հետ
- Պարոն Բեհեշթիփուր, նախօրեին WikiLeaks կայքի սկանդալային բացահայտումների համաձայն` Հայաստանից Իրան է տեղափոխվել զենք, որով Իրաքում ամերիկյան զինվորականներ են մահացել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս փաստը:
- Նախ` պետք է ճշտել, թե այդ բացահայտված փաստաթղթերը ի՞նչ են: WikiLeaks-ն ասում է, որ այս փաստաթղթերը ամերիկացի դիվանագետներից ձեռք բերված տեղեկություններ են: Ուստի նշանակում է, որ այս տեղեկությունները ամերիկացի դիվանագետների տեսակետներն են: Եթե անգամ դա սուտ էլ լինի, դա, միևնույն է, արտացոլում է ամերիկյան կողմի տեսակետները: Չի բացառվում, որ այդ տեսակետները կարող են և բացարձակ ճշմարիտ լինել, չի բացառվում, որ` սուտ: Այն տեղեկությունը, որ զենք է փոխանցվել Հայաստանից Իրան` մի քիչ նման է կատակի, որովհետև հարց կա` Հայաստանն ինքը այդ ի՞նչ զենք կարող է փոխանցել Իրանին: Բացի այդ, Իրանն ու Հայաստանը երկու անկախ երկրներ են, և 2008 թվականին, որը նշված է այդ բացահայտումների մեջ, Իրանին զենքի վաճառքի արգելք չի եղել, պատժամիջոցները այդ ժամանակ դեռևս միայն տնտեսական էին: Եթե 2010-ի մասին խոսք լիներ, ապա մենք կասեինք, որ այո, այդ տարի Իրանին զենք վաճառելն արդեն արգելված էր: Երկրորդ` այս ընթացքում երկու անկախ երկրներ փորձում են ռազմական և անվտանգության հարցերին առնչվող առևտուր անել. ի՞նչ խնդիր կարող է լինել այդտեղ: Հետևաբար ստացվում է, որ Հայաստանը այս ամենի մեջ միջնորդ է եղել, քանի որ Հայաստանն ինքը վաճառելու ենթակա և իր կողմից արտադրված ռազմամթերք չունի: Մինչև հիմա Իրանին ադրբեջանցիներն էին մեղադրում, որ ինքն է Հայաստանին զենք վաճառում: Դրա համար եմ ասում, որ այդ լուրը կատակի է նման, քանի որ մինչև հիմա մեզ էին մեղադրում Հայաստանին զենք վաճառելու մեջ: Ուրեմն այստեղից եզրակացություն, որ Հայաստանը միջնորդ է եղել այդտեղ նշված գործարքում, և հիմա պիտի տեսնենք, թե այդ զենքը որտեղի՞ց է հասել Հայաստան` Ռուսաստանի՞ց, թե՞ ԱՄՆ-ից: Հայաստանն իր բոլոր ռազմական առևտուրները կատարում է ՌԴ հետ: Հետևաբար հավանական է, որ այդ զենքերը, որոնց մասին խոսք է գնում, Հայաստանը ստացած լինի Ռուսաստանից: Բայց եթե ընդունենք, որ այդ զենքերը Հայաստանը իրոք ստացել է Ռուսաստանից և վաճառել Իրանին, ապա ո՞րն է դրա իմաստը, եթե 2008-ին մենք դեռևս շատ լավ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, և կարող էինք անմիջականորեն հենց այդ երկրից զենք գնել: Կարո՞ղ է պատահել, որ այդ զենքերը ստացվել են Եվրոպայից կամ` ԱՄՆ-ից: Հիմա պետք է քննարկել այն հարցը, որ Հայաստանի իշխանությունը, փաստորեն, օտար երկրներին թույլ է տալիս, որ միջամտեն իր արտաքին քաղաքականությանը, այլ երկրների կարգադրությունները Հայաստանի համար շատ նվաստացուցիչ են: Առհասարակ, անկախ երկրները չպետք է թույլ տան, որպեսզի ուրիշ երկրները իրենց փոխարեն որոշեն, թե իրենք ինչ պետք է անեն: Նմանօրինակ արգելքները միայն այն պայմաններում կարող են լինել, եթե դա արգելող միջազգային պայմանագրեր գոյություն ունենան, բայց նման արգելք չկա: Եվ եթե երկու անկախ երկրներ փորձում են բոլոր ոլորտներում իրար հետ հարաբերություններ ունենալ, ապա անընդունելի է երրորդ երկրի միջամտությունը այդ հարցում, որպեսզի վերջինս թելադրի, թե` դու այդ երկրի հետ հարաբերություններ ունեցի՛ր, կամ` մի՛ ունեցիր: Իրականության մեջ դա նշանակում է հարցականի տակ դնել այդ երկրի անկախության փաստը: Առավել ևս, եթե ԱՄՆ-ն այդ փաստից հետո, այդուհանդերձ, պատժամիջոցներ չի կիրառել, ուրեմն զենքի վաճառքի փաստը ուղղակի լղոզվել է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment