Thursday, February 03, 2011

Իրանի ռեֆորմիստների առաջնորդները հանդիպեցին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության բաժնի հաղորդմամբ, Իրանի ռեֆորմիստների առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին հանդիպել են ու խոսել Իրանում վերջին շրջանում մահապատիժների նոր թափի ու արաբական երկրներում տիրող իրադարձությունների շուրջ:

Լուրերի համաձայն` հիշյալ հանդիպմանը ներկա է եղել նաև կրոնական առաջնորդ այաթոլլահ Բայաթ Զանջանին:

Ռեֆորմիստ առաջնորդները, հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում նոր թափ առած մահապատիժների հարցին, կարծիք են հայտնել, որ իշխանությունները մտադիր են այդ մահապատիժների միջոցով, որոնց մեծ մասի դատական գործընթացն անգամ իր ավարտին չի հասել, վախ ու սարսափ առաջացնել հասարակության մեջ: 

Նրանց կարծիքով. «Անցյալ տարվա ընթացքում ավելի քան 300 մարդու սպանությունն ապացուցում է միայն այն, որ իշխանությունները փորձում են հասարակության մեջ վախի ու սարսափի զգացումը տարածել, որի արդյունքում Իրանն ավելի է մեկուսանում միջազգային ոլորտում: Արդյոք մահապատիժը, առանց դատական գործն ավարտին հասցնելու և մեղադրյալի ընտանիքին տեղյակ պահելու, կարելի՞ է մարդկային ու իսլամական արժեքներին համահունչ համարել: Նաև վերջերս նոր խնդիր էլ է ի հայտ եկել. մահապատժի ենթարկվածի դիակը չեն հանձնում իր ընտանիքին։ Պարզ չէ, թե դա ի՞նչ նոր օրենք է, որը գործադրում են»։

Ռեֆորմիստ առաջնորդները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին:

«Թեև Եգիպտոսի նախագահը փորձում է իրադարձության ղեկը պահել իր ձեռքերում, բայց ժողովուրդը շարունակում է ներկայանալ բողոքի ցույցերին: Այդ ընթացքում գնահատելի է նաև Եգիպտոսի բանակի հայտարարությունը, որում ասվել է, թե բանակը կրակ չի բացելու ժողովրդի վրա: Այսօրվա Եգիպտոսում նաև ժողովրդին թույլատրում են մասնակցել ցույցերի, որի արդյունքում պարզ կդառնա, թե որ կողմի ուժը կգերազանցի մյուսին: Մենք համոզված ենք, որ եթե Իրանում էլ թույլ տան՝ ժողովուրդը, որը բողոքում է նախագահական ընտրությունների արդյունքից, ցույցի դուրս գա, պարզ կդառնա, թե իրականում ժողովուրդը ո՞ւմ է ուզում և ո՞ւմ ոչ»:

Հարկ է նշել, որ Միր Հուսեյն Մուսավին Իրան-Իրաք պատերազմի տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության վարչապետն է եղել, իսկ Մեհդի Քարուբին նախագահել է Իրանի խորհրդարանի երրորդ ու վեցերորդ նստաշրջանները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը