Thursday, January 13, 2011

Ինչո՞ւ է Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը աջակցում Իրանի իշխանություններին

Իրանի քրիստոնյաների լրատվական կայքերից տեղեկանում ենք, որ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը Նոր տարվա և Ամանորի առիթով այցելել է Թեհրանի կենտրոնական Էվին բանտի քրիստոնյա հայ բանտարկյալներին:
Այդ մասին հաղորդում է նաև Իրանի բանտերի կազմակերպության լրատու կայքը: Հիշյալ կայքի մատուցմամբ, սրբազան հայրը հայ բանտարկյալների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. «Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ Էվին բանտի ղեկավարությանը, իսկ հետո նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությանը, որ լրջորեն հարգում են այլ կրոնների հետևորդներին ու նրանց թույլատրում են կատարել իրենց կրոնական ծեսերը: Իրանում կրոնի ու ծեսերի ազատության փաստը լավագույն օրինակ պիտի ծառայի այլ երկրների համար: Իրանը միակ երկիրն է, որ բանտարկյալներին թույլատրում է կատարել իրենց կրոնական ծեսերը: Ես Իրանում առկա կրոնի ազատության մասին բազմիցս հայտարարել եմ զանազան համաժողովների ընթացքում: Իմ համալսարանական ավարտաճառը հենց Իմամ Հուսեյնի ու Աշուրայի օրվա իրադարձությունն է եղել, ուստի ես քաջածանոթ եմ իսլամին, ու պիտի ասեմ, որ Իրանում կրոնի ազատության արմատները հենց իսլամի մեջ են»։
Հրապարակված լուրի համաձայն, առաջնորդի խոսքերից հետո տեղի է ունեցել կրոնական արարողություն, որի ավարտին հայ բանտարկյալները հաղորդություն են ստացել ներկա քահանայից:
Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել քրիստոնեական համայնքների վրա, ու այս ընթացքում՝ իսլամական հեղափոխությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցին իր ազգային պատկանելության շնորհիվ ավելի ազատ է աշխատել: Իսկ պետք է նշել, որ Իրանի իշխանությունները իսլամական հեղափոխությունից հետո հենց հայկական համայքին չեն թույլատրել նոր եկեղեցի կառուցել: Այդ մասին հայտարարել է նաև Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավոր Գևորգ Վարդանյանը: 
Սակայն հայկական ու ասորական եկեղեցիներից բացի, Իրանում քրիստոնեությունը տարածվում է նաև մուսուլման հասարակության մեջ: Կրոնափոխները իսլամի շարիաթի օրենքով մահապատժի են դատապարտվում, հետևաբար իրանական քրիստոնյաները փորձում են Աստծուն երկրպագել այսպես կոչված՝ տնային եկեղեցիներում:
Վերջին ամիսների ընթացքում, Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են բազմաթիվ կրոնափոխ իրանցիների, որոնցից քրիստոնյա քահանա Նադարխնին մահապատժի է ենթարկվել:
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են իսլամից հրաժարվելու և քրիստոնեությունը որպես նոր կրոն ընդունելու համար:
Ի դեպ, նշենք, որ, իրանական «Jahan News» կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները 2010-ի հունիսին Իրանի արևմտյան շրջաններում առգրավել են հազարավոր Ավետարաններ, որոնք բոլորն այրվել են նույն տեղում:
Վերոհիշյալ միջադեպից հետո՝ 2010-ի սեպտեմբերին, ԱՄՆ-ում քրիստոնյա մի քարոզիչ հայտարարել էր, թե մտադիր է, ի հիշատակ սեպտեմբեր 11-ի, այրել մուսուլմանների Ղուրանը: Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը խիստ քննադարեց ԱՄՆ-ում Ղուրանն այրելու երևույթը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը