Արթին Առաքելյան
Իրաքում տիրող ութ ամսյա քաղաքական հակամարտության արդյունքում, ի վերջո երկրի նոր կառավարությունը՝ Նուրի Ալ Մալեքիի գլխավորությամբ կյանքի կոչվեց: Իրաքի նոր կազմված կառավարությունն, որը իրաքյան զանազան ցեղախմբերի ու քաղաքական ուժերի մասնակցության ու համաձայնության արդյունքն է, կրում է «Ազգային Միասնություն» անվանումը:
Նոր կառավարության ձեւավորման ամենամեծ հաղթողն է համարվում, նորընտիր վարչապետ, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հովանավորված Նուրի ալ Մալեքին: Այդ շարքում նաեւ, ամենամեծ պարտվողն է ճանաչվել, Սաուդական Արաբիայի կողմից հովանավորվող, «Ալ Արաղիե» խմբակցության ղեկավար Այադ Ալավին, որի գլխավորած խմբակցությունը ութը ամիս առաջ, խորհրդարանական ընտրություններում հաղթող ճանաչվեց, բայց ի վերջո՝ պարտավորված, կառավարությունը հանձնեց իրանի կողմից հովանավորվող «Շիա» կողմին:
Բայց անկախ վերջին պայմանավորվածություններից ու համաձայնություններից, դեռեւս Իրաքում շարունակվում է ուժային պայքարը՝ Նուրի Ալ Մալեքիի (Շիաների թեւը) ու Այադ Ալավիի (Սունիների թեւը) ու նրանց տարածաշրջանային եւ միջազգային հովանավորների միջեւ:
Իրանը, ԱՄՆ-ն ու Սաուդական Արաբիան, որը իրաքում իրենց ներկայությունն ու ազդեցությունը պահպանելու եւ ծավալելու ուղղությամբ՝ մրցակցում են միմյանց դեմ, վերջին ութ ամիսների ընթացքում, լրջորեն հետեւում էին Իրաքում տիրող զարգացումներին եւ զանազան միջոցներով փորձում էին իրենց ազդեցությունն ունենալ նորընտիր կառավարության կազմավորման գործընթացում: Մի խոսքով, վերջին ութ ամիսները, իրաքում լուրջ մրցակցություն էր տիրում Իրանի ու Սաուդական Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Իրանն ամեն գնով փորձում էր պաշտպանել շիաներին պատկանող եւ Թեհրանի դաշնակիցները համարվող «Իրաքի Ազգային Կոալիցիայի» ու «Օրենքի Երկիր Կոալիցիայի» խմբավորումների դիրքերը: Դրա դիմաց, Սաուդական Արաբիան հսկայական գումարներ ներդնելով, փորձում էր պաշտպանել սունիներին պատկանող «Ալ Արաղիե» խմբակցության շահերը:
Իրանը մտադիր էր, ութը ամիս առաջ պարտություն կրած Ալ Մալեքիին ամեն գնով տեսնել կառավարության ղեկին, այդ իսկ պատճառով բանակցություններ սկսեց Մուղթադա Սադրի եւ «Իրաքի Ազգային Կուալիցիա» խմբակցության ղեկավար Օմար Ալ Հաքիմի հետ: Վերջին երկու տարվա ընթացքում, թե՛ Սադրը եւ թե՛ Հաքիմը լուրջ խնդիրներ ունեին Ալ Մալեքիի հետ, եւ համարվում էին նրա խիստ քննադատողները: Բայց իրանին հաջողվեց, այդ խմբակցություններին միավորել Ալ Մալեքիի շուրջ, եւ արդյունքում խնորհրդարանում ստանալ 159 մանդատ:
Փաստորեն, Թեհրանն այդ համաձայնությունը իրականացնելով, մի կերպ բարելավվեց խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում կորցրած դիրքերը եւ մեկուսացնել Սաուդական Արաբիայի հովանավորած խմբակցությանը: Ի վերջո, այդ քաղաքական հակամարտության ավարտին, Իրաքի խորհրդարանը, պատգամավորներին ժողովի հրավիրելով, վերջ տվեց ութ ամսյա անորոշությանը: «Ալ Արաղիե» խմբակցությանը հաջողվեց ստանձնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, «Իրաքի Քյուրդերի» ցանկով առաջադրված Ջալալ Թաթիբանիին հասավ երկրի նախագահի պաշտոնը, եւ վերջում, վարչապետի պաշտոնը ստանձնեց Նուրի Ալ Մալեքին:
Իրականում, իրանի համար, Ալ Մալեքիին վարչապետի պաշտոնին հասցնելը այդքան էլ դյուրին չեր, որովհետեւ ԱՄՆ-ն վերջին շրջանում, իրաքի իրավիճակը փակուղիից հանելու նպատակով, առաջարկել էր երկրի համակարգում ստեղծել «Ռազմավարական Քաղաքականություններ» անունով մի խորհուրդ, որի պարտականությունը լինելու է ռազմավարական բնույթ ունեցով բոլոր որոշումների քննողն ու վավերացնողը: Իրանը, վարչապետի պաշտոնը Ալ Մալեքիի համար ապահովելու նպատակով, ճարահատված, «Ռազմավարական Քաղաքականությունների Խորհրդի» պաշտոնը թողեց Այադ Ալավիին:
Դրանով հանդերձ, որ Իրանին հաջողվեց վարչեպետի պաշտոնին նստեցնել իր դաշնակից Ալ Մալեքիին, բայց եւ այնպես լուրջ մտահոգություններ ունի «Ռազմավարական Քաղաքականությունների Խորհրդի» հետ կապված, եւ ներկա պահին փորձում է ամեն գնով սահմանափակումներ ստեղծել այդ խորհրդի լիազորությունների շուրջ:
Թվում է, թե հիշյալ խորհրդի լիազորությունները սահմանելու գործընթացում, կրկին քաղաքական մրցակցության, կամ ավելի ճիշտ՝ հակամարտության ականատեսը լինենք: Մի կողմից, անհավանական է թվում, որ իրանական կողմը, իր իրաքցի դաշնակիցներով, ռազմավարական ու անվտանգության ոլորտներում Այադ Ալավիի դերակատարությանը հավանություն տան, եւ մյուս կողմից, ԱՄՆ ու Սաուդական Արաբիան փորձելու են սահմանափակումներ առաջացնել վարչապետի լիազորպւթյունների շուրջ, որի արդյունքում, վարչապետը կզրկվի ռազմավարական ու անվտանգության հարցերի շուրջ միայնակ որոշումներ իրականացնելու հաջույքից, ու նմանօրինակ հարցեր քննարկելու համար, վստահ պիտի հաշվի առնի Այադ Ալավիի ու նրա գլխավորած «Ռազմավարական Քաղաքականությունների» խորհրդի տեսակետները:
Այսպիտով, չնայած Իրաքի «Ազգային Միասնություն» կոչված կառավարության ձեւավորումը, Իրաքում հանդարդեցրեց քաղաքական կրքերը, բայց կուլիսների հետեւում, դեռեւս շարունակվելու է ուժային մրցակցությունը՝ Նուրի Ալ Մալեքիի եւ Այադ Ալավիի գլխավորությամբ: Մի խոսքով, Իրաքում՝ Իրանի, ԱՄՆ-ի ու Սաուդական Արաբիայի միջեւ ընթացող մրցակցությունը, Իրաքի նոր կառավարության ձեւավորումով, նոր փուլ է անցել եւ ընթանալու է «Ռազմավարական Քաղաքականությունների» խորհրդի լիազորությունները սահմանելու գործընթացի շուրջ:
0 Պատգամ:
Post a Comment