Առհասարակ ուժը երկու տեսակ է, առարկայական ու ենթակայական կամ աւելի պարզ ասած՝ նիւթական ու հոգեբանական: Չկայ յաջողակ մի համակարգ, որ զուրկ լինի այս երկուսից եւ կամ ունենայ միայն մէկը ու յետոյ պատմութեան ընթացքում յաջողութիւն արձանագրի:Ազգն էլ որպէս մի գործող համակարգ՝ նոյնպէս իր յաջողութեան համար կարիք ունի թէ՛ նիւթական, եւ թէ՛ հոգեբանական ուժի՝ հաւասար չափով: Չենք կարող մէկը աւելի գերադասել միւսից:Այս նախաբանը գրեցի միայն այն պատճառով, որ պարզ լինի, թէ ընդհանրապէս ինչ է այս յօդւածի նպատակը:Մենք՝ հայերս, պատմութեան ընթացքում եղել ենք ստեղծագործ, քաջ ու արի ազգ, որի միջոցով զարգացել է մարդկութեան քաղաքակրթութիւնը: Նաեւ եղել են տարիներ, որոնց ընթացքում հայերը կորցրել են ազատութիւնը, անկախութիւնը եւ առհասարակ իրենց իրաւունքը: Դժբախտաբար, վերջին 600 տարիների ընթացքում մենք աւելիով կորցրել ենք մեր իրաւունքները՝ քան ձեռք բերել: Օրինակի համար՝ կորցրեցինք Կիլիկիոյ թագաւորութիւնը, անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, որը ձեռք էր բերւել 1918-ի մայիսի 28-ին, Արցախը, Ջաւախքը, Նախիջեւանը եւ ամենից կարեւորագոյնը՝ կորցրեցինք աւելի քան 1.5 միլիոն շունչ, որը ամենամեծ երաշխիքն էր ազգային ուժի ու հզօրութեան համար:Այս բոլորից յետոյ հայութեան պատմութեան մէջ եզակի նշանակութիւն ունեցաւ Արցախի ազատագրական պայքարը, որը, ի վերջոյ, աւարտւեց յօգուտ հայերի:Վերջին շաբաթների ընթացքում տարբեր անձանց կողմից լսւում են Արցախի հարցի կարգաւորման մասին խօսքեր:Մասնաւորապէս, խօսւում է, թէ 2006-ին կարգաւորւելու է այդ սառեցւած հակամարտութիւնը, որովհետեւ այդ տարւայ ընթացքում ո՛չ Հայաստանում եւ ո՛չ Ադրբեջանում չկան կարեւոր ընտրութիւններ, որոնք պիտի խանգարեն բանակցութիւնների ընթացքը:Բայց ինչքան իրական են վերոյիշեալ խօսքերը: Արդեօք իրապէս կարգաւորւելո՞ւ է Արցախի հակամարտութիւնը եւ աւելի կարեւորը այն է, թէ ինչպէս պիտի աւարտւի դա:Մի քանի երեւոյթներ ցոյց են տալիս, որ հակառակ բոլոր խօսքերին՝ Արցախի հակամարտութիւնը իր աւարտին չի հասնի 2006 թւականին: Օրինակի համար՝ խօսւում է, թէ եթէ պիտի կարգաւորւէր հակամարտութիւնը, ինչո՞ւ Արեւմուտքը աւարտեց Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթատար խողովակի նախագիծը:Եթէ ուզենք լաւատեսօրէն նայել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին օրերի յայտարարութիւններին, կը յանգենք այն կարծիքին, թէ 2006 թւականին կարող է կարեւոր քայլ առնել Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Օրինակ՝ կարող է ստորագրւել որեւէ կարեւոր պայմանագիր եւ կամ Արցախը որպէս հակամարտութեան կողմ՝ ներքաշւել բանակցութիւնների մէջ. մի բան, որը կօգնի հակամարտութեան կարգաւորմանը: Համանախագահները եւ առհասարակ բոլոր միջնորդները նկատի պիտի առնեն, որ Արցախը նախ անկախ միաւոր է եւ պիտի բանակցել նրա հետ: Հակամարտութեան տարիների ընթացքում Իրանը որպէս մի կարեւոր հարեւան երկիր, որը սահմանակից է Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի հետ, փորձեց միջնորդել համակարտող կողմերի միջեւ, բայց, դժբախտաբար, օրւայ փորձագէտները լաւագոյնս տեղեակ չէին հակամարտութեանը եւ Արցախին չներքաշեցին բանակցութիւնների մէջ. դա էր գլխաւոր պատճառը, որ երբ Թեհրանում ստորագրւում էր մի պայմանագիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, միառ ժամանակ անց արցախցիները դա խախտելով՝ գրաւում էին մի կարեւոր շրջան:Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցին՝ պիտի մատնանշեմ, որ իմ կարծիքով՝ այսօր այդ կարեւոր հարցը դարձել է խաղալիք Եւրոպայի ձեռքում: Նրանք երբ ուզում են ճնշել Թուրքիային, որից միայն շահում են իրենք՝ եւրոպացիները, առաջ են քաշում Հայոց Ցեղասպանութեան հարցը եւ երբ հասնում են իրենց նպատակներին, մոռանում են անգամ հայի անունը:Այս ձեւը նոր չէ, այլ եղել է հէնց 19-րդ եւ 20-րդ դարերում. երբ Եւրոպան ուզեց կործանել Օսմանեան կայսրութիւնը, փորձեց պաշտպանել Հայ Դատը եւ երբ հասաւ իր նպատակին, իր աչքերը փակեց երիտասարդ թուրքերի միջոցով կատարւած Հայոց Ցեղասպանութեան վրայ:Վստահ եղէք, որ եթէ մենք ճիշտ օգտւէինք մեր Հայկական սփիւռքից եւ դառնայինք հզօր, թէ՛ նիւթապէս եւ թէ՛ հոգեպէս, այսօր ոչ միայն Լիտւան կընդունէր Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ՝ բոլոր մեծ տէրութիւնները եւ մինչեւ անգամ կը պաշտպանէին հայերի անվտանգութիւնը:Այսօր եթէ հզօր լինէինք, արդեօք մի թուրք կամ ադրբեջանցի կը համարձակւէ՞ր դիպչել որեւէ մէկ խաչքարի կամ եկեղեցու, ո՛չ: Նրանով հանդերձ, որ ունենք յարմար միջոցներ, բայց հզօր չենք: Անգամներ ենք բողոքել նոյն այս ԻՒՆԵՍԿՕ-ին, բայց՝ ապարդիւն:Դիմել ենք միջազգային ատեաններ ու դատարաններ, բայց ոչ մի արդիւնք չենք ստացել:Պիտի հարցնէք, թէ ինչո՞ւ է այդպէս եղել: Սիրելիներ, աշխարհի հզօրները միայն հզօրների հետ են ձեռնւում. եթէ դառնանք հզօր, կը ձեռնւեն մեզ հետ, հաշւի կառնեն հային ու սեղան կը նստեն նրա հետ:Ինչպէս հայ մեծանուն զօրավար Գարեգին Նժդեհն է ասում. «Մի ժողովուրդ, որն իրեն պէտք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում»: Ուրեմն՝ նախ պիտի դաստիարակել հայաշունչ սերունդ, որը առաջին քայլն է ազգային հզօրութեան համար:Խօսքերս ուզում եմ աւարտել Գ. Նժդեհի մարգարէական խօսքով. «Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ուժն օգտագործելու փոխարէն՝ հովանաւորներ փնտրեցինք: Վաղը կը կորչենք իսպառ, եթէ մնանք այս մտայնութեամբ: Կը փրկւենք, եթէ ազատւենք նախապաշարումներից, եթէ փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ՝ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով»:
0 Պատգամ:
Post a Comment