Wednesday, May 17, 2006

«Սոցիալիզմի» ծաղրանկարը՝ սեւ ոսկու շրջանակի կարմիր երիզի վրայ

Ակնարկներ գիտական եւ երեւակայական սոցիալիզմի մասին

Այս վերջին տարիներում Եւրոպայում ու մասնաւորապէս Լատին Ամերիկայի երկրներում թափ առած ընկերվար կոչւած շարժումներն ու նրանց ժամանակաւոր յաղթանակները մտածելու տեղիք են տալիս, թէ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլ է մտել եւ թէ արդեօք իրապէ՞ս հասել է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ ոչ:Ներկայ գրութեան մէջ փորձելու եմ աւելի կենտրոնանալ առհասարակ Երրորդ աշխարհի երկրներում ծայր առած ընկերվար շարժումների վրայ, որի վերջին աչքառու օրինակը հանդիսացաւ Բոլիւիայի նաւթագազային ճարտարարւեստի ազգայնացումը: Բայց թէ ինչ է կատարւում Եւրոպայում, պարզ է՝ լոկ քաղաքական աթոռախաղ՝ տիկնիկային ոճով: Եթէ փորձենք թերթել Եւրոպայի վերջին հարիւրամեայ պատմութեան էջերը, կը գտնենք, որ 1871-ին Փարիզի Կոմունայից յետոյ, երբ Եւրոպայում սանձարձակօրէն տարածւեց դրամատիրութեան տնտեսական ու գաղափարական համակարգը, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ կոչւած կուսակցութիւններն է՛լ աւելիով դարձան պատեհապաշտ ու հաշտւողական՝ քան յեղափոխական՝ փորձելով բուրժուազիայի (որը այն ժամանակ օրւայ պայմանների բերումով, ազնւականների ու հողատէրերի դէմ դասակարգային պայքարի շրջանակում առաջատար ու ազատական էր) հիմնադրած կառոյցներում՝ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններում բաժին ստանալ: Եւ այսպիսով՝ օպորտունիզմ՝ պատեհապաշտութիւնը դարձաւ եւրոպական ձախակողմեան կուսակցութիւնների գործելաոճը եւ նոյն այդ կուսակցութիւնների միջոցով պարտադրւեց Եւրոպայի աշխատաւոր դասակարգին: Այդ ժամանակաշրջանից յետոյ Եւրոպայի հանրայայտ ձախակողմեան կուսակցութիւնները, որոնք մինչ օրս անգամներ յաղթել են թէ՛ նախագահական, եւ թէ՛ խորհրդարանական ընտրութիւններում, դարձան բուրժուազիայի ոսկէ դրամի ձախ երեսը, պայքարի մէջ մտնելով նոյն այդ ոսկէ դրամի աջ երեսի հետ, որն էր ֆաշիզմը, ազգայնամոլութիւնն ու ռասիզմը, բայց միշտ ծառայութիւն մատակարարելով տեղական կամ միջազգային դրամատիրութեանը: Այս բոլոր ասւածների պարզ օրինակն է 1914- 1919-ի Գերմանիայում սոցիալիստական յեղափոխութեան ջախջախումը՝ նոյն այդ սոցիալ-դեմոկրատ կոչւածների միջոցով, որոնք յանուն իրենց ազգային բուրժուազիայի շահերի՝ պաշտպանեցին ու մասնակցեցին իմպերիալիստական առաջին աշխարհամարտում:Ուրեմն՝ այսօր նաեւ Եւրոպայում հերթական չգրւած օրէնքով յաղթանակ արձանագրած պետական սոցիալիստ կուսակցութիւնները չեն կարող տնտեսական ու քաղաքական ազատութեան յոյս ներշնչել աշխատաւոր եւ ընչազուրկ դասակարգերին:Գալով Երրորդ աշխարհում եւ յատկապէս Լատին Ամերիկայում գործող ու վերջերս յաղթանակ շահած ձախակողմեան կուսակցութիւններին, որը կազմում է այս յօդւածի հիմնական թեման, պիտի անդրադառնանք մի քանի կարեւոր խնդիրների:

Ա- Երրորդ աշխարհի երկրներում դրամատիրութիւնը պարտադրւել է եւ ոչ- բնականօրէն զարգացել

Եւրոպայում նախաճարտարարւեստական յեղափոխութեան ու նաեւ այդ յեղափոխութիւնից յետոյ եւ ժամանակաշրջանի հասարակական արտադրութեան համակարգի զարգացման հրամայականով ծնունդ առած բուրժուազիան օրւայ ազնւականներին ու հողատէրերին յաղթելու նպատակով՝ որդերգրեց մի նոր գաղափարախօսութիւն, որը կոչւեց ազատականութիւն: Այդ ժամանակահատւածում խիստ պայքար էր ընթանում հին ու աւանդական դասակարգի, որը նաեւ իշխող դասակարգն էր, ու նոր եւ արդիական դասակարգի միջեւ: Նոր դասակարգ, որը կոչւեց բուրժուազիա, ժողովրդի համար խօսում էր մարդկային իրաւունքների, քւէի իրաւունքի, խօսքի ու գրչի ազատութեան եւ նաեւ գործի «ազատութեան» մասին: Այստեղ էջի սահմանափակ լինելու պատճառով՝ հնարաւոր չէ մանրամասնօրէն խօսել այդ ժամանակւայ դասակարգային պայքարի մասին՝ դա թողնելով ապագային. միայն պիտի աւելացնել, որ այդ պայմաններում բուրժուազիան նկատւում էր մի առաջատար դասակարգ, որը իր դասակարգի շահերը պաշտպանելու նպատակով՝ ժամանակին դիմեց այդ քայլին եւ յետոյ թեւակոխելով իմպերիալիստական դարաշրջան, որի յատկանիշերից են արտադրութեան առաձնաշնորհները ու առեւտրականութեան մոնոպոլիստ համակարգը դարձաւ ամբողջատէր: Մի խօսքով՝ բուրժուազիան Եւրոպայում ունեցած իր պատմական փորձը եւ աւանդութիւնը «յարգում» է հասարակական, քաղաքական ու տնտեսական սկզբնական ազատութիւնները, մինչեւ այն ժամանակ, որ այդ ազատութիւնները չեն սպառնում իր դասակարգի շահերին ու գոյութեանը: Բայց Երրորդ աշխարհի երկրներում դրամատիրութիւնը չի ունեցել անցեալ, այլ հիմնադրւել կամ աւելի ճիշտ՝ պարտադրւել է միջազգային բուժուազիայի միջոցով՝ նոյն այդ երկրների շուկայից որպէս իր արտադրած ապրանքների սպառողական շուկայ՝ աւելի շատ կեղեքելու նպատակով: Քանի որ վերոյիշեալ երկրներում դրամատիրութիւնը բնականօրէն չի զարգացել, ինչպէս որ եղել էր Եւրոպայում, ուրեմն՝ նաեւ չունի խօսքի ու գրչի, մարդկային իրաւունքների ու առհասարակ սկզբնական հասարակական ազատութեան համար պայքարի աւանդութիւն եւ սովորաբար չունի այդ բոլոր իրաւունքների համար պայքարող անհատներին ու կուսակցութիւններին հանդուրժելու տարողութիւն: Քանի որ նմանօրինակ բուրժուազիան ստեղծւել է վերեւից՝ հրամայական կարգավիճակով, նաեւ զուրկ է արտադրողական միջոցների ու մեքենաների արտադրութիւնից եւ միայն արտադրում է սպառողական իրեր, ինչպիսին են՝ կօշիկ, ցեմենտ, ուտելիքներ, երկաթեղէն եւ այլն: Այդ պատճառով՝ Երրորդ աշխարհի թերաճ բուրժուազիայի արտադրողական համակարգը եւ զարգացումը միայն իրականում է միջազգային դրամատիրական համակարգի շրջափակում եւ երբեք չի ունենում աւելի լայնատարած զարգացում, այդ պատճառով՝ մի առ ժամանակ սահմանափակ զարգացումից յետոյ՝ մատնւում է անբանուկութեան ու տնտեսական զանազան տագնապների, որի յաղթահարման մէկ ձեւը պատերազմին դիմելն է:

Բ- Բուրժուազիայի բարեկարգութիւնը հնարաւոր չէ

Առհասարակ բուրժուազիան չի բարեկարգւում: Բարեկարգութիւնը միայն ընդունում է այն ոլորտներում, որ ժամանակին ինքը առերեւոյթ պայքարել է յանուն դրանց, ինչպիսին՝ խօսքի ու գրչի ազատութիւն եւ այն բոլորը, որ նշել եմ յօդւածի ընթացքում: Նաեւ խօսեցինք այն խնդրի մասին, թէ քանի որ թերաճ բուրժուազիան չունի այդ պայքարների աւանդութիւնը, շատ դժւար է ընդունում այդ բոլոր ազատութիւնները:Զարգացած բուրժուազիան բոլոր հասարակական ու քաղաքական շարժումների ու կուսակցութիւնների աշխատանքները հանդուրժում է մինչեւ այն ժամանակ, որ այդ աշխատանքները կատարւում են սինդիկալիստական ու հասարակական իրաւունքների սահմանում, երբ որեւէ յեղափոխական ու սոցիալիստ կուսակցութիւն փորձի գործել յանուն արտադրամիջոցների ու հարստութեան արդար բաժանման սահմաններում, կը հանդիպի իշխող բուրժուազիայի խիստ հակահարւածներին, որովհետեւ դա ուղղակի վտանգում է դրամատէրերի շահերին եւ ոչ ժողովրդին: Այստեղ է, որ նոյն այդ «քաղաքակիրթ» արեւմտեան կառավարութիւնները վայրենաբար յարձակւում են արդարադատների շարքերի վրայ: Ուրեմն՝ մարդը մարդուն կեղեքելու համակարգն ու դասակարգային խտրականութիւնը ոչնչացնելու համար՝ հարկաւոր են յեղափոխական գործողութիւններ եւ չի կարելի դրա լուծման համար՝ դիմել բուրժուազիայի հետ հաշտութեան ձեւերին կամ աւելի ճիշտ՝ դասակարգային հաշտութեան, որովհետեւ այստեղ գոյութիւն ունի տարբեր դասակարգերի՝ փոքրաթիւ դրամատէրերի ու բազմաթիւ աշխատաւորների եւ ընչազուրկների դասակարգային հակասութիւն, որը կոչւում է դասակարգային պայքար: Ուրեմն՝ կասկածելի է այն «սոցիալիստական» կուսակցութիւնների գաղափարները, որոնք անտեսելով դասակարգային պայքարը՝ քարոզում են դասակարգային հաշտութեան ու դրամատիրութեան համակարգերի բարեփոխման սին գաղափարները:

Գ- Հասարակայնացում (սոցիալականացում) եւ ոչ թէ ազգայնացում

Սովորաբար, սոցիալիստական շարժումները Երրորդ աշխարհում անկախ սինդիկալիստական սահմանափակ պահանջներից՝ նաեւ փորձում են մի քաղաքական- տնտեսական պահանջով երեւան գալ մասնաւորապէս նախընտրական շրջանում: Նրանք ժողովրդի տնտեսական դժգոհութիւններից օգտւում են աւելի քւէ շահելու նպատակով: Այս դժգոհութիւններից կարեւորագոյնն է տնտեսական- արդիւնաբերական կենտրոնների ոչ-ազգայնացած կարգավիճակը: Սա կարելի է համարել օտարերկրացի եւ սովորաբար գերտէրութիւնների տնտեսական կեղեքման դէմ պայքար: Բայց արդեօք նմանօրինակ ազգայնացումները առանցքային դեր ունե՞ն իրական սոցիալիստական յեղափոխութեան գործընթացում, թէ ոչ: Այո, բայց միայն որպէս տւեալ յեղափոխութեան սկզբնական փուլում: Սոցիալիստական յեղափոխութեան սկզբնական շրջանում գերտէրութիւնների բուրժուազիային յաղթելու համար՝ կարեւոր դեր ունի տեղական արդիւնաբերական ու առհասարակ արտադրողական համակարգի ազգայնացումը, բայց ուշադիր լինելով, որ հնարաւոր չէ կանգ առնել այդ շրջագծում եւ պիտի փորձել վեր անցնել ազգայնացման գործընթացից ու իրականացնել այդ արտադրողական միջոցների հասարակայնացումը: Ինչո՞ւ, որովհետեւ մինչեւ տեղական արդիւնաբերական միջոցների ազգայնացումը, սոցիալիստներին զուգահեռ եւ անգամ աւելի ակտիւ՝ աշխատելու է տեղական բուրժուազիան, ազգային ու նացիոնալիստ պիտակներով, իրականութեան մէջ յանուն իր դասակարգի շահերի, որը անտեսւել էր օտարերկրեայ բուրժուազիայի միջոցով: Ուրեմն՝ տեղական բուրժուազիան ազգային ու նացիոնալիստ շարժումների քողի տակ նեցուկ է լինում սոցիալիստներին, երկրի բոլոր արդիւնաբերական միջոցները ազգայնացնելու գործընթացում, որովհետեւ դա ուղղակի օգուտ է իր դասակարգին: Տեղական բուրժուազիան մօտաւորապէս երկրի բոլոր քարոզչական միջոցները (մամուլ, ռադիօ-հեռուստատեսութիւն) իր ձեռքը ունենալով՝ քաջ գիտէ, որ ապագայ ընտրութիւններում կարելի է եւ պիտի որ յաղթանակ շահի, երբ այլեւս բոլոր նիւթական աղբիւրները պատկանում են կառավարութեանը, այսինքն՝ նոյն իրեն՝ բուրժուազիային: Ուրեմն՝ սոցիալիստական կուսակցութիւններին թոյլատրելի չէ միայն հիմնւել ազգայնացման պահանջների վրայ՝ չմոռանալով, որ ազգայնացումը կարելի է օգտագործել որպէս մարտավարութիւն, ոչ որպէս ռազմավարութիւն: Պարզապէս, տեղական «աւանգարդ» բուրժուազիայի ու ռադիկալ մանր բուրժուազիայի տարբերութիւնը իրական սոցիալիստներից կայանում է հասարակութեան այդ երկու ուժերի պատմական նպատակների մէջ: Տեղական դրամատիրութիւնն ու մանր բուրժուազիան կարելի է օտարերկրեայ ամբողջատիրութեան դէմ պայքարելիս՝ անգամ գործադրի գիտական սոցիալիզմի գիտութեամբ զինւած աշխատաւոր դասակարգի տարբեր առաջարկներն ու նաեւ նրանց հետ համատեղ՝ բողոքի ցոյցեր կազմակերպի, բայց երբեք մի հիմնական նպատակի շուրջ չի կարող հանդուրժել սոցիալիստներին, որն է սեփականատիրութեան ոչնչացում, արտադրողական միջոցների հասարակայնացում, կառավարութեան ուժի գրաւում եւ սոցիալիստական հասարակութեան ստեղծում: Այդ բուրժուազիան դասակարգերի յեղափոխական պայքարը գիտակցօրէն անտեսելով՝ տարածում է դասակարգերի հաշտեցման սին գաղափարը՝ հիմնականում դրամատէր դասակարգի շահերը անվտանգ պահելու նպատակով:Այս ոլորտում երեւան են գալիս բազմաթիւ «սոցիալիստ» շարժումներ, որոնք հիմնականում ծառայելով տեղական բուրժուազիային՝ սոցիալիզմից մի ծաղրանկար են ներկայացնում հասարակութեանը, նրանց գիտական սոցիալիզմի հիմնական նպատակներից շեղելու նպատակով:

Դ- Սոցիալիզմը միայն բարոյագիտական արժէքային ուսմունք չէ, այլ՝ հասարակական, տնտեսական ու քաղաքական լուրջ համակարգ եւ գիտութիւն

Սոցիալիզմի մի այլ տեսակ ծաղրանկարը ներկայացնում են այն հոսանքները, որոնք փորձում են ժողովուրդներին համոզել, որ իրական սոցիալիզմը միայն հասարակական արդարութեան, հաւասարութեան եւ մարդկային իրաւունքների պաշտպան շարժում է, ոչ հասարակական, տնտեսական ու քաղաքական գիտութիւն, որի նպատակը դրամատիրական կարգերի, դասակարգերի ու սեփականատիրութեան ոչնչացումն է, յանուն հասարակութեան մեծամասնութեան խաւի, որը պարտաւոր է իր գոյութեան համար դրամատիրոջը ծախել իր ֆիզիկական եւ մտային ուժն ու կարողութիւնը:Այս տեսակ «սոցիալիստները», որոնք յայտնի են որպէս երեւակայական սոցիալիզմի ներկայացուցիչներ, իրենց հասկացած սոցիալիզմի հիմունքները հիմնում են ոչ թէ տնտեսական փոփոխութիւնների ու զարգացումների վրայ, այլ միայն՝ ժողովուրդների արդարատենչութեան ոգու վրայ: Նրանց համար սոցիալիզմը պատրաստ մի համակարգ է, որը կազմւել է իրենց մտքում եւ դա պիտի փոխարինի ներկայ դրամատիրական կարգերին: Նմանօրինակ սոցիալիստների կողմից ըմբռնւած հասարակական հակասութիւնները երեւակայական հասարակական հակասութիւնների եւ ներկայ հասարակութեան ու դրամատիրական համակարգերի հակասութիւն են, որոնք երբեք չեն յանգի սինթէզի, այլ անիմաստ հակասութիւններ են, որոնք երբեք չեն լուծւելու:Իրական հակասութիւնները պիտի գտնել գոյութիւն ունեցող եւ նիւթական աշխարհում գոյացող հասարակութեան մէջ: Սա է գիտական սոցիալիզմի գիտութիւնը, որից զուրկ են երեւակայական սոցիալիստները եւ այդ պատճառով՝ փորձում են ներկայ իրավիճակը բարեկարգել՝ հիմնւելով վերացական, երեւակայական ու իդէալիստական միջոցների վրայ:

* * *

Գիտական ու յեղափոխական սոցիալիզմի գիտութեամբ զինւած շարժումներն ու անհատները այսօրւայ աշխարհում ու մասնաւորպէս Լատին Ամերիկայում չեն թերագնահատում ձախակողմեան շարժումները, այլ միայն պարտականութիւն են զգում անվերջ յիշեցնել պատմութեան փորձերը, որոնք ժամանակին իրականացան ստալինեան Խ. Միութիւնում ու 20-րդ դարի Եւրոպայում՝ բոլորին զգուշացնելով օպորտունիզմի՝ պատեհապաշտութեան, ռեֆորմիզմի՝ բարեկարգչութեան ու կոյր նացիոնալիզմի՝ ֆաշիզմի վտանգների մասին: Հարկ է որպէս վերջաբան՝ ասել, որ մենք պարտաւոր ենք աւելի բաց աչքով եւ մտքով դիտել ու ըմբռնել աշխարհի փոփոխութիւնները՝ երբեք չխաբւելով ամէն մի ծածանւած կարմիր դրօշից ու «արդարատենչական» նկրտումներից՝ բուրժազիայի թակարդից խուսափելու համար:Գիտական սոցիալիստական յեղափոխութիւնը ոչ թէ մասսաների ինքնաբուխ ըմբոստութիւնն ու ապստամբութիւնն է, այլ՝ գիտակից եւ ծրագրւած յեղափոխութիւն, որը նպատակ ունի ոչնչացնել մարդը մարդուն կեղեքելու ներկայ դրամատիրական դասակարգային համակարգը՝ արտադրական միջոցները ընչազուրկ եւ աշխատաւոր դասակարգերի սեփականութիւնը դարձնելու միջոցով:

Ալիքի Էջերում....

Monday, May 15, 2006

ՀԱՅԱՑԱ՞Ծ ՀՐԵԱՆԵՐ

Ըստ 1989թ. հրապարակած մարդահամարին, ներկայիս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներէն 676 հոգի հրեայ է: Անոնց 25,9 առ հարիւրը (175 հոգի) հայերէնը մայրենի լեզու կը համարէ, այսինքն՝ կը խոսի հայերէն: Ասոնք հայախօս, եւ ոչ-հայախօս Հայաստանաբնակ հրեաներ են, որոնք կը յայտարարեն իրենց հրէութիւնը:

Իսկ կա՞ն հայանուն, հայախօս, հայադաւան հրեաներ, որոնք իրենք զիրենք միմիայն «հայ» կը հռչակեն, իսկ իրականին մեջ որպես «հրեայ» կը զգան ու կը գործեն: Այլ խօսքով՝ կա՞ն հայացած տէօնմէ հրեաներ: ԱՅՈ: ՈԻ անոնց քանակը փոքր չէ:
Հրեաներու զանգուածային բնակեցումը Հայաստանի հողատարածքին վրայ՝ կ'երկարի 2000 տարի առաջ, Տիգրան Մեծի ժամանակաշրջանին (96-55 Ն. Ք.): Հայոց արքան Ասորիք, Փիւնիկէ եւ Պաղեստին իր արշավանքներէն ետք, ըստ պատմագիրներու վկայութեան, բիւրաւոր հրեայ գերիներ վերաբնակեցուց հայոց քաղաքներու մէջ: Ըստ իրենց սովորութեան, հրեայ վերաբնակները քաղաքներու մէջ ստեղծեցին իրենց մեկուսացած թաղամասերը կեթթոնները, ու ինչպէս միշտ, զբաղուեցան առեւտուրով եւ վաշխառութեամբ:
Թէ ինչ հսկայական քանակ կը կազմէին հրեաները Հայաստանի քաղաքներու բնակչութեան մէջ՝ կարելի է գաղափար կազմել պարսից Սասանեան արքայ Շապուհ Բ-ի Հայաստանեն արշաւանքներու նկարագրութիւնէրն: Փաւստոս Բիւզանդ եւ այլ պատմագիրներ կը գրեն, թէ Շապուհ իր հետ Պարսկաստան տարաւ հարիւր հազարաւոր գերիներ (պատմագիրները թիւերով կուտան իւրաքանչիւր քաղաքէն գերեվարեալներուն թիւը): Բերուող տուեալներէն կը պարզուի, որ հարաւարեւելյան Հայաստանի քաղաքաբնակ ժողովուրդին կէսէն աւելի հրեաներ էին: Իրանի այս օրուան հրեաները մեծ մասամբ կը սերին Հայաստանեն Շապուհի գերեվարածներէն. անոնց ջախջախիչ մեծամասնութիւնը իր մականունի վերջին կը կրէ հայկական-պարսկական «եան» ածանցը:
Հայ-հրէական խառնածնութեան խորհրդաւոր կողմերէն են զօկերը՝ Ագուլիսի շրջանի հայերը: Ագուլիս եղած է վաճառաշահ քաղաք, որու վաճառականները առեւտուր ըրած են Չինաստանէն Հոլանտա ու Արաբիայէն Ռուսաստան երկարող հսկայական տարածքին վրայ: Զօկերու սովորութիւներն ու գաղտնապահական ծիսակատարութիւնները սերտ առնչութիւն ունին հրէութեան հետ: Յիշենք, որ ագուլիսցի էր ՀՅԴ-ի հիմնադիրներէն Քրիստափոր Միքայէլեանը, որ, ըստ ոմանց, հայանուն հրեայ մըն է՝ Խրիսթօ Միխայլովիչ անունով:
Ռուսաստանի տարածքին ապրող հրեաներուն մէջ 1904-1905թ.թ. ռուսական առաջին եղափոխութեան եւ անոր յաջորդած հրէական ջարդերէն ետք կը նկատուի տարօրինակ երեւույթ մը: Հազարաւոր հրեաներ հայ լուսաւորչական կրօնքը կ'ընդունին: Այս ընթացքը յատկապէս կը սաստկանայ 1909-1913թ.թ.: Հարցական կմնայ, թէ Ռուսաստանի հրեաներուն այս զանգուածային «դարձը» հայութեան' տարերաի՞ն բնոյթ ունէր, թէ՞ կազմակերպուած էր: Տուեալները ցոյց կուտան, որ այս «հայադարձ»-ութիւնը առերեւոյթ չէ եւ անկազմակերպ անհատական բնոյթ կը կրէր, սակայն խորքին մէջ թելադրուած էր միասնական կեդրոնէ մը՝ շատ հաւանաբար Սիոնական Համաշխարհային կազմակերպութենէն: Այլապէս, ինչպէ՞ս բացատրել, որ միեւնոյն ժամանակաշրջանին, հրեայ ընտանիքներ Հայաստանեայց Եկեղեցւոյ գիրկը ընդունելու դիմումներ կը ներկայացնէին ոչ միայն Ռուսաստանի արեւմտեան մասի հրէահոծ քաղաքներէն (Սբ. Փետերսպուրկ, Լվով, Քիեվ, Խարքով, Օտեսա, Ռոսթով, եւն.), այլ մինչեւ իսկ հեռաւոր Միջին Ասիոյ Սամարղանտէն, այսինքն «հայանալ» ու դիմումներ կը գրէն ե'ւ արեւմտեան հրեաները (աշքենազի անունով ծանօթ) ե'ւ արեւելեան հրեաները (սաֆարտիմ):
Ռուսաստանի հրեաներու «հայացման» վերաբերեալ յոյժ կարեւոր փաստաթուղթեր կը գտնուին ԽՍՀՄ Կեդրոնական Պետական արխիւի Լենինկրատի մասնաճիւղի թիւ 821 ֆոնտին, ինչպէս նաեւ Սբ. Էջմիածնի արխիւներուն մէջ: Այդ փաստաթուղթերը գրեթէ ամբողջութեամբ տակաւին չեն հրապարակուած: Յստակ է, թէ անոնց հրապարակումը հսկայական ռումբի ազդեցութիւն պիտի գործէ ու Երեւան պիտի հանէ շատ անլուծելի թուացող հարցականները, ինչ որ սիոնիզմի հաշուին երբեք չի գար: Այսուհանդերձ, այդ արխիւներէն սպրդած են քանի մը փաստաթուղթեր:
Բերենք կարգ մը փաստեր: Ըստ ռուսական կայսրութեան մէջ գործող օրէնքին, Հայաստանեայց Եկեղեցւոյ Մայր Աթոռը, պահպանելով հանդերձ իր անկախ գոյավիճակը, կգտնուէր ներքին գործոց նախարարութեան օտարադաւաններու հոգեւոր գործերու բաժանմունքի ենթակայութեան մէջ: Այս բաժանմունքին հետ Մայր Աթոռը կը կարգաւորէր պետական նշանակութիւն ունեցող հարցերը:
Երբ որ ծագեցաւ հրեաներու հայադաւանութեան հարցը, Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Սինոտը եւ թեմակալ Առաջնորդները դիմեցին յիշեալ բաժանմունքին՝ այս հարցին վերաբերեալ պետութեան կարծիքն իմանալու: Դիմորդ հրեաներուն մեծ մասը կ'ապրէր Նախիջեւան - Պեսարապիոյ թեմին պատկանող տարածքին մէջ, որու մէջ կ'մտնէին Մոլտաւիան, ՈՒքրաինան ու հարաւային Ռուսաստանը՝ մինչեւ Աստրախան: Թեմական խորհրդի անդամ Մ. Զատիկեանցը 1910 Սեպտեմբեր 11 թուակիր նամակով կը դիմէ բաժանմունքին. «Մկրտելու եւ հայ լուսաւորչական եկեղեցու գիրկը անցնելու առթիւ հրէադաւան անձանցից ստացուած խնդրագրերի մեծ հոսանքակոյտի հետեւանքով թեմական Առաջնորդարանը սոյնով պատիւ ունի ներքին գործոց նախարարութիւնից ամենախոնարհաբար խնդրելու մշտական ղեկաւարման համար պարզաբանելու ներկայ հարցը, այն է՝ ամէն մի խնդրատուի համար առանձի՞ն դիմել դեպարտամենտին, թէ՞ ղեկավարելու մեկ ընդհանուր կանոնով»:
Պատասխան գրութեան մէջ, բաժանմունքի տնօրէն Ա. Խարուզինը կը գրէր, թէ 1896թ.-ին ընդունուած օրէնքին համաձայն «հրեաները կարող են քրիստոնէութիւն ընդունել պետութեան մէջ հանդուրժող ցանկացած քրիստոնէական դաւանանքով ոչ այլ կերպ՝ քան իւրաքաչիւր առանձին դէպքում ներքին գործոց նախարարութեան յատուկ թոյլտուութեամբ, իսկ կովկասեան երկրամասում՝ տեղական գլխաւոր իշխանութեան արտօնութեամբ»:
Քանի մը օր ետք, Խարուզին 24 Նոյեմբեր 1910 թուակիր շրջաբերականներով կը դիմէ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Սինոտին.«Նմանօրինակ գործերի քննարկումը բերում է այն հետեւութեան, որ հրէադաւանութիւնից քրիստոնէութեան անցնելը թելադրւում է ոչ թէ Քրիստոսի բարձր ուսմունքի նկատմամբ մկրտուողնէրի ունեցած նուիրական տենչով եւ հայ-լուսաւորչական եկեղեցու հանդէպ նրանց տածած անկեղծ հակումով, այլ նիւթական այն իրաւունքների որոնմամբ, որոնք օրէնքով ձեռք են բերում քրիստոնէութիւն ընդունած հրեաները:
Այդ պատճառով - Էջմիածնի հայ լուսաւորչական Սինոտին առաջարկում է նշուած հանգամանքի վրայ հրաւիրել հայ լուսաւորչական թեմապետերի յատուկ ուշադրութիւնը, նըրանց պարտաւորեցնելով առանձնակի զգուշաւորութիւն ցուցաբերել հրեաներին մկրտուել թոյլ տալիս եւ ներքին գործոց նախարարութեանը միջնորդել միայն այն դէպքերում, երբ հաստատ համոզմունք կայ, որ հրեաները անկեղծօրէն են ուզում քրիստոնեայ դառնալ»:
Հարցը այնքան հրատապ էր դարձած, որ գործին ուղղակիօրէն կը միջամտէ ներքին գործոց նախարարը՝ 21 Նոյեմբեր 1910 թուակիր թիւ 10838 հրահանգով: Սինոտը կը գումարուի 27 Դեկտեմբերին ու թիւ 822 արձանագրութեամբ կ'որոշէ. «Դեկտ. 27-ին թ. 822. սինոտը, լսելով ներքին գործերի Պ.նախարարի անցած Նոյեմբերի 21-ի թիւ 10838 առաջադրութիւնը, որում ասուած է, թէ վերջին ժամանակներս մեծ թուով հրեաներ ընդունում են հայ-լուսաւորչական կրօնը, եւ այդպիսի կրօնափոխութիւնը շատ դեպքերում լինում է հետեւանք ոչ թէ նրանց անկեղծ համակրանքի դէպի հայ-լուսաւորչական եկեղեցին, այլ միայն կամենում են օգտուել այն բոլոր նիւթական եւ քաղաքական իրաւունքներից, որ ձեռք են բերում քրիստոնէութիւն ընդունող հրեաները եւ որով խուսափում են նրանց համար սահմանուած քաղաքացիական սահմանափակումներից, որոշեց, պատուիրել հայոց թեմակալ Առաջնորդներին, ի լրումն եւ ի փոփոխումն 1909 թ. Նոյեմբերի 13-ի թիւ 2701 եւ թիւ 2706 շրջաբերականների, նախապէս ժողովել կարեւոր տեղեկութիւները, թէ արդարեւ խնդրատու հրեան անկեղծ համակրա՞նք է տածում դեպի քրիստոնէական վարդապետութիւնը եւ հայ եկեղեցին, եւ ապա թոյլ տալ կոնսիստորիային՝ խնդրատուի մկրտութեան մասին յարուցած միջնորդութիւնը ներկայացնել Սինոտիս պատշաճ իշխանութեան թոյլտուութիւնը խնդրելու համար» (արտատպած «Արարատ» ամսագրի Յունուար, 1911թիւէն):
Սուրբ Էջմիածնի Սինոտը Խարուզինի շրջաբերականի եւ 27 Դեկտեմբեր 1910թ.-ի իր որոշման պատճէնները կ'ուղարկէ թեմակալ Առաջնորդներուն՝ առ ի գործադրութիւն: Քաջալերուած պետութեան եւ Սուրբ Էջմիածնի այս որոշումներէն, դիմումներու հեղեղ մըն է, որ կը սկսի: Ամենուրէք հրեաներ դիմումներ կը գրեն հայադաւանութիւն ընդունելու եւ հայանալու համար: Կը դիմեն Օտեսայէն, Սբ. Փեթերսպուրկէն, Խարքովէն, Քիշինեւէն, Թէոտոսիայէն ու Խրիմի այլ վայրերէն, Նոր Նախիջեւանէն, Պուխարայէն, Սամարղանտէն, Պաքուէն, եւն:
Հրեաներուն հայադաւան դառնալու կարգը հետեւեալն էր. հրեան կը դիմեր թեմական խորհուրդին: Դիմումը ընդունուելէ ետք (իսկ դիմումները ընդհանրապէս կ'ընդունուէին), հրեան յատուկ դասընթաց կ'անցներ հայ եկեղեցւոյ կից, ուր կ'ուսուցանուէին Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութիւնն ու ծիսակատարութիւնները. դիմորդը նաեւ բաւարար չափով կը սորվէր հայերէն գրել-կարդալ ու կը ծանօթանար հայոց պատմութեան, ապա քննութիւն կը յանձնէր, եւ, յաջողելու պարագային, կը ստանար համապատասխան վկայական: Ապա նոր միայն, քննութեան յաջողած հրեան պաշտօնական դիմում կը ներկայացնէր հայ-լուսաւորչական մկրտուելու: Այս դիմումը կը քննուեր թեմական խորհուրդին կամ Էջմիածնի Սինոտին կողմէ, որոնց կողմէ քննարկուելէ եւ ընդունուելէ ետք՝ կ'ուղարկուէին Սբ. Փեթերսպուրկ՝ օտարադաւաններու հոգեւոր բաժանմունքի վաւերացմանը, որմէ ետք կը կատարուէր հրեային «հայ» օծումը եւ «հայացումը»:
Յատկանշական է, որ իրենց դիմումներուն մէջ, դաւանափոխուելու պատրաստ հրեաները իրենց քայլին որպէս արդարացուցիչ պատճառ կը շեշտէին «մովսիսականութեան համեմատ քրիստոնէական ուսմունքի մարդասիրական էութիւնը»: Ահա թէ ի միջիայլոց ինչ կը գրեն Պրոտսքիները իրենց դիմումին մէջ. «Ամենահամոզիչ փաստարկներից մէկը, որը մեզ ստիպել է եբրայական կրոնի համեմատութեամբ առաւելութիւն տալ քրիստոնէութեանը, հարկաւ, Քրիստոսի ուսմունքն է, որը պարտաւորեցնում է սէր մերձաւորի հանդէպ: Այնինչ եբրայական կրոնը յանձնարարում է վրէժխնդրութիւն, որը կարելի է իմանալ Մովսէսի օրէնքից, այդ օրէնքը տալիս է ակըն ընդ ական յանձնարարականը»:
Հետաքրքրական է նաեւ «հայացած» հրեաներու դասակարգային կազմը, դիմում կը ներկայացնէին հրեայ շրջուն փերեզակն ու մանր առեւտրականը, բարձրագոյն ուսում ստացած փաստաբանն ու բժիշկը, ընդհուպ մինչեւ մեծ հարստութիւն դիզածնէրը: Օրինակ, Պրոտսքիները վերջին խաւին կը պատկանէին: Հասկանալի է, որ հայ եկեղեցւոյ դասընթացին կրնար հետեւիլ քիչ թէ շատ գրագիտութիւն ունեցող հրեան: Սակայն, կը պատահէին դիմումներ, երբ դիմորդը կիսագրագէտ կամ անգրագէտ հրեայ էր: Հայութեան քանակը հրեաներու հաշուին շատացնելու երազխաբութեամբ տարուած հայ եկեղեցականներ կը փորձէին ելք մը գտնել նաեւ այս «խեղճ»-երուն, որոնք «կը տառապին քրիստոնէական ճշմարիտ լոյսին հասնելու համար»: Այսպէս օրինակ, Նախիջեւան-Պեսարապիոյ թեմի Առաջնորդ Ներսէս Արքեպիսկոպոս 16 Նոյեմբեր 1913 թուակիր խնդրագրով կը դիմէ հոգեւոր բաժանմունքին՝ առանց դասընթացքի անցնելու պայմանին թոյլատրելու համար հրեաներու ընդունումը Հայ Եկեղեցւոյ գիրկը, որովհետեւ «իրենց ներքին համոզմունքին անսացող եւ ճշմարտօրէն քրիստոնէական հաւատն ընդունել ցանկացող այն անձանց խնդրանքները, որոնք սակաւ գրագիտութեան կամ լիակատար անգրագիտութեան պատճառով ամենեւին զրկուած են ինչպէս հոգեւորականների մոտ սուորելու, հաւասարապէս նաեւ առաջնորդարան ներկայանալու եւ քննութիւն յանձնելու հնարաւորութիւնից, ստիպուած ենք մերժել, որի հետեւանքով դրուած նպատակը մնում է կատարելապես անհասանելի մկրտութեան հանդէպ երբեմն թոյլ են տրւում անցանկալի քայլեր, եւ անկեղծ խնդրատուների առաջ եկեղեցիների դռները մնում են գոցուած»: Ի պատասխան Առաջնորդի աղերսագրին, հոգեւոր բաժանմունքը, որը առանց այդ ալ դժկամօրէն կը վաւերացնէր «գրագէտ» հրեաներուն դիմումները, կտրականօրէն կը մերժէ Ներսէս Արքեպիսկոպոսի խնդրանքը, պատճառաբանելով. «Օրենքը անգրագէտ մարդկանց համար բացառութիւն չի պարունակեր»:
Թէ որքա՞ն է 20-րդ դարու սկզբին հայադաւան դարձած հրեաներուն քանակը՝ դժուար է կռահել: Այս հարցին պատասխան կարելի է ստանալ, եթե հրապարակուին թիւ 821 ֆոնտին ու Սբ. Էջմիածնի համապատասխան արխիվները: Ոչ-հաւաստի աղբիւրներու համաձայն, «հայացած» հրեաներուն թիւը կը հասնի 12-հազարի: Եթե հաշուի առնենք, որ այդ թուականներէն անցած է չորս սերունդ, ուրեմն ներկայիս «հայ» հրեաներուն քանակը շուրջ 50-հազար է: Մեծ հարցական կը մնայ 50-հազարին ճակատագիրը: Բացառուած չէ որ Հայաստանի Հանրապետութեան ժամանակակից անցքերուն մէջ այս հայ-հրէական հինգերորդ զօրասիւնը կեդրոնական դեր կխաղայ:
Արմենակ Պէրպէրեան

Sunday, May 14, 2006

Փոխհասկացողությունը` կարգավորման բանալի. Պատրա՞նք, թե՞ Իրականություն

Չնայած տարիներ ի վեր շարունակվող բանակցային գործընթացին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող որևէ կոնկրետ, շոշափելի լուծում արձանագրված չէ: Լուծում, որը լիներ ընդունելի և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի համար: տարբեր միջազգային շրջանակների կողմից մեկ անգամ չէ, որ տարբերակներ են առաջարկվել, որոնք պետք է լուծումներ ապահովեին, մոտեցնեին խնդիրն իր հանգուցալուծմանը, սակայն այդպես էլ չիրագործվեցին: Այստեղ մենք մտադիր չենք անդրադառնալ բանակցային գործընթացի ո՛չ պատմությանը, ո՛չ քննարկմանը և ո՛չ էլ մեկնաբանմանը: Հայ իրականության մեջ դա շատ է արվել և արվում է: Սակայն դա վաղուց ի վեր դարձել է ձանձրալի:
90-ականներից ի վեր քիչ բան չի փոխվել: Սակայն ամենակարևորը և ցավալին ժողովուրդների օտարումն է իրենց իշխանություններից թե Հայաստանում և թե Ադրբեջանում: Ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ ժողովուրդներին վերաբերող խնդիր է, հասարակ մարդկանց, ներկային ու ապագային, նրանց կյանքին ու բեկված ճակատագրերին անդրադարձող ողբերգություն: Ժողովուրդներն են, որ, լինելով 'քաղաքականություն անող' մարդկանց գործունեության առարկա, պետք է առավելագույնս շահագրգռված լինեն խաղաղության վերջնական հաստատմամբ և ընկալեն դա որպես առաջին անհրաժեշտություն, որպես 'միս ու արյուն', այլ ոչ թե` 'հայրենի դիվանագիտության' մտքի 'հաղթական' առկայծում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է իրենց ժողովուրդներից հոգեբանական օտարման մեջ գտնվող 'պաշտոնական ներկայացուցիչները' բանակցային գործընթացում հաջողություն, ասել է թե խաղաղություն արձանագրեն: Չէ՞ որ այլ են միևնույն երևույթի պատկերացումները. եթե 'պաշտոնական ներկայացուցիչները' խաղաղությունն ու պատերազմը ընկալում են որպես քաղաքական (և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական) դեստրուկտիվ ազգայնականության շահարկման և սպեկուլյացիայի հումք, ապա ժողովուրդների համար դրանք ուղղակիորեն կենաց-մահու նշանակություն ունեն: Լուրջ չի լինի պնդել, թե տասնյակ տարների խաղաղության և պատերազմի ճամփաբաժնում գտնվող հայ և ադրբեջանցի ժողովուրդների հոգեկան լարվածությունն ու սպասելիքները համարժեք են 'պաշտոնական' կողմերի սպասելիքներին: Չափազանց մեծ է տարբերությունը 'հոգեբանական գործակիցների' միջև: Պարզ դիտարկումները, երկուստեք ճանաչողական հանդիպումներն ու շփումները, որոնք, որպես կանոն, կազմակերպվում են Հայաստանի և Ադրբեջանի ոչ-կառավարական, հասարակական կազմակերպությունների ջանքերով, հենց դա են ապացուցում: Ըստ այդմ կարող ենք փաստել, որ ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման համար կարևոր և անհրաժեշտ նախապայման է հանդիսանում այն, որպեսզի ներգրավված ժողովուրդները և նրանց ներկայացնող գործիչները հնարավորինս ներդաշնակ լինեն աշխարհի, կյանքի, վերջապես պատերազմի և խաղաղության իրենց ընկալումներում: Որպեսզի 'պաշտոնական ներկայացուցիչները' զերծ մնան հատկապես վերջին հասկացությունները սպեկուլյատիվ մղումների առարկա դարձնելուց, քաղաքականապես ազնիվ լինել և, որպես հետևանք, ու դա ամենակարևորն է, արհեստականորեն էլ ավելի չսրեն ազգամիջյան լարվածությունը, չխորացնեն անջրպետը: Այս առումով հայ և ադրբեջանական իրողությունները, ցավոք,— այնքան էլ հուսադրող չեն: Արդեն ալգորիթմի ուժ է ստացել այն իրողությունը, որ ամեն անգամ, երբ իշխանությունները երկու պետություններում իրենց 'կայունության', 'անսասանության' կամ երկարակեցության հանդեպ որևէ սպառնալիք են 'նախազգում', անմիջապես դիմում են նեղ ազգայնական, անզիջող քաղաքականության մեխանիզմներին ու բառապաշարի օժանդակությանն ու խրախուսմանը: Անտարակույս` նման դեստրուկտիվ գաղափարներով տոգորված հասարակության թիկունքային առկայությունը բնավ լավագույն օգնականը չէ բանակցային գործընթացներում դրական տեղաշարժերի հասնելու համար: Ստացվում է մի յուրատիպ փակ շրջան: Եվ, իհարկե, նման քաղաքականությունը անհամատեղելի է ժողովրդավարական հասարակություն կերտելու պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարություններին:
Ի միջի այլոց, վերանշյալ շարադրանքից ուղղակի հետևում է, որ հակամարտությունների կարգավորման մեջ իր կարևոր, առանցքային դերն ունի կողմերի փոխհասկացողության ձգտումը: Կարծում ենք, որ հատկապես 'փոխհասկացողություն-փոխզիջողականություն' երկմիասնության մեջ պետք է փնտրել խաղաղ կարգավորման բանալին: Այս միտքը նույնպես հանգում է հասարակությունների ժողովրդավարական չափանիշերով վերաշինման գաղափարին: Քանզի ժողովրդավար հասարակության պայմաններում հակամարտ կողմերը առավել հակված են երկխոսության:
Յուրաքանչյուր սթափ մտածող մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, որը խաղաղությունը, իր երկրի շինարար ու ստեղծագործ կյանքը գերադասում է պատերազմից, պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդների գիտակցության մեջ օր-օրի արմատավորվի երկխոսության և փոխհասկացողության գաղափարը: Ինչ խոսք, չափից շատ են հոգեբանական նեգատիվներն ու կարծրատիպերը: Շատ են, բայց ոչ անհաղթահարելի: Պետք է ազնվություն և քաջություն ունենալ շտկելու սեփական հոգեբանական պատկերացումները, որպեսզի պատմությունը չներկայանա այդքան մռայլ: Մռայլ, հաճախ իրականությանը հակասելու գնով:
Ըստ որում, կարող ենք ենթադրել, որ ինչպես ժողովրդավարության առկայությունն է նպաստում երկխոսության գաղափարի արմատավորմանը, այնպես էլ երկխոսության և փոխհասկացողության պատրաստ հասարակություններն իրենք են նպաստում ժողովրդավարության կայացմանը: Ասել է թե՝ ժողովուրդների երկխոսությունն ու ժողովրդավարությունը փոխլրացնող, փոխհագեցնող արժեքներ են:
Այսպիսով, երկխոսության, փոխհասկացողության եզրեր գտնելու պարագայում, հակամարտ հասարակություններն արդեն հակված կլինեն կառուցողական, փոխշահավետ զիջումների, որն էլ բնականաբար ենթադրում է համակեցություն: Իսկ լուրջ և առողջ հիմքեր ունեցող համակեցությունը կարող է ապահովել էթնոսների հետագա համատեղ, ներդաշնակ զարգացումը: Փաստորեն, պատրանքային թվացող այս 'երկխոսություն-փոխհասկացողություն-փոխզիջողականություն-համակեցություն-ներդաշնակություն' շղթան այդպիսին է լոկ առաջին հայացքից, և կարևորը առաջին, համարձակ քայլեր անելն է, որոնք, ի դեպ, արդեն նկատելի են: Այլապես ստիպված կլինենք ընդունել, որ ոչ միայն մենք, այլև մեր սերունդները դեռ երկար պետք է խարխափեն դիվանագիտական տերմինների լաբիրինթոսում` գլխավերևում միշտ ունենալով պատերազմի վերսկսման ու սարսափների դամոկլյան սուրը: Նշենք, որ 'երկխոսություն--ներդաշնակություն' շղթան ո՛չ մենք նոր հորինեցինք, ո՛չ էլ միջնորդների հուշարարության արդյունքն է: Այն միշտ էլ գոյություն է ունեցել հայ քաղաքական մտածողության մեջ և այժմեական է հատկապես մեր ժամանակների համար: Ինչ խոսք, որ նման մտքերը միշտ էլ սվիններով են ընդունվել և ընդունվում: Պիտակավորվում են որպես 'ռևիզիոնիստական', 'օպորտունիստական', ընդհուպ` 'դավաճանական': Խորհուրդ կտայինք, սակայն, նման պիտակավորումների հեղինականերին.
-Ձե՛զ պահեք, Հարգարժան Տիկնայք և Պարոնայք, ձեր փքուն բառապաշարը:
Եվ ո՞վ ասաց, որ խաղաղությունը պատերազմից գերադասողը հայրենասեր չէ, և որ դավաճան է հարևանի հետ բարիդրացիության կողմնակիցը: Ո՞վ ասաց, որ պարտադիր է սերունդներին դանդաղ գործողության ռումբ կտակելը, և միայն նման կտակագիրներն են Հայրենիքի իսկական զավակները: Ո՞վ ասաց, որ մեր անվեհեր հայորդիներին կրկին պատերազմի կրակների ու ավերակների մեջ տեսնել ցանկանալն է հայրենասիրություն: Եվ ո՞վ ասաց, որ խաղաղությունը պարտադիր պայման չպետք է լինի մեր ծնված ու դեռ չծնված զավակների համար: Ինչպիսի՜՜քաղաքական թյուրիմացություն, ինչպիսի՜՜ էթնոհոգեբանական կուրյոզ:
Պետք է ձերբազատվել սխալ հոգեբանական ստերեոտիպերից և ձերբազատել դրանցից սերունդներին: Դրա համար պետք է պատրաստ լինել երկխոսության պատրաստակամությունն ընկալել որպես կարևոր պոտենցիալ և կառուցողական բաղադրիչ ներկայիս հեղհեղուկ իրավիճակի վերացման համար: Իսկ դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է զինվել համբերությամբ և արդեն լուրջ աշխատանքներ տանել մեր երկու` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին առավելագույնս նախապատրաստելու ուղղությամբ, որեսզի նրանց ընկալելի լինեն երկխոսության և փոխհասկացողության գաղափարները: Ըստ որում, թեթևակի սխալներն ու անհարկի շտապողականությունը այս հարցում կարող են հակառակ, խիստ բացասական հետևանքի բերել:
Հարկ է նշել, որ այս կարևոր աշխատանքներին պետք է ներգրավվեն հատկապես հասարակական նախաձեռնություններն ու ոչ-կառավարական կազմակերպությունները, որոնց դերը այս հարցում դժվար է թերագնահատել: Տեղին կլիներ այս հարցում նաև պաշտոնական շրջանակների դրական արձագանքը և՛ Երևանում, և՛ Բաքվում: Այդուհանդերձ, այս նախաձեռնությունները կարող են և պետք է ընթացք ստանան նաև ինքնուրույն:Վերջում նշենք նաև, որ հայ և ադրբեջանական հասարակությունների հոգեբանական նախապատրաստման և մերձեցման նախաձեռնությունները պետք է բխեն հենց այդ հասարակությունների սթափ գիտակցությունից, կրեն ինքնաբավ բնույթ և, ամենակարևորը, չլինեն որևէ երրորդ կողմի թելադրանքով: Հաջողության դեպքում երկու կողմերի համար ոչ միայն անիմաստ կդառնան միջնորդների կողմերի քաղաքական և ռազմաքաղաքական անընդունելի, վիճելի և վերապահելի առաջարկները, այլև նոր որակ ու արդյունավետ լիցք կհաղորդվի բանակցային գործընթացին:
Դավիթ Պողոսայն

Saturday, May 06, 2006

Պայքարի ու արդարութեան տօն

Մօտաւորապէս 150 տարի առաջ 1856-ին Աւստրալիայում ծնւեց աշխատաւորական մի շարժում՝ օրական ութ ժամ աշխատանքի պահանջով: 1886-ին ԱՄՆ-ի Չիկագօ քաղաքի աշխատաւորներն ընդօրինակելով Աւստրալիայում ծնունդ առած շարժումը՝ բողոքի ցոյցեր կազմակերպեցին, որոնք խիստ հակահարւած ստացան օրւայ կառավարութեան կողմից եւ այդ ճնշման հետեւանքով էլ ամրացաւ այդ շարժումն ու գոյատեւեց մինչեւ այսօր եւ գոյատեւելու է մինչեւ այն ժամանակ, երբ մարդկային պատմութեան մէջ գոյութիւն կունենայ մարդը մարդուն կեղեքելու համակարգը:Աւելի քան երկու դար է, որ շարունակւում է գործատէր-աշխատաւոր, դրամատէր-ընչազուրկ դասակարգերի պայքարը, որը բանւոր դասակարգի համար ողողւած է եղել փայլուն յաղթանակներով ու դառը պարտութիւններով:Իմպերիալիստական երկբեւեռ համակարգի փլուզումից յետոյ, բուրժուազիան առիթը պատեհ համարելով՝ մէկտեղեց իր բոլոր ուժերը՝ միջազգային աշխատաւորական շարժումը ոչնչացնելու նպատակով: Նախ փորձեցին բոլորին պարտադրել, որ Խորհրդային Միութեան փլուզումը պարզ փաստն է այն իրողութեան, որ սոցիալիզմը իրականացող համակարգ չէ, ուրեմն՝ արժէքազրկւած են բոլոր սոցիալիստական շարժումները: Յետոյ ծնւեցին տարբեր փիլիսոփաներ, ինչպիսին է Ֆրանսիս Ֆոկոյաման, որը լկտիաբար յայտարարեց պատմութեան աւարտը: Նրա համոզմամբ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, այլեւս պատմութիւնն հասաւ իր աւարտին, մի խօսքով՝ ներկայ դրամատիրական ու իմպերիալիստական համակարգը գոյատեւելով՝ դարձել է պարզ ճշմարտութիւն:
Դրամատիրութիւնը յաւիտենական չէ
Այս օրերում եւ սոցիալիստական ու աշխատաւորական շարժումների շնորհիւ՝ ականատես ենք Ֆոկոյամայի սին գաղափարների անհեթեթութեանը:Եթէ հաւատանք «դիալեկտիկ» իմաստասիրութեանը, կը հասկանանք, որ ամէն մի համակարգ իր մէջ է ստեղծում իր հակադիրը եւ դրա դէմ պայքարելով՝ կազմւելու է մի նոր համակարգ, որ ինչ էլ լինի՝ այլեւս նախկին համակարգը չէ:Ուրեմն՝ ներկայ համակարգը նաեւ իր մէջ ստեղծել է մի հակադիր դասակարգ՝ աշխատաւոր դասակարգ, որն այլեւս վեր է անցել Խորհրդային Միութեան ստալինեան արժէքներից եւ ընթանում է նոր ճանապարհով՝ դէպի արդիականացում: Արդիական (modernity) արժէքներին հաւատացողները հրաժարւելով կրօնա-եկեղեցական փիլիսոփայութիւնից, որը ասում էր, թէ ամէն զարգացում եւ առհասարակ պատմութեան ընթացքը մարդկութեանը աւելիով է խորտակում մեղքի մէջ, սկսեցին լաւատեսօրէն նայել ապագային՝ հաւատալով, որ միասնական ուժերով կարելի է ստեղծել մի այլ աշխարհ՝ նոյն այս նիւթական աշխարհում: Երկու դար առաջ, երբ աշխատաւորները դեռ կառչած էին իրենց նախկին դաւանանքներին, որոնք գերադասում էին սկզբնական մարդու կեանքը՝ չպղծւած ադամական մեղքով, տեսնելով նոր տեխնոլոգիաներն ու արտադրական արդի մեքենաները եւ դրան զուգահեռ՝ տեսան իրենց անգործութիւնը՝ նոյն այդ մեքենաների պատճառով, սկսեցին ոչնչացնել այդ բոլորը՝ ցանկանալով չզարգանալ եւ պահել նոյն սկզբնական արտադրաձեւերը, միայն թէ իրենք աշխատեն ու գործազուրկ չլինեն:
Բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն
Արդիական արժէքների շուրջ համախմբւած նորօրեայ աշխատաւորները այլեւս գիտեն, որ զարգացումը բարիք է եւ պատմութեան ընթացքն էլ դէպի բարին է գնում, եթէ միայն վերացւի արտադրողական միջոցների սեփականատիրութիւնը եւ հիմնւի աշխատանքից ձեռք բերւած հարստութեան արդար բաժանման համակարգն ու վերացւի մարդու կեղեքումը: Մարդկութիւնը այսօր կանգնած է մի երկընտրանքի առջեւ, որն է բարբարոսականութի՞ւն թէ ընկերվարութիւն ու ժողովրդավարութիւն:Տեսնելով ներկայ դրամատիրական բիրտ համակարգը, որը միջազգային շուկայում գների բարձր պահելու նպատակով՝ անտեսում է ընչազուրկ ժողովուրդներին եւ տարեկան հազարաւոր տոնաններ ցորեն է լցնում ծովում, կամ դրանք էժան գներով արտադրում է Երրորդ աշխարհի երկրներ տեղական գիւղատնտեսութիւնը ոչնչացնելու նպատակով:Այս բարբարոսական քաղաքականութիւնների հետեւանքով է, որ այսօրւայ աշխատաւորները աւելի մեծ թւով մասնակցում են քաղաքա-հասարակական շարժումներին՝ ժողովրդավարական կարգեր հաստատելու հեռանկարով:Յաղթանակը մօտիկ է, եթէ բոլորս միանանք բարբարոսականութեան դէմ պայքարող շարժմանը:
«Աշխարհի բոլոր աշխատաւորներ, միացէք»

Thursday, May 04, 2006

Հարցազրոյց Բոստոնի համալսարանի քաղաքական գիտութիւնների դոկտորական թեկնածու Ասպետ Քոչիկեանի հետ


«Որեւէ միջինարեւելեան ընդհանուր խաղաղութիւն հիմնւած է Իսրայէլի անվտանգութեան մտահոգութիւնների վրայ»


Հ.- Խնդրեմ նախ ներկայացրէք Ձեզ:


Պ.- Ծնւել եմ Բէյրութում, յետոյ անցել եմ Ամերիկա: Ներկայում Բոստոնի համալսարանի քաղաքական գիտութիւնների դոկտորական թեկնածու եմ: Երկու տարի դասաւանդել եմ Հայաստանի եւ Վրաստանի համալսարաններում: Յետոյ վերադարձել եմ ԱՄՆ եւ հիմա Նիւ Եօրքում դասաւանդում եմ քաղաքական գիտութիւն եւ միջազգային յարաբերութիւն:Որպէս մասնագիտական թէզ՝ ներկայացրել եմ Հայաստան-Վրաստան արտաքին քաղաքականութիւնը՝ դիտւած որպէս փոքր պետութիւնների վարած քաղաքականութիւն:


Հ.- Նախ պիտի ասեմ՝ ինձ հետաքրքրեց Ձեր թէզը այն պատճառով, որ վերջերս հանդիպեցի մի վրացահայ ազգային գործչի եւ նա ինձ պատմեց վրացահայերի կենսական ծանր պայմանների մասին: Դուք որպէս մասնագէտ՝ ինչպէ՞ս էք բնութագրում հայերի վրայ գործադրւող ճնշումը, որը շարունակւում է մինչեւ այսօր:Եթէ ուզենամ օրինակներով բացատրել, պիտի նշեմ, որ ճնշումները հետեւեալներն են՝ մօտ 39 հայկական եկեղեցիների յանձնումը վրացական կառավարութեանը կամ այն, որ հայերը ապահով աշխատանք ունենալու համար՝ փոխում են իրենց ազգանունները:


Պ.- Իմ կարծիքով՝ հետաքրքրական երեւոյթը այն է, որ ընդհանրապէս որեւէ փոքր պետութիւն հարցերին նայում է իր դիտանկիւնից եւ դժւար թէ նա հասկանայ իր դիմացինին, անգամ իրեն չի հետաքրքրում, թէ ուրիշ պետութիւնները ինչպէս կը նայեն այդ երեւոյթին:Կասկած չկայ, որ վրացիների մօտ կայ նաեւ ազգայնամոլական երեւոյթ եւ սովորական երեւոյթ է սա, որովհետեւ շատ աւելի փոքր պետութիւններ շատ աւելի կենտրոնացած ազգ են՝ քան հայութիւնը եւ ուրիշ փորձառութիւն էլ կայ, որ մեծ դեր կը խաղայ վրացական ազգայնամոլութեան մէջ, այն է, որ Վրաստանը կազմւած է տարբեր ցեղային եւ ազգային փոքրամասնութիւններից եւ ընդհանրապէս հայերի մօտեցումը, որ Ջաւախքում պահանջում են ինքնավարութիւն, դա վրացական մտածելակերպի ու հասկացութեան մէջ ինքնավարութիւն միշտ համահաւասար է անջատողութեան, ինչպէս պարզ է Հարաւային Օսեթիայում, Աբխազիայում եւ մինչեւ վերջերս նաեւ Աջարիայում եղել են ինքնավար, բայց պարզապէս վարել են անկախ ձեւով: Փաստօրէն, այսպիսի հարցին մօտենալը, իմ կարծիքով, շատ մեծ ազգային վախեր կը ստեղծի վրացիների մօտ:Ազգայնալամոլութիւնը ոչ մի ձեւով արդարացի չէ, սակայն եթէ հարցերը բնութագրենք պատմականօրէն, իմ կարծիքով՝ հետաքրքրական է իմանալ, որ հայ-վրացական յարաբերութիւնների լարւածութիւնը երբ է սկսւել եւ իմ ուսումնասիրութեան մէջ, որին մասնակից են նաեւ մի շարք ուրիշ վրացագէտներ, հարցը այն է, որ հայ-վրացական յարաբերութիւնները ընդհանրապէս սրւած են ռուսների գալուց յետոյ, երբ ռուսները եկան եւ գրաւեցին Վրաստանը ու այնտեղ իրենց իշխանութիւնը հաստատեցին 1801 թւականին, ռուսական գաղութատիրական քաղաքականութիւնը, որ նման է գաղութատիրական այլ քաղաքականութեան, այն է, որ կենտրոնանում են մի փոքրամասնութեան վրայ եւ օգտագործում են այդ փոքրամասնութիւնը իշխելու համար մեծամասնութեան վրայ, եւ սակայն ուրիշ երեւոյթն էլ այն է, որ հայ-վրացական յարաբերութեան մէջ հայերը Վրաստանում դասակարգային իմաստով եղել են բարեկեցիկ եւ այդ դասակարգային լարւածութիւնը, աղքատի եւ հարուստի միջեւ նաեւ թարգմանւած եւ կամ շեշտւած է ցեղայնութեան վրայ, այսինքն՝ այնպէս է պատահել, որ հայերը աւելի բարեկեցիկ կեանք են ունեցել եւ վրացիները՝ աւելի նւազ: Ուրեմն՝ այդ դասակարգային պայքարը այսպէս ասած նաեւ շեշտւած է ազգամիջեան լարւածութեան իմաստով եւ զենոֆոբիայի (վախ ուրիշից) հարցը կասկած չկայ, որ գոյութիւն ունի, բայց նաեւ իմ կարծիքով հայկական իրականութեան մէջ կայ այն երեւոյթը, որ դժւարութիւն ունենք համակերպւելու եւ մաս կազմելու այլ պետութիւնների տարբեր պրոցեսների մէջ: Նաեւ կայ լեզւի հարցը. այսօր շատ դժւար է Ջաւախքում եւ Ախալցխայում գտնել հայեր, որ վրացերէն իմանան. դա ինքնին վրացու դիտանկիւնից ասւել է, որ եթէ դու այս երկրում ես ապրում, ինչու չգիտես մեր լեզուն: Պիտի մատնանշեմ, որ Վրաստանը հարուստ պետութիւն չէ եւ չի կարող սկզբնական սոցիալական կարիքները հոգալ, օրինակ՝ այսօր Ջաւախքում իրավիճակը նոյնն է, ինչ որ կայ հիւսիսային Վրաստանում: Բայց նաեւ պիտի նկատի առնել, որ վրացական պետութիւնները հասունութիւնը չունեն, որ հասկանան Թիֆլիսում եւ ուրիշ քաղաքներում սոցիալական տարբերութիւնը, յատկապէս հայերի կողմից, կարող է թարգմանւել դիտաւորեալ ցեղային տարբերութիւն:


Հ.- Գալով մեր զրոյցի բուն թեմային՝ խնդրում եմ մեզ համար բացատրութիւն տւէք ԱՄՆ-ի «Մեծ Միջին Արեւելք» նախագծի մասին: ԱՄՆ-ն ինչո՞ւ է փորձում հիմնել մեծ Միջին Արեւելքը:


Պ.- Իմ կարծիքով՝ Ամերիկայում երկարատեւ ծրագրերի պատկերացում չկայ. շատ աւելի կարճատեւ երեւոյթներ են եւ աւելի հակազդեցութեան երեւոյթներ են՝ քան ազդեցութեան, այն իմաստով, որ Աֆղանստանում Ամերիկայի միջամտութիւնը արդիւնք էր սեպտ. 11-ի դէպքերի: Իրաքի հանդէպ արդէն ծրագիրը կար նախկինում, որ պիտի Իրաքի վարչաձեւը փոխւի. սա ուրիշ երեւոյթ է: Բայց որպէս ընդհանուր պատկերացում, իմ կարծիքով, յստակ հայեցակէտ չկայ, որ Միջին Արեւելքը ինչպիսի երեւոյթ պիտի ունենայ: Հետաքրքրական է, որ ներկայ ամերիկեան վարչակարգի մէջ, իմ կարծիքով, գաղափարախօսութիւնը շատ մեծ դեր է խաղում, մասնաւորապէս Բուշի մօտ եւ շատ քաղաքական անհատներ ու գործիչներ, որ հանդիպում են ունեցել Բուշի հետ, շատ են զարմացել, որ նա ինչքան մեծ կարեւորութիւն է տալիս գաղափարախօսութեան: Հարց կայ, թէ նա ինչքանո՞վ է հաւատում այդ գաղափարներին: Իմ կարծիքով՝ նա կը հաւատայ, որ օրինակ ժողովրդավարութիւն պիտի լինի եւ կամ մարդկային իրաւունքները անհրաժեշտ են, որ գոյանան, բայց մի քիչ աղաւաղւած եւ աւելի ծայրայեղ պահպանողական երեւոյթով, ինչ որ է «նէօ քան» (նոր պահպանողական) շարժումը: Եւ այդ իմաստով ընդհանրապէս կայ քաղաքականութիւնների ու առեւտրականութեան մերձեցումը եւ կասկած չկայ, որ ինչքան էլ խօսեն, թէ Իրաքի գրաւումը ոչ մի տնտեսական դրդապատճառ չունէր, բայց, փաստօրէն, շատ երեւոյթներ ու տեղեկութիւններ կան, որ նախքան Իրաքի պատերազմը՝ մի շարք ամերիկեան ընկերութիւններ դիմումներ էին ներկայացրել կառավարութեանը՝ պատերազմի կարեւորութեան մասին:Նաեւ ԱՄՆ-ի միջամտութիւնը Միջին Արեւելքում հիմնւած է մի սխալ տրամաբանութեան վրայ, որն է թէ՝ կարծում են Միջին Արեւելքը միատարր եւ միաէթնիկ տարածաշրջան չէ եւ, փաստօրէն, նկատի չեն առնում, որ այդ շրջանի նկարագիրը միայն իսլամ եւ կամ արաբը չէ ու դա պարզ անհասկացողութիւն է, որը գոյութիւն ունի ամերիկեան քաղաքական եւ մասամբ ակադեմական շրջանակներում:Ներկայ շրջանում էլ Ամերիկան փորձում է իր այդ փաստերով արդարացնել տարածաշրջանում գործադրած իր աշխատանքները:Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ գոյութիւն ունի միայն մի երկարատեւ քաղաքականութիւն եւ այն է ժողովրդավարութիւն հաստատելը, որը դա ուղղակի ծառայում է իր շահերին: ԱՄՆ-ն փորձում է այդ միջոցով ապահով շրջան ստեղծել՝ իր համար վստահելի տարրեր տեղադրելով իշխանութիւնների վրայ, որը հին սովորութիւն է, ինչ որ էր սառը պատերազմի շրջանում:


Հ.- Եթէ նկատէք, նախկին վարչակարգերն էլ համարեա իր կողմնակիցներն էին. օրինակ՝ Սադդամը, Թալիբանը կամ Բէն Լադէնը:


Պ.- Շատ ճիշտ է: Բայց քաղաքականութիւնները միջազգային յարաբերութեան մէջ շատ են փոխւում:Համայնավարութեան ժամանակ թալիբանները նկատւում էին որպէս երկու չարեաց փոքրագոյն՝ կոմունիստներ թէ թալիբաններ, որովհետեւ համայնավարները աւելի գաղափարական բեւեռ էին: Կամ օրինակ՝ Իրաքը համեմատաբար Իրանի՝ աւելի նախընտրելի էր: Ընդհանրապէս, ամերիկեան հասարակութիւնը շատ կարճատեւ յիշողութիւն ունի եւ չեն յիշում, որ Ռամսֆելդը գնացել էր Սադդամ Հուսէյնի հետ յարաբերութիւն ստեղծելու համար:Սակայն այսօրւայ իրողութիւնն այն է, որ որովհետեւ կոմունիզմ չկայ, ժողովրդավարութիւնը դարձել է գրաւիչ գաղափարախօսութիւն:
Հ.- Ժողովրդավարութիւնը աւելի շահաւէտ է ԱՄՆ-ին, որովհետեւ իր մէջ աւելի մեծ տարածքներ է ընդգրկում եւ մանեւրելը դիւրացնում է:
Պ.- Եւ առաւելութիւն են ունենում, որովհետեւ տարածքային իմաստով Ամերիկային հակառակող ուժ չկայ: Կարող է պատահել, որ շահերը խաչաձեււեն իրար հետ ինչպիսին էր Իրաքի խնդրով, որ Ֆրանսիան ու Ռուսաստանը հակադրւեցին ԱՄՆ-ի հետ, սակայն Լիբանանի հարցով Ֆրանսիան ու Ամերիկան առաջին համաձայններն էին, որ միակողմանի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում առաջ քաշեցին Լիբանանից Սիրիայի յետ նահանջելու խնդիրը: Այդ իմաստով շատ հետաքրքրական է այս բազմաբեւեռ երեւոյթը, ոչ սառած, այլ շատ խախուտ բազմաբեւեռ, նրանց շահերում համընկնումն ու տարանջատումը տարբեր դէպքերի մէջ: Այդ իմաստով նաեւ շատ կարեւոր է Իսրայէլի դերը՝ ընդհանուր ամերիկեան քաղաքականութեան մէջ: Իմ կարծիքով՝ որեւէ միջինարեւելեան ընդհանուր խաղաղութիւն կամ լայնատարած խաղաղութիւն հիմնւած է Իսրայէլի անվտանգութեան մտահոգութիւնների վրայ եւ երբ Իսրայէլը անվտանգութեան հարց չունենայ եւ սպառնալիքի առջեւ չգտնւի, շատ աւելի հեշտ է, որ Իսրայէլը նստի ու ընդհանուր խաղաղութեան շուրջ բանակցի արաբների հետ: Իմ կարծիքով՝ այդ էլ մէկ ազդակ է Միջին Արեւելքում Ամերիկայի գործադրած քաղաքականութիւնների մէջ:Ինչպէս Կլազովիցը ասում է, որ պատերազմի ընթացքում պիտի յստակ նպատակներ ունենալ, եթէ ոչ՝ պատերազմը ինքնանպատակ լինելով կը շարունակի մինչեւ վերջ: Առաջին աշխարհամարտը նման օրինակն է, որ վերջում մարդիկ չէին հասկանում, թէ ինչի համար էին պատերազմում եւ կարծում եմ, թէ ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ չկան այդպիսի յստակ նպատակներ ու փաստօրէն ճահիճի մէջ են ըմկղւած, նամանաւանդ Իրաքի մէջ: Ուրեմն՝ իմ կարծիքով՝ ընդհանուր ամերիկեան քաղաքականութիւնը որպէս երկարատեւ ու երկարաշունչ՝ չեմ կարծում, թէ արտայայտւած լինի եւ աւելի իրողութիւններին յարմարւելու երեւոյթներն են, որ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը ցոյց է տալիս:


Հ.- Ինչպէ՞ս կը բնորոշէք Իրան-Ամերիկա յարաբերութիւնները:


Պ.- Իրան-ամերիկեան յարաբերութիւնների մէջ գաղափարախօսութիւնը մեծ դեր է խաղում, նամանաւանդ Ամերիկայի կողմից՝ քան Իրանի: Այսօր Ամերիկան շատ աւելի գաղափարախօսութիւնից մղւած քաղաքականութիւն ունի Իրանի հանդէպ՝ քան Իրանը Ամերիկայի հանդէպ: Եւ այդ առումով Իրանը նկատի կառնւի որպէս ամենամեծ ու ինքնանեցուկ երկիր Միջին Արեւելքում, լինի իր տնտեսական կարողութեամբ եւ կամ նաւթային ուժի եւ մարտունակութեան իմաստով, նաեւ իր բազմաթիւ կապերի միջոցով: Այսօր Եւրոպան, Արեւմուտքը եւ Ռուսաստանը շատ աւելի ներդրումներ ունեն Իրանի մէջ՝ քան որեւէ այլ երկիր եւ այդ առումով իմ կարծիքով՝ Ամերիկան յստակ քաղաքականութիւն ունի Իրանի դէմ եւ գործում է ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելով:Իրանը այսօր լինի իր կրօնական իշխանութեան (Թէոկրասի) պատճառով կամ նաեւ իր շատ անկախ դիրքորոշման իմաստով Ամերիկայի գլխաւոր խոչընդոտն է տարածաշրջանում նրա միահեծան իշխանութիւնը հաստատելու ճանապարհին: Սակայն նաեւ որոշ չափով չափաւորական մօտեցում էլ կայ այն իմաստով, որ Ամերիկան անդրադառնում է, որ առանց Իրանի, Աֆղանստանի եւ Իրաքի՝ կայունութիւնն ու իր յաջողութիւնը չի կայանալու: Իրանը շատ կարեւոր դեր ունեցաւ Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբանանի խնդիրների մէջ ու վարեց շատ խելամիտ քաղաքականութիւն:Այդ իմաստով ամերիկեան քաղաքականութեան մէջ ինչքան էլ որ խօսք լինի, թէ Իրանին որպէս թշնամի՝ պիտի չէզոքացնել եւ այլն, նաեւ անդրադառնում են, որ Իրանը Իրաք կամ Աֆղանստան չէ, ունի կայուն պետութիւն եւ պետականութիւն: Ուրիշ խնդիրը, որ կայ, դա ժողովրդավարութիւնն է:Ներկայում ժողովրդավարութեան գաղափարը շատ արեւմտամէտ կամ ամերիկամէտ է: Մենք տարբեր մեկնաբանութիւններ պիտի ունենանք այդ գաղափարախօսութեան մասին եւ իմ կարծիքով՝ Իրանը ունի մի տեսակ ժողովրդավրութիւն, որ ընդհանրապէս Միջին Արեւելքում դժւար թէ գտնւի: Եւ այս երեւոյթն է, որ Ամերիկան չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել:


Հ.- Նկատի ունենալով, որ Հայաստանը նաեւ ներառւած է գծւած Մեծ Միջին Արեւելքի քարտէզում, Հայաստանը ի՞նչ դեր ունի տարածաշրջանում եւ դա ինչպէ՞ս է դիտւում ԱՄՆ-ի կողմից:


Պ.- Իմ դիտանկիւնից եւ մեկնաբանութեամբ՝ Հայաստանը ընդհանրապէս բացակայ է տարածաշրջանի քարտէզի վրայից: Միջազգային եւ շրջանային քաղաքականութեան մէջ Հայաստանը այսօր ոչ մի կարեւորութիւն չի ներկայացնում, լինի դա Ռուսաստանի, Ամերիկայի կամ որեւէ մէկի համար, բացի հայութեան եւ որոշ չափով Թուրքիայի համար, այն էլ այս վերջին շրջանում զարգացած տարբեր խնդիրների՝ Ցեղասպանութեան ճանաչման համար:Սակայն տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանութիւններ են տւել. օրինակի համար՝ ինչո՞ւ աշխարհում Ամերիկայի երկրորդ ամենամեծ դեսպանատունը գտնւում է Հայաստանում: Որոշ մեկնաբանութիւնների համաձայն՝ Ամերիկան իր տարածաշրջանային քաղաքականութեան կարիքներից ելնելով՝ ուզում է ստեղծել մի կենտրոն Հայաստանում, այն էլ լոգեստիկ իմաստով ոչ թէ Հայաստանը կարեւոր երկիր է, բայց լոգեստիկ առումով Հայաստանը աւելի յարմար երկիր է:
Դժբախտաբար, Խ. Միութեան անկումից յետոյ ընդհանրապէս Հարաւային Կովկաս ու Միջին Արեւելք կապ գոյութիւն չունի, այսինքն՝ իմ կարծիքով՝ սրանք տարբեր տարածաշրջաններ են: Թերեւս Հարաւային Կովկասը որպէս օղակ՝ նկատի առնւի, բայց օղակ որպէս գնալով դէպի Կենտրոնական Ասիա՝ քան թէ դէպի Միջին Արեւելք:Անկեղծ ասած՝ ամերիկեան Միջին Արեւելքի քաղաքականութեան մէջ չեմ կարծում, թէ Հայաստանն այս բնագաւառում նկատի է առնւել որպէս կարեւոր դեր ունեցող մի երկիր:Այսօրւայ դրութեամբ՝ Ադրբեջանը շատ աւելի կարեւոր դեր է խաղում կամ աւելի կարեւոր օղակ է Միջին Արեւելքի, ինչպէս են Թուրքիան եւ Իրաքը:


Ա.Ա.- Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ մասնակցեցիք այս հարցազրոյցին:


Ալիքի Էջերում....

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը