Wednesday, June 15, 2011

Ահմադինեժադը կրկին հեռացրել է հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին


Իրանական ILNA լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին հեռացրել է ֆինանսների և վարկային խորհրդի կազմից:

Իրանի ֆինանսների և վարկային խորհրդի անդամ Հադի Ղավամին ILNA գործակալությանը հաղորդել է. «Հիշյալ խորհրդի կազմի փոփոխությունը նախագահի իրավասությունների մեջ է: Հետևաբար, նախագահը հնարավորություն ունի, ըստ իր հայեցողության, փոփոխության ենթարկել խորհրդի կազմը:

Նախագահ Ահմադինեժադը ֆինանսների և վարկային խորհրդի կազմից հեռացրել է հետախուզության և արդյունաբերության նախարարներին:

Ավելացնենք, որ ֆինանսների և վարկային խորհուրդը Իրանի ֆինանսական ռազմավարությունը ճշտող բարձրագույն խորհուրդն է:

Իրանական պահպանողական Raja News լրատվական կայքը, անդրադառնալով Մոսլեհիի հեռացմանը, գրել է. «Ըստ երևույթին, հետախուզության նախարարն այս անգամ էլ կառավարության մեջ ներթափանցած մոլորվածների մաքրագործման զոհն է դարձել»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ահմադինեժադի և նրա թիմակիցների ճնշումների հետևանքով հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել էր նախագահի կողմից, բայց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղղակի հրամանագրով Մոսլեհին կրկին իր պաշտոնին էր վերադարձել: Այդ միջադեպի պատճառով Ահմադինեժադը մոտ երկու շաբաթ նեղացած էր ու չէր մասնակցում կառավարության նիստերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը