Իրանական Serat News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար, կառավարության սկանդալային անդամ Էսֆանդյար Ռահիմ Մաշային երկար ժամանակ է, ինչ բացակայում է, և նրա մասին որևէ լուր չի հաղորդվում:
Կայքի փոխանցմամբ՝ Ռահիմ Մաշային, որը միշտ նախագահի կողքին է եղել բոլոր կարևոր միջոցառումներին, արդեն 14 միջոցառում է, որ չի ընկերակցել Ահմադինեժադին: Նաև Իրանի նախագահի լրատվական կայքում նախագահի գրասենյակի լրատվական բաժինը ավելի քան երկու շաբաթ է, ինչ չի թարմացվել:
Serat News-ը ավելացրել է, որ իրենց լրագրողին էլ չի հաջողվել նոր պարզաբանումներ գտնել նրա բացակայության մասին:
Հատկանշական է, որ անցյալ շաբաթ «Սեդայե Շիրազ» իրանական լրատվական կայքը հայտարարեց, թե Ռահիմ Մաշային տնային կալանքի է ենթարկվել, ինչը ժամեր անց հենց Ռահիմ Մաշայիի աջակից կայքերի կողմից հերքվեց, և հիշյալ կայքը մի քանի ժամով շարքից դուրս եկավ:
Որոշ լրատվական կայքեր նաև ավելացնում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցելությունն էլ հետաձգվել է հենց Ռահիմ Մաշայիի պատճառով: Հիշյալ աղբյուրները նշում են, որ նախագահի երկու ուղեկցողները՝ Ռահիմ Մաշային ու Համիդ Բաղային, երկիրը լքելու թույլտվություն չեն ունեցել, և Ահմադինեժադն այդ պատճառով չի կարողացել այցելել Հայաստան:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment