Sunday, September 11, 2011

Պատերազմների համակարգված պատմություն


Այսօր մի հետաքրքիր կայք գտա, որ ցանկանում եմ ներկայացնել: Պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել, որոնց մասին բոլոր տեղեկությունների համատեղելը դժվար գործ է:
Conflict history կայք էջը շատ հետաքրքիր աշխատանք է իրականացրել: Կայքում տեղադրված է բոլոր տարեթվերը, ու դրանք ընտրելով, Google Map-ի վրա հայտնվում են այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմները:
Այս կայքը մի քանի ժամ ինձ զբաղեցրեց, հույսով, որ ձեզ համար էլ օգտավետ լինի:

Thursday, September 01, 2011

Իրանի իշխանությունները հանդիպել են Սիրիայի ընդդիմադիրների հետ


Ֆրանսիական Le Figaro օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունների ներկայացուցիչները եվրոպական երկրներից մեկում հանդիպում են կազմակերպել Սիրիայի ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ:

Օրաթերթի փոխանցմամբ, իրանական կողմը սիրիացի ընդդիմադիրների հետ երկու ուղղությամբ քննարկումներ են իրականացրել. նախ՝ արդյո՞ք Սիրիայի ընդդիմությունը երկրում բարեկարգումներ իրականանալուց հետո հնարավորություն կունենա երկրի ղեկավարությունը պահել իր ձեռքում, և երկրորդ՝ Բաշար Ասադի իշխանությունից հեռանալը լավագույն արդյունքը կարող է լինել:

Le Figaro-ի մատուցմամբ՝ Իրանի իշխանությունների նմանօրինակ պահվածքը նաև մտահոգել է Սիրիայի իշխանություններին, որովհետև Իրանը տարածաշրջանում Սիրիայի լավագույն դաշնակիցն էր համարվում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սիրիայի իշխանություններին ցուցաբերած Իրանի բացարձակ պաշտպանությունը սխալ էր. Իրանի ազգային անվտանգության խորհրդի անդամ


Իրանի ազգային անվտանգության խորհրդի անդամ, խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ավային, իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին, քննադատել է Իրանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը:

Ըստ Ավայիի՝ «Սիրիայի ու տարածաշրջանի այլ երկրների ընդհանրությունները հենց ազատ ընտրությունների ու ազատության բացակայությունն է: Սիրիան տարածաշրջանի այլ երկրներից տարբերվում է իր անկախությամբ: Անգամ Խորհրդային Միության տիրապետության ժամանակ, Սիրիան նրանց դաշնակիցն էր, ոչ թե կախյալը: Բայց դժբախտաբար Սիրիայի իշխանությունները բարեկարգումներ իրականացնելու հարցում շատ ուշացան, սկզբում ժողովուրդը բարեկարգումներ էր պահանջում, ու եթե իշխանությունները լսեին ժողովրդի բողոքի ձայնը, այսօր այս վիճակին չէին մատնվի:

Իրականությունն այն է, որ մեր կողմից ցուցաբերված բացարձակ պաշտպանությունը սխալ էր: Սիրիայում բողոքի դուրս եկած ժողովրդի մեծամասնությունը հավատացյալ մարդիկ էին, ու բողոքի ցույցերը ինքնաբուխ էին, թեև Արևմուտքն ու ԱՄՆ-ը ցուցարարներին դրդելով ու նրանց զինամթերք տրամադրելով շեղեցին ցույցերի ընթացքը»:

Ահմադ Ավային, վերջում անդրադառնալով Լիբիայի անցուդարձերին, նշել է, որ իրանական կողմը ցանկություն էր հայտնել աջակցել Լիբիայի հեղափոխականներին, բայց իրենք հրաժարվել են օգտվել մեր օգնություններից, հետևաբար այդ խնդրում Իրանի ԱԳ նախարարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում փորձել են կոտրել GMAIL ծառայության կայքը


Google ընկերության անվտանգության կայքը հաղորդել է, որ օրեր առաջ Իրանից փորձել են կոտրել GMAIL ծառայության կայքն ու ձեռք բերել իրանցի հասցեատերերի մուտքագրերը:

Ընկերության փոխանցմամբ՝ հաքերները փորձել են իրենց պատրաստած կոդերը տեղադրել ծառայության կայքի ու օգտատերերի հաղորդակցության միջև, որից հետո հնարավորություն կստեղծվեր ձեռք բերել իրանցի օգտատերերի գաղտնագրերը: Այդ ընթացքում մի իրանցի օգտատեր, դա նկատելով, տեղեկացրել է Google ընկերությանը:

Բրիտանական Guardian օրաթերթը, այս լուրը հրապարակելով, նշել է, որ հավանաբար Իրանի իշխանությունները փորձում են ձեռք բերել իրանական ընդդիմադիր ուժերի այն ակտիվիստների գաղտնագրերը, որոնք վստահել են GMAIL ծառայությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Լիբիայի անցումային խորհրդի ղեկավարը հատուկ բարևներ է ուղարկել Այաթոլլահ Խամենեիին


Իրանական Siasatema լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Լիբիայի անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդոլջալիլի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Լիբիայի ժողովրդի ձեռք բերած հաղթանակներն ու հույս հայտնել, որ մոտ ժամանակներս Իրանի և Լիբիայի հարաբերությունները ավելի կսերտանան:

Հիշյալ զրույցի ընթացքում Աբդոլջալիլը նույնպես շնորհակալություն է հայտնել դժվար պայմաններում Լիբիայի ժողովրդին ցուցաբերած Իրանի մարդասիրական աջակցության համար և հատուկ բարևներ հղել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:

Իրանական կայքի փոխանցմամբ՝ լիբիացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Սալեհին շուտով կայցելի Լիբիա, փոխադարձաբար՝ Իրանի ԱԳ նախարարն էլ Մուստաֆա Աբդոլջալիլին Թեհրան է հրավիրել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հրեաները մարդկության ամենավատ թշնամիներն են. իրանցի կրոնապետ


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Թաբաս քաղաքի կրոնապետ Հոջաթոլիսլամ Էբրահիմ Մոհաջերիանը հավաքական նամազի ընթացքում ունեցած իր ելույթում հայտարարել է. «Թշնամուն ճանաչելու համար պարտադիր պիտի ուշադիր ու արթուն լինել: Աստված Ղուրանում ասել է՝ սատանայից հետո մարդկության ամենավատ ու ոխերիմ թշնամին հրեաներն ու սիոնիստներն են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Իրանը լուրջ պայքար է տանում Իսրայելի ոչնչացման համար, և մինչև նպատակի իրագործումը դա կմնա Իրանի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Լարիջանին իր թուրք գործընկերոջը Թեհրան է հրավիրել


Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջամիլ Չիչեքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան մի շարք խորհրդակցությունների համար Թեհրան է հրավիրել:

Լարիջանին, շնորհավորելով իր թուրք գործընկերոջ իսլամական Ֆեթր տոնը, անդրադարձել է Պաղեստինի հարցի կարգավորմանն ու հայտարարել. «Իսլամական երկրների խորհրդարանները պետք է աչալուրջ լինեն Պաղեստինի ժողովրդի իրավունքները վերականգնելու հարցում: Իրանի խորհրդարանը շուտով կկազմակերպի Պաղեստինի ժողովրդի պաշտպանության 5-րդ համաժողովը»։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Սիրիայում բռնկված ժողովրդական հուզումների պատճառով, երբ Թուրքիայի իշխանությունները ընդդիմադիր դիրքորոշում որդեգրեցին Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հանդեպ, Իրանի և Թուրքիայի հարաբերությունները խաթարվել են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը 20%-ից բարձր բաղադրության հարստացված ուրան չի արտադրի


Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին իրանական IRNA գործակալության հետ զրույցում, անդրադառնալով երկրի միջուկային աշխատանքների նոր ձեռքբերումներին, հայտարարել է, որ երկրի կարիքներից ավելի 20% բաղադրության հարստացված ուրան են արտադրել:

Աբասին մեծ քանակությամբ հարստացված ուրան արտադրելու գլխավոր պատճառներից է համարել ատոմակայանում հավանական անսարքությունների առաջացումն ու ապագայում կառուցվելիք նոր ատոմակայանների համար վառելանյութի ապահովումը:

Ֆերեյդուն Աբասին նաև նշել է, որ այսուհետ Իրանը 3.5%-անոց ուրանը կարտադրի Նաթանզ ատոմակայանում, իսկ 20%-անոցը ուրանը՝ Ղոմ քաղաքին մոտակա Ֆորդո կենտրոնում: Ըստ իրանցի պաշտոնյայի՝ այդ տեղափոխությունը կատարվել է Նաթանզի ատոմակայանի անապահովության պատճառով:

IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է. «20% հարստացված ուրանի արտադրությունը կանգ չի առնելու, բայց Իրանը 20%-ից բարձր բաղադրության հարստացված ուրան արտադրելու ծրագիր չունի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եթե Մաշային սահմաններն անցնի, կհայտնվի առաջնորդի սրի դեմ. Մոհսեն Ֆուլադի


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունների աշխատանքները համակարգող Մոհսեն Ֆուլադին Վարամին քաղաքում հայտարարել է. «Հոկտեմբեր ամսին նոր դավադրություն է սպասվում, որի 70%-ը իրականանալու է մամուլի միջոցով: Ոմանք նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիին են ներկայացնում որպես ծանրակշիռ անձնավորություն, բայց նա այն կշիռը չունի, որ կարողանա կանգնել իսլամական համակարգի ու հոգևոր առաջնորդի դեմ, մեր համակարգի առանցքը Այաթոլլահ Խամենեին է: Եթե նա սահմանները անցնի ու մեզ պարտադրի դիմադրել, ինքը կհայտնվի առաջնորդի սրի դիմաց»։

Նման սպառնալիքներ՝ ուղղված նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի դեմ, հրապարակվում են ոչ առաջին անգամ. անցյալ շաբաթվա ընթացքում բազմաթիվ նմանօրինակ սպառնալիքներ են հնչել Իրանի առաջնորդի կողմնակիցների կողմից: Օրեր առաջ կրոնական հանրահայտ քարոզիչ Մանսուր Արզին էլ հրապարակավ հայտարարել էր, որ այս պահին Ռահիմ Մաշային թաքնվել է, և ով կարողանա սպանել նրան, ինքն անձամբ նրա փոխարեն տուգանք կվճարի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ահմադինեժադի թիմակիցները երկրի խոշոր նախագծերը պատանդ են վերցրել». Javan օրաթերթ


Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը, անդրադառնալով Իրանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին, հայտարարել է, թե նախագահ Ահմադինեժադի թիմակիցները, խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելու նպատակով, երկրի խոշոր նախագծերը պատանդ են վերցրել ու սպառնացել են, որ եթե իրենց թեկնածուները դուրս մնան կամ չհաղթեն ընտրություններում, այնպես կանեն, որ այդ նախագծերը արդյունքի չհասնեն:

Javan-ի փոխանցմամբ՝ Ահմադինեժադի թիմակիցները փորձում են նախքան ընտրությունները որոշ տնտեսական նախագծերի շուտափույթ իրականացմամբ հասարակության քվեն շեղել դեպի իրենց ներկայացրած թեկնածուների կողմը:

Հիշեցնենք, որ նույն օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր նաև այն մասին, որ Ահմադինեժադի թիմակիցները փորձում են նվազագույնի հասցնել երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի լիազորություններն ու նոր սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնել երկրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պոռնո-կայքեր այցելելու հաճախությամբ Իրանը 182 երկրների մեջ առաջին տեղում է


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի պահակազորի կիբերբանակի շտաբը հայտարարել է, որ պոռնո-կայքեր այցելելու հարցում Իրանը 182 երկրների մեջ առաջին տեղն է գրավել: Իրանի Ֆարս նահանգի պահակազորի տեղեկատվական բաժնի տեղակալ Էբրահիմ Բայանին հայտարարել է, որ պահակազորի վերջին ուսումնասիրությունների արդյունքում՝ պոռնո-կայքեր այցելելու հաճախությամբ Թեհրանը առաջին, Եազդը՝ երկրորդ, Սպահանը՝ երրորդ, իսկ Շիրազը՝ վեցերորդ տեղում են գտնվում: Հարկ է նշել, որ առաջին անգամ են պաշտոնապես նմանօրինակ ուսումնասիրության արդյունքներ հրապարակվում Իրանում: Հատկանշական է, որ ժամեր անց Fars գործակալությունը հիշյալ լուրը հանեց իր կայքից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը