Monday, June 20, 2011

Իրանի խորհրդարանը հարցաքննելու է ԱԳ նախարարին


Իրանի խորհրդարանի պատգամավորները ստորագրություն են հավաքել երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին հարցաքննելու նպատակով:

Սալեհիի հարցաքննության գլխավոր դրդապատճառը նրա կողմից «Արտասահմանում ապրող իրանցիների խորհրդի» ղեկավար Մուհամադ Շարիֆ Մալեքզադեին ԱԳՆ ֆինանսների հարցերով տեղակալ նշանակելու փաստն է:

Իրանական Fars գործակալությունը, անդրադառնալով դրան, հայտարարել է, որ կառավարության մոլորվածներն ու դավադիրներն արդեն փորձում են ներթափանցել ԱԳ նախարարություն:

Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ ԱԳ նախարար Սալեհիին խորհրդարան կանչելու և հարցաքննելու նպատակով արդեն 25 ստորագրություն է հավաքվել:

Իրանի խորհրդարանի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փարվիզ Սարվային, Mehr գործակալության հետ զրույցում անդրադառնալով Մալեքզադեյի նշանակմանը, հայտարարել է. «Կառավարության մեջ ներթափանցած դավադիրներ ամեն գնով փորձում են իրենց ցանկությունները պարտադրել նախագահին: Իսկ նմանօրինակ կարևոր պաշտոնների նշանակելուց պետք է շատ ուշադիր լինել և խուսափել քաղաքական ու տնտեսական անհայտ անցյալ ունեցող մարդկանց նշանակումից»։

Ավելացնենք, որ Մալեքզադեն համարվում է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի մերձավորներից, որին պահպանողականները համարում են կառավարության մեջ ներթափանցած դավադիրների պարագլուխը:

Մալեքզադեն մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը