Saturday, February 16, 2008

Իրան- ԱՄՆ յարաբերութիւնների առեղծւածը


ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Իրան - ԱՄՆ յարաբերութիւնները վերջին 30 տարիների ընթացքում բազմաթիւ վերիվայրումներ է ունեցել: Այս տարիների ընթացքում տւեալները ապացուցել են, որ ԱՄՆ-ն այնքան էլ անհաշտ դիրքեր չի ունեցել. օրինակի համար 1986-ին ԱՄՆ-ի Անվտանգութեան խորհրդի խորհրդական Ռաբըրտ Մաք Ֆառլէյնը մի մեծ կարկանդակով, Աւետարանով ու ԱՄՆ-ի օրւայ նախագահ Ռէյգանի ձեռագրով երկու երկրների սառած յարաբերութիւնները բարելաւելու նպատակով այցելեց Իրան: Այն օրւայ Իրանում երկու գլխաւոր հոսանքների՝ այաթ. Մոնթազերիի եւ Ռաֆսանջանի-Ահմադ Խոմէյնիի (Էմամ Խոմէյնիի զաւակը) միջեւ ուժային պայքար էր ընթանում. ճիշտ այդ ուժային պայքարի պատճառով էր, որ Մակ Ֆառլէյնի գաղտնի այցելութիւնը այաթ. Մոնթազերիի գրասենեակում աշխատող Մեհդի Հաշեմիի խմբի միջոցով բացայայտեց ու զէնքի վաճառական Մանուչեհր Ղորբանիֆարի ձեռամբ ձեւաւորւած բանակցութիւնը պարտութեան մատնեց:Այս բոլոր տարիների ընթացքում Մակ Ֆառլէյնի օրինակով բազմաթիւ բանակցութիւնների առիթներ էր ստեղծել, բայց բոլորը միեւնոյն ճակատագրի են արժանացել: ԱՄՆ-ի գլխաւոր խնդիրը Իրանի իշխանութեան հետ անկախ կողմնակի բազմաթիւ ազդակներից, Իրանի իսլամական գաղափարախօսութիւնն է, որը դէմ է «Արեւմտեան» կոչւած արժէքներին: Իրանի արմատական եւ աւանդապահ հոսանքներին մտահոգում է Իրան-ԱՄՆ դրական յարաբերութեան ճիշտ այդ գաղափարական ու մշակութային բաժինը: Նրանց մտահոգում է այն, թէ Իրան-ԱՄՆ յարաբերութեան բարելաւումով, երիտասադրութիւնը երես կը թեքի իրենցից մերւելով դէպի արեւմտեան մշակոյթն ու արժէքները: Հէնց այս մտահոգութիւնն է, որ պատճառ է դարձել բազմաթիւ բանակցութիւններ (գաղտնի թէ բացայայտ) պարտութեան մատնւեն:
2000 թւականին վերը նշւած գլխաւոր դժւարութեանն աւելացաւ մի այլ դժւարութիւն եւս: Այդ թւում ԱՄՆ-ի իշխանութեան գլուխն անցան նոր պահպանողական գաղափարական ու արմատական հոսանքները: Նոր պահպանողականները, որոնք մեծամասնաբար հրեաներ են, առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահ Ռէյգանի ժամանակ քաղաքականութեան ասպարէզ եկան եւ մի քանի տարի անց, ի վերջոյ, իշխանութեան գլուխ անցան: Նրանք հետեւում էին գերմանացի փիլիսոփայ Լէօ Շտրաուսի (Leo Strauss) մտքերին, որոնք շատ նմանութիւններ ուներ 16-րդ դարի իտալացի փիլիսոփայ Նիկոլօ Մակիաւելիի մտքերին:
Նոր պահպանողականները պաշտօնապէս ծնունդ առան «Ամերիկեան նոր հարիւրամեակի նախագիծ» (PNAC-Project for new american century) կոչւած մտքի կենտրոնից (Think Tank): Այս կենտրոնը 2000-ին հրապարակեց մի զեկոյց, որը անւանւեց «Ամերիկայի պաշտպանութեան համակարգի վերակառուցում» եւ սկիզբ դրւեց ԱՄՆ-ի նոր պահպանողականների շարժմանը:Ուշագրաւ է, որ տւեալ զեկոյցի ստորագրողները 2000-ից յետոյ, երբ գործի գլուխ անցաւ Ջորջ Բուշ կրտսերը, զբաղեցրին ԱՄՆ-ի կառավարութեան ազդեցիկ պաշտօնները:
Մատնանշելի է, որ PNAC-ի հրապարակած «Ամերիկայի պաշտպանութեան համակարգի վերակառուցում» զեկոյցում պահանջւում էր մի նոր Փեռլ Հարբըր, որից յետոյ ԱՄՆ-ն հնարաւորութիւն կունենար պաշտպանւելու պատրւակով տարբեր ռազմական յարձակումներ իրագործել եւ աշխարհում տիրական դարձնել ԱՄՆ-ի ռազմական հեգեմոնիան: Այս նախագիծը առաջին անգամ բացայայտեց սկանդինաւական «Սանդէյ հերալդ» օրաթերթը:
Այդ զեկոյցի հրապարակումից մէկ տարի անց աշխարհը ականատես եղաւ սեպտ. 11-ի տխրահռչակ դէպքին: Պիտի նշել, որ սեպտ. 11-ը, Փեռլ Հարբըրից յետոյ երկրորդ յարձակումն է, որ պատահել է ԱՄՆ-ի սահմաններից ներս:Այսօրւայ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ճշտող հոսանքը երեք հարցում բախման մէջ է Իրանի հետ:
Ա. ԱՄՆ-ի առաջին հարցը էներգիան է: Այս հոսանքը համոզւած է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուժի միջոցով պիտի տիրանայ եւ վերահսկի տարածաշրջանի նաւթահորերին: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ի այս ռազմավարութեան իրագործման գլխաւոր սպառնալիքը Իրանն է: Իրանը ոչ միայն խոչընդոտում է ԱՄՆ-ի այս ռազմավարութեան իրագործմանը, այլեւ տարբեր իսլամական շարժումներին հովանաւորելով՝ վտանգում է Միջին Արեւելքի ԱՄՆ-ի դրածոյ իշխանութիւններին: Նաեւ Իրանը իր աշխարհագրական դիրքերի պատճառով՝ կարող է վտանգել Հորմոզ նեղուցի ճամբան:
Բ. Երկրորդ հարցը Իսրայէլն է: ԱՄՆ-ն ու Իսրայէլը աւելի մտահոգ են Իրանի հովանաւորութիւնը վայելող հակաիսրայէլական շարժումներից՝ քան Իրանից:Իսրայէլը հզօր բանակ ունենալով հանդերձ՝ պարտութիւն կրեց Լիբանանի 33 օրւայ պայքարում եւ դա ապացուցում է, որ հակաիսրայէլական աշխարհազօրայինները պայքարելու բարձր ունակութիւն ունեն՝ անգամ Իսրայէլի բանակի դէմ: Իրանը հակաիսրայէլական խմբակցութիւնների հովանաւորելով՝ ոչ միայն խանգարում է Իսրայէլի ծայրայեղ ղեկավարներին, այլ խոչընդոտում է Իսրայէլ-Պաղեստին եւ մի խօսքով՝ Իսրայէլ-Արաբական աշխարհ խաղաղութեան գործընթացը:
Գ. Երրորդ հարցը Իրաքն է: ԱՄՆ-ը, որը Իրաքի նաւթահորերին վերահսկելու, Իսրայէլի անվտանգութիւնն ապահովելու եւ իր հեգեմոնիան տիրական դարձնելու նպատակով՝ ներխուժել էր Իրաք, այսօր մեծ խոչընդոտի առջեւ է կանգնած եւ այն երկրի անկայունութիւնն ու իր մարդկային եւ նիւթական հսկայածաւալ կորուստն է: Այս իրավիճակը խիստ վնասել է ԱՄՆ-ի վարկին՝ թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին ճակատում: Բայց, նաեւ Իրաքից հեռանալն էլ նշանակում է Միջին Արեւելքի տարածաշրջանը իր էներգիայի հսկայ աղբիւրներով յանձնել Իրանին:
Այս իրավիճակը խիստ խանգարում էր ԱՄՆ-ին եւ կամաց-կամաց բարձրացնում Իրանի վրայ յարձակման հաւանականութիւնը: Այդ ընթացքում մի շարք դէպքեր պատճառ դարձան, որ ԱՄՆ-ն հրաժարւի յարձակումից: Նախ պայթեց Իսրայէլ-«Հեզբօլլահ» 33-օրեայ պայքարը, որի աւարտին Իսրայէլը պարտութիւն կրեց: Յետոյ սկսեց նոր պահպանողական դէմքերի ուժից հեռացումը: Օրւայ պաշտպանութեան նախարար Ռամսֆելդին փոխարինեց Ռաբըրտ Գէյթզը, որը պաշտպանում է Իրանի հետ դիւանագիտական միջոցով հարցերը լուծելու տարբերակը: Շարունակութեան մէջ հեռացան նաեւ՝ Փօլ Վոլֆովիցը, Ռիչարդ Փեռլը, Դագլաս Ֆիսը, Սկուտըր Լիբին եւ միայնակ թողեցին Դիկ Չէյնիին:
Այս ընթացքում նաեւ երեւան եկան Իրանի բալեստիկ հրթիռները, որոնք փոխեցին տարածաշրջանի ռազմական հաշւարկները:Եւ, ի վերջոյ, ԱՄՆ-ի տեղեկատւական կենտրոնների զեկոյցը, որ ապացուցում էր, որ Իրանը 2003 թ.-ից կասեցրել է ատոմական ռումբ ձեռք բերելու նախագիծը, վերջին հարւածը հասցրեց Իրանի դէմ ռազմական յարձակում իրագործելու նախագծին:ԱՄՆ-ն վերջին տասնամեակում Իրանի վարչակարգը տապալելու նպատակով՝ տարբեր միջոցների է դիմել՝ արտերկրի ընդդիմութիւն, ցեղային ապստամբութիւն, տնտեսական շրջափակում, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւ եւ, ի վերջոյ, յարձակման սպառնալիք: Այս վերջինն էլ ԱՄՆ-ի տեղեկատւական կենտրոնների զեկոյցով անկարող դարձաւ: Այս բոլորից յետոյ հիմա ԱՄՆ-ի համար մնում է մէկ տարբերակ եւ այն Իրանի էներգիայի արտածման ոլորտում միջազգային ներդրումների սառեցումն է:Իրանը իր նաւթարդիւնաբերական սարքերը նորոգելու համար՝ խիստ կարիք ունի միջազգային դրամական հսկայական ներդրումների: Ըստ Իրանի պետական այրերի յայտարարութեան՝ եթէ միջազգային դրամական ներդրումները չիրականանան, տասը տարի յետոյ Իրանը նաւթի արտահանման կարողութիւն չի ունենայ: ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ իր սպառնալիքները շարունակելով՝ անկայուն է դարձնում Իրանի ներքին շուկան եւ այդ միջոցով Իրանում միջազգային դրամական ներդրումները զրոյի մակարդակի է հասցնում:Ինչպէս որ այս վերջին տասնամեակն է մեզ ապացուցել, ամէն մի արգելքի համար մի ելք է գտնւում, եւ այս վերջին արգելքի համար էլ մեծ հաւանականութեամբ մի ելք կը գտնւի: Մի խօսքով՝ Իրան-ԱՄՆ երկկողմ յարաբերութիւնների առեղծւածը այս կերպ լուծել հնարաւոր չէ. լուծման գլխաւոր տարբերակը՝ դա իրատեսական տարբերակն է:Այդ իսկ պատճառով՝ խիստ կարեւորութիւն են ստացել՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների նախընտրական ելոյթները եւ Իրանի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները:

Monday, February 11, 2008

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը

Մեծ հետաքրքրութեամբ ընթերցեցի Արմինէ Առաքելեանի գրած խմբագրականը Հայաստանում տպագրւող ՏԵՍԱԿԵՏ պարբերականում: Այդ իսկ պատճառով յօդւածը ամբողջութեամբ ներկայացնում եմ այս տեղ առ ի ընթերցում բոլոր նրաց համար , ովքեր առիթը չեն ունեցել ընթերցել դա:
Յօդւածի ներկայացումը այստեղ չի նշանակում, որ ես լիովին ընդունում եմ յօդւածագրի տեսակետները: Յօդւածի ընդհանուր տրամաբանութիւնը ընդունելի է. Հայաստանում արդարութեան պակաս կայ , նաեւ գոյութիւն չունի իրական Ձախ կուսակցութիւն, որը ըստ յօդւածագրի եւ նաեւ իմ համոզմամբ ճշմարիտ այլընտրանքն է համարւում բայց թէ այդ անարդարութեան իրական արմատները ո՞ւր են գտնւում եւ ո՞վքեր կարող են դա անհետացնել ոչ մի խօսք չկայ:
Գիտական, ժողովրդավարական եւ յեղափոխական Ընկերվարութիւնը համոզւած է, որ անարդարութեան արմատները գտնւում են արտադրամիջոցների մասնաւոր սեփականատիրութեան մեջ, որը նաեւ հովանաւորւում է կառավարութիւնների կողմից եւ այդ անարդարութեան անհետացումը կապւած է միայն աշխատաւոր դասակարգի ու նրա միջոցով ստեղծւած իրական Ձախ՝ Ընկերվարական կուսակցութեան գիտակից գործին: Այս տեսակետները բացակայում էր յօդւածում:
Բոլոր այն Ձախ շարժումների ճակատագիրը, որոնք հիմնւում են միայն մարդասիրական լոզունքների վրայ եւ հրաժարւում են բացայայտել բուն անարդարութեան արմատները եւ դրանց ոչնչացման միջոցները, պարտութիւն է: Հնարաւոր չէ որեւէ երկրում կառավարութեան եւ նախագահին փոխելով արդարութիւն կայացնել: Անարդարութեան եւ կեղեքման արմատները այլ տեղ են եւ նախագահներն ու կառավարութիւններն շատ էլ դերակատար չեն եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ այդ կառոյցներն ու պաշտօնները ստեղծւել են նոյն այդ անարդարութեան արմատների՝ մասնաւոր սեփականատիրութիւնը եւ հասարակական գործի կեղեքումը ապահովելու եւ պաշտպանելու համար:
Իմ համար անձնապես այս յօդւածը կարեւորութիւն ստացաւ այն պատճառով, որ յօդւածագիրը շարքային Դաշնակցական է եւ սա ապացուցում է, որ Դաշնակցական շարքերում կրկին սկսւում է գաղափարների շուրջ մտածելու գործընթացքը եւ այն էլ այն գաղափարների շուրջ, որը տասնամեակներ շարունակ մոռացութեան է մատնւել:
Յոյսով եմ, որ Արմինէն վերջինը չլինի:
Յօդւածի ամբողջութիւնը ընթերցելու համար սեղմեք ներքեւում նշւած «Download» յղումը:

----------------------------------------------------------

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երեւան, 10 դեկտեմբերի, 2007թ.

PDF file --> Download here




Ո՞ւր է ՁԱԽ-ը Հայաստանում եւ հայ ժողովրդի ներկայում։Ոմանց այս հարցը զարմացնո՞ւմ է, ոմանց հեգնանքին արժանանո՞ւմ կամ անիմաստ հնչո՞ւմ։ Հենց այստեղ է մեր իրական ցավը՝ մեր քաղաքական ու քաղաքացիական տգիտության մեջ։ Մեր ժողովուրդը քաղաքական ու քաղաքացիական տգիտությամբ է տառապում եւ վերածվում է ԱՄԲՈԽ-ի` զուտ սպառողական ու նյութածին հզոր ցանկություններով, ճորտամիտ ու ճորտացող միանմանության (հեգեմոնության) հակող մարդկանց մի խմբավորման։

ԱՄԲՈԽ, որը տնօրինվում է եւ բթացվում, այլ ոչ թե` ղեկավարվում, կառավարվում, կրթվում ու առաջնորդվում, պատեհապաշտ ու նյութապաշտ վարչարարներով/իշխանավորներով, ու միջակությամբ տառապող պաշտոնական մտավորականությամբ ու արվեստի գործիչներով։Այո՛, մենք ժամանակին, եւ ժամանակ առ ժամանակ եղել ենք հզոր ժողովուրդ, սակայն այսօր այդպիսին ՉԵ՛ՆՔ։

Սա պետք է ընդունե՛նք, ինչքան էլ մեզ վիրավորած ու բարդույթավորված զգանք, քննադատական առողջ մտքով ու գիտակցությամբ պետք է ընկալե՛նք եւ դառն իրականության հետ հաշվի նստենք, պատճառները գիտակցելով փորձե՛նք վերլուծել` իբրեւ ճշմարտասեր, արդարատենչ, մարդասեր, զարգացող հայ ժողովուրդ, առաջնորդվելով հոգեւորով ու ոգեղենով, վերածնվող մշակույթով, իր ներկան ու ապագան գիտակցորեն տնօրինող ու ստեղծագործող մի գործոն՝ մի ժողովուրդ, եւ ոչ փողին, նյութականին ու սեփականատիրության ուժին տուրք տվող, քստմնող, ճորտամիտ ԱՄԲՈԽ. ազատագրված ու լիարժեք անհատականության (անհատ, ազգ) դեմ գնացող ամբոխ, որն ապրում ու վերարտադրում է մի նոր հասարակական կարգում, ուր ՄՇԱԿՈՒՅԹԸ ոչ թե վեհացնող ու ազատագրող է, այլեւ ստանդարտիզացված արտադրության մի շարան-սերիա, որը հաջողում է միատեսակացնել մտածելակերպերն ու ապրելակերպերը։ Մի նոր հասարակարգ, որտեղ վարչարար-իշխանավորները ընդունակ են հեշտությամբ տնօրինել ու վերարտադրել բնազդային, ճնշող ու նյութապաշտ հակա-մշակույթը եւ անարդար հասարակարգը` օգտագործելով իրենց ամբոխաճաշակ միջակությունը բեմադրող եւ ժողովրդին (ու մանավանդ երեխաներին) բթացնող գրպանային արվեստի գործիչներին ու մտավորականներին։

Քանզի այս հակա-մշակույթում ու հասարակարգում անհատը իրեն գործիքի է վերածում, իրեն հնազանդեցնում է թե՛ սեփական երկրում եւ թե՛ համաշխարհայնորեն օրինականացված/լեգիտիմացված տիրապետող մի նոր հասարակարգի հակարժեքներին ու կանոններին. այն է՝ նոր-ազատական աշխարհահայացքով աճող կապիտալիզմին։ Անհավասար, անարդար, ատոմիզացնող, մրցակցային, կարճատես, պետության կանոնավորող դերը քայքայող, հանրային ծառայությունները մասնավորեցնող եւ անվերահսկելի դարձնող, պետությունը եւ հասարակությունը թուլացնող, մեծամասնությանը աղքատացնող եւ միայն տիրապետող փոքրամասնության նյութական բարօրությանը ծառայող, քննադատական միտքը եւ կրթությունը քայքայող եւ զուտ տեխնոկրատական ընտրանի պատրաստող մի հասարակարգ։ Արդեն իսկ 25-30 տարիներ ի վեր այս հասարակարգն առավել արմատավորվում է «զարգացած» երկրներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) առաջնորդությամբ եւ Եվրոպայի հետեւորդությամբ, իսկ սանձարձակ ու վայրագորեն արագ աճող ու հոշոտող կերպով ընդարձակվում է զարգացող երկրներում, դրանց շարքում նաեւ մեր հայրենիքում՝ Հայաստանում, անկախությունից սկսած` 16 տարի ի վեր։

* * *
Ողբամ հայ ժողովուրդ քո խոր վերքը.

Ճշմարիտ մի ասացվածքի համաձայն՝ «իմաստունը սովորում է ուրիշների սխալներից» իսկ «հիմարը կրկնում է ուրիշների սխալները»։
Մենք 16 տարի շարունակ, իբրեւ ժողովուրդ եւ պետություն, որդեգրում ենք երկրորդի կարգավիճակն ու վարքագիծը։
Եվ այս էլ այն ժամանակ, երբ դարեր անց մեզ վերջապես պատմական ու ճակատագրական հնարավորություն է ընդձեռվել ինքնուրույն կերտել մեր ինքնիշխան/սուվերեն պետությունը, լինել մեր մարդկային ու ազգային, անհատական ու հավաքական ինքնուրույն զարգացման ու բարօրության ստեղծագործողը։Եվ ահա, այս պատմական ու ճակատագրական ժամանակահատվածում, մենք տգիտությամբ կրկնում ու վերարտադրում ենք ուրիշների, բայց նաեւ մեր նախկին սխալները։
Եթե Եվրոպան 200 տարուց ավելի է, որ սկսել է արդի մարդասիրական մտքի ու մշակույթի, կապիտալիզմի ու արդյունաբերության, ժողովրդավարացման հոլովույթը, եւ հիմա, 21-րդ դարում իր առաջադեմ մտավորականությունը գնահատում է, որ իրենք հետքայլի/ռեգրեսիայի ժամանակաշրջան են ապրում, որ կա վերադարձի հակում/տենդենց դեպի 19-րդ դարի սկիզբ՝ «թագավոր-իշխան-նախագահ», «նոր-ճորտատիրություն», «նոր-կիսաֆաշիզմ»` շնորհիվ նոր-ազատական կապիտալիստական հասարակարգի, ապա ի՞նչ ենք կարող ասել մեր մասին, որտե՞ղ ենք, մեր պետության ո՞ր ժամանակահատվածն ենք ապրում կամ վերապրում մենք՝ հայ ժողովուրս եւ հայ պետականությունը։Չէ՞ որ մենք, իբրեւ ազատ ժողովուրդ եւ ինքնիշխան պետություն, չենք ապրել կապիտալիզմի, ազգ-պետության, արդի մարդասիրության մշակույթի վերածննդի սկզբնավորման ու զարգացման հոլովույթը եւ մեր ազգային, մշակութային ու պետականության պատմության մեջ ունենք մի հսկայական ճեղքվածք՝ դարեր կտրված արդի մարդկային մշակութային վերածննդից, հոլովույթներից ու զարգացումներից` իբրեւ՝ ազգ, ժողովուրդ եւ պետություն… Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ ուրիշները կարող են գուցե ներկայումս իրենց թույլ տալ` վերարտադրել իրենց պատմության մութ ու լույս կողմերը` 19-րդ դարի սկզբից ի վեր, քանի որ ունեն դարեր շարունակ չընդհատված ինքնիշխան ու ինքնուրույն պետություն, 60 միլիոն եւ ավելի ժողովուրդ, ստեղծագործ ու հարուստ մշակույթ՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, ...հասարակական շարժումների հարուստ ժառանգություն ու կապիտալ։
Այդ բոլորի շնորհիվ էլ այսօր նրանք փորձում են խորհել, հարցականի ենթարկել, որոնել ու մշակել այլընտրանքներ` նոր-ազատական կապիտալիզմին: Նրանք փորձում են դիմակայել հասարակական ինքնակազմակերպմամբ եւ շարժումներով` հանուն իրենց մարդկային ու ազգային իրավունքների պաշտպանության, հանուն իրենց անհատական, հասարակական եւ պետական հարստության, կապիտալի ու նվաճումների պաշտպանության, ըմբոստանալով ու պայքարելով զանգվածային աղքատացման, մշակույթի աղավղման, աշխատանքի կորստի, չտեսնված գնաճի եւ միաժամանակ գնողության ուժի կորստի դեմ։
Վերջերս էր, որ ականատես եղանք նոյեմբերյան հսկայածավալ հասարակական շարժումների ու գործադուլների Եվրոպայի երկու հզոր երկրներում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Վերջինում` երկաթգծի վարորդների շարժման գլխավորությամբ, որոնք պահանջում էին աշխատավարձի 31% բարձրացում։
Եվրոպայում, որտեղ սղաճը /ինֆլացիան իր ռեկորդային տոկոսին է հասել՝ տարեկան 3% (մի բան, որ 2001-ից չէր տեսնված) ... Իտալիայում տեղ գտած ռեկորդը, ուր հինգ տարիների ընթացքում մարդկանց գնողունակությունն ընկել է 1900 եվրոյով, եւ աշխատավարձերի անկումը պատճառ է դարձել նոր աղքատների ի հայտ գալուն։
Կամ Իսպանիայում ու Բելգիայում, որտեղ հիմնական սննդի անտեսված ու ահռելի գնաճ է արձանագրվել, եւ մարդկանց գնողունակության հսկայական նվազումը դժվարացնում է դրա մատչելիությունը աղքատացող մեծամասնության համար` Իսպանիայում հավկիթի գինը մեկ տարում աճել է 11%-ով, կարտոֆիլինը՝ 7%-ով, հացի ու կաթի գները` 18%-ով, Բելգիայում կարտոֆիլը թանկացել է 76%-ով, բժշկական ծառայությունները՝ 24%-ով։
Եվրոպայում, հասարակական շարժումների կապիտալին ու ներուժին գումարվում է աջ ազատական եւ ձախ մտավորականության՝ ինքնաքննադատական ու վերլուծական միտքը, դիալոգը/երկխոսությունն ու ստեղծագործական գործունեությունը։
Նրանք հարցականի են ենթարկում այս համակարգը՝ ֆինանսականացված, համաշխարհայնացված ու նոր-ազատականացված շուկայական կապիտալիզմը, եւ այդ անում են բազմակողմանի՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային դիտանկյուններից։
Եվրոպայի աջ ազատականները, որոնք վերարծարծում են Կարլ Մարքսի եւ իր հետեւորդների մտքերը, վերլուծություններն ու ստեղծագործությունները, որքան էլ զարմանալի թվա` այդ համարում են անդարձելի անհրաժեշտություն՝ հասկանալու համար ներկա հասարակարգի թերությունները, վնասները, եւ այլընտրանքներ մշակելու փորձ են կատարում։ Այո, ինչքան էլ տարօրինակ է թվում, այսօր Եվրոպայում աջ ազատական ճակատում ենք գտնում՝ Մարքսի ամենակարկառուն պաշտպաններին։

Շարունակութիւնը ընթերցել այս տեղ --> Download here

Saturday, February 09, 2008

Ռուսաստանի եւ Իրանի ընդհանուր շահերը՝ Կովկասում

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

1992 թւականի մայիսին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Կիրգիզստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսիայի միջեւ կնքւեց Հաւաքական անվտանգութեան պաշտպանութեան պայմանագիրը եւ դրա հիման վրայ կազմւեց մի կազմակերպութիւն, որը անւանւեց Հաւաքական անվտանգութեան պաշտպանութեան կազմակերպութիւն (ՀԱՊԿ):
Վերոյիշեալ պայմանագիրը ստորագրող բոլոր երկրներից պահանջում էր խիստ համագործակցութիւն՝ ռազմական եւ հակաօդային պաշտպանութեան ստեղծման ոլորտներում եւ Ռուսաստանը որպէս այդ պայմանագրի հիմնադիրը՝ փորձեց տարածաշրջանում աւելիով ամրապնդել իր ռազմական ներկայութիւնը:
ՀԱՊԿ-ի պայմանագիրը, որպէս Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ կնքւած առաջին հաւաքական անվտանգութեան պայմանագիր, իրականում ապահովեց Ռուսաստանի ունեցած նախկին գերակշռութիւնը՝ Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում եւ իր քողի տակ առաւ տարածաշրջանում առկայ բոլոր հակամարտութիւնները:
Այդ հակամարտութիւններից մէկը, որ Խ. Միութեան փլուզումից 17 տարի անց դեռ գոյութիւն ունի, Խ. Միութիւնից ժառանգութիւն մնացած ղարաբաղեան հակամարտութիւնն է:
1988-ին Ղարաբաղի ժողովուրդը ապաստամբեց Ադրբեջանի իշխանութեան դէմ: 1991-ի սեպտեմբերի 2-ին ժողովրդի հանրաքւէի միջոցով Ղարաբաղը անկախացաւ եւ դրան զուգահեռ եւս պայթեց կենաց մահու պայքարը, որի արդիւնքում ազատագրւեց Ղարաբաղը եւ Ադրբեջանը կորցրեց հսկողութիւնը Ղարաբաղի եւ նրա յարակից 7 շրջանների վրայից:
1994-ի մայիսի 12-ին Բիշկեկում ստորագրւեց զինադադարի պայմանագիրը եւ վերջ դրւեց ռազմական հակամարտութեանը:
Նրանով հանդերձ, որ սկզբից հնարաւոր էր խուսափել ռազմական հակամարտութիւնից, բայց Աբուլֆազլ Էլչիբէյի կառավարութեան արեւմտամէտ քաղաքականութիւնները տագնապի մատնեցին Հարաւային Կովկասը եւ միջազգային ուժերին, ԱՄՆ-ին ու Եւրոմիութեանն առիթ ընծայեցին մուտք գործել տարածաշրջան: Այդ ընթացքում Ալիեւի ընտանիքն էլ, ինչպէս Ադրբեջանի առաջին նախագահը, շարունակեց հակւել դէպի Արեւմուտք, որն ապահովեց արեւմտեան ուժերի ներկայութիւնը Հարաւային Կովկասում:
Ադրբեջանի այս արեւմտամէտ քաղաքականութիւնը, ի վերջոյ, պարզեց իր թաքուն նպատակը եւ Ադրբեջանը 1999-ին իր կամքով հրաժարւեց ՀԱՊԿ-ի պայմանագրից:
Ադրբեջանի երեք նախագահներն էլ, անկախ իրենց տարաձայնութիւններից, Արեւմուտքին, ԱՄՆ-ից ու Իսրայէլից կախում ունենալու քաղաքականութեան մէջ նոյն ճամբով ընթացան: Նրանք ենթադրում էին, թէ հզօր Ռուսաստանը այլեւս ընդմիշտ միացել է պատմութեանը եւ անգամ ԱՄՆ-ի դիմաց կորցրել է իր հակաճառութեան ունակութիւնը: Բայց, իրականութիւնն այսօր այլ ձեւ է ստացել: Ռուսաստանը այսօր վերածւել է մի հզօր գերուժի՝ իր էներգիայի հսկայ պաշարներով ու ատոմական հարուստ զինապահեստով մրցակցութեան ասպարէզ է մտել ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական ուժեղացումը պատճառ է դարձել, որ Մոսկւայի դիրքերը աւելիով ամրապնդւեն Ռուսաստանի վերահսկողութեան տակ գտնւող նախկին շրջաններում եւ դրա հետեւանքով օտար ուժերի ներկայութիւնը քիչ թէ շատ անգոյնացել է:
Որպէս օրինակ՝ կարելի է նշել ԱՄՆ-ի ռազմական յենակների հեռացումը Ուզբեկստանից:
Այս ընթացքում Ադրբեջանի հարեւանների եւ Ռուսաստանի միջեւ զարգացող տնտեսութեան հետեւանքով՝ ականատես ենք, որ Ադրբեջանը օրէցօր տարածաշրջանում աւելի է մեկուսանում եւ անկախ աշխարհաքաղաքական կարեւոր դիրքերից՝ Իրան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցութեան հետեւանքով՝ իր ռազմավարական կարեւորութիւնը կորցնում է Արեւմուտքի համար:
Նաեւ Ադրբեջանի տնտեսութեան մէջ Իրանի եւ Ռուսաստանի ներկայութիւնը պատճառ է դարձել, որ Ադրբեջանը աւելի ուշադրութիւն դարձնի իր հարեւանների շահերին: Կասպից ծովի հարեւան երկրների համաժողովը, որի ընթացքում բոլոր կողմերը համաձայնեցին, որ Կասպից ծովում կասեցնեն իրենց վերտարածաշրջանային ու միջազգային դաշնակիցների ռազմական համատեղ փորձերը, ինքնին ապացուցում է դա:
Այս միջոցում Հայաստանի Հանրապետութիւնը, Իրանի եւ Ռուսաստանի հետ անվտանգութեան կապերը ամրապնդելով, վերածւել է Կովկասում ընդհանուր շահեր ունեցող այդ երկու երկրների գլխաւոր դաշնակցի: Այս հանգամանքը խիստ մտահոգել է Ադրբեջանի իշխանութիւններին: Ադրբեջանի արտգործնախարարութիւնը անգամներ իր մտահոգութիւնն է յայտնել Հայաստանին վաճառւող ռուսական զինամթերքի կապակցութեամբ: Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Խազար Իբրահիմը յայտարարել է Ադրբեջանը խիստ մտահոգ է Ռուսաստանի միջոցով ՀԱՊԿ-ի պայմանագրի անդամ երկրներին, այդ շարքում նաեւ Հայաստանին, ռուսական էժան (գրեթէ Ռուսաստանի ներքին շուկային համարժէք) զինամթերքի վաճառման կապակցութեամբ եւ յոյս է յայտնել, որ Ռուսաստանը ճիշտ ըմբռնի Բաքւի մտահոգութիւնները: Նա անդրադառնալով այն խնդրին, թէ Ռուսաստանի այդ արարքը կատարւել է ՀԱՊԿ-ի պայմանագրի համաձայն, աւելացրեց, թէ նկատի ունենալով, որ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջնորդող խմբի՝ Մինսկի համանախագահներից մէկն է, յոյս ունեն, որ նմանօրինակ գործողութիւններում (զինամթերքի վաճառման) նրբութիւններին աւելի ուշադրութիւն դարձնի:
Բայց, Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի պայմանագրի անդամ երկրներին վաճառւող զինամթերքի հարցը նորութիւն չէ եւ Ռուսաստանը երկու տարի է, որ այդ հարցն արծարծում է: ՀԱՊԿ-ի անդամ երկրներին զինամթերք վաճառելուց Ռուսաստանի գլխաւոր նպատակները նախ տւեալ պայմանագրի անդամ երկրների համագործակցութեան մակարդակի բարձրացումն է եւ երկրորդն էլ այդ երկրների բանակների «ռուսական» բնոյթի պահպանումը, յատկապէս այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն 1994-ին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կնքած «Խաղաղութեան համագործակցութիւն» պայմանագրի համաձայն, փորձում է փոխել այդ երկրների բանակների «ռուսական» բնոյթը եւ ցանկանում է չէզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայութիւնն ու հսկողութիւնը՝ այդ երկրներում:
Ռուսաստանը նախկին Խորհրդային Միութեան սահմանները ճանաչում է որպէս իր արտաքին սահմանները եւ ՆԱՏՕ-ի մուտքը տւեալ երկրներ խախտում է Ռուսաստանի անվտանգութեան տւեալները եւ ճիշտ այդ պատճառով էր, որ Ռուսաստանը Տաջիկստանում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների համաժողովում յայտարարեց, թէ այսուհետեւ սոյն պայմանագրի անդամներին Ռուսաստանի ներքին շուկայի գներով ռուսական զինամթերք է վաճառելու: Դա նաեւ պայմանաւորւած է նրանով, որ տւեալ երկրները ռուսական խաղաղապահներին թոյլատրեն իրենց երկրներում հաստատւելու նպատակով: Դրա հետեւանքով էր, որ 2007-ի դեկտեմբերին ռուսական խաղաղապահ ուժերը Վրաստանից դուրս գալով՝ հաստատւեցին Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից՝ Հայաստանի տարածքում: Նրանով հանդերձ, որ 2007-ի դեկտ. 5-ին Վրաստանում վերահաստատւեց հակառուսական թեւը, բայց պիտի ասել, որ նրանք դեռ չեն յաջողել լուծել Աբխազիայի ու Օսեթիայի խնդիրները: Վրաստանի արեւմտամէտ թեւը, երկրի նախագահ Սահակաշւիլիի գլխաւորութեամբ, Վրաստանից ռուսական խաղաղապահ ուժերի հեռացումը իր համար յաղթանակ է համարում, բայց պարզ է, որ ռուսները տարածաշրջանում իրենց ռազմական ներկայութիւնը պահպանելու համար՝ հեռաւոր նպատակներ են հետապնդում: Այդ նպատակի հիման վրայ եւ Ռուսաստանի նախաձեռնութեամբ ՀԱՊԿ-ի ու Շանգհայի համագործակցութիւնների կազմակերպութեան միջեւ կնքւեց «Անվտանգութեան համագործակցութիւն» պրոտոկոլը, որի արդիւնքում կարելի է ստեղծել ՆԱՏՕ-ի օրինակով մի եւրոասիական ռազմա-քաղաքական բլոկ, այն էլ Բելոռուսիայից մինչեւ Չինաստան:
Մի այլ դիտանկիւնից նայելով՝ պիտի ասել, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայութիւնը ձեռնտու է նաեւ Իրանին: Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում գլխաւորաբար վարում են նոյն քաղաքականութիւնը եւ դա վերտարածաշրջանային ուժերի՝ ընդհանրապէս եւ ԱՄՆ-ի՝ մասնաւորապէս ներկայութեան թուլացումն է, որովհետեւ նրանց ներկայութիւնը ապակայունացնում է տարածաշրջանը եւ զանազան հակամարտութիւններ առաջացնելով՝ նւազեցնում է տարածաշրջանի երկրների միջեւ գոյութիւն ունեցող վստահութեան մակարդակը:
Տարածաշրջանում միջազգային ուժերի եւ գլխաւորաբար ԱՄՆ-ի ներկայութեան նւազեցումը զարգացնում է Իրանի ու Ռուսաստանի, ինչու չէ նաեւ Չինաստանի դրական յարաբերութիւնները, որի արդիւնքում նաեւ երաշխաւորւում է տարածաշրջանի անվտանգութիւնը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը