Ե՞ՐԲ ԵՒ Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ
Երբ 2009-ի ամռանը, Իրանի նախագահական ընտրություններից հետո, իրանական ռեֆորմիստները գրավեցին քաղաքներն ու բողոքի ակցիաներ իրականացրեցին վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ, որոշ քաղաքագետներ ու իրանագետներ մտահոգություն արտահայտեցին, մեկնաբանելով, որ եթե Իրանում իսլամական վարչակարգը փլուզվի, Իրանն անմիջապես մասնատվելու է մի քանի մասի, եւ այդ թվում իրանի ազերիները, անկախություն հռչակելով, Հայաստանի հարավային սահմաններում հաստատելու են Հարավային Ադրբեջան:
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Ես միայն ցավում եմ, որ դարեր պետականություն չունենալուց հետո, մի խելացի պետական այրեր չունեցանք, ովքեր, կհասկանային ինչ է երկիր եւ ինչ է պետություն:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ
Ըստ երեւույթի, ՀԱԿ-իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը լուրջ երկրաշարժ է առաջացրել ներքաղաքական դաշտում: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանին ապացուցելով, որ ստացել է իր մարտի 12-ի ծաղկաձորյան մեսիջը, մարտի 17-ի հանրահավաքի ընթացքում չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն նրան առաջիկա երկխոսության գործընթացից դուրս թողնելով:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Ահա կարծես ՀԱԿ առաջնորդի կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դառնում, երբ հանրահավաքի մասնակիցները, մերժելով շախմատային դիվանագիտությունն ու քաղաքական նախապայմանները, պահանջում էին նստացույց եւ կտրուկ գործողություններ:
ԵՎ ԱՀԱ Ի՞ՆՉ ՈՃՈՎ Է ԹՈՒՆԻՍԱՆԱԼՈՒ ՀԱԿ-Ը
Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:
ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆԸ
Մարտի 31-ին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ իրանագետ՝Արթին Առաքելյանը։
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ԽԱՄԵՆԵԻ-ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արդեն երկրի մի շարք բարձրաստիճան հոգևորական առաջնորդներ փորձել են դատապարտել նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշայիի գործողությունները, նրան շեղված ու դավադիր համարելով:
ՈՒՇԸ, ԱՅԼԵՒՍ ՆՈՒՇ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Պատկերացնում եմ, որ եթե հայաստանում էլ ժողովրդական լուրջ ընդվզում առաջանա, հավանաբար Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հայտնվելու են եթերում ու ժողովուրդին բարեկարգումների խոստում են տալու, բայց այդ ժամանակ այլեւս ուշը նուշ չի դառնալու:
ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԱՋԱԿՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
Արդեն մի քանի օր է, ինչ արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխության ալիքները հասել են Սիրիա: Լուրերի համաձայն արդեն մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել՝ ոստիկանության ու ցացարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:
ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Իսլամական աշխարհում դարեր շարունակ իրար են բախվել շիաներն ու սուննիները: Շիաների ճամբարը գլխավորել է Իրանը, իսկ սուննիների կարկառուն ներկայացուցիչն է եղել Սաուդյան Արաբիան, որը փորձել է տարածաշրջանում տարածել «Վահաբի» գաղափարախոսությունը:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ԿԱՇԱՌԱԿԵՐ» ԴԱՌՆԱԼ
Պատմության մեջ, երբ իշխանությունները իրենց սեփական ժողովուրդին չեն պաշտպանել անարդարությունների դեմ, ու նրանց անօգնական վիճակում են թողել ագահ ու անկուշտ հրեշների դիմաց, ժողովուրդը ընդվզել ու խորտակել է այդ վարչակարգը:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ. ՄԵԶ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԴՐԱՆԻՑ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռարձակում է «Աշխարհի հայեր» հաղորդաշարը: Ակնհայտ է, որ հիշյալ նախագիծը «Հայկական աշխարհ» նախագծի բնական շարունակությունն է, որը փորձում է հանդիսատեսին ծանոթացնել աշխարհի լավագույն հայ գործարարներին, նրանց գործունեությանն ու անձնական կյանքին:
ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՆԸ ՈՒՐԱԽ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ինչպես արդեն գիտենք 2011 թվականն էլ սկսվեց մի հսկայական ցունամիով, բայց այս անգամ ոչ թե օվկիանոսն էր հեղեղել աշխարհը, այլ արաբական ժողովուրդը: Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդի ընդվզումից առաջացած ցունամին գահընկեց արեց, արդեն մի քանի տանսամյակ գահին գամված երկու ղեկավարների՝ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին ու Հոսնի Մուբարաքին:
ԻՐԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕԳՈՒՏ Է ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Իրանում կատարվող իրադարձությունների մասին, հայաստանյան ԶԼՄ-ներում հանդիպել եմ մի շարք զարմանալի մեկնաբանությունների, որտեղ մի պահ սկսում եմ կասկածել մեկնաբանների առողջ տրամաբանություն ունենալու վրա: Փետրվարի 15-ին մի հաղորդման ականատես եղա, որտեղ պրոֆեսորի գիտական տիտղոս ունեցող մեկնաբանը, փորձում էր վերլուծել Իրանում տիրող իրավիճակը ու դրանցից բխող հետևանքները:
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ` ԵԳԻՊՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թեև սոցիալական ցանցերի դերակատարությունը Եգիպտոսի ժողովրդական ընդվզման հարցում շատ է շոշափվել մասնագետների կողմից, բայց պարզվում է, որ այդ երկրի իրադարձությունների մեջ կարևոր դերակատարություն է ունեցել և ունի աշխատավորական գործոնը: Եգիպտոսի աշխատավորական և արհմիութենական շարժումները տարիներ շարունակ հալածվել են իշխանությունների կողմից:
ԱՐԴՅՈՔ ԵԳԻՊՏՈՍԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՕԳՏԻ՞Ն ԵՆ
Արդեն արաբական երկրներում եռում է տասնյակ տարիներ ընկճված ժողովուրդների արյունը, և որքան թեժանում են կրքերը, նույն չափով արթնանում են ռեֆորմների ցանկությունները արդեն մի քանի տասնամյակ իշխած նախագահների ու թագավորների մեջ: Մի խոսքով, Թունիսում բարձրացած քամիները գնալով փոթորիկ են առաջացնում արաբա-իսլամական աշխարհում: Արդեն ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներն են վառվում ցույցերի ընթացքում, այլ հենց տվյալ երկրների իշխողների լուսանկարներն ու պաստառները:
ԻՐԱՆԻ ԽԱՂԱՔԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Այս ընթացքում կարևորություն է ստանում այն, որ Միքաթիի ընկերությունը լուրջ և կարևոր ներկայություն ունի «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցներ Սիրիայի և Իրանի բջջային հեռախոսների շուկայում: Investcom-ը, սիրիական SyriaTel ընկերության հետ մեկտեղ, Սիրիայի կառավարության հետ արդեն կնքել է պայմանագիր, որով Սիրիայի բջջային օպերատորները 15 տարով կլինեն այդ երկու ընկերությունների տիրապետության տակ: Investcom-ը, նաև միավորվելով հարավաֆրիկյան MTN և սիրիական SyriaTel ընկերությունների հետ, անցյալ տարի գնեց Իրանի IranCell պետական ընկերության բաժնետոմսերի 49%-ը:
«ՀԱՑԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹՈՒՆԻՍՈՒՄ
Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը
ԻՆՉԻ՞Ց Է ՎԱԽԵՆՈՒՄ ԽԱՄԵՆԵԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի ղեկավար Շեյխ Համադ Բին Խալիֆե Ալսանին մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի հետ: Խամենեին հիշյալ հանդիպման ընթացքում արտասովոր մի հայտարարություն էր արել, ըստ որի՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի արձակած ցանկացած վճիռն անվավեր է, որովհետև այդ դատարանը ցուցադրական է
ԹՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋԻՆ ՀՈԳՍԸ ՆԵՐՔԻՆ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ
Վերջին ամիսների ընթացքում, բազմիցս՝ հեռուստաալիքների, ռադիոյի, տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով լսում ենք աղանդների «վտանգի» մասին: Նախ պիտի ասեմ, որ մեր եկեղեցին դեռ հստակ չի բնորոշել թե ի՞նչ է աղանդը: Դա պարզվում է հենց հեգեւորականների զանազան զրույցների ու բանավեճերի ընթացքում: Բայց հարց է առաջանում, թե արդյոք այս պահին աղանդնե՞րն են մեր եկեղեցու միակ խնդիրը: Արդյոք կարելի է ոչ-առաքելական եկեղեցու հավատացյալների վրա ճնշում գործադրելով, նրանց վերադարձնել իրենց ճանապարհից: Միանշանակ պիտի ասեմ ո՛չ:
ԻՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՒԱԿՈԽՈՒՄ
Մութաքին նախ կրավորական դիրքերից ելնելով՝ դրական գնահատեց նախագահի կողմից կատարված կադրային նոր նշանակումները, բայց երբ նորանշանակ խորհրդականներից Համիդ Բաղային Օսմանական Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին հնչեցրեց իր արտասովոր հայտարարությունը՝ հաստատելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, Մութաքին խիստ քննադատեց Ահմադինեժադին
Sunday, December 30, 2007
Thursday, December 27, 2007
ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի վրայ կաւելանան
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 12 համարում
Monday, December 24, 2007
Sunday, December 23, 2007
Wednesday, December 19, 2007
Ջուղայի խաչքարերի ոչնչացում-The Destruction of Jugha in Nakhijevan
The Destruction of Jugha in Nakhijevan
Ջուղայի խաչքարերի ոչնչացում
Sunday, December 16, 2007
Իրան-Ռուսաստան
Թեհրանի Ալիք օրաթերթում
Monday, December 10, 2007
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 10 համարում
Wednesday, December 05, 2007
Tuesday, December 04, 2007
Monday, December 03, 2007
Sunday, December 02, 2007
Կանաչ թաւշեայ յեղափոխութիւն՝ Պակիստանում
1 - Մուշառաֆը հոկտեմբերի 6-ին յաջողեց խորհրդարանի մեծամասնութեան քւէով առաջիկայ հինգ տարւայ համար մնալ նախագահի պաշտօնում: Բայց, Գերագոյն դատարանը, որ պիտի հաստատէր այդ ընտրութիւնը, իր տեսակէտը չյայտարարելով՝ յետաձգեց դա: Այդ ուշացումը Մուշառաֆի մօտ առաջացրեց այն կասկածը, թէ իրեն ընդդիմադիր դատաւորները փորձում են ընտրութեան օրինականութեան հաստատումը յետաձգելով՝ ժամանակ շահել մինչեւ հասնի փետր. 15-ը, երբ օրէնքի համաձայն նախագահը պաշտօնազուրկ կը լինի: Այդ պայմաններում Գերագոյն դատարանը կը բեկանէր հոկտ. 6-ի ընտրութիւնները եւ Մուշառաֆը կը զրկւէր նախագահական ու զինւորական պաշտօններից, որի պատճառով էլ պաշտօնապէս չէր կարողանայ հակառակել Գերագոյն դատարանի հետ: Ուրեմն՝ Մուշառաֆը այս սցենարը նախազգալով՝ երկրում յայտարարեց արտակարգ վիճակ, ձերբակալեց ընդդիմադիր 80 դատաւորներին եւ նրանց տեղը նշանակեց այն դատաւորներին, որոնք հաստատում էին հոկտ. 6-ի ընտրութիւնը:2 - Հիւսիսային սահմաններում իսլամական ծայրայեղականների ու Թալիբանի հովանաւորների ուժեղացումը եւ դրանց զուգահեռ՝ կենտրոնական շրջաններում մահապարտների ակտիւ գործողութիւնները Մուշառաֆի համար պատրւակ դարձան երկրում արտակարգ վիճակ յայտարարելու գործում: Ճիշտ է, որ ահաբեկիչների գործողութիւնը չէր կարող վտանգել Մուշառաֆի իշխանութիւնը, բայց պատճառ դարձաւ, որ Մուշառաֆը անվտանգութիւնը հաստատելու պատրւակով՝ երկրում յայտարարի արտակարգ կարգավիճակ:
Պակիստանի անկայուն իրավիճակը ինքնին սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Մտահոգութեան գլխաւոր դրդապատճառները ատոմական զէնքերն են:Պակիստանի այսօրւայ ղեկավար այրերը գլխաւորաբար դաստիարակւել են ԱՄՆ-ում եւ Անգլիայում, բայց երբ Արեւմուտքը Պակիստանի ատոմական նկրտումները սանձելու նպատակով՝ սահմանեց լայնածաւալ շրջափակումներ եւ մի կերպ կապերը խզւեցին Արեւմուտքի հետ, այդ պատճառով՝ Պակիստանի զինւորական նոր սերունդը դաստիարակւեց հակաամերիկեան ու ծայրայեղ իսլամական մտածումներով: Նոյն այդ նորահաս զինւորական սերունդն է, որ ընդդիմանում է Մուշառաֆ-ԱՄՆ համագործակցութեանը՝ աւելի թեքւելով դէպի թալիբանիզմ: Հաւանական է, որ այս ընթացքում Պակիստանի ատոմական զինապահեստը անցնի ծայրայեղականների հսկողութեան տակ, որը խիստ մտահոգելու է ԱՄՆ-ին ու Իրանին:Իրանի իշխանութիւնները անգամներ դատապարտել են վահաբի եւ ծայրայեղ սուննի իսլամականներին, դրանց շարքում նաեւ՝ Թալիբանի եւ Բէն Լադէնի ոչ-մարդկային արարքները:Պիտի աւելացնել, որ Իրանի հարաւարեւելեան շրջաններում գոյութիւն ունի մի սուննի-վահաբական անջատողական եւ ահաբեկչական խմբակցութիւն, որը մերթընդմերթ խանգարում է Իրանի կենտրոնական կառավարութեանը: Այս ընթացքում եթէ Պակիստանում իշխանութեան հասնեն ծայրայեղ սուննի մահմեդականները, անկասկած կաւելանան Իրանի հողային ամբողջականութեան դէմ սպառնալիքները՝ այն անջատողական ուժերի միջոցով, որոնք իրենց թիկունքում կունենան ատոմական Պակիստանի հովանաւորութիւնը: Պիտի նշել, որ ԱՄՆ-ի նոր Միջին Արեւելքի ստեղծման նախագծում Իրանի հարաւարեւելքում նախատեսւել է անկախ Բալուչեստանի ստեղծումը:Արդեօք Պակիստանի անկայունութիւնը ուղղւած է ընդդէմ Իրանի՞ թէ՝ իրօք, ԱՄՆ-ն կորցնում է իր միջինարեւելեան դաշնակիցներին, ինչպէս որ կորցնում է Թուրքիայում եւ Վրաստանում:
նաեւ
Թեհրանի Ալիք օրաթերթում Դեկ. 2 , 2007 եւ Դեկ. 3 , 2007 -ին
Wednesday, November 28, 2007
Tuesday, November 27, 2007
Monday, November 26, 2007
Saturday, November 24, 2007
Թաքուն ձեռքերը վերափոխում են Միջին Արեւելքի դիմանկարը
Վերջին շրջաններում շատ բարդ իրավիճակ է ստեղծւել Իրաքի Քուրդստանում: Հրապարակւած լուրերը ապացուցում են դա: Թեմայի խիստ կարեւորութեան պատճառով՝ հարկաւոր է ուշի- ուշով հետեւել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխութիւններին:Թուրքիային տասնամեակներ շարունակ խանգարել է Քրդական հարցը: Տարիներ է, ինչ ՔԲԿ-ը (PKK) իր զինւած աշխարհազօրայինների միջոցով անապահով է դարձրել Թուրքիայի հարաւարեւելեան շրջանները: Բայց, ի՞նչը պատճառ դարձաւ, որ Թուրքիայի կառավարութիւնը, խորհրդարանի հաւանութիւնը ստանալով, 200 հազար բանակով շարժւի դէպի Թուրքիա-Իրաք սահմանագիծը՝ սպառնալով Իրաքի Քուրդստանի տեղական կառավարութեանը, թէ եթէ չկասեցնի հովանաւորութիւնը ՔԲԿ-ին, կը ներխուժի այդ տարածքները: Արդեօք քուրդ ապստամբները նախկին տարիների համեմատութեամբ՝ աւելի՞ էին աշխուժացել Թուրքիայի դէմ գործողութիւններով թէ աւելի հիմնական դրդապատճառ Թուրքիային մղեց այդ քայլին:
Երեւոյթները քննարկելով՝ պարզւում է, որ կան այլ խնդիրներ, Թուրքիայի դէմ կատարւող ՔԲԿ-ի գործողութիւններից աւելի կարեւոր, որը Թուրքիային դրդեցին աննախընթաց արշաւանք իրականացնել դէպի Իրաքի Քուրդստանի շրջանը, այն, ինչ անգամ նախընթաց չունէր Թուրքիայում գեներալների իշխանութեան ժամանակ:
Ուրեմն՝ ի՞նչ էր այդ զայրոյթի գլխաւոր դրդապատճառը.
1. ԱՄՆ-ն Իրաքի Քուրդստանի տեղական կառավարութեան հետ տնտեսական պայմանագիր կնքելու նպատակով՝ անտեսեց ու շրջանցեց Իրաքի կենտրոնական կառավարութեանը:
2. ԱՄՆ-ն իր ծրագրած Նոր Միջին Արեւելք եւ Իրաքի մասնատման նախագծի բերումով՝ քրդերին հովանաւորում է ամերիկեան զինամթերքով զինելու միջոցով:
* * *
Պատասխանը պարզ է: Ըստ երեւոյթին, Ռէյ Հանթը մի կերպ տեղեակ էր որոշ պայմանաւորւածութիւնների բովանդակութեան մասին, թէ մօտ ապագայում հնարաւոր է Իրաքի քրդական տեղական կառավարութիւնը իր շրջանում գտնւող նաւթահորերը անկախ տնօրինելու արտօնութիւնը ստանայ:
Այս ուղղութեամբ ամերիկացի հանրայայտ տնտեսագէտ Փօլ Քրուգմանը «Նիւ Եօրք թայմզ»-ում գրած իր խմբագրականում անդրադառնալով Ռէյ Հանթին՝ ասաց, թէ Հանթը աշխատում է անվտանգութեան ոլորտում եւ միաժամանակ որպէս առեւտրական՝ յայտնւում է Իրաքի Քուրդստանի շրջանում: Քրուգմանը իր յօդւածով խիստ քննադատեց Ռէյ Հանթի ընթացքը՝ յայտարարելով, թէ Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ճշտւում է մի վաճառականի միջոցով: Հետաքրքիրն այն է, որ Քրուգմանի յօդւածը լուրջ ուշադրութեան չարժանացաւ: Դա երեւի սովորական երեւոյթ է Ամերիկայում:
Նաւթային կնքւած պայմանագրից յետոյ պարզւում է, որ անվտանգութեան ոլորտում աշխատող «Բլաք վաթըր» (Black water) ամերիկեան ընկերութիւնը, որ ղեկավարում է աշխարհի ամենամեծ մասնաւոր բանակը (ըստ որոշ տւեալների՝ այդ ընկերութիւնը 20-30 հազար բանակային է տեղադրել Իրաքում, բայց ըստ «Թայմ» պարբերականի՝ այդ թիւը հասնում է շուրջ 100 հազարի) թաքուն կերպով աշխատում է նաեւ քրդերին զինամթերք տրամադրելու ուղղութեամբ: Թուրքիայի կառավարութիւնը յուլիս ամսում այս խնդրի մասին զեկուցել է ԱՄՆ-ին՝ յայտնելով, թէ ՔԲԿ-ի աշխարհազօրայինների մօտ յայտնաբերւել է մեծ քանակութեամբ ամերիկեան զինամթերք:
Այս բոլոր տւեալները ապացուցում են, թէ տարածաշրջանում լուրջ փոփոխութիւններ են տեղի ունենում եւ թուրքերը դա գիտակցելով է, որ պատերազմական դիրք են բռնել:
Նոր Միջին Արեւելքի նախագիծը 2006-ից է, ինչ լրջօրէն արծարծւում է քաղաքական շրջանակներում: Այդ օրւանից, երբ ամերիկայի զինւած ուժերի պաշտօնաթերթում տպագրւեց գնդապետ Ռալֆ Փիթըրզին վերագրւած Նոր Միջին Արեւելքի գծւած քարտէզը, քաղաքագէտները աւելի խիստ ուշադրութեամբ հետեւեցին Միջին Արեւելքի անցուդարձերին: Յիշեալ քարտէզի համաձայն՝ նախատեսւած է անկախ Քուրդստանի ստեղծումը, որը իր մէջ է ընդգրկելու Իրանի եւ Թուրքիայի որոշ բաժիններ:
Այն, ինչ որ պարզ է, ԱՄՆ-ն Թուրքիայի հանդէպ խոստացած իր պարտականութիւնները չկատարելով՝ Իրանին ու Թուրքիային աւելիով է մօտեցրել իրար: Նաեւ տարածաշրջանում ամերիկեան զինամթերքով իրականացած ՔԲԿ-ի սանձարձակ գործողութիւնները պատճառ է դարձել, որ Թեհրանն ու Անկարան միատեղ պայքարեն իրենց ընդհանուր թշնամու դէմ, որը սպառնալիք է տւեալ երկու պետութիւնների հողային ամբողջականութեան համար:Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ամերիկամէտ համարւող թուրք գեներալները ժողովրդի մօտ կորցնեն իրենց վստահութիւնն ու համբաւը: Թուրք ժողովրդի այդ տրամաբանութիւնը աւելի զարկ առաւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող 106-րդ բանաձեւը:
Այս իրավիճակը փայլուն առիթ է ընձեռել Իրանին՝ իր ռազմավարական նպատակներն իրագործելու ուղղութեամբ:
1. Տարածաշրջանում կառուցողական ներկայութեամբ՝ նւազեցնել ԱՄՆ-ի ու Իսրայէլի տիրակալութիւնը:2.Չէզոքացնել Իրաքի մասնատման հաւանականութիւնը:
3. Ոչնչացնել Իրանում աշխատող ՔԲԿ-ի մարտական մասնաճիւղ Փեժաքին:
4. Քրդական հարցը կարգաւորելով՝ Իրանը Թուրքիայից պահանջելու է, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի հաւանական յարձակման ընթացքում թոյլ չտան այլ ուժերը իր սահմանից ներխուժեն Իրան:
5. Տարածաշրջանում գոյութիւն ունեցող հակաամերիկեան տրամադրութիւնից Իրանը օգտւում է այդ երկրներին մի նոր եւ պարզապէս ոչ-ամերիկեան բլոկի շուրջ միաւորելու խնդրում:6. Տարածաշրջանում առհասարակ նւազեցնել քուրդ ապստամբների գործողութիւնները:
Ուրեմն՝ Իրանը իր ակտիւ դիւանագիտութեամբ փորձում է անփոփոխ պահել տարածաշրջանի ուրոյն դիմագիծը, այն, ինչ որ ԱՄՆ-ն փորձում է խաթարել՝ իր մաշկը փրկելու համար:
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 8 համարում
Wednesday, November 21, 2007
Պուտինի պատգամի գաղտնազերծումը
Համաժողովի աւարտին Ալի Լարիջանին յայտարարեց, թէ Պուտինը Իրանի ատոմական խնդրով նոր առաջարկներ է ներկայացրել Իրանի յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին: Բայց, յաջորդ օրը նախագահ Ահմադինեժադը իր յայտարարութեամբ զարմացրեց բոլորին՝ ասելով, թէ Պուտինը ատոմական խնդրով ոչ մի առաջարկ չի ներկայացել: Դրան անմիջապէս յաջորդեց Լարիջանիի հրաժարականը, որի կարեւորութեան պատճառով՝ ստւերի տակ մնաց այն հարցը, թէ իրօք Պուտինը ատոմական խնդրով նեկայացրե՞լ է առաջարկներ թէ՝ ոչ: Դա այնպէս էլ չբացայայտւեց ու մնաց գաղտնիք:Այստեղ նպատակ ունեմ տարածաշրջանի ու միջազգային դիւանագիտական անցուդարձերը վերլուծելով՝ մի կերպ գաղտնազերծել Պուտինի առաջարկի առեղծւածը:
Այս գաղտնազերծութեան ճշմարտութիւնը ապացուցելու համար՝ պիտի նշենք այն տւեալները, որոնք հնարաւորութիւն ստեղծեցին գաղտնիքը բացայայտելու աշխատանքում:
1 - Վլադիմիր Պուտինի այցը Իրան միայն Կասպից ծովի հերթական համաժողովին մասնակցելու նպատակով տեղի չունեցաւ, այլ Ռուսաստանի կողմից յստակ պատգամ էր ԱՄՆ-ին: Յիշեալ այցելութիւնը կատարւեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերաորակաւորելով իր դերը՝ մտադիր է միջազգային ոլորտում ազդեցիկ ներկայութիւն ապահովել իր համար: Եւրոպայում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակների ու նաեւ Ամերիկայի արտգործնախարարի ու պաշտպանութեան նախարարի Մոսկւա կատարած այցի ընթացքում ստացած պատգամների հանդէպ Պուտինի վերաբերմունքը ինքնին ապացուցում է դա:
2 - Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ցանկանում են սերտ համագործակցութիւն հաստատել Եւրոպայի հետ: Թուրքերը մտադիր են մուտք գործել Եւրոմիութիւն, ռուսները ցանկութիւն ունեն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցութիւն ստեղծել Եւրոպայի հետ եւ Իրանն էլ իր հերթին տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում Եւրոպայի հետ լուրջ համագործակցելու ակնկալութիւն ունի: Բայց, Մոսկւայի, Անկարայի եւ Թեհրանի մերձեցման համար մի հզօր դրդապատճառի կարիք էր զգացւում եւ դա առաջացրեց Վաշինգտոնը՝ Ռուսաստանի դէմ տեղադրելով հրթիռային յենակներ, Իրանի դէմ զարգացնելով միակողմանի շրջափակումներ, եւ Թուրքիայի դէմ արծարծելով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւն ու քրդերին պաշտպանելու միջոցով:Այս երեք երկրների դաշնակցումը նշանակում է նոր ուժային բլոկի ծնունդ:
3 - Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ այս ուժերի միացումը զգալի կերպով մերձեցնելու է Մոսկւային, Թեհրանին, Անկարային ու անգամ Դամասկոսին: Միայն այդ ընթացքում է, որ Իրանը, Թուրքիան եւ Սիրիան որդեգրելու են հակաահաբեկչական ռազմավարութիւն, որոնց որդեգրած ընթացքը պարտադրաբար պիտի հովանաւորի Արեւմուտքը: Այսօրւայ իրողութիւնը նման է Իրանի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ կնքւած 1950 թ. հակակոմունիստական ու հակաքրդական պայմանագրին, միայն այն տարբերութեամբ, որ այս անգամ Ռուսաստանն որպէս գերուժ՝ հովանաւորում է դաշնակիցներին եւ ոչ ԱՄՆ-ը: Ռուսաստանը կարգաւորելու է Քրդական հարցը եւ այդ ուղղութեամբ հնարաւոր է երեւան գայ աւելի չափաւորական Իրան, որը սերտ յարաբերութիւն կը ստեղծի Իրաքի շիա կառավարութեան հետ ու Ռուսաստանի, եւ ոչ ԱՄՆ-ի միջամտութեամբ կը զսպի ապստամբ քրդերին:
4 - Ռազմական ոլորտում Ռուսաստանը աւելի նւազ է ԱՄՆ-ից, բայց էներգետիկ ոլորտում դա Ռուսաստանն է, որ իր որոշ որոշումները պարտադրում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի ռազմական բիւջէն կազմում է մօտ 400 միլիարդ դոլար եւ Ռուսաստանինը միայն 21 միլիոն դոլար, որը ապացուցում է ԱՄՆ-ի ռազմական գերակայութիւնը, բայց էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ն իր 60% նաւթի կարիքը (օրական 21 միլիոն տակառ) ներածում է միջազգային շուկայից: Տարածաշրջանում նոր ուժային բլոկի յայտնութիւնը, որ վերահսկում է աշխարհի նաւթի 90%-ը, ԱՄՆ-ի համար նշանակում է մեծ պարտութիւն, իսկ Ռուսաստանի համար՝ մեծ յաղթանակ:
5 - Այս բլոկի կողմից վերահսկւող նաւթային արտադրութիւնը պատճառ կը դառնայ, որ այդ ռազմավարական նիւթը գների սղաճ արձանագրի: Ներկայում Վլադիմիր Պուտինի կարճաժամկէտ ռազմավարութիւնն էլ հիմնւած է միջազգային շուկայում նաւթի գնի բարձրացման վրայ: Դա նաեւ պատճառ կը դառնայ Ռուսաստանում Պուտինի վարկանիշի բարելաւմանը եւ կերաշխաւորի նրա գոյատեւումը՝ քաղաքական ասպարէզում, անգամ վարչապետի պաշտօնով:
6 - Պուտինը Իրան-Արեւմուտք լարւածութիւնը զարգացնելով՝ բարձրացրեց Իրանի վրայ յարձակւելու հաւանականութիւնը: Պուտինը այս քայլով Իրանին պարտադրեց իր ատոմական խնդիրը կարգաւորելու համար՝ աւելիով յենւել Ռուսաստանին: Դա նման է 1967-ին կատարած Բրեժնեւի քայլին, երբ Եգիպտոսի նախագահ Ջամալ Աբդոլնասերին քաջալերեց պատերազմել Իսրայէլի դէմ: Այդ պատերազմի հետեւանքով՝ Եգիպտոսը անցաւ Խ. Միութեան գիրկը:
7 - Նոր բլոկի կազմաւորման ընթացքում Ռուսաստանը ատոմական էներգիայի, զինամթերքի վաճառման ու տեխնոլոգիայի փոխանցման միջոցով աւելի է մօտենալու Արաբական աշխարհին: Կրեմլը այս քայլով նպատակ ունի. ա - Տարածաշրջանի երկրների հետ ռազմականօրէն համագործակցելով՝ չէզոքացնել Միջին Արեւելքում ծաւալւող ԱՄՆ-ի տիրակալութիւնը: բ - Միջին Արեւելքի երկրներում Իրանին վաճառւող ռուսական զինամթերքի պատճառով առաջացած մտահոգութիւնների նւազեցումը: գ - Պարսից ծոցում գոյութիւն ունեցող նաւթային հսկայ առեւտրի գործում ապահովել Ռուսաստանի ներկայութիւնը:
8 - Ռուսաստանը Իրանին իր հետ ուղեկից դարձնելու նպատակով՝ սերտ համագործակցում է Չինաստանի հետ: Նրանք 1996-ին ստեղծեցին Շանհայի պայմանագիրը, որը հակաահաբեկչական ու անվտանգութեան բնոյթ ունէր, բայց յետոյ այդ պայմանագիրն իր գործունէութիւնը ոչ միայն տարածեց տնտեսական ոլորտում, այլ նաեւ ռազմական ոլորտում լուրջ զարգացումներ արձանագրեց: Շանհայի պայմանագիրը իրեն վերանւանելով «Շանհայի համագործակցութիւնների կազմակերպութիւն», ապացուցում է յիշեալ փոփոխութիւնները: Ռուսաստանի միջնորդութեամբ Իրանը այսօր անդամակցում է այդ կազմակերպութեանը՝ դիտորդի կարգավիճակով եւ մօտ ժամանակներում դառնալու է լիիրաւ անդամ:
9 - Պուտինը ԱՄՆ-ի դէմ իր ուժային ցուցադրութեան ընթացքում իր համաձայնութիւնը յայտնեց Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից առաջարկւած գազային ՕՊԵԿ-ի նախագծին:
10 - Եթէ Պուտինի Իրանի առանցքով կատարած քաղաքական եւ տնտեսական գործադրումները յաջողութեան հասնեն եւ միաւորւեն տարածաշրջանի երկրները, բնականաբար կը ծնւի մի ուժային նոր բլոկ, որը ոչ կախում ունի Արեւմուտքից եւ ոչ էլ Արեւելքից:Նմանօրինակ բլոկի ձեւաւորումը նշանակում է, թէ այլեւս փոփոխւում են ներկայ աշխարհակարգի ուժային դիրքորոշումները:Ուրեմն՝ հարկաւոր է, որ Հայաստանն էլ իր հերթին վերանայի իր դիրքորոշումներն ու առաջնահերթութիւնները՝ աւելի լուրջ դեր ապահովելով տարածաշրջանի ուժային նոր համակարգում:
Վորլդ Սաքեր - World Soccer
Wednesday, November 14, 2007
Գործնապաշտ դարձած գաղափարապաշտը
Հրաժարո՞ւմ թէ պաշտօնանկութիւն
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Երբ Իրանի դիւանագէտները պատրաստւում էին ատոմական նախագծի ուղղութեամբ Հռոմում հանդիպել Խաւիէր Սոլանային, լրատու ցանցերի թէժ լուրերում յայտնւեց սպասւած եւ ոչ-շատ անակնկալ մի լուր՝ «Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հրաժարւեց իր պաշտօնից»:
Սա անակնկալ չէր քաղաքագէտների համար, ճիշտ այն պատճառով, որ այլեւս որինաչափ դարձած «Ամէն շշուկ սուտ չէ եւ իրականանալու համար կարիք ունի ժամանակի» հասարակական ասացւածքը, կրկին իրականութիւն դարձաւ: Ամիսներ էր, ինչ շշուկ էր տարածւում թէ Ալի Լարիջանին ցանկանում է հրաժարւել իր պաշտօնից, բայց ամէն անգամ չէր ընդունւում նախագահ Ահմադինեժադի կողմից, ի վերջոյ, շշուկներն իրականութիւն դարձան, երբ Լարիջանիի հրաժարումից անմիջապէս յետոյ՝ Ահմադինեժադը Ջալիլիին նշանակեց Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար:
Կառավարութեան խօսնակ Էլհամը իր յայտարարութեան մէջ յայտնեց, թէ Ալի Լարիջանին իր անձնական դժւարութիւնների պատճառով՝ հրաժարւել է իր պաշտօնից: Բայց, այս պատճառը, այն էլ երկրի քաղաքական խիստ կարեւոր օրերում, համոզիչ չէր եւ մի կերպ ընկալւում էր որպէս անարգանք՝ սեփական ժողովրդի հանդէպ: Այդ պատճառով էլ մի քանի օր անց Լարիջանին մամուլին ասաց, թէ ինչքան իմ մէջ փնտրում եմ անձնական դժւարութիւն, չեմ գտնում: Լարիջանիի այս յայտարարութիւնը եկաւ լրացնելու խորհրդարանի փոխնախագահ Բահոնարի խօսքերը, թէ այլեւս Ահմադինեժադ-Լարիջանիի համագործակցութիւնը հնարաւոր չէր:Լարիջանին նախագահական ընտրութիւններում մրցակից էր Ահմադինեժադին, բայց պատկանում էր նոյն Ահմադինեժադի Արմատական թեւին:
Երբ Ահմադինեժադն ընտրւեց երկրի նախագահ, անմիջապէս փոխեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ռոհանիին՝ Լարիջանիին որպէս նոր քարտուղար հոգեւոր առաջնորդին ներկայացնելով: Լարիջանին եւ նոյնպէս Ահմադինեժադը իրենց պաշտօնավարութեան առաջին օրերից երեւան եկան որպէս իդէալիստներ՝ քննադատելով նախկին կառավարութիւններին ու ատոմական խնդրով բանագնաց խմբին: Լարիջանիի հրաժարականը գալիս է փաստելու այն իրականութիւնը, որ այս երկու տարւայ ընթացքում երբ Լարիջանին բազմիցս հանդիպել է միջազգային զանազան դիւանագէտների ու մօտկից ծանօթացել է Իրանի ատոմական թղթածրարին, մի կերպ ասես դարձել է գործնապաշտ (պրագմատիստ), ինչը նաեւ կարելի է համարել նրա եւ Ահմադինեժադի անհամաձայնութեան գլխաւոր դրդապատճառը: Նոյն այս պրագմատիստ դարձած նախկին իդէալիստի ջանքերով էր, որ բարելաււեցին Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի յարաբերութիւնները, այն հեռանկարով, որ Իրանի թղթածրարը պիտի վերադառնայ ՄԱԳԱՏԷ: Նաեւ նրա երկարատեւ աշխատանքի հետեւանքն էին Իրան- Իրաք- ԱՄՆ եռակողմ բանակցութիւնները եւ այդ ուղղութեամբ նաեւ Իրանի դէմ երրորդ բանաձեւի հաստատման կասեցումը:
Բայց թէ ինչու նախագահ Ահմադինեժադի եւ նրա քաղաքականութիւններին յարող Լարիջանիի մինջեւ ծագեց այնպիսի անհամաձայնութիւն, որը եւ յանգեց վերջնիս հրաժարականին:Երբ 2005-ի սեպտեմբերին Ահմադինեժադը ստանձնեց նախագահական պաշտօնը, Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի փորձառու քարտուղար Ռոհանին, որը այդ պաշտօնում աշխատել էր շուրջ 16 տարի, նախագահի ծայրայեղական ուղղւածութիւնը տեսնելով ու նաեւ ծանօթ լինելով արմատականների գործելաոճին, որը տիրում էր խորհրդարանում եւ այլեւս հաստատւել էր նաեւ կառավարութեան կազմում, ինքնակամ հրաժարւեց իր պաշտօնից՝ տեղը զիջելով Ալի Լարիջանիին: Լարիջանին ստանձնելով Անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւնը, ինչպէս նախագահ Ահմադինեժադը, իրեն ամրագրելու համար սկսեց քննադատել նախկին կառավարութիւններին ու մասնաւորապէս նախկին բանագնաց խմբի գործունէութիւնը՝ ասելով, թէ նախկինները մարգարիտ տւեցին Արեւմուտքին, փոխարէնը ստացան միայն քաղցրաւենիք: Նա այս գնահատականը տւեց նախկին կառավարութեան կողմից ստորագրւած Փարիզի եւ Սաադաբադիի (Թեհրանի) պայմանագրերին: Լարիջանին մինչեւ իր պաշտօնավարութեան վերջին օրերը հանդէս էր գալիս մերթ ռադիկալ եւ մերթ նուրբ ու հաշտւողական ոճով, բայց ժամանակի անցումով, երբ միջազգային տրամադրութիւններն աւելի սրւեցին Իրանի դէմ, Լարիջանին եւս մեղմացրեց իր դիրքերն ու մերւեց նախկին բանագնաց խմբի տեսակէտներին, այսինքն՝ ատոմական աշխատանքների ժամանակաւոր կասեցում եւ սահմանափակ գործունէութիւն: Այլեւս փոխւել էր Լարիջանին ու դարձել աւելի գործնապաշտ իրատես՝ քան գաղափարապաշտ: Այդ ընթացքում էր , որ նախագահ Ահմադինեժադը սկսեց իր արտայայտութիւնները՝ ատոմական թղթածրարի ուղղութեամբ՝ ասելով, թէ Իրանը երբեք, անգամ մէկ վայրկեան չի կասեցնելու ուրանի յագեցման աշխատանքը: Նա անգամներ զանազան բեմերից յայտարարեց, որ Իրանի ատոմական ծրագրի «գնացքը» չունի արգելակ եւ անսասան գնում է դէպ առաջ: Ահմադինեժադը այդ օրերում խիստ քննադատեց այն անձանց, որոնք վախով են բանակցում Արեւմուտքի հետ ու բազմիցս յայտարարեց, թէ Իրանը հասել է ատոմական ծրագրի գագաթնակէտին եւ այլեւս աւարտւած պիտի համարել դա: Բոլորին պարզ յայտնի էր թէ, երկրի նախագահը իր այդ խօսքերով ում է թիրախ դարձնում:Ահմադինեժադի ու Լարիջանիի անհամաձայնութեան վերջին դրսեւորումը եղաւ այն ժամանակ, երբ Լարիջանին յայտարարեց, որ Ռուսաստանի նախագահն իր հետ Թեհրան է բերել մի յատուկ առաջարկ՝ ատոմական խնդրով, որը Ահմադինեժադը յաջորդ օրը հերքեց:
Լարիջանիի հրաժարականի պատճառների մի այլ վարկածն էլ այն է, թէ անկախ արմատական խմբակցութիւններն ու անհատները, ինչպիսին են՝ Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆն ու Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսէն Ռեզային, այն կարծիքի են, թէ խորհրդարանական առաջիկայ ընտրութիւններին պիտի մասնակցել համախմբւած ձեւով, ուրեմն՝ պիտի աւելի ուշադրութիւն դարձւի ներքին հարցերին՝ քան արտաքին: Այս օրերում աջ թեքում ունեցող թեւը մի կերպ մասնատւած է եւ Լարիջանիի նման փորձառու ու աջերի մօտ աւելի համբաւ վայելող անհատը կարող է համախմբել անկախ աջերին՝ ընտրութիւններում յաջողութեան հասնելու համար:
Ատոմական ծրագրի հեռանկարները
Ինչպէս յօդւածի սկզբում նշեցի, Ահմադինեժադի եւ Լարիջանիի միջեւ գոյացած անհամաձայնութիւնը նոր երեւոյթ չէր, ու այդ պատճառով էլ՝ Լարիջանիի հրաժարականը այսպէս ասած՝ անակնկալ չհամարւեց: Շուրջ 10 ամիս առաջ «Համշահրի» (Համաքաղաքացի) օրաթերթը, որ ղեկավարւում է Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Հոսէյն Էնթեզամիի միջոցով, իր վերլուծութեան մէջ այսպէս գրեց. «Համարեա 2005-ի ապրիլ ամսից կազմւեց մի զուգահեռ այլ հոսանք ու դիւանագիտութիւն, որն իր ստւերն է տարածել ատոմական հնարագիտական դիւանագիտութեան վրայ, որը սպառնալիք է այդ ոլորտի ձեռքբերումների համար: Այս զուգահեռ դիւանագիտութիւնը, յատկապէս նախագահի զանազան արտայայտութիւններով, պարզապէս ատոմական դիւանագիտութիւնը հանեց ձեռքբերւած հաւասարակշիռ հունից, այնպէս, որ Իրանի թղթածրարը, որ առաջարկւած փաթեթին դրական պատասխանելով՝ դուրս էր գալիս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդից, թէժ յայտարարութիւնների միջոցով նորից կասկածի մատնւեց եւ դրա արդիւնքում Իրանի դէմ երկու բանաձեւեր հաստատւեցին»: Այդ վերլուծութիւնը Լարիջանիի դիւանագիտութիւնը որակեց որպէս հնարագիտական եւ Ահմադինեժադի դիւանագիտութիւնը որպէս սուր արտայայտութիւնների վրայ հիմնւած:
Վերոյիշեալ յօդւածը առաջինն էր, որ թափանցիկ կերպով քննադատեց նախագահ Ահմադինեժադի դիւանագիտութիւնը եւ նրա սուր յայտարարութիւնները համարեց գլխաւոր դրդապատճառը Իրանի դէմ հաստատւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի երկու բանաձեւերի: Բայց, Ահմադինեժադը, որ փաստել է, որ իրեն հասցէագրւած որեւէ քննադատութիւն անպատասխան չի թողնում, անմիջապէս պատասխանեց Լարիջանիի խօսնակի յօդւածին: Մի քանի օր անց Ահմադինեժադի կառավարութեան խօսնակ Ղոլամհոսէյն Էլհամը լրագրողներին յայտարարեց, որ «Իրանի ատոմական դիւանագիտութեան դիրքորոշումները ճշտւում են միայն հանրապետութեան նախագահի միջոցով»: Ուրեմն՝ Էլհամի յայտարարութեամբ՝ Իրանի դիրքորոշումներն այն են, ինչ յայտարարել է նախագահը եւ դա սառը ջուր թափեց Լարիջանիի կողմնակիցների վրայ, որոնք կարծում էին, թէ կարող են Ահմադինեժադին համոզել հրաժարւել իր ծայրայեղական յայտարարութիւններից:Ուրեմն՝ աւանդական պահպանողականների ջանքերն ապարդիւն մնացին ու Լարիջանին իր տեղը զիջեց արտգործնախարարութեան Եւրոպա-Ամերիկա բաժնի խորհրդական ու Ահմադինեժադի դասախօսութիւնները կազմող Սաիդ Ջալիլիին:
Այս փոփոխութիւնից անմիջապէս յետոյ թէ՛ Ահմադինեժադը եւ թէ՛ Լարիջանին յայտարարեցին, որ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի ու ատոմական խնդրով բանագնացի փոփոխութիւնը ոչ մի կերպ չեն ազդելու բանակցութիւնների ընթացքի վրայ:
Բայց, արդեօք իրականում այդպէ՞ս է:
Լարիջանիի դիւանագիտութիւնը, իրօք, պիտի որակել հնարագիտական: Նրա ռազմավարութիւնը հետեւեալն էր՝ ատոմական տագնապը հասցնել գագաթնակէտի, ապա դիմացնից ստանալ առաւելագոյն արտօնութիւններ եւ ի վերջոյ տագնապը կասեցնել մեղմ երանգով: Նոյն այս հնարագիտական դիւանագիտութեամբ էր, որ Լարիջանին զգալի յաջողութիւնների էր հասել, որն այսպէս թէ այնպէս աննկատ մնաց, երբ Ահմադինեժադը իր անզիջող յայտարարութիւններով հակազդեց Լարիջանիի ձեռքբերումներին:
Այս երեւոյթը պարզում է, որ Ահմադինեժադն ու նրա պաշտպանները մտադիր չեն Արեւմուտքի հետ բանակցութիւնների աւարտին կասեցնել ուրանի յագեցման գործընթացը:Լարիջանիի հեռանալով՝ աւանդական պահպանողականները կորցրեցին իրենց ամենակարեւոր ուժային յենակ Ազգային անվտանգութեան խորհուրդը, իսկ Ահմադինեժադի արմատական թեւը աւելիով ուժեղացրեց իր դիրքերը, այն, ինչ սկսւեց Ահմադինեժադի պաշտօնավարութեան առաջին իսկ օրերից, երբ բազմաթիւ պաշտօնավարներ իրենց պաշտօնը զիջեցին նախագահի մերձաւորներին: Այս ուղղութեամբ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի խօսնակ Մոհսէն Ռեզայիին վերագրւող արգելափակւած «Բազթաբ» (Արձագանգ) լրատու կայքէջի ուղին շարունակող «Թաբնաք» (Լուսաշող) կայքէջը անդրադառնալով Լարիջանիի հրաժարականին՝ յայտարարեց՝ «Հրաժարւեց (կամ պաշտօնանկ եղաւ) Անվտանգութեան խորհրդում յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի խորհրդական ու ներկայացուցիչը՝ Ալի Լարիջանին»: Այս տեսակ յայտրարութիւնները լրացնում են նոյն շրջանառւող այն տեսակէտները, թէ աւանդական պահպանողականները աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցիկ դիրքերը:
Ուրեմն՝ հնարաւոր չէ հաւատալ այն խօսքերին, թէ Անվտանգութեան խորհրդի քարտուղար եւ գլխաւոր բանագնացի փոփոխութեամբ՝ չեն փոխւելու Իրանի դիրքորոշումներն ու դիւանագիտութիւնը՝ մասնաւորապէս՝ ատոմական խնդրի մասին: Բայց, թէ դա ինչպիսի երանգ կը ստանայ՝ կախում ունի ժամանակից: Արդեօք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բերած առաջարկները, որոնք, ըստ երեւոյթին, դեռ չեն բացայայտւել, կարո՞ղ են փոխել Իրանի ատոմական թղթածրարի ու նախագահ Ահմադինեժադի ուղղւածութիւնը, թէ ոչ:
Դրա մասին կը խօսեմ յաջորդ յօդւածում:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 6 համարում
Նաեւ
Թեհրանի Ալիք օրաթերթում