Friday, November 12, 2010

Իրանում ընդհատակյա վերահրատարակվում է ընդդիմության օրաթերթը

Արդեն 15 ամիս է, ինչ իրանական ընդդիմադիր «Էթեմադ Մելլի» («Ազգային Վստահություն») կուսակցության՝ նույն անունը կրող օրգան օրաթերթն արգելված է: Սույն կուսակցությունը գլխավորում է Մահդի Քյարուբին, որը վերջին երկու նախագահական ընտրությունների ընթացքում Ահմադինեժադի գլխավոր մրցակիցներից էր համարվում: Իրանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ընտրախախտումների դեմ ընդվզեց ու ցույցեր կազմակերպեց բազմաթիվ քաղաքներում, Իրանի իշխանությունները արդեն ժողովրդի վստահությունը վայելող «Էթեմադ Մելլի» օրաթերթն արգելափակեցին:
Եվ ահա, մեկ տարի անց «Էթեմադ Մելլի» օրաթերթը կրկին հրատարակվում է, այս անգամ՝ ընդհատակյա ու մեկ էջի սահմանում միայն:
Թերթի «Մենք եկանք իրազեկելու համար» խորագրով առաջին խմբագրականում կարդում ենք. «Այն պայմաններում, երբ իշխանամետ լրատվամիջոցները, իրենց անսահման բյուջեներով, փորձում են այլակերպել մեր հասարակության իրավիճակն ու կոծկում են կառավարության թերությունները, այս օրաթերթը տեղեկատվության ասպարեզ է վերադառնում՝ հույս ունենալով, որ իր հրապարակած տեղեկությունների հիման վրա ժողովուրդն իրազեկված, հստակ քայլեր կձեռնարկի նպատակներն իրագործելու համար: Տնտեսական ու հասարակական այս դժվարին պայմաններում, երբ հայրենանվեր ու լավագույն մարդիկ բանտերում են գտնվում, մինչդեռ երկրի նախագահը Իրանն աշխարհում ամենաազատ երկիրն է համարում, այս օրաթերթը իր գործընկերների հետ միասին աշխատելու է ժողովրդին իրազեկ պահելու նպատակադրումով»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը