Monday, August 28, 2006

Ոչխարային տրամաբանութիւն

Մի փոքրիկ հովիւ ամէն օր իր ոչխարներին տանում էր դաշտ՝ արածացնելու համար: Նա ամէն օր ուշադիր կերպով քննում էր իր ոչխարների արարքներն ու ապրելաձեւը՝ գտնելու համար, թէ ինչպէս են ապրում եւ առհասարակ ինչ է նրանց գոյութեան փիլիսոփայութիւնը:Փոքրիկ հովիւը հասկացել էր, որ ոչխարները մրջիւններին հակառակ՝ չեն մտածում ապագայի մասին, ապրում են հանապազօրեայ, ապրում են, երբ ուտելու բան կայ եւ կը սատկեն եթէ ուտելու բան չգտնեն ու ոչ ոք էլ չկերակրի նրանց: Ոչխարները նաեւ համախմբւում էին, երբ մի անգամ լսում էին հովւի շան հաչոցը եւ ստրուկի նման ենթարկւում էին շան ցուցմունքներին, անգամ եթէ շունը մի քանի ժամով բացակայէր դաշտից: Պատանի հովիւը նաեւ ըստ իր հօր խորհուրդների՝ գիտէր, որ ոչխարները գիշերւայ պահին շարքով ախոռ կը վերադառնան նոյն այն ճանապարհով, որ առաջին օրը ճշտել էր հովիւն ու շունը:Օրեր այսպէս անցան եւ փոքրիկ հովիւը համարեա էլ բան չունէր սովորելու ու յաւակնում էր, թէ այլեւս իւրացրել է հովւութեան բոլոր գաղտնիքները: Բայց մի օր շատ զարմանալի դէպք պատահեց հովւի համար եւ նրան փաստեց, որ դեռ ոչինչ չգիտէ հովւութեան մասին: Նա տեսաւ, որ մի ոչխար աւելի թարմ խոտ գտնելու նպատակով՝ բաժանւեց հօտից ու դէպի ձորը գնաց: Ձորի եզրին արածելու պահին ոտքը սահեց ու ձորի յատակն ընկաւ եւ սատկեց: Այդ մօտակայքում արածող երկու ոչխարները դա տեսնելով՝ վազեցին դէպի ձորն ու իրենց վար նետեցին: Պատանի հովիւը լեղապատառ իրեն հասցրեց հօտին ու սուլելով՝ շանը հրահանգեց, որ հօտը առաջ քշի՝ նմանօրինակ պատահարներից խուսափելու համար: Նրա համար շատ զարմանալի էր վերջին երկու ոչխարի արարքը, բայց երբեք չգտաւ համոզիչ պատասխան:Երեսուն տարիներ անցան ու մեր փոքրիկ հովիւը դարձաւ յայտնի քաղաքական գործիչ եւ ի վերջոյ՝ իր նահանգի առաջնորդ ղեկավար: Երկար տարիներ էին անցել, բայց նա դեռ չէր գտել իր մանկութեան շրջանից ժառանգւած հանելուկը, ուրեմն՝ որոշեց գտնել իրեն յուզող հարցի պատասխանը: Նա իր հանգամանքից ելնելով՝ ամէն օր պիտի այցելէր հասարակական, տնտեսական ու քաղաքական զանազան կենտրոններ, ընկերութիւններ ու նախարարութիւններ, պիտի լսէր բոլորի դժւարութիւնները եւ լուծում առաջարկէր այդ բոլորի համար:Նա իր շրջագայութիւնների ընթացքում հանդիպեց զանազան զեղծարարութիւնների, գողութիւնների, կաշառակերութիւնների ու նաեւ ճշմարտապահութիւնների: Նա չգիտէր, թէ ինչու մի կենտրոնում համատարած է կաշառակերութիւնը, իսկ միւսի մէջ՝ ճշտապահութիւնը: Այդ դժւարութիւնը լուծելու նպատակով նա դիմեց զանազան հասարակագիտական ու հոգեբանական գրքերի: Երկար ուսումնասիրութիւններից յետոյ նա անդրադարձաւ, որ այդ դժւարութիւնները եւ կամ բարեմասնութիւնները առաջանում են տւեալ կենտրոնի ղեկավար ու առաջնորդ անհատների միջոցով: Երբ որեւէ ղեկավար կամ առաջնորդ ընթանում է սխալ եւ կամ ճիշտ ճանապարհով, հպատակ աշխատակիցներն էլ կամաց-կամաց ընդօրինակում էին իրենց:Մեր նահանգապետը դրան անդրադառնալով՝ զեղծարար ու կաշառակեր ղեկավարների փոխարէն՝ գործի հրաւիրեց ճշտապահ ու նւիրեալ անհատներին եւ այսպիսով նաեւ գտաւ իր մանկութեան գլխաւոր հարցի պատասխանը, թէ ինչու վերջին երկու ոչխարները իրենց վար նետեցին, երբ առաջին ոչխարը վար ընկաւ:
***
Քաջարի զօր. Գարեգին Նժդեհն ասում է. «Ամէն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը», ուրեմն՝ ամբողջ ժողովրդին ու նրանից ծնւած ու նրա նման ապրած, աշխատած, նաեւ նրա անունից խօսող ու գործող անհատներին է տրւած իր առաջնորդին ու ղեկավարին քննելու եւ քննադատելու իրաւունքը: Թող բոլոր առաջնորդներն ու ղեկավարները այն պատմական թագաւորի նման, որ ծառայի հագուստով շրջում էր ժողովրդի մէջ ու հարցնում թագաւորի մասին, մտնեն ժողովրդի մէջ ու լսեն ամենաարդար քննադատութիւնները եւ բարի կամքով բարեփոխեն իրենց ընթացքը, ոչ թէ լռեցնեն ամէն մի բողոքի ձայն, եթէ, իհարկէ, գործում են ժողովրդի համար:
***
Առաջնո՞րդ ես, ուրեմն՝ եղիր ազնիւ, եղիր էլի ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ. դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար: Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:

Wednesday, August 23, 2006

Արեւելքի Գարիբալդին մոռացութեան է մատնւել


Ամէն մի երկիր իր պատմութեան ընթացքում ծնել կամ իր մէջ է ներգրաւել բազում հերոսներ եւ այդ հերոսները անկախ իրենց ազգութիւնից՝ պայքարել են տւեալ երկրի հողային ամբողջականութեան, ազատագրութեան ու անկախութեան համար: Այս իրականութիւնից զերծ չէ նաեւ մեր երկիրը՝ Իրանը: Դրա պարզ ու խօսուն օրինակն է Եփրեմ խանը, քաջարի մի տիտան, որը իր անունով հարիւրաւոր էջեր է արձանագրել Իրանի նորօրեայ արդի պատմութեան գրքի մէջ եւ իր յատուկ տեղն ունի Իրանի ազգային պանթէոնում. այնտեղ, ուր պաշտամունքի առարկայ են դառնում ազգային բոլոր հերոսները:
Ինչպէս ամէն մի պատմական իրականութիւն, այնպէս էլ Եփրեմ խանի կեանքն ու գործունէութիւնը անգամներ մատնւել է խեղաթիւրման: Իրանի սահմանադրական յեղափոխութեան ընթացքում Եփրեմ խանի գործունէութեան խեղաթիւրման գործընթացում մեծ դեր են ունեցել հակադաշնակցական ձախակողմեան խմբակցութիւնները, որոնց պատրաստած կեղծ պատմութեան գրքերը մինչեւ այսօր դարձել են որոշ պատմաբանների գլխաւոր աղբիւր:
Իրանի Սահմանադրական յեղափոխութեան ու նաեւ Եփրեմ խանի գործունէութիւնը խեղաթիւրող կեղծ պատմաբանների դէմ աշխատել են մի քանի պատմաբաններ, ինչպիսիք են՝ Էսմայիլ Ռայինը եւ Մասուդ Բեհնուդը: Բայց այս մեծ ու շատ կարեւոր հարցում մեծ պարտականութիւն է դրւած մեր ուսերին՝ որպէս Իրանի լիիրաւ հայ քաղաքացի: Մենք ենք, որ պիտի պատմաբաններին տրամադրենք հայերէն լեզւով գոյութիւն ունեցող աղբիւրները: Մենք պիտի պահանջատէր լինենք, որ Եփրեմ խանը այս օրերում վերագտնի իր արժանի տեղը: Բայց մենք որպէս Եփրեմ խանի ժառանգորդներ՝ արդեօք ճի՞շտ ենք կատարել մեր ուսերին դրւած պարտականութիւնը թէ՝ ոչ:
Օգոստոսի 5-ին լրացաւ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան 100-ամեակը: Բոլորը՝ կառավարութիւնը, խորհրդարանը, ազգային-կրօնական կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները, ոչ-շահադիտական կազմակերպութիւնները, ուսանողական շրջանակները եւ մամուլը միահամուռ կերպով տօնում էին այդ լուսաւորչական յեղափոխութեան տարեդարձը: Օրաթերթերը յստակ էջ կամ սիւնակ էին տրամադրել այդ խնդրին: Հանրայայտ «Շարղ» օրաթերթը աւելի քան հինգ ամիս նախքան տօնակատարութիւնը՝ կոչ ուղղեց այն բոլոր անհատներին ու մարմիններին, որոնք զբաղւում են Սահմանադրական յեղափոխութեան պատմութեամբ, գրել իրենց յօդւածները՝ աւելի քան 24 թեմայի շուրջ: Այդ 24 թեմաների շարքում էր նաեւ «Հայերի դերը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ» թեման, որով համարեա ոչ ոք, անգամ հայերը, չզբաղւեց: Բայց ինչո՞ւ: Արդեօք հայերը ոչ մի դեր չեն ունեցել տւեալ յեղափոխութեան մէջ թէ մեր ուսումնասիրողների ու ազգային մարմինների համար անկարեւոր է դարձել Եփրեմի, Ռոստոմի ու առհասարական հայերի կարեւոր դերը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ:
Տօնակատարութեան առիթով Իրանի քաղաքական ու պետական այրերը այցելեցին Սաթթար խանի ու Բաղեր խանի շիրիմները՝ մեծարելով նրանց պատմակերտ գործունէութիւնը, բայց հայերն ու հայկական ազգային-կրօնական-ուսանողական մարմինները անգամ մի փունջ ծաղիկ չտեղադրեցին Եփրեմ խանի շիրիմին՝ նրա յիշատակը նոր սերնդի մօտ վառ պահելու նպատակով:
Ասում են՝ երբ թոռնիկը լաւատեղեակ է լինում իր մեծ հօր իրագործած սխրագոծութիւններին, ամէն առիթով փորձում է մեծարել նրան, բայց թէ ոչ՝ մոռացութեան է մատնւում անգամ մեծ հօր անունը:


* * *


Պատմում են, թէ Ք. ա. 6-րդ դարում Չինաստանը մատնւում է մի ցաւալի հասարակական տագնապի: Բոլորը սկսում են փնտրել չինացի մեծ իմաստուն Կոնֆեսիւսին: Ի վերջոյ, Զի Ժանգ անունով մէկը գտնում է իմաստունին ու նրան փոխանցում երկրի ծանր վիճակի մասին եւ ասում, որ թագաւորի պալատում կարիք ունեն ձեզ՝ երկիրը արիւնահեղութիւնից փրկելու համար:
Կոնֆեսիւսը Զի Ժանգի խօսքերը լսելուց յետոյ՝ շարունակեց իր խոկալը: Պատգամաբերը դա տեսնելով՝ ասաց. «Վարդապետ, դու մեզ միշտ խորհուրդ էիր տալիս, որ ժողովրդի ու աշխարհի հանդէպ յանձնառու լինենք ու չմեկուսանանք»:
Կոնֆեսիւսը աչքերը բացեց ու Զի Ժանգին ասաց. «Մեր երկրի համար եմ աղօթում: Յետոյ պիտի գնամ՝ այն անկիւնում նստած մարդկանց օգնելու: Եթէ աչքի առաջ գոյութիւն ունեցող գործը չկատարենք ու միայն աշխահը փրկելու մասին տեսակէտներ յայտնենք, ո՛չ մեզ համար օգտակար կը լինենք, ո՛չ երկրի եւ ո՛չ ուրիշների համար»:
Բայց մենք երիտասադներս մեր յարգանքի տուրքը մատուցեցինք քաջարի Եփրեմին:
Լուրը կարդացեք այստեղ

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը