Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց մի քանի իրանցիների հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ Իրանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ցուցարարներից Բաբաք Իջադն ասաց. «Իրանը պատմության ընթացքում մարդու իրավունքների հիմնադիրն է համարվում, և Կյուրոսը առաջին տիրակալն էր աշխարհում, որ իր երկրում հաստատեց մարդու իրավունքները: Բայց հիմա ճիշտ հակառակն է ստացվում: Իրանի իշխանություններին այլևս չեն հետաքրքրում մարդու իրավունքները, նրանք միլիոններով գումար են հատկացնում այլ երկրների գործերին միջամտելու համար, բայց սեփական ժողովրդին ամենադաժան ձևով են վերաբերվում. ճնշում, բանտարկում, մահապատժի են ենթարկում, քարկոծում և այլն:»
Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով եք բողոքի այս ակցիաները Հայաստանում անցկացնում, մեկ այլ ցուցարար՝ Օմիդ Էսմաիլզադեհը, պատասխանեց. «Մենք մեր երկրում ցույցի հնարավորություն չունենք, եթե նման թեմաների մասին ցույց կազմակերպենք, անմիջապես բանտում կհայտնվենք: Այդ իսկ պատճառով փորձում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել Հայաստանում, որ գոնե միջազգային հանրությունը կարողանա լսել մեր բողոքները: Մենք նաև ՀՀ իշխանություններից ու ժողովրդից խնդրում ենք, ինչպես մյուս ազատատենչ երկրների իշխանություններն ու ժողովուրդները, իրենք էլ դատապարտեն Իրանում մարդու իրավունքների դեմ ընթացող ոտնահարումն ու ճնշումը:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment