Wednesday, February 21, 2007

Իրան-ԱՄՆ թաքուն պատերազմ՝ յանուն բանակցութեան

Կարծես թէ Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան թեման իր պատշաճ տեղն է գտնում թէ՛ իրանական, եւ թէ՛ ամերիկեան պետական այրերի ու դիւանագէտների օրակարգի մէջ:Երկկողմ բանակցութեան ու համագործակցութեան հարցը հնարաւոր չէ նորութիւն համարել, որովհետեւ երբ ԱՄՆ-ն գրաւեց Աֆղանստանն ու Իրաքը եւ մխրճւեց իրեն անծանօթ երկրների մէջ, տարածաշրջանում միայն Իրանն էր, որ պահը ճիշտ գնահատելով՝ Ամերիկային օգնութեան եկաւ՝ տւեալ երկրներում կայունութիւն հաստատելով: Երբ Աֆղանստանում Իւնէս Ղանունին ընդդիմացել էր ԱՄՆ-ին, հակառակւելով Համեդ Քարզայի հետ, դա Իրանն էր, որ Ղանունիի հետ բանակցելով՝ նրան համոզեց ընդունել Քարզային ու վերջ տալ ներքին պատերազմին: Նման իրողութիւն պատահեց նաեւ Իրաքում. երբ գաւառական ու կրօնական քաշքշուկներից յոգնած իրաքցիները համախմբւեցին Նուրի Ալմալեքիի շուրջ, Իրանը իր աջակցութիւնը յայտնեց եւ փորձեց իրաքեան բոլոր կողմերին համախմբել նրա անձի շուրջ:Այս բոլորը նկատելով եւ վերլուծելով՝ տեսնում ենք, որ Իրանը որպէս տարածաշրջանային եւ միջազգային շատ կարեւոր դերակատար՝ միշտ ներկայ է եղել ասպարէզում ու իր ներդրումն է ունեցել տարբեր հարցեր լուծելու գործընթացներում:Երեւի թէ նմանօրինակ Իրանը հաճելի լինի ԱՄՆ-ի համար, բայց եթէ իրատեսօրէն վերլուծենք, կը տեսնենք, որ Իրանի նման երկիր իր հսկայ տարածքով, հարուստ հանքերով, վաղեմի մշակոյթով եւ դարաւոր պատմութեամբ չի կարող միայն հաշտարարի ու միջնորդի դերում գտնւել, այն էլ մի տարածաշրջանում, ուր ամէն բնագաւառում թոյլ են իրենից:Իրանը իր պատւաբեր դիրքն է փնտրում առաջիկայ տարիներում աշխարհի էներգետիկ կարիքները հոգալու խնդրում:Ինչպէս այսօր, վաղը եւս ժողովուրդները գոյատեւելու համար կարիք կունենան էներգիայի: Նաւթը սպառման եզրին է եւ ատոմական էներգիան գրաւում է նրա տեղը՝ դառնալով աշխարհի գլխաւոր էներգիայի աղբիւրը:Ուրեմն՝ էներգիային տիրապետելու նպատակով պայքարը նաւթի հանքերից փոխադրւում է ատոմակայաններ եւ դա է նաեւ այսօրւայ Իրան-ԱՄՆ պարզ ու թաքուն պայքարի պատճառը:Այս վերջին տարիների ընթացքում այդ երկկողմ պայքարը աւելիով է սրւել ու այնքան է զարգացել, որ բոլորին մտահոգել է հաւանական պատերազմի խնդիրը:Սպառնալիքները լինում են ծայրաստիճան խիստ: ԱՄՆ-ի տարբեր քաղաքական ու բանակային այրերը, ինչու չէ նաեւ Իրանի իշխանութիւնը, յատկապէս վերջին մէկ տարւայ ընթացքում միմեանց սպառնացել են տարբեր միջոցներով: Բայց, ինչո՞ւ այսքան սպառնալիք, երբ կայ բանակցութեան այլընտրանքը:Ինչպէս գիտէք, Իրանն ու ԱՄՆ-ն աւելի քան 25 տարի է, ինչ խզել են իրենց դիւանագիտական ու տնտեսական յարաբերութիւնները եւ այդ պատճառով՝ համահաւասար վնաս են կրում: Արդի աշխարհում, ուր ամէն ինչ պայմանաւորւած է յարաբերութիւններով ու համագործակցութիւններով, նմանօրինակ կապերի խզումը չի կարող երկար գոյատեւել: Այդ իսկ պատճառով՝ բանակցութիւնը դառնում է մի կարեւոր օրակարգ եւ այլեւս հնարաւոր չէ անտեսել այն: Բայց, թէ՛ Իրանը, եւ թէ՛ Ամերիկան շուրջ երկու տասնամեակ է, ինչ տարբեր ոճերով սպառնացել են միմեանց, եւ նման պայմաններում որեւէ բանակցութիւն չի կարող սկսւել առանց նախաբանի ու նախապայմանի:Այս վերջին մէկ տարւայ ընթացքում սպառնալիքները անցել են բոլոր առկայ սահմանները եւ սկսւել է մի թաքուն պատերազմ, որը, ըստ երեւոյթին, երկու կողմին կը բերի բանակցութեան սեղանի շուրջ. դրա պարզ փաստերը այսօր կարելի է տեսնել թէ՛ Իրանում, եւ թէ՛ ԱՄՆ-ում:Նախագահ Ահմադինեժադն իր վերջին արտայայտութիւնների ընթացքում անգամներ յայտարարել է, որ ատոմական խնդրի մասին պատրաստ է բանակցել նոյնիսկ Ամերիկայի հետ: Իսլամական յեղափոխութեան առաջնորդի յատուկ խորհրդական դոկտ. Վելայաթին իր վերջին հարցազրոյցի ընթացքում յայտարարեց՝ ատոմական աշխատանքների առկախումը երբեք մեր տաբուն չի եղել եւ նրան լրացնելու նպատակով՝ Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Լարիջանին ասաց, որ ուրանի 4% հարստացման փուլը կարող է բանակցութիւնների սկիզբ լինել:ԱՄՆ-ում եւս նմանատիպ յայտարարութիւններ են կատարւում՝ թէ՛ նախագահի, եւ թէ՛ այլ դիւանագէտների կողմից: Ջորջ Բուշը, հակառակ իր նախկին արտայայտութիւններին, օրեր առաջ իր ասուլիսում ասաց, որ ԱՄՆ-ն չի մտածում Իրանի դէմ պատերազմելու մասին եւ ոչ էլ վարչակարգը փոխելու ցանկութիւն ունի:Երեւի թէ այսօր, աւելի քան երբեք, զարգացել է Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան ցանկութիւնը՝ թէ՛ երկու երկրների իշխանութիւնների, եւ թէ՛ նրանց ժողովուրդների մօտ:Այսքանը միայն ներկայ իրավիճակի վերլուծութիւնն է. թէ քաղաքական աշխարհը ինչ անակնկալներով է բեղմնաւորւած՝ դա կը պարզւի ապագայ ամիսներում եւ կամ տարիներում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը