Իրանական IRIB պետական լրատվական գործակալությունը ընդարձակ զեկույցով անդրադարձել է իրանցի այն զբոսաշրջիկներին, որոնք իրենց ժամանակն անց են կացնում Հայաստանում:
Գործակալության համաձայն՝ միայն անցյալ շաբաթվա ընթացքում 6500 իրանցի զբոսաշրջիկներ Իրան-Հայաստան ցամաքային սահմանով մուտք են գործել Հայաստանի տարածք:
Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների մեծ մասը 20-35 տարեկան երիտասարդներ են, որոնք ցանկանում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում, գլխավորաբար՝ Երևանում:
Գործակալության հաղորդմամբ, Հայաստանի զբոսաշրջության գները մատչելի են իրանցիներին, և դա գլխավոր պատճառն է, որ իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են գնալ Հայաստան:
Նորդուզ սահմանային կետի մաքսային ծառայող Մոշաֆեղին IRIB-ին հաղորդել է, որ շաբաթվա վերջին օրերին ավելի քան 1400 իրանցի զբոսաշրջիկ է մտնում Հայաստան, իսկ մնացորդ օրերին էլ այդ թիվը կազմում է ավելի քան 400 հոգի: Մոշաֆեղիի փոխանցմամբ, իրանցի յուրաքանչյուր 1000 զբոսաշրջիկի դիմաց Հայաստանի 50 քաղաքացիներ էլ մուտք են գործում Իրանի տարածք:
Գործակալության փոխանցմամբ՝ երբ զբոսաշրջիկների թիվը ավելանում է Հայաստանում, համեմատաբար հյուրանոցների ու վարձու տների գներն էլ աճ են արձանագրում: Հայաստանի կառավարությունն էլ ոչ մի վերահսկողություն չի սահմանում այդ գնաճի վրա:
Իրանի հյուսիսարևմտյան շրջանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռեզա Եաղուբին, անդրադառնալով Հայաստան մեկնող իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքին, դրա գլխավոր պատճառներից է համարում է, որ իրանական կողմը ոչ մի ջանք չի թափում, որ իր երկրում զարգանա զբոսաշրջությունը, այդ իսկ պատճառով էլ իրանցիները ամեն օր ավելի մեծ թվով մեկնում են Հայաստան:
Նույն թեմային է անդրադարձել իրանական ISNA գործակալությունը: Իրանի տուրիստական գործակալությունների միության անդամ Մուստաֆա Շաֆիիշաքիբը ISNA-ի հետ զրույցում էլ խիստ դժգոհել է իրանի զբոսաշրջության իրավիճակից: Նա նախանձով է խոսել Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սիրիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զբոսաշրջության նախագծերի մասին ու դիմելով իրանցի պաշտոնյաներին՝ հայտարարել է. «Մինչև երբ այդ երկրները պիտի աճեն ու զարգանան մեր զբոսաշրջիկների գումարներով, ու դրա դիմաց ամեն օր է՛լ ավելի վատթարանա մեր զբոսաշրջությունը»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment