Հունիսի սկզբին Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցի հետաձգման պատճառների կապակցությամբ BBC-ի պարսկերեն ծառայությունը ծավալուն հարցազրույց է վերցրել «Առաջին լրատվականի» Տարածաշրջան-Իրան ենթաբաժնի պատասխանատու Արթին Առաքելյանից, որն էլ ձեզ ենք ներկայացնում թարգմանաբար:
BBC – Հունիսի 6-ին պարզվեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան կատարելիք իր այցելությունը վերջին վարկյանին հետաձգել է: Իրանական կողմը հայտարարում է, որ հայկական կողմը չէր նախապատրաստել մի շարք փաստաթղթեր, որոնք պիտի ստորագրվեին, այդ իսկ պատճառով էլ այցը հետաձգվել է: Այդ մասին զրուցում ենք Արթին Առաքելյանի հետ:
Պրն. Առաքելյան, կարո՞ղ եք ասել, որ հայկական կողմը այցի հետաձգման մասին որևէ բացատրություն ներկայացրել է:
Ա. Առաքելյան – Միայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հունիսի 6-ի առավոտյան մի քանի տողով հայտարարեց, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցը հետաձգվել է:
BBC – Հայաստանյան մամլում կամ քաղաքական շրջանակներում այդ հանդիպման հետաձգման շուրջ ի՞նչ պատճառներ են տեսնում:
Ա. Առաքելյան – Անկախ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հայտարարությունից, միակ մեկնաբանությունը, որ հնչեցվեց այցի հետաձգման մասին, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կողմից էր: Հովհաննիսյանը, անդրադառնալով Ահմադինեժադի այցի հետաձգմանը, հայտարարել է, որ վերջին պահին օրակարգային այնպիսի հարցեր են առաջացել, որոնք Հայաստանը դեռևս իր ներքին քննարկմանը պետք էր ենթարկել, դրա համար էլ որոշել են այցը հետաձգել: Սա միակ արձագանքն էր, որ հենց հունիսի 6-ին եղավ Իրանի նախագահի այցի հետաձգման մասին:
BBC – Արդյո՞ք այդ օրակարգային նոր հարցերը պարզ են, թե՞ վերջին պահերին ինչ-որ բան է ավելացել նախագահների հանդիպման օրակարգին, որ նրանք համաձայնվել են հետաձգել հանդիպումը:
Ա. Առաքելյան – Եթե փորձենք վերլուծել այդ խնդիրը, պիտի ասեմ, որ վերջին մեկ ամիսը Իրան-Հայաստան հարաբերություններում նորություններով ամենահագեցած ամիսն է եղել: Եթե միայն փորձենք կարճ անդրադառնալ վերջին մեկ ամսվա անցուդարձին, բացի տնտեսական բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումից, տեսնում ենք, օրինակ, մայիսի 4-ին Իրանի ՊՆ տեղակալ Ռեզա Մոզաֆարինիան հանդիպումը ՀՀ ՊՆ հետ Երևանում, որի մասին մանրամասնություններ չեն հաղորդվել: Մայիսի 9-ին Իրանի Արդաբիլ քաղաքի հոգևոր առաջնորդ Հոջաթոլիսլամ Ամելին աննախադեպ հայտարարությամբ հանդես եկավ, որի համաձայն՝ ԼՂՀ հակամարտության տարիներին Իրանը լուրջ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Սա ինքին լուրջ քննարկման առիթ դարձավ ՀՀ ԱԺ-ում:
Մայիսի 25-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նոր հայտարարությամբ հանդես եկան ԼՂ-ի մասին: Դրա համաձայն՝ կողմերը պիտի առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում գործնական լուրջ որոշումների հասնեն: Այս հայտարարությունը ապացուցում է, որ լուրջ ճնշումներ կան հակամարտող կողմերի վրա: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հայկական կողմը պիտի համաձայնվի իր վերահսկողության ներքո գտնվող ԼՂ հարակից շրջաններից 5-ը վերադարձնել ադրբեջանական կողմին և փոխարենը Ադրբեջան պիտի ճանաչի ԼՂ անկախությունը: Հետևաբար հնարավոր է, որ այդ նախագծի իրագործման արդյունքում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն ԼՂ-ում, որը խիստ մտահոգում է Իրանին:
Ուստի ես ենթադրում եմ, որ Իրանի նախագահը իր այցի ընթացքում պիտի քննարկեր հենց այդ հարցը: Հավանաբար Վահան Հովհաննիսյանն էլ հենց դրա մասին էր փորձում ակնարկել, որ Իրանը այդ հարցը վերջին պահին օրակարգ է դրել ու հայկական կողմը հարկ է համարել դրա մասին քննարկումներ իրականացնել:
BBC – Ուրեմն ամբողջ հարցը կարծես Ղարաբաղի շուրջ է ընթանում: Եթե կարելի է՝ ամփոփ ասեք, արդյո՞ք Իրանը կարող է ԼՂ հարցի շուրջ լուրջ դերակատարություն ունենալ:
Ա. Առաքելյան – Ես կարծում եմ, որ Իրանը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Մեր տարածաշրջանում Իրանը, բացի ռազմական հզոր երկիր լինելուց, նաև տնտեսական լուրջ ներկայություն ունի տարածաշրջանի երկրներում: Իրանը տարածաշրջանի երկրների վրա ազդելու մեծ լծակներ ունի:
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment