Showing posts with label Համայնք. Show all posts
Showing posts with label Համայնք. Show all posts

Thursday, August 18, 2011

Իրանի Քերման քաղաքում պատմական մի եկեղեցի է ոչնչացվել (լուսանկարներ)


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Քերման քաղաքում գտնվող պատմական եկեղեցին, որը հայտնի է եղել հենց «Քերմանի եկեղեցի» անվամբ, քաղաքաշինության աշխատանքների արդյունքում լիովին ոչնչացվել է՝ բուլդոզերների միջոցով: Եկեղեցին կառուցվել էր 1941 թվականին, նրա հեղինակն էր իրանցի հանրահայտ ճարտարապետ Ալի Մուհամադ Ռավարին: Գիտնականների համոզմամբ՝ եկեղեցու ճարտարապետությունը շատ յուրահատուկ էր, որի պատճառով էլ այն գրանցվել էր Իրանի ազգային ժառանգության ցանկում: Արդեն 32 տարի է, ինչ եկեղեցին չէր գործում, ժամանակին շրջանի հողագործները շենքն օգտագործել են որպես պահեստ, իսկ քաղաքի ընդարձակման հետ՝ այն վերածվել էր տաքսի-սերվիսի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Առնչվող լուսանկարներ






















Tuesday, August 02, 2011

Թեհրանում արգելվել է վարդավառի տոնակատարությունը


Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ՝ կիրակի օրը Թեհրանի հայոց առաջնորդարանի դիմաց գտնվող Սուրբ Մարիամ զբոսայգում մի խումբ իրանահայեր համախմբվել և վարդավառի ավանդական ջուր ցանելու տոնակատարությունն են իրականացրել, սակայն Թեհրանի ոստիկանության միջամտությամբ հայ երիտասարդները ստիպված են լքել տարածքը:

Կայքի հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ նման դեպք է գրանցվել Թեհրանի մեկ այլ զբոսայգում, որտեղ այս անգամ հենց իրանցիներն են ջուր ցանել միմյանց վրա:

Tabnak-ի եզրակացությամբ՝ նմանօրինակ գործողությունները ծրագրված են նախապես և նպատակ ունեն վնասել հասարակության բարոյական ու մշակությային արժեքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, March 18, 2011

Իրանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պատգամավորները համագործակցում են հետախուզական ծառայությունների հետ

Իրանական Mohabat News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանում մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ վերջին շրջանում Իրանի հետախուզական ծառայությունները կրկնակի ճնշում են գործադրում Իրանի ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հրեաների, ասորիների և զրադաշտների առաջնորդարանների ու կենտրոնների վրա:

Կայքի հաղորդմամբ, ազգային փոքրամասնությունների պատգամավորները կանչվում են հետախուզական ծառայություններ, որտեղ նրանցից փորձում են տեղեկություն ստանալ երկիրը լքած և Իրանի անվտանգության դեմ գործունեության մեջ կասկածվող քաղաքացիների ու նրանց ազգականների մասին:

Mohabar News-ը հավելում է, որ Իրանի հետախուզական ծառայությունները, կապի և հեռահաղորդակցության նախարարության օգնությամբ, գաղտնալսում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունով գրանցված բոլոր քաղաքային և բջջային հեռախոսազրույցները:

Կայքի մատուցմամբ, վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Իրանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պատգամավորները հիշյալ նախագծի շուրջ համագործակցում են հետախուզական ծառայությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, March 17, 2011

Իրանի պահակազորը մեծ քանակությամբ Ավետարան է այրել Իրանի Սալմաստ քաղաքի մոտակայքում


Իրանի քրիստոնյաների լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորի անդամները օրեր առաջ Իրան-Թուրքիա սահմանամերձ Սալմաստ քաղաքի Դերեշկ գյուղում մեծ քանակությամբ պարսկերեն լեզվով հրատարակված Ավետարաններ են հայտնաբերել, որոնք նույն վայրում ամբողջությամբ այրվել են:

Ի դեպ, 2010-ի սեպտեմբերին ևս Իրանի անվտանգության ծառայությունները երկրի արևմտյան շրջաններում հայտնաբերած Ավետարանները նույն վայրում այրել էին: [Դրա մասին գրել եմ այստեղ]

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ Իրանի բարձրաստիճան հոգևոր առաջնորդներից Այաթոլլահ Վահիդ Խորասանին էլ մտահոգություն էր հայտնել Իրանում քրիստոնեության տարածման առնչությամբ: Նա քրիստոնեությունը և, առհասարակ, ոչ իսլամ կրոնները «պիղծ» անվանելով՝ երկրի իշխանություններից պահանջել էր վերահասու լինել այդ խնդրին:

Հարկ է նշել, որ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտել էին ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերը, սակայն մինչ օրս նրանցից ոչ մեկը չի արձագանքել ո՛չ Ավետարանների զանգվածային ոչնչացմանը, ո՛չ էլ քրիստոնեությունը «պիղծ» համարելու՝ իրանցի բարձրաստիճան հոգևորականի հայտարարություններին։

Հարկ է ավելացնել, որ Իրանում ազատորեն հրատարակվում և վաճառվում են պարականոն ավետարաններ՝ Բառնաբայի և Մորմոնի գրքերը, մինչդեռ քրիստոնեական Սուրբ գրքի հրատարակությունն ու վաճառքը խստիվ արգելվում է: Այդ իսկ պատճառով Ավետարանի պարսկերեն թարգմանությունները սովորաբար ապօրինի ճանապարհներով են մուտք գործում Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, February 09, 2011

Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի առաջնորդին ու նախագահին

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին և նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն իր ուղերձում, նշել է. «Կրկին անգամ իսլամական հեղափոխության տարեդարձի սեմին ենք, մի հեղափոխություն, որը առանցքային նշանակություն ունի Իրանի նորօրյա պատմության համար: Իրանի իսլամական հեղափոխությունը՝ Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ, իրանցիների ինքնությունը բացահայտեց միջազգային հանրության համար: 

Հեղափոխության հաղթանակի առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի, պատգամավորական ժողովի, թեմական ու կրոնական խորհրդի անունից շնորհավորում եմ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ու նախագահ Ահմադինեժադին և հույս ունեմ, որ, Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության շնորհիվ, Իրանի բարգավաճման ականատեսը լինենք»:
Հարկ է նշել, որ Իրանում, փետրվարի 11-ին տոնվելու է իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, February 08, 2011

Սպահանի հայոց թեմի առաջնորդ. Իրանի հեղափոխությունը մեծ իրադարձություն էր աշխարհում

Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ Իրանի Սպահան քաղաքի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արք. Չարյանը Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ հանդիպել է Սպահանի նահանգապետ Ալիռեզա Զահեր Իսֆահանիի հետ:

Գործակալության հաղորդմամբ, Չարյանը նահանգապետի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ իրադարձություն էր աշխարհում և տարածաշրջանի ու միջազգային իսլամական շարժումներին միասնականության պատճառ դարձավ: Այսօր իսլամական երկրներում զարգացող շարժումը Իրանի իսլամական հեղափոխության արդյունքն է: Իրանի հեղափոխությունը ժողովրդական հեղափոխություն էր, որի պատճառով էլ պահպանեց իսլամական ու հեղափոխական ինքնությունը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, February 03, 2011

Հարգանքի տուրք` Իրան-Իրաք պատերազմում զոհված հայ նահատակներին

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, փետրվարի 3-ին, Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված ձեռնարկի ավարտից հետո, Իրանի զինված ուժերի ուղղաթիռները մի շարք քաղաքներում ծաղկապատել են Իրան-Իրաք պատերազմի ընթացքում զոհված նահատակների գերեզմանները:

Գործակալության փոխանցմամբ, նույն օրը տեղի է ունեցել նաև «Վարդերի հյուրասիրություն» կոչված մի ձեռնարկ` նվիրված Իրանի ազգային փոքրամասնությունների` պատերազմի ընթացքում զոհված հայ, հրեա, ասորի և զրադաշտական համայնքների ներկայացուցիչների հիշատակին. հիշյալ ձեռնարկի ավարտից հետո ուղղաթիռները ծաղկապատել են հայկական գերեզմանատանը գտնվող հայ նահատակների գերեզմանները:

Այդ կապակցությամբ փետրվարի 3-ին Իրանի խորհրդարանի պատգամավորները, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը այցելել են պատերազմի հայ նահատակների դամբարան և իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհված հայ մարտիկների հիշատակին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հայ հոգևորականն ազատ է արձակվել Սպահանի բանտից

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», հունվարի սկզբին Իրանի Սպահան քաղաքում ձերբակալվեր էր Հոգեգալստյան եկեղեցու հայազգի հոգևոր հովիվ Լեոնարդ Քեշիշյանը:

Սպահանից արդեն տեղեկացել ենք, որ Լեոնարդ Քեշիշյանը ազատ է արձակվել բանտից, բայց թե ինչ պայմաններով՝ դեռ պարզ չէ:

Աղբյուրները հայտնում են, որ Լեոնարդ Քեշիշյանը ազատվելուց հետո չի ցանկացել խոսել, թե ինչ է իր հետ կատարվել բանտում:

Նշենք, որ նրան մեղադրել են իրանական տնային եկեղեցիները հետ կապ հաստատելու և համագործակցելու մեջ, ինչը հերքվել է Սպահանի Հոգեգալստյան եկեղեցու անդամների կողմից: 

Ըստ նրանց՝ Լեոնարդ Քեշիշյանը շատ զգույշ է գործել այդ հարցում՝ չցանկանալով պատրվակ տալ անվտանգության ծառայությունների ձեռքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, January 28, 2011

Իրանահայության «Ալիք» օրաթերթը ծախվե՞լ է Իրանի իշխանություններին

Իրանի քրիստոնյաների Mohabat News լրատու ցանցը հունվարի 26-ին հրապարակված մի գրությամբ խիստ քննադատել է իրանահայության «Ալիք» օրաթերթի, նրա խմբագրի և Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի դիրքորոշումները Իրանում քրիստոնյաների դեմ ծավալված բռնությունների առնչությամբ:

Կայքը գրում է. «Պարզվում է, որ Իրանի հայերի մի փոքրիկ խումբ փորձում է ծառայել Իրանի իշխանություններին՝ արդարացնելով նրանց վարած քաղաքականությունը: Իսլամական հեղափոխությունից հետո հայերի դեմ սահմանված սահմանափակումների արդյունքում իրանահայերի ստվար մի մասը արտագաղթել է երկրից, և հիշյալ համայնքի թիվը 250 հազարից հասել է մոտ 65 հազարի: Իշխանությունները հայերին չեն թույլատրում նոր եկեղեցիներ կառուցել ու ամեն քայլափոխի ճնշում են: Բայց պարզվում է, որ հայկական համայնքի մի փոքրիկ խումբ որոշել է ծառայել Իրանի իշխանություններին ու նրանց քաղաքական գիծը տարածել իրենց համայնքում: Օրեր առաջ իրանահայության թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, այցելելով Թեհրանի կենտրոնական բանտ, փորձեց գնահատել Իրանի իշխանությունների վարած քաղաքականությունը քրիստոնյաների նկատմամբ, ինչը հարուցեց Իրանի քրիստոնյա համայնքի զարմանքը:

Այս ընթացքում իրանահայերի «Ալիք» օրաթերթն էլ հրապարակեց Open Doors կազմակերպության հրապարակած զեկույցը և այն երկրների ցանկը, որտեղ ճնշվում են քրիստոնյաները: Զարմանալին այն էր, որ օրաթերթը այդ ցանկից հանել էր Իրանի անունը, որը գտնվում էր երկրորդ հորիզոնականում: Այնուհետև թերթը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ապրող քրիստոնյաների վիճակի մասին, թեև հիշյալ կազմակերպության հրապարակած ցանկում Թուրքիան գտնվում է 30-րդ հորիզոնականում: Ինչպես ժամանակին «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանն է ասել իր հարցազրույցում, «Ալիք» օրաթերթը Իրանի իշխանություններից նյութական ու ֆինանսական օգնություններ է ստանում: Նախապես էլ իրանահայության այլ լրատվամիջոցներ «Ալիք» օրաթերթին քննադատել էին իր ոչ անաչառ և Իրանի իշխանությունների քաղաքականությանը սատարող լրատվության համար:

«Ալիք» օրաթերթի պահվածքն ու Սեպուհ արք. Սարգսյանի խոսքերն ապացուցում են, որ Իրանի իշխանությունը փորձում է իր վերահսկողությամբ պետական կրոնի հասկացողությունը մտցնել հայկական համայնքի մեջ:

Մենք հույս ունենք, որ հայկական մամուլն ու մեր հայ հայրենակիցները ուշադիր կլինեն Իրանի անվտանգության ծառայությունների լարած այդ թակարդին դեմ հանդիման և գիտակցաբար կվերաբերվեն դրանց»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական


  1. ԻՐԱՆԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է
  2. ԻՆՉՈ՞Ւ Է ԻՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Իրանի ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք մատուցեցին Խոմեյնիի հիշատակին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունվարի 27-ին Իրանի փոքրամասնությունները՝ հայերը, հրեաները, ասորիներն ու զրադաշտականները, իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով այցելելով իսլամական հանրապետության հինադիր իմամ Խոմեյնիի դամբարան և ծաղկեպսակներ դնելով, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Խոմեյնիին:
Նշենք, որ ամեն տարի փետրվարին Իրանում մեծ շուքով տոնում են իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը, և դրան նախորդող օրերին Իրանի հասարակության տարբեր խավեր ու կազմակերպություններ, ներկայանալով իսլամական հանրապետության հիմնադրի դամբարան, իրենց հարգանքի տուրքն են մատուցում հեղափոխության առաջնորդին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, January 13, 2011

Ինչո՞ւ է Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը աջակցում Իրանի իշխանություններին

Իրանի քրիստոնյաների լրատվական կայքերից տեղեկանում ենք, որ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը Նոր տարվա և Ամանորի առիթով այցելել է Թեհրանի կենտրոնական Էվին բանտի քրիստոնյա հայ բանտարկյալներին:
Այդ մասին հաղորդում է նաև Իրանի բանտերի կազմակերպության լրատու կայքը: Հիշյալ կայքի մատուցմամբ, սրբազան հայրը հայ բանտարկյալների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. «Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ Էվին բանտի ղեկավարությանը, իսկ հետո նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությանը, որ լրջորեն հարգում են այլ կրոնների հետևորդներին ու նրանց թույլատրում են կատարել իրենց կրոնական ծեսերը: Իրանում կրոնի ու ծեսերի ազատության փաստը լավագույն օրինակ պիտի ծառայի այլ երկրների համար: Իրանը միակ երկիրն է, որ բանտարկյալներին թույլատրում է կատարել իրենց կրոնական ծեսերը: Ես Իրանում առկա կրոնի ազատության մասին բազմիցս հայտարարել եմ զանազան համաժողովների ընթացքում: Իմ համալսարանական ավարտաճառը հենց Իմամ Հուսեյնի ու Աշուրայի օրվա իրադարձությունն է եղել, ուստի ես քաջածանոթ եմ իսլամին, ու պիտի ասեմ, որ Իրանում կրոնի ազատության արմատները հենց իսլամի մեջ են»։
Հրապարակված լուրի համաձայն, առաջնորդի խոսքերից հետո տեղի է ունեցել կրոնական արարողություն, որի ավարտին հայ բանտարկյալները հաղորդություն են ստացել ներկա քահանայից:
Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել քրիստոնեական համայնքների վրա, ու այս ընթացքում՝ իսլամական հեղափոխությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցին իր ազգային պատկանելության շնորհիվ ավելի ազատ է աշխատել: Իսկ պետք է նշել, որ Իրանի իշխանությունները իսլամական հեղափոխությունից հետո հենց հայկական համայքին չեն թույլատրել նոր եկեղեցի կառուցել: Այդ մասին հայտարարել է նաև Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավոր Գևորգ Վարդանյանը: 
Սակայն հայկական ու ասորական եկեղեցիներից բացի, Իրանում քրիստոնեությունը տարածվում է նաև մուսուլման հասարակության մեջ: Կրոնափոխները իսլամի շարիաթի օրենքով մահապատժի են դատապարտվում, հետևաբար իրանական քրիստոնյաները փորձում են Աստծուն երկրպագել այսպես կոչված՝ տնային եկեղեցիներում:
Վերջին ամիսների ընթացքում, Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են բազմաթիվ կրոնափոխ իրանցիների, որոնցից քրիստոնյա քահանա Նադարխնին մահապատժի է ենթարկվել:
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են իսլամից հրաժարվելու և քրիստոնեությունը որպես նոր կրոն ընդունելու համար:
Ի դեպ, նշենք, որ, իրանական «Jahan News» կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները 2010-ի հունիսին Իրանի արևմտյան շրջաններում առգրավել են հազարավոր Ավետարաններ, որոնք բոլորն այրվել են նույն տեղում:
Վերոհիշյալ միջադեպից հետո՝ 2010-ի սեպտեմբերին, ԱՄՆ-ում քրիստոնյա մի քարոզիչ հայտարարել էր, թե մտադիր է, ի հիշատակ սեպտեմբեր 11-ի, այրել մուսուլմանների Ղուրանը: Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը խիստ քննադարեց ԱՄՆ-ում Ղուրանն այրելու երևույթը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, January 04, 2011

Թեհրանում Ամանորի գիշերը երկու հայ երիտասարդների են ձերբակալել

Իրանական լրատվամիջոցները [+] հաղորդում են, որ Նոր տարվա գիշերը Թեհրանի ոստիկանությունը երկու հայ երիտասարդների է ձերբակալել:
Իրանի ոստիկանության «Բարոյական անվտանգության» բաժնի հրամանատար Ահմադ Ռուզբահանին հայտարարել է, որ Նոր տարվա գիշերը, որը համընկնում էր մուսուլմանների «Իմամ Սաջադի» նահատակության սգո արարողության հետ, Թեհրանի հյուսիսային մասում գտնվող «Դաշթ Բեհեշթ» համալիրում, ուր հայերը տոնում էին Ամանորը, երկու հայ երիտասարդներ հարբեցողության պատճառով ձերբակալվել են:
Ռուզբահանիի ասելով. «Հայերը Նոր տարվա գիշերը թույլտվություն ունեն մինչև առավոտյան ժամը 3:00-ը մասնակցել խնջույքների, սակայն՝ իրենց թույլատրած սրահների ներսում: Բայց այս Նոր տարվա առավոտյան մի քանի հայ երիտասարդներ, որոնք խիստ հարբած էին, փողոց դուրս գալով՝ անվայել արարքներ են թույլ տվել, որի պատճառով էլ ձերբակալվել են»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրանի քաղաքապետը այցելել է հայոց թեմի առաջնորդարան

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթի հաղորդմամբ, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը Ամանորի առիթով այցելել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի կրոնական առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանին, Իրան-Իրաք պատերազմի մի շարք հայ վետերանների ու զոհվածների ընտանիքների հետ:
Ղալիբաֆը բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով և մաղթել է առողջություն, փառք ու երջանկություն:
Նա իր խոսքում նաև ընդգծել է. «Ես այսօր շատ հպարտ եմ, որ գտնվում է այն մարդկանց մեջ, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում: Ես՝ որպես պատերազմին մասնակցած անհատ, համոզված եմ, որ հայերի դերն այնքան կարևոր է եղել պատերազմի դաշտում, որ խարսխվել է բոլորիս հիշողության մեջ:
Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Ամանորի առիթով հայ համայնքին ուղղած իր շնորհավորանքների համար:
Իրանի իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի ու հյուսիսային Իրանի հայ համայնքի պատգամավոր Գևորգ Վարդանյանն էլ, իր բարիգալուստի պատգամը ուղղելով քաղաքապետին, հայտարարել է. «Այսօր դուք եկել եք Ձեր ռազմընկերներին այցելության, նրանց, ովքեր, երբ Իրանը պաշտպանվելու կարիք ունեցավ, իրենց ամենաթանկագինը՝ կյանքը, ուսապարկերի մեջ դրած, շտապեցին դեպի պատերազմի դաշտ ու բոլորի հետ մեկտեղ պաշտպանեցին Իրանի տարածքային ամբողջականությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, May 06, 2010

«Շոկային» մարտավարութիւնը արդէն իրագործւած է

Քաղաքական եւ հասարակագիտութեան ոլորդներում գոյութիւն ունի մի տերմին, որը կոչւում է «Շոկային» մարտավարութիւն: Այդ մարտավարութեան իրագործումը այնպէս է, որ նախ իրականանում է շոկի առաջին փուլը, որը կարող է լինել պատերազմ, ահաբեկչութիւն, յեղաշրջում եւ կամ էլ բնական աղետ: Առաջին փուլի պատճառով հասարակութեան մեջ առաջացած իրարանցումը օգտագործելով, իրականանում է շոկի երկրորդ փուլը, որը առհասարակ լինում է տնտեսական ու քաղաքական մեծ փոփոխութիւն, բնակչութեան տարահանում եւ տեղափոխութիւն եւ այլն: Այդ «շոկը»ունի նաեւ երրորդ փուլ, որն է, ընդիմադիրների ու բողոքողների ձայնի խեղդում է, ամէնհնարաւոր եւ անհնար միջոցներով:

Մարդկային պատմութիւնը բազմիցս ականատես է եղել «շոկային» զանազան մարտավարութեան իրագործմանը: Ցաւալին մեզ համար այն է, որ կարծես մեր համայնքն էլ վերջին տարիներում նման մարտավարութեան ականատեսն է: Դա սկսւեց այն պահին երբ ժողովրդին արգելեցին մայր եկեղեցու շրջափակում կատարեր աւանդական տօները, յատկապէս վարդաւառն ու տրնդէզը: Դրա անմիջապէս յաջորդեց ազգային ու մշակութային հաստատութիւնների աշխատանքի կասեցումն ու շենքերի վաճառումը: Մեր համայնքը արդէն երկու տարւայ ընթացքում ականատես եղաւ երեք հաստատութեան փակմանն ու վաճառմանը՝ երկու դպրոց եւ մեկ միութիւն:

Ինչքան էլ ասենք թէ այդ բոլորի գլխաւոր պատճառը, տնտեսական ճգնաժամն ու երկրի անկայուն իրավիճակն է, բայց պիտի աւելացնել այն, որ երբ ժողովուրդը նման իրավիճակում է յայտնւում, սկսում է վարւել իր բնազդներով, եւ ըստ բնազդի, երբ տեսնում ես, որ քո ղեկավարները ոչ մի ջանք չեն թափում ունեցածը պահպանելու ուղղութեամբ, արդէն մնում է մի ելք, գնալ այնտեղ, որտեղ որ աւելի ապահով պիտի զգաս քեզ, ենթարկւելով մեծամասնութեան տրամաբանութեանը: Եւ այդ մեծամասնութեան տրամաբանութիւնը մեզ մօտ, դա դէպի ԱՄՆ արտագաղտն է:

Եթէ աւելի տարամաբանական նայենք այս հարցին, պիտի գտնենք, որ մեր ղեկավարութեան բոլոր այն յայտարարութիւնները, որը կատարում են արտագաղտի դէմ, չի համապատասխանում իրականութեան, որովհետեւ նրանց մօտ գոյութիւն ունի այն մտայնութիւնը (որը բացայայտօրէն չեն արտայայտւում), որ եթէ ուժի կենտրոնում ունենաս մեծ համայնք կարող էս աւելի դրական քայլեր կատարտլ: Եւ ըստ նրանց այդ ուժի կենտրոնները այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանն է: Դէ մեր ժողովուրդը Իրանից առհասարակ չի արտագախտում դէպի Ռուսաստան, բայց հակառակը, շատ դիւրին գնում է ԱՄՆ: Ուրեմն պիտի ասենք, որ այսօր գոյութիւն ունի մի թաքուն ծրագիր, որի միջոցով փորձում են իրանահայութեանը աւելի համակարգւած ձեւով փոխադրել ԱՄՆ, եւ դա կիրականանայ այն ժամանակ, երբ այլեւս այստեղ մնալու ցանկութիւն եւ կարողութիւն չլինի: Եւ ճիշտ դրա հիման վրայ է, որ այսպէս արագ փակւում ու վաճառւում է մեր համայնքի հաստատութիւնները: Ցանկալի էր, որ մեր այս տեսակետը չհամապատասխաներ իրականութեան, բայց տեսնելով վերջին տարիների կատարւած կործանիչ քայլերը գալիս ենք այն եզրակացութեան, որ այս բոլորը չի կարող պատահականութեան արդիւնք լինել:

Ուրեմն պիտի աւելի աչալուրջ եւ սթափ լինել, ու համախմբւած կերպով կանխել նման կործանարար քաղաքականութիւնները, ինչպէս նախկինում համախմբւեցինք եւ պահպանեցինք մեր դպրոցները, երբ տարբեր իրանական իշխանութիւններ փորձում էին փակել մեր ազգային դպրոցներն ու հաստատութիւնները, այսօր միայն մեր պայքարը արտաքին դաշտից փոխադրւել է ներքին դաշտ, որովհետեւ Հազկերտները այսօր յայտնւել են հէնց մեր համայնքում եւ ոչ այլուր:

Friday, January 29, 2010

Բայց մինչեւ ե՞րբ


Այս շաբաթւայ աւարտին կայացաւ «Հայ Դատն Այսօր» 7-րդ խորհրդաժողովը: Արդէն եօթը տարի է ինչ կայանում է այդ հետաքրքրաշարժ խորհրդաժողովը, որի շնորհիւ Իրան են այցելել բազմաթիւ հայ մտաւորակններ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են եղել Հրանտ Դինքը, Աշոտ Մելքոնեանը, Արմէն Այւազեանը, Հայկ Դեմոեանը եւ այլք:
Բայց այս բոլորով հանդերձ, այս խորհրդաժողովը կարծես վերածւում է աւանդութեան, ոչ թէ աւանդութիւն դարձած միջոցառումներն ու խորհրդաժողովները վատ բան են, բայց այս պարագայում կարծես մենք միայն կազմակերպում ենք խորհրդաժողովը, որի ընթացքում մարդիք գալիս, խօսում, առաջարկում եւ գնում, ու վերջում էլ մենք այդ խորհրդաժողովի դասախօսութիւնները մի գրքով հրապարակում ենք, եւ վերջ:
Ժամանակին, երբ դեռ 4 կամ 5 խորհրդաժողով էր տեղի ունեցել, մի քանի ընկերներիս հետ մեկտեղ, ՀՈՒՍԿ հաստատութեանը, որը այդ խորհրդաժողովի կազմակերպիչն է, առաջարկեցինք կեանքի կոչել մի յանձնախումբ, որը լուրջ ուսումնասիրութեան պիտի յանձնի այս տարիների խորհրդաժողովներում հնչած առաջարկները, եւ դրանց ընդմիջից պիտի արտահանի մի խտացւած եւ նոր ռազմավարութիւնը ու մարտավարութիւն, որը նոր շունչ ու եռանդ պիտի պարգեւի մեր հայ դատի պայքարին, այսօր:
Իւրաքանչիւր խորհրդաժողով չի կարող ինքնանպատակ լինել, այլ մի յստակ նպատակի համար է, ինչ կազմակերպւում են նմանօրինակ խորհրդաժողովներ, եւ եթէ ցանկանում ենք նման խորհրդաժողովները տեւական լինեն, պիտի քանի տարի մէկ անգամ լուրջ քննութեան յանձնենք այդ տարիների խորհրդաժողովները, կազմւեն նոր գործելաոճ ու մարտավարութիւն եւ դրանից յետոյ է, որ  յաջորդ խորհրդաժողովները կարող են աւելի յաջող եւ հարուստ լինեն, բայց եթէ միայն այսպես շարունակւի մենք կը դառնանք հրատարակչական ընկերութիւնների նման մի կազմակերպութիւն, որը իր նիւթերը հարստացնելու եւ լրացնելու համար կազմակերպում է զանազան խորհրդաժողովներ ու հաւաքներ:
Արդէն եօթ տարի է ինչ կայանում է «Հայ Դատն Այսօր» խորհրդաժողովը, բայց մինչեւ ե՞րբ պիտի այսպէս շարունակւի: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՈՒՍԿ հաստատութեան պատասխանատուների մօտ: Ես անձնապես հաւատացած չեմ, որ ՀՈՒՍԿ հաստատութեան պատասխանատուների համար լոկ խորհրդաժողով կազմակերպելը նպատակ լինի, բայց թէ ինչու դեռ չենք գնահատել ու քննութեան յանձնել այդ եօթը դժւարին տարիների ընթացքում կայացած խորհրդաժղովների արդիւնքը, չգիտեմ:
Միայն վերջում ասեմ, որ եթէ պիտի լսւի մեր համեստ առաջարկը ու կեանքի կոչւի ուսումնասիրող մի անկախ յանձնախումբ, պիտի այդ յանձնախումբը համալրւած լինեն լուրջ մտաւորականներով ու քաղաքական գործիչներով, եթէ ոչ, այդ աշխատանքն էլ կը դառնայ ցուցական ու մակերեսային:

Friday, January 08, 2010

Երբ կուսակցութիւնը վերածւում է կրօնի


«ես իմ ծնողներին կը ծախեմ, յանուն դաշնակցութեան», «իմ կնոջն ու զաւակներին կը ծախեմ յանուն դաշնակցութեան», «եթէ իմ երեխան անգամ հակառակւի իմ գաղափարի հետ, նրան կը սպանեմ», «եթէ կուսակցութիւնը իր շարքային մի աղջկայ ասի, որ նա իր կուսութիւնը պիտի տայ յանուն կուսակցութեան, այդ աղջիկը առանց մտածելու պիտի կատարի դա», «ես նախ դաշնակցական եմ, յետոյ հայ», «դաշնակցութիւնը իմ համար սրբութիւն է, իմ մօտ դրա դեմ ոչ մի խօսք չասես», «ես դաշնակցութեան ճիշտ եւ սխալ բոլոր արարքները հաստատում եմ», «եթէ ասածներս ֆաշիստական է թւում, այո ես ֆաշիստ եմ», «արի ասպարեզ տեսնեն ո՞վ է ուժեղը, մենք կ՛ոչնչացնենք բոլոր հակառակորդներին», եւ .... :
Այս բոլորը, որը նշեցի այստեղ, իմ ունեցած ընկերական զրոյցն էր մի շարքային դաշնակցական կուսակցականի հետ, որը վերջում վերածւեց «ընկերական» վիճաբանութեան:
Ես լաւածանօթ եմ նմանօրինակ մտածելակերպին եւ այն 10 տարիները, որը շարքային դաշնակցական էի, պայքարել եմ նման մտածողների ու մտածելակերպի դեմ: Ցաւալի է, որ այսօրւայ երիտասարդ շարքայինների մօտ զարգանում է նման մտածելակերպը եւ նրանք փորձում են քաղաքական կուսակցութիւնն ու նրա դաւանած գաղափարախօսութիւնը վերածեն մի կրօնի ու կուրօրէն պաշտեն դրան:
Հետաքրքիր է, որ այդ մտածելակերպին յարող ընկերներս, իրենք իրենց անւանում են ընդյատակեայ բարեփոխողներ, որոնք ըստ իրենց, ժամանակին փորձել են բարեփոխել իրանում գործող կուսակցութեան գործելաոճը: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին աշխատելով կուսակցութեան օրգան համարւող օրաթերթում, հակադրւել եմ իրենց եւ չեմ քայլել բարեփոխումների ճամբով: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին պաշտպանել եմ Ալիք օրաթերթի տնօրէն Վարուժ Յովհաննեսեանին, որը նաեւ նախագահում էր կուսակցութեան կենտրոնական կոմիտէն: Այո ես պաշտպանում էի Վարուժ Յովհաննեսեանին, որովհետեւ տեսնում էի, որ այդ ինքնակոչ «բարեփոխիչները» սխալ թիրախ են որոշել իրենց համար: Ես ասում էի, որ անգամ եթէ ձեզ յաջողւի փոխել Վարուժին, դուք ձեր նպատակին չէք հասնի, որովհետեւ մեր նպատակը ոչ թէ Վարուժին փոխել է, այլ այն սխալ մօտեցումները, որը դժբախտաբար այսօր հէնց մեր «բարեփոխիչները» կուրօրէն շեփորում են: Մենք ոչ թէ պիտի փոխէինք Վարուժ Յովաննեսեանին այլ օրինակ այն մտածելակերպը, որը փորձում էր կուսակցութիւնը դարձնել իրենց անհատական ակումբին: Օրինակ յիշում եմ երբ մեր շրջանի կուսակցական շրջանային ժողովն էր, մենք՝ ժողովականներս, մի շատ կարեւոր որոշում հաստատեցինք, բայց ժողովի աւարտին, ժողովում ներկայ բիւրոյի ներկայացուցիչի անձնական որոշումով, ժողովը պարտադրաբար փոխեց իր իսկ հաստատած որոշումը: Կամ երբ ընտրւում էր շրջանի կենտրոնական կոմիտէն, ժողովում ներկայ բիւրոյի ներկայացուցիչը փորձում էր ընտրել տար այն անհատներին, որոնց հետ համաձայն էր ինքը: Իմ բոլոր խօսքը դա էր, որ մենք եթէ պիտի բարեփոխութիւն իրականացնենք, պիտի պայքարենք նմանօրինակ երեւոյթների դեմ այլ ոչ միայն մի անհատի դեմ, որի բացակայութեամբ անգամ ոչ մի խնդիր չեր լուծւելու:
Բայց դժբախտաբար այսօր մեր շարքայինների մօտ բացակայում է քննադատական մօտեցումները եւ զարգանում է միայն մերժողականութիւնը: Նրանք փոձում են կուսակցութիւնը վերածել մի կրօնի եւ ով այդ կրօնի դեմ խօսք անգամ ասի պիտի մերժւի: Կարելի է, որ մի կուսակցութեան համար հաւատարիմ շարքայիններ ունենալը միշտ էլ ցանկալի է եղել, բայց սկզբում նշւած խօսքերը արդէն հաւատարիմ շարքային անհատների խօսքեր չեն, այլ դրանք այն անհատների խօսքերն են, ովքեր փորձում են կուսակցութիւնը վերածելով կրօնի, բոլորին պարտադրեն իրենց ցանկութիւնները: Սա մտահոգիչ երեւոյթ է, որն այսօրւայ կուսակցական ղեկավարութիւնը պիտի մտահոգւի դրա համար:
Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այսօր, անգամ երբ հեռացւած եմ դաշնակցութեան շարքերից, դեռ իմ մէջ պահպանում եմ այն վեհ նպատակներն ու արժէքները, որը դրանց իրականացման համար ժամանակին անդամագրւեցի Հ.Յ.Դ. շարքերին, բայց այդ նպատակները իրագործելու համար, երբեք դաշնակցութիւնը չեղաւ, եւ չի կարող լինել միակ ճամբան ու միջոցը:

Friday, April 24, 2009

Մեծ Եղեռնին նւիրւած ժողովրդական համահաւաք՝ Թեհրանում

Եւ այսօր, ինչպէս միշտ, Իրանահայութիւնը նշեց Հայոց Մեծ Եղեռնին նւիրւած ժողովրդական ցոյցն ու համահաւաքը:
Դրանց թւում նաեւ Թեհրանի հայ ժողովուրդը, Ս. Սարգիր մայր եկեղեցու շրջափակում համախմբւած, յարգանքի տուրք մատուցեցին, բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակը:
Եւ այդ ուղղութեամբ BBC-ի ձայնը, իր պարսկերէն հաղորդումների բաժնում, հարցազրոյց է ունեցել Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի, իրանահայ վաստակաւոր լրագրող Վարդան Դաւթեանի ու նաեւ ինձ հետ: Դրա բովանդակութիւնը կարելի է դիտել այստեղ:

Saturday, January 27, 2007

Բողոքի ցոյցեր


Երեկ՝ Յուն.26-ի երեկոյան Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ ժողովրդական բողոքի ցոյց Հայազգի մտաւորական Հրանտ Դինքի ահաբեկման դէմ:




Նաեւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում էլ տեղի է ունեցել բողոքի ցոյց որի լուսանկարները ինձ ուղարկեց շատ սիրելի ընկերս՝ Վահիկ Վարդանեանը:


Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ



Ուրախութեամբ ստացայ նաեւ Վիէնայում տեղի ունեցած ցոյցի նկարները որ ինձ ուղարկեց շատ սիրելի Արազ Օհանեանը:



Բողոքի ցոյց Կիպրոսում
Լուսանկարը ուղարկեց Կիպրահայեր պարբերականը



Բոլոր լուսանկարները կարելի է տեսնել այստեղ

Monday, August 28, 2006

Ոչխարային տրամաբանութիւն

Մի փոքրիկ հովիւ ամէն օր իր ոչխարներին տանում էր դաշտ՝ արածացնելու համար: Նա ամէն օր ուշադիր կերպով քննում էր իր ոչխարների արարքներն ու ապրելաձեւը՝ գտնելու համար, թէ ինչպէս են ապրում եւ առհասարակ ինչ է նրանց գոյութեան փիլիսոփայութիւնը:Փոքրիկ հովիւը հասկացել էր, որ ոչխարները մրջիւններին հակառակ՝ չեն մտածում ապագայի մասին, ապրում են հանապազօրեայ, ապրում են, երբ ուտելու բան կայ եւ կը սատկեն եթէ ուտելու բան չգտնեն ու ոչ ոք էլ չկերակրի նրանց: Ոչխարները նաեւ համախմբւում էին, երբ մի անգամ լսում էին հովւի շան հաչոցը եւ ստրուկի նման ենթարկւում էին շան ցուցմունքներին, անգամ եթէ շունը մի քանի ժամով բացակայէր դաշտից: Պատանի հովիւը նաեւ ըստ իր հօր խորհուրդների՝ գիտէր, որ ոչխարները գիշերւայ պահին շարքով ախոռ կը վերադառնան նոյն այն ճանապարհով, որ առաջին օրը ճշտել էր հովիւն ու շունը:Օրեր այսպէս անցան եւ փոքրիկ հովիւը համարեա էլ բան չունէր սովորելու ու յաւակնում էր, թէ այլեւս իւրացրել է հովւութեան բոլոր գաղտնիքները: Բայց մի օր շատ զարմանալի դէպք պատահեց հովւի համար եւ նրան փաստեց, որ դեռ ոչինչ չգիտէ հովւութեան մասին: Նա տեսաւ, որ մի ոչխար աւելի թարմ խոտ գտնելու նպատակով՝ բաժանւեց հօտից ու դէպի ձորը գնաց: Ձորի եզրին արածելու պահին ոտքը սահեց ու ձորի յատակն ընկաւ եւ սատկեց: Այդ մօտակայքում արածող երկու ոչխարները դա տեսնելով՝ վազեցին դէպի ձորն ու իրենց վար նետեցին: Պատանի հովիւը լեղապատառ իրեն հասցրեց հօտին ու սուլելով՝ շանը հրահանգեց, որ հօտը առաջ քշի՝ նմանօրինակ պատահարներից խուսափելու համար: Նրա համար շատ զարմանալի էր վերջին երկու ոչխարի արարքը, բայց երբեք չգտաւ համոզիչ պատասխան:Երեսուն տարիներ անցան ու մեր փոքրիկ հովիւը դարձաւ յայտնի քաղաքական գործիչ եւ ի վերջոյ՝ իր նահանգի առաջնորդ ղեկավար: Երկար տարիներ էին անցել, բայց նա դեռ չէր գտել իր մանկութեան շրջանից ժառանգւած հանելուկը, ուրեմն՝ որոշեց գտնել իրեն յուզող հարցի պատասխանը: Նա իր հանգամանքից ելնելով՝ ամէն օր պիտի այցելէր հասարակական, տնտեսական ու քաղաքական զանազան կենտրոններ, ընկերութիւններ ու նախարարութիւններ, պիտի լսէր բոլորի դժւարութիւնները եւ լուծում առաջարկէր այդ բոլորի համար:Նա իր շրջագայութիւնների ընթացքում հանդիպեց զանազան զեղծարարութիւնների, գողութիւնների, կաշառակերութիւնների ու նաեւ ճշմարտապահութիւնների: Նա չգիտէր, թէ ինչու մի կենտրոնում համատարած է կաշառակերութիւնը, իսկ միւսի մէջ՝ ճշտապահութիւնը: Այդ դժւարութիւնը լուծելու նպատակով նա դիմեց զանազան հասարակագիտական ու հոգեբանական գրքերի: Երկար ուսումնասիրութիւններից յետոյ նա անդրադարձաւ, որ այդ դժւարութիւնները եւ կամ բարեմասնութիւնները առաջանում են տւեալ կենտրոնի ղեկավար ու առաջնորդ անհատների միջոցով: Երբ որեւէ ղեկավար կամ առաջնորդ ընթանում է սխալ եւ կամ ճիշտ ճանապարհով, հպատակ աշխատակիցներն էլ կամաց-կամաց ընդօրինակում էին իրենց:Մեր նահանգապետը դրան անդրադառնալով՝ զեղծարար ու կաշառակեր ղեկավարների փոխարէն՝ գործի հրաւիրեց ճշտապահ ու նւիրեալ անհատներին եւ այսպիսով նաեւ գտաւ իր մանկութեան գլխաւոր հարցի պատասխանը, թէ ինչու վերջին երկու ոչխարները իրենց վար նետեցին, երբ առաջին ոչխարը վար ընկաւ:
***
Քաջարի զօր. Գարեգին Նժդեհն ասում է. «Ամէն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը», ուրեմն՝ ամբողջ ժողովրդին ու նրանից ծնւած ու նրա նման ապրած, աշխատած, նաեւ նրա անունից խօսող ու գործող անհատներին է տրւած իր առաջնորդին ու ղեկավարին քննելու եւ քննադատելու իրաւունքը: Թող բոլոր առաջնորդներն ու ղեկավարները այն պատմական թագաւորի նման, որ ծառայի հագուստով շրջում էր ժողովրդի մէջ ու հարցնում թագաւորի մասին, մտնեն ժողովրդի մէջ ու լսեն ամենաարդար քննադատութիւնները եւ բարի կամքով բարեփոխեն իրենց ընթացքը, ոչ թէ լռեցնեն ամէն մի բողոքի ձայն, եթէ, իհարկէ, գործում են ժողովրդի համար:
***
Առաջնո՞րդ ես, ուրեմն՝ եղիր ազնիւ, եղիր էլի ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ. դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար: Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:

Wednesday, August 23, 2006

Արեւելքի Գարիբալդին մոռացութեան է մատնւել


Ամէն մի երկիր իր պատմութեան ընթացքում ծնել կամ իր մէջ է ներգրաւել բազում հերոսներ եւ այդ հերոսները անկախ իրենց ազգութիւնից՝ պայքարել են տւեալ երկրի հողային ամբողջականութեան, ազատագրութեան ու անկախութեան համար: Այս իրականութիւնից զերծ չէ նաեւ մեր երկիրը՝ Իրանը: Դրա պարզ ու խօսուն օրինակն է Եփրեմ խանը, քաջարի մի տիտան, որը իր անունով հարիւրաւոր էջեր է արձանագրել Իրանի նորօրեայ արդի պատմութեան գրքի մէջ եւ իր յատուկ տեղն ունի Իրանի ազգային պանթէոնում. այնտեղ, ուր պաշտամունքի առարկայ են դառնում ազգային բոլոր հերոսները:
Ինչպէս ամէն մի պատմական իրականութիւն, այնպէս էլ Եփրեմ խանի կեանքն ու գործունէութիւնը անգամներ մատնւել է խեղաթիւրման: Իրանի սահմանադրական յեղափոխութեան ընթացքում Եփրեմ խանի գործունէութեան խեղաթիւրման գործընթացում մեծ դեր են ունեցել հակադաշնակցական ձախակողմեան խմբակցութիւնները, որոնց պատրաստած կեղծ պատմութեան գրքերը մինչեւ այսօր դարձել են որոշ պատմաբանների գլխաւոր աղբիւր:
Իրանի Սահմանադրական յեղափոխութեան ու նաեւ Եփրեմ խանի գործունէութիւնը խեղաթիւրող կեղծ պատմաբանների դէմ աշխատել են մի քանի պատմաբաններ, ինչպիսիք են՝ Էսմայիլ Ռայինը եւ Մասուդ Բեհնուդը: Բայց այս մեծ ու շատ կարեւոր հարցում մեծ պարտականութիւն է դրւած մեր ուսերին՝ որպէս Իրանի լիիրաւ հայ քաղաքացի: Մենք ենք, որ պիտի պատմաբաններին տրամադրենք հայերէն լեզւով գոյութիւն ունեցող աղբիւրները: Մենք պիտի պահանջատէր լինենք, որ Եփրեմ խանը այս օրերում վերագտնի իր արժանի տեղը: Բայց մենք որպէս Եփրեմ խանի ժառանգորդներ՝ արդեօք ճի՞շտ ենք կատարել մեր ուսերին դրւած պարտականութիւնը թէ՝ ոչ:
Օգոստոսի 5-ին լրացաւ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան 100-ամեակը: Բոլորը՝ կառավարութիւնը, խորհրդարանը, ազգային-կրօնական կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները, ոչ-շահադիտական կազմակերպութիւնները, ուսանողական շրջանակները եւ մամուլը միահամուռ կերպով տօնում էին այդ լուսաւորչական յեղափոխութեան տարեդարձը: Օրաթերթերը յստակ էջ կամ սիւնակ էին տրամադրել այդ խնդրին: Հանրայայտ «Շարղ» օրաթերթը աւելի քան հինգ ամիս նախքան տօնակատարութիւնը՝ կոչ ուղղեց այն բոլոր անհատներին ու մարմիններին, որոնք զբաղւում են Սահմանադրական յեղափոխութեան պատմութեամբ, գրել իրենց յօդւածները՝ աւելի քան 24 թեմայի շուրջ: Այդ 24 թեմաների շարքում էր նաեւ «Հայերի դերը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ» թեման, որով համարեա ոչ ոք, անգամ հայերը, չզբաղւեց: Բայց ինչո՞ւ: Արդեօք հայերը ոչ մի դեր չեն ունեցել տւեալ յեղափոխութեան մէջ թէ մեր ուսումնասիրողների ու ազգային մարմինների համար անկարեւոր է դարձել Եփրեմի, Ռոստոմի ու առհասարական հայերի կարեւոր դերը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ:
Տօնակատարութեան առիթով Իրանի քաղաքական ու պետական այրերը այցելեցին Սաթթար խանի ու Բաղեր խանի շիրիմները՝ մեծարելով նրանց պատմակերտ գործունէութիւնը, բայց հայերն ու հայկական ազգային-կրօնական-ուսանողական մարմինները անգամ մի փունջ ծաղիկ չտեղադրեցին Եփրեմ խանի շիրիմին՝ նրա յիշատակը նոր սերնդի մօտ վառ պահելու նպատակով:
Ասում են՝ երբ թոռնիկը լաւատեղեակ է լինում իր մեծ հօր իրագործած սխրագոծութիւններին, ամէն առիթով փորձում է մեծարել նրան, բայց թէ ոչ՝ մոռացութեան է մատնւում անգամ մեծ հօր անունը:


* * *


Պատմում են, թէ Ք. ա. 6-րդ դարում Չինաստանը մատնւում է մի ցաւալի հասարակական տագնապի: Բոլորը սկսում են փնտրել չինացի մեծ իմաստուն Կոնֆեսիւսին: Ի վերջոյ, Զի Ժանգ անունով մէկը գտնում է իմաստունին ու նրան փոխանցում երկրի ծանր վիճակի մասին եւ ասում, որ թագաւորի պալատում կարիք ունեն ձեզ՝ երկիրը արիւնահեղութիւնից փրկելու համար:
Կոնֆեսիւսը Զի Ժանգի խօսքերը լսելուց յետոյ՝ շարունակեց իր խոկալը: Պատգամաբերը դա տեսնելով՝ ասաց. «Վարդապետ, դու մեզ միշտ խորհուրդ էիր տալիս, որ ժողովրդի ու աշխարհի հանդէպ յանձնառու լինենք ու չմեկուսանանք»:
Կոնֆեսիւսը աչքերը բացեց ու Զի Ժանգին ասաց. «Մեր երկրի համար եմ աղօթում: Յետոյ պիտի գնամ՝ այն անկիւնում նստած մարդկանց օգնելու: Եթէ աչքի առաջ գոյութիւն ունեցող գործը չկատարենք ու միայն աշխահը փրկելու մասին տեսակէտներ յայտնենք, ո՛չ մեզ համար օգտակար կը լինենք, ո՛չ երկրի եւ ո՛չ ուրիշների համար»:
Բայց մենք երիտասադներս մեր յարգանքի տուրքը մատուցեցինք քաջարի Եփրեմին:
Լուրը կարդացեք այստեղ

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը