Saturday, February 10, 2007

Ազատութեան ջահակիրը

Բոլոր ժողովուրդների պատմութեան էջերում կարելի է տեսնել մի աչքառու նմանութիւն, որն է պայքար՝ յանուն ազատութեան ու արդարութեան: Եթէ փորձենք կարդալ այդ պայքարին պատկանող էջերը, կը տեսնենք, որ բոլոր ժողովուրդները տարբեր դարաշրջաններում ու նաեւ տարբեր ձեւերով վճարել են այդ մնայուն արժէքների գինը, անգամ իրենց արիւնով ու կեանքով:Եթէ փորձենք այս ուղղութեամբ աւելի փիլիսոփայել, պիտի ասել, որ ժողովրդավարութեան հասնելու համար՝ կան երկու պարզ ձեւեր, որն ըստ տեսաբանների՝ անւանւում են՝ ա. ժողովրդավարութիւն՝ վերեւից ու բ. ժողովրդավարութիւն՝ վարից: Ահա թէ ինչ են սրանք:
Ժողովրդավարութիւն վերեւից նշանակում է այն, որ իշխանութեան տնօրինման հետեւանքով, եւ անպայման չէ, որ պիտի կախում ունենայ ժողովրդի ցանկութիւնից, երկրում իրագործւում են ժողովրդավարական կարգեր, որ առհասարակ լինում են իշխանաւորների կողմից ըմբռնւած ու բացատրւած ժողովրդավարական ձեւերի հիման վրայ: Այս տեսակ «ժողովրդավարական» կարգերը սովորաբար, յանգում են մեղմ ու թաքուն դիկտատուրայի, որի ընթացքում իշխանութիւնը դառնում է հասարակութեան հայրը ու գործում է ըստ իր «հայրական» ձեւաչափերի՝ շարունակաբար ժողովրդին յիշեցնելով, որ ինքը բարի հայր է ու առաջնորդւում է ժողովրդավարական արժէքներով:Այս ձեւի հակառակը կայ եւս՝ «ժողովրդավարութիւն վարից» գործելաոճը, որը հիմնւած է ազատութեան ու արդարութեան համար մղւած պայքարներից ձեռք բերած արժէքների հիման վրայ, այսինքն՝ նախ ժողովուրդն է սկսում պայքարել՝ այդ արժէքները հաստատելու համար եւ ոչ՝ իշխանութիւնը: Այս տարբերակի առաւելութիւնն այն է, որ ժողովուրդը ազատութեան հասնելու համար մղած պայքարների ընթացքում նախ դաստիարակւում է, որ ազատութիւնը իրականում ինչ է, ինչպէս պիտի հասնել ու պահպանել այն եւ ամենից կարեւորը այն, որ սովորում է, որ իւրաքանչիւր անձ պիտի կարողութիւնն ունենայ վճարել ազատութեան ու արդարութեան հասնելու համար պահանջւած գինը: Այդ գինը վճարած ժողովուրդները ունակ են պահպանելու ձեռք բերած ազատութիւնը:Սա այն գործելաոճն է, որ առհասարակ կիրառւում է ազատատենչ ժողովուրդների կողմից ու նաեւ այս ուղղութեամբ էր, որ գործում ու պայքարում էր «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր քաջարի Հրանտ Դինքը:
Նա իր կեանքի ընթացքը նւիրեց Թուրքիայում ազատութեան ու արդարութեան արժէքների հաստատմանը ու, ի վերջոյ, զոհւեց իր իսկ կառուցած բագինի առջեւ: Նա հաւատում էր, որ Թուրքիայում ազատութեան հասնելու համար՝ պիտի պայքարել ոչ թէ արտաքին ճակատում, այլ՝ ներքին ճակատում ժողովրդին հասունացնելու միջոցով:
Դինքը այդ պայքարի ընթացքում գործեց Թուրքիայի Սահմանադրութեան 301-րդ յօդւածի դէմ, որը արգելում էր երկրում խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին՝ խիզախ դասախօսութիւնների, հարցազրոյցների ու յօդւածների միջոցով: Այդ պայքարում երբեք չէր հաւատում այլ կառավարութիւնների միջամտութեանը, անգամ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրի ուղղութեամբ: Նա գիտէր, որ գերուժերը գործում են իրենց շահերի հիման վրայ, եւ նրանց միջամտութեամբ Հայոց Ցեղասպանութեան ու առհասարակ Թուրքիայում խօսքի ազատութեան թեման դառնալու է այդ ուժերի ու Թուրքիայի կառավարութեան առեւտրի առարկայ:
Հրանտ Դինքին կարելի է համարել Թուրքիայում ժողովրդավարութեան համար պայքարող նորօրեայ ռահվիրաներից: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի ժողովուրդը պիտի ծանօթանայ Հայոց Ցեղասպանութեան իրականութեանը: Ինչպէս ինքն էր ասում. «Իմ առաջին պարտականութիւնը թուրքերին իրականութիւնը փոխանցելն է»:
Նա իր տարբեր հարցազրոյցներում ասում էր. «Ճշմարիտ եմ, աշխատասէր եմ, բայց թուրք չեմ» եւ փորձում էր այդ խօսքով թուրք ժողովրդին հասկացնել, որ Թուրքիայում ապրում են նաեւ ոչ-թուրք ազգեր, որոնք Թուրքիայի քաղաքացի են, բայց թուրք չեն:Բնականաբար, Թուրքիայում Հրանտ Դինքի հիմք դրած ու արմատաւորւած ազատութեան աւանդը նոր ծիլեր պիտի տայ ու արդիւնաւորւի, որովհետեւ թէ՛ ինքը, եւ թէ՛ նրան հետեւող այլ մտաւորականներն ու անհատները գիտեն, որ ազատութիւնն ունի իր գինը, որը պիտի վճարել եւ որը վճարեց ինքը՝ Հրանտ Դինքը:
Յարգանք՝ նրա յիշատակին:


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը