Իրանական Mojmal News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խուսափում է երկրի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիի հետ համագործակցելուց:
Կայքի փոխանցմամբ, հետախուզության նախարարը արդեն երեք նամակ է հղել երկրի նախագահին ու պահանջել, որ անվտանգության մի շարք հարցերի շուրջ նախագահը ժողով գումարի։ Դրանք, սակայն, անպատասխան են մնացել: Նախարարը, նամակների պատասխանը չստանալով, անձամբ է դիմել նախագահին, իսկ վերջինս պատասխանել է. «Ինչպես որ ուրիշներին եք գրավոր զեկուցում, ինձ էլ գրավոր զեկույց ուղարկեք»։
Ահմադինեժադը, ըստ նախարարի պնդումների, Մոսլեհիին ասել է. «Եթե ինչ-որ հարց կա, կարող եք ժողովի հրավիրել գրասենյակի ղեկավարներ Մաշայիին և Բաղայիին, հետո նրանք ինձ դրա մասին կզեկուցեն»։
Կայքը ավելացրել է նաև, որ անգամ երբ Հեյդար Մոսլեհին հետախուզության բարձաստիճան ղեկավարների համաժողովին հրավիրել է երկրի նախագահին, վերջինս պատասխանել է. «Ես չեմ կարող մասնակցել, գնացեք ուրիշներին հրավիրեք»։
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի հետախուզության նախարար Մոսլեհին նախագահի ճնշումների արդյունքում հրաժարական էր ներկայացրել, բայց Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ուղղակի հրամանագրով վերադարձել էր իր պաշտոնին: Այդ միջադեպից հետո Ահմադինեժադը մոտ 2 շաբաթ խռովել էր ու չէր ներկայանում կառավարության նիստերին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment