Friday, December 10, 2010

Մահապատժի դատապարտված Աշթիանին ազատության մե՞ջ է


Հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան, ոչ պաշտոնական լրատվական ցանցերը լուրեր հրապարակեցին, որոնց համաձայն՝ մահապատժի դատապարտված 43-ամյա Սաքինե Մուհամադի Աշթիանին ազատ է արձակվել բանտից: Հիշյալ լրատվամիջոցները վերջինիս ազատությունն ապացուցելու համար հրապարակում էին մի շարք լուսանկարներ, որտեղ Սաքինեն գտնվում էր իր անձնական բնակարանում, որդու կողքին:
Երկու երեխաների մայր Աշթիանին ամուսնու սպանությանը մասնակցելու մեղադրանքով 2006 թ. դատապարտվել էր մահապատժի: 2007 թ. նրա մահապատիժը փոխարինեցին 10 տարվա ազատազրկմամբ, սակայն ավելի ուշ կրկին դատապարտեցին մահապատժի` քարկոծման միջոցով: Կնոջ պաշտպանները պնդում էին, որ ինքնախոստովանական ցուցմունքներն Աշթիանին տվել է ճնշումների տակ:
Այս լուրից անմիջապես հետո Աշթիանիի պաշտպանությամբ սկսեցին զբաղվել միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի տիկին Կարլա Բրունին: Բրազիլիայի նախագահ Լուի Ինասիու դա Սիլվան հայտարարեց, որ ապաստան կտրամադրի Աշթիանիին, իսկ Ֆրանիսայի նախագահ Սարկոզին հայտարարեց, որ Աշթիանիի մահապատժը թույլ չտալը մեր բոլորի պատասխանատվությունն է:
Սաքինեի ազատ արձակման լուրը մի քանի ժամով մեծ խանդավառություն առաջ բերեց գոնե իրանական վիրտուալ միջավայրում: Բայց արդեն մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 01:00 -ի սահմաններում, իրանական PressTV հեռուստաալիքը հերքեց Աշթիանիի ազատության լուրը: PressTV-ի մատուցմամբ, Սաքինե Աշթիանին իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ գնացել էր իր անձնական բնակարան, որտեղ տեղում պիտի նկարագրեր ամուսնուն սպանելու եղելությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը