Thursday, March 17, 2011

Իրանի պահակազորը մեծ քանակությամբ Ավետարան է այրել Իրանի Սալմաստ քաղաքի մոտակայքում


Իրանի քրիստոնյաների լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորի անդամները օրեր առաջ Իրան-Թուրքիա սահմանամերձ Սալմաստ քաղաքի Դերեշկ գյուղում մեծ քանակությամբ պարսկերեն լեզվով հրատարակված Ավետարաններ են հայտնաբերել, որոնք նույն վայրում ամբողջությամբ այրվել են:

Ի դեպ, 2010-ի սեպտեմբերին ևս Իրանի անվտանգության ծառայությունները երկրի արևմտյան շրջաններում հայտնաբերած Ավետարանները նույն վայրում այրել էին: [Դրա մասին գրել եմ այստեղ]

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ Իրանի բարձրաստիճան հոգևոր առաջնորդներից Այաթոլլահ Վահիդ Խորասանին էլ մտահոգություն էր հայտնել Իրանում քրիստոնեության տարածման առնչությամբ: Նա քրիստոնեությունը և, առհասարակ, ոչ իսլամ կրոնները «պիղծ» անվանելով՝ երկրի իշխանություններից պահանջել էր վերահասու լինել այդ խնդրին:

Հարկ է նշել, որ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտել էին ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերը, սակայն մինչ օրս նրանցից ոչ մեկը չի արձագանքել ո՛չ Ավետարանների զանգվածային ոչնչացմանը, ո՛չ էլ քրիստոնեությունը «պիղծ» համարելու՝ իրանցի բարձրաստիճան հոգևորականի հայտարարություններին։

Հարկ է ավելացնել, որ Իրանում ազատորեն հրատարակվում և վաճառվում են պարականոն ավետարաններ՝ Բառնաբայի և Մորմոնի գրքերը, մինչդեռ քրիստոնեական Սուրբ գրքի հրատարակությունն ու վաճառքը խստիվ արգելվում է: Այդ իսկ պատճառով Ավետարանի պարսկերեն թարգմանությունները սովորաբար ապօրինի ճանապարհներով են մուտք գործում Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը